ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ | Շուրթերով կնքված վկայական

Լուսանկարը՝ Կարեն Անտաշյանի

Լուսանկարը՝ Կարեն Անտաշյանի

Հույսի խոստումը
դրժում է ժամանակը՝ սատանայի ձեռքով։
Սատանայապետը ժպտում է բարեհամբույր,
ժպտում են նույնությամբ
գագաթնաժողովին մասնակից
բոլոր սատանաները՝
կերպափոխվելով կարծես
և ընդունելով նույն դիմագծերը։
Կարկամում են ուղիղ եթերից
ռեպորտաժը դիտող
հասարակ մահկանացուները…
Հրեշտակներն ազատ են ու անկախ,
սակայն փակ են բոլոր դռները,
և նրանք հազիվ են թաքցնում
իրենց արցունքները՝
թռչելով այնտեղ,
ուր մշտապես
«բաց դռների օր» է հայտարարված։
Հույսի խոստումը չի դրժի ժամանակը,
եթե դու էլ սատանա դառնաս
(ընդամենը պետք է մի դիմում գրել
և տալ երեքը չորսի մի լուսանկար)։
Ո՞վ է անիծել այս հողը,
ուր խառնվել են իրար սերն ու ատելությունը,
ուր սատանա չդառնալը մեղք է մահացու…


***
Երբ Աստծու ամեն օր բացվում է՝
իր խորքում պահած
նորանոր տագնապներ ու ցնցումներ,
որոնք կայծակնային արագությամբ
թափանցում են ներսդ,
հրմշտում իրար՝ փակելով հաճախ
ելքերի դռներն ու պատուհանները,
և մշտապես ծանրացած սրտով ես դիմավորում
յուրաքանչյուր մայրամուտը,
զարմանում ես՝ ո՞նց է դիմանում
իբր թե փխրուն և զգայուն սիրտդ…
Եվ այս ամենն այնքա՜ն տևական է,
որ թեթևությունը թվում է
անբնական ու անիրական
ոչ միայն քո, այլև բոլոր
քեզ ճանաչողների համար։
Նաև երազներդ են լի
մղձավանջային տագնապներով,
և արթնանում ես նախորդ օրերից
ու գիշերներից մնացած ցնցումների բեռով։
Ու երբ մի օր էլ սիրտդ այլևս չի դիմանում,
արդեն ոչ ոք չի զարմանում,
իսկ դու արդեն զրկված ես լինում նույնիսկ
չզարմանալու պարզունակ կարողությունից։

***
Որբացել են բառերը, խռովել են,
հեռացել սիրո երբեմնի շքեղ դղյակներից
և թրթիռներ են մուրում
հիշողության մաքուր փողոցներում։
Բառերը հաճախ չեն բխում հոգուց,
մրսում են անտերունչ
նույնիսկ ամռան տապին,
շատ են վրդովվում,
պատեպատ են խփվում,
երբ ոչ թե բխում են հոգուց,
այլ քողարկում են հոգու դատարկությունը։
Ի՞նչ անեմ ես, սիրելի բառեր,
ինչպե՞ս ձեզ գուրգուրեմ,
որ մոռանաք բոլոր տառապանքները ձեր,
մոռանաք գոնե մի անկնթարթ
ձեզ ի չարս օգտագործելու
մարդկանց դիտավորությունը,
գրավեք ձեր տեղը մարդկանց հոգիներում
և հնչելով նրանց շուրթերից՝
թափանցեք լսողների կարոտյալ հոգիները…
Միայն ու միայն բխեք հոգուց,
ոչ թե քողարկեք հոգու դատարկությունը։

***
Ես երբեք այստեղ չեմ եղել,
բայց թվում է՝
վերադարձել եմ հարազատ վայր,
քանզի դո՛ւ ես կողքիս,
ում սպասել եմ անհիշելի ժամանակներից
իմ նախկին և ներկա կյանքերում։
Երբ զգացմունքներս նայում են հայելուն,
քո դեմքն է անդրադառնում
և փայլում աչքերիս խորքում-
բիբերս լայնանում են՝
հայացքդ ամուր գրկելու համար,
ես բոլորին և ամեն ինչի
նայում եմ քո թրթիռների
բազմագույն ապակու միջով,
իսկ երանգները փոփոխվում են՝
սրտիդ զարկերին համահունչ։
Անցած օրերի սպասման բեռը
մաս-մաս ընկնում է
գետը մոռացության…
Մենք թեթև ենք այնքան,
որ կարող ենք թռչել
ցանկացած տարածությամբ,
որովհետև այն կրճատվում է
անհավանական արագությամբ,
իսկ ժամանակն այլևս չի սպանում
գալիք օրերի ուրվականներին։
Որքա՞ն է մնացել,
ե՞րբ ենք «տեղ հասնելու»՝
կարևոր չէ բնավ,
կարևոր չէ նաև, թե ի՞նչ է լինելու
հաջորդ մեր կյանքերում,
քանզի սպասման բեռն այնքան արագ է
ընկնում գետը մոռացության,
որ թեթևությունն անկասելի է դառնում,
աղետալի վտանգավոր ու երանելի…

Հաստատ մենք թռչուն ենք լինելու
մեր հաջորդ կյանքում,
բայց ուրիշ, ուրիշ, այլ մոլորակում։

***
Հանրագումարը քո ճիգերի,
որ ես երբեք չտխրեմ,
հզոր է առավել,
քան տխրության հաշիշը,
որի գայթակղությանն
անհնար է դիմանալ,
քան տրտմության
սուրսայր սլաքները,
որ մխրճվում են իմ մարմնում.
հոսում է արյունս,
որպեսզի բթանան
իրական ու ինքնահորինվող
բոլոր տագնապներս։
Քո ժպիտով դու ջարդում ես
սլաքների ծայրերը,
և ես նրանց հարվածից
միայն բութ ցավ եմ զգում,
իսկ արյունս սպասում է՝
դուրս ժայթքելու
կարծրացած բնազդով։
Միայն հոսելով չէ,
որ մաքրվում է արյունը,
կարող է ցնծալ
բազմաբյուրեղ սիրո
անսպառ ճառագայթներից՝
հայացքդ լցնելով
ապրելու շողերով։
Տխրությունս
անզոր է պայքարել,
ու հեռանում է,
երբ դու կողքիս ես,
երբ մոխրացել է
հոսող արյան
հիշողությունը։

ՇՈՒՐԹԵՐՈՎ ԿՆՔՎԱԾ ՎԿԱՅԱԿԱՆ

Շենքի հարկերը թռչում են վեր՝
հայացքիս ուղեկցությամբ։
Ես չեմ հաշվում հարկերը,
չեմ սեղմում վերելակի կոճակը,
դու ամենավերին հարկում ես։
Այս տարիքում լավ եմ հասկանում
գինը ժամանակի,
բայց բարձրանում եմ աստիճաններով,
ավելի արագ, ավելի թեթև…
Դու բացում ես դուռը.
– Պատկերացնում եմ՝ եթե չծխեիր,
ո՞ւր կհասնեիր։
– Կհասնեինք և հասել ենք,- ասում եմ ես։
Մեզ փափուկ բազմոց պետք չէ,
հերիք է եղածը…
Հետո նայում ենք քաղաքին,
որը գեղեցիկ է նույնիսկ
նոսրացող լույսերի մեջ։
Շատ է գեղեցիկ,
քանզի մոռացել եմ ամեն, ամեն ինչ
և վերջապես առաջին անգամ
սիրում եմ անունս,
որովհետև քո շուրթերից է հնչում,
իսկ տարիքս կհաշվարկվի
քեզ հետ հանդիպման
առաջին այս օրից՝
ամեն անգամ մեկ օր ավելացնելով։
– Արի՛, չհանդիպենք ամեն օր,
որ ուշ ծերանանք,-
ասում ես դու՝ գգվանքների մեջ
հակասելով ինքդ քեզ։
Բացվում է անքուն գիշերվան
հաջորդող առավոտը։
Ես մեկ օրեկան եմ։
– Քանի՞ տարեկան կդարձնես ինձ։
– Ուրիշների նման մանուկ չեմ թողնի,-
ասում ես այնքան վստահ ու կոնկրետ,
ինչպես կնիքն է
սեփականաշնորհման վկայականի։
– Ամենաթանկն ինձ համար
քո շուրթերով կնքված վկայականն է։

***
Արդեն երկար է
վերադարձի ճանապարհը,
չնայած մի քանի քայլ է
մեզ բաժանում իրարից.
դու քայլում ես արագ,
դու վազում ես նույնիսկ,
սակայն տեղ չես հասնում,
թեև իմ կացարանի դուռը
էլ չի սպասում քո թակոցին,
չի կարոտում հպմանը ձեռքիդ։
Ես չեմ խաթարում
ուրիշների կարոտը,
միշտ փորձում եմ ջարդել,
փականքն իմ կարոտի,
սակայն քո հայացքը՝
իմ գլխավերևում,
սաստում է փականքի՝
ջարդվելու մեծ ցանկությունը։
Ես շրջել եմ մեր էջը,
իսկ դու մոռացել ես՝
ինչպե՞ս են դա անում,
մոռացել ես նույնիսկ
քո կողպած փականքի մասին,
որը ժանգոտել է վաղուց։

Share Button

Նշանաբառ՝

2 Կարծիք

  • Արթուր says:

    Հրաշալի էր, բանաստեղծը շատ ցայտուն կարողացել է ներկայացնել իր ներաշխարհի գույները, իր բանաստեղծական հոգու թափառումը աներևակայական և երևակայական երազանքների հորձանուտում:

  • gevorg says:

    Sovorakan antrichk ardzak e.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *