Մերի Ավագյան | Սերը` սլաքների վրա

Մերի Ավագյան

Անհունը սահում է տարածքի և ժամանակի արանքում,
Անսիրտը հերթական` լղոզված սրտաթլպատված ամբոխին
Ու չկա, չկա ոչ մի դեմք` (մարդկային հիշեցնող)
Սրտատրոփ, թոքահամ մի շունչ,
Եվ արյան, տաք արյան մի կաթիլ վաղուց է` էլ չի բողոքում …

Հրապարակը շատ էր մեծ, չնայած փոքր քաղաքի հրապարակ էր: Ծիծեռնակներին էր վերևից այդպես թվում, թե՞ մարդկանց, որոնք նախարարական շենքերի վերևից նայում էին ծիծեռնակներին ու համանման արձանագրում` անձրև է գալու: Անձրևը համառորեն որոշել էր չգալ ու ոչ մի խորհրդանշական փաստ դրան չէր օգնի:
Նա մի կերպ բացեց պատուհանը (մաման կասեր` է ուտում ե՞ս, որ ուժ ունենաս. դա կապ չունի, կասեր ինքը մորը, մեր աշխատակից Էսինչը, ասենք, Վ-ն, հազար տարի դիետայի վրա է, բայց տղամարդու ուժ ունի):
Հուլիսի դեղին արևը երկու կաթիլ քամու հետ ծորաց ներս: Օդում զզվելի ճահճահոտ էր` ոչ մայրաքաղաքային: Մաքրում էին հրապարակի ջրավազանը, հատակը` կեղտոտ կանաչ, տիղմի գույն: Ռունգերի հևքն աղի-աղի հոտից մի պահ արգելակվեց, բայց քիմքը հաճելիորեն խուտուտ եկավ: Ձկնահոտը, ով գիտի, ինչ ազդակներ բերեց ուրիշ եզերքների. (այ թե ինչն էր ծիծեռներին ցած բերել) մարդը զարմանալիորեն նման էր կենդանու, իհարկե ոչ միայն զզվելի հոտեր մարսելու իր բնազդով:
Շատրվանները կսպասեն մինչև ջրերը դատարկվեն, թարմ, փիրուզագույն ջրում 1-2-10-15 օր նորից կլողան, հավեսով կկեղտոտվեն չսանձվող տարիքի արուները, արևահար սիրահարները կխենթանան ջրի ճողփյունից: Հետո կգա ռետինեսապոգներով Պոսեյդոն պապին, նրան կառավարությունն է ուղարկում կամ քաղաքապետարանը, կգոռա, կվտարի «նեգրուկներին».. որ մաքրվի ջուրը, ակնահաճո լինի ու հաճո կառավարության ու մյուս հաստաբեստ շենքերի քթին: Այդ շենքերի լուսամուտները շատ քիչ են բացվում, թե որ բացում են: Իր համար այդ լուսամուտագոգը աշխատանքի անցնելուց ի վեր հրաշք ապաստան է, հենման կետ` բառի բուն իմաստով ևս, նաև ուրույն հրապարակ` ավելի մեծ հրապարակին վերևից նայող: Դիմացի լուսամուտներում երբեմն-երբեմն տեսնում է պատուհան բացող ձեռքեր, մարդկանցից ձեռքեր միայն` օրվա սկզբում և վերջում: Ճար լինի, իրեն էլ ապակուց հեռու կպահեն, բայց ո՞վ իրավունք ունի, նույնիսկ թե անհաստիք ստաժյոր ես, զրկել քեզ գեղագետ մնալու` մարդ լինելու սովորությունից: Ինչ վերաբերում է մարդկանց, նա վաղուց սերտել ու արդեն վերևից ճանաչում էր բոլոր բյուրոկրատ ու ոչ «կրատ» դեմքերը:
Օրը չպատկերացնելու չափ դանդաղ, քարշ էր տալիս պոչը և անէանում դիմացի նրբանցքում, այնտեղ, ուր մեծ քաղաքից փոքրը տանող «բուրավետ» ավտոբուսների կանգառն էր, դեպի ուր սուրում էր նա ամեն օր` մտովի անիծելով հեռավորություն ստեղծողին, հրապարակի մեծությունը` վերակարգված (ղրղզական մշակույթի նմուշ).. սուրում էր դեպի տուն, մաման, մամայի ճաշը, այգին, կաչաղակները` ծիծեռներին նման, նրանցից տարբեր.. Վ.-ն , ինչքան հերիքում են թոքերն ու ցասումը` մշտապես սոված մնալուց ուր չպսակվելուց, գոռում է հեռախոսի ականջի մեջ` վախեցնելու ու խուսանավելու ավանդական ձևով: Ամեն անգամ այդ ձայնից ճնշումը բարձրանում է ու երազանքների տեղն առոք-փառոք գրաված գլխացավն իրեն քշում է սիրած տեղից: Նա չուզելով պատուհանը փակեց: Մեկնումեկը գոնե նկատեր իր ձեռքերը: Սենյակում եռուզեռ էր ու իր պասիվությունն էդ ֆոնին, ոչ ավել, ոչ պակաս, լկտիություն էր:
Գործի անցավ. առերեսում համակարգչի հետ` ինչ ասես կա մեջը` աղքատության հաղթահարման ռազմավարական պլան, բյուջետային հաշվեկշիռ` արձանագրություններ` հատորներով. ձեռքը գտավ, բացեց սիրած մի ծրագիր ու սկսեց թիթեռ նկարել:

…մի օր նկատեցին ձեռքերս

…ինչ ուզեմ, էն էլ կգրեմ, էս հենց էդ ֆայլն ա, բայց ոչինչ՞ որ ժամանակ ա լինում` ոչինչ չես ուզում գրել. այդպես է ծնվել երջանկության պատրանքը, որ հետո գլուխգործոց դառնա, երևի նրա համար, որ կյանքը պայքար է կամ էլ պարզապես պարապ ենք մնացել:
…չեմ սիրում հիշել նրանց, ում հուշերում նստած եմ` ծանր ու պինդ, այլ նրան, ով չի հիշում քիչ չի, չի էլ ձևացնում թե հիշում է. թե քարավան ունենայի, իմ ձայնը նրան հեռվից կլսվեր, մղոնները թռչնի թևով կանցնեի, բայց ես երբևէ ճախրել չեմ իմացել: Երբվանի՞ց էսքան զառանցող դարձա (իմ տեղն է՞ր էս Ֆննախը): Կարելի է և չպատասխանել: Բոլորը չէ որ աշխատում են ուզած տեղերում, ուզած ժամանակին ու մարդկանց հետ: Հաճախ թվում է կողքինդ մաաա~րդ է, բայց մարդ չի, գլուխը ռոբոտի գլուխ է, ինքն էլ` գարշելի արարած` կոկորդիլոսաօձախառը, սրտի տեղը` դեղնականաչ մաղձի պարկուճ: Ես այսօր, օրինակ, թունավոր սունկ պատվիրեցի` քաղցս հագեցնելու համար. ընդմիջման ժամին բոլորն էլ մի բան ուտում են չէ՞: Ու ինչ ստացվեց, որ նույնիսկ նման բաներից ես կշտանում. կուշտ փորով, թույն կերածի պես սկսեցիր թույն շնչել ու հերիք է, որ մի ողջ բաժին, վարչություն վարի գնա կամ դրա նման մի բան:
Էսօր էլ առիթ ունենք, պսակվում են հերթով բոլորը, գործի տեղը. աչքալուսանքի օրերն իրար նման են, որովհետև ամեն օր չէ, որ աչքալուսանք է լինում ու աչքերը լուս են տալիս, փայլում են, իհարկե, տիրոջ` աչքալուսանքի, ավետչեքերի մի զանգված` գինու հետ խառը ծոր է տալիս երակիս մեջ, ու, չգիտես ինչու, մտածում եմ` ում հետ ես նստում-վեր կենում, արժեվորում ե՞ս, արժե՞ն դրանք, նրանք ու, առհասարակ, ինչով է տարբերվում դրանքը նրանցից: Մի անգամ որոշեցի դուրս գալ իմ հունից, չստացվեց, որովհետև պարզվեց` հուն չունեմ, մարդ էլ հուն չունենա՞: էդ անհունությունից են օգտվել, օգտվում մարդիկ: Բայց իրականում լավ հատկություն է` ամեն մարդ չունի: Անորոշություն-անհունությունս լիակատարվեց, երբ հանդիպեցի քո պեսին, ափսոս ոչ իմ կեսին, ինչպես բարսեղյանաավետ երգերում:
Քանի որ արևը երկնքում է ծագում ու մայր մտնում, քանի որ երկրի ու հողի երեսին մի մատ ծիածան չի նստում, ես կորոշեմ նրան ասել չէ՛, չէ՛ որ չէ՛, չեե՞ս հասկանում: Դու մեղավոր չես` աստղ չես բերել, պար չես բռնել, իմ ուզած ձևով կամ ծայրաստիճան չես գժվել, չես..չես…, դու չես նա, ում սպասել եմ, թեկուզ անունը դրել ենք սեր, ի’մ սիրահար: Առհասարակ, որն է քո արտառոցը` չիմացա, չդառար եզակի: Ես կաթիլ-կաթիլ հավաքել եմ մեջս թափառող լիցքերը, հույզ-հոսանքները` կուտակած հազար տարի` գումարած 24, լցրել եմ սրտիս մեջ, բայց հիմա տեղը սիրտ չունեմ, վիշտ ունեմ: Իմ ոտքերին պատժել է պետք, պատժելն էն խոսքը չի, ծեծվելու տեղ ունեն, մի լավ դաղվելու, որ գետնից չկտրվեցին էսքա~ն վախտ, թեթև չապրեցին, մտածեցին ամեն արժող-չարժող քայլափոխին, չսայթաքեցին, բայց արի տես, ճահճի մեջ են ընկել, ուրիշ բառ էլ կասեի` չասի: Անվերապահ եմ ուզում սիրել, սիրելն ու անվերապահն իրար համարժեք բաներ են ինձ համար, գոնե դրա հավատով եմ շարժվում:
Եվ որպեսզի գրած էս ողջ ցնդաբանությունը շարունակվի, կշարունակվի, քանի որ աննպատակ վաակում է գոյացել, ժամանակը մի գլուխ ձգվել է ու լցնել է պետք, մանավանդ գործիդ տեղը, որտեղ թվում է անելիք չկա, բայց կա` էնքան, որ մի մրջնանոցի չի հերիքի: Հը~մ: Փորոցի, իրար տակ փորոցի` հանուն-անհանուն գաղափարի, դիրքի, տղաշորթության, աղջկանախանձի, վերընթացների` վեր, վեր` միմչև`… հա, ի միջիայլոց, ո՞վ ա ձեր մինիստրը…
Եթե աշունը ծնված չլինեի, անունս էլ անունս չլիներ, ես էլի չէի երազի մեր հարսանիքի մասին, որը կարող էր նույնիսկ աշնանը լինել: Որովհետև էությունս իմն ու այժմվանը կլիներ: Հորդաhոս անձրևների ժամանակը էս տարի էլ չեկավ, թեպետ սպասվում էր, մյուս տարի կգա՞, հայտնի չի, պայմանագիր չկա, օրակարգ չկա, նախարարի հանդիպում չի, ոչ էլ ես ռեֆերենտ եմ, սիրունս, խանութ խոմ չի՞, որ ասում են չկա, չկա ուրեմն: Ես ուզում եմ բռել տարերքները բռիս մեջ ու շրմփ` մեկի երեսին, լվամ, ջրեմ, քամի անեմ, հողեմ, կրակ տամ` ծուխ անի` վերջում ողբամ, արցունքակալեմ: Այ էդ տեսակ խառնել եմ եղանակները` իմ հոգու ու ոչ միայն:
Օրացույցում էս օրը գրանցվեց(եցի) բաժանումի օր, ինչ դաժան էր ու մուգ կապույտ, որովհետև այդ գույնով են ներկված (երևի) գժանոցի պատերը, նաև տաղտուկ էր` մուգ կապույտի նման: Հեռախոսը` պատին, գլուխը` պատին, մի խոսքով, պատեպատ վիճակ` իզուր տեղը, իսկ կարող էր շատ ավելի լավ լինել կամ ավելի վատ.. չի բացառվում, որ ինձ թուղթ ու գիր են արել:
Օր կա` թթվում է վրադ, օր կա` նստվածք է տալիս, իսկ այսօր էսօրը գլխիս շուռ եկավ: առավոտից սիրածս` անձրևը հետս էր, դրա պատվին սպիտակ հագա: բայց քանի որ նույնիսկ տոն օրերին ես էդ գույնը չեմ հագնում, տոն չէր, չպիտի հագնեի. չդիմացան, ավաղ, չհավատացին մայթերփողոցներն իմ «անմեղությանն» ու շրմփ` էն ասածս տարերքները` մի դռնով, սպիտակը ցեխոտվեց, վերարկուն էլ հագնել չի լինի, աչք չէ, ինչ է, բայղուշ չեմ, ինչ եմ:
Չէի հասցրել ուշքի գալ, մեզ հաշտեցրին: Հանգամանքները: Հանգամանքների բերումով: Որոշվեց ճամփա հարթել` մեծ ախպոր, փոքր քրոջ բախտի համար, հանգամանքներն ուզող-չուզող բարեկամի թաց պռոշներով ինձ բրդեցին գիրկդ, ձեռդ.. խալխի տուն:
Օրը նշանակված է, նշանադրության օր է նշանակված, պատկերացնում ե՞ս, դու, հա, դու: Նը-շան-վում ես… մորս արև, հորս` խավարած արև ( նա ներկա չի լինելու, չի լինի ), դհոլ-զուռնով (համ լիմուզին եմ ուզում) գալու են, մեծ հարսանիք է լինելու, ոչ ինձ են չոլից գտել, ոչ էլ ինքն ա անկապ մեկը, անհարազատ էս թվին մեծ քեռիներդ որ քեզ թիկունք կանգնել, «հարսնիք» են խոստանում, պատկերացրու ինչ կշռի , սեր ու հարգանքի արժան(ի) մարդ ես, աղջիկ ջաաա՛ն:
Գրողը քեզ տաներ, թեկուզ իսկական գրողը, որ հիմա ստիպված չլինեիր նշանդրության պատրաստություն տեսնել, տվայտանքները քաղցր չեն լինում թե լինում էլ են, ապա, ապա,,, գաղափար չունեմ. առհասարակ, ինչ եմ գրում, էդ երբվանից գրող դարձա..ցա, ցա, ցա:

2010թ.

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *