Դավիթ Պողոսյան | Մանկության հուշեր

Դավիթ Պողոսյան

You cannot escape the responsibility of tomorrow by evading it today. Abraham Lincoln

(Դուք չեք կարող խուսափել վաղվա պատասխանատվությունից, խուսափելով դրանից այսօր: Աբրահամ Լինքոլն)

Ով չունի մանկության հուշեր, ուրախ կամ տխուր, միևնույնն է դրանք մեզ չեն լքում ողջ կյանքում։
Ահա մի պատմություն իմ մանկության հուշերից։
1994 թվական, մութ ու ցուրտ տարիներ, ոչ լույս կար, ոչ էլ հույս կար որ կլիներ։ Ձմռանը անտանելի ձանձրալի էր, ինձ համար առավել ևս, քանի – որ իմ հաշմանդամությունը ինձ թույլ չէր տալիս որ ինքս ինձ ինչ – որ բանով զբաղեցնեի։ Սակայն ամառն այլ էր, սայլակով դուրս էի գալիս բակ, մեկ – մեկ էլ հանգստյան օրերին, երբ զարմիկներս ինձ այցելության էին գալիս, սայլակով ինձ ավելի հեռուն էին տանում, զբոսայգի կամ ուղղակի քայլում էինք փողոցով։ Մի կողմից լավ էր այն ժամանակ, հատկպես երեխաների համար, չկար այն կախվածությունը համակարգիչներից ու Iphone կոչվածից։ Երբ գալիս էր արձակուրդների ժամանակը մենք մեկնում էինք գյուղեր հանգստանալու, հատկապես մորական պապիկ – տատաիկի տուն, որը գտնվում էր Արտաշատի շրջանի Մրգավան գյուղում, որտեղից հրաշալի տեսարան էր բացվում դեպի Արարատ լեռը։
Այնտեղ տան կողքին մի մեծ թթենու ծառ կար։ Ամռան օրերին, հատկապես առավոտյան ժամերին, ծառի վրա կարելի էր տեսնել վարդագույն սարյակների, նույն «թթի ղուշեր» – ի, որոնց արտաշատի բարբառով «բալաք» էին անվանում։ Ես չգիտեմ թէ ինչու էին այդպես անվանում, մենք դրան մի քիչ ուշ կանդրադառնանք։
Գյուղի բնակիչների մեծ մասը Պարսկաստանի Խոյ նահանգից ներգաղթյալներ են, հողագործ աշխատասեր մի ժողովուրդ, որի հիմնական զբաղմունքը խաղողագործությունն էր։ Այդ տարիներին գյուղը ոռոգման ջրի խնդիր ուներ, պետք է գիշերները հերթի պահեին իրենց հողակտորները ջրելու համար։ Եվ ահա այդ տարի այնպես ստացվեց, որ մեր այցելությունը գյուղ համընկավ «բալաքների» ամենաակտիվ սեզոնի հետ։ Եղբորս հետ մենք կառչում էինք մեր քեռու թևերից և խնդրում, որ նա մեզ համար հրացանով «բալաք» որսար, նա էլ մեզ չվիրավորելու համար կատարում էր մեր խնդրանքը, վերցնում էր հրացանն ու մի երկու կրակոցով «կյանքից զրկում էր» այդ գեղեցիկ թռչուններից մի քանիսին։ Այնուհետև մենք դրանք խորովում էինք, արտակարգ համեղ միս ունեն, բայց կարծում եմ մենք այն ժամանակ ավելի շատ հրացանից կրակելու վրա էինք ուրախանում։
Եղբայրս լավ չէր սնվում, մայրս անհանգստանում էր նրա համար։ Մեր բարեկամուհին Արտաշատի հիվանդանոցում էր աշխատում և խորհուրդ տվեց տանել եղբորս հիվանդանոց և հեմոգլոբինը ստուգելու համար արյուն հանձնել։ Մայրս համաձայնվեց և նրանք հիվանդանոց գնալու համար օր պայմանավորվեցին։ Հիշում եմ, մի պայծառ արարատյան առավոտ նրանք գնացին, ես մնացի քեռուս մոտ, նորից մտադիր էինք «բալաք» որսալ, բայց չգիտես ինչու այդ օրը նրանք իրենց սովորական նախաճաշից ուշացել էին։ Տան բակում մի մահճակալ կար դրված, քեռիս ասեց՝

– Դավիդ ջան արի դու պառկիր այստեղ, ես էլ բերեմ հեծանիվիս անիվները նորոգեմ։

Հետո նա ինձ հարմար տեղավորեց մահճակալի վրա, որպեսզի տեսնեմ թէ նա ինչպես է նորոգում հեծանիվը։ Քանի դեռ մենք հեծանիվով էինք զբաղված, ամբողջ գիշեր հերթ պահելուց հետո պապիկս կարճ ժամանակով եկավ տուն մի փոքր հանգստանալու և նախաճաշելու համար։ Մի տեսակ նա շտապում էր, երևի մտածում էր հերթը չանցնի, որ նորից այդ հերթին չսպասի։ Այն մահճակալից, որտեղ ես էի պառկած, ոչ շատ հեռու մի սեղան կար դրված և մինչ պապիկս կլվացվեր, տատիկս նախաճաշը դրեց սեղանին։ Դրա մեջ մտնում էր հաց, երկու հատ թերխաշ ձու, բանջարեղեն։ Ահա պապիկս տեղավորվեց սեղանի մոտ (ուշադրություն պապիկս շտապում էր ։) )։ Տատիկս մոռացել էր լոլիկ դներ սեղանին ու պապիկս տարակուսած հարցրեց՝

– Ամալիա պամիդորն յու՞ր ի:

Նա էլ թէ՝

– Մկա կպերեմ։

Ու տատիկս գնաց լոլիկի ետևից։ Անցավ մի որոշ ժամանակ, մոտ մի 7 – 8 րոպե, բայց տատիկս չկա ու չկա։ Պապիկս տեղից վեր կացավ, գնաց, աստված գիտի որտեղից, իր համար երկու կարմրաթուշ լոլիկ ճարեց, լվաց, դրեց իր ափսեի մեջ ու շարունակեց իր նախաճաշը։ Քիչ անց տատիկս երեք լոլիկ ձեռքին եկավ, լվաց, տարավ դրեց պապիկիս բերած լոլիկների մոտ ու գնաց։ Հազիվ էր հեռացել մոտ մի երեք մետրի չափ, մեկ էլ մի ուժեղ «ճլըտոց» լսեցի, հայացքս գցեցի տատիս վրա, առաջին հարվածի պահը բաց էի թողել, տատիկիս ճակատին ծեփված լոլիկ տեսա։ Դրան հետևեց երկրորդը – «ճլըտ», երրորդը – «ճլըտ», հերթով շարվում են տատիկիս ճակատին, այնուհետև խաշած ձվերը կրկնում են լոլիկների անցած ճանապարհը և իրենց հանգրվանը գտնելով տատիկիս ճակատին դառնում են լոլիկով ձվաձեղ ։):
Լոլիկներից մեկը նետելուց հետո դիպչեց քեռուս, պապիկս զայրացած ասաց՝

– Տու կնացիր էս էրկու ժամ մլուլ էս տալի ․․․

Եվ սեղանը ափսեներով հանդերձ շուռ տվեց։ Քանի – որ տատիկս շատ էր ուշացել ու ջրելու ժամը անցել էր, պապս բղավում էր՝

– Ես քեզ ասես եմ վռազես եմ, տու կնացիր ես երկու ժամ մլուլ էս տալի։

Ահա կրքերը հանդարտվեցին, պապիկս այլևս դաշտ չգնաց այդ օրը, հոնքերը կիտած գնաց նստեց մի անկյունում, սկսեց կոշիկը կարել (նորոգել)։ Իսկ տատիկս գնաց մազերը լվաց, սանրեց և 60 – ականների «American gangsters» – ների նման նստեց մի փոքրիկ աթոռի ու սկսեց ինձ համար անհասկանալի բարբառով մենախոսությունը։ Այդ ընթացքում ես ու քեռիս «զոհվել» էինք ծիծաղից։ Մայրս ու եղբայրս վերադարձան մի կապ շոկոլադե սալիկներ առած։ Բանից պարզվել էր ոչ թէ եղբորս հեմոգլոբինն էր ցածր, այլ մորս։ Բանից անտեղյակ եղբայրս սկսեց մեզ շոկոլադ հյուրասիրել, առաջինը պապիկին տվեց, պապիկս խիստ նեղսրտսծ տոնով ասաց՝

– Տար տուր տատիկիդ։

Եղբայրս տարավ որ տա տատիկին, նա կարծես բեմի վրա լիներ, այնպիսի դրամատիկ դեմքով ասաց՝

– Բալաս, ես ինչ պետք էր արդեն կերա։

Մայրս քեռուս տարակուսած հարցրեց, թե ինչ է պատահել։ Ես ու քեռիս մի կերպ ուշքի գալով պատմեցինք եղելությունը։ Այդ օրվանից ի վեր ես մի դաս քաղեցի կյանքից, որ պետք է յուրաքանչյուր հարցում լինել պարտաճանաչ և պատասխանատու անձ, այլապես լոլիկները գլխիդ կգան։ ։)

Նորայրի եվ Ամալիայի համար

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *