ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՇԱԲԱԹ | …12-19 ապրիլի

ազգային գրադարանային շաբաթ

Հայկական գրադարանային ասոցիացիան ապրիլի 12-19-ը կազմակերպում է «Ազգային գրադարանային շաբաթ»: 9-րդ անգամ կազմակերպվող միջոցառումը այս տարի կրում է «Հայացք գյուղի գրադարանին» խորագիրը: Միջոցառման նպատակն է վերաիմաստավորել գրքի, գիտելիքի, գրադարանների դերը, պետական այրերի ուշադրությունը հրավիրել գրադարանային խնդիրների վրա: Այս մասին Գրանիշին հայտնեցին Հայաստանի ազգային գրադարանի հասարակայնության հետ կապերի բաժնից:
Շաբաթվա շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ գիտության, մշակույթի, գրականության նշանավոր անձանց հետ, կազմակերպվելու են ցուցահանդեսներ, գրքերի շնորհանդեսներ: Աղբյուրը նաև տեղեկացրեց, որ Հայկական գրադարանային ասոցիացիան կոչ է արել հայաստանյան բոլոր գրադարաններին, շահագրգիռ կողմերին միանալ այս միջոցառմանը:
«Ազգային գրադարանային շաբաթ»-ի պաշտոնական բացումը տեղի ունեցավ ապրիլի 12-ին Հայաստանի ազգային գրադարանում: Նույն օրը Հայկական գրադարանային ասոցիացիայի վարչության անդամներ գնացին Օշական` մասնակցելու գյուղի գրադարանում կազմակերպվելիք միջոցառմանը:
Ապրիլի 13-ին հայտարարվելու է մայրենիի օր. դպրոցներում կազմակերպվելու են շարադրությունների մրցույթներ, կատարվելու է շարադրությունների ժողովածուի շնորհանդես:
Ապրիլի 14-ը հայտարարվելու է «Տերյանական օր»` նվիրված Վահան Տերյանի 125-ամյակին: Ապրիլի 15-ին գյուղական գրադարաններում կազմակերպվելու է գրքերի նվիրատվություն, ապրիլի 16-ին անցկացվելու են Րաֆֆու ծննդյան 175-ամյակին նվիրված միջոցառումներ: Ապրիլի 17-ին Ազգային ժողովի պատգամավորները հանդիպելու են մշակույթի և գիտության գործիչների հետ` քննարկելու գյուղական գրադարանների հիմնախնդիրները, հաջորդ օրը` «Գիրքը լավագույն նվեր» խորագրով միջոցառում` միմյանց գիրք նվիրելու օր, իսկ «Ազգային գրադարանային շաբաթը» կամփոփվի ապրիլի 19-ին Ազգային գրադարանում:

Share Button

5 Կարծիք

  • Aram Pachian says:

    Վերջնականորեն ավիրելուց հեըո գյուղական գրադարանները, հիմա էլ փորձում են ինչ-որ աղերսնեով միջոցառումներ կազմակերպել: Իմ կարծիքով գյուական գրադարանների դրությունը այնքան լուրջ է, որ ոչինչ, ոչ մի միջոցառում չի փրկի նրանց: Մի մասը պահեստերի են վերածել, մյուս մասը գոյություն չունի: Պետք է նոր գրադարաններ կառուցել` հարուստ գրականոևթյամբ, որ մի հաստափոր պատգամավորը կանի դա, խիստ կասկածելիա, նույնիսկ Ազգային գրադարանի պահոցները չեն համալրվում ժամանակակից գրականությամբ: Թող առաջինը հենց Ազգային գրադարանից սկսեն, չնայած դա էլ ա անհավատալու…

  • Arqmenik Nikoghosyan says:

    Ազգային գրադարանում վիճակը այդքան ողբերգական չի, Արամ ջան, որքան դու ես ներկայացնում: Հիմա կա պարտադիր օրինակի մաիսն օրենք, և հայաստանյան գրեթե բոլոր հրատարակություններն անպայման համալրում են Ազգային գրադարանի ֆոնդերը: Իսկ գյուղական գրադարանների վիճակն իրոք ողբալի է, թեպետ, ասեմ, երբեմն գյուղերում այնպիսի հազվագյուտ գրքեր կարելի է ճարել, որին ընթերցողի մատը երբեք չի դիպել:

  • Aram Pachian says:

    Ես ուզում եմ ավելի լավ լինի Արքո ջան, գոնե միջին մակարդակի վրա դուրս գան` աշխարհին համընթաց: Օրինակ Ազգային գրադարանում այնպիսի գրքեր չկան, որ իրավունք չունեն չլինելու, եթե Հայաստանում գրականությունը պիտի զարգանա, ուրեմն առաջին հերթին պետք է ժամանակակից, հարուստ պահոցով գրադարաններ լինեն: Հուսանք, որ այդպես կլինի:

  • Կարեն Անտաշյան says:

    Ապագան թվային գրադարաններինն է: Այսօր շատ ավելի կարևոր է կուտակված գրական ժառանգության պատշաճ ու գրագետ թվայնացումը` այն պահպանելու և շատերին հասանելի դարձնելու տեսակետից: Հուսով եմ կգան ժամանակներ, երբ մենք ամբողջ ազգային գրադարանը կունենանք գրպանում 🙂

  • Aram Pachian says:

    Դա ահավոր կլինի Կարեն ջան, ով իմանա ինչ նոր բարդությունների առաջ կկանգնի մարդկությունը ապագայում, կարդարացնեն արդյոք տեխնիկական զարգացումներ իրենց, թե մի օր բնությունը վերջնականապես կկատաղի ու կկործանի ամեն ինչը: Դրա համար վատ չի, որ համաշխարհային գրադարանները թվայնանում են, սակայն գիրքը, այլևս գիրք չի կոչվի մնան տարբերակում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *