Ռաֆիկ Ներսիսյան | Մի օր առաջ

Գագոյի երազը ընդհատ չմնաց… Դեռ չէր հասցրել զարթուցիչը ձայնել իր վճռական խոսքը, Գագոն մի աչքը զգուշորեն բացելով հասկացավ, որ դեռ ամբողջ 5 րոպե կարող է թավալվել մահճակալին և միայն դրանից հետո կանգնել նոր օրվան ընդառաջ: Նա նախևառաջ ափսոսաց՝ կարելի էր մի փոքր էլ քնել, ապա որոշեց քնի այդ վերջին չիրագործված ժամանակը փոխհատուցել բարձի հետ գրկախառնությամբ և, վերջ ի վերջո, տրվելով մինչ աշխատանքի գնալը համացանցում պրպտվելու գայթակղությանը՝ անմիջապես ցցվեց իր ապրվելիք օրվան դեմ առ դեմ: Ննջասենյակից դուրս գալուն պես գլխում փայլատակեց ժամանակ խնայելու փայլուն հնարքը. միացնել համակարգիչը և մինչ այն ՙուշքի կգա՚, լվացվել ու ատամ լվանալ: Մինչ Գագոն առավոտյան այդ միջոցառումն իրականացրեց, համակարգիչը կազմ պատրաստ արդեն սպասում էր նրան: Էկրանի գայթակղիչ հայացքի ներքո տաբատը նախօրոք հագնել-չհագնելու երկընտրանքն իսկույն չքացավ, և Գագոն վարտիքով ցցվեց համակարգչի դիմաց…

Առաջին հերթին ԼՂՀ ՊԲ պաշտոնական կայք…
Գագոն հոգու ինչ-որ անկյունում հպարտանում էր, որ ինքը սահմանում տիրող իրավիճակի մասին տեղեկանում է, այսպես ասած, առաջին ձեռքից, մինչ իր ընկերներց շատերը, կամ սոցիալական կայքերից էին ամեն ինչ իմանում, կամ հենց իրեն էին հարցուփորձ անում, որպես ամեն ինչից ՙխաբար մարդու՚, կամ ինչ-որ կասկածելի կայքերից, կամ առհասարակ ոչ մի ավելորդ տեղեկությամբ իրենց չէին ծանրաբեռնում:
ՙ…Մարտի 30-ի լույս 31-ի գիշերը հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է հրաձգային զինատեսակներից՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 590 կրակոց:
…Եվ ուրեմն… ստացվում է՝ երեկ կրակոցները ավելի քիչ էին, բայց երեկ կրակել են նաև նռնականետից… Հիմա ստացվում է՝ երե՞կ էր ավելի լարված սահմանում, թե՞ այսօր: Ինչպե՞ս որոշել… Իսկ երբ ականանետի՞ց են կրակում… Հիմա նռնականե՞տն է ավելի ուժեղ զենք, թե՞ ականանետը… երբ հրադադարը խախտվում է միայն հրաձգային զինատեսակներից, ամեն ինչ հեշտ է հաշվել, բայց այլ զինատեսակները համը հանում են: Այ, եթե հնարավոր լիներ հաշվարկել, թե ականանետի մի արկը քանի փամփուշտի է համարժեք…
Նռնականետը Գագոյին ծանոթ էր, բայց թե ինչ տեսք ուներ ականանետը, թեպետ, հավանաբար, նռնականետի նման մի բան էր, Գագոն միշտ մոռանում էր պարզել կամ հանգամանքներն էին այնպես դասավորվում, որ չէր ստացվում… Օրինակ՝ հիմա. ուր որ է պետք է համացանցում փնտրեր ականանետի մասին տեղեկություն, բայց եթե մի քիչ էլ մնար համակարգչի դիմաց, կուշանար աշխատանքից:
Համակարգիչը քնեց: Գագոն լցվեց տաբատի մեջ, հարևանների մահճակալները ճռռացին, օրը սկսվեց…
Տարօրինակ չէ՞: Երբ արևը քաշում-հանում է մեզ քնից, մեր ոտքերն ու ձեռքերը ձգում է և իր լույսի առավոտյան թարմությամբ նետում մեր մեկուսացած ես-ը կյանքի մեջ, թվում է՝ պետք է ողջ էությամբ ագահորեն նետվենք կյանքը խժռելու գայթակղությանն ընդառաջ, իսկ երեկոյան, երբ հոգին կուշտ է կյանքի լիությունից, վերստին փախչենք քնի գիրկը և ուժեր հավաքենք նոր օրվան ընդառաջ: Բայց իրականում կարծես ամեն ինչ հակառակն է. երեկոյան, երբ Գագոն վերադառնում է աշխատանքից, երթուղայինում մարդիկ մի տեսակ ավելի… պուպուշ են: ճիշտ է՝ հանդիպում են նաև խոժոռադեմներ, բայց, ընդհանուր առմամբ, երթուղայինի մթնոլորտը տհաճ չէ: Ամենևին այդպես չէ առավոտյան, երբ բոլորը մտքում երդվում են այլևս այդչափ ուշ չքնել, անիծում օրը երթուղայինի խտության պատճառով, շտապում, գուցե որոշները, հավանաբար շատ փոքրաքանակ ընտրյալներ, Գագոյի նման որոշում են սահմանային լարվածության չափը: Համենայն դեպս վերջիններս, եթե այդպիսիք կան, երեկոյան անպատճառ ավելի ժպտադեմ են, քանզի այդ օրն ավարտվում է, այսինքն՝ նախորդ օրվա համեմատ սահմանին լարվածության խնդիրը հնանում է, այսօրը դառնում է երեկ, գալիս է նոր վաղը, որը դառնում է այսօր և ի հայտ է գալիս սահմանային լարվածության նոր համեմատություն… Գագոյի մտքի և հոգու հանգստության համար, հուսանք, որ առանց նռնականետերի և ականանետերի…
Գագոյի տրամադրությունն այդ առավոտ ամեն դեպքում բարձր էր, քանզի հաջողացրել էր վարորդի կողքի նստարանը, մինչ մնացածը իր մեջքի ետևում ճխլվում էին: Նա անկախ իրենից մի տեսակ բարձր էր նայում այդ մահկանացուներին և սրտի խորքում համոզված էր՝ այսօրը հաջող է լինելու…
Երբ Գագոն կանգառում իջավ, երթուղայինում ճխլվածներից մեկի աչքերը փայլեցին, Գագոյի արդեն նախկին աթոռին փայլեց փրկության լույսը: Սակայն, մինչ այդ ճխլվածը, վերապրելով մոտալուտ փրկությունը, ձեռքն ուղղեց դռանը որպեսզի տեղափոխվի առաջ, ինչ-որ մեկի հետույքը, որն այդ պահին կանգառում էր, ճիշտ Գագոյի պես մի հաջողակ, զրկեց ճխլվածին երջանկությունից և նրա փրկության լույսն ընկղմեց խոր և անելանելի խավարի մեջ:
Այդ ընթացքում Գագոն արդեն քայլում էր դեպի այն շենքը, որտեղ գտնվում էր իր աշխատավայր-գրասենյակը: Նա աչքի պոչով ճշտեց ժամը, հասկացավ, որ առնվազն 2,5-3 րոպե ավելի շուտ է հասնելու աշխատավայր, քան սկսելու է իր աշխատանքը: Դրանից նրա քայլերը դարձան մի տեսակ ավելի վստահ, համարձակ, ինչ-որ տեղ՝ պահանջատիրական: Այսօր նա ավելի հաղթանակած կբարևի իր աշխատակիցներին և նորին մեծություն Տնօրենին:
…Եվ ուրեմն ինքն է. քայլում է թեթևակի թռվռալով, բարի, ինքնամոռաց և ինքնաբավ ժպտում է բոլորին, բարձր երգում է՝ շուրջբոլորը սփռելով իր կայտառ լույսը, որի մի մասը թողել էր երթուղայինի նստարանին, մարդիկ նայում են նրան, ոմանք՝ հեգնանքով, ոմանք՝ հիացմունքով, բայց ո՜չ երբեք անտարբեր: Դա նա՜ է, Այոոո՜ նա գալիս է.
Առավո՜տյան արշալույսին,
Ալ ձիս թամբած տու՜ն էկավ,
Սիրող սրտին վերքը ստացած…
Այդ պահին Գագոն նկատեց ընդառաջ մոտեցող միջին տարիքի ինչ-որ տղամարդու, անմիջապես դադարեց ցատկոտել և շարունակեց երգել առանց ժպտալու, քթի տակ, շշուկով…
…Արյունաթա՜թախ տուն էկավ…
Վայրկյաններ անց ձայնը կրկին բարձրացավ ու էլի ժպտաց, բայց այս անգամ առանց թռչկոտելու: Նույնը կրկնվեց նույնպես միջին տարիքի, բայց արդեն կնոջ հետ, հետո ևս մի երկու հոգու: Այդպես շարունակ՝ մինչև աշխատավայր:
Գրեթե ամեն օր մկանները տաքացնելու համար Գագոն, չնայած գրասենյակը 7-րդ հարկում էր, որոշում էր բարձրանալ աստիճաններով, բայց վերելակին հայացք նետելիս միանգամից փոշմանում էր: Այս անգամ այդ փոշմանելն արդարացված էր, քանի որ վերելակի մոտ սպասում էր 8-րդ հարկի ՙսիրունիկը՚, ով հասցրել էր գրավել իր սենյակային ընկերների ու նաև Գագոյի ուշադրությունը և օրական 4-ից 11 րոպե դառնալ նրանց քննարկման առարկան, չնայած ոչ ոք ամիսներ շարունակ չէր համարձակվում մի ՙբարև՚ ասել նրան: Սա, թերևս ինչ-որ համատարած խնդիր է, երբ գլխավոր սեռական օրգանը աչքերն են և լեզուն, վերջինս՝ միայն փոխաբերական իմաստով:
Վերելակում են: Բարևելու համար արդեն ուշ է: Գուցե հարցնե՞լ, թե որ հարկ է բարձրանում: Հա՜, բայց Գագոն դա գիտի: Գուցե վերջում պարզապես բարի օ՞ր մաղթել, իսկ հաջորդ անգամ նո՞ր միայն բարևել… Գագո՞, մի բա՜ն արա… Գուցե 7-րդ հարկում դուրս գալ վերելակից և քանի դեռ դռները չեն փակվել, այդ պահի՞ն ասել. ՙՁեզ բարի օր…՚, կամ գուցե դռները փակվելիս, վերջին շնչի վրա՞… Բայց… Թող մնա մյու՜ս անգամ: Ու՞ր պիտի կորչի: Վաղը, մյուս օրը, հաջորդ շաբաթ… Մյուս տարի…
7-րդ հարկում դեռ շա՜տ քիչ դռներ էին բացվել, միջանցքը լուռ հեգնում էր Գագոյի քայլքին: Գագոն կանգնեց աշխատասենյակի դռան առջև, հասկացավ, որ բանալին զուր է նախօրոք հանել գրպանից: Ներսում ձայներ լսվեցին, Գագոն բացեց դուռը, և օրը դարձյալ սկսվեց…
Աշխատասենյակը մի վայր էր, որը պարփակվում էր ինքն իր մեջ: Այնտեղ լուսամուտներին կախված էին վարագույրներ, որոնք արհամարհական փակել էին իր առջև մնացյալ աշխարհը, բայց անգամ երբ դրանք բաց էին, աշխատասենյակը, միևնույն է, արհամարհանքով էր նայում մյուս աշխարհին:
– Բարև՜:
– Բարև՜:
– Բարև՜, Գա՜գ ջան:
– Բարլուուու՜ս…
Գործերը հևիհև դուրս վազեցին տնօրենի բերանից, մագլցեցին Գագոյի վրա, կախվեցին դնչից, ոտքերից, քարշ տվեցին աշխատասեղանի մոտ, կռացրեցին, ստիպեցին նստել: Մինչ Գագոն կորոշեր, թե ինչից սկսել, մոտ տասը րոպե անցավ: Սովորաբար նա առաջին հերթին անում էր այն առաջադրանքները, որոնք ավելի հեշտ էին թվում: Սա թույլ էր տալիս մտածել, որ ինչ-որ բան արդեն արվել է և մնացած գործերը գլուխ բերել աթոռին ավելի հանգիստ տեղավորված: Սակայն այսօր հեշտ ստացվող բաներ չկային: Մեկը չէր ստացվում, անցնում էր մյուսին՝ առաջինին վերստին վերադառնալու ակնկալիքով: Հետո այդպես երկրորդը, երրորդը… Գագոն նյարդայնանում էր, հետո քիչ-քիչ սկսեց քունը տանել: Հիշեց, որ սուրճ չի խմել: Այդ ընթացքում երկու ուշացած ծրագրավորողներ ևս մտան աշխատասենյակ.
– Բարև՜:
– Բարլուուու՜ս…
– Բարև՜…
Ինչպես այս ուշացածները, այնպես էլ մնացածը գործի գալիս չէին այցելել ԼՂՀ ՊԲ պաշտոնական կայք: Փոխարենը՝ առավոտյան սրճել էին: Այդ պատճառով Գագոն միայն իր համար սուրճ պատրաստեց և մեկ-երկու անգամ առշրթնելուց հետո, կարծես ձանձրացավ և սև հեղուկը անմիջապես քաշեց գլուխը: Դարձյալ սկսեց անցնել մի գործից մյուսը: Առաջինը, երկրորդը… Այս անգամ կարծես ինչ-որ բան սկսում է ստացվել:
Յոթերորդ հարկում աշխատող ծրագրավորողը ակամայից բարձրից է նայում աշխարհին, օրը մասնակից չէ նրանում և ինքը՝ նոր աշխարհ հորինող այդ ներփակ հավատացյալը, ով զբաղվում է սպորտով, բայց ալարում է սափրվել, սրբել ստեղնաշարի փոշին կամ լվանալ սուրճի բաժակը, ով ամեն մարտի 8-ին կնոջ հետ գնում է ամենաթանկ ռեստորանը, բայց երբեք նրան հանկարծակի համբուրած կամ անտրամաբանորեն գրկած չկա, ով իր յոթերորդ հարկից հեգնում է ամեն վերապրում, բացի իր նեղ-երևակայական աշխարհի դատողական փայլատակումներից, ծավալում է իր ներկան իր գերխիտ իրականության մեջ և հոսում իր ժամանակում, որը գլորում է նրա օրն այդ նոր աշխարհում՝ ապրվող կյանքի ռիթմից անջատ…
… Եվ Գագոն իր ընկերների հետ գլորվում էր հորինված այդ աշխարհում: Ժամերը գումարվում էին միմյանց, մոլորակի քայլքը շարունակվում էր, իսկ յոթերորդ հարկում ամեն ինչ անվրդով ու անխռով մոտենում էր ընդմիջման ժամին:
Ընդմիջում ասվածն էլ, ըստ էության, չկար: Չէ՞ որ ընդմիջումը նրանց համար է, ովքեր ապրում են ժամանակի մեջ, ընդմիջումը ինքը ժամանակի մեջ է: Բայց Գագոյենք երևակայական աշխարհում էին, ուրեմն էլ ի՞նչն է ընդմիջվում… Նրանք պարզապես ուտում էին. այն, ինչը համեղ է, առանց գիտակցական ավելորդ լարում պահանջող ուտեստների, հենց այնպես… Սնվում էին աշխատատեղին ամենամոտ գտնվող ճաշարանում: Այո՜, հենց այնպես… Եվ սա այն դեպքում, երբ բրիտանացի գիտնականները պարզել են, որ գնալ հաց ուտել ու ետ գալը և ընդմիջում անելը շատ տարբեր բաներ են…
Երբ բոլորի փորերը կուշտ էին, աշխատասենյակը կրկին ակտիվացավ, սուրճի բույրը կրկին շոյեց հոտառությունը, բայց այս անգամ գրեթե բոլորն էին սուրճ ըմպում: Տղաների խոսքերը թափ էին տալիս օրվա ընթացքում կուտակված ձանձրույթը. ֆուտբոլ, եղանակ, անեկդոտներ, ութերորդ հարկի ՙՍիրունիկի՚ հետույքը…
Սուրճի բաժակները դատարկվեցին, ստեղնաշարերը սկսեցին հետզհետե չըխկչըխկալ՝ կանխորոշելով աշխատանքային օրվա մոտալուտ ավարտը:
Հաց ուտելուց հետո Գագոն հետզհետե ավելի ամուր շղթայվեց իր սեղանին: Ժամանակին, ասենք՝ 15 տարի առաջ, այդ սեղանին կլիներ կակտուս, ինչ-որ հարազատ մեկի նկար, թուղթ ու գրիչ, ամրակների տուփ: Հիմա այդ ամենը համակարգչի մեջ է, և ոչինչ այլևս չի ծանրաբեռնում Գագոյի աշխատասեղանը: Այս միտքը չգիտես ինչու թակեց Գագոյի գլուխը, բայց Գագոն, որ մի պահ հայացքը քարացրել էր էկրանին, կարծես չտեսնելով այն, գլուխը կտրուկ թափ տվեց և կրկին անցավ գործի: Չըխկ-չրըխկ: Ամեն ինչ կարծես ստացվում է… Բայց երբ մայրամուտը արդեն նայեց աշխատասենյակի աչքերի մեջ, Գագոյի փորը հանկարծակի գռմռաց:
Մի պահ վարանելուց հետո նա խառնեց իր ոտնաձայները ամենուրեք հնչող ստեղնաշարերին: Դուռը անձայն բացվեց, և ամենքը մնացին նրա հետևում…
Զուգարանակոնքը փոքր-ինչ սառն էր: Սկզբից Գագոյի մարմնով սարսուռ անցավ, բայց նա վայրկենապես վարժվեց: Ինչ-որ կայքում, բայց հաստատ ոչ ԼՂՀ ՊԲ-ում, Գագոյի աչքով ընկել էր մի հոդված, որի հեղինակը պնդում էր, որ առողջության համար այդ գործը շա՜տ ավելի օգտակար է անել պպզած, քան զուգարանակոնքին նստած, այսինքն՝ այնպես, ինչպես գյուղերում՝ Գագոյենց և մնացած բոլոր:
… Մի անգամ, երբ տակավին պատանի Գագոն բացեց փայտե դուռը՝ իրենից գոհ շորերը կարգի բերելով, հարևան Գարուշի թոռը՝ Արուսը, ով ցանկապատից այն կողմ հաղարջ էր հավաքում, ամաչկոտ խնդմնդաց: Ամաչել, զայրանալ, ժպտալ կամ բարևել չհասցրեց Գագոն, փոխարենը թվաց, թե իր կյանքի 15 տարիների ընթացքում առաջին անգամ է տեսնում Գարուշի թոռանը, չնայած՝ ամեն օր հանդիպում են: Նա արդեն էլ Գարուշի թոռը չէր, նա Արուսն էր…
– Քեզ հետս քաղա՜ք եմ տանելու, – խոսում էր Գագոն, երբ Արուսին մենակ էր բռնեցնում, իսկ աղջիկը երազկոտ շիկնում էր, – դու հլը սպասի՜: Գնալու եմ սովորեմ, քաղաքում աշխատեմ ու մարդու նման ապրեմ: Քեզ էլ հետս տանելու եմ:
… Եվ սպասե՜ց Արուսը, և Գագոն փախավ քաղաք, սովորեց՝ ավելի ու ավելի քիչ Արուսին հիշելով: Հոր փողերով մի կերպ պլստաց բանակից:
– Դու սպասի՜, սպասի՜… Քեզ քաղաք եմ տանելու…
Այստեղ աղջիկները շատ էին, ոչ ավելի քիչ դմբո, քան Արուսը, բայց ավելի
հրապուրիչ: Եվ Գագոն մի անգամ ներողամտահեգնաբար ժպտաց Արուսին իր մտքում: Հետո մի անգամ իմացավ, որ Արուսին պսակել են…
Գագոն զգաց, որ փորը դատարկվել է, և ինքն էլ մի տեսակ թևաթափ է… Ի՞նչ էր անում նա՝ կով արածացնողի որդին, փոքրիկ Արուսի հերոսը, ով անգամ շորերը չի կարողանում հարկ եղածի պես կարգի բերել, ինչ էր անում նա այդտեղ՝ այդ դղյակի յոթերորդ հարկում՝ գահին նստած…
Գագոն կրկին լցվեց շալվարի մեջ և իսկույն ջուրը քաշեց: Արուսի աչքերը ջրում պտտվելով թախծոտ ժպտացին:
Չը՜խկ, չը՜խկ, չըրը՜խկ, չը՜խկ… դղյակի յոթերորդ հարկը շուտով ընկղմվեց լռության մեջ:
Գագոն արդեն դրսում էր, սովորական մի մահկանացու, երգելը ամենևին չէր գալիս: Ինքն իրեն խաբեց, որ ավելի հեռու գտնվող կանգառում երթուղայինն ավելի դատարկ կլինի: Իրականում պարզապես ուզում էր քայլել: Մենա՜կ: Բայց դա խոստովանելու բան չէր… Մտածկոտ էր, հայացքը հեռուն նետած, ինչ-որ բան որոնող: Իսկ միգուցե այսօր տաքսի՞ նստի: Բայց այդ դեպքում էլ ինչու՞ ավելի առաջացավ, չէ՞ որ այդ մյուս կանգառը տնից ավելի հեռու է, և ուրեմն՝ տաքսին ավելի թանկ:
Շուտով նա դուրս կլցվի շալվարից և կփռվի մահճակալին: Քնելիս նրա մտքում կշողա մի խորհրդավոր պատկեր. ինքը դուրս է գալիս փայտաշեն զուգարանից, ուղղում է շորերը, իսկ հարևան այգում Արուսը հաղարջ չի հավաքում, և ոչ-ոք հաղարջ չի հավաքում, և հաղարջը կախված է թփերից: Հոգու մեջ վայրկենապես դառնություն ու սառը շունչ կզգա, հետո ամեն ինչ անմիջապես կխառնվի քնի մշուշում: Գագոն կխռմփացնի, հարևանների մահճակալները կճռռան, և օրը կվերջանա… Կվերջանա ավելի հանկարծակի ու ողբերգական, քան սովորաբար, մութը չորս օր կտևի ու կլինի ավելի մութ, քան սովորաբար, բայց նոր օրը, այնուամենայնիվ, կբացվի, կբացվի ավելի հանդուգն, ուժգին և կատաղի՝ այլևս երբեք չմթնելու տեսլականով…

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *