Երանյան Լիլիթ | Գրադարանավարուհին

Լիլիթ Երանյան(կինոսցենար)

Հասմիկ Գրիգորյան – 35- 40 տարեկան, ոչ շատ երկար, մինչև ուսերը հասնող ալիքաձև մազեր ունի, խոշոր աչքեր: Հիմնականում հագնում է բաց մանուշակագույն և սպիտակ: Գրադարանավարուհի է:

Վարդան – սև ու խոշոր աչքերով երեխա է, 6 տարեկան է առաջին տեսարաններում: Տեսարան 13-ից հետո , երբ անցնում են տարիներ, նա շատ չի փոխվում:

Տիգրան – Հասմիկի եղբայրը, ավելի երիտասարդ է, բայց նման է նրան, գանգրահեր է ու բարձրահասակ: Ակնոցներ է կրում:

Աշակերտների խումբ, հարևանուհի ու հարևան
Գյուղապետ, տնօրեն

Իրադարձությունները կատարվում են, կամ էլ էական ոչինչ չի կատարվում Հայաստանի լեռնային գյուղերից մեկում, որտեղ կան ձոր, գետ, մատուռ, գրքեր ու դրանց պահակը՝ գրադարանավարուհին:

ՏԵՍԱՐԱՆ 1-ին
ԻՆՏ. – գյուղապետարան, կեսօր

ԱՆՁԻՆՔ՝ Հասմիկ, գյուղապետ, Վարդան

Հասմիկը վազելով ու ժպտալով մտնում է երկու հարկանի շենք, աստիճաններով բարձրանում մինչև այն սենյակը, որի դռան վրա «Գրադարան» ցուցատախտակը կախված է մի մեխից: Փորձում է ուղղել այն, չի ստացվում, պայուսակից հանում է բանալին ու բացում գրադարանի դուռը, մտնում է ու տեսնում գրադարանի դատարկ դարակները: Պատին փակցված է մնացել «Գրքերի աշխարհը-տիեզերք է անեզր» պաստառը: Հասմիկը զարմացած քայլում է սենյակի մի անկյունից մյուսը և ուշադիր զննում այն: Նա սթափվելով վազում է, շնչակտուր մոտենում հարևան սենյակներից մեկին ու առանց դուռը թակելու մտնում: Նա լուռ նայում է մեծ աթոռի վրա նստած գյուղապետին:

Գյուղապետ (կմկմալով)

Հրաման ա վերևից, ես կապ չունեմ: Համալրում ու կենտրոնացում:

Հասմիկ (բարձր գոռում է)

Ի՞նչ հրաման…(ձայնը իջեցնում է) գրադարանավարուհի եմ, ո՞ւր են գրքերս:

Գյուղապետ

Չլսեցիր՝ հրաման ա: Մեր (դադար է տալիս) գյուղին գրադարան չի հասնում: Կենտրոնացում:
Զայրացած Հասմիկը բերանը բացելով ուզում է գոռալ, բայց սկսում է ուժեղ հազալ, դուրս է գալիս սենյակից: Շունչը փորձում է տեղը բերել, մտնում է գրադարան: Հանկարծ նկատում է շարքերից մեկի վրա մոռացված գիրքը՝ «Չարլզ Չապլին: Ինքնակենսագրություն»-ը ու անկյունում կուչ եկած ժպտացող երեխային: Հասմիկը քարանալով տեղում, վախեցած նայում է, ու երեխան էլ չի ժպտում: Տեսնելով դա՝ Հասմիկն ինքն էլ թույլ ժպտում է ու կամաց քայլերով մոտենում նրան:

ՏԵՍԱՐԱՆ 2-րդ

ՖԼԵՇԲԵՔ Ղարաբաղ

ԻՆՏ. – նկուղ, երեկո

ԱՆՁԻՆՔ՝ Հասմիկ, Վարդան, տասնյակ կանայք ու երեխաներ

Մութ նկուղի տարբեր մասերում կուչ են եկել կիսաքուն մարդիկ, որոնք չեն կարողանում քնել անընդհատ լսվող կրակոցների ձայներից: Անկյունում վիրավոր կա, ում օգնություն է ցույց տալիս մի բուժքույր: Մյուս անկյունում հավաքված են մի խումբ կանայք ու երեխաներ: Երեխաներին ծիծաղեցնում է առաջին տեսարանի երեխան. նա մատներով աչքերը մեծացնում է և վախեցնում: Իսկ կանանց ուշադրության կենտրոնում հագուստները ծնկներին դրած Հասմիկն է:

Կին(Հասմիկին)

Չհասցրիր բաժանե՞ս:

Հասմիկը գլուխը բացասական շարժում է ու թույլ հոգոց քաշում: Մի քանի րոպե անց բոլորը ննջում են, միայն Հասմիկն է սկսում դասավորել հագուստները, իսկ երեխան ծիկրակում է նրան: Նա մոտենում է Հասմիկին, ուշադիր նայում նրա կողքը դրված գրքերին: Հասմիկը մի պահ չի հասկանում, հետո, նկատելով նրա ձեռքի սև մատիտը, թուղթ է ճղում ու տալիս: Երեխան ուրախանալով նստում է նրա կողքին ու սկսում արագ նկարել: Մի քանի վայրկյան անց նա ցույց է տալիս մեծ քթով ծաղրածուի պատկեր: Հասմիկը ծիծաղում է:

Հասմիկ

Դու ծաղրածու՞ ես:

ՏԵՍԱՐԱՆ 3-րդ

ԻՆՏ., ԷՔՍՏ – գրադարան, փողոց, կեսօր
ԱՆՁԻՆՔ՝ Հասմիկ, Վարդան, հարևանուհի

Հասմիկը լուռ քայլում է դատարկ գրադարանում, նորից նկատում է գիրքը, վերցնում է ու ծալապատիկ նստելով կարդում: Երեխան մոտենում է Հասմիկին, նայում նրան ու գրքին: Նկատելով նրան՝ Հասմիկը ժպտում է, բռնում է ձեռքն ու վազելով դուրս գալիս սենյակից: Նա պոկում է դռան վերևը կախված ցուցանակը ու վերցնում: Հասմիկն ու երեխան քայլում են գյուղամիջով: Գրադարանավարուհին տների առջև նստած պառավներին և նարդի խաղացող ծերունիներին գլխի թեթևակի շարժումով բարևում է: Հարևանուհին, տեսնելով նրան, արագ ընդառաջ է գալիս:

Հարևանուհի
Եկե՞լ ես Հասմիկ ջան… չտեսա՞ր Գուրգենիս:

Հասմիկը ձեռքը հոգնած թափ է տալիս և շարունակում է ճանապարհը: Նա երեխայի ականջին շշնջում է:

Հասմիկ
Ձեռքս էլ բաց չթողնես:

Հարևանուհի (հետ է շրջվում)
Բան ասեցի՞ր:

Հասմիկը թեթևակի ժպտում է ու գլուխը բացասական շարժում: Նա շարունակում է ճանապարհը՝ ավելի ամուր սեղմելով երեխայի ձեռքը:

ՏԵՍԱՐԱՆ 4-րդ

ԻՆՏ., ԷՔՍՏ.
– գրադարան, բակ, հյուրասենյակ, կեսօր
ԱՆՁԻՆՔ՝ Հասմիկ, Վարդան

Հասմիկն իր հյուրասենյակի գրապահարանը դատարկում է, տանում մյուս ազատ սենյակ: Ձեռքերի մեջ տեղավորելով գրքերի կույտ՝ քայլում է, բայց դրանք թափվում են: Հասմիկը կռանում է, որ վերցնի, տեսնում է անկյունում կանգնած երեխային:

Հասմիկ (ժպտում է)

Եկե՞լ ես, դե օգնի:
Գրադանավարուհին սրբում է գրքերը ու երբ սկսում է տեղավորել, երեխան տալիս է Չապլինի գիրքը: Դասավորելուց հետո դուրս են գալիս, Հասմիկը մի սանդուղք է դնում, բարձրանում ու դռան վրա փակցնում է իր հետ բերած ԳՐԱԴԱՐԱՆ ցուցատախտակը:

Հասմիկ (հրճվանքով նայելով պաստառին) Կենտրոնացում ու համալրում:

Հետո գրադարան ցուցատախտակի ուղղությամբ դնում է փայտե ցածր աթոռ ու վրան երկու լիմոն: Հարևանները անցնում դառնում են ու ցուցատախտակին նայելով ծիծաղում: Հասմիկը երեխայի թևից քաշում է ու ներս տանում:

Հասմիկ

Որ չտեսնեն…

Նրա համար թեյ է պատրաստում ու սեղանին դնում լիքը ափսե լիմոն: Երեխան մի քիչ ամաչելով խմում է թեյը:

Հասմիկ

Իմ աճեցրած լիմոններն են, եթե ուզենաս առավոտը ցույց կտամ քեզ:

Երեխան գլխով է անում, իսկ Հասմիկը մոտենում ու բռնում է ձեռքը:

Հասմիկ

Չասեցիր՝ ով ես դու:

Երեխան չի պատասխանում, ոտքի է կանգնում՝ կիսատ թողնելով թեյը: Հասմիկը հենց սենյակում բազմոցի վրա նրա համար անկողին է բացում ու օգնում հանել շորերը: Հետո շոյում է երեխայի՝ վերմակի տակից դուրս պրծած գլուխը ու օրորոցային երգում: Հենց քնում է, Հասմիկը, նայելով փակված աչքերին, կրկնում է հարցը:
Ո՞վ ես դու:

ՏԵՍԱՐԱՆ 5

ՖԼԵՇԲԵՔ ՂԱՐԱԲԱՂ

ԷՔՍՏ. – կամուրջ, առավոտ

ԱՆՁԻՆՔ՝ Հասմիկ, Վարդան, զինվորներ

Փայտե կամուրջի վրայով արագորեն անցնում են զենքերը ուսերին գցած զինվորներ: Երեխան կամուրջի մեջտեղում կանգնած խանգարում է նրանց: Խաղալիքը ձեռքում ամուր սեղմած ուշադիր նայում է անցնողներին: Երբ մի քանի կանանցից հետո անցնում է Հասմիկը, նրա հագուստից կառչում է, փաթաթվում ծնկին:

Հասմիկ

Ուզու՞մ ես անցնել, ծաղրածու:

Երեխան գլուխը բացասական շարժում է:

Հասմիկ

Բա մայրիկդ ու՞ր ա…

Երեխան մի վայրկյան քարանում է, հետո միանգամից լաց լինում: Հասմիկը փորձում է հանգստացնել նրան, բայց երեխան ձայնն ավելի է բարձրացնում, նա հունից ելնում է:

Հասմիկ

Գնա նրա մոտ կամ էլ ձեռքդ տուր:

Հասմիկը փորձում է բռնել երեխայի ձեռքը, բայց նա կառչում է կամուրջի ճաղերից:

ՏԵՍԱՐԱՆ 6-րդ

ԻՆՏ.,ԷՔՍՏ. – Հասմիկի տան ննջասենյակը, բակ, առավոտ

ԱՆՁԻՆՔ՝ Հասմիկ, Վարդան, աշակերտներ

Հասմիկը քնած է, երազ է տեսնում, դեմքը վախեցած է ու ամբողջովին քրտնած: Քնի մեջ լսվում են կանացի ձայներ . «կամուրջը, կամուրջը փլվեց… երեխեք, զինվորներ կային…»: Հասմիկը շնչակտուր արթնանում է ու շշնջում:

Հասմիկ

Չէ…

Շան հաչոցը նրան սթափեցնում է, արագ հագնվում է ու դուրս գալիս: Դռան դիմաց հավաքված աշակերտների մեծ խումբ ժպտալով մոտենում է Հասմիկին, ձեռքների տոպրակները մեկնում նրան: Շունը դադարում է հաչել:

Աշակերտներից մեկը

Ընկեր Հասմիկ, գուլպաներ ու սվիտրեր ենք բերել:

Հասմիկն առանց պատասանելու վերցնում է տոպրակները, սկսում է անտարբերությամբ նայել, հանկարծ նկատում է հագուստների վրա դրած գրքերը: Ժպտում է, վազելով գնում, բերում է մի մեծ արկղ, որի մեջ երեխաները գցում են գրքերն ու հեռանում: Հասմիկը մի պահ տարվում է գրքերով, հետո նրանց հետևից վազում է ու համբուրում: Ծիծաղելով հետ է դառնում, սկսում է քրքրել գրքերը:

Հասմիկ

Տես, տես … իսկական գրադարան կսարքենք:

Նայում է կողքն ու տեսնում, որ ոչ մեկը չկա: Նա արագ գնում է երեխայի սենյակը ու տեսնում նրա հավաքած անկողինը: Շնչակտուր սկսում է փնտրել տան մեջ ամեն տեղ, հետո դուրս է գալիս: Բակում շունը մոտենում է նրան, դնչով ոտքերին քսվում և հաչում հասկացնելով, որ իր հետևից գա: Նրանք հասնում են տան հետևի մասը, որտեղից երգի ձայն է լսվում: Հասմիկը աստիճաններով վազելով իջնում է նկուղ ու տեսնում երեխային. նա կանգնած է նկուղի կենտրոնում նեղ ու փոքր պատուհանից դուրս նայելով` երգում է Հասմիկի երգած օրորոցայինը: Հասմիկը վախեցած վազում է դեպի երեխան, գրկում նրան ու դուրս գալիս: Շունը, տեսնելով նրանց, սկսում է հաչել նորից: Հասմիկը շան առջև լափ է լցնում, հետո, տեսնելով երեխայի կոշիկի բաց կապերը` կռանում է ու կապում:

ՏԵՍԱՐԱՆ 7

ԷՔՍՏ. – լիմոնների ջերմոց, երեկո

ԱՆՁԻՆՔ՝ Հասմիկ, Վարդան,

Հասմիկն ու երեխան լիմոնների ջերմոցում աշխատում են, հավաքում են լիմոններ: Հասմիկը մի լիմոն տալիս է երեխային, մեկն էլ իրեն է վերցնում: Երեխան լիմոնն ուտում է դեմքը ծամածռելով, իսկ նա՝ հաճույքով:
Հասմիկ Գիտես ռադիո ունեմ (միացնում է ջերմոցի մի անկյունում դրված ռադիոն) Լիմոններս երաժշտություն շատ են սիրում: Պոեզիա էլ են սիրում: Մեկ-մեկ կարդում եմ, օրինակ Վարուժան:
Հասմիկն արտասանում է մի քիչ արտիստիկ, ձեռքերը լայն բացած, բայց շատ պարզ տոնով:

«Հովե՛ր կանցնին.-
Ու ցորյաններս հուշիկ-հուշիկ կարթննան.
Իրենց խորքեն կհոսի դող մ’անսահման:
Գեղադալար կողերն ի վար բլուրին
Ծովե՛ր կանցնին»:

Հազը նրան խանգարում է շարունակել, բայց նկատում է ներկած լիմոնը, սկսում ծիծաղել: Երեխան նրա շրթներկերով իր դեմքն էլ է ներկել ու լիմոնի վրա մարդու աչքեր, դեմք է նկարել: Հասմիկը սկսում է բարձր ծիծաղել, երբ տեսնում է իր շպարվելու պարագաները: Երեխային տանում է բաղնիք, լվանում դեմքը:
Հասմիկ (հայելու մեջ նրան նայելով)

Անունդ Արամ ա, չէ՞…

Երեխան գլուխը բացասական շարժում է:

Հա՞յկ, Վարդա՞ն….

Հասմիկը տեսնելով վերջին անվան ժամանակ երեխայի ժպիտը, ինքն էլ է ծիծաղում:

Վարդա՛նն ես:

Տղան ժպտում է, Հասմիկը շոյում է գլուխը, տեսնում, որ մազերը կեղտոտ են: Նա գլուխը թափ է տալիս: Թասով տաք ջուր է բերում, լվանում երեխայի գլուխը: Մնացած ջուրը թողնում է երեխային, դուրս գալիս: Երբ երեխան դուրս է գալիս, նոր շորեր է հագցնում, սանրում մազերը: Մտնում են հյուրասենյակ, Հասմիկը աթոռ է դնում ու պահարանի վերևից ալբոմներ է իջեցնում, սրբում փոշին: Հետո կողք կողքի նստում են բազմոցին, ծածկոցով փաթաթվում ու լուսանկարները թերթում: Հասմիկը ամեն լուսանկարի հետ պատմություն է պատմում:
Հասմիկ Իմ ծնողներն են… ես ծնված էլ չէի: Էս ես եմ քո տարիքում՝ ախպորս հետ, ինքը փայտփորիկ ա:
Երեխան հորանջում է, գլուխը դնում է Հասմիկը ծնկներին ու քնում: Իսկ նա ձեռքերի ափերը միացնում է իրար, շշուկով աղոթում:

Հասմիկ

Միշտ զարմացել եմ առավոտյան աղոթողների վրա: Տեր, քեզ կանչում եմ գիշերով, խավարի մեջ, որովհետև լույսի մեջ ներկայությունդ ակնհայտ է:

Մի քիչ էլ աղոթելուց հետո Հասմիկը նույնպես ննջում է:

ՏԵՍԱՐԱՆ 8

ԻՆՏ. – թոնրատուն, առավոտշ

ԱՆՁԻՆՔ՝ Հասմիկ, Վարդան

Հասմիկը մազերը հավաքել է, սպիտակ գոգնոց է կապել ու հաց է թխում: Նա խմորի գնդերն է հարթեցնում, իսկ Վարդանը ուշադրությամբ նայում է թոնրի կրակին` նոր թխված հացը խրթխրթացնելով: Հետո ուրախացնում է իր ձևերով, իբր ընկնում է կրակի մեջ ու մի կերպ փրկվում: Վերջում նրանք դուրս են գալիս թոնրատնից՝ ձեռքներում պահած նոր թխած լավաշները:

ՏԵՍԱՐԱՆ 9

ԻՆՏ., ԷՔՍՏ – բակ, կեսօր

ԱՆՁԻՆՔ՝ Հասմիկ, Վարդան,

Հասմիկը բակում իր կանաչ գույնի գորգն է լվանում: Ոտաբոբիկ է: Վարդանը խաղում է օճառի փրփուրների հետ, ուզում է ելնել գորգի վրա, բայց Հասմիկը հայացքով արգելում է: Վերջացնելուց հետո դժվարությամբ երկուսով գորգն արևի տակ են փռում: Հասմիկը սկսում է հազալ, հետո դող է ունենում ու գնում է իր սենյակ, պառկում: Երեխան անհանգստացած մտնում է խոհանոց, հին էլեկտրական վառարանը միացնում ու թեյնիկը դնում վրան, խոտաբույսեր լցնում: Թեյը տանում է նրա սենյակ մի չկտրած լիմոնի ու դանակի հետ:

Հասմիկ (խմելով թեյը)

Ախր հիվանդալու իրավունք չունեմ…մի քանի օրից էլի պիտի գնամ:

Վարդանը, տեսնելով կողքի սեղանիկին դրված գիրքը, վերցնում է, շոյում ու դնում թևի տակ:

Հասմիկ (գլուխը բարձրացնելով)

Դու սիրու՞մ ես գիրք:

Երեխան գլուխը դրական շարժում է ու ժպտում:

Հասմիկ (ծիծաղելով)

Չլինի՞ մայրդ գրադարանավարուհի էր…

Վարդանն հայացքը փախցնում է, աչքերը կախում է, արցունքներ են երևում աչքերում, իսկ Հասմիկը զարմացած նայում է նրան:

ՏԵՍԱՐԱՆ 10

ԻՆՏ.՝ գրադարան, կեսօր

ԱՆՁԻՆՔ՝ Հասմիկ, Վարդան,

Հասմիկը իր սենյակ-գրադարանը տեսքի է բերում՝ նորից գրքին վերաբերող պաստառներ փակցնելով, աշակերտների բերած գրքերը տեղավորելով: Իսկ Վարդանը նկարներով գիրք է թերթում:

Հասմիկ (մոտենալով Վարդանին)

Ուզու՞մ ես քեզ գրել սովորեցնեմ, որ անունդ գրես:

Հասմիկը արագ թղթեր ու գրիչներ է բերում, սկսում գրել սովորեցնել երեխային, ով մի քանի անգամ արտագրում է «ա» տառը: Նրանք կիսատ են թողնում դասը՝ դռան թակոցը լսելուն պես:

Հասմիկ (ոգևորված)

Առաջին ընթերցողը…

Վազելով գնում է ու դուռը բացում, իսկ երեխան սեղանի տակ է թաքնվում: Հասմիկը հուսախաբվում է՝ Առաջին տեսարանում իրեն մոտեցած հարևանուհուն տեսնելով:

Հարևանուհի

Բարև Հասմիկ ջան, հանգստացա՞ր:

Հասմիկը ձեռքով կանչում է նրան գրադարան: Նրանք նստում են սենյակում եղած երկու աթոռների վրա և զրուցում:

Հասմիկ

Ախր, Աննա ջան, Մարտակերտում ինչքան գյուղ կա, եղել եմ, չեմ տեսել Գուրգենին:

Հարևանուհին ձեռքը թափ է տալիս ու դուրս գալիս, բայց դռանը չհասած հետ է դառնում:

Հարևանուհի

Մոռացա (ձեռքի տոպրակը տալով Հասմիկին) էս անգամ իմ գործած գուլպաներն էլ եմ դրել:

Հասմիկը տոպրակը դնում է սեղանին, իսկ ինքը գրադարանից մի գիրք է վերցնում ու տալիս կնոջը: Նա մի պահ տատանվում է, բայց հետո վերցնում է ու դուրս գալիս:

Հասմիկ (գոռում է)

Մի շաբաթից էլի գնալու եմ, կգտնեմ…

Հետո մոտենում է սեղանին ու մատյանի նման մի տետրում գրում առաջին ընթերցողի անունը: Հանկարծ ոտքով դիպչում է սեղանի տակ թաքնված երեխային, սկզբում զարմանում, հետո ծիծաղում է:

Հասմիկ

Պստիկ գիժ, հենց հիմա գնում ենք ամբողջ գյուղը ոտատակ տանք:

Երեխան ծիծաղելով փախչում է նրանից ու թաքնվում գրադարանի շարքերում: Հասմիկը վազում է նրա հետևից դանդաղ, իբր չի կարողանում բռնել:

ՏԵՍԱՐԱՆ 11

ԷՔՍՏ. – գյուղամեջ, կեսօր

ԱՆՁԻՆՔ՝ Հասմիկ, Վարդան

Հասմիկն ու երեխան քայլում են գյուղով: Գրադարանավարուհու ձեռքին կան մրգեր ու մի գիրք, իսկ երեխայի՝ գունավոր թղթեր: Նրանք հասնում են ձորը, ու դրա մեջ փռված գետի մոտ սավան գցում ու նստում: Հասմիկը փորձում է գիրքը կարդալ, բայց գետի աղմուկը խանգարում է նրան: Իսկ Վարդանը գունավոր թղթերով նավակներ է պատրաստում: Սկզբում մենակ է խաղում, հետո Հասմիկին էլ է զբաղեցնում դրանով: Ամեն մեկն իր նավակն է պատրաստում, գցում գետը և դրանց ընթացքին հետևելով քայլում:

Հասմիկ

Դու ես հաղթում, դու ես հաղթում….

Այդ ժամանակ մի հորթ արածելով մոտենում է նրանց: Հասմիկը վախենում է, բռնում երեխայի ձեռքից: Նրանք ծիծաղելով վազում են, հասնում մի կամուրջի: Վարդանը վախեցած հետ է քաշվում, չի ուզում անցնել: Իսկ Հասմիկը բռնում է նրա ձեռքից, անցկացնում:

Հասմիկ

Էս անգամ կգաս հետս:

Վարդանն անցնելուց հետո է միայն շունչ քաշում, հանգստանում: Նա հանկարծ նկատում է ընկուզենու չորացած շիվ, թևով բզում կողքերն ուշադրություն չդարձնող Հասմիկին: Նա մի քանի վայրկյան նայում է ծառին և չի իմանում՝ ինչ անել: Հետո արագ-արագ մրգերի թասից մրգերը թափում է գետին, վազելով գետից մի քանի անգամ ջուր է բերում, տալիս է Վարդանին, որ լցնի բնին:

ՏԵՍԱՐԱՆ 12

ԻՆՏ. – տան հյուրասենյակը

ԱՆՁԻՆՔ՝ Հասմիկ, Վարդան

Հասմիկն ու երեխան ժպտալով մտնում են տուն, հոգնած նստում բազմոցին: Թողնելով երեխային հյուրասենյակում, Հասմիկը գնում է խոհանոց ու ջուր խմում: Մի բաժակ ջուր վերցրած վերադառնում է, տեսնում, որ տղան չկա: Հասմիկը արագորեն ու անհանգստացած ստուգում է բոլոր սենյակները: Վերջում մտնում է գրադարան, սկսում գործ անել, դողացող ձեռքերով թղթերի մեջ բան է լրացնում, բայց երեխան նրան է մոտենում, ուսին թույլ հպվում: Հենց Հասմիկը շրջվում է, նա մատով քթի հետ է խաղում, հետո բերանը ձգելով ժպիտ է սարքում, մինչև Հասմիկն իրոք ծիծաղում է:

Հասմիկ (մի քիչ շփոթված)

Հոգնե՞լ ես: Գնու՞մ ես…

Վարդանը գլուխը կախում է ու իր նկարած լիմոնը մեկնում է Հասմիկին, իսկ նա շարքերից հանում է Չապլինի ինքնակենսագրական գիրքն ու դնում երեխայի ձեռքերի մեջ: Ընթացքում նկատում է նրա կոշիկի արձակված կապերն ու թույլ ժպտալով կապում դրանք:

ՏԵՍԱՐԱՆ 13

ԻՆՏ., ԷՔՍՏ – բակ, նկուղ, կեսօր

ԱՆՁԻՆՔ՝ Հասմիկ, Վարդան

Հասմիկը պահածոներ ու կոմպոտներ է իջեցնում նկուղ: Դրանք տեղավորելիս հանկարծ նկատում է անկյունում կանգնած երեխային: Ձեռքերով աչքերը փակում ու բացում է, տեսնում՝ անհետացել է: Այս պահին մի մուկ հպվում է ոտքերին, Հասմիկը սկսում է բարձր ծիծաղել, կենդանին փախչում է: Հանկարծ Հասմիկի աչքով ընկնում է Վարդանի նկարած լիմոնը: Մի քանի վայրկյան լիմոնին նայելուց հետո նա ջրցանում է հատակը, ավլում ու մաքրում նկուղը, ամեն կողմ թափված բանկաները ու գործիքները դասավորում: Այս ամենն անում է քթի տակ երգելով: Վերջում բացում է նկուղի դուռը, արևի շողերը մտնում են ներս: Հասմիկը հենց աստիճաններին նստում է ու վերև նայելով՝ ժպտում արևին:

ՏԵՍԱՐԱՆ 14

6-7 ՏԱՐԻ ԱՆՑ

ԷՔՍՏ. – գյուղի գետափը, ձորաբերան, երեկո

ԱՆՁԻՆՔ՝ Հասմիկ, աշակերտներ

Հինգ աշակերտներ՝ երկուսը տղա, երեքը աղջիկ, խոտերի վրա նստած զրուցում են: Նրանք սպիտակ շապիկներ են հագել, ձեռքների մեջ բռնել են տետր ու գրիչ:

Աշակերտ1-ին (շշուկով)

Երեխեք, գիտեք…

Հետաքրքրված աշակերտները ավելի են մոտենում պատմողին, աչքերը խոշորացնելով՝ լսում:

Ոչ մեկին չի թողնում նկուղ մտնել…

Աշակերտ 2-րդ

Ինքն իրեն խոսում ա նկուղում…

Աշակերտ 3-րդ

Ի՞նչ գիտես ինքն իր հետ ա խոսում:

Աշակերտ 4-րդ

Բա ու՞մ հետ պետք ա խոսի:

Աշակերտ 1-ին

Ի՞նչ իմանաս, կարող ա՝ մեկին թաքցնում ա…

Աշակերտ 1-ինը չի հասցնում խոսքն ավարտել, Հասմիկն է մոտենում: Ընկերները ձեռքով հասկացնում են, որ լռի: Հասմիկը միանգամից անցնում է գործի:

Հասմիկ

Բարև երեխեք, բացեք տետրերը, էս անգամ մեր թեման Գրիգոր Զոհրապ, չէ՞: Ուրեմն մեծ հաջողություններ ունեցած իրավաբան, թուրքական մեջլիսի պատգամավոր ու միաժամանակ հայ արձակի, նովելի ժանրի…

Աշակերտ 2-րդ (հորանջելով)

Հասմիկ, լավ էլի…էսօր երկու ստուգողական ենք գրել, էնքան հոգնած ենք, կլինի՞ ուրիշ բան անենք:

Աշակերտ 2-րդը ցույց է տալիս թանաքոտված ձեռքերը:

Հասմիկ

Պիտի բուհ ընդունվեք, թե՞ չէ: (նայելով երեխաների հոգնած դեմքերին) Լավ, պայմանը լսեք՝ ով որ մինչև վաղը 70 էջ կարդա…Երևան եմ տանում:

Երեխաները ուրախանում են, գնդակ են բերում, երկու մեծ քարեր հեռավորության վրա դնելով՝ դարպասներ են սարքում ու սկսում են ֆուտբոլ խաղալ: Գնդակը երկու թիմի խաղացողներից ում մոտ էլ ընկնում է, Հասմիկը բռունցքը մի փոքր վեր բարձրացնելով, ոգևորված, բայց առանց ձայնի երկրպագում է: Աշակերտ 1-ինը խաղալու ընթացքում գնդակով առաջ գնալով՝ գոռում է Հասմիկին:

Աշակերտ 1-ին

Ու՞ր ենք գնալու…

Հասմիկ

Կրկես:

Հասմիկը թույլ շշնջում է, բայց երեխաները չեն լսում, քանի որ Աշակերտ 1-ինը գոլ է խփում:

ՏԵՍԱՐԱՆ 15

Մի քանի ամիս անց: Ձմեռ:

ԷՔՍՏ – բակ, նկուղ, երեկո

ԱՆՁԻՆՔ՝ Հասմիկ, հարևանուհի,երեխաներ

Հասմիկը իր տնից դուրս է գալիս գլխարկով ու շարֆով: Շունը դանդաղ մոտենում է, նա մի կտոր հաց է գցում ձյան մեջ: Շունը դնչով փորփրում է ձյունը, գտնում ու ուտում հացը: Հետո երկուսն էլ գնում են դեպի ձնեմարդ պատրաստող երեխաները, Հասմիկն օգնում է նրանց՝ երգելով «Երնեկ թե այս նոր տարին»: Սկսում են ձնագնդիկ խաղալ, բոլորը Հասմիկին են խփում, նա էլ՝ երեխաներին: Շունը հաչում է իրենց կողքով անցնող հարևանուհու վրա:

Հարևանուհի

Այ շուն, որ եկա էս գյուղ, արդեն կայիր, բայց էսքան ժամանակում ինձ չսովորեցիր: (Հասմիկին՝ լուրջ) Ինձ լիմոն կտա՞ս: Չլինի, որ Գուրգենը գա ու լիմոն չունենամ:

Հասմիկն շշմում է ու զարմացած նայում է հարևանուհուն:

Հարևանուհի

Ի՞նչ… մրսած կլինի, լիմոնով չայ կխմի:

Հասմիկ (կամաց)

Կտամ…

Երեխաները սկսում են նրանց ձնագնդիկներով հարվածել ու չի լսվում Հասմիկի խոսքը:

Մրսած կլինի:

ՏԵՍԱՐԱՆ 16

ԻՆՏ., ԷՔՍՏ – նկուղ, կեսօր

ԱՆՁ՝ Հասմիկ

Հասմիկն իջնում է նկուղ ու դռան շեմին բացիկ է տեսնում, վրան սև մատիտով նկարած է կինը, ով երեխայի ձեռքը բռնած քայլում է: Գրադարանավարուհին երեխայի պես ուրախանալով հենց դրսում պատռում ու կարդում է. «Այս տարի ուզում եմ ոչ թե Ձմեռ պապին, այլ մաման ինձ նվերներ անի: Կօգնես չէ՞ ինձ… »: Կարդալուց հետո մտնում է տուն, դնում մի տուփի մեջ, որտեղ նույն տիպի մի քանի բացիկներ կան: Հետո Նոր տարվա պատրաստություն է տեսնում: Հյուրասենյակում մի հին տոնածառ է դնում, սեղանին ամանօրյա սփռոց, իսկ պատուհանների վրա փաթիլներ է կպցնում: Տոնածառի տակ տեղավորում է երկու մեծ ու փոքր տիկնիկներ: Իսկ սեղանին դնում է երկուական ափսե ու բաժակ, ուտելիքներ: Գինի խմելով հեռուստացույց է նայում: Տասներկուսի զանգերը հնչելուց առաջ, հենց սեղանի վրա գլուխը դրած քնում է:

ՏԵՍԱՐԱՆ 17

ԷՔՍՏ., ԻՆՏ. – Երևանի փողոցներում, կրկես, երեկո

ԱՆՁԻՆՔ՝ Հասմիկ, աշակերտներ, Վարդան, հսկիչ

Հասմիկն աշակերտների հետ քայլում է քաղաքի փողոցներով: Նրանք նախ գետնանցում են մտնում, ապա նաև գրախանութ, որտեղից Հասմիկը մի քանի գրքեր է գնում: Հետո մտնում են Պոնչիկանոց, երեխաները պոնչիկ են ուտում ու հյութ խմում, իսկ Հասմիկը՝ թեյ: Դրանից հետո նրանք կրկեսի շենքի դիմաց մի խումբ մարդկանց հետ սպասում են ներկայացմանը՝ ձեռքներում տոմսերը պահած: Մի քանի մարդ ծախում են փուչիկներ, գլխարկներ ու լույսեր: Հասմիկը մոտենում է վաճառող տղային, ով ծաղրածուի քիթ ու պարիկ է դրել: Նա գումար է մեկնում, փուչիկներ վերցնելիս ձեռքը դիպչում է նրա ձեռքին: Ծանոթ բան զգալով՝ ուշադիր նայում է տղայի դեմքին. մոտենում է, գլխից հանում պարիկն ու քիթը, տեսնում Վարդանին: Հավաքված մարդիկ, այդ թվում աշակերտները մտնում են շենքի ներս, իսկ Հասմիկն ու Վարդանը աստիճաններին նստած զրուցում են: Վարդանի ձեռքերն իր ձեռքերի ափերով տաքացնում է:

Հասմիկ

Ինչ սառն են...(ծիծաղում է) իսկ ախպորս ձեռքերը, որ սառույցի մեջ էլ դնես, միշտ տաք են:

Վարդանը վերև է նայում ու ժպտում Ենգիբարյանի արձանին:

Հասմիկ

Ուշ գլխի ընկա, որ կրկեսում կլինես:

Վարդանը քաշելով Հասմիկի ձեռքից առաջանում է դեպի կրկեսի մուտքը:

Հասմիկ

Բա տոմս ունե՞ս:

Վարդանը ժպտալով շրջվում է դեպի Հասմիկը և ցույց տալիս թղթի մի կտոր:

Բայց էդ տոմս չի…

Վարդանը Հասմիկի ձեռքից խլում է տոմսը և իր թղթի կտորի հետ տալիս հսկիչին: Հսկիչը նրանց ներս է թողնում:

ՏԵՍԱՐԱՆ 18

ԻՆՏ., – գրադարան, կեսօր

ԱՆՁԻՆՔ՝ Հասմիկ, աշակերտուհի

Հասմիկը գլուխը դրած գրքի վրա ննջում է: Այդ պահին ներս է մտնում Տեսարան 13-ի աշակերտուհիներից մեկը ձեռքին գիրք: Նա մոտենում է գրադարանավարուհուն ու ձեռքով թույլ հպվում ուսին: Հասմիկն վախեցած արթնանում է, կողքի բաժակին է կպչում ու մի քիչ թեյ է թափում գրքի վրա: Նա անհանգստացած թաշկինակ է հանում ու չորացնում:

Աշակերտուհի (ձեռքի գիրքը մեկնելով)

Վայ, կներեք …

Հասմիկը հորանջելով վերցնում է գիրքը, բայց գրանցելիս նկատում է, որ առաջին էջը պատռված է:

Հասմիկ (բարկացած)

Ի՞նչ ձև ես վարվել գրքի հետ, Անի:

Աշակերտուհի (մի քիչ վախեցած)

Փոքր ախպերս ուզում էր թերթերով նավակ սարքել, որ օվկիանոս հասնի:

Հասմիկ (բարձր ծիծաղում է)

Այ քեզ ծովահեն… լավ, մենք հո գիտենք ինչ ենք անելու:

Գրադարանավարուհին սեղանի դարակից հանում է սոսինձ, ասեղ ու թել: Աղջիկը օգնում է նրան գիրքը կարել:

Հասմիկ

Կրկեսը սիրեցի՞ք:

Աշակերտուհի

Հա, հա…մի բան հարցնեմ էլի, ոնց ֆոկուսնիկը սովորական թուղթը տոմս սարքե՞ց:

Հասմիկը զարմացած նայում է, թոթվում ուսերը, իսկ աղջիկա ուշադրությունը գրքերի շարքերն են գրավում:

Աշակերտուհի

Քանի՞ գիրք կա ձեր տունը:

Հասմիկ

Գրադարանում, Անի, գրադարանում, համ էլ իմացի՝ գրքերը չեն հաշվում: Ես գիտեմ, որ քիչ ա, բայց պատկերացնում եմ ահագին մեծ թիվ: Ու ինչ-որ մի անհետաքրքիր թիվ պիտի փչացնի՞ առեղծվածը…չէ՛:

Հասմիկը վերջացնում է գիրքը վերանորոգելը ու տալիս է աղջկան: Նա վերցնում է, մի պահ տատանվում է, հետո մոտենում է շարքերին ու առաջին շարքի մեջ էլ տեղավորում: Այս ամենին հետևող Հասմիկը ծիծաղում է:

Հասմիկ

Չէ, չեղավ, վերևում ազատ տեղ կա, էդ գրիք տունն ա:

Հասմիկը մոտենում է, վերցնում է ձեռքից ու դնում ազատ տեղում:

Ուրիշ գիրք պե՞տք ա:

Աշակերտուհի (կմկմալով)

Գ՞իրք…չէ, չէ, պետք չի:

Հասմիկ

Կարդալու ժամանակ էլ չայ չեմ խմի: (ծիծաղում է) Սպասի մաքրեմ, տամ:

Հասմիկը մաքրում է իր սեղանին դրված գիրքը, վերացնում հետքն ու տալիս աղջկան. նա տատանվելով վերցնում է:

Աշակերտուհի (կամաց)

Չգիտեմ՝ կկարդամ, թե չէ:

Հասմիկը սա չի լսում, նայում է ժամացույցին, շտապ վեր է կենում ու աղջկա ձեռիքց քաշելով դուրս գալիս գրադարանից: Տեսնում է աղջկա՝ դռնից դուրս գալն ու վազում հյուրասենյակ: Աղջիկը պատուհանից թաքուն նայում է, թե ինչպես գրադարանավարուհին սեղանին արևածաղիկ է դնում, միացնում հեռուստացույցը ու ֆուտբոլ նայում՝ Ազգային հավաքականի խաղը: Նա գալիս է վարագույրները քաշելու ու նկատում է աղջկան:

Հասմիկ

Դու՞…ինչի՞ չես գնացել :

Աշակերտուհի Ուզում էի իմանալ, ըըը…

Բարսա՞ եք սիրում, թե՞ Ռեալ:

Հասմիկը մի պահ չի հասկանում, հետո սկսում է ուժեղ ծիծաղել՝ ցույց տալով պատի վրա կախված Բարսելոնա թիմի պլակատը: Հետո նկատելով աղջկա սպասողական հայացքը, աղջկա թևից քաշում է ներս:

Հասմիկ

Կմրսես, արի:

Նրանք միասին նայում են խաղը, ակտիվ երկրպագում: Վերջում ուրախ «թխում են», փաթաթվում իրար: Աղջիկը լիմոններով տոպրակը ձեռքին դուրս է գալիս՝ սեղանին մոռանալով գիրքը: Հասմիկը գլուխը թափ է տալիս, հասնում է աղջկան ու գիրքը դնում լիմոնների կողքին:

ՏԵՍԱՐԱՆ 19

Մի քանի ամիս անց: Ամառ:

ԻՆՏ., ԷՔՍՏ – Հասմիկ տունը, բակ, գիշեր:

ԱՆՁԻՆՔ՝ Հասմիկ, Տիգրան, Արթուր

Ննջասենյակի լույսը վառ է, պատուհանը՝ բաց: Հասմիկը հագուստով պառկած է հավաքած անկողնու վրա ու դեմքով դեպի պատուհանը կարդում է: Գրքի վերջին էջն է, նա կարդում է դանդաղ, հայացքը նորից էջի սկիզբն է տանում ու նորից: Իսկ հենց վերջացնում է, փակում է վերջին էջը, բայց գիրքը ձեռքից բաց չի թողնում: Գլուխը պտտվում է, նստում է: Լսում են դռան ուժեղ թակոցները, իսկ նրա հայացքը գրքին է ու դեռ չի զգում շրջապատը,: Զգալուն պես վախեցած դուրս է վազում սենյակից, մոտենում է դռանը, լսում է դրսից եկող շշուկը:

Տիգրան

Դու երեխա ժամանակիդ պես լույսը վառ ես քնու՞մ:

Հասմիկը ուրախությունից կորցնում է իրեն, արագ բացում է դուռը: Ներս է մտնում եղբայրը՝ ձեռքին մի փոքր ճամպրուկ: Հասմիկը մի քանի վայրկյան ժպիտով նայում է նրա դեմքին ու փաթաթվում:

Հասմիկ

Ախպեր…

Տիգրան

Սենտիմենտալիզմին վերջ…սոված եմ:

Հասմիկն արագ-արագ սեղանին լցնում է տնական ուտելիքներով , հանքային շշի տարայով գինի է բերում ու եղբորն աչքով անում: Հետո նստում են սեղան, քիչ ուտում ու խմում:

Տիգրան

Ինչի՞ չէիր լսում, որ դուռը խփում էի:

Հասմիկ

Դե…վեպն էի վերջացնում: (ժպտալով) Թակարդ ա, պիտի նորը սկսեմ, որ ազդեցությունից դուրս գամ:

Տիգրանը ուշադրություն չի դարձնում, հայացքով տունն է զննում:

Տիգրան

Հաս, առավոտը գնանք մերոնց գերեզմանին:

Հասմիկը հայացքը փախցնում է, գինու բաժակն է վերցնում ու խմում: Տիգրանն աչքերը հառում է քրոջ վրա:
Հ

ասմիկ
Վախենում եմ:

Տիգրան (գոռում է)

Հասմիկ, ամբողջ կյանքումդ էրեխա մնացիր էլի:

Հասմիկ

Իսկ քո կյանքը դատարկ ա:(ծիծաղում է) Ոնց որ քոնը…

Հասմիկ (կամաց՝ կարծես գաղտնիք է ասում)

Ամուսնանալը նկատի ունե՞ս… հասկացի՝ ինչքան սերեր, ատելություններ, վախեր կան ապրել եմ: Դարձել եմ քսաներեք տարեկան ջահել տղա, պառավ եմ սպանել , բայց փրկել եմ հոգիս, անընդհատ ընկել ու բարձրացել եմ, Ֆրեզնոյի փողոցներում նարիջներ եմ ծախել ու էլի էնքան …

Տիգրան

Դու ցնդե՞լ ես ոնց որ, քուրիկս:

Հասմիկ

Գինուց ա…չնայած, ով իմանա:

Երկուսն էլ ծիծաղում են, Հասմիկը այդպես դուրս է գալիս սենյակից ու լրջանում: Հասնում է տան ետևի բակ, ցանկապատի մոտ կանգնած ձայն է տալիս:

Հասմիկ

Արթուր…

Դուրս է գալիս մի տարիքով տղամարդ՝ գլուխը քորելով:

Արթուր

Ի՞նչ ա եղել գիշերով, հարևան:

Հասմիկ

Կգնա՞ս մերոնց գերեզմանի խոտեր-մոտերը մաքրես:

Հարևանն արթնանում է քնից, աչքերը չռում:

Հասմիկ

Առավոտ շուտ:

Հասմիկը, տեսնելով նրա տարակուսած դեմքը, գրպանից փող է հանում, դնում բռան մեջ ու վազում տուն: Նա լուրջ հայացքով մտնում է ներս, նստում է բազմոցին փռված եղբոր կողքին, ով ֆուտբոլ է նայում: Խոհանոցից եռացող ջրի ձայն է գալիս. Տիգրանը խփում է Հասմիկի ուսին՝ մատով ցույց տալով խոհանոցը: Հասմիկը սթափվում է, արագ գնում խոհանոց, երկու բաժակ թեյ ու լիքը ափսե կտրտած լիմոն է բերում:

ՏԵՍԱՐԱՆ 20

ԻՆՏ., ԷՔՍՏ – Հասմիկի տան հյուրասենյակը, կեսօր

ԱՆՁԻՆՔ՝ Հասմիկ, Տիգրան

Նա մի քիչ դժգոհությամբ ու ձեռքը մեջքին դրած ավլում է: Տիգրանը մտնում է ներս լուրջ դեմքով:
Հասմիկ (ժպտալով)

Տան գործն էլ գրքերի պես վերջ չունի:

Եղբայրը լուրջ դեմքով գրպանից հանում է խունկն ու դնում սեղանին:

Տիգրան

Պետք կգա:

Այդ պահին տեսնելով սեղանին դրված մրգերը՝ խնձոր է վերցնում:

Հասմիկ

Նրանց հիշելու համար ուղղակի վերև եմ նայում: (առանց շրջվելու և տեսնելու) Գերեզմանոցից հետո ձեռքերը լվանում են:

Եղբայրը հեգնական ժպիտով նայում է Հասմիկին ու դուրս գալիս, իսկ Հասմիկը շարունակում է ավլել:

Տիգրան (գլուխը մտցնելով սենյակ)

Իջնեմ պադվալ, կամպոտ բերեմ…

Հասմիկ (վախեցած ճչում է)

Չէ…ես կբերեմ:

Հասմիկը ավելը գցում է սենյակի մեջտեղում ու դուրս վազում: Եղբայրը զարմացած նայում է նրա հետևից, հետո նստում բազմոցին: Մի քանի վայրկյան անց Հասմիկը բերում է ծիրանի կոմպոտը ու լցնում բաժակների մեջ: Տեսնելով եղբոր ցրված հայացքը՝ նա մոտենում է, եղբոր ձեռքերն իր ափի մեջ է առնում:

Հասմիկ

Ձեռքերս սառել էին… (նայելով եղբոր ձեռքերին ) բայց ինչքան կոշտացել են:

Տիգրանը ձեռքերը հետ է քաշում, միացնում հեռուստացույցը ու ֆուտբոլ նայում:

Հասմիկ

Չէ, մի նեղացի, ոչ մի գաղտնիք չկա: Մի անգամ ասել եմ երեխու մասին, որ փրկել էի: Կրկեսում նորից տեսա…պատկերացնում ես, ամեն ինչից խռովել էր ու փախել կրկես:

Տիգրանը մի պահ հայացքը կտրում է ֆուտբոլից ու նայում քրոջը, ով դուրս նայելով ոգևորված պատմում է:

ՏԵՍԱՐԱՆ 21

ՖԼԵՇԲԵՔ

ԻՆՏ. –Կրկեսի շենքի ներսում,ավտոբուսի մեջ, կեսօր

ԱՆՁԻՆՔ՝ Հասմիկ, Վարդան

Հասմիկը բացում է սենյակները, ներողություն խնդրում արտիստներից ու փակում: Մտնում է կենդանիների սենյակը, որոնք, անծանոթներին տեսնելով, աղմկում են: Հասնում է պահեստի նման մի սենյակի, որտեղ հին ապրանքներ են, Ենգիբարյանի ու մյուս արտիստների նկարները: Երեխան քնած է նկարների տակ, վրան մի մաշված բաճկոն քաշած: Հասմիկը մոտենում է ու արթնացնում: Նա առաջին վայրկյանին թույլ ժպտում է, հետո նորից մռայլվում:

Հասմիկ

Ախպերիկս, դե հիմա ասա, ինչի՞ ես նեղացել, ումի՞ց:

Հասմիկնուզում է փաթաթվել, բայց տղան հրում է:

Հասմիկ

Երկու օրով իմ տուն կգաս, հը՞ն:

Հասմիկն ու երեխան գյուղական հին պազիկի մեջ են: Վարդանը վարագույրը բռնելով նայում է դրսի տեսարանները, իսկ Հասմիկը ոտքերին դրած դպրոցական ուսապայուսակը կիսաքուն ժպտում է:

ՏԵՍԱՐԱՆ 22

ԻՆՏ., ԷՔՍՏ –Հասմիկի տունը, բակ, գիշեր

ԱՆՁԻՆՔ՝ Հասմիկ, Վարդան

Հասմիկը Վարդանի սենյակում սեղանի շուրջ նստած դաս է սովորեցնում, բայց նա հորանջում է ու չի կարողանում լսել: Հասմիկը փակում է գիրքը:

Հասմիկ

Լավ, թող մնա…լսի գիրքը մի հատ սովորություն ունի, եթե բարձի տակ ես դնում, տողերը միանգամից մտնում են ուղեղիդ մեջ, լցվում են (ձեռքերն օդի մեջ տարածելով մոտեցնում է գլխին) այ սենց…

Վարդանը ծիծաղում է, Հասմիկը համբուրում է նրա ճակատը, անջատում է լույսը ու գնում: Վարդանը պառկում է, գիրքը դնում բարձի տակ: Նա չի կարողանում քնել, շուռումուռ գալուց հետո, նայում է պատուհանից դուրս, վերմակը քաշում է գլուխը, հետո վառում է լույսը ու նստում: Մի քանի վայրկյան անց հողաթափերը հագնում է, կամաց քայլերով դուրս է գալիս սենյակից: Նա մոտենում է Հասմիկի սենյակին, մի փոքր բացում դուռը, տեսնում, որ սեղանի առջև նստած գրում է: Հասմիկը, նկատելով նրան, արագ թողնում է գրելը ու լուռ հետևում է Վարդանին: Վարդանը գրքերն է ուսումնասիրում. մի շարքի վրա նայելիս ծանոթ բան է զգում, վերցնում է գրքերն ու թերթում: Նա մոտենում է Հասմիկին դրանցից մեկը ձեռքում պահած: Հասմիկը փախցնում է հայացքը, Վարդանը թևից ուժեղ քաշում է:

Հասմիկ

Չէ, չէ չեմ գողացել…տեր չունեին:

Վարդանը պինդ սեղմում է գիրքը ձեռքը, հատակին նստում ու տխուր թերթում գիրքը: Հասմիկն էլ է գալիս, ծալապատիկ նստում նրա կողքին ու շոյում գլուխը:

Հասմիկ

Մտածում ես՝ ինչի դասարանցիներիդ նման սովորական ընտանիք չունես, ես էլ եմ անսովոր, որ մենակ եմ: Գիտե՞ս, որ կարդում ես, ուրեմն կաս, մեծ ընտանիք ունես: Հը՞ն:

Վարդանը լավ չի հասկանում, բայց գլուխը տմտմբացնում է: Հասմիկը մի պահ զարմացած նայում է տղային:

Հասմիկ (ձեռքի ափերն իրար զարկելով)

Բայց միտք տվեցիր…եթե աթոռ ու սեղան դնենք, կարդալու ամենալավ տեղը կդառնա:

Նրանք արագ մյուս սենյակներից երկու սեղան ու աթոռ են բերում, տեղավորում գրադարանում: Հետո դուրս են գալիս. Վարդանը պահում է լամպը, իսկ Հասմիկը աստիճաններով բարձրանում է, ԳՐԱԴԱՐԱՆ ցուցանակի կողքին մեխերով ամրացնում է ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀ-ը: Նրանք ժպտալով նայում են պաստառին, բայց ծեր ու հոգնած շունը այդ պահին կաղկանձելով մոտենում է նրանց ու փռվում գետնին: Վարդանը մի քիչ հեռվից վախեցած նայում է, Հասմիկը մի կլոր թասով ջուր է բերում, բայց հասկանում է, որ անիմաստ է ու չի տալիս:

ՏԵՍԱՐԱՆ 23

ԷՔՍՏ – գյուղի փողոցներ,երեկո

ԱՆՁԻՆՔ՝ Հասմիկ, Տիգրան

Հասմիկն ու Տիգրանը քայլում են գյուղամիջով: Փողոցներում հիմնականում ամայություն է: Մենակ երեխաներն են աղմկելով պահմտոցի խաղում:

Հասմիկ

Հիմա իմ գրադարանում էրեխեքը կարդում էլ են, ոչինչ որ տունն աթոռ չի մնացել:

Հասմիկի ուշադրությունը գրավում է Գյուղապետարանի շենքը: Եղբայրը կամաց բզում է թևին՝ ցույց տալով շենքի դիմացի «բեսեդկայում» նստած երեք պապիկներին ու կնոջը, որոնք բլոտ են խաղում: Կինը խաղում է ծխելով: Երկուսն էլ ժպտալով բարևում են խմբին ու հետ դառնում:

Հասմիկ (կամացուկ ծիծաղում է)

Գարնան գալը նրանցով իմացա:

Տիգրան

Բա կրկեսն ու էրեխեն ի՞նչ եղան:

Նրանք հասնում են տան դարպասների մոտ ու խոսելով ներս մտնում:

Հասմիկ

Մտածում եմ, չկա մեկը՝ Չապլինին տեսած լինի ու չերազի ծաղրածու դառնալու մասին…

ՏԵՍԱՐԱՆ 24

ՖԼԵՇԲԵՔ

ԻՆՏ. – Հասմիկի տան հյուրասենյակը

ԱՆՁԻՆՔ՝ Վարդան, Հասմիկ

Հասմիկի տունը: Հյուրասենյակում երեխան հեռուստացույցի ալիքներն է փոխում, կանգ է առնում Չապլինի «Ոսկու տենդի վրա» ու հիացած նայում: Նա տեսնում է սեղանին դրված լիմոնները, մտցնում մատիտների մեջ ու Չապլինի «կարկանդակներով» հնարքն է փորձում: Հասմիկը թեյնիկը ձեռքին մտնում է ներս ու զարմացած նայում երեխային: Նա թեյնիկը սեղանին է դնում, սկսում ուղղումներ անել, Վարդանը լայն ժպիտով փորձում է լիմոններով հնարքը մի քանի անգամ:

ՏԵՍԱՐԱՆ 25

ԻՆՏ. – Կրկես, կեսօր:

ԱՆՁԻՆՔ՝ Վարդան, ընկերներ, տնօրեն

Կրկես: Վարդանը մի քանի ընկերների հետ դեկորներ է տանում: Նա ծիծաղեցնում է ընկերներին. իրբ դրանք շատ ծանր են, կամ ընկնում են ձեռքին ու ջարդվում: Տնօրենը հեռվից ուշադիր նայում է Վարդանին, վերջում ձեռքով կանչում է իր մոտ:

ՏԵՍԱՐԱՆ 26

ԻՆՏ. – Կրկես, կեսօր:

ԱՆՁԻՆՔ՝ Վարդան, Հասմիկ, տնօրեն, արտիստներ

Ամբողջ արենան լցված է պարապող խմբերով: Տնօրենը միայն տղայի հետ է աշխատում ու տալիս հանձնարարություն գնդակները գցել ու բռնել: Հասմիկը առաջին շարքում նստած ուշադիր հետևում է տղային: Լարված տղան չի կարողանում հնարքն անել, գնդակները ձեռքից ընկնում են, տնօրենը գոռում է վրան:

Տնօրեն

Խելքի արի,այ…

Նա ուզում է ապտակել, բայց տղան հետ է քաշվում, ընկնում է ու քիթը քերծում է: Հասմիկը արագ մոտենում է, բարձր գոռում:

Հասմիկ

Կարգին վարվեք տղուս հետ:

Արունոտված քթով երեխան ժպիտով ներքևից նայում է Հասմիկին:

ՏԵՍԱՐԱՆ 27
ԻՆՏ. – Կրկես, երեկո:

ԱՆՁԻՆՔ՝ Հասմիկ,Վարդան, հանդիսատես

Ներկայացումը ընթանում է լեփ լեցուն դահլիճով: Վարդանը ծաղրածուի երկու փոքրիկ օգնականներից մեկն է: Հասմիկը շպարված ու գեղեցիկ սպիտակ հագուստով նստած հպարտ հետևում է: Վերջին ծափերից հետո, նա դռների մոտ սպասում է, բայց տղան մի քանի ընկերների հետ ծիծաղելով անցնում է ու չի նկատում: Հասմիկը ուզում է կանչել, բայց փոշմանում է: Իսկ Վարդանը քայլելիս ընկնում է, որովհետև կոշիկի արձակ կապերն ընկնում են ոտքի տակ: Նա հիշում է Հասմիկին, գլուխն ափերի մեջ է առնում ու հետ վազում դեպի դռները: Տեսնելով այնտեղ չէ՝ փորձում է ինքը կապել կոշիկի կապերը:

ՏԵՍԱՐԱՆ 28

ԻՆՏ – գրադարան, երեկո

ԱՆՁԻՆՔ՝ Հասմիկ,աշակերտներ

Հասմիկն ու Տիգրանը նստած են իրար առջև: Հասմիկը ոգևորված է խոսում, իսկ Տիգրանը հորանջում է:

Հասմիկ

Պատկերացնու՞մ ես՝ ծաղրածուական բարդ հնարքներ անողը չի կարողանում կոշիկի թելերը կապել:
Տիգրան (անտարբեր)

Բա հիմա ու՞ր ա:
Հասմիկ (մի քիչ տխուր)

Երևի ինքն իրան չի ներում , որ կռացել եմ կոշիկի թելերը կապելու համար (սկսում է հազալ) հեչ, գրքերից ա…

Տիգրան

Է, Հասմիկ, փոշու մեջ ես մնացել, բայց քո կրթությունը…

Հասմիկի հազն ուժեղանում է, աչքերից արցունքներ են գնում: Եղբայրը արագ ջուր է բերում ու տալիս նրան:

ՏԵՍԱՐԱՆ 29

ՖԼԵՇԲԵՔ 80-ական թվականներ

ԻՆՏ., ԷՔՍՏ – ԵՊՀ-ի լսարաններից մեկը, շրջակայքը

ԱՆՁԻՆՔ՝ Հասմիկ, դասախոս, ուսանողուհիներ

Հասմիկը՝ մանուշակագույն զգեստով, երկար հյուսքերով, նստած է առաջին շարքերից մեկում: Նա ուշադրությամբ լսում է դասախոսին (հնարավոր է՝ Լևոն Ներսիսյանը), բայց ի տարբերություն մյուսների, նաև գրում է: Նա մի քիչ ամաչելով ձեռք է բարձրացնում ու հարց տալիս դասախոսին, իսկ նա էլ ժպիտով պատասխանում է Հասմիկին: Վերջում երկու ընկերուհիների հետ բուֆետում հաց են ուտում, հետո ծիծաղելով զբոսնում համալսարանի շրջակայքում:

ՏԵՍԱՐԱՆ 30

ԻՆՏ. – գրադարան, երեկո

ԱՆՁԻՆՔ՝ Հասմիկ, Տիգրան

Տեսարան 27-ի շարունակությունը: Հասմիկը վերջացնում է ջուր խմելը, իսկ Տիգրանը մի քիչ անհանգստած նստած է կողքին:

Հասմիկ (կամացուկ, առանց նայելու եղբորը)

Չէի ուզում, որ գրքերը մենակ մնային …

Տիգրան

Բայց գրադարան էսօր մի հոգի եկավ:

Հասմիկ

Եթե անգամ մի հոգի ու եթե անգամ մի էջ…

Հասմիկը նեղացած ոտքի է ելնում, ուզում դուրս գալ, եղբայրը ափսոսալով գոռում է նրա հետևից:

Տիգրան Հաս, առավոտ շուտ գնալու եմ, գործեր կան… հիմա (ծիծաղում է) արի խաղանք:

Հասմիկը ժպտում է, սեղանից վերցնում գրքերը, իսկ Տիգրանը հանում է խաղաքարտերը: Եղբայրը սովորեցնում է, երբեմն ինքն է խաղում նրա տեղը, ցույց է տալիս իր քարտերը ու նայում նրանը:

ՏԵՍԱՐԱՆ 31

ԻՆՏ. – գրադարան, առավոտ:

ԱՆՁԻՆՔ՝ աշակերտներ, Հասմիկ

Երկու սպիտակ վերնաշապիկով ու սև կիսաշրջազգեստներով աշակերտուհիներ իրար կողք դրված երկու սեղաններին շուրջ նստած կարդում են. պատուհանից լսվում են ֆուտբոլ խաղացող երեխաների ձայները: Նրանք երբեմն ծիկրակում են պատուհանից, աղջիկները սկսում են խնդմնդալ: Մտնում է Հասմիկը քնաթաթախ ու հորանջելով: Նա խիստ հայացքով նայում է տղաներին, գիրքը դնում է սեղաններից մեկի վրա:

Հասմիկ

Գրքին ուշադրություն դարձրեք:

Աղջիկները հակվում են դեպի գրքերը, ընթացքում նշումներ անում, իսկ Հասմիկը իր գրասեղանի առջև նստած թղթերն է ստուգում:

Մի րոպե, ինչքան ժամանակ ա Բակունցի հատորը տվել եմ Անիին…(աղջիկներին խիստ) ձեր ընկերուհուց լուր չունե՞ք:

Աշակերտուհի (թեթև տոնով) Չգիտե՞ք, գնացել են (փորձելով հիշել` ընկերուհուն) Բելգիա չէ՞ ոնց որ:
Աղջիկները սկսում են իրար հետ շշուկով խոսել, Հասմիկը շփոթվում է, աչքերում արցունքներ են հայտնվում, արագ ձեռքը գիրք է վերցնում ու թերթում: Աշակերտուհիներից մեկը բզում է գրքի վրա ննջած մյուս ընկերուհուն: Հասմիկը նկատում է սեղանին դրված խաղաքարտերը, թույլ ժպտում ու արագ հավաքում է:

ՏԵՍԱՐԱՆ 32

ԷՔՍՏ,ԻՆՏ. – գյուղամեջ, աշակերտուհու տուն, առավոտ:

ԱՆՁԻՆՔ՝ Հասմիկ, պառավներ

Հասմիկը երկար քայլում է գյուղամիջով պառավներին լուռ գլուխ տալով. լսվում են նրանց շշուկները՝ «Խեղճի բախտը չբացվեց»: Հասմիկն արագացնելով քայլերը, հասնում է երկհարկանի մի տան մոտ, դանդաղ բարձրանում է աստիճաններով: Դուռը փորձում է բացել, չի ստացվում. ձեռքով կոտրում է պատուհանի ապակին, մի քիչ վախեցած ցածր պատուհանից մտնում է ներս: Քայլում է սենյակներով, մտնում աղջկա ննջասենյակ, որտեղ ամեն ինչ դասավորված է: Հասմիկը մոտենում է անկողնուն, տեսնում բարձի վրա դրված գիրքը բացված էջերով, մեջը մի դեղին թուղթ՝ վրան մեծ տառերով խզբզած:

«Կներեք, մի քանի էջ էր մնացել, որ վերջացնեի, դրա համար չբերեցի…մի օր հաստատ կկարդամ մինչև վերջ…..»:

Գիրքը վերցրած մի քայլ առաջ է դնում, բայց նորից ետ է դնում տեղը: Հասմիկը հենց դուրս է գալիս, ուժեղ քամի է սկսվում: Նա, աչքերը պաշտպանելով փոշուց, վազում է: Ուժեղ քամին ննջասենյակի պատուհանը բացում է, գիրքը շպրտում է այս ու այն կողմ, թերթերը պատռում:

ՏԵՍԱՐԱՆ 33

ԻՆՏ. – լիմոնների ջերմոցը, առավոտ

ԱՆՁԻՆՔ՝ Վարդան, Հասմիկ

Վարդանը մի դույլ ձեռքը վերցրած հավաքում է հասած ու դեղին լիմոնները: Ներս է մտնում Հասմիկը, չի զարմանում ու միայն ժպտում է: Վարդանը ամաչելով հայացքը փախցում է, Հասմիկը շոյում է նրա գլուխը:

Հասմիկ

Եկե՞լ ես… չէ, չեմ նեղացել:

Վարդանը ուրախանալով ցույց է տալիս իր հավաքած լիմոնները: Հասմիկը դրանք վերցնում է ու ուշադիր նայում:

Հասմիկ

Գիտե՞ս, ես լիմոններից ընդհանրապես չեմ ձանձրանում: Բայց ես շուկայի մարդ չեմ:

ՏԵՍԱՐԱՆ 34

ԻՆՏ. – գրադարան, առավոտ:

ԱՆՁԻՆՔ՝ աշակերտներ, Հասմիկ

Շուկա: Անձրև է մաղում մարդկանց ու ապրանքների վրա: Մարդիկ են անցնում դառնում, անտանելի աղմուկ է. «արի, արի 200-ով կտամ… ընտիր կարտոշկա…»: Հասմիկը լիմոնների արկղի մոտ նստած կարդում է, մի քանի վայրկյանում նրա դեմքի ժեստերը փոխվում են. ժպտում է, ծիծաղում, լրջանում, աչքերը խոշորանում են, ձեռքում ավելի ամուր է սեղմում գիրքը: Մարդիկ անցնում դառնում են, ծիծաղում, գոռում, նայում են Հասմիկին ու լիմոնններին, բայց նա ոչինչ չի լսում:

ՏԵՍԱՐԱՆ 35

ԻՆՏ., ԷՔՍՏ – լիմոնների ջերմոց, բակ, առավոտ:

ԱՆՁԻՆՔ՝ Հասմիկ, Վարդան, ամուսիններ ու երեխա

Նրանք շարունակում են հավաքել ու դույլերի մեջ լցնել լիմոնները: Մեքենայի ազդանշան է լսվում: Հասմիկը վերցնում է մի քանի դույլ լիմոն ու դուրս գալիս: Դրսում մեքենայի առջև կանգնած են ամուսիններ ու մի քանի տարեկան երեխա: Հասմիկը մոտենում է, բարևում ու լիմոնները հանձնում տղամարդուն, նա էլ գումար է տալիս: Երեխան ձեռքով թույլ խփում է Հասմիկի դեմքին և ծիծաղում: Հենց նրանք հեռանում են, Հասմիկը Վարդանի ականջին շշնջում է:

Հասմիկ

Ոչ մեկին չասես՝ ես Անիին էլ չփրկեցի:

ՏԵՍԱՐԱՆ 36

ԷՔՍՏ – գետափ,երեկո

ԱՆՁԻՆՔ՝ Հասմիկ, Վարդան,

Հասմիկն ու Վարդանը քայլում են ձորի մոտով, Հասմիկը ժպտալով ինչ-որ բան է պատմում:

Հասմիկ

Ձեռքերս լրիվ սևացել էին, ինչքան լվանում էի, չէր անցնում:

Նրանք հասնում են ընկույզի ծառի հաստ բնի մոտ: Հասմիկը շշմած նայում է ծառի բնին, հետո էլ Վարդանի դեմքին:

Հասմիկ

Ծառը… կտրել են:

Վարդանը արագ հավաքում է թափված ընկույզները:

ՏԵՍԱՐԱՆ 37

ՖԼԵՇԲԵՔ

ԻՆՏ., – Հասմիկի տունը, առավոտ

ԱՆՁԻՆՔ՝ Մայր, Հասմիկը փոքր տարիքում

Հասմիկի տունը, որտեղ համարյա ամեն ինչ նույնն է: Հյուրասենյակում վառարանի մեջ մայրը փայտ է դնում, տասը տարեկան Հասմիկը վազելով մոտենում է նրան, փաթաթվում մորն ու սկսում լացել:

Հասմիկ

Մամ, մամա, իմ ծառն ու ճոճորանն եք կտրել, կանաչ հոտն էլ…

Մայրը գրկում է նրան, Հասմիկը մի քիչ հանգստանում է ու հանկարծ աչքովն է ընկնում սեղանին դրված գիրքը, մոտենում է ու սկսում զննել:

Գրքե՞րն էլ են ծառերից…

Նայում է մոր դեմքին, հետ գցում գիրքը սեղանին ու արտասվելով դուրս գալիս:

ՏԵՍԱՐԱՆ 38

ԻՆՏ., ԷՔՍՏ – Հասմիկը տունը, առավոտ

ԱՆՁԻՆՔ՝ Հասմիկը փոքր տարքում

Փոքրիկ Հասմիկը հաց ու պանրի բրդուճ ուտելով ու աչքերն արցունքներից սրբելով մտնում է սենյակ ու նորից տեսնում գիրքը: Կամաց քայլերով մոտենում է ու վերցնում, սկսում հետաքրքությամբ նայել: Սկզբից գրքից հոտ է քաշում, հետո սկսում կարդալ:

ՏԵՍԱՐԱՆ 39

ՏԵՍԱՐԱՆ 36-ի շարունակությունը:

ԷՔՍՏ – գետափ, երեկո

ԱՆՁԻՆՔ՝ Հասմիկ, Վարդան,

Հասմիկն ու Վարդանը նստել են ծառի բնի շուրջը: Նրանք դույլերի ջուրը լցնում են բնի վրա:

Հասմիկ

Կծիծաղաս երևի, բայց գրքի հետ ինձ առաջին անգամ ծանոթացրեց ծառը:

Վարդանը թույլ ժպտում է: Հասմիկը տեսնում է նրա հայացքը ամբողջ ձորով: Ինքն էլ է սկսում նայել շրջակայքը:

Ինչ-որ նմանություն կա ծառի ու մեր գյուղի մեջ, չէ՞:

Վարդանը դույլը դնում է գլխին: Հասմիկը ծիծաղում է, ինքն էլ իր ձեռքի դույլն է դնում գլխին: Հեռվից երևում է աշակերտների նույն խումբը:

ՏԵՍԱՐԱՆ 40

ԷՔՍՏ – գյուղի գետափը, ձորաբերան

ԱՆՁԻՆՔ՝ Հասմիկ, Վարդան, աշակերտներ

Հասմիկն ու Տեսարան 14-ի աշակերտները ոտքները գետի ջրի մեջ են դրել: Հասմիկը, ձեռքին բռնած Սարոյանի գիրքը, կարդում է, իսկ աղջիկները հավաքած ծաղիկներն են դասավորում ու լսում: Վարդանը մի փոքր հեռվում նստած լսում է: Հասմիկը կարդալիս երբեմն նայում է նրան ու ժպտում:

Հասմիկ ( կարդում է)

«Յուլիսիս Մաքոլի անունով փոքրիկ տղան մի օր կանգնեց խլուրդի նոր բացած անցքի առաջ, իրենց տան բակում, որ գտնվում էր Կալիֆոռնիայի Իթաքա քաղաք Սանթա Կլարա փողոցի վրա: Խլուրդը խոնավ թարմ հողը դուրս հրեց և աչքի տակով նայեց տղային, որը , իհարկե, անծանոթ էլ չէր, բայց գուցեև թշնամի չէր»:

Այս պահին տղա աշակերտներից մեկը ջուր է լցնում խմբի վրա: Հասմիկն ուզում է բարկանալ, բայց, տեսնելով խմբի ուրախությունը, ինքն էլ է ծիծաղում: Հենց լրջանում են, Հասմիկը նորից շարունակում է կարդալ:

«Մինչ տղան այս հրաշքը ամբողջությամբ կվայելեր, Իթաքայի թռչուններից մեկը թռավ դեպի բակի մեծ ընկուզենին և, տեղավորվելով մի ճյուղի վրա, սկսեց երգել՝ տղայի հափշտակությունը հողից դեպի ծառը գրավելով: Հետո այդ բոլորից ավելի հրաշալի, հեռվում մի հին գնացք ֆշշաց և շարժվեց: Տղան լսեց ֆշշոցը և զգաց, որ գնացքի շարժվելուց երերաց ոտքի տակ հողը: Դրանից նա սկսեց վազել ավելի արագ (նրան այդպես թվաց), քան որևէ կենդանի էակ ամբողջ աշխարհում»:

Մի քիչ էլ ընթերցելուց հետո խումբը դուրս է գալիս. աշակերտները քայլում են առջևից՝ իրար հետ զրուցելով ու ծիծաղելով, իսկ Հասմիկը ժպտալով ինչ-որ բան է ասում Վարդանին:

Աշակերտ 1-ին (ընկերուհուն `նայելով Հասմիկին)

Ու՞մ ա ժպտում:

ՏԵՍԱՐԱՆ 41

ԻՆՏ– Երևանում, կեսօր

ԱՆՁԻՆՔ՝ Տիգրան

Տիգրանը մտնում է Կրկեսի շենք, մոտենում է տարբեր մարդկանց, ձեռքով ցույց է տալիս երեխայի՝ հատակից ոչ շատ բարձր, մտնում է քաղաքի բազմահարկ շենքերից մեկը, դուռ է թակում, ոչ մեկը չի բացում: Վերջում էլ մտնում է հիվանդանոց, այն սենյակը, որի վրա գրված է ակնաբույժ:

ՏԵՍԱՐԱՆ 42

ԻՆՏ – Հասմիկի տան հյուրասենյակը, երեկո

ԱՆՁԻՆՔ՝ Հասմիկ, Տիգրան

Վարագույրը հավաքված է մի կողմ, լույսը ներթափանցում է սենյակ ու արտացոլվում հատակին: Հասմիկը ակնոցներ է դրել, կար է անում պատուհանին շատ մոտ նստած: Ներս է մտնում Տիգրանը, մոտենում է համբուրում Հասմիկին ու նստում բազմոցին:

Հասմիկ (ծիծաղելով)

Եկա՞ր…ափսոս Վարդանին չտեսար…

Տիգրան

Եկե՞լ էր (լրջանում է), խաբում ես…

Հասմիկ (վախեցած)

Ւ՞նչ:

Տիգրան

Կրկեսում Վարդան անունով երեխա… (դադար է տալիս) չկա:

Հասմիկը ականջները փակում է, հետո մատը դնում է բերանին:

Հասմիկ

Սըս:

Տիգրան

Դե թող գա..հեյ , մի ամաչի, արի:

Նա սկսում է հայացքով փնտրել սենյակում:

Հասմիկ (ոտքի կանգնելով՝ գոռում է)

Դու ես մեղավոր , հենց եկար…

Տիգրան (բարձր ձայնով)

Հասմիկ, ոչ մի երեխայի էլ չես փրկել:

Հասմիկը մի պահ գլխապտույտ է ունենում, Տիգրանը օգնում է նստել, ու արդեն զղջալով գլուխը կախում է: Իսկ Հասմիկը ասեղ ու թելը է վերցնում ձեռքը, շարունակում է գուլպա կարելը: Վերջացնելուց հետո մոտենում է եղբորը , կռանում ու հագցնում:

Տիգրան

Հասմիկ, քեզնից կտրված ծառի հոտ ա գալիս:

Հասմիկը զարմացած նայում է Տիգրանին, իսկ նա գրպանից հանում է թեյի փայտե բաժակն ու դնում սեղանին:

ՏԵՍԱՐԱՆ 43

ԷՔՍՏ. – Ղարաբաղ: Տեսարան 3-ի կամուրջի շրջակայքը, երեկո

ԱՆՁԻՆՔ՝ Հասմիկ,Վարդան, զինվորներ

Հասմիկը բաց է թողնում Վարդանի ձեռքը, հեռանում է կամրջից: Արագ քայլում է դաշտով՝ փորձելով հասնել իրենից առաջ ընկած խմբին. մեկ-մեկ հետ է նայում: Հանկարծ լսվում է պայթյուն, Հասմիկը ականջները փակում է, տեղում քարանում, մի քանի վայրկյան անց ուշքի գալով սկսում է վազել: Վարդանի ու նաև երկու զինվորի մարմիններ կամուրջի փլատակերի մեջ են մնացել: Վարդանի քիթը ծաղրածուինի պես ներկած է վառ կարմիր:

ՏԵՍԱՐԱՆ 44

ԻՆՏ. – Հասմիկի ննջասենյակը, գիշեր

ԱՆՁԻՆՔ՝ աշակերտներ, Հասմիկ

Հասմիկը վեր է թռչում քնից վախեցած, արագ միացնում է լույսը, խմում է կողքին դրված ջուրը: Բաժակը ձեռքից ընկնում է, նա ճչում է ու սկսում դողալ: Եղբայրը վազելով մտնում է սենյակ, գրկում ուսերը:

Հասմիկ

Չէ, չեմ փրկել ոչ մեկի…ու ընդհանրապես ոչ մի բան չեմ արել:

Տիգրան

Դու գուլպաներով ես փրկել:

Հասմիկը դադարելով դողացնել ուշադիր լսում է եղբորը:

Տիգրան

Բայց ես էդ էլ …

Տիգրանն ուզում է խոսել, բայց աչքերը սկսում են ցավել, նա ձեռքը թափ է տալիս, արագ դուրս գալիս:

Հասմիկ

Դու էլ հիվանդ ծառերին ես օգնում:

ՏԵՍԱՐԱՆ 45

ԻՆՏ. – գրադարան, առավոտ

ԱՆՁԻՆՔ՝ Հասմիկ, աշակերտներ

Դարակները փոշոտ են, գրքերը շարքերում անհավասար են դասավորված: Հասմիկը չսանրած մազերով, հոգնած ու մռայլ տեսքով գրադարանում նստած է: Ուզում է կարդալ, չի ստացվում. գիրքը թողնում է մի կողմ, վերցնում է սեղանին դրված սուրճը: Ներս է մտնում աշակերտների նույն խումբը: Նրանք գլխով բարևելուց հետո ձիգ կանգնում են Հասմիկի առաջ ու արագ-արագ արտասանում:

Աշակերտ 1-ին

Մշուշի միջից.— տեսիլ դյութական,—
Բացվում է կրկին Նաիրին տրտում,
Ո՞ր երկրի սրտում թախիծ կա այնքան,
Եվ այնքան ներում–– ո՞ր երկրի սրտում.

Աշակերտ 2-րդ

Դաշտի ճամբու մը վըրան,
Կամ ըստորոտը լերան,
Ուղևորին ժամանման
Ըսպասող հյուղն ըլլայի :

Հասմիկը հորանջելով լսում է, ու թղթեր թերթում:

Հասմիկ (ծիծաղելով ընդհատում է)

Մի րոպե, ձեր ընկեր Մարգարյանը շփոթվել ա, Մեծարենցի բանաստեղծությունն ա տվել, ծրագրով Դուրյան պիտի լինի:

Երեխաները կասկածանքով նայում են Հասմիկին:

Աշակերտ 2-րդ

Բայց…
Հասմիկ (զարմացած)

Ի՞նչ… չեք հավատու՞մ ինձ:

Հասմիկը մի քանի վայրկյան ուշադիր նայում է երեխաների դեմքներին:

Եթե չեք հավատում, (գոռում է) էլ մի՛ էկեք:

Հասմիկը ձևացնում է, թե թղթերով է զբաղվում, երեխաները մի քանի վայրկյան տատանվելուց հետո հեռանում են: Հասմիկը ձեռքով ուժեղ խփում է սեղանին ու դեմքն առնում ափերի մեջ:

ՏԵՍԱՐԱՆ 46

ԻՆՏ. – Հասմիկի տան հյուրասենյակը

ԱՆՁ՝ Հասմիկ

Հասմիկը բազմոցին ծալապատիկ նստել է, գիրքը վերցրել է ձեռքը, բայց չի կարողանում կարդալ: Գիրքը թողնում է, հեռուստացույցով միացնում է խոհանոցային հաղորդում ու մի քանի վայրկյան դիտում: Փոխում է ալիքը, տեսնում է Փելեշյանի «Կյանք» ֆիլմը: Ուշադիր նայում է, հետո ներվային շարժումով անջատում: Մտնում է բաղնիք, դուրս է գալիս սրբիչով մազերը փաթաթած: Ելնում է բակ, բացում մազերը, սանրում ու չորացնում: Այդ ժամանակ մի ճնճղուկ գետինը կտուցով փորփրելով, հասնում է Հասմիկին ու փախչում. նա թույլ ժպտում է:

ՏԵՍԱՐԱՆ 47

ԷՔՍՏ., ԻՆՏ – լիմոնների ջերմոց, ձոր, կեսօր

ԱՆՁԻՆՔ՝ Հասմիկ, աշակերտներ

Հասմիկը մռայլ դեմքով մտնում է լիմոնների ջերմոց, տեսնում, որ աշակերտների նույն խումբը դույլերը ձեռքներին լիմոն է հավաքում: Նա մի վայրկյան ծիծաղում է , հետո լրջանում: Երեխաները ամեն մեկն իր հավաքած դույլերը վերցրած կանգնում է Հասմիկի առջև:

Հասմիկ

Էս ինչ ա նշանակում, չեմ հասկանում, հը՞ն….(ծիծաղում է) հաշտությու՞ն:

Աշակերտներն էլ են ժպտում:

Աշակերտ 2-րդ

Կամ էլ ներողություն…բայց հիշու՞մ եք, որ տեղ պիտի գնայինք:

Հասմիկը մի քանի վայրկյան իբր փորձում է հիշել, հետո գլխի դրական շարժումով հաստատում է: Նրանք դուրս են գալիս, քայլում գյուղամիջով: Հասմիկը մի բաց դարպասից ներս տեսնում է իր տարիքի մի քանի կանայք հավաքված սուրճ են խմում ու ակտիվ խոսում: Շարունակելով՝ երկար քայլում են անհարթ ու բարձր ճանապարհով: Հեռվում երևացող մատուռը աստիճանաբար խոշորանում է:

ՏԵՍԱՐԱՆ 48

ԷՔՍՏ., ԻՆՏ – ձոր, մատուռ, կեսօր

ԱՆՁԻՆՔ՝ Հասմիկ,աշակերտներ

Հասմիկն ու երեխաներն իրար օգնելով, ձեռքերը բռնելով անցնում են քարաշատ ճանապարհը, քայլում դեպի մատուռը, որ նախորդ տեսարանների նույն ձորի մեջ փռված բարձունքում է: Մոտենում են մատուռին, ամենավերջում երեխաներից հետո մտնում է Հասմիկը: Ներսում լիքը հալված մոմեր են, սրբապատկերները փոշու մեջ կորած: Հասմիկը երեխաների մոտ կանգնած չի կարողանում աղոթել, առանձնանում է մատուռի մի անկյունում: Նա աղոթում է առանց աչքերը փակելու ու ձեռքերը խաչելու և վերև՝ գմբեթին նայելով: Բայց փոքր պատուհանից արևի շողը ընկնում է նրա աչքերին, և նա շարունակում է աղոթել փակ աչքերով: Իսկ երեխաները, ավարտելով աղոթելը, սկսում են մաքրել մատուռը, ուղղել սրբապատկերները: Հետո լուռ նայում են իրար ու բոլորով դուրս գալիս, Հասմիկի առաջնորդությամբ քայլում:

Հասմիկ (շշնջալով)

Վաղը ինստիտուտ կընդունվեք , էլ ո՞վ կմաքրի:

Աշակերտները հավաքում են գետնին թափված ցելոֆանները, շշերը, թղթերը ու լցնում իրենց տոպրակների մեջ:

ՏԵՍԱՐԱՆ 49

ԻՆՏ. – Հասմիկի տան հյուրասենյակը, կեսօր

ԱՆՁԻՆՔ՝ Տիգրան, Հասմիկ

Տիգրանը վարագույրը մի կողմ է քաշում, բացում պատուհանն ու թափանցող լույսի մեջ կանգելով՝ աչքի մեջ դեղ է կաթեցնում: Հասմիկը հանգիստ ու թարմացած մտնում է ներս, բայց զարմանում է՝ տեսնելով եղբոր ձեռքի դեղը: Նա դանդաղ մոտենում է եղբորը, ուշադիր նայում է նրա աչքերին:

Տիգրան

Դե փոքր ժամանակվանից էլ….

Հասմիկը զարմացած նայում է եղբորը, երկուսն էլ լուռ նստում են բազմոցին: Քամի է սկսվում, Հասմիկն արագ փակում է պատուհանը, բայց աչքերի մեջ փոշի է լցվում:

ՏԵՍԱՐԱՆ 50

ԻՆՏ.,ԷՔՍՏ. – լիմոնների ջերմոցը, բակ, երեկո

ԱՆՁԻՆՔ՝ Հասմիկ, մայր, երեխա

Հասմիկը գիրք է վերցրել և փորձում է կարդալ: Մի քանի վայրկյան անց սկսում է հորանջել ու չի կարողանում: Ջղայնանում է ինքն իր վրա, նորից է փորձում կարդալ, չի ստացվում: Թողնում է գիրքը լիմոնների վրա, դուրս է գալիս ու լուռ նայում է փողոցի վերջում գնդակով խաղացող երեխային, ով ոտքի ուժեղ հարվածով գնդակը տանիքի վրա է գցում: Մայրը դուրս է գալիս, գոռում վրան, երեխան սկսում է ուժեղ լացել: Մայրը փափկում է, գրկում է տղային ու ներս տանում: Հասմիկը մի քանի վայրկյան դառնությամբ է նայում, բայց արագ սթափվում է:

ՏԵՍԱՐԱՆ 51

ԻՆՏ. – Հասմիկի տան խոհանոցը, առավոտ

ԱՆՁԻՆՔ՝ Հասմիկ, Տիգրան

Հասմիկը հորանջելով օրացույցի հերթական էջն է պոկում ու միանգամից սթափվում՝ տեսնելով ամսաթիվը: Թույլ ճիչ արձակելով՝ արագ վազում ննջասենյակ, դուրս գալիս գեղեցիկ սպիտակ ծնկներից մի փոքր ներքև շրջազգեստով, մազերը հավաքած: Խոհանոցում ձու է խաշում, թեյ է սարքում լիմոնների հետ դնում սեղանին: Ուզում է նստել, բայց հիշելով տորթի մասին, բացում է գազօջախը հանում ու դնում սեղանին: Տիգրանը մտնում է ներս, աչքով անում Հասմիկին, բռնում ձեռքն ու ափի մեջ դնում է փայտե թեյինկ: Հասմիկը մի պահ ուրախանում է, բայց նորից լրջանում է ու հետ դնում սեղանին:

Հասմիկ

Սիրուն ա, բայց դու ծառ ես կտրում, ծառ:

Տիգրանը տորթ է քսում Հասմիկին դեմքին:

Տիգրան

Շնորհավոր, է….

ՏԵՍԱՐԱՆ 52

ՖԼԵՇԲԵՔ

ԻՆՏ. – Հասմիկի տան շրջակայքը, առավոտ

ԱՆՁ՝ Հասմիկ, Տիգրան

Տասը տարեկան Հասմիկը կարմիր վզկապ կապած, աշակերտական համազգեստով խաղում է խոնավ հողի հետ: Նա բանկայի կափարիչի վրա հող է լցնում, ջուր ու վրան էլ փայտի կտոր դնում: Հանկարծ նրանից փոքր Տիգրանը մոտենում է ու ոտով գցում կափարիչը, ցեխը ցայտում է Հասմիկի դեմքին, ձեռքերին:

Հասմիկ
Տորթս…

Նա կատաղած ելնում է, մոտենում է Տիգրանին, բայց նա դույլով ջուր է լցնում Հասմիկի վրա: Նա դողում է, Տիգրանը մի դույլ էլ իր վրա է լցնում: Երկուսն էլ ուրախ հռհռում են:

Տիգրան

Վարդեվո՜ր….

ՏԵՍԱՐԱՆ 53

ԻՆՏ., ԷՔՍՏ. – Հասմիկի հյուրասենյակը,բակ, կեսօր

ԱՆՁԻՆՔ՝ Հասմիկ, Տիգրան

Հասմիկը տխուր դասավորում է Տիգրանի ճամպրուկը, իսկ նա նստել է սեղանի շուրջ, վրան փռել տարբեր գործքիներ աշխատում է տախտակի վրա, սակայն Հասմիկին մեջքով է նստած և չի երևում, թե ինչ է սարքում:

Տիգրան (դժգոհ)

Դե…ուղղակի կարոտել էի:

Հասմիկ

Կարոտե՞լ…ափսոս, Վարդանին հաջող չես անի:

Տիգրան (զարմացած)

Հասմիկ…գժվե՞լ ես, էլի սկսեցի՞ր:

Հասմիկ

Հա, հա, չեմ փրկել, բայց ինքը կա ինչ-որ մի տեղ, գրքի մեջ, ծառը տակ, անկյունում, բայց կա:

Տիգրան

Հավատում եմ, հանգստացի, Հասմիկ, հանգստացի:

Հասմիկ (նյարդայնած գոռում է)

Ես հանգիստ եմ, էդ բառը չասես, հանգիստ եմ:

Եղբայրն ուզում է առաջանալ, լավ չի տեսնում, ոտքը սեղանին է կպչում, ընկնում է, ակնոցը ջարդում: Հասմիկը վազում է, օգնում ու փաթափվում: Նրանք խաղաղված նստում են բազմոցին:

Տիգրան

Մի քիչ կկարդա՞ս…ցավում են: (աչքերը ցույց տալով)

Հասմիկը ուրախանում է, վազելով գիրքը է բերում ու կարդում (բերանի շարժումներն են միայն երևում): Տիգրանը սկզբում ուշադիր լսում է, հետո հորանջում է, ննջում՝ գլուխը դնելով Հասմիկի ուսին: Հասմիկը, թույլ հպվելով նրա ուսին, արթնացնում է:

Հասմիկ

Տիգրան..ուշացար, փայտփորիկ,գնա ծառ բուժելու:

Տիգրանը հարցական հայացքով նրան է նայում, Հասմիկը ժպտում է:

Ե՞ս..ես էլ կգնամ Կարս, որ Կարինե Քոթանջյանին գտնեմ, եթե չգտա՝ կանգեմ փողոցի մեջտեղն ու կգոռամ, մնաս բարով, Չարենց ասավ (դադար է տալիս) մնաս բարով:

Տիգրանը ոտքի է կանգնում, կանգնում Հասմիկի առաջ, կոպիտ խաղում Հասմիկի մազերի հետ, մինչև նա սկսում է ծիծաղել: Հետո վերցնում է ճամպրուկն ու փայտը, աղմուկով դուռը փակում է, դուրս է գալիս. Հասմիկը լրջանում է: Տիգրանը դուրս է գալիս ու տեսնում «ԳՐԱԴԱՐԱՆ» ցուցատախտակը, որ մի մեխից դուրս է եկել ու ծռվել: Պոկում է այդ տախտակը, դնում գետնին, ոտքերի թաթերի վրա բարձրանալով ամրացնում է իր ձեռքի տախտակը: Ձեռքը ետ է քաշում ու նայում. գրքի ձևով սարքած տախտակի վրա գրված է ԳՐԱԴԱՐԱՆ, բայց գույնի փայտից է, տառերը ձեռագրի նմանությամբ են: Ամրացնելուց հետո Տիգրանը վերև է նայում ու խորը շունչ քաշում:

ՏԵՍԱՐԱՆ 54

ԻՆՏ. – գրադարան, կեսօր

ԱՆՁ՝ Հասմիկ

Հասմիկը ծալապատիկ նստած է հատակին, ծնկին մի հայելի կա: Լռություն է, ու ոչ մի ձայն չկա: Հասմիկը վախենալով այդ լռությունից վերցնում է հայելին ու նայում է կնճիռներին: Փոխելով հայելու դիրքը, Հասմիկը տեսնում է գրքերի մի քանի շարք: Նա կտրուկ ոտքի է կանգնում, մոտենում է շարքերին, մի վայրկյան նայում, հետո թափում է բոլոր գրքերը այս ու այն կողմ: Դարակի վրա ոչ մի գիրք չի մնում: Նա հանգստանում է, դադար է տալիս, վախեցած նայում է շարքերին, ու տեսնում է ամենաներքևում մնացած գիրքը, ժպտում է, դանդաղ քայլերով մոտենում է, վերցնում:

ՏԵՍԱՐԱՆ 55

ԷՔՍՏ. – Հասմիկի տան բակը, կեսօր

ԱՆՁԻՆՔ՝ աշակերտներ

Աշակերտների խմբից երեք երեխաներ կամաց քայլերով, իրար ականջի փսփսալով, մոտենում են նկուղին: Իրար հրելով նայում են նեղլիկ պատուհանից ու տեսնում փակցված Չապլինի երկու նկար, դրա ուղղությամբ մի ձեռնափայտ, ծաղրածուի քիթ, պարիկ, Չապլինի «Ինքնակենսագրություն» գիրքը, ծառի շիվեր, դեղին մի տուփ վրան՝ «Տեսարան 5»-ում Վարդանի բռնած խաղալիքը:

ՏԵՍԱՐԱՆ 56

ԷՔՍՏ. – Հասմիկի տան բակը, կեսօր

ԱՆՁԻՆՔ՝ Հասմիկ, աշակերտներ

Հասմիկը գիրքը վերցրած դուրս է գալիս, շփոթվում է` աշակերտներին նկուղի մոտ տեսնելով: Երեխաները մի քիչ վախեցած նայում են Հասմիկին. նա մտնում է նկուղ, դուրս գալիս Վարդանի նկարած ժպիտով լիմոնը մի ձեռքին, գիրքը մի ձեռքին: Նա մոտենում է երեխաներին, երեքի ձեռքի ափերը միացնում է ու դանդաղորեն լիմոնը դնում է մեջը . մի պահ փոշմանում է, ուզում է ետ քաշել: Երեխաները զարմացած նայում են մի քանի վայրկյան ու արագ հեռանում: Դռնից դուրս գալիս նրանցից մեկը ծիծաղելով կծում է լիմոնը: Հասմիկը լսում է այդ ձայնը, աչքերի առաջ մի փոքր մթնում է, գլխապտույտ է ունենում: Արագ նստում է գետնին, գիրքը դնում է ծնկին ու նայում: Հասմիկի դեմքը խաղաղվում է, վերև նայելով ժպտում է արևին ու բացում գրքի առաջին էջը:

ՎԵՐՋ

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *