Բաց նամակ ՀՀ Նախագահին

Հովհաննես Գրիգորյան

Այսօր առավոտյան մեզնից հեռացավ բանաստեղծ, թարգմանիչ, ՀԳՄ քարտուղար Հովհաննես Գրիգորյանը:
Գրիգորյանը 60-ականների բանաստեղծական փայլուն սերնդի ամենաակնառու ներկայացուցիչներից է: Սերունդ, որ իրապես փոխեց հայ բանաստեղծության ընթացքը: Իր «Աշուն» աղմկահարույց բանաստեղծությամբ, այնուհետև 10-ից ավելի բանաստեղծական ժողովածուներով Գրիգորյանը հայ բազմադարյան պոեզիան բարձրացրեց բոլորովին նոր մակարդակի` սահմանելով բարձր նշաձող ու մեծ ազդեցություն թողնելով հետագայում ասպարեզ մտած գրեթե բոլոր բանաստեղծական սերունդների վրա: Նրա ստեղծագործությունը հայ գրականության այն բացառիկ մասնավորություններից է, որ բարձր է պահում մեր երկրի, մեր ժողովրդի, մեր գրականության հարգը նաև համաշխարհային գրականության անդաստանում: Պատահական չէ, որ նրա գրքերը թարգմանվել ու հրատարակվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով:
Գրիգորյանը նաև բացառիկ ներդրում ունի համաշխարհային գրականության լավագույն արժեքները հայերեն թարգմանելու գործում, այն էլ` իսպաներենից:
2012-ին նա արժանացել է ՀՀ պետական մրցանակի:
Հովհաննես Գրիգորյանը բացառիկ մշակութային երևույթ է, անհատականություն, որ մշտապես ունեցել է քաղաքացիական բարձր գիտակցություն և մեծապես նպաստել հայոց պետականության զարգացման ու կայացման գործընթացին:
Աներկբա է, որ նա իր պատվավոր տեղը պետք է ունենա հայ գրականության, արվեստի ու մշակույթի մեծ դեմքերի կողքին` Կոմիտասի անվան այգու պանթեոնում:
Մենք` գրողներս, գրականագետներս, մշակույթի գործիչներս խնդրում ենք ընդառաջել մեզ և կատարել համապատասխան կարգադրություն, որպեսզի Հովհաննես Գրիգորյանի հուղարկավորությունը կատարվի Կոմիտասի անվան այգու պանթեոնում:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *