Մհեր Իսրայելյան | Զինադադար

Մհեր ԻսրայելյանՊատերազմը պատերազմ, բայց պարտավոր ես ժամանակ առ ժամանակ մտածել բնության ամենահրաշալի երևույթի՝ մարդու ծննդյան մասին, մանավանդ հիմա, երբ զինադադար է կնքվել ու մարդկանց շունչ քաշելու, զվարճանալու պատեհ բարեբախտություն պարգևել: Առավել քան պարտավորված ես, երբ այդ ծննդյան մեղավորը քո ծնողներն են, ու դու էլ դառնում ես ճիշտ այնքան տարեկան, որքան անհրաժեշտ է պատերազմն ու խաղաղությունը, ծնունդն ու մահը հաշտ ու խաղաղ կողք-կողքի տեղավորելու ու չվախենալու համար, թե վաղը, մյուս օրը կամ հարյուր տարի հետո մարդիկ կարդալով այս պատմվածքը քարկոծելու են քեզ այդ աստվածային երևույթը աղավաղելու համար:
Շատ գրողներ ու հասարակ մահկանացուներ չեն դիմացել իրենց ծննդյան օրվա մասին գրելու գայթակղությանը, հետևաբար ես էլ հետ չեմ մնա նրանցից ու լիաթոք կտրվեմ այդ ներելի մեղքին։ Քսան տարի անց, փորփրելով եվրոպաներում խամրող հիշողությանս խորխորատները, մտորելով մարդկային ուրախության, ցավի և անցած-գնացած տարիների մասին, հանկարծ կհայտնաբերեմ, որ վերջին անգամ ծննդյան տարեդարձս նշել եմ քսան տարեկանում, ու այլընտրանք չունենալով հետ կսլանամ ժամանակի շավիղներով, հետ՝ դեպի այն ճակատագրական պահը, երբ նոր նոր կնքվել էր զինադադարը։ Կփորձեմ պատմել այնպես, որ ինձ ճիշտ հասկանան, այնպես, որ չհեռանամ իրականությունից, բայց շատ մոտ էլ չլինեմ, ճիշտ այնպես, որ արարողությանը չմասնակցած մարդիկ, պահանջկոտ ունկնդիրներն ու ընթերցողները հավուր պատշաճի ճեղքեն ժամանակի ու տարածության արգելանքը, իմ հետ սեղան նստեն ու փորձեն թացն ու չորը իրարից ջոկջկել:
Միանգամից ասեմ, որ նրանց, ովքեր պատրաստվում են սուփրա փռել, խորը հիասթափություն է սպասվում։ Ծննդյան օրը նշանավորելու բազմապիսի եղանակներ կան, մանավանդ մեր օրերում, երբ հնարավոր է այն նույնիսկ տիեզերքում անցկացնել: Բայց այս մեկը, որ պիտի հիշեմ, թերևս յուրահատուկ է, հենց միայն այն պատճառով, որ անցկացվել է այնտեղ, որտեղ ոչ թե ծնվում, այլ անկախ իրենց անցած ճանապարհից, համոզմունքներից կամ կուսակցական պատկանելությունից, ի վերջո իրենց տրամաբանական հանգրվանն են գտնում բոլոր ծննդկանները: Որպեսզի տպավորություն չստեղծվի, թե ես և ընկերներս ի ծնե տառապում ենք սևամաղձության համախտանիշով, ասեմ, որ այդ տարօրինակ միտքը չէր հղացվել ու հասունացել տրամաբանական ջանքերի արդյունքում, այն մեր գլխին վերևից թափվել էր ինքնաբերաբար, իրադարձությունների, մարդկային ճակատագրերի խաչաձևմամբ, զուգադիպությունների մի շղթայակապ ընթացքով ու ենթագիտակցորեն բյուրեղանալով ընկերոջս ուղեղում՝ ճառագել էր ամենաճիշտ պահին․
Արդեն մի ամսից ավել զինադադար է,- ասաց իմ ընկեր Սահակը,- գնանք գյուղ մի կում բան խմենք, հո ամեն օր քսան տարեկան չես դառնում:
Կարելի է մտածել, որ զինադադար չէր, բերաններս չորացել էր,-հեգնում է Գալոն:
Բերաններս չէր չորացել, բայց անմահական հեղուկը մի տեսակ կոկորդներիս էր կանգնում, առանց գլգլալու, լիարժեք չէր իջնում իր վերջնական տեղակայման նշանավայրը, իսկ հիմա, երբ զինադադար է…
Այ Սահակ, որ խոսալը փողով լիներ, չէիր թողնի մի երկու կոպեկ էլ մենք աշխատենք,- մտմտում է Գալոն,- եթե կանգնում էր կոկորդիդ, գնայիր զինադադարին ընդառաջ:
Չհասցրեցինք, – արդարանում է Սահակը,- ինքը եկավ մեզ ընդառաջ:
Լավ,- չկամությամբ ասում եմ ես,- կխնդրեմ մեր թաղի Ճպուռին ու իր ոչ-պակաս ճպուռ եղբորը իրենց մեքենայով մեզ տեղ հասցնել։ Տասներկու տարեկանից ավտոն փախցնում ու հորից թաքուն չափչփում են մեր երկրի մոռացված անկյունները: Այնպես են փաղաքշում, ասես սիրած աղջիկ լինի:
Բա էդ սիրած աղջիկը կդիմանա՞ գյուղի քարքարոտ ճանապարհներին,- տարակուսանք է հայտնում Գալոն:
Սիրած աղջիկը կդիմանա, թե չի դիմանա քարքարոտ ճանապարհներին, մեզ այլևս չի հետաքրքրում, մենք շարժվում ենք առաջ դեպի մի այնպիսի բաղձալի իրադարձություն, ինչպիսին իմ ծննդյան քսաներորդ տարեդարձն է: Զարմանալիորեն չի հետաքրքրում նաև Ճպուռին, որ տեսնելով տրոլեյբուսի վերջին դռնից կախված հորը, անակնկալից աչքերում հայտնված փայլն ու պարզած ձեռքը, սառնասրտորեն ծեփում է.
Հոպար ջան, Զեյթուն ենք գնում, քաղաք չեմ կարող իջնել:
Քշի, կասենք չենք ճանաչել, – ավելացնում է Ճպուռի եղբայրը:
Խեղճ մարդն ամբողջ կյանքը չարչարվեց, էս ավտոն առավ, որ այսօր տրոլեյբուսի դռնից կախված գնա,- սրամտելու առիթը բաց չի թողնում Գալոն։
Եվ այսպես՝ ես, որ այնքան էլ հակված չեմ ծննդյան օր նշելու, Սահակը, որ ավելի շատ զինադադարի գաղափարով է ոգևորված, Գալոն, ում համար կարևորը արկածն է, ու գլխում աստված գիտի, թե ինչ սցենարներ են պտտվում, Ճպուռն ու իր եղբայրը, որ այս կարևոր իրադարձության համար պատրաստ են հարազատ հորը չճանաչել, հասնում ենք տեղ: Հենց այն է, ձեռքներս շփելով պատրաստվում ենք ոլորել անմահական հեղուկն իր ճիրաններում զսպած ապակե շշի գլուխը, երբ վրա է հասնում անսպասելի ու դաժան հրամանը։
Մինչև բոստանը չմռեք /այդպես են մեր գյուղում անվանում հողը բահով փխրեցնելու գործընթացը /, ոչ մի կում,- գուժում է Սաղաթել պապս:
Ֆաշիստ, ֆաշիստներից ինչ պիտի սովորես՝ երեխաներին տանջել,- Աղավնի տատիս հանդիմանանքը հնչում է որպես ձայն բարբառո անապատի:
Եթե փրկարար քամին ժամանակին չփչեր ու գերմանացիներին գերի ընկած պապիս վերնաշապիկի կոճակները չքանդեր, ու պարանոցից կախված խաչը չտարուբերվեր, ու ինքն էլ որպես հրեա գնդակահարված ու եբրայահունչ անուն-ազգանունը հետը տարած լիներ, ստիպված չէինք լինի քսանամյա տարեդարձիս սուրբ օրով հող փորել: Բայց քանի որ խաչը բացվել է, ու հետն էլ արդեն մեկ ամսից ավել զինադադար է, բոստան մռելը սասունցիներով բնակեցված այս եզերքում ընկալվում է գրեթե հայրենիքի համար կռվելու պես մի բան, ու մենք չենք կարող սակարկել հրամանը: Միայն տատս, որ երբեք չի հանձնվում, իրավիճակը փրկելու մի հուսահատ փորձ կանի.
-Այնպես մի արա, որ հիշեցնեմ անցած ձմեռվանը:
Անցած ձմեռվանը հիշելու ցանկություն չունենալով, մենք հլու հնազանդ վերցնում ենք բահը, սեղմում ոտնակը, շուռ տալիս հողը ու փխրեցնում, բարդ բան չկա, գյուղացու համար մի առտնին բան: Բայց մեզ, երես առած քաղաքաբնակներիս համար այն մի փոքր անսովոր երևույթ է և հաղթահարելու համար անհրաժեշտ է ստեղծագործական լիցք ու ավյուն հաղորդել գործընթացին:
Տեսեք, թե ինչպես է մեր քրտինքը կաթիլ առ կաթիլ ներծծվում ամեն պտղունց հողի մեջ ու խառնվում մեր պապերի արյանը,- փիլիսոփայում է Սահակը:
Մեր չէ, Մհերի պապերի արյանը,- ուղղում է Գալոն ու կերկերուն ձայով հեգնախառը ծորացնում,- Գլգլալեն ջուրն է իջնում Մշո մշուր սարերեն…
Էս ինչ փորձանք էր,- փնթփնթում են Ճպուռն ու իր եղբայրը, – եկել ենք քեֆ անենք, թե վար ու ցանք։
Գարուն չեկավ հայի համար, սիրուն ծիծեռ մեզ պետք չես,- շարունակում է Գալոն։
Ավելի լավ էր տատը անցած ձմեռվանը հիշեցներ,- կատակի եմ տալիս ես,- թողենք թող Սահակը երգի, կաչաղակներն ու ագռավներն էլ կցրվեն, փրկելով արտը:
Եվ ահա, երբ մտածում ենք, թե բոստանը մռված է, պարտքը հայրենիքի հանդեպ կատարված ու կարող ենք արդեն սկսել խրախճանքը, ականջներումս մեխվում է վրա հասած հարևանի գույժը.
Երեկ չէ առաջին օրը սելավը Գոնչոյին տարավ, այսօր հուղարկավորեցին:
Երբ սասունցիներով բնակեցված այս եզերքում մեր միս ու արյունից մեկին սելավը տանում է, աշխարհը գլխիվայր շուռ է գալիս:Ի՞նչ իմանար ամենակուլ բնությունը, որ զինադադարի հաստատումից մեկ ամիս հետո տակավին պատանի Գոնչոն թշնամուն հաղթած, պապերի էրգրից բերած ժանգոտած մոսինը յուղած, ըստ արժանվույն կրակած ու խիղճը հանգիստ կվերադառնա գյուղ, հրացանը կկախի պատին ու կփորձի վարարած գետակից փրկել անմեղ գառնուկներին: Եթե իմանար, կհրամայեր ամպերին պարփակվել սեփական գալարների մեջ, խնայել Գոնչոյին: Ի՞նչ իմանար զինադադարը, որ կյանքեր փրկելու իր առաքելությունը հակառակ է շրջվելու Գոնչոյի հանդիման: Ի՞նչ իմանային Գոնչոյի պապերը, որ էրգրի վրեժը լուծած իրենց թոռը անիմաստ խեղդվելու է մի առվում, որ տարին մի անգամ է հոսում, այն էլ՝ եթե բերքատվության աստվածը բարեպաշտ է գտնվում:
Գոնչոյի գերեզմանաթմբի հարևանությամբ կա երկու շիրմաքար: Առաջինի տակ ամփոփված է երկվորյակ եղբայրս: Այսօր, իր ծննդյան օրը, մի թիզ այնկողմ հուղարկավորել են Գոնչոյին, ում հանդեպ բնությունը անողոք է գտնվել: Բնությունը, թե նախախնամությունը անողոք է գտնվել նաև երկրորդ շիրմաքարի տիրոջ նկատմամբ, որ Գոնչոյի եղբայրն է: Ստացվել է այնպես, որ Աֆղանստանում Գոնչոյի եղբոր զոհվելու պահին մայրը ծոցվոր է եղել ու լույս աշխարհ եկած արու զավակին անվանակոչել են զինվոր եղբոր պատվին: Սստացվել է այնպես, որ իրար հարևանությամբ բազմած երկու շիրմաքարերը այսօր կրում են նույն անուն-ազգանուն-հայրանունը:
Այդ օրը մեր գյուղի տանը գցված սեղանները անտեսված մնացին, կենացները չարտասանված, երգերը չերգված։ Տատս ու պապս աչքները ջուր կտրած գիշեր լուսացրեցին առավոտ կանուխ մեզ նախատելու անհամբերությամբ համակված: Երկու կենաց, այնուամենայնիվ, խմած կլինեն: Տատս էլ հաստատ անցած ձմեռվանը հիշեցրած կլինի:
Տղերք, դուք պիտի շարունակեք ձեջ ընկերոջ կիսատ գործը ու վառ պահեք նրա հիշատակը,- խրատում է Սահակը, ու գյուղի տղաները մի կողմից քամահրանքով, մի կողմից ակնածանքով փորձում են հասկանալ Սահակի փիլիսոփայական խրատները:
Մենք այսօր այստեղ կանցկացնենք, ապացուցելով մեր հավատարմությունը,- Սահակի ոճով շարունակում է Գալոն:
Այս գերեզմանոցի բնակիչների մեկ երրորդը էրգրում է ծնվել, տասը տարի հետո կդառնա մեկ քառորդ ու այդպես հարյուր տարի հետո բան չի մնա,- ինչ-որ հաշվարկներ է ներկայացնում Գոնչոյի հուսահատված ընկերներից մեկը,- այնպես որ անիմաստ է ժամանակի դեմ պայքարել:
Եթե էրգիրը չկորցնեինք, Գոնչոյի եղբայրը ստիպված չէր լինի Աֆղանստան գնալ, սելավն էլ Գոնչոյին չէր տանի,- տրամաբանում է մեկ այլ ընկեր։
Եթե, եթե․․․․․,- պատմությունը եթեներ չի սիրում,- եզրափակում է Սահակը։
Մենք Գոնչոյի ընկերների հետ գերեզմանների արանքում գցված սեղանիկի շուրջ կծկված զրուցեցինք աշխարհի բառ ու բանից, Էրգրից, մեր պապերի կռվից, կրակած ու չկրակած փամփուշտներից: Շնորհավորեցինք եղբորս ծնունդը: Ավելի հեռուն գնալով հասանք մինչև Աֆղանստան և ըստ կարգի արժեվորեցինք Գոնչոյի եղբոր պայքարը մոջահեդների դեմ հանուն աֆղան ժողովրդի անվտանգ ու բարեկեցիկ ապագայի: Արժեվորեցինք Արցախյան պատերազմում կռված, զոհված կամ չզոհված մեր արյունակիցների կռիվը: Խոսեցինք մահաբեր հիվանդությունների, բնության արհավիրքների, դրանց դեմ փրկարարների ու բժիշկների մղած անիմաստ պայքարի և շատ ու շատ այլ բաների մասին: Ի՞նչ կլինի հետո, ու՞մ բաժին կհասնի Գոնչոյի պապի պատից կախված հրացանը, անուն-ազգանուն-հայրանունը: Ամեն ինչ, իրադարձությունները, մեռածներն ու ողջերը, արյունն ու քրտինքը, օղին ու հաշիշը, ծիծաղն ու լացը միախառնվեցին իրար: Երբ կրքերը հանդարտվեցին, կենացները սպառվեցին, կռիվը ավարտվեց ու վրա հասավ անխուսափելի զինադադարը, Սահակը վերցրեց բաժակը, աչքը գցեց երկնակամարից ծիկրակող լույսի շողին ու ավետեց.
Բարի լույս:
Բարի լույս,- հնչեցրեցինք բոլորով:
Առավոտյան ստիպված էինք ոտքով տուն գնալ, քանի որ Ճպուռը, իր ոչ-պակաս ճպուռ եղբայրը ու իրենց սիրասունը չէին դիմացել գյուղի քարքարոտ ճանապարհներին, չէին հանդուրժել շիրմաքարերի միջավայրում ծննդյան տարեդարձ նշելու սրբապիղծ երևույթը ու անժամանակ վերադարձել էին քաղաք, արժանանալով Գալոյի սառը դատավճռին.
Էս ճպուռներին որ սպանես, էլ գյուղ եկողը չեն:
Կարկուտը ծեծած տեղն է ծեծում։ Հաջորդ տարի իմ ծննդյան օրը հռչակվեց Սահմանադրության օր, բոլոր տեսակի օրացույցներում այդպես էլ անվանակոչվեց, ու իմ առանց այն էլ այդքան զրկանքներ կրած տարեդարձն ընդհանրապես մոռացության մատնվեց, մղվելով երկրորդական, եթե չասենք հազարերորդական պլան։ Բայց վերջերս, քսաներկու տարի անց, երբ տատս ու պապս արդեն չկան, ու անցած ձմեռվանն էլ ոչ հիշեցնող կա, ոչ հիշող, տեղի ունեցավ մի նշանակալի իրադարձություն. զինադադարը խախտվեց: Երևի ես էլ չեղյալ հայտարարեմ զինադադարը։ Երևի զանգեմ Սահակին ու Գալոյին, Ճպուռին ու իր եղբորը ու առաջարկեմ․
Տղերք, չգնա՞նք գյուղ, Սահմանադրության օրը մի թեթև նշենք:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *