Սերգեյ Դովլաթով | Մարդ եմ փնտրում

Չորս տարի անց լրագրող Ագապովայի դեմքին խոր սպի կհայտնվի մետաղյա գծագրական քանոնի հարվածից: Խելագար ոռնոցով նրա վրա կհարձակվի ինքնուս ճարտարապետ Դեգտյարենկոն՝ այդպես էլ եթեր չարձակված «Հստակություն» հրապարակախոսական ռադիոհաղորդման հերոսը: Այդ այլանդակ տեսարանից վեց շաբաթ առաջ լրագրողուհուն առաջին անգամ կպատմեն «Մոբիլե կոոպերատո» նախագծի եւ այն արարող հանճարի՝ Տալլինի ֆաբրիկաներից մեկի սեւագործ բանվորի մասին: Ագապովան ակնարկ կգրի «Հանդիպում հետաքրքիր մարդու հետ» խորագրի համար: Տեխնիկական բաժինը կպահանջի նախագծերը: Փորձագետ Չուբարովը խնամված ձեռքերի մեջ մի վայրկյան կպահի պատճենաթղթի կեղտոտ, թրթռուն թերթիկներն ու այսպես կարտահայտվի.
– Ինքնատի՜պ է: Շա՜տ ինքնատիպ է:
Լրագրողուհին թեթեւացած ու հպարտությամբ կբացականչի.
– Նա ընդամենը չորրորդ դասարանի կրթություն ունի:
– Իսկ դո՞ւք,- քամահրանքով կհետաքրքվի փորձագետը:- Գիտե՞ք սա ինչ է:
– Մոբիլե կոոպերատո: Շարժական տուն: Ապագայի կացարանը…
– Սա վագոն է,- կընդհատի Չուբարովը,- սովորական վագոն: Իսկ ձեր Լը Կորբյուզեին պետք է շտապ հիվանդանոց տանել: Հարյուր տոկոսանոց շիզոֆրենիկ է: Հանկարծ չկծի՜ ձեզ, Լիդոչկա…
Հաղորդումն անմիջապես կխոտանեն: Հուսախաբ եղած՝ Դեգտյարենկոն մետաղյա քանոնով կխփի Լիդայի գլխին: Տալինի ռադիոյի արտահաստիքային թղթակցի կարիերան տեւական ժամանակով կընդհատվի…
Այդ ամենը կկատարվի չորս տարի անց: Առայժմ հետեւում ենք նրան մինչեւ տրամվայի կանգառ:
Մինչ այդ գորշ առավոտ էր եղել, ավելի վաղ՝ գիշեր: Քնատ աղավնին, թիթեղը ճանկռելով, շրջում էր քիվի վրայով: Հետո՝ զարթուցիչ, պաղ հողաթափեր, հրմշտոց զուգարանի դռանը, թեյ, ծամածռված թաց պանիր, էլեկտրասափրիչի գվվոց, ամուսինը շտապում է աշխատանքի: Դուստրը. «Կարծեմ խնդրե՜լ էի՝ ձեռ չտա՜ք խալաթիս»… Եվ վերջապես՝ անտարբեր փողոցների ցուրտը, քամին, ցինկե ջրափոսերը, գանգրամազ շնիկները պուրակում, տրամվայի դղրդոցը…
Փորձեմ նկարագրել նրան: Չնայած Ագապովայի արտաքինը էական նշանակություն չունի:
Արտասահմանյան ռետինե կոշիկներ: Ծանր դարչնագույն կիսաշրջազգեստը չի ընդգծում քայլքը: Կայծակ ճարմանդով սինթետիկ բաճկոնակը շրշում է: Երկնագույն գագաթով կեպին տարազային է՝ Տալլինի պոլիտեխնիկականի: Դեմքը վճռական է, մշտապես մրսած: Շպարի ոչ մի հետք: ժպիտի ծայրին՝ բացակայող ատամ: Միայն աչքերն են զարմանում, հոնքերն անշարժ են, ինչպես վերջնագծի ժապավեն…
Հետեւում ենք մեր հերոսուհուն: Տրամվայի կանգառը…
«Տե՜ս ջահել աղջիկներն ինչ լա՜վ են հագնվում: Վերարկուն մի բան չի, բայց՝ արտասահմանյան: Կոճակների փոխարեն ինչ-որ եղեւնու կոներ… Բայց նայվո՜ւմ է… Կամ էս մեկը, արտա-հագուստով… Հետույքին՝ կապույտ տերեփուկներ… Հպարտ քայլվածք, ոնց որ Լոլոբրիջիդայինը… Ամռանը մեկին էլ տեսա, ոտաբոբիկ… Քաղաքի կենտրոնում… Ո՜նց էր գնում, ո՜նց էր ձեւ անում… Կարծես թե իմ հագածն էլ լրիվ արտասահմանյան է, ժողովրդական դեմոկրատիայի երկրներից: Բայց տեսք չունի…. Որտեղի՞ց են ճարում: Արտասահմանցիների հե՞տ են ման գալիս: Ամո՜թ… Բայց նայվո՜ւմ է…»:
Տրամվայի դռները ծանր բացվեցին: Կարճ ու տառապալից գրոհ: Նրա ճանապարհը մի լայն զինվորական թիկունք էր փակել: Այտը սեղմվեց խավամազ խեղդող գործվածքին… Կառչեց բռնակից…
– Կոպեկը մի գցեք…
Լիդան երերում է մետաղյա տոմսարկղի գլխին:
– Անցեք, անցեք, կանգնել-մնացել է օտարի պես…
Դլխավորը՝ չջղայնանալ, հումորով վերաբերվել: Պիկ ժամ է,
սովորական բան: Դլխավորը դրական հույզերի աղբյուր գտնելն է: Այ, տատիկին տեղ տվին: Ուսանողը կոնսպեկտներն է
թերթում: Նույնիսկ զինվորականը բարեկիրթ դեմք ունի…
Եվ կրկին՝ փողոց, մեքենաներ, մարդիկ… Մարդկանց ու մե-քենաների հաճելիորեն հուզիչ անտարբերություն: Հետո՝ նախասրահը, լայն մարմարե սանդուղքը, մաշված ծալքատեղերով գորգուղյակները… Ցուցանակ՝ «Պրոպագանդայի բաժին»:
Լիդան թակեց դուռն ու ներս մտավ: Բոլորն անասելի ուրա-խացան: Կուլեշովը հերթական գռեհկությունը դուրս տվեց: Վերոչկա Կոտովան ժպտաց՝ առանց գլուխը բարձրացնելու: Ժենյա Տյուրինը օգնեց հանել բաճկոնը: Մորալեւիչը հարցրեց.
– Հինգշաբթի լսեցի՞ր: Յուրնան շատ գոհ է:
– Ճի՞շտ:
Սենյակում ծխում էր հավերժական անհաջողակ Վալլա Չմուտովը: Չմուտովը դերասան էր: Օժտված էր բնատուր շնորհով՝ գեղեցիկ, ցածր, զարմանալի հնչերանգով ձայն ուներ: Հաղորդավար էր: Վեց ամիս առաջ նրա հետ ողբերգական դեպք պատահեց:
Չմուտովը վաղ առավոտյան պիտի բացեր հաղորդումը, որն ուղիղ եթեր էր գնում: Ընդամենը մի քանի բառ էր ասելու. «Սիրելի ռադիոլսողներ: Եթերում «Ողջույն, ընկեր» ամենշաբաթյա ծրագիրն է»»: Ու վերջ: Մնացածը՝ երաժշտություն ու ձայնագրություն: Ու Չմուտովը ստանում է իր տասնմեկ ռուբլին:
Չմուտովը մտավ խցիկ: Նստեց: Մոտ բերեց խոսափողը: Մտքում կրկնեց տեքստը: Ծալեց թեզանիքները, որ ճարմանդները չշխկան սեղանին: Սպասեց՝ երբ կվառվի «Եթեր» գրությամբ լամպը: Երեկվա խմածից հոգին տրտում էր: Լամպը չէր միանում:
– Սիրելի ռադիոլսողներ,- մտախոհ ասաց Չմուտովը:
Պորտվեյնից խարկված լեզուն դժվար էր շարժվում: Լամպը չէր միանում:
– Սիրելի ռադիոլսողներ,- կրկնեց Չմուտովը,- ի՜նչ զզվանք է, զզվանք, զզվանք… Սիրելի ռադիոլսողներ… Հա, էրեկ իզուր համը հանեցի…
Լամպը չէր միանում: Ինչպես պարզվեց՝ վառվել էր… Այդպիսի բան հարյուր տարին մեկ է լինում…
Եթերում ամենշաբաթյա ծրագիրն է,- մարզվում էր Չմուտովը վե՛րջ, դրա մերը, թարգը տալիս եմ…
Ապակուց այն կողմ հայտնվեց խմբագրի աղճատված դեմ
քը: Չմուտովը սառավ: Դուռը բացվեց: Դիմադրող հաղորդավարին դուրս շպրտեցին սանդղահարթակ: Նրա խումհարահոտ խոսքը սփռվել էր աշխարհով մեկ: Դերասանն ազատվեց աշխատանքից: Պատմությունը չի ավարտվում:
Չմուտովը մեկնեց Պսկով: Որպես հաղորդավար աշխատանքի ընդունվեց ռադիոյում: Տեղական ռադիոհեռարձակումը օրական ժամուկես էր: Մնացած ժամանակը զբաղեցնում էին Մոսկվան ու Լենինգրադը: Չմուտովը երանության մեջ էր: Նրան գնահատում էին որպես մայրաքաղաքային վարպետի:
Մի անգամ նա հաղորդում էր վարում: Հանկարծ դուռը ճռռաց: Մտավ մի մեծ դարչնագույն շուն: (Ո՞ւմն է: Որտեղի՞ց): Չմուտովը զգույշ շոյեց նրան: Շունը ծալեց ականջներն ու կկոցեց աչքերը: Քիթը պսպղում էր բռնցքամարտի պստլիկ ձեռնոցի պես:
– Գյուղի աշխատավորները զեկուցում են,- ցածր բարիտոնով ասաց Չմուտովը:
Այստեղ շունը անսպասելի հաչաց: Գուցե՝ երջանկությունից: Շոյանքով, ըստ երեւույթին, նրան երես չէին տվել:
– Գյուղի աշխատողները զեկուցում են… Հա՛ֆ, հա՛ֆ, հա՛ ֆ…
Չմուտովին նորից ազատեցին: Հիմա արդեն՝ ընդմիշտ եւ
ամեն տեղից: Երբ պատմեց շան մասին, չհավատացին: Որոշեցին, որ ինքն է հաչել, խումհարից:
Չմուտովը մեկնեց Լենինգրադ: Օրեր շարունակ նստում էր ռադիոյում: Սպասում էր իր ժամին…
Բոլորը խուսափում են անհաջողակներից: Լիդան նրան ժպտում էր:
Պրոպագանդայի բաժնին Ագապովան վաղուց էր թղթակցում: Բոլորը նրան սիրում էին: Ահա վարիչ Նինա Իգնատեւնան էլ սիրալիր գլխով արեց.
– Լի՛դոչկա, անցեք ինձ մոտ:
Առանձնասենյակում լռություն է, հղկափայլ սեղան, անհաինքնահոս գրիչներ: Պահարաններում, ապակիներից այն կողմ, երեւում են հուշանվերներն ու հանրագիտարանների կազմակողերը: Վարիչի սեղանին՝ ձեռագրեր, թերթային կտրածոներ: Գզրոցում՝ շրթներկ, հայելի ու տուշ: Մարդկանց հաճելի է. երիտասարդ հետաքրքիր կինը՝ այդպիսի լուրջ աշխատասենյակում:
– Լի՛դոչկա, ուզում եմ ձեզ նոր խորագիր առաջարկել: «Հանդիպում հետաքրքիր մարդու հետ»: Ընդ որում, պարտադիր չէ՝ գիտնականի կամ տիեզերագնացի հետ: Ընդգրկումը չափազանց մեծ է: Պատկառելի հոբբի, անսպասելի հրապուրանք, կենսագրության որեւէ մանրամասն: Ենթադրենք՝ լուրջ նոմենկլատուրային գլխավոր հաշվապահը… Չգիտեմ… Ինչ որ կուզեք… Չեմ պատկերացնում… Ենթադրենք՝ գաղտնի…
– Պղծում է դեռահասներին,- հուշեց Լիդոչկան:
– Ուրիշ բան նկատի ունեի: Ենթադրենք՝ գաղտնի…
– Դրոշմանիշեր է հավաքում…
– Այդ ոգով մի բան: Միայն թե սոցիալական առումով առավել նշանակալի: Ենթադրենք միլիցիոներն ինչ-որ մեկին օգնում է գտնել հարազատ մարդուն… Այդպիսի մի բան…
– Դրա մասին կինո կա:
– Կոնկրետ բան առաջարկել չեմ կարող: Պետք է մտածել: Այ, օրինակ, «Կալեւ» ֆաբրիկայում «Միայնակ կնոջ» նկարահանումներն էին: Հիշո՞ւմ եք, դերասանուհին Դորոնինան էր: Նկարահանումներին մասնակցող տղան տասը տարի անց աշխատանքի է անցել արտադրամասերից մեկում:
– Ինձ այդ թեման դուր է գալիս,- ասաց Լիդան:- Ես այն զգում եմ:
– Արվիդ Կիիյսկն այդ թեման արդեն օգտագործել է: Սկզբունքը նկատի ունեմ: Պիտի ձերը գտնեք: Ենթադրենք, ծեր գեներալը պառկել է վիրահատության: Ու հանձին վիրաբույժի ճանաչում է նախկին սպասյակին…
– Ազգանո՞ւնը,- հարցրեց Լիդան:
– Ո՞ւմ:
– Ի՞նչ է գեներալի ազգանունը: Կամ սպասյակի:
Ախր պայմանական եմ ասում… Գլխավորն այստեղ անս-պասելիությունն է, հանելուկը, դիպվածը… Բազմապլան կյանքը…Դրսից մի բան է, ներսից՝ մեկ ուրիշ…
Շատերի կյանքն է էդպես,- հառաչեց Լիդան:
Մի խոսքով՝ գործի անցեք,- աննկատ գրգռվածությամբ ասաց Նինա Իգնատեւնան:
Լիդոչկան դուրս եկավ աշխատասենյակից:
Հետաքրքիր մարդիկ նրան մանկուց էին շրջապատում: Հայրը ծանոթ էր էրենբուրգի հետ: Դպրոցի նկարչության ուսուցիչը
չճանաչված հանճարի համարում ուներ: Հետո նրան մի բանդիտ էր սիրահետում ու նույնիսկ բանաստեղծություն նվիրեց: ինստիտուտի պրոֆեսորներն ապշեցնում էին իրենց խենթություններով: Նրանցից մեկի շալվարն, օրինակ, միշտ չկոճկված էր: Հետաքրքիր մարդ էր ամուսինը, ավագ տնտեսագետ, բայց տառասխալներով է գրում: Դուստրը հանելուկային էր թվում, միշտ լուռ էր: Իսկ վերջին ժամանակներս՝ այն աստիճան, որ Լիդան մտածեց՝ հո հղի չի՞… Տնային կառավարչությունից էլեկտրիկ կանչեցին, պարզվեց՝ նստած է եղել, վայ թե սպանության համար: Մի խոսքով՝ բոլոր մարդիկ էլ հետաքրքիր են, եթե խորանաս…
Մասնագիտությամբ Լիդոչկան բժիշկ-հիգիենիստ էր: Սկսեց հիշել նախկին համակուրսեցիներին: Պավինսկին, Ռոժինը, Յանկելեւիչը, Ֆեոֆանովը… Միշչենկոն, կարծես, սպորտով էր զբաղվում: Լեւինը գիտության ասպարեզ մտավ… Լեւ՜ինը, Բորկա Լեւ՜ինը, պրոֆեսոր, խելքի ծով, գիտությունների դոկտոր… Ասում են՝ վերջերս Ֆրանսիա էր մեկնել…
Ագապովան հանեց նոթատետրն ու մաքուր էջին գրեց՝ Լեւին:
Սկսեց հիշել ամուսնու ծանոթներին: Իհարկե, նույնպես հետաքրքիր մարդիկ են: Տնտեսագետներ: Կալինինը, օրինակ, պնդում է, թե գործազրկությունն առաջընթացի խթանիչ է: Թե չէ բոլորը գիտեն՝ իրենց գործից չեն ազատի: Իսկ եթե ազատեն էլ՝ ոչինչ: Կանցնի դիմացի մայթն ու աշխատանքի կտեղավորվի կողքի գործարանում: Այսինքն, կարելի է բացակայել, չարաշահել… Կալինինը դժվար թե հարմար գա: Չափազանց առաջադեմ է… Իսկ էդ Մերկինը ընդհանրապե՜ս… Հարցնում են՝ ի՞նչը կարող է կտրուկ զարգացնել մեր տնտեսությունը: Պատասխանում է՝ պատերազմը: Պատերազմը եւ միայն պատերազմը: Պատերազմը կարգապահություն է, գիտակցականության աճ: Ցանկացած թերություն պատերազմին կվերագրվի… Կարծում եմ՝ Մերկինն էլ հարմար չի… Այ, օրերս մի բանասեր էր եկել ծանոթ լրագրողուհու հետ… Կամ վայ թե նույնիսկ թարգմանիչ էր: Ուղեկցորդող զորքերում, ասում է, պահնորդ է եղել: Սարսափելի բաներ էր պատմում… Ազգանունը ռուսական չէր՝ Ալիխանով: Անկասկած՝ հետաքրքիր մարդ է…
Այդպես Լեւինի կողքին նոթատետրում հայտնվեց Ալիխա- նովը:
Այ, մի թեկնածու էլ գտնվե՜ր… Եվ այսւոեղ Լիդան հիշեց, որ հարեւաններին Պորխովից հյուր է եկել ազգականը: Թե՞ ծանոթը: Միլկա Օսինսկայան ինչ-որ բան էր պատմում բակում: Հանելուկային ճակատագրով մեկը: Վայ թե՝ բռնադատված, կամ՝ հակառակը… Գավառական ղեկավարը հետաքրքիր է: Դա կարելի է ինքնատիպ օգտագործել: Իբր չկա աշխարհագրական գավառ, գավառամտությունը հոգեւոր է…
Այսպես Լեւինի ու Ալիխանովի կողքին հարցական նշան հայտնվեց: Եվ փակագծում՝ Միլկա Օ-ի ազգականը…
Կարելի էր պահեստում ունենալ ընթերցասեր տնային կառավարչին: Սիմենոնով էր հետաքրքրվում: Բայց Լիդան նրա հետ առճակատման մեջ էր մշտապես լիքը աղբարկղերի պատճառով… Լա՜վ… Պետք է գործի անցնել…
– Ցտեսություն, Վերոչկա, տղանե՜ր…
– Ագա՛պովա, չկորե՛ս…
Զանգեց Բորկա Լեւինին՝ հիվանդանոց: Սա ճանաչեց, ուրախացավ, պայմանավորվեցին հանդիպել:
Նախկին պահնորդը, պարզվեց, տանն էր:
– Եկեք,- ասաց,- ու եթե կարելի է՝ երեք շիշ գարեջուր առեք: Փողն անմիջապես կվերադարձնեմ:
Լիդան մտավ Կարյա փողոցի մթերայինը, գարեջուր գնեց: Շենքը նորակառույցների շրջանում է: Մի շքամուտքից մյուսը՝ մի կիլոմետր…
Ալիխանովը դիմավորեց շեմին: Հսկայական երիտասարդ էր՝ նեղ ճակատով ու թուլակամ կզակով: Աչքերում ինչ-որ կեղծ նեապոլիտանական բան էր փայլում: Ինչ-որ անլուրջ ու անգրագետ խոսակցություն սկսեց ու ոչ մի կերպ ավարտել չէր կարողանում.
– Ինչո՞վ եմ պարտական, Լի՛դոչկա, այն համընթաց քամուն, որը… որին… Գարեջուր ճարեցի՞ք: Խելո՜քս: Հանվեք: Այստեղ ահավոր թափթփած է:
Սենյակը սարսափելի տպավորություն էր թողնում: Բազմոցը թաղվել էր թղթերի ու մոխրի մեջ: Սեղանը խեղդված էր գրքերի կույտի տակ: Նախապատերազմյան գրամեքենայի սեւ կմախքը: Պատին՝ ինչ-որ ժանգոտ յաթաղան: Կեղտոտ ամանեղեն ու շառագույն մրուր՝ գավաթներում: Ծովատառեխի փայլատ շեղբերը՝ թերթի պատառի վրա…
– Էս կողմ եկեք: Էստեղ մի քիչ մաքուր է:
Վերակացուն բացեց գարեջուրը:
– Հա՜, յուրահատուկ է ձեզ մոտ,- ասաց Լիդան:- Ես, ախր, մասնագիտությամբ հիգիենիստ եմ:
– Իսկ ես, եթե կարելի է այդպես արտահայտվել՝ հակառակը: Հակասանիտարական վիճակի համար տարել են ընկերական դատարան:
– Եվ ինչո՞վ ավարտվեց:
– Ոչնչով: Ըմբոստ ոգի խաղացի: Պոետ եմ, իբր, յոգ, բուդդիստ ու կեղտի մեջ եմ ապրում… Գարեջուր կուզե՞ք:
– Չեմ խմում:
– Ահա փողը: Մի ռուբլի, տասնմեկ:
– Դատարկ բա՜ն է,- ասաց Լիդան:
– Ո՛չ, կներեք,- ըմբոստացավ Ալիխանովը:
Լիդան մանրադրամը լցրեց գրպանը: Վերակացուն վարպետորեն խմեց հենց շշից:
– Թեթեւացա,- մտերմաբար ասաց նա: Հետո նորից փորձեց, արդեն գրոհով, հաղթահարել ծանրաշունչ դարձվածքը:- Ինչո՞վ եմ պարտական, կարելի է ասել, այն անսպասելի հաճույքին, որ…
– Դուք բանասե՞ր եք,- հարցրեց Ագապովան:
– Ավելի ստույգ՝ լեզվաբան: Զբաղվում եմ ռուսական «Շչը»-ի հնչութաբանական հիմնախնդրով…
– Այդպիսի խնդի՞ր կա:
– Ամենակենսականներից է… Լսեք, ի՞նչ է պատահել: Ինչո՞վ եմ պարտական անսպասելի հաճույքին՝ տեսնելու…
Պահնորդը երկրորդ շիշն էր դատարկում:
– Ռադիոհաղորդում ենք պատրաստում՝ «Հանդիպում հետաքրքիր մարդու հետ»: Ինքնատիպ կենսագրությամբ հերոս է պետք: Դուք բանասեր եք: Ավելի ստույգ՝ լեզվաբան: Նախկին պահնորդ: Բազմանիստ կյանքի մարդ… Ձեր կյանքը բազմանի՞ստ է:
– Վերջին ժամանակներս՝ այո,- ազնվորեն պատասխանեց պահնորդը:
– Մանրամասն պատմեք ձեր բանասիրական հետազոտությունների մասին: Ցանկալի է՝ մատչելի կերպով:
– Ավելի լավ է ռեֆերատս տամ: Գլուխս մի տեսակ լավ չի աշխատում: Էստեղերանք էր: Հիմա կգտնեմ:
Ալիխանովը նետվեց դեպի թղթե նստվածքները:
– Հաջորդ անգամ,- հանգստացրեց Լիդան:- Երեւի էլի հանդիպենք: Սա նախնական զրույց էր: Ուզում եմ հարցնել… Դուք պահնորդ եք եղել: Դա վտանգավո՞ր է, վտանգ կա՞ր, սարսափելի՞ էր:
Ալիխանովը չուզելով մտածեց.
– Վտանգ, իհարկե, կար: Օղի, ախր, շատ էինք խմում: Լոսյոնից էլ չէինք հրաժարվում: Ասում են՝ ազդում է սրտին…
– Կալանավորներին նկատի ունեի: Ախր սարսափելի մարդիկ են: Ոչ մի սրբություն չունեն…
– Սովորական մարդիկ են,-երրորդ շիշը բացելով՝ ասաց Ալիխանովը:
– Ես շատ եմ կարդացել: Ուրիշ աշխարհ է… Իր օրենքներով… Խիզախություն է պետք… Դուք խիզա՞խ մարդ եք:
Ալիխանովը վերջնականապես շփոթվեց:
– Լյուբա,- ասաց նա:
– Լիդա:
– Լի՜դա,- համարյա ճչաց Ալիխանովը:- Հիմա վեց ռուբլի կճարեմ: Մարդասեր հարեւաններ ունեմ: Կեսլիտրանոց ու չոր զինի կվերցնենք: Գլուխս մի տեսակ վատ է աշխատում:
– Ես չեմ խմում: Դուք խիզա՞խ մարդ եք:
– Չգիտեմ: Առաջ երկու լիտր խմում էի: Հիմա յոթ հարյուր գրամից շաղվում եմ… Տարի՜քը…
– Չեք հասկանում: Ինձ ինքնատիպ մարդ է պետք, հետաքրքիր անհատականություն: Դուք բանասեր եք, նուրբ զգացողությամբ օժտված անհատ: Մինչ այդ պահնորդ եք եղել: Ամեն օր վտանգել եք ձեզ: Հոգու նրբությունը հաճախ զուգորդվում է ֆիզիկական կոպտությանը…
– Ես ձեզ ե՞րբ կոպտեցի:
– Ինձ չէ: Դուք պահպանում էիք կալանավորներին:
– Ավելի շատ մեզ էինք պահպանում:
– Որտեղի՞ց է այդ սպին: Միայն թե առանց համեստության, խնդրում եմ…
– Սպի չի,- ճչաց Ալիխանովը, – չիբան է: Քորեցի… Կներեք…
– Համենայնդեպս, կուզեի իմանալ՝ ի՞նչ էիք զգում Հյուսիսում: Պատկերավոր ասած՝ ինչի՞ մասին էր լռում տունդրան:
– Ի՞նչ:
– Ինչի՞ մասին էր լռում տունդրան:
– Լիդա,- ահավոր գոռաց Ալիխանովը:- Ես այլեւս չեմ կարող: Ես պիտանի չեմ ռադիոհաղորդման համար: Երեկ հարբել եմ: Պարտքեր ու ալիմենտներ ունեմ: Ինձ հիշատակել է «Գերմանական ալիքը»: Ինչ-որ առումով այլախոհ եմ: Ձեզ կազատեն աշխատանքից… Գործ չունեք…
Լիդան պտտեց-հագցրեց ինքնահոսի կափարիչը:
– Ափսո՜ս,- ասաց նա,- հետաքրքիր նյութ էր: Ցտեսություն: Կզանգեմ: Իսկ մինչ այդ գտեք ռեֆերատը…
Պահնորդը կանգնել էր՝ ուժատ ու գույնը գցած:
– Մի՛ րոպե,- ասաց նա,- ես էլ եմ գալիս: Մարդասեր հարեւաններ ունեմ…
Սանդղավանդակում բաժանվեցին: Լիդան իջավ ներքեւ: Ալիխանովը կայծակի պես թռավ չորրորդ հարկ…
Լեւինը գրկեց Լիդային ու երկար նայում էր:
– Հա՜,- ասաց նա,- տարիներն անցնում են, տարիներն անցնո՜ւմ են…
– Ծերացե՞լ եմ:
– Ոնց ասեմ… Ձեւի ես եկել…
– Իսկ դու փչվել ես: Ամո՜թ: Գալինան տա՞նն է:
– ժողովի է դպրոցում: Մեր տղան խուլիգան է մեծանում… Չաղանո՞ւմ եմ, ասում ես: Կինս խորհուրդ է տալիս. «Լավ կլինի առավոտները վազես»: Իսկ ես ասում եմ. «Մեկ որ վազեցի, էլ հետ չեմ գա…»: Սուրճ կխմե՞ս: Հանվի …
– Միայն ձեզնից հետո, բժիշկ,- հին կատակը հիշեց Լիդան:
Անցան հյուրասենյակ: Ձողաջահ՝ վառված լուսամփոփով:
Արտասահմանյան ամսագրեր՝ լուսամուտի գոգին:
– Լավ է քեզ մոտ,- ասաց Լիդան,- նոր բնակարաններում սարսափում ես: Ամեն ինչ հղկված, լիքը բյուրեղապակի…
– Բյուրեղապակի ես էլ ունեմ,- պարծեցավ Լեւինը:
– Ո՞ւր է:
– Գրավատանը:
– Էլի քաղցկեղածիններո՞վ ես զբաղվում:
– Ըհը՜:
– Պատմի:
– Մի րոպե, թեյնիկը դնեմ կրակին:
– Սպասում եմ…
Լիդան հանեց նոթատետրը, գրիչն ու «ԲՏ» սիգարետների տուփը:
Լեւինը վերադարձավ: Ծխեցին:
– Ֆրանսիայո՞ւմ էիր:
– Երկու շաբաթ:
– Ու ո՞նց էր:
– Սովորական:
– Ավելի կոնկրե՞տ:
– Քեզ ի՞նչն է հետաքրքրում:
– Ընդհանրապես…
– Աշխատասեր ժողովուրդ, ռեակցիոն բուրժուազիա, տնտեսական ճգնաժամ, զանգվածների աղքատացում…
– Մարդավարի պատմի: Ֆրանսիացիք մեզ լա՞վ են վերաբերվում:
– Սատանան գիտի: Բոլորի տրամադրությունը բարձր է:
– Իսկ ո՞նց են ապրում: Ֆրանսուհիները դուրդ եկա՞ն:
– Կանոնավոր բարեկեցություն: Լավ էին կերակրում: Իմը երրորդ սեղանն էր: Գինի, ճուտ, սուրճ, սերուցք… Շշմելու աղ-ջիկներ էին, կամ այլանդակ, կամ գեղեցկուհի: Կարծում եմ՝ կոսմետիկայի հարց է: Շպարն ընդգծում է առավելությունները, իսկ թերությունները՝ քողարկում… Իրենց ազատ են պահում, անմիջական: Սպիտակ սինթետիկ խալաթներ են հագնում, լանջաբաց…
– Ի՞նչ սպիտակ խալաթ: Հիվանդանոցո՞ւմ էիր աշխատում:
– Չէի աշխատում: Նիսում փորլուծ ընկա: Մի օր էի ման եկել ու հիվանդացա:
– Նշանակում է՝ գործնականում Ֆրանսիան չես տեսել:
– Ինչի՞: Գունավոր հեռուստացույց ունեինք հիվանդասենյակում:
– Բախտդ չի բերել:
– Բայց լա՛վ հանգստացա:
– Որեւէ հետաքրքիր բան բերե՞լ ես: Փալաս-փուլուս, հուշանվերներ:
– Լսի ,- աշխուժացավ Լեւինը,- մի եզակի բան եմ բերել: Մենակ թե՝ առանց քաղքենության: Դու, ախր, բժիշկ ես: Հիմա կգտնեմ: Վովկայից եմ պահում:
– Ի՞նչ նկատի ունես:
– Լի՜դկա, առնանդամ եմ բերել: Կաուչուկե անդամ, ոսկերչական աշխատանք: Աստված վկա, ոնց որ իսկական լինի… Ո՞ւր կորավ: Երեւի Գալկան ուրիշ տեղ է դրել…
– Բայց ինչի՞դ է պետք:
– Ո՞նց թե: Արվեստի գործ է: Երդվում եմ: Գալկային էլ դուր եկավ:
– Ոնց է՝ մաքսավորները ձեռիցդ չեն առել:
– Հո ձեռիս չէի պահում, թաքցրել էի:
– Որտե՞ղ: Ախր ասեղ չի…
– Մի տիկնոջ խնդրեցի, մեր լաբորատորիայից: Կանանց մեր պես չեն քրքրում: Նրանց հնարավորություններն էլ մեծ են: Ֆիզիոլոգիան ավելի գաղտնապահ է…
– Մաքո՜ւր երեխա… Ավելի լավ է գործից խոսենք:
– Հիմա, սուրճը բերեմ:
Սեղանին կոնֆետներ հայտնվեցին, վաֆլի, կիտրոն:
֊ Խտացրած կաթ բերե՞մ:
– Չէ՜: Պատմի՜:
– Ի՞նչ պատմեմ: Զբաղվում եմ քիմիական ռեակցիաների մոդելավորումով: ժամանակին ուսումնասիրում էի ասբեստի փոշու քաղցկեղածնությունը…
– Դու ինձ ասա՝ քաղցկեղը հնարավո՞ր է բուժել:
– Մաշկի քաղցկեղը՝ այո:
– Իսկ ստամոքսի քաղցկե՞ղն, օրինակ:
– Լիդոչկա, այդ հարցում կատարյալ քաոս է: Քաղցկեղածնի միլիգրամը ձի է սպանում: Իսկ ցանկացած չափահաս մարդու մատին այդ քաղցկեղածիններից այնքան կա, որ հանգիստ կարելի է մի երամակ թունավորել: Ես, օրինակ, ծխում եմ, բայցեւայնպես ողջ եմ… Ծուխն իր հերթին նույնպես… Արտանետվող գազերը եւ այսպես շարունակ… Մի գրի: Քաղցկեղը նուրբ թեմա է: Վստահ եմ, կարգելեն հաղորդումդ: Այ կտեսնես…
– Չեմ կարծում:
– Ի՞նչ է, ժուռնալիստների հետ գործ չե՞մ ունեցել: Ձեր ուզածն էն է, որ ուրախ լինի: Դիմիր ատամնաբույժի, նրանց վիճակը երանելի է: Ամեն ամիս սոցպարտավորություն են ստանձնում… Զանգի ձեր գրասենյակ: Համաձայնեցրու:
Ագապովան զանգեց Նինա Իգնատեւնային: Սա նկատելիորեն վախեցավ:
– Լի՜դոչկա, քաղցկեղը շատ տխուր թեմա է: Բացասական հույզեր է արթնացնում: Հիշեցնում է ոչ անհայտ վեպը: Մենք ձեզնից որեւէ լուսավոր բան ենք սպասում…
– Քաղցկեղը թիվ մեկ խնդիրն է:
– Լիդոչկա, մի համառեք: Գաղտնի ցուցում կա:
– Ինչ արած,- հառաչեց Լիդան,- կներեք…
– Ո՞ւր,- զարմացավ Լեւինը:- Նստի՜:
– Ես, ճիշտն ասած, գործով էի եկել:
– Յոթ տարի իրար չենք տեսել: Ուր որ է Գալկան կգա: Մի բան կխմենք:
– Կներես, բայց չէի ուզի նրան տեսնել:
Լեւինը լուռ էր:
– Դու երջանի՞կ ես, Բո՜րյա:
Լեւինը հանեց ակնոցը: Հիմա նա նման էր երկտարեցու:
– Ի՜նչ երջանկություն: Ապրում եմ, աշխատում… Գալկան, համաձայն եմ, ծանր մարդ է: Նրա մեջ ինչ-որ անկենդան բան կա… Վոլոդյան գռեհիկ է, կարդացած, զարգացած գռեհիկ: Ես, համենայնդեպս, գիտությունների դոկտոր եմ, պրոֆեսոր: Իսկ նա երեկ ասում է. «Դու ակնհայտ անլիարժեքության բարդույթ ունես…»:
– Բայց չէ՞ որ դու գիտնական ես, մարդկանց ես ծառայում: Պիտի հպարտանաս…
– Վերջ տուր, Լի՛դա: Ես Գալինային ու էդ քաքլանին եմ ծառայում:
– Պարզապես անտրամադիր ես:
Լիդան արդեն կանգնած էր սանդղամուտին:
– Հիշո՞ւմ ես՝ ոնց գնացինք Նովգորոդ,- հարցրեց Լեւինը:
– Բորյա, անմիջապես լռիր: Ամեն ինչ կարգին է: Լա՛վ, գնացի:
Ու իջավ ներքեւ՝ ճանապարհին անձրեւանոցը բացելով: Չըխկ, ու գլխավերետւմ հաստատվեց խայտաբղետ, թեթեւակի թրթռացող գմբեթը:
– Բա ո՜նց էինք սեխ գողանում,- սանդուղքներով ներքեւ կանչեց Լեւինը…
Այդ ընթացքում մթնել էր: Ջրափոսերում լողում էին ջրաներկ նոնային լույսերը: Անցորդների գունատ դեմքերն ինքնամփոփ
էին թվում: Շրջադարձից օրորվելով՝ դուրս եկավ լույսով լեցուն տրամվայը: Լիդան ընկավ փայտե նստարանին: Ծալեց անձրեւանոցը: Դիմացի սեւ ապակու մեջ անդրադառնում էր հոգնած դեմքը: Ինչ-որ մեկին պարզեց փողը, տոմսը տվեցին նրան: Ամբողջ ճանապարհին քնեց եւ արթնացավ գլխացավով: Դեպի տուն գնում էր դանդաղաքայլ, ջրափոսերն ընկնելով: Լավ է՝ չեխական ռետինե կիսակոշիկներն էր հագել: Ասենք, անձրեւանոցն էլ նորից տեղին էր…
Օսինսկիներն ապրում էին հարեւան մուտքում: Արկադին մարզիչ է ու մի գլուխ կատակում է: Կրծքին, զամշե բաճկոնի տակ պսպղում է վայրկյանաչափը: Միլկան ինչ-որ տեղ քիմիա է դասավանդում:
Որդին հանելուկային անձնավորություն է: Արդեն վեց տարի խուսափում է զինվորական ծառայությունից: Վեց տարի փոխնիփոխ տարբեր հիվանդություններ է ձեւացնում՝ նեւրոզ, ստա-մոքսի խոց ու խրոնիկական հոդաբորբ: Դրանում գերազանցել է լեգենդար հեղափոխական Կամոյին: Այդ տարիների ընթացքում իսկապես նյարդային է դարձել, փչացրել է ստամոքսն ու խրոնիկական հոդաբորբ ձեռք բերել: Ինչ վերաբերում է բժշկական գիտելիքներին, Իգորը վաղուց տվել-անցել է ցանկացած տեղամասային բժշկի: Բացի այդ, ջազ էր հասկանում եւ ազատ խոսում էր անգլերեն…
Մի խոսքով՝ բավական հետաքրքիր մարդ է, միայն թե չի աշխատում…
Լիդան բարձրացավ երրորդ հարկ: Հանկարծ տուն գնալու անզուսպ ցանկություն ունեցավ: Վանելով այդ միտքը՝ սեղմեց զանգի կոճակը: Միլորդը խուլ հաչեց:
– Ներս արի,- ուրախացավ Միլա Օսինսկայան:- Իգորն ինչ- որ տեղ թրեւ է գալիս: Արիկը հավաքների է Մացեստայում: Ծանոթացիր: Վլադիմիր Իվանովիչն է:
Տեղից վեր կացավ վաթսուն տարեկանին մոտ մի ծանրամարմին մարդ: Պարզեց ձեռքը, ներկայացավ: Արժանապատիվ շարժումով կոնյակ լցրեց: Միլան միացրեց հեռուստացույցը:
– Բորշչ կուտե՞ս:
– Չէ՜: Որքան էլ տարօրինակ է՝ կխմեմ:
– Ամենայն լավի կենացը,- բարյացակամ ասաց Վլադիմիր Իվանովիչը:
Լայնաթիկունք, փարթամ տղամարդ էր՝ գեղեցիկ նրբահյուս ջեմպրով: Դեմքը չափով, բայց կանոնավոր խմող մարդու դեմք էր: Կինոյում այդպես են պատկերում պաշտոնաթող գնդապետներին: Պինդ ճակատ, սովորական, բացգույն աչքեր, ոսկե ատամնաշապիկներ:
Չխկացրին, խմեցին:
– Դուք խոսեք, ես տասը րոպեով մտնեմ Վորոբյովների մոտ,- ասաց տանտիրուհին:- Ռիտան ինձ համար կոֆտա է գործում,- ու գնաց:
– Ես, ճիշտն ասած, գործով եմ եկել,- ասաց Լիդան:
– Պատրաստ եմ ծառայել:
– Ռադիոհաղորդում ենք պատրաստում՝ «Հանդիպում հետաքրքիր մարդու հետ»: Լյուդմիլա Սերգեեւնան ձեր մասին որոշ բաներ պատմել է… Ու մտածեցի… Ինձ թվում է՝ դուք հետաքրքիր մարդ եք…
– Ամենասովորական մարդ եմ,- ասաց Վլադիմիր Իվանովի-, չնայած, չեմ թաքցնի, աշխատանքս սիրում եմ, եւ կոլեկտիվում ինձ հարգում են…
– Որտե՞ղ եք աշխատում,- Լիդան հանեց նոթատետրը:
– Պորխովում «Կրասնայա զարյա»-ի մասնաճյուղ կա: Կոորդինատային ԱՀԿ-ներ ենք ստեղծում: Մեծ արտադրամաս է, առաջատար: Երկրորդ եռամսյակի արդյունքներով հասել ենք լուրջ հաջողությունների:
– Չե՞ք ձանձրանում;
– Չհասկացա՞:
– Գավառում ձանձրալի չէ՞:
– Մեր քաղաքն աճում է, բարեկարգվում: Նոր մշակույթի տուն, մարզադաշտ, բնակելի զանգվածներ… Գրեցի՞ք:
Վլադիմիր Իվանովիչը թեքեց շիշը: Լիդան մերժողաբար օրորեց գլուխը: Զրուցակիցը խմեց: Որսաց թթու դրած սունկը:
Լիդան, մի փոքր սպասելով, շարունակեց.
Իմ կարծիքով՝ կարլի է գավառացի լինել մայրաքաղաքում եւ մայրաքաղաքի բնակիչ՝ տունդրայում:
Սիանգամայն ճիշտ է:
Այսինքն գավառը հոգեւոր երեւույթ է, ոչ թե աշխարհագրական:
– Հենց էդպես էլ կա: Ընդ որում, մատակարարումը մեզ մոտ լավն է. միս, ձուկ, բանջարեղեն…
– Մայրաքաղաքի ստեղծագործական կոլեկտիվները հյուրախաղերի գալի՞ս են:
– Բնականաբար, ընդհուպ՝ հարավսլավական խմբերը:
Վլադիմիր Իվանովիչը նորից լցրեց;
– Դուք երեւի շատ եք կարդում,- հարցրեց Լիդան:
– Բա առանց դրա ո՞նց կլինի: Սիմոնովին հարգում եմ: Անանեւին՝ նրա ռազմական հուշերը, բնականաբար՜ դասա-կաններին. Պուշկին, Լերմոնտով, Տոլստոյ… Վերջիններս, ինչպես հայտնի է, համարյա երեքն էին… Ջահել ժամանակ բանաստեղծություններ էի գրում…
– Հետաքրքիր է:
– Աստված հիշողություն տա: Այ օրինակ…
Վլադիմիր Իվանովիչը բազկաթոռի թիկնակին հետ ընկնելով՝ արտասանեց.
Բոլորն են ձգտում հերոս լինել,
Համաշեշտ քայլում ենք շարքում,
Ստալինի անվամբ աշխարհը կպատենք,
Երջանկություն կնվաճենք մարտում…
Լիգան զսպեց հիասթափությունը:
– Դժվա՞ր է արտադրամասի պետ լինելը:
– Անկեղծ ասեմ՝ հեշտ չի: Էստեղ եւ արտադրական գործոնն է, եւ բարոյականը… Պլան, աշխատողների արտահոսք, միկրոկլիմա, աշխատանքից հրաժարում… Իսկ գլխավորը՝ ժողովուրդն է պահանջկոտ դառել: Է՛ս տուր, է՛ն տուր… Ոչ մի պարտականություն, իսկ իրավունք, կներեք, ինչքան ուզես… Ա՜խ, հայր Ստալինը չկա… Կարգ կար, կանոն կար… Մի րոպե ուշացար, դատվում ես: Իսկ հիմա… Կապը կտրել է ժողովուրդն առանց տիրոջ… Շուրջբոլորը երգիծաբաններ են, իմացա՜ր, ինտելեկտուալնե՜ր… է՜հ, հայրը չկա… Պսակազերծեցին սողունները:
– Ուրեմն դուք հավանությո՞ւն եք տալիս անհատի պաշտամունքին,- կամացուկ հարցրեց Ագապովան:
– Պաշտամո՜ւնք, պաշտամո՜ւնք… Պաշտամունքը կա ու լինելու է… Անհատ է պետք, իմացա՞ր, անհա՜տ…
Վլադիմիր Իվանովիչը տաքացավ, հարբեց: Հիմա արդեն ձեռներին էր անում, առաջ մղվում, պատառաքաղն էր թափա-հարում:
– Ես դժվար կյանք եմ ապրել: Ամեն ինչ էլ եղել է: Ցած եմ ընկել, թռել շատ վերեւ… Ես, ախր, մեր մեջ ասած, ամուսնացած եմ եղել…
– Ինչո՞ւ՝ մեր մեջ ասած,- զարմացավ Լիդան:
– Յակիրի զարմուհու հետ,- շշուկով ավարտեց Վլադիմիր Իվանովիչը:
– Յակիրի՞: Բանհրամ Յակիրի՞: Այն նո՞ւյն…
– Ըհը… Երեխա ունեինք: Տղա…
– Ու որտե՞ղ է հիմա:
– Չդիտեմ: Տեսադաշտից կորցրի: Երեսունինը թվին… Օգոստոսի սկզբին:
Վլադիմիր Իվանովիչը լռեց, ամփոփվեց իր մեջ:
Լիդան երկար սպասեց, հետո հուզվելով, կարմրելով, հարցրեց.
– Այսինքն՝ ինչպե՞ս կորցրիք: Ինչպե՞ս կարելի է տեսադաշտից կորցնել սեփական կնոջը: Ինչպե՞ս կարելի է տեսադաշտից կորցնել հարազատ երեխային:
– Դաժան ժամանակ էր, Լիդոչկա, փոթորկուն, խստաշունչ ժամանակ: Ընտանիքներ էին փլուզվում, դարավոր հիմեր կործանվում…
– Ի՞նչ կապ ունեն դարավոր հիմերը,- հանկարծ ճչաց Լիդան:- Ես փոքր չեմ: Ես ամեն ինչ գիտեմ: Յակիրին բանտարկել են, ու դուք ստորաբար լքել եք ձեր կնոջն ու երեխային: Դո՛ւք… Դո՛ւք… Դուք անհետաքրքիր մարդ եք:
– Ես կխնդրեի՜,- ասաց Վլադիմիր Իվնովիչը,- ես կխնդրեի՜… էդ տեսակ բառերը շաղ չեն տալիս…
Իսկ հետո, ավելի խաղաղասիրաբար.
– Ձեզ ավելի համեստ պահեք, Լիդոչկա, ավելի համեստ, ավելի…
Միլորդը բարձրացրեց գլուխը:
Լիդան արդեն չէր լսում: Վեր թռավ, միջանցքում կախիչից պոկեց բաճկոնակն ու շխկացրեց դուռը:
Սանդուղքների վրա խաղաղ ու ցուրտ էր: Ստվերի պես անցաւ անտեսանելի կատուն: Տապակած ձկան հոտը ձանձրույթ էր բերում:
Լիդան իջավ ներքեւ ու կտրեց բակը: Խոնավ մթնշաղը պահ էր մտել ավտոտնակների հետեւն ու աղբարկղերի մոտ: Սեւին տալով ճռնչում էին աղքատիկ պուրակի ճյուղերը: Ձյուների մեջ մի փայտե ձի էր ընկած:
Լիդան բացեց փոստարկղը: Հանեց «Տնտեսական թերթը»: Ելավ վեր ու բացեց դուռը:
Ամուսնու սենյակում գվվում էր հեռուստացույցը: Կախիչին կարմրին էր տալիս Տանյայի աշնանային վերարկուն: Լիդան հանվեց, ձեռնոցները գցեց հայելու սեղանիկին:
Գլխով ողջույնի թեթեւ շարժում անելով՝ զուգարան գնաց մի անծանոթ երիտասարդ: Անլվա խոպոպները կապված էին դարչնագույն կոշկաթելով: Թավշե շալվարը հոսում էր քղանցքի պես:
– Տատյա ՛նա, սա ո՞վ է,- հարցրեց Լիդան:
– Ասենք թե՝ ժենյան: Պարապում ենք:
– Ի՞նչ եք պարապում:
– Ասենք գերմաներեն: Դե՞մ ես:
– Հետեւիր, որ ձեռքերը լվանա,- ասաց Լիդան:
– Ո՜նց ես սիրում ամեն ինչ գռեհկացնել,- չար շշուկով ասաց դուստրը…
Լիդան ինձ զանգեց գիշերվա մեկին: Ձայնը տագնապած ու խուլ էր.
– Չարթնացրի՞:
– Չէ՜,- ասում եմ,- ավելի վատ…
– Մենակ չե՞ս:
– Մենակ եմ: Մարինայի հետ:
– Լուրջ կարո՞ղ ես խոսել:
– Բնականաբար:
– Քո տեսադաշտում հետաքրքիր մարդ կա՞:
– Կա: Եվ նա ողջունում է քեզ:
– Վերջ տուր սրամտելուն: Գործը շատ լուրջ է: Հինգշաբթի հաղորդում պիտի ձայնագրեմ:
– Ինչի՞ մասին:
– «Հանդիպում հետաքրքիր մարդու հետ» խորագրով: Հարմար թեկնածու չունե՞ս;
– Լի՜դա,- պաղատեցի ես, – հո գիտես իմ շրջապատը: Համատարած սրիկաներ են, ոչ մի հետաքրքիր բան:
– Մի գաղափար ունեմ: Արի միասին գրենք հաղորդումը: Հո- նորարաը կկիսենք:
– Բայց ես ձայնագրիչ չեմ օգտագործում:
– Էդ իմ վրա: Ինձ պետք է քո…
– Ցինի՞զմը,- հուշեցի ես:
– Քո պրոֆեսիոնալ փորձը,- նրբանկատ ձեւակերպեց Լիդան:
– Լա՛վ,- ասացի գլուխս ազատելու համար,- վաղը առավոտ կզանգեմ: Ավելի ճիշտ՝ էսօր առավոտ…
– Մենակ թե՝ հաստատ…
– Ասեցի՝ կզանգեմ…
Այստեղ Մարինան չդիմացավ: Կծեց մատս:
Մինչ վաղը,- ասացի (ավելի ճիշտ՝ գոռացի) ու դրի խոսափողը…
Լիդան կիսաբաց արեց ամուսնու՝ երկնագույն լույսով լի սենյակի դուռը: Վադիմը կոշիկները հագին պառկել էր բազմոցին: Վերջապես կարո՞ղ եմ ընթրել,- հարցրեց նա:
Հայտնվեց դուստրը.
Մենք գնում ենք…
Տանյայի խոժոռ դեմքին քարացել էր հավերժական հակամարտտթյան ծամածռանքը:
Շո՛ւտ կգաս…
Վերջապես կարո՞ղ եմ թեյ խմել,- հարցրեց Վադիմը:
Ի դեպ, ես էլ եմ աշխատում,- պատասխանեց Լիդան:
Ապա՝ թույլ չտալով, որ վեճը բորբոքվի.
Ի՞նչ ես կարծում՝ Մերկինը հետաքրքի՞ր մարդ է…

Թարգմանությունը ռուսերենից՝ Ներսես Աթաբեկյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *