Տաթևիկ Մերջանյան | Լևոն Բաշալյանի «Խաչախճին» նորավեպը զուգահեռի մեջ

Լևոն Բաշալյանը գեղագետի իր յուրօրինակ դիտողունակությամբ և իրողութ­յու­նը հա­սարակական ընդհանուր պատկերից առանձնացնելու կարողությամբ կանգնած է 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի արևմտահայ գրականության ան­ցու­­մա­յին շրջանի զարկե­րա­կին: Ժամանակների արագընթաց զարգացման արդ­յուն­քում գրական ասպա­րեզ էր գալիս նոր սերունդը: «Գրական սերունդ» հասկացութ­յու­նը արևմտահայ գրականութ­յան հա­մար պայմա­նա­կա­­նո­րեն է ընդունելի: Հատկանշա­կան է, որ հիշյալ ժամանա­կա­հատ­վածում իրապաշտ գրողը դառնում էր պակաս պա­­հանջ­ված, բայց այդ ուղ­ղութ­յան թողած ավանդները շարունակում էին զբաղեցնել գրա­կան շրջա­նակների ուշադ­­րութ­յունը: Սա նշանակում է, որ արևմտահայ գրականութ­յունը գնում էր ամ­բող­­ջաց­­ման ճանապարհով:

Հեղինակի առաջին իսկ նորավեպերն ապացուցում էին, որ այս նորահայտ գրո­ղը ճիշտ է ըմբռնել ժամանակաշրջանի գաղափարագեղարվեստական յուրահատկու­թյուն­­նե­րը: Այս իմաստով Արփ. Արփիարյանը իրավացիորեն նկատել է. «Լեւոն Բա­շա­լեան ընդհանուր ուշադրութիւն սկսած էր գրաւել: Իր առաջին նորավէպն, որ հրա­տա­րակուե­ցաւ ընդհա­տուած չորս Մասիսներուն մէջ, հրապարակ հանած էր դիտող, զգացող գրագէտ մը»[1]*:

Խնդրո առարկա նորավեպը, որն առաջին անգամ լույս է տեսել «Մասիսում» 1890 թվա­­կա­­նին, մարդու հոգեբա­նության մեջ տեղի ունեցող բեկումնային փոփո­խութ­­յուն­ների ար­ծար­ծումների իմաստով նոր և տեսակի մեջ եզակի ստեղծագոր­ծություն է, որովհետև Գր. Զոհրապից դեռ երկու տա­րի առաջ Բաշալյանն արդեն գե­ղար­վեստա­կանացրել էր խա­չախ­ճու (այինկաճու՝ ծխախոտի մաքսանենգի) ազգային, դիմաց­կուն և մարտնչող հոգեբանու­թ­յունը: «Ուրիշ պատերազմ­նե­րու նա­խազգա­ցութ­յամբ ալ մտա­հոգ` իր պատմվածքներովը ազգին մարմնա­կան կորովը կը պան­­ծաց­ներ ու կը սիրցներ»[2], – գրել է Արփ. Արփիարյանը:

Ակնհայտ է, որ խնդրո առարկա ստեղծագործությունում դրված է «փախստեայ ծխա­խո­տի» մաքսա­նեն­գութ­­յան խնդիրը: Զուգահեռներ անցկացնելով այս և Գր. Զոհ­րա­պի «Ային­կա» նորավե­պի միջև` առաջին հայացքից թվում է` չկա որևէ տարբերութ­յուն, բայց ու­սում­­նա­­սի­րութ­­յունն ի հայտ է բերում հեղինակների տարաբևեռ մեկնակե­տ­երը: Լ. Բա­շալ­յանը հայտնա­բե­րում է կեն­սական պայմաններում գուցեև չդրսևոր­վող, բայց բացառիկ իրադրութ­յուններում ի հայտ եկող բնատուր, անխառն, ազգային, ան­­խա­թար հոգե­կերտված­քը, իսկ Գր. Զոհրապը գնում է հոգե­բա­նա­­կան այն փոփո­խութ­յուն­ների ճանապար­հով, որին ենթարկվում է մարդն իր կայացման ընթացքում: Այլ խոսքով` եթե Զոհ­րա­պը հայտնաբերում է հոգե­բա­նա­կան աննկատ, բայց մեծ տե­ղա­շարժերի արդյունքում ձևավորվող հոգեբանութ­յունը, ապա Բաշալյանը` անհատի աղա­վաղվող, բայց չանհետացող հոգեկերտվածքը:

Լ. Բաշալյան նորավիպագիրը մի փոքր տարբերվում է արևմտահայ մյուս նո­րա­վի­­պա­գիր­ներից: Նա ընդհանուր համապատկերի մեջ առանց ընդգծված երանգնե­րի ստեղծում է այնպիսի կերպարներ, որոնք իրենց հոգեբանությամբ հակադրելի են արևմտահայ իրո­ղու­թ­­յուն­ներին: Տվյալ դեպքում` Համբարձում Քիրէճեանի («Խաչախ­ճին») կերպարը հա­կադրե­­լի է Հակոբոսի և Սահակի («Այինկա») կերպարնե­րին: Զոհ­րապն իր նո­րա­վեպում ավելի շատ շեշտադրում է միմյանց հակադրվող հոգեբա­նութ­յուն­ները (եղբայրնե­րից մեկը այինկաճի է, մյուսը` րեժի, իսկ Պերճուհին` այինկաճու դուստր): Ակնհայտ է, որ արևմտա­եվ­րո­պական նո­րա­վիպագրության մեջ լայն տարա­ծում գտած սիրային եռանկյու­նին ընդունված էր արև­մտա­հայ համա­պա­տաս­­խան ժան­­րում, որովհետև այդ հեշտ ճանա­պար­հով կարելի էր ստեղ­ծել դրամատի­կա­կան իրա­վի­ճակ և կերպարներից մեկի ճակա­տագրի հանգուցալուծ­մամբ ավարտին հասցնել այդ դրամատիզմը: Այս իմաստով համոզիչ է Հ. Օշականի այն տեսակե­տը, ըստ որի` գործո­ղութ­յան արագությունը տիրապետող է նո­րա­վե­պում[3]:

Անհամեմատ ավելի դժվար է, երբ այդ եռանկյունին չկա, և մարդու հոգե­բանութ­յան մեջ են տեղի ունենում բախումները: Լ. Բաշալյանը, չունենալով հերոսին և նրա հուզաշ­խար­հը դիտարկելու զոհրապյան նրբություններն ու հմտությունները, իր այս նորավեպով զար­մա­նալի հայտնա­գոր­ծութ­յուն­ներ է կատարում մարդկային հոգու «տիե­զերա­գիտության» մեջ: «Եթէ Զոհրապ նորավէպի իշխանն է, Բաշալեան` գե­ղարուես­­­տական արձակի Կի Տը Մո­բասանն է»[4], – գրում է Հ. Պարիկյանը:

Գր. Զոհրապի Հակոբոսն այինկաճի է, և սա նրա ինքնությունն ու հպարտութ­յունն է: Հե­ղինակն իր նորավեպում չի խորացնում թվացյալ հպարտության տակ թաքնված ցավի և հիասթափության, զգացողության և վայելքի դրսևորումները: Նա նույ­նիսկ չի խոսում Հակո­բոսի և Պերճուհու սիրո մասին, որովհետև աղջիկը թեև հասարակական հան­գա­մանքների պարտադրանքով նշանվել էր Հակոբոսի հետ, այնուամե­նայնիվ սի­րում էր Սահակին: Մեծ փորձության առկայության պայման­նե­րում սերն իր իր ամբողջութ­յամբ գիտակցվում է. «…իմ սէրս ամուր է աս երկաթին պէս, քուկդծառի մը ոստին պէս ա­մեն դի կը ծռի, պզտիկ եղբօրմէն մեծ եղբօրը, Սա­հ­ակէն Յակոբոսին կը դառնայ»[5]:

Սահակի այս դատումը կարող էր լինել արթնացման ազդակ, ինչի շնորհիվ Պեր­ճու­հին չէր ամուսնանա Հա­կո­բոսի հետ, եթե անգամ չլիներ եղբայրների ընդհա­րու­մը: Զոհրապի նորավեպի փոքր-ինչ թուլա­ցու­մը պայմա­նա­վորված է հենց այս ընդ­հար­ման ու Սահակի սպա­­նության հետ: Ըստ էության, փոքր եղ­բայրն իր խոսքով ու մա­հով վերջնականապես գի­տակ­­ցության բերեց երջանկության և դժբախ­տութ­յան ամ­բողջ փիլիսոփայությունը: Ճիշտ է, հեղի­նա­կը փորձում է բացահայտել այս առեղծվա­ծա­յին պատմությունը, սակայն վերջինս նորա­վե­պի վերջում էլ մնում է չբացա­հայտ­ված, որով­հետև՝ «Պերճու­հին սեւեր հագնող աղ­ջիկ մըն է որ չամուս­նա­նար. իր նշանը ետ ե­ղա­­ւ առանց պատճառը հասկցուելու»[6]։

Ի հակադրություն Զոհրապի` Լ. Բաշալյանը` հանձին Համբարձումի, ցույց է տա­լ­իս այինկաճու (խաչախճու)` արտաշխարհում տեղի ունե­ցող փոփոխությունների արդյունքում ի հայտ եկող հոգեբանության դրսևոր­ման կերպերը: Տղայի հայրը մա­հա­ցել է, իսկ ընտանիքը ապ­րում է ծայրահեղ աղքատության մեջ: Լ. Բաշալյանը, սոցիա­լա­կան կյանքի խնդիրներն ու թշվառութ­յունը դիտարկելով իբրև միջոց, ցույց է տալիս, թե ինչպիսին է մարդու հոգեբա­նությունը` պարտվո՞ղ, թե մարտնչող: Համբարձումը հան­գա­մանքների բերումով կանգնում է մաքսանենգության ճանապարհի վրա. «Այդ մի­ջոցին էր որ իր դպրոցական ընկերներէն մին, որ ետքէն իր սէթրի բանդալոնը ապա բո­թու­ռի փոխած էր եւ որուն ինչպէս ապրիլը ոչ ոք գիտէր, իրեն առաջարկեց փախստեայ ծխախոտ վաճառել…»[7]:

Ի պատիվ Բաշալյանի` այս նորավեպում չի քննադատվում թուրքական իրա­կա­­նութ­յունն ու նրա օրենքները, որովհետև հեղինակը գիտի, որ աշխարհում, առավել ևս Թուր­քիայում, արդարացի օրենքներ չեն լինում, համենայն դեպս` մարդու ըն­կա­լում­­ների սահ­ման­­նե­րում: Ուղղակիորեն չխոսելով իր ժամանակաշրջանի քաղաքա­կան կյան­քի անցու­դար­ձերի մասին` գեղարվեստական նրբին եղանակնե­րի միջոցով նո­րա­վե­պում աննշան ակ­նարկ կա Ֆրանսիայի նկատմամբ, որովհետև ծխախո­տի մաք­սա­նեն­գութ­յու­նը Թուրքիա են բերել ֆրանսիացիները. «Ծխախոտ փախցնելը, Րէ­ժիի դէտերուն խիստ հսկողութեան տակ, դիւրին գործ չէ»[8]:

«Փախստեայ ծխախոտի» տեղափոխման հերթական գիշերը Համբարձումի հա­մար ճա­կատագրա­կան է դառնում: Ի տարբերություն Գր. Զոհրապի` Լ. Բաշալյանը, շատ լավ իմա­նալով պար­տադրան­քի խորհուրդը, իր հերոսին չի տանում օրենքներին հա­կադրվելու ճանապար­հով: Երբ «րէժիի դէտերը» նրան շրջափակում են, տղան իրեն սպառ­նացող վտան­գի հետ մեկտեղ հիշում է նաև իր անցկացրած թշվառ ու կիսա­սո­ված կյանքը, մոր տառա­պանք­նե­րը: Ըստ էության, սա էր «մահը», որի միջով տղան ար­դեն անցել էր: Հիմա նրան նո­րից մղում են դեպի «մահ»: Համբարձումն զգում է, որ այս­պես մահանալն ավելի հեշտ է, քան սովամահ լինելը: Խաչախճին իր մարտնչող հո­գե­բանությամբ կռահում է, որ ինքը գնալու է մահվան ծանր ճանապարհով, եթե, իհար­կե, չհաղթահարի այս «թեթև» Գող­գոթան: Կյանքի և մահվան սահմանագծին հայտնված մաքսանենգի հոգում տեղի է ու­նե­նում հոգեբանական կայ­ծակնային փո­փո­խություն. մինչ այդ ճանապարհներին վախեցող և թաքնվող խաչախ­ճին կյանքի օր­հասական պահին դրսևորում է մարտնչողի հոգեբա­նութ­յուն. նա կրակում է հսկիչ­ներից մեկին, իսկ երկրորդ զարկը գետին է գլորում հենց խաչախ­ճուն:

Այս նորավեպում հեղինակը ցույց է տալիս խաչախճու տեսակի հոգեբանական մաք­րութ­յունը: Անկախ ունեցվածքի տեսակից, քանակից և ձեռք բերելու ճանա­պարհից՝ մարդն իր մեջ ունի մի տեսակ, որը զուտ մարդկային է: Լ. Բաշալյանը ոչ թե գնացել է դասի և դասա­կար­գի խնդիրները քննելու, այլ դրանցում տեղի ունեցող հոգե­բա­նական ազդակները բացա­հայ­­տելու ճանապարհով: Այս իմաստով անհամոզիչ է Ս. Մանուկյանի առաջադրած տեսա­կետը, ըստ որի` հեղինակը դատապարտում է սոցիալական կարգերը որպես չարիքների աղ­­­բյուր[9]:

Ընդհանրացնելով վերոգրյալը` կարելի է ասել, որ արևմտա­­հայ նո­րա­վի­­պագրութ­­յան համար առանցքային դարձած հոգեբանական դրսևո­րում­ների արծար­ծում­­ները այս հեղինա­կի խնդրո առարկա նորավեպում ձեռք են բերում բոլորովին այլ շեշ­տադրումներ: Լ. Բաշալ­յանն իր այս նորավեպում գե­­­ղարվեստի նյութ է դարձրել մարդու դիմացկուն, մարտնչող, բնատուր և անխառն հոգե­բա­նու­թյան դրսևորում­ները: Թեև նորավեպում հեղինակը խոսում է զենքի գործածության, քաջության և հա­մար­ձա­կության մասին, այդուհանդերձ դա չի եղել նրա գերխնդիրը: Համբարձումը, լինելով իր նա­խաստեղծ և ան­խառն վիճակի մեջ, թեկուզև կյանքի գնով, երբեք չի պարտվում: Թույլ բնազդներ ունե­ցող մարդիկ հեշտ են կարողանում հարմարվել հա­սա­րա­կա­կան կեցության օրենքնե­րին: Այդ բնազդները ոչ թե նրանց թուլութ­յունն են, այլ տեսակի տարբերությունը: Մեկը օրի­նա­պաշտ քաղաքացի է, մյուսը` ո´չ: Խնդի­րը բնավ առաջինի խելացիության կամ երկրոր­դի անգիտութ­յան մեջ չէ, այլ մարդկանց տա­րա­բնույթ բնազդնե­րի: Մարդկային էու­թե­նակա­նութ­­յունները եր­բեք չեն կրկնվում: Ըստ հեղի­նակի գեղագի­տութ­յան` մարդն իր բնույ­թով հակված է հաղ­թա­հարել կյանքի պարտադրած ցան­­կա­ցած արգելանք:

[1] Արփ. Արփիարյան, Մասիս 1884-1893, Գ, «Հայրենիք», Կ. Պոլիս, 1893, թիվ 356:

*Այս և հետագա մյուս բոլոր մեջբերումների ուղղագրությունն ու կետադրությունը հեղինակային է:

[2] Բանբեր գրականութեան եւ արուեստի, գիրք Բ, 1904, էջ 175:

[3] Տե´ս Օշական Հ., Համապատկեր արևմտահայ գրականութեան, հ.6, Արուեստագետ սերունդ, Պէյրութ, Տպ. «Համազգային», 1968, էջ 255:

[4] Պարիկեան Հ., Լեւոն Բաշալեան, Հալէպ, 1970, էջ 122:

[5] Զօհրապ Գր., Երկերի ժողովածու չորս հատորով, հատոր Ա, Գեղարուես­տա­կան երկեր նորավէպեր, դիմանկարներ, աշխատասիրութեամբ Ալ. Շարուրեա­նի, Երեւան, ԳԱԹ հրատ., 2001, էջ 138:

[6] Նույն տեղում, էջ 140:

[7] Բաշալեան Լ., Երկեր, Անթիլիաս, Տպարան Կիլիկիոյ կաթողիկոսութեան, 1994, էջ 54:

[8] Նույն տեղում, էջ 54:

[9] Տե´ս Հայ նոր գրականության պատմություն, հ. 4, Երևան, Հայկական ՍՍՀ ԳԱ հրատ., 1972, էջ 486:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *