Լուսին Ստեփանյան | Թերևս

Լուսին Ստեփանյան

Թերևս

Նվիրում եմ քեզ անիմանալիներից սկսած մինչև իմանալիներս
Անքննելիներից սկսած մինչև քննելիներս
Անբացատրելիներից սկսած մինչև բացատրելիներս
Աննկարագրելիներից սկսած մինչև նկարագրելիներս
Չպարզաբանվողներից սկսած մինչև պարզաբանելիներս:
Թերևս
Նվիրում եմ քեզ ինքս ինձնից փախչելու բոլոր մշտականներս
Քեզնից փախչելու ժամանակավոր հանգրվաններս
Կրկին վերադառնալու անժամկետ տոմսերս
Փակուղիներից դուրս գալու բոլոր ելքերս
Անլուծելիի բոլոր լուծումներս:
Թերևս
Նվիրում եմ քեզ ինձ մխիթարող ապագայի բոլոր հույսերս
Անկատար ու կտարվելիք բոլոր երազանքներս
Աննկատ ու անճոռնի ըդգծված ներկայությունս
Երկրե երկիր, տնե տուն թափառող մեծ պատուհանս
Մեծ պատուհանից սկսվող ու անավարտ խելառ գետակս:
Թերևս
Նվիրում եմ քեզ գետակիս անտես շարունակությունը
Շարունակության գաղտնիքն ու անսահմանությունը
Անվերջության աներևույթն ու առերևույթը
Բազմերանգ մշուշոտ երկնքի մոլորված տագնապը
Անկասկած հայտնվող խաղաղության սպասումը:
Թերևս
Նվիրում եմ քեզ ջարդուխուրդ եղած նորից սոսնձած հավատս
Կրկին ջարդուխուրդից վերանորոգելու պարտանքներս
Ջարդվելուն պատրաստ տկար կոփումներս
Խաբվելուն պատրաստ ինքնախաբեություններս
Պաշտպանողական զրահամեքենայից մերկացող զինաթափումներս:
Թերևս
Նվիրում եմ քեզ անհամբեր համբերությունս
Խնամքով թաքցրած խոցելիությունս
Ուժեղ կերպարի հազարավոր դիմակներս
Հոդս ցնդած ժամանակավոր դերերս
Աննժար, անծանր- անթեթև բոլոր անկշիռ մտքերս:
Թերևս
Նվիրում եմ քեզ բնակության պատրաստ անմարդաբնակ բոլոր կղզիներս
Չունեցածս զարդաքանդակներն ու քայլող քանդակներս
Տառերի հոսքին պատրաստ դատարկ սպիտակ թղթերս
Հարձակման պատրաստ օդում ճոճվող խրոխտ բառերս
Բառերին պատրաստ անկարգ, թափթփված, անկապ տառերս:
Թերևս
Նվիրում եմ քեզ ճիշտ ու սուտ խոստովանումներս
Ավանդական հիացմունք ու հիասթափություններս
Մեր նստարանին տեղած անձրևի խորհրդավոր տաք կաթիլներս
Դեմքիս իջած լացիդ արդեն սեփական քաղցրահամ արցունքներս
Դեռ չծված հարցերս ու չմտածված պատասխաններս:
Թերևս
Նվիրում եմ քեզ սեղանին դրված բոլոր արգելքներս
Գրպանումս պահվող ծանր բանալիներս ու ընկալումներս
Կենարար ազատությունս ու անհնազանդության շարժումներս
Չհանձնվող ըմբոստ ճարպիկ թակարդներս
Սերս ու մարմինս, հույզերս, տառապանքներս:
Թերևս
Նվիրում եմ քեզ այս բանաստեղծությունը
Քեզ համար օտար այս բառարանը
Ուղղակի սիրուն բառերի այս շարանը
Ակնթարթորեն հայտնված այս զգայապահարանը
Իրականության եղբայրական հակապատկերը:
Ու թերևս
Միայն նվիրում եմ քեզ էս ստից խոսքերը

 

***

Բարև, իմ անզուգական երկրորդ կյանք
Անտաշ, անասուն, գռեհիկ, չոբան
Լավ մոլորեցրիր
Ու ցայտնոտի հետ ճանապարհեցիր խելագարություն,
Որտեղից մի մատնաչափ ճեղք կար դեպի երկրորդ կյանք.
Ու հիմա ասում եմ` բարև, իմ անզուգական երկրորդ կյանք
Այ խելոք աչքերով դոդ ավանակ, այ աննամուս շուն…
Տեսնո՞ւմ ես, ես կրկին կամ, նույքան աներես ու պնդաճակատ եմ, որքան դու ես
Նորից վերածնվում եմ, ստեղծվում եմ կրկին ու քանի անգամ ծնվելու եմ դեռ:
Այ իմ հաղթանակ երկերեսանի, այ սահմանափակ պատասխանատվությամբ չորքոտանի,
Տեսնո՞ւմ ես, դու իմն ես ու ես քոնը չեմ,
Վերադառնում եմ կյանք ու չեմ ավարտվում,
Հասկանո՞ւմ ես, ես չեմ վերջանում, ժամանակ չունեմ
Ու թեև մի քիչ, բայց մի քիչ էլի կամ
Տե’ս, էլի ես եմ ու մեծագույն սիրով ասում եմ`
Բարև, իմ անզուգական երկրորդ կյանք:
Այ պատին շրջերես արած անպատկեր նկար,
Այ անձրևի տարափից մահացած փաստաթուղթ
Այ վերջացած թանաքով անտես կնիք
Տեսնո՞ւմ ես, ինչ եջանիկ եմ, թեև մի քիչ եմ,
Տեսնո՞ւմ ես, ինչ լիարժեք եմ, թեև մի քիչ եմ,
Ու տեսնո՞ւմ ես, որ դռնփակ նիստում կայացրած ցմահ դատավճիռդ ի չիք էր:
Բարև, իմ անզուգական երկրորդ կյանք…
Այ աջակողմյան այտիս հավերժ սպասող ձախակողմյան ապտակ,
Այ անպատեհ բույս,
Տե’ս, էլի սպիտակ թուղթ ունեմ ու էլի բառերը կան,
Տե’ս, ինչքան եմ սիրում ու դեռ ինչքան եմ սիրելու,
Տե’ս, ոնց ես ինձ տանջում ու ոնց եմ քեզ ներում:
Տե’ս, ինչ ուժեղ եմ… նորից խաղա հետս, ոտքերիդ տակ առ ինձ,
Որ կրկին ու միշտ ճեղքից ծիկրակեմ ու ժպտալով ասեմ`
Բարև, իմ անզուգական որերորդ կյանք…
Բայց…Գիտե՞ս, իմ անզուգական երկրորդ կյանք…
Խնդրում եմ, մի երկու ժամով ուղարկիր ինձ առաջին կյանք
Թող որ ինձ հիշեմ ինչպիսին որ էի:
Թող որ հայրս ինձ հիշի ինչպիսին որ եմ:
Ասում են` հայրս մեկ-մեկ շնչարգելություն ունի
Թող որ այցս նրա համար շնչելու օդ լինի
Թող որ հայրս եսիմվորերորդ կյանքիս համար նախատեսված շունչ լինի,
Որ քեզ դիմանամ ու կրկին ու միշտ ճողոպրեմ ճեղքից:
Բարև եսիմվորերորդ կյանք նախատեսող իմ անզուգական երկրորդ կյանք,
Խնդրում եմ, ուղարկիր ինձ մի քանի ժամով առաջին կյանք:
Գնամ մանկություն, դեպի մութ ու ցուրտ, մարմինս չզգամ
Ցուրտը ներխուժի ոսկորներիս մեջ, ցավը մթի հետ սողոսկի մեջս,
Խավարն է’լ ավելի խավարի, ցուրտն է’լ ավելի ցրտի
Մարմինս դառնա մթի, ցրտի զոհ, բայց շարունակ… շարունակ լինեմ:
Ախր, իմ անզուգական երկրորդ կյանք, առաջին կյանքում ինձ սպասողներ կան:
Գնամ երիտասարդություն
Ասեմ, որ էլ չեմ գա, հիմա երկրորդում եմ.
Գնամ տեսնեմ մեր քաղաքի ծայրամասերում ապրող աղքատ երեխեքը կա՞ն
Թե՞ նախկինների պես սովամահ եղան:
Գնամ տեսնեմ Վիկտորյա տատը լույսի պարտքը մարե՞ց,
Թե էս տարի էլ մթի, ցրտի մեջ անցկացրեց:
Գնամ տեսնեմ Վիկտորյա տատն էս տարի՞ էլ անցկացրեց,
Թե էն մյուս ծերերի պես ցրտահարվեց:
Գնամ տեսնեմ քաղաքի տերերը էլի հանգիստ քնո՞ւմ են,
Թե՞ հազարից մեկ անհանգստանում են:
Գնամ տեսնեմ մուրացկանները շատացե՞լ են, թե՞ մահակներով ոչնչացվել են:
Գնամ տեսնեմ հիվանդ երեխեքը էլի մահանո՞ւմ են, թե՞ փրկվում են:
Գնամ տեսնեմ հիվանդ երիտասարդները փրկվո՞ւմ են, թե՞ էլի փախնում են:
Գնամ տեսնեմ, քաղաքում դեռ տեղ-տեղ մութ ու ցո՞ւրտ է, թե՞ բոլորը տաքացել են:
Գնամ տեսնեմ Գյումրիում դեռ երկրաշա՞րժ է, մարդիկ ցնորված փախչո՞ւմ են,
Թե՞ վաղուց խաղաղված հողը հանգիստ շնչում, մարդկանց հետ է կանչում,
Բայց քաղաքի տերերն են գժված գառնարածի պես մարդկանց արտաքսում :
Գնամ տեսնեմ մերոնք դեռ քսան տարվա ճգնաժամի մե՞ջ են,
Թե՞ նորածին են բերել:
Գնամ տեսնեմ Սպիտակը դեռ ժանգից ցանցոտած երկաթե տնակո՞ւմ է,
Թե 20 տարվա աղետը նորից շպարելով ծերությունն առերևույթ թաքցրել է:
Գնամ տեսնեմ երկաթե տնակում ապրող Սպիտակը լրիվ դատարկվե՞լ է,
Թե՞ աղետի տարին ծնված ծուռտիկ երեխեքը մնացել են:
Գնամ տեսնեմ Սպիտակն ու Գյումրին դեռ հիվա՞նդ են,
Թե՞ իմ նման երկրորդ կյանքում են:
Գնամ տեսնեմ թագավորն էլի նույնն է՞
Թե՞ էլի փոխվել, բայց կրկինն նույնն է:
Բարև, իմ անզուգական երկրորդ կյանք…
Խնդրում եմ, մի քանի ժամով ուղարկիր ինձ առաջին կյանք,
Որ ցուրտ ու մութը սողոսկեն ոսկորներիս մեջ, բայց շարունակ…շարունակ լինեմ:
Խնդրում եմ, մի քանի ժամով ինձ տար առաջին կյանք,
Գնամ բժշկի ու էլ տուն չգամ,
Գնամ գործի ու դառնամ հիվանդանոցի աշխատավարձը:
Խնդրում եմ, մի երկու ժամով ինձ տար առաջին կյանք,
Գնամ բժշկին ասեմ` տես ես ողջ եմ,
Տե’ս երկրորդ կյանքում եմ, բայց մի երկու ժամով առաջինում եմ,
Որ գամ քեզ ասեմ`ես կամ, ապրում եմ:
Բժշկին հարցնեմ` խիղճդ դեռ ողջ է՞ Արդեն մեռել է, թե առաջվա պես հոգևարքի մեջ է:
Գնամ խմբագրություն ու արագ գրեմ` վախճանվել է բժշկի խիղճը վերնագրով հոդվածը,
Բոլորն իմանան:
Ընթերցողներս հանկարծ իր մոտ չգնան
Առաջին կյանքը թողած խելագարված երկրորդ կյանք չգան
Կամ ինչպես միշտ` առաջինից դեպի երկրորդ ճանապարհին չմահանան:
Բարև, իմ անզուգական երկրորդ կյանք…
Խնդրում եմ` մի երկու ժամով ուղարկիր ինձ առաջին կյանք,
Մորս ու հորս չասված սիրո խոսքերն ասեմ ու հետ գամ,
Մորս ու հորս ամուր գրկեմ ու հետ գամ,
Մորս ու հորս իմ լինելիությամբ ապացուցեմ, որ երկրորդում եմ
Ու երկու ժամով առաջինում եմ, որ կիսատ մնացած բառերն ասեմ ու էլի գնամ:
Մայրս ու հայրս էս անգամ ինձ հաջող անեն,
Ես իրենց էս անգամ հասցնեմ հաջող անել:
Ու գիտակցեմ, որ հեռանում եմ:
Հորս ասեմ` տես, պապ, ես քո ուզած անկախությունն եմ,
Բայց ես քոնը չեմ ու անկախությունն էլ քոնը չի:
Ես քո երազած անկախ երկրի ջահելությունն եմ,
Բայց քոնը չեմ ու անկախ երկիրն էլ քոնը չի:
Ես քո ուզած ազատությունն եմ,
Բայց քոնը չեմ ու ազատությունն էլ քոնը չի:
Ես քո մթի, ցրտի միջով անցած սերունդն եմ,
Բայց քոնը չեմ ու մթի, ցրտի միջով անցած սերունդն էլ քեզ անկախություն չտվեց:
Տե’ս, պապ, ես ողջ եմ ու երկրորդ կյանքում եմ,
Բայց ես քոնը չեմ, դու էլ` իմը չես,
Դու իմ առաջին կյանքում ես ու մխիթարվում ես, որ ես երկրորդում եմ ու դեռ ողջ եմ,
Հետո ինչ, որ երկրորդում եմ ու քոնը չեմ:
Տե’ս, պապ, ոնց եմ կարոտել ու երկու ժամով եկել եմ,
Որ ասեմ` տես, պապ, քո երազած անկախությունն էլի մերը չէ,
Մերը ցուրտ ու մութն էր, իրենցը` լույսն ու տաքությունը,
Բայց տե’ս, պապ, իրենք առաջին կյանքում են, իսկ մեզ բաժանել են,
Դու իմ անկախությունն ես, ես քոնը, բայց դու առաջինում ես, իսկ ես երկրորդինը
Ու տես պապ, ոնց եմ կարոտել,
Մի երկու ժամով եկել եմ, որ ազատ շնչես
Ու որ հեռանամ, գնամ երկրորդ կյանք,
Խնդրում եմ` շնչիր ազատ ու անկախ,
Որ կարողանամ երկրորդին սիրել,
Որ չկանչես ինձ ու ինձ չտանջես
Ու որ չմնամ առաջինի ու երկրորդի արանքում
Ոչ առաջ գնամ, ոչ էլ` հետ:
Տե’ս պապ, եկել եմ քեզ մխիթարեմ,
Երկրորդ կյանքում էլ պատերազմը ջահել սերունդ է խեղել,
Երկրորդում էլ` կռվից հետո ջահելությունը մի քիչ ծուռտիկ է դարձել,
Բայց կռվից հետո էլ` ջահելությունն առաջին կյանքում է
Ու մի քիչ հիվանդ ջահելությունը ազատությւնն է:
Կռվից հետո խաղաղության դադարը հիվանդ ջահելությանն իր գիրկն է առել
Սիրում, փայփայում ու ապաքինում է,
Ջահելությունն էլ ոտքի կանգնած ազատության սահմաններն ինքն է գծում:
Գիտե՞ս պապ, էս երկրորդում էլ պատերազզմը հյուծված ջահելություն է ծնել,
Բայց էստեղ բոլորն առաջին կյանքում են ու նախանձելի հոգատար են:
Բայց խնդրում եմ` պապ, դու շնչիր ազատ,
Որ ես կրկին վերադառնամ երկրորդ կյանք
Ու շնչարգելությունդ ինձ հետ չկանչի:
Գիտեմ` ես քո ազատությունն եմ`իսկ դու իմը
Ես քո անկախությունն եմ, իսկ դու իմը,
Բայց ազատությունն ու անկախությունը դեռ հրապարակում են,
Դեռ ճառում ու բարձրախոսներում պայթում են,
Իսկ ես երկրորդինն եմ, դու` առաջինում ես:
Ազատությունն ու անկախությունը վերևի քառակուսի գլխով տղերքի սեփականությունն են
Ու դեռ անշտապ որոճում են քո երազած անկախությունը
Ու լսո՞ւմ ես, պապ, կամաց-կամաց մարում է քաղաքի ականջներում հնչող ազատության մասին ճառը…
Խնդրում եմ` պապ, դու ազատ շնչիր, որ վերադառնամ երկրորդ կյանք…
Հիշո՞ւմ ես պապ, ասում էիր` տուն արի, աղքատներն ու հիվանդները քեզ մաշում են,
Հիշո՞ւմ ես պապ, ասում էիր` ոտքի վրա չորացել ես,
Հիշո՞ւմ ես, ոնց էինք կռվում,
Հիշո՞ւմ ես, ոնց էիր ամեն նորաթոուխ թագավորին հավատալով խաբվում,
Հիշո՞ւմ ես, ոնց էիր խաբվելով լռում,
Հիշո՞ւմ ես, ոնց էինք քո խաբված լինելուց միասին հանձնված լռում,
Հիշո՞ւմ ես, ոնց էր քո խաբված լինելուց մեր տանը ծանր լռություն իջնում…
Տե’ս պապ, ես ողջ եմ ու իրեն ասել եմ` բարև իմ անզուգական երկրորդ կյանք,
Խնդրում եմ` մի երկու ժամով տար ինձ առաջին կյանք,
Որ ազատ շնչես
Եկել եմ ասեմ`, որ տե’ս աղքատներից ու հիվանդներից հեռու եմ
Ու եկել եմ իրենց ասելու, որ հիմա երկրորդում եմ
Ինձ էլ չպասեք…
Թերթի էջերին գամված էլ մեր տուն չգաք,
Հորս ու մորս էլ ինձ հետ չտանջեք:
Տե’ս, պապ, մի երկու ժամով առաջին կյանքում եմ
Ու տուն եմ եկել,
Ասում են` էն անչափահաս երեք երեխաները դեռ աղբանոցում են ապրում,
Ասում են` էն կույր տատիկի սովամահ լինելուց երկու օր անց
Պապիկն էլ` կնոջ հետևից ճանապարհ ընկած էն աշխարհ գնաց:
Ասում են`քաղաքի նորածին երեխեքը թերսնվելուց դեռ չծնված մահանում են:
Ասում են` քաղաքի ծայրամասերի ծերերը դռները բացել մահվանն են կանչում:
Ասում են` Սովետաշենի աղբանոցի հերթերը մութ ու ցուրտ տարիների հացի հերթերն են հիշեցնում:
Ասում են` աղբատար մեքենաների վրա հարձակվող մարդիկ
Մութ ու ցուրտ տարիների հացի մեքենաների վրա հարձակված սոված ժողովրդին են հիշեցնում:
Բայց տեսնո՞մ ես պապ, թերթի էջերին գամած նրանց տուն չեմ բերում:
Տեսնո՞ւմ ես, պապ, մենք վաղուց էլ չենք մրսում
Ու լույս էլ ունենք, ինչ պայծառ է չէ՞
Տեսնո՞ւմ ես, պապ, կրակի մեջ գրքերդ էլ չեն այրվում
Ու տես ինչքան նոր, չաղ գրքեր եմ բերել:
Բայց դու տե’ս պապ, արդեն քեզ լսում եմ,
Ու ես տանն եմ մի երկու ժամով
Ու առանց նրանց եմ
Ու նոր եմ տեսնում ոնց ես ծերացել
Ու նոր եմ զգում ծանր շնչառությունդ:
Տե’ս պապ, առաջին կյանքում եմ
Ու նոր եմ զգում իմ առաջինից դեպի երկրորդ տեղափոխություն
Ոնց ես մեկ տարվա մեջ դարձել համարյա յոթանասուն:
Ու ոնց ժամանակ չի եղել ծերանալուդ hետ առերեսվելուն:
Հիշո՞ւմ ես, պապ, ասում էիր` արի տուն, աղքատների հետ դու էլ մաշվում ես:
Տե,ս եկել եմ մի երկու ժամով, որ ազատ շնչես,
Տեսնո՞ւմ ես քո անկախության սերունդն եմ,
Ու տեսնո՞ւմ ես պապ, հիշողությունը ոնց եմ խորամանկ թաքցնում:
Տսենո՞ւմ ես, գիշերներն էլ բաց աչքերով չեմ լուսացնում,
Տեսնո՞ւմ ես, ոտքերս էլ ամառ թե ձմեռ չեն ցավում,
Տեսնո՞ւմ ես ոնց եմ ազատվել էն ցրտահարվածներից,
Տեսնո՞ւմ ես, որ էլ չեմ կաղում…
Խնդրում եմ պապ, դու շնչիր ազատ,
Որ նոր ոտքերով վերադառնամ երկրորդ կյանք,
Որ երկրորդ կյանքն ինձ նաև նոր ձեռքեր տա,
Ու էն ցրտահարվածների ցավից չոռնամ,
Որ նորից գրեմ ու քեզ համար ամեն օրվա թերթ բերեմ:
Բայց էս անգամ աղքատներին թերթի էջէրին գամած
Թևիս տակ դրած
Էլ տուն չբերեմ:
Որ գամ տեսնեմ մեկ տարում դարձել ես յոթանասուն:
Տեսնո՞ւմ ես պապ, աչքերս տեսնում են, բայց ինչ կույր եմ,
Դեռ Ազնավուրի ուսերին նստած էլ սիրուն նկար ունեմ
Աղքատներին թողած հարուստներին եմ գամելու թերթի էջերին,
Որ գամ տեսնեմ մեկ տարում ջահելացել, վերադարձել ես միջին,
Ու մաշկդ զգամ ցողունապատված, փամփլիկ ինչպես նորածին,
Տեսնո՞ւմ ես պապ, ամեն ինչ հրաշալի է,
Ու տեսնո՞ւմ ես պապ, իրականությունը ոնց եմ պարտակել
Ու մութ ու ցրտից ոնց եմ չաղացել,
Ու տեսնո՞ւմ ես պապ, ագահությունից ոնց եմ կուրացել:
Բայց տեսնում ես չէ՞ ես հիմա երկրորդ եմ գնացել
Ու էնտեղից երկու ժամով եմ վերադարձել:
Խնդրում եմ պապ, դու ինձ ներիր, որ ես քո անկախությունն եմ, բայց դեռ քոնը չեմ:
Խնդրում եմ պապ, դու ինձ ներիր, որ էսքան կիսատ եմ:
Ու խնդրում եմ, ներիր, որ էլ քեզ հետ չեմ:
Խնդրում եմ` միայն դու շնչիր ազատ, որ գնամ երկրորդ կյանք
Ու դու չկանչես
Ու ինձ չտանջես:
Որ չկանգնեմ առաջինի ու երկրորդի արանքում
Ոչ առաջ շարժվեմ, ոչ էլ` հետ:
Խնդրում եմ պապ, դու ազատ շնչիր, որ վերադառնամ ու ասեմ`
Բարև իմ անզուգական երկրորդ կյանք,
Ես ամբողջովին արդեն քոնն եմ:

 

***
Հայրենի’ք, առաջվա պես թշվառ, անտե՞ր ես,
Թե իսկականից բարգավաճել ես,
Հիմա իսկապես թշվառ ու անտեր չե՞ս,
Թե՞ եկեղեցու դռանը բաժանվող թալանված բարեգործություն ես:

Հայրենի՛ք, առաջվա պես դեռ մի քիչ ի՞մն ես,
Թե իսկականից մենակ էն դժբախտ դեմքով երեք եղբորինն ես:
Հիմա իսկապես մենակ էն երեք եղբորի՞նն ես,
Թ՞ե իսկականից մի կտոր էլ իմն ես:

Հայրենի՛ք, առաջվա պես, իմ ուրախ պատմությո՞ւնն ես՞
Թե իսկականից էն դժբախտ դեմքով երեքի տխուր կենսագրությունն ես:
Հիմա իսկապես էն երեքի տխուր պատմությո՞ւնն ես,
Թե՞ իմ պայծառ հիշողությունն ես:

Հայրենի՛ք, առաջվա պես անգի՞ն ես,
Թե՞ իսկականից էժան գնով թաքուն վաճառվող յուղոտ պատառ ես:
Հիմա իսկապես դու էդ անարժեք առևտրականների՞ն ես,
Թե քեզ անգին համարող չվաճառողներինն ես:

Հայրենիք, առաջվա պես մեր ներկա՞ն ես,
Թե՞ իսկականից հեռվից սիրելու համար ես,
Հիմա իսկապես դու պաթոսով ոտանավո՞ր ես,
Թե՞ մի քիչ էլ ներկա ես:

Հայրենիք, առաջվա պես մարդկանց մեջ եկեղեցի՞ ես,
Թե իսկականից անմարդ եկեղեցի ես:
Հիմա իսկապես դու մարդկանցն ես՞
Թե եկեղեցու շենք կառուցող անհավատներինը՞:

Հայրենիք, առաջվա պես Օպերայի շենք ու հարուստ թանգարան ես՞
Թե՞ իսկականից հյուրանոց, ռեստորան ես:
Հիմա իսկապես ժամանակավոր հանգրվանելու հյուրանո՞ց ես,
Թե՞ դեռ թանգարանային նմուշ ես՞:

Հայրենիք, առաջվա պես հանուն քեզ կուրծք ծեծող քաջ տղերքի՞նն ես,
Թե իսկականից հիմա կրծքիդ Հանրապետականի նշանով ես:
Հիմա իսկապես Հանրապետականի նշանո՞վ ես,
Թե մի քիչ ել հանուն քեզ արյուն թափողներինն ես:

Հայրենիք, առաջվա պես անկա՞խ ես,
Թե՞ իսկականից գաղտնի սովետական ես:
Հիմա իսկապես հոգով սովետականների՞ն ես,
Թե մի քիչ էլ քեզ անկախություն տվողներինն ես:

Հայրենիք, առաջվա պես էն խելառ, աղմկոտ ու միշտ ջահել քաղա՞քն ես,
Թե՞ իսկականից էն դժբախտ դեմքով երեք եղբայրների գավառն ես:
Հիմա իսկապես էն դժբախտ երեքից հոգնած զառամյա՞լն ես,
Թե՞ մի քիչ էլ ուրախ գժերինն ես:

Հայրենիք, առաջվա պես քո մասին գրելիս գրողների ծնկները ծալվո՞ւմ են,
Թե իսկականից մենակ էն երեքի առաջ են ծալվում:
Հիմա իսկապես էն դժբախտ դեմքով երեքի առա՞ջ են ծալվում,
Թե՞ հիմա քեզ թողած նրանց մասին են գրում:

Հայրենիք, առաջվա պես հարցերիս պատասխանելու՞ ես,
Թե իսկականից էլ բան չունես ասելու:
Հիմա իսկապես ինձ անպատասխա՞ն ես թողնելու՞
Թե՞ նորից քո փոխարեն էդ դժբախտ երեքն են խոսելու՞…

 

Փակդուռ եկեղեցի

Ճերմակ, ճերմակ ծխե անըմբռնելի սպիտակ ամպեր
Արտացոլված մակերեսով երկնքին կրկնած հայելի լճեր
Եկել եմ, որ կրկին սիրալիր երկխոսենք
Նստել եմ նույն նստարանին, որ բանակցենք
Ասում եմ` հիմարություն է երկուշաբթիից մինչև կիրակի
Գնալ փակդուռ քավարանով եկեղեցի
Ուր երկուշաբթիից մինչև կիրակի
Քահանան գործի չի գալի
Ուր կենդանի Աստծուն իսկականից սպանել
Ու տեղն անշունչ մահարձան են դրել
Ուր վառվող մոմերը հրդեհ են բռնկել
Ու միայն մետաղադրամներն են փրկվել
Ուր ես ու ինքը թեև իրարից հեռու ենք նստել
Բայց մտքում նույն բանն ենք խնդրել
Ուր ծանր լռությունը խախտել
Ոտնաձայներով ենք լցրել
Քավարանի դուռը ջարդել
Թողությամբ ու բողոքով ենք լցրել
Ուր մեզ ոչ ոք չի սփոփել, բայց կարևորը եկեղեցի ենք գնացել
Ուր երկուշաբթիից մինչև կիրակի
Քահանան գործի չի գալի
Քանզի օջախում քեֆ անելիս կորցրել է մուտք ու բանալի
Քանզի նրա գործերը նույնքան անքննելի են
Որքան հաշիվները անհաշվելի են
Քանզի հանդերձանք սգեմը նույնքան խաբուսիկ է
Որքան միտքը մեր նման տեղ-տեղ ծուռ է
Քանզի դեպի քեզ տանող ճանապարհը փակել է
Ու անթիվ տներդ սեփականաշնորհել է
Ուր երկուշաբթիից մինչև կիրակի
Քավարանիդ դուռն ամուր կողպել է:
Ճերմակ, ճերմակ ծխե անըմբռնելի սպիտակ ամպեր
Արտացոլված մակերեսով երկնքին կրկնած հայելի լճեր
Եկել եմ, որ կրկին սիրալիր երկխոսենք
Նստել եմ նույն նստարանին, որ բանակցենք
Բայց էս անգամ առաջարկում եմ բարկացած խոսենք
Ասա’, հիմա անմեղանչել մենք ոնց ապրենք
Որտեղ փնտրենք
Հասցեդ գտնենք
Դուռդ թանկենք
Ու ներս մտնենք:

 

***

Չգիտեմ, էս լի ու բոլ քաղաքում
Ուր մարդն էլ արժեք չի համարվում
Երբ անգամ մարդուն են ծախում
Ինչու էժանով մահ չեն վաճառում
Ինչու է մահը հայտնվում
Անպատեհ ու առանց հրավեր
Անտրամաբանական ու անժամկետ,
Անժամանակ ու անհեթեթ
Առանց զանգել, անզգուշացնել,
Առանց տեղյակ պահել, պայմանավորվել,
Առանց երկկողմանի պայմանագիր կնքել,
Թեկուզ առանց դուռը քացով խփել…
Հայտնվում է ստվերի նման, ծլկում` մեկին թևին խփած հետը տարած:
Չգիտեմ, էս լի ու բոլ քաղաքում,
Երբ վաղուց իրար միս են ուտում
Ինչու են քաղաքի ծերերը սովում
Ու տարին չորս մրսում
Ապրելուց հոգնում, չապրելուց տանջվում
Մեռնում, չըթաղվում, լուռ ծպտվում
Ասելիքս ընդհատում
Խոսքն ավարտում, ձայնագրիչս անջատում
Կոկորդս բռնում, ականջիս հպվում
Ու
Ինչու են ինձնից մահ խնդրում,
Երբ էս լի ու բոլ քաղաքում
Ուր անգամ փողով մարդ են առնում
Ոչ մեկ էժանով մահ չի վաճառում:
Չգիտեմ, երբ էս լի ու բոլ քաղաքում
Քաղաքի ծերերին ոչինչ տալ չի ստացվում
Ինչու մեկն էժանով մահ չի վաճառում
Պահանջարկը լրացնում
Ներկրում կամ արտադրում
Առնում, ծախում հարստանում
Հարստահարում
Անթիվ խմբաքանակները շուկայում իրացնում
Մշտական շրջանառություն ապահովում
Օրենք գրում, օրինական դարձնում
Պաշտոնական դիրքը չարաշահում
Մոնոպոլիզացնում
Կադաստրից դուրս փոր գցում
Ուտում-ուտում այլանդակվում
Անբարեխիղճ մրցակցություն վարում
Ստից տուգանվում
Մահը կեղծում
Որ էս լի ու բոլ քաղաքում,
Ուր վերևից թեև միայն մահ են դակում
Բայց քաղաքի ծերերն ապրելով են մեռնում
Ու իսկական մահն ինձնից են ուզում:

 

Կարևոր է

Կարևոր է, որ էսօր
Երեկվանից ավելի կարևոր օր է
Գրապահարանը դասավորելիս
Համոզվել, որ ամեն մարդ իր տեղում է,
Արկղերը դատարկելիս
Զգալ, որ էսօրվա իրականությունը
Վաղվա համար կարևոր հիշողություն է:
Հուշերը հատակին փռելիս
Հասկանալ, որ քամի, փոթորիկ չէ:
Կարևոր է, որ էսօրվա նամակն էլ լեզվով սոսնձելիս
Երեկվա պես ծրարը շուրթերին մոտ պահելու հոգեմաշ ուղիղ կես ժամը չէ,
Ինքնավստահ ձեռագիր խաղարկելու
Կարևորությունը ժամանակավրեպ չէ,
Գրելիս մտքերի պտտահողմ չէ
Ջնջելիքը վերջը չէ
Դատարկություն, անտառ տարածություն չէ
Նոր սկիզբ է և…
Դեռ չստացած պատասխան նամակին փայլող աչքերով ժպտալն այժմեական է:
Կարևոր է, որ էսօրվա չլսած ձայնասկավառակի մեղեդին
Վաղը ծխնելույզով հոսի ու վայրէջքը լինի նույնքան անսպասելի
Որքան կարևոր է, որ էսօր
Երեկվանից ավելի կարևոր օր է:
Կարևոր է լուսանկարվելիս ժպիտ բեմադրելը
Հետո այն նայելն ու ժպիտով խաբվելը:
Նույնքան կարևոր է
Լուսանկարներ նայելիս գլուխներ չկտրելը,
Ինքնաբուխ վիրահատումներ չանելը
Մարդկանց իրենց դերում թողնելը
Տեղափոխություն չանելը,
Ձևափոխություն չանելը
Զենքով կամ խոսքով չսպանելը
Վերքեր չթողնելը
Անգլուխ կոլաժից չմխիթարվելը
Կարևոր է ուղղակի պարբերաբար լռելը…
Նույնքան կարևոր է
Գրապահարանը դասավորելիս
Կրկին համոզվել, որ ամեն մարդ իր տեղում է:
Կարևոր է ինքնաեռ միացնելը
Անկախ նրանից քնած, թե արթուն
Ու կարևոր է նրա սուլոցից
Դեռ չարթնացած ականջներին բամբակ խրելը:
Կարևոր է նրա սուլոցից համոզվել,
Որ նոր օրն էսօր էլ
Երեկվա պես հորանջելով զարթնել է:
Կարևոր է գիտակցել, որ էսօր
Քայլելիս պարանոցը վզից կախ չէ
Հայացքն ուսապարկում չէ
Աչքերը կիսախուբ չեն
Հեծանիվի անիվներն այլևս երեքը չեն
Ու կարևոր է էսօր
Երեկվանից ավելի կարևոր ժպտալը
Որովհետև կարևոր է հավատալ,
Որ վաղն էսօրվանից ավելի կարևոր օր է

շՍպիտակ մակերես

Սպիտակ կտավ, ինչ անհամբեր ես
Հարցախեղդ արիր մոտավորապես…
Տե’ս ինչ խելքահան գույներ ունեմ
Բերել եմ, որ հարցերիդ պատասխանեմ:
Հիմա ես քեզ կապույտով շաղեմ
Մի քիչ էլ մոխրագույն մշուշ ծորացնեմ,
Որ ամպերի պես ինչքան քեզ կարդամ էլի ընթերցվես
Ամեն վայրկյան այլակերպվես
Ամեն լուսաբաց
Ամեն իրիկուն ծխամորճն առած
Իմաստուն ծերուկի պես
Առաստաղովս
Անշտապ ճեմելով գնաս ու գաս:
Չէ, մեկն ասում է արձանագրված օրենքի պես սև- սպիտակ դարձրու,
Բայց, հարկավ ուզում եմ, օրինախախտի պես
Անաղմուկ ծլկես
Ու սևով արած ձեռնաշղթաները վարդագույն ներկեմ
Կապերը թողած գժի պես կերպարանք դառնաս…
Սպիտակ կտավ ինչ անհամբեր ես
Թող մակերեսդ սկզբում ծածկեմ,
Որ հետո սկիզբը դառնա վերջ, վերջը` սկիզբ
Մեջտեղում էլ ոչինչ
Դատարկ փիլիսոփայեմ,
Որ հարցերիցդ փախնեմ
Ներկայացում բեմադրեմ:
Չէ մեկն ասում է`մակերեսիդ
տափակ բանաստեղծություն վերացարկեմ
Նայեմ քեզ հույզերս արթնացնեմ:
Ավելի լավ է միայն մակագրեմ
Անունս կարդան զարմանան
Հարցնեն բա նկարն ո՞ւր է
Ճամարտակած փիլիսոփայեմ:
Չէ, արի ես քեզնից թղթով գիժ սարքեմ,
Որ քեզ նայելիս սարսափած փախնեմ
Բոլոր գույներն իրարով խառնեմ
Երեսիդ շփացնելով մուռս հանեմ:
Սպիտակ կտավ ինչ անհամբեր ես
Թող կողմնորոշվեմ…
Քեզ թախծոտ աշուն դարձնեմ
Անձրևից թրջվեմ,
Թե նորածին արև, խենթացող գարուն
Սիրեմ, սիրեմ, սիրեմ…
Ավելի լավ է քեզ մի թուխ նժույգ նվիրեմ
Սլանանք երկինք, իջնենք դեպի ցած
Հողը գրոհենք, ոտնահետքերով անդունդեր փորենք,
Խրտնենք, թափառենք վերև, ներքևում
Մի թեթև էլ նարնջագույն վրձնահարված տամ,
Դեռ չխմած հարբենք, հոնգուր-հոնգուր լացենք:
Չէ, ավելի լավ է դեղին կանաչով գծեմ-գծմծեմ
Ու մի անճոռնի ծաղրանկար ստեղծեմ
Ինչքան նայեմ, էնքան քահ-քահ ծիծաղեմ:
Կամ թանձր մանուշակներ երեսիդ փռեմ
Թերթերդ հատ-հատ պոկոտեմ ու նստեմ լացեմ:
Սպիտակ կտավ ինչ անհամբեր ես
Չես տեսնում, որ արդեն նկարվել ես?
Վերջին վագոնով ծանր դղրդում ես
Արդեն ճստլիկ, խորհրդավոր մի կետ ես
Ռելսերդ գնացքիդ հետ պոկել տարել ես
Հիմա լրիվ մութ ես
Ու տեսնո՞ւմ ես նրանց պես գնացել ես
Հարցախեղդ արած
Առանց մեկնաբանության
Առանց հետգրության
Առանց ստորագրության
Անխոս
Անշշուկ
Անհետացել ես:
Իսկ ես կրկին պատասխաններով լի ճամպրուկը ձեռքիս
Մնացել եմ առանց ռելս կեսճանապարհին
Կրկին սպասելով հաջորդ գնացքին:

Share Button

2 Կարծիք

  • Vehanoush Tekian says:

    Լուսին Ստեփանեան, մե՛ծ բանաստեղծ – իմաստուն, յորդուն -Կեցցե՛ս։
    Երկու անգամ կարդացի անհուն գոհունակութեամբ։ Շնորհակալ եմ որ կա՛ս։ Ազգովին պէտք է շնորհակալ ըլլանք։ Աստուած պահապան քեզի։

  • Գևորգ says:

    Չգիտեմ…, մի տեսակ Նարեկացուն հիշեցի… շատ խորն է:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *