ՄՀԵՐ ԱՐՇԱԿՅԱՆ| Երկիր Նաիրիից երկիր Հայաստան

Մհեր Արշակյան

Իմ իմացած Հայաստանին միշտ սպառնացել է Հայրենիք լինելու վտանգը:
Իսկ ինչպիսի՞ն է իմ իմացած Հայաստանը: Այնտեղ երազները հակամարտության մեջ չեն քաղաքական առաջնահերթությունների հետ, այնտեղ խաղաղությունը խաղաղություն է ամբողջ բովանդակությամբ եւ ոչ թե իբրեւ ներքին կայունություն ու պատերազմը մերժելու քաջություն: Այնտեղ գաղափարախոսություններ չկան ի փառս ինչ-որ բանի փրկության, այնտեղ վերջին հույսի առաջնորդներ ու բաց աչքերով կույրեր չկան: Այս երկրի հետ ինչ հնարավոր էր անել այս տարիներին, հնարավոր էր միայն Հայրենիքի հանդեպ: Ուստի չկա մի օր, որ չմտածեմ` մենք ապրում ենք պատերազմական առօրյայով: Սա դիրքային Հայրենիք է, որտեղ խրամատներում վճռական հրաձգությունից առաջ խնամքով մաքրում ենք «Երկիր» ունենալու «տեսլականների» կրակափողերը:

Խաղաղության մեջ Հայրենիք չկա: Բայց խաղաղությունից եւ պատերազմից անկախ կա Երկիր Հայաստանը` որպես բնօրրան, որպես սկիզբ: Չափահաս մարդու շուրթերին Հայրենիքը պատերազմի կոչ է, եթե արդեն կորցրել ես այն: Բայց Հայրենիքը միշտ կորցնում են ներսից: Այսինքն, Հայրենիքն արդեն կորսված Երկիր Հայաստանն է: Պատերազմի հրավերքը միշտ արվում է Հայրենիքից որպես արդեն Հայրենիքին տիրապետելու մեղք:

Մի առիթով Լեւոն Ներսիսյանն ասել է. «Մի փնտրիր Հոգեւոր Հայաստանը, քանի դեռ չկա Երկիր Հայաստանը»: Չարենցի «Երկիր Նաիրին» մեր կորուստների պատմությունն է, բայց բանաստեղծն իր վեպը Հայրենիք չի վերնագրել, որովհետեւ «ուղեղային մորմոքն ու սրտի հիվանդությունն» իր իմացած հողի առողջությունն է: Նա գիտի Նաիրիի տեղը, բայց գիտի նաեւ նրանց, ովքեր կորցրել են այն: Նաիրին չկա, որովհետեւ կան բոլորը, ովքեր կորցրել են այն եւ լինելու են բոլորը, ովքեր կորցնելու են Երկիր Հայաստանը:

«Երկիր Նաիրիի» չափածո տարբերակն է «Խմբապետ Շավարշը»: Նահանջում է Շավարշը եւ իր նահանջի մեջ մեծանում է Հայրենիքը, նահանջը քիմքերին Հայրենիք է աճեցնում, որը դառնալու է այն չունեցածների կարոտը, այնտեղ չապրածների պայքարի իմաստը եւ սնելու է այն վերստին ունենալու պատրանքը: Հնարավոր չէ կորցնել Երկիր Նաիրին առանց հետեւից Հայրենիք թողնելու: Ընդ որում, Երկիր Նաիրին ինչ-որ իմաստով հավերժ կորուսյալն է, որովհետեւ այն ասես նախորդում է ամենին, ինչը հետո կոչվում է Հայրենիք: Ուլիսեսը Նավզիկեից հեռանում է Հայրենիք ունենալու սպառնալիքի տակ: Նա չի ուզում, որ Իթակեն դառնա Հայրենիք: Իսկ կդառնա, որովհետեւ ինքն այնտեղ չէ:

Ուրեմն, ի՞նչ է Հայրենիքը եւ ի՞նչ է Երկիր Հայաստանը:

Հայրենիքն իր հասկացություններն ունի, Երկիր Հայաստանը` իր: Հայրենիքը մենթալիտետ է, ոչ թե աշխարհագրական տարածք, այն քարտեզի վրա մի ցավոտ կետ է, որի վրա մատը դնելը նշանակում է փորփրել վերքը: Հայրենիքի քարտեզը վերաբեռնավորվում է ամեն օր, քանի որ պայքարն այնտեղ գոյության հայտ է` պատմության դասագրքերի հաց: Չխնամված Երկիր Հայաստանն ամայանում է հայրենականությամբ: Հայրենիքը տեսիլքների անապատ է, որտեղ ամեն ինչ շոշափելի է ճառագող եւ ճչացող անգոյությամբ: Հայրենիքում արեւն ունի իր անապատը, գերեզմաններն` իրենց անապատը, ծնողներն` իրենց անապատը, բառերն` իրենց անապատը, եկեղեցին` իր անապատը, այգիներն` իրենց անապատը, որովհետեւ անապատը սպառողականության ավետյաց երկիրն է:

Այնպես չէ, որ Հայրենիքում ապրողներ չկան, բայց ապրել չի լինում, այնպես չէ, որ չեն սիրում, բայց դա բաղադրյալ սեր է: Քանի դար էլ կյանքն ապրվի Հայրենիքում, կյանքի նշաններն այնտեղ պեղվող են եւ այնպես չէ, որ ապացուցելի են կյանքի նշանները Հայրենիքում: Հայրենիքում քո մասնակցությունը չկա, եթե մասնակցության մեջ դու ամբողջի մասն ես:

Դիցուք, կոռուպցիան Հայրենիքին վերապահված ընկալում է: Հայրենիքդ ծախելու շատ բան ունի: Ընդ որում, վաճառողն ինքդ ես, եթե վաճառելիքդ արդեն դեֆորմացված իմաստն է: Եվ գնորդն ես դու, եթե գնելիքդ զոհաբերություն է: Հայրենիքին բնորոշ է քաղբանտարկյալը, որովհետեւ պայքար հնարավոր է Հայրենիքում եւ հանուն Հայրենիքի: Միայն Հայրենիքում Ստալինը կարող էր դառնալ Հայր եւ Առաջնորդ: Հայրենիքում նույնիսկ մանկասպանն ու մանկապիղծը ձերբակալվելուց հետո քաղբանտարկյալ են: Որովհետեւ արդարադատությունը ձեւված է ոչ թե ըստ հանցանքի, այլ` ըստ տվյալ հանրության արդարության մենթալիտետի:

Հայրենիքից մինչեւ անդատապարտելին մեկ քայլ է: Որովհետեւ արդարադատությունն իմպրովիզացիա է, ոչ թե հարության հայտ: Հայրենիքը կարող ես տանել քո հետ, որովհետեւ այն տեղաշարժելի է քո ամեն քայլով, բայց տեղաշարժման ամեն քայլը քեզ Երկիր Հայաստանից է հեռացնում: Երկիր Հայաստանը չես կարող տանել քեզ հետ: Հայրենիքը հնարավոր է «լրացնել», Երկիր Հայաստանը` ոչ: Որովհետեւ Հայրենիքն սկսվում է ինչ-որ պահից, այն քո ապականությունների հայելին է, այն սկսվում է քո ամեն ապականության հետ:

Հայրենիքը քո «աշխարհի վերջն է»: Ստրասբուրգում հայերը սառնարան են գողանում, որովհետեւ գողացել են նաեւ այստեղ, Ստրասբուրգը նրանց Հայրենիքն է ոչ այն իմաստով, որ Հայաստանն էլ է եղել նրանց Հայրենիքը, այլ որ Հայրենիքը միշտ քո նմանությունն ունի եւ պատկերը: Ֆրանսիացին այդպիսով չի կորցնի Ստրասբուրգը, բայց կկորցնի երկիր ունենալու իմունիտետը:

Հայրենիքն, ինչպես քաղցկեղը, ունի իր մենթալիտետը: Հայրենիքն արտահանվում է, Երկիր Հայաստանը` ոչ: Հայրենիքում կուտակում են, կառչում են կուտակածից, իսկ Երկիր Հայաստանը ժառանգություն է: Իմ նախնիները չեն կարող ինձ Հայրենիք թողնել այստեղ` Երկիր Հայաստանում, դա ինքս պիտի «կուտակեմ»: Ու ես նույնպես ոչ մեկին Հայրենիք չունեմ թողնելու:

Հայրենիքը գոյության կոմունիկացիաներն է քառակուսի մետրի վրա. երբ դու ստեղծում ես քո Հայրենիքը, հայրդ եւ մայրդ, եւ նույնիսկ որդիդ ու դուստրդ դառնում են գոյության կոմունիկացիա, որովհետեւ Հայրենիքը կորցնելու սպառնալիքն այն կուտակելու մեջ է, թշնամուն զիջելիքը Հայրենիքն է, իսկ Երկիր Հայաստանը չի զիջվում: Երկիր Հայաստանն ինքնին օրհնությունն է լինելու:

Հայրենիքում Աստված երկնքում է, որովհետեւ «խոտոր է ուղին մարդուց մինչեւ մնացյալը»: Երկիր Հայաստանը Աստծո իրացումն է: Հայրենիքը ռմբապաստարան է, որտեղ դու ապրում ես վատ ժամանակներն իրացնող քո կուտակածով: Հայրենիքն այն է, ինչ արդեն գրեթե կորցրել ես այն անվանելով: Հայրենիքը փնտրում են, բայց գտնում են Երկիրը: Հայրենիքը միշտ հեռու է, բայց երբ մոտենում ես, մոտենում ես Երկրին:

Վիլյամ Սարոյանի համար տոն էր Խորհրդային Հայաստանը, որովհետեւ սա Երկիր Հայաստանի նրա հենման կետն էր, «Հայը եւ հայը» հակահայրենասիրական է, որովհետեւ տեսիլք ունի: Բիթլիսը կմնա Հայրենիք, որովհետեւ նրան կապող սիրո բոլոր օղակները քո իշխանությունից դուրս են, քո գոյության իմունիտետը չեն:

Հայրենիքն արդեն կորուսյալ է, որովհետեւ նրա հետ կորչում է մարդը: Բայց կորուսյալ երկիր հասկացություն չկա: Երկիրը, եթե հեռու ես նրանից, լինում է ավետյաց: Վերջին հոդաբաշխ հայրենասերները հրեաներն էին: Գրագետ հայրենասեր չկա, եթե նա երկիր ունի: Մինչեւ 1948-ը Իսրայելը չկար, բայց կային հրեաները: Նրանք ամեն օր իրենց պարտադրված Հայրենիքին հակադարձում էին Ավետյաց Երկիրը: Հայրենիքը տեսիլք չէ, այն միշտ հեռանում է, իսկ Ավետյաց Երկիրը տեսիլք է:

Ասում ենք «Հայաստան, երկիր դրախտավայր»: Պատահակա՞ն երգ է:

Դրախտավայրում հերոսացում չկա, դրախտավայրին պայքար չի պարտադրվում, քո քրտինքը երկիր ընդգրկող է, այնտեղ քո ամեն օրը առերեսում է քո տեսիլքներին, ապագան այդ երկրում «լուսնի հակառակ կողմը չէ», ոչ ոք եւ ոչինչ քեզանից թաքնված չէ, քաղաքականությունն այնտեղ շարունակում է հավաքարարությունը:

Դրախտավայրն անապատանում է, բայց չի ամայանում: Եվ փաստը, որ Ադրբեջանը կա, պատճառն այն է, որ դրախտավայր չենք: Դրախտավայրը ճառագում է, չես դիմանա նրա հմայքին, եթե սրով գաս: Իսկ Հայրենիքի վրա կարելի է սրով գալ, միեւնույն է, շուրջբոլորդ Հայրենիք ես սփռում, Հայրենիք ունենալու մենթալիտետով ես գնում այլ տարածքներ, այդ մենթալիտետով ցանկացած տարածք կարող ես տիրել դեռ չունեցած:

Հետեւաբար, երկիր ունեցողի համար դժվար է ասել, թե որտեղ է Հայաստան-Հայրենիքը, որտեղ է Ադրբեջան-Հայրենիքը, Թուրքիա-Հայրենիքը, Լիբիա-Հայրենիքը, Հյուսիսային Կորեա-Հայրենիքը: Որովհետեւ Հայրենիքը ամպ է, չի քարտեզագրվում: Երբ Շիրազն ասում է` Իմ սուրբ Հայրենիք, դու սրտիս մեջ ես, արդեն տիրապետում է ոտքի տակի կորուսյալին, Չարենցի «Նավզիկեն» մի հուսահատ անկաշկանդվածությամբ Երկիր Հայաստանի տեսիլքի պոռթկումն է 1936-ին. ոչ ոք չի կարող հաշտվել Հայրենիք ունենալու մտքի հետ: «Հայրենիքում իմ արնաներկ»,- ասում է բանաստեղծը: Որովհետեւ Հայրենիքները «թուրքի ձեռագիր են»: Որովհետեւ «Խմբապետ Շավարշի» Հայրենիքը սկսվում է այնտեղ, որտեղ նահանջում է ինքը եւ ոչ թե ավարտվում այնտեղ, ինչը թողել է թշնամուն: Չարենցը «Երկիր Նաիրին» համարում էր «սիրելի մեռել», որին, այնուամենայնիվ, պիտի թաղել: Իսկ ի՞նչ է Հայրենիքը` ուրվական: Իսկ ուրվականներից թաղելով չես պրծնի:

ՄՀԵՐ ԱՐՇԱԿՅԱՆ

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *