Լաուրա Կալպակյան | Վերամիավորում

Լաուրա Կալպակյան

Լաուրա Կալպակյանը ծագումով հայ ամերիկացի գրող է: Ծնվել է 1945 թվականի հունիսի 28-ին Կալիֆորնիա նահանգի Լոնգ Բիչ քաղաքում: Կալպակյան ազգանունը մոր օրիորդական ազգանունն է, որը Լաուրան վերցրեց, երբ սկսեց հրատարակել իր գրքերը: Լաուրայի մայրը ծնվել է Կոստանդնուպոլսում և դեռ նոր էր քայլել սովորում, երբ նրանց ընտանիքը ստիպված եղավ արտագաղթել Լոս Անջելես: Լաուրա Կալպակյանը հանդես է եկել նաև Ջուլիետ Ֆիտջերալդ և Կարենա Ջեյն Գրեյ գրական կեղծանուններով: Նա մի շարք գրքերի, ակնարկների ու կարճ պատմվածքների հեղինակ է և հայտնի է իր հուշագրության ժանրի աշխատաքներով:
Ռիվերսայդի Կալիֆորնիայի համալսարանում 1967 թվականին Լաուրան ստացել է բակալավրի աստիճան: Այնուհետև՝ 1970 թվականին ստացել է մագիստրոսի աստիճանը Դելավերի համալսարանում: Շարունակելով ուսումը Սան Դիեգոյի Կալիֆորնիայի համալսարանում՝ 1977 թվականին Լաուրան վաստակել է գիտության թեկնածուի կոչում՝ գրականության ոլորտում:
Լաուրա Կալպակյանն արժանացել է նաև մի շարք մրցանակների, այդ թվում դարձել է հայկական ծագումով ամերիկացի գրողների «Անահիտ» գրական մրցանակի առաջին մրցանակակիրը:

-Փոխի՛ր անունդ, ասում եմ,- գոռաց միջին տարիքի տղամարդը՝ սիգարը ձեռքին, ով ուներ թուխ ու անհարթ մաշկ, արտահայտիչ հոնքեր ու մի հիանալի քիթ, որ դեմքից վեր էր բարձրանում:
– Այնպիսի մեծ երկրում՝ ինչպիսին Ամերիկան է, ի՞նչ պետք է անես՝ ունենալով մի անունի՝ ինչպիսին Դիքրան Ագաջանյան է: -Նա քթի մեջ արտասանեց այլ տղամարդու անուն՝ «Դիշ Փան» ռիթմով: – Հեշտ անուն է փոխելու համար: Դարձի՛ր Դիք: Լոս Անջելեսում նման անունով ոչինչ չես կարող անել: Այժմ 1923 թվականն է, և այս ամերիկացիները, նրանք երբեք ժամանակ չունեն՝ նման երկար անուններ կարդալու. ժամանակատար է: Մարդիկ զբաղված են: Եթե թողնես անունդ այդպես՝ Դիքրան, երբեք գումար չես վաստակի:
-Այս անգամ նա ճիշտ արտասանեց անունը՝ վերջում փափուկ ու խուլ հնչյունով մի հարթ վանկ: Զույգերը նստեցին ճաշասենյակի սեղանի շուրջ, որը ծածկված էր մեկ անգամ օգտագործված սփռոցով: Հարուստ ու տարաշխարհիկ խոհարարության բուրմունքը կպչում էր մարդկանց ու պատերին: Նրանք երկար նստեցին սեղանի շուրջը, որտեղ կուտակվել էին լվանալու կարիք ունեցող սուրճի սկուտեղը, փոքրիկ բաժակները և գինու կիսադատարկ շիշը:
Խորհրդատուն աննկատ իր հաստլիկ ձեռքով վերցրեց փխրուն բաժակը:
-Էլի սուրճ կուզե՞ս, Հարրի՛, -հարցրեց կինը, ով բարետես արտաքին ուներ:
-Անշուշտ, անշուշտ կխմեմ, Մարթա՛, -ասաց Հարրին՝ հարմարորեն հենվելով Դիքրանի վրա: – «Գիտես՝ ի՞նչ արեցի, երբ եկա Ամերիկա, Դիքրա՛ն: Փոխեցի անունս, և այժմ ինձ նայիր՝ հարու՜ստ, հաջողա՜կ:
-Գուցե ե՞ս էլ նույնն անեմ, -փոքր ինչ անհստակ պատասխանեց Դիքրանն իրեն ավելի ծանոթ լեզվով, քան Հարրիի անգլերենն էր: Դիքրանն ու կինը նստել էին ձիգ և կաշտկանդված, կարծես սպասում էին լուսանկարչին, որ նկարեր և ազատեր իրենց այդ անհարմար դիրքից: Նրանք ձգված էին ու մի փոքր կուչ եկած: Նրանց հագուստը համազգեստի պես սև էր, տաք նոյեմբերի համար բավականին ծանր և կեղտոտված ճանապարհորդության բծերով: Դիքրանի կինը բավականին երկար ժամանակ է, ինչ հղի էր. մարմինը ուռել էր, դեմքն էլ գույնից ընկել:
-Գիտես, թե ինչու՞ պետք է փոխես անունդ. ավելի շուտ ամերիկացի կդառնաս: Սա է ճշմարտությունը: Ես թղթերի կամ երդման մասին չեմ խոսում, ո՛չ, այլ նկատի ունեմ այն, որ մարդիկ ասում են՝ «Բարև Հարրի, Բարև Դիք »,-ասաց Հարրին՝ ցնծագին շարժումով օդում թափահարելով սիգարը: -Նրանք հինգ րոպե էլ չեն տրամադրի՝ ընկալելու, թե ինչ է անունդ և ինչպես է պետք արտասանել այն: Գիտես, երբ նոր էինք եկալ այստեղ, ես Հայգազ Հարքուսանիան էի, իսկ Մարթան՝ Բաքրատուհի էր: Հետո երկար ժամանակ պահանջվեց, որ անգերեն սովորեմ: Հենց դարձա Հարրի Հաքեր, իսկապես, արագ սովորեցի, և այժմ՝ ինձ նայիր՝ հարու՜ստ, հաջողա՜կ: Դիքրա՛ն, որքա՞ն գիտես անգլերեն:
-Մի քիչ,- ասաց նա :
-Արմենու՛հի, դու գիտես անգլերեն, այնպես չէ՞: Դու ջարդից հետո ապրում էիր անգլիացիների հետ, չէ՞: Մարթան այնքա՜ն հպարտ էր կարդում քո անգլերենով գրված նամակը: Ինձ ասում էր «Հարրի՛, այս անգլիացիները նրան լավ են կրթել »:
-Ես ապրում էի ամերիկացիների հետ: Անգլերենս Թուրքիայում ավելի լավ էր: Ամերիկայում այնքան էլ լավ չեմ կարողանում հասկանալ լեզուն: Նրանք այնպիսի բաներ են ասում, որ երբեք նախկինում չեմ լսել:
Բաց պատուհաններից մեղմ զեփյուռն էր փչում, որը ետ էր տանում երկար, թափանցիկ վարագույրները և շոյում էր Արմենուհու դեմքը: Նա երախտապարտ էր, քանի որ փեսայի սիգարը սրտխառնոց էր առաջացնում:
-Հը՜, գիտես՝ ինչու՞: Դա կոչվում է ամերիկյան սլենգ: Ամերիկացիները սիրում են իրենց սլենգը: Պետք է իսկապես լավ անգլերեն իմանաս, որ սլենգը հասկանաս: Գիտես՝ ինչպե՞ս է «լավը» ամերիկյան սլենգում: Հը՞, գիտե՞ս:
-Ո՛չ:
-Կատվի պիժամա,- նա ետ տարավ ձեռքերը և սուրճը գավաթից թափվեց: -Ոչ ոք դրան չի հավատում: Ի՞նչ կասես «կատվի պիժամա»:
-Հիմարություն, -ասաց Արմենուհին: -Անիմաստ բան է:
-Էդպես է,- բղավեց Հարրին: -Հենց ամբողջ իմաստն էլ նրանում է, որ իմաստ չունի:
Մարթան նույնպես ծիծաղեց: -Հարրի՛, դու ավելի շատ սլենգ գիտես, քան Ջինջերը:
Հարրին դադարեց ծիծաղել, և իր հաստ շրթունքները մի պահ ծռվեցին:
-Արմենուհի՛, Դիքրա՛ն, էլի սուրճ կցանկանա՞ք, – արագ հարցրեց Մարթան: Արմենուհին գլուխը թափ տվեց, սակայն Դիքրանը համաձայնեց:
-Սիգար կցանկանա՞ս, Դիքրա՛ն,- հարցրեց Հարրին՝ ինքն իրեն ուղղելով: -Դու այս երկրում ծխել էլ կսովորես: Ես հաճախորդներ չէի ունենա, եթե սիգար չծխեի: Ինչպե՞ս պետք է սիգարներ վաճառեի, եթե ինքս չծխեի, հը՞: Չէի՛ վաճառի. ահա, թե ինչ եմ ուզում ասել քեզ: Չես ծխում, չես վաճառում, չես վաճառում, գեղեցիկ տուն չես ունենում, լավ հագուստ չես ունենում, Վիկտրոլա չես ունենում: Տեսնու՞մ ես Վիկտրոլան:
Մարթան բարեխոսեսց.
– Հարրի՛, նրանք մի քանի օր գնացքում են եղել, ընդամենը այսօր են ժամանել և հոգնած են: Թող, որ Վիկտրոոլան էլ վաղը տեսնեն:
-Օհ, իհարկե,- ընդունեց Հարրին: – Ներիր ինձ, Դիքրա՛ն: Մոռացա, գիտես: Այնքան լավ է հին երկրից, ընտանիքից մարդ տեսնելը, որ ես մի պահ մոռացա, թե որքան հոգնած կարող եք լինել, երբ առաջին անգամ եք հասնում այստեղ: Գիտե՞ս ինչ: Երբ ես առաջին անգամ այստեղ հասա, Մարթային ասացի. «Դու գնա աշխատանք փնտրիր, եթե ուզում ես: Իսկ ես երեք օր քնելու եմ: Դու ուզու՞մ ես երեք օր քնել, Դիքրա՛ն:
-Ես պետք է աշխատեմ: Մենք գումար չունենք: Իսկ երեխան շուտով կծնվի,- ասաց Դիքրանը հայերենով:
-Ճիշտ ես: Ոչ մի տղամարդու որդի չպետք է ծնվի ուրիշի տանիքի տակ, համենայն դեպս՝ ոչ Ամերիկայում: Հին երկրում՝ գուցե, այո՛: Այնտեղ հայը բախտավոր է, որ ծնվում է չոր առվի մեջ: Դու և Արմենուհին մնացեք այստեղ այնքան, որքան կցանանաք: Մենք աշխատանք կտանք: Այդպես մեզ կառավարությունն էր ասում, հիմա ես եմ ձեզ էդպես ասում: Մենք ձեզ համար այստեղից ոչ շատ հեռու ապրելու տեղ կգտնենք: Այսպիսով, երբ ժամանակը գա, Մարթան կարող է Արմենուհու հետ լինել:
Երկու քույրերը միմյանց մեղմորեն ժպտացին:
-Ա՛հ,փոքրիկ Արմենուհի,- ասաց Հարրին քնքշորեն: -Ե՞րբ էինք քեզ վերջին անգամ տեսել: Որքա՞ն ժամանակ առաջ: Այն օրը, երբ լքեցինք Հին Երկիրը, հին տունը, Մայրդ մեծ խնջույք կազմակերպեց՝ երաժշտությունով ու պարով, բայց, միևնույն ժամանակ, նաև տխրությամբ: Ես ու Մարթան հեռանում էինք: Բոլորս ասացինք, որ շուտով կհանդիպենք, բայց մեզնից ոչ ոք դրան չէր հավատում: Հիշու՞մ ես:
Արմեուհու աչքերը լցվեցին և նա, ճնշելով իր կոկորդում փղձուկը, զսպեց իր հուզմունքը: -Այո՛,- մտորեց Արմենուհին:
Երբ վերջին անգամ տեսել էր Հարրիին՝ տասնյոթ տարի առաջ, նա համեստ փեսա էր:
-Դու պարզապես փոքրիկ աղջիկ էիր: Ինձ ու Մարթային ասում էիր. «Այնքան մեծ եմ, որքան նոր դարը»: Դու այնքան հպարտ էիր: Ես էլ հարցրի «քանի՞ տարեկան ես»: Ասացիր. «Վեց, որքան նոր դարը»: Ծիծաղս գալիս է. այնքան լուրջ էիր: Ասում էիր. «Ես միշտ գիտեմ քանի տարեկան եմ»: Այս տարի քսաներեք ես, չէ՞: – Արմենուհին գլխով արեց:- Ճիշտ իմ ու Մարթայի համար է. մենք այդքան հեշտորեն չենք կարող պարզել, թե քանի տարեկան ենք: Շուտով մենք միասին կմոռանանք մեր տարիքը և կսկսենք երիտասարդանալ, չէ՞, Մարթա:- Նա ծիծաղեց ինքն իրեն:
– Կարծում էի՝ այլևս երբեք չեմ տեսնի քրոջս: Հուզված ասաց Մարթան: -Կարծում էի՝ էլ երբեք չեմ տեսնի ընտանիքիս, բայց մտքովս չէր անցնի, որ շատերը կմահանան: Ահա մենք միասին ենք: Մի քանի հոգով: Մնացածը, օհ, մնացածը…
-Հե’յ, սա ի՞նչ է: Մարթա՛, վերջացրու՛ այդ լացդ: Վերջացրու՛, ասում եմ: Մոռացիր մահացածներին: Մենք այժմ Ամերիկայում ենք: Ասա՝ ինչպե՞ս ես անվանելու երեխային, Արմենուհի՛, անունն ի՞նչ ես դնելու:
-Դիքրան,- պատասխանեց նա, – հոր անունով կանվանենք:
-Դիքրա՜ն,- պոռթկաց նախկին Հայգազ Հաքուսանիանը:-Մեկ այլ Դիքրան Ագաջանիա՞ն: Դուք չեք կարող նրան Դիքրան անվանել, ինչպես հին երկրում է ընդունված: Ուզում եք նրա հաջողության վրա քա՞ր գցել: Ջեք անվանեք նրան: Լավ անուն է: Ջեք, կամ … կամ … չէ , Ջեքը լավ ամերիկյան անուն է: Դուք արդեն մի աղջիկ ունեք, որ շուտով ձեզ ատելու է: Խեղճը ինչ-որ հին երկրի անուն ունի, այնպես չէ՞:
-Դուստրս երբեք էլ ինձ չի ատի,- պատասխանցեց Դիքրանը հաստատուն ձայնով:
Հարրիի սպիտակ վերնաշապիկի թևքերը մինչև արմունկները վեր էին ծալված. ծանր նախաբազուկների վրա մազերն էլէկտրականացել էին: Դեմքը կարմրեց:
-Դստրե՜ր,- վիճաբանեց նա:
Մարթան իր մատները հպեց Հարրիի բազկին : -Հարրի՛, քաղցր ձայնով ասաց նա, – կարիք չկա, որ Արմենուհուն ու Դիքրանին այս ամենն ասես: Ոչ հիմա: Նրանք հոգնած են. չէ՞ որ այդքան ճամփորդել են: Հետո կասես:
-Ինչու՞ ոչ հիմա, -պոռթկաց նա: -Աղջիկը շուտով տուն կգա, այդպես չէ՞: Ավելի լավ է նա… : Ինձ համար միևնույն է, որ նա ներկայացման մեջ Սուրբ Մարիամի կամ հենց Քրիստոսի դերն է խաղում: Ավելի լավ կլինի, որ նա գա տուն, երբ ես նրան ասում եմ:
-Հարրի՛:
Արմենուհին ու Դիքրանը ըմպում էին իրենց սուրճը:
-Դուստրս ատում է ինձ, Դիքրա՛ն,- հառաչեց նա: -Քոնն էլ քեզ կատի: Որդու հետ հեշտ է: Դու ասում ես, տղա՛, «սա արա» և նա անում է, որովհետև դու նրա հայրն ես: Ամերիկայում ասում ես աղջկադ «սա արա», իսկ նա իր լեզուն է քեզ ցույց տալիս:
-Ի՞նչ է անում:
-Այ այսպես:- Հարրին դուրս հանեց իր լեզուն լայն շրթունքների արանքից, իսկ աչքերը մոտեցրեց իր ոսկրոտ քթին: – Ի՞նչ կասես: Ամերիկայում դա էշի սլենգն է: -Հարրին գլուխը թափ տվեց ու նայեց դատարկ սուրճի բաժակի մեջ: -Գիտե՞ք, թե էլ ինչու անունս փոխեցի, Դիքրա՛ն, Արմենուհի՛, գիտե՞ք էլ ինչու դարձա Հարրի Հարքեր Հայգազ Հարքուսանիանի փոխարեն: Որովհետև, իհարկե, ուզում էի հարուստ լինել: Իհարկե, ուզում էի լավ ապրել: Բայց այլ պատճառներ էլ կային: Մի օր դուստրս՝ իմ փոքրիկ Բաքրատուհին, դպրոցից լացելով տուն եկավ: Նա չասաց «բարև պապա»: Ես էլ գնացի նրա սենյակ, ասացի. «Ի՞նչ է եղել, Անու՛շ»: Նա ել թե. «Մի՛ անվանիր ինձ այդ սարսափելի անվամբ: Մի՛ ասա ինձ Անուշ»: «Ինչու՞, Անուշ նշանակում է քաղցր բան: Դու իմ քաղցր Բաքրատուհի»: «Էդպես էլ մի ասա: Ատում եմ: Ատում եմ»: «Ինչու՞ ես լացում: Ասա ինձ»: «Պապա՛, ինչու՞ ես այդքան ծիծաղելի անուն ունեմ: Ինչու՞ են բոլոր երեխաները ծիծաղում ինձ վրա: Անվանում են ինձ…» Չեմ հիշում՝ ինչ էր ասում: Հետո ասացի. « Ո՞վ է ասում:Նրա աչքերը կհանեմ»:
Հարրին վեր տարավ ձեռքերը՝ թափելով սիգարի մոխիրը հին երկրից բերված խալու վրա:
-Հետո գիտե՞ս ինչ է լինում,- շարունակեց Հարրին՝ դիմելով Դիքրանին: Նրանք պետք է ծնող կանչեն դպրոց: Ամերիկյան դպրոցները, պա՜հ: Առաջին բանը, որ նրանք այնտեղ սովորեցնում են ծնողներին չհարգելն է: Ուսուցիչը գալիս է տուն , այսպես:
Հարրին հետ հրեց աթոռը ու սենյակով մեկ ոտքերը հատակին հարվածելով քայլեց՝ քիթը կնճռոտած, հիմնական քաշը պահելով ոտնաթաթերի վրա: Բոլորը ծիծաղեցին Հարրիի վրա և նա երջանիկ ժպտաց:
-Նա այդպես է ներս մտնում,- Հարրին նստեց իր աթոռին, որն իր ծանր քաշից ճռռաց: -Ուսուցիչն ասում է «Միստեր Հարքուսիան, ես Միս», ինչ որ է նրա անունը, «Ես ձեր դստեր ուսուցիչն եմ»: «Օհ, այո», ասում եմ ես, «Ինչու՞ եք թույլ տալիս, որ ուրիշ երեխաները ծաղրեն աղջկաս , հը՞: Նա երեխա է»: «Ո՛չ, նա երեխա չէ»: Այդ կինն ասում է, թե ով է իմ սեփական երեխան: Նա էլ թե,- « Ուրեմ քանի՞ տարեկան է նա»: «Ութ»: Այո՛, այս կինն ասում է ինձ, որ նա ութ տարեկան է և մեծանում է: Ես էլ ասացի, որ նրա հայրն եմ ու գիտակցում եմ այդքանը: Ասացի. «Եկել եք որ ասեք, այն, ինչ ինքս էլ տեսնու՞մ եմ»: Նա էլ ասում է, որ մյուս երեխաների համար շատ բարդ է աղջկաս Բաքրատուհի անվանել. շատ բարդ անուն է: Ես էլ թե. «Բավականին լավ անուն է կնոջս համար, լավն է նաև դստերս համար»: Հետո ինձ ընդհատեց, ցանկություն հայտնեց, որ տանն այլևս հայերեն չխոսենք՝ ասելով, որ Բաքրատուհին դպրոցում խնդիրներ ունի կարդալու և ուղղագրության հետ: Ցանկացավ, որ դստերս հետ միշտ անգլերեն խոսեմ: Ես էլ համաձայնեցի: Ո՞ր հայրը այդպես չէր անի: Դուստրս ծնվել է այս երկրում: Նա ամերիկացի է: Բայց էլ ինչ վատ բան կարող է լինել, եթե աղջիկս, իմ սեփական աղջիկը ցանկանում է փոխել իր անունը: Մոր անունը նրա համար այնքան էլ լավը չէ: Գիտե՞ս ինչ նոր անուն է ցանկանում: Սելլի: Ու գիտե՞ս ինչու: Որովհետև լավագույն ընկերուհու անունը Սելլի է: Ես նրան ասում եմ, որ չի կարող լինել իր լավագույն ընկերուհին: Ասացի. «Դու պետք է Բաքրատուհի լինես: Սելլին Սելլին է: Բաքրատուհին Բաքրատուհին է:» Բայց, ոչ, նա պետք է Սելլի լինի: Այսպիսով մենք նրան սկսեցինք Սելլի անվանել: Եթե մենք նրան Սելլի չասենք, նա բղավելով կսկսի բողոքել: Ամեն տարի նա նոր անուն է ունենում: Սկզբում Սելլի, հետո Մերի, հետո Մաբել, հետո Էնիդ, հետո – օհ, ո՜վ գիտի ինչ, հետո Ջինջեր: Ջինջեր, որը նշանակում է կոճապղպեղ: Ամենահիմար անունը, որ երբևէ լսել եմ:- Հարրին ետ հենվեց փայտե աթոռին: -Ու՞ր են բաժակները, Մարթա՛, ես մի բաժակ գինու կարիք ունեմ:
Մարթան վեր կացավ, բացեց կաղնու փայտից պահարանի դարակը, որ իր ետևում էր, և ամուսնու համար փոքրիկ, լայն բաժակը գինով լցրեց: -Բոլորիս էլ լցրու՛: Այսպիսով, երբ ես ու Մարթան ստացանք մեր թղթերը, ասացի, որ դրանք սարքի Հարրի և Մարթա Հարքերներ անվանումներով: Ոչ ոք չի ծիծաղի մեր անունների վրա: Այժմ ես ամերիկացի եմ, իսկ դուստրս էլ շարունակում է խենթ մնալ: Այժմ ավելի վատ է: – Նա արագ մյուս երեք բաժակների մեջ գինի լցրեց՝ կաթեցնելով այն սփռոցի վրա, որը տարածվեց՝ ինչպես մի վարդագույն արցունք:
-Ջինջերը հիմա ներկայացման փորձին է,- ասաց Մարթան:
-Նրա անունը Ջինջեր չէ,- բղավեց Հարրին:
-Լավ, էդ դեպքում ի՞նչ է: Ի՞նչպես ես ուզում անվանել նրան: Անգամ Բաքրատուհի չես անվանում նրան: Ի՞նչպես անվանեմ նրան,- Մարթայի բերանը ծռմռվեց, արցունքները հոսեցին աչքերից:
-Մարթա՛, չէի ուզում բղավել վրադ: Մի՛ լացիր:- Նա նորից շրջվեց դեպի Արմենուհին ու Դիքրանը: – Ջինջերը լավ կաներ իրեն Էգփլանթ անվաներ: Դա նշանակում է սմբուկ: Ասում եմ, տղային Ջեք անվանեք և խնդիրներ չեք ունենա: Ի՞նչ է ձեր աղջկա անունը:
-Ահնգահ:
Մարթան անունների հետագա քննաարկումից խուսափելու համար սրփեց արցունքները և ասաց, -Ի՞նչ աշխատանք էիր անում հին երկրում, Դիքրա՛ն:
-Սուրճի խանութպան էի: Ընտանիքիս անդամները սուրճի, թեյի և համեմունքների խանութպաններ են եղել: Լավ բիզնես էր:
-Դու քո սեփական բիզնեսն ունեի՞ր:- Հարրիի ձայն փեսայի հանդեպ նոր հարգանք արտահայտեց:
-Այո: Ժամանակին: Ժամանակին բիզնես ու ընտանիք կար: Հետո՝ ո՛չ բիզնես, ո՛չ ընտանիք: -Դիքրանը մաքրեց կոկորդը և նայեց Հարրիին, ինչպես իրեն հավասար մեկին: -Թուրքական քաղաքում հայի համար, եթե անգամ թողնում են, որ ապրես, կյանք չկա: Ապագա չկա: Միայն մահ ու վախ կա: Ընտանիքս, մենք բոլորս …- Նա լայն բացեց ափերը՝ կարծես ձեռքերի մեջ գրկում էր ընտանիքի անդամների հոգիները, բայց նրանք բոլորը հօդս ցնդեցին: -Սկզբում ես ու Արմենուհին գնացինք Աթենք, բայց մեր երկրորդ երեխան մահացավ և մենք չկարողացանք հայ քահանա գտնել, որպեսզի թաղեր երեխային: Մի հույն քահանա գտանք:
Դիքրանը բռնեց կնոջ ձեռքը, իսկ կինը՝ ամուսնունը: Կինը այնպես կծեց շրթունքը, որ այն սպիտակեց: -Հետո քեռիս Ռուսաստանից գրեց, որ կարող ենք գնալ այնտեղ՝ Մոսկվա: Նա բիզնես ունի այնտեղ, բայց Արմենուհին ասաց. «Ո՛չ: Ռուսատանում չափից շատ են քաղաքացիական ապատերազմներ: Չափից շատ է անորոշություն: Թուրքիայինը մեզ արդեն բավական է»:
-Ռուսերեն չենք խոսում,- ավելացրեց Արմենուհին:
-Հետո Արմենուհին գրեց քեզ ու Մարթային: Եվ դուք այնքան սիրալի էիք, որ կանգնեցիք մեր թիկունիքն: Այսպիսով մենք եկանք Ամերիկա՝ այստեղ՝ Լոս Անջելես: Այստեղ Արմենուհին մի քիչ անգլերեն գիտի: Այստեղ եկեղեցի կա ու ոչ-ոք ոչ-ոքի չի սպանում: Այստեղ օվկիանոս կա:- Դիքրանի խոսքը հայերենի և անգլերենի որոշ կառույցների մի խառնուրդ էր: – Ես շատ եմ սիրում օվկիանոսը, շատ- շա՜տ:
-Ես ցույց տվեցի նրան քարտեզը: Խաղաղ օվիանոսը ճիշտ Լոս Անջելեսի կողքին է: – ասաց Արմենուհին
-Մեծ օվկիանո՜ս: Գեղեցկությու՜ն: Ես կհիմնեմ ծխախոտի իմ բոլոր խանութները այնտեղ՝ լողափին: Չորսը ես արդեն ունեմ: Մեծ բիզնես է: Օվկիանոսի մոտ, լիքը սիրուն աղջիկներ, լիքը լավ գործ: Ես ասացի ներգաղթյալներին, որ այստեղ նրանց համար գործ ունեմ և մինչև այժմ խոսքիս տերն եմ: Դուք պարզապես մի փոքր լավացրե՛ք ձեր անգլերեը, և մենք կսկսենք բիզնեսը ճիշտ օվկիանոսի ափին: Ի՞նչ կարծիք եք:
Մինչ Դիքրանը կպատասխաներ, դիմացի դուռը բացվեց և հետո աղմուկով փակվեց: Ջինջեր Հարքերը դեմառդեմ կանգնեց նրանց առջև՝ կամարի մոտ, որը բաժանում էր առջևի սրահը և սեղանի շուրջը նստած զարմացած մարդկանց:
Ջինջերը կարճահասակ, աթլետիկ աղջիկ էր, ճարպի, մռայլ և լի կատաղի էներգիայով, որը աշխուժացրեց չափահասներին՝ նրանց մի պահ թեժ զրույցից կտրելով: Կարճ շրջազգեստը հասնում էր մինչև ծնկները: Մետաքսյա գուլպաներ էր հագել և բարձրակրունկ կոշիկներ՝ ամերիկյան ոճով, որոնք երբեք չէին դադարում հմայել Դիքրանին: Ջինջերի շուրթերը անբնական կարմիր էին և հաստ, իսկ մազերը կարճ կտրված, թափված դեմքի շուրջը: Քիթը՝ Հարրին էր: Ջինջերը զգաստ ու զարմացած նայում էր իր մորաքրոջն ու քեռուն՝ զննող հայացքով:
-Էլի այս էժանագին կարմրաներկն ես քսե՞լ, – բղավեց Հարրին:
-Ջինջեր,- ասաց Մարթան ձայնը՝ լի զգուշացումով: – Այստեղ քո մորաքույր Արմենուհին ու քեռի Դիքրանն են հենց նոր եկել հին երկրից: Դու գիտես մենք այսքան ժամանակ նրանց էինք սպասում, և ահա նրանք այստեղ են:
Արմեուհին ու Դիքրանը կանգնեցին: Արմենուհին քայլեց դեպի իր զարմուհին, ով անշարժ կանգնած էր և բռնեց նրա ձեռքը: -Ինպե՞ս ես , Ջինջե՛ր,- ասաց նա Կարմիր Խաչից սովորած ագլերենով: – Ուրախ եմ քեզ տեսնել:
Ջինջերի քիթը կնճռոտվեց արհամարհանքով և ամենամեծ անտարբերությամբ բռնեց Արմեուհու ձեռքը:
-Բարև:
-Ուրախ եմ քեզ հանդիպել,- ասաց Դիքրանը:
-Մեկ րոպեով սենյակս գնամ:
-Ո՛չ, սիրելիս, երեխան քնած է այնտեղ:,- ասաց Մարթան:
Ջինջերը հայացքը գցեց իր հղի մորաքրոջը: -Նկատի ունես նրաք ուրիշի՞ն էլ ունեն:
– Քանի դեռ նրանք այստեղ են, քո սենյակում են քնելու, Մի՛սս, իսկ դու հյուրասենյակւոմ ես քնելու և վերջ:
-Նկատի ունես ես չեմ կարող իմ սեփական սենյակն ունենա՞լ:
-Մի փոքր հարգանք ցուցաբերիր ընտանիքիդ նկատմամբ:
-Որքա՞ն ժամանակ են նրանք մնալու այստեղ:
Արմենուհին փորձում էր մի բան ասել, բայց Հարրիի ձայնը կտրեց նրա միտքը: -Ո՞վ ես դու՝ մի ամերիկացի բռի անձնավորություն, ով հարգանք չունի սեփական ընտանիքի հանդեպ: Ասա ներողություն:
-Գուցե նրանք քո ընտանիքն են, բայց ոչ իմը,- Ջինջերի շրթունքները դողացին: -Ես դուրս եմ գնում:
-Ընտանիքը նոր է ժամանել և դու կմնաս այստեղ,- ասաց Հարրին:
-Ես դուրս եմ գնում: Բիլլ Նորթանը ինձ է սպասում իր մեքենայում:-Ջինջերին հաստատելու համար Բիլլը ազդանշան տվեց: -Ես ներկայացման փորձ ունեմ դպրոցում և գնում եմ:
-Չմտածես, թե չգիտեմ ուր ես գնում, Մի՛սս,- գոռաց Հարրին,- կամ թե ինչ ես անում: Ես գիտեմ: Ես այդքան հիմար էշ չեմ: Գիտեմ ինչ է կատարվում: Գիտեմ …- Բայց դուռը շրխկաց ու այն ամենը ինչ մնաց Ջինջեր Հարքերից, մի օծանելիքի թույլ բույր էր: Արմենուհին ու Դիքրանը վերադարձան սեղանի շուրջ: Դիքրանը իր գինին խմեց:
-Ի՞նչ կասես այս ամենի վերաբերյալ,- թթված հարցրեց Հարրին,-ամերիկացի երեխաները ոչնչի հանդեպ հարգանք չունեն: Ես դեռ տրամվայ եմ վարձում, իսկ այս երեխան արդեն մեքենա ունի:
Չորսով մի պահ քարացած նստեցին՝ առանց միմյանց նայելու, տարօրինակ ձևով ընկճված և ամոթխած իրենց ընկճվածությունից: Չգիտեին էլ, թե ինչու են ընկճված ու լուռ: Բիլլ Նորթոնի մեքենայի ազդանշանի աղմուկը ներթափանցեց բաց պատուհաններից, պատերից, անցավ թափանցիկ վարագույրները, լցվեց սենյակը: Հարրիի սիգարը ձեռքի մեջ հանգավ:
-Մտածում եմ հիմա գնանք քնելու,- ասաց Արմենուհին՝ որոշակի դժվարությամբ վերկենալով:
-Իհարկե՛, իհարկե: Քնեք մի քիչ: Վաղը տրոլեյբուս կվերցնենք դեպի օվկիանոս, դեպի Սանտա Մոնիկա՝ տեսնելու իմ բիզնեսի տարածքը: Եվ մյուս տարի … գիտե՞ք ինչ մյուս տարի… Մյուս տարի մեքենա կունենամ: Կհարստանամ ու մեքենա կունենամ: Մեքենայով ձեզ լողափ կտանեմ, կշրջենք ողջ Լոս Անջելեսով:
-Դու բարի ես, Հարրի՛, – ասաց Դիքրանը:
Հարրին ցած դրեց հանգած սիգարը և խմեց իր գինին:
-Հենց այդպես էլ կլինի,- երդվեց նա և Մարթան գլխով համաձայնեց: – Կլինի:

Անգլերենից թարգմանությունը՝ Անի Շահոյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *