Մհեր Իսրայելյան | Մի շան բախտ հին հայկական ճանապարհի վրա

Ամեն մարդ իր տեսադաշտում կամ տեսադաշտից անդին պետք է ունենա հեռավոր մի սար, մի մոռացված գետի վաղուց չորացած հուն, մի փոքր երևակայություն կամ մտքի թռիչք, մի քիչ էլ ժամանակ՝ այն երազով կամ հնարած առեղծվածով լցնելու համար: Ու կյանքը, որ սկսվում ու ավարտվում է տխուր ձորակի վերածված այս գետահունում, կլցվի իմաստալից դրվագներով, ու թե բախտը բերի ու ընթերցող գտնի՝ կդառնա պատմվածք: Մանավանդ, եթե այդ մարդը շուն է, իսկական գերմանական հովվաշուն՝ անունը Ռեքս, շղթայված այս քարքարոտ եզերքում ու դատապարտված հայացքը հավերժ գամելու հայտնի֊անհայտ հեռուներին։ Ճիշտ նրանցից, ում ազնվական կերպարները կայծկլտում են գովազդային հոլովակներով, փրկարարական աշխատանքներ լուսաբանող հեռուստատեսային հաղորդումներում կամ էլ խորհրդային խամրած ֆիլմերում: Թե ինչու են այս խուզարկու շանը հայերեն հովվաշուն անվանել, դժվար է ասել, սակայն մի բան, որ ապացուցվում է սրտի արագացող զարկերով, պարզից էլ պարզ է․ նա մի անբացատրելի ատելություն է տածում ժպիտը դեմքին մորթվելու պատրաստ գառների հնազանդ ցեղի, գառներին գայլերից պաշտպանող գամփռների կամ ժողովրդական լեզվով ասած՝ չոբանի շների ու նրանց տերերի՝ չոբանների նկատմամբ։ Ամեն անգամ սրանց տեսնելիս սրտի տրոփյունը աշխուժանում է, արյունը խփում գլխին՝ ևս մեկ անգամ հավաստելով իր անաղարտ ազնվական էությունը։ Չոբանների ականջը խուլ՝ գայլային էությունը։
Այս չորացած գետահունը, որ այսօր բաժանում է իրականությունը երազից, գերմանական հովվաշներին գամփռներից, հային թուրքից՝ ժամանակին այլ առաքելություն է ունեցել։ Ինչպես ամռանը այս կողմերն այցելող, հին գրքերը քչփորելու հակում ունեցող ու աչքերն էլ ճպճպացնող մի տղա էր ասում․
– Այստեղով այնպիսի վարար գետ է հոսել, որ մեր Բագրատունի թագավորները նավով ճամփորդել են դեպի իրենց արքայական ամրոցը։
– Չէ՜ մի, ծովից ծով Հայաստան, Երևի «Կիլիկիա» նավն էլ է այստեղով նավարկել,- հեգնում էին գյուղացիները։
Գյուղացիները թող ծաղրեն, միևնույն է՝ մենք հավատում ենք աչքերը ճպճպացնող տղային ու Հին հայկական ճանապարհի գոյության հեքիաթին։
– Մինչև այսօր էլ ամրոցի ավերակների տակ մնացած գանձարանը չի հայտնաբերվել,- ոգևորված կշարունակի տղան։
– «Գանձերի կղզին» ես կարդացել երևի, ծովահեն,- կշարունակեն ծաղրել գյուղացիները։
Կշարունակեն ծաղրել ու այդ հիվանդագին երևակայությամբ ու ճպճպացնող աչքերով տղային մի-երկու ճլոտի կտան, այնքան ժամանակ՝ քանի դեռ ձորակի ինչ-որ քարաբեկորի տակից չի գտնի այն մետաղական կտորտանքը, որ հրամցնելու է որպես խորտակված նավի ժանգոտած խարիսխ։
– «Տիտանիկն» է հավանաբար,- քմծիծաղ կտան գյուղացիները։
Որքան էլ գյուղացիները իրատես են, քանի որ ամեն օր շփվում են հող ու ջրի, բնության հետ, որքան էլ ծաղրեն, ճպճպացնող աչքերով տղան, որ երևի ես եմ, չի վհատվելու, քանի որ իր հետ է իր զարմիկ Արմոն՝ աշխարհի չեմպիոնն ու իր ճանաչած ամենաուժեղ տղան։ Եթե Արմոն ուզի, անպայման կհասնեն ամրոցի ավերակներին, կպեղեն հողը ու կգտնեն գանձարանը։ Արմոն, որ կրում է պապի եղբոր անունը, այն եղբոր, որ հենց այս քարափում էլ տակավին պատանի կնքել է իր անմեղ մահկանացուն։ Իսկ հիմա, երբ մեզ է միացել մեծ խուզարկու Ռեքս հովվաշունը՝ առաքելությունը թվում է խաղ ու պար, ուղղակի ժամանակի հարց։ Գյուղացիները թող իրենց հողեղեն իղձերը փայփայեն, մենք էլ կտրվենք երազային տարերքին։
– Դուք չգիտեք, Ռեքսը պատկանում է այն հազվագյուտ խուզարկուների ցեղատեսակին, որոնք նշանակալի դերակատարություն են ունեցել միջնադարյան խոշորագույն ոճրագործությունների բացահայտման հարցում,- կշարունակի երազել տղան։
– Շերլոկ Հոլմս,- ուսին կթփթփացնեն գյուղացիները,- իսկ ո՞վ է բացահայտելու քսաներորդ դարասկզբի խոշորագույն ոճրագործությունը։
Բարեբախտաբար, թե դժբախտաբար, Ռեքսը չգիտեր, որ ձորակից այնկողմ երևացող սարն իր տիրոջ՝ պապի համար ուներ առանձնահատուկ նշանակություն: Եթե իմանար, կտրվեր ավելորդ զգացմունքայնությանը, բերանը կփրփրեր, ինչը կարող էր վատ անդրադառնալ մասնագիտական հմտությունների վրա, բթացնել հոտառությունը։ Բարեբախտաբար, թե դժբախտաբար՝ չգիտեր, որ հանրագիտարանում այս ձորակը նշված է որպես գետ, այսինքն ժամանակին, երբ մարդիկ փորձել են անվանակոչել տեղանքը, այնտեղով ենթադրաբար ջուր է հոսել: Այնքան է հոսել, որ մեր ժողովրդի բոլոր իղձերն առել տարել է չգիտես, թե ուր ու մեզ շպրտել այս քարափը: Ինչևէ, քանի որ կոչվել է գետ, ուրեմն ունի հուն, ու այդ հունը ինչ-որ տեղ տանում է: Ու եթե ինչ-որ տեղ տանում է, շաբաթը մեկ անգամ կարող են պարանոցի շղթան արձակել ու ազատություն տալ շնային անկանխատեսելի բնազդին: Ձորակով այնքան կթափառի, մինչև կհոգնի, ջրի պակասից բերանը կցամաքի ու լեզուն դուրս կախած հևասպառ կգցի իրեն հայրենի շնաբույնը՝ կամավոր բանտարկվելով պարանոցի շղթայի մոգական ճիրաններում:
Ռեքսին այս գետի ու գանձերի պատմությունը արժանահավատ չէր թվում ու այդպես էլ ցնորք կմնար, եթե մի օր սելավը չփրփրեր։ Չփրփրեր ու անվերադարձ չտաներ հարևանի խարտյաշ տղային՝ Գոնչոյին։ Ցնորք կմնար, եթե մի անգամ էլ իրեն, որ պատահմամբ ազատվել էր շղթայից, չառներ ալիքների կործանիչ հորձանուտի մեջ ու հրաշքով շպրտեր ձորակի այն ափը, որտեղ տեր ու տնօրինություն են բանեցնում թշնամական գամփռները, օտարահունչ հրահանգներ են հնչեցնում նրանց չոբան տերերն ու որտեղ ժամանակ առ ժամանակ կայծկլտում են գայլերի հարազատ աչքերը։
Երբ առաջին անգամ բերեցին այս քարքարոտ եզերքը, դեռ լակոտ էր: Նախկին միամիտ տերը նոր տերերին հավաստիացրեց, որ մեկ բադը՝ արգանական եփելու դեպքում բավարար է իր ազնվացեղ առաքինությունը հավուր պատշաճի պահպանելու համար: Ասաց՝ իբր բադ չուտելու դեպքում դեմքին դաջված յոթ ազնվական խալերը կխամրեն ու կամաց-կամաց կդառնա սովորական գամփռ: Չորս օրը մեկ բնականաբար բադ չկերավ, բայց խալերը այդպես էլ չխամրեցին ու գամփռ էլ չդարձավ` պապը վկա։ Եթե գամփռ դառնար, հարևանի գառանը չէր գզի, ու մեջն էլ երկնագույն արյունը չէր խաղա, երբ հեռվում մի մոլորված գայլ տեսներ: Եվ վերջապես, հարևանի գամփռին՝ Չալոյին տեսնելիս էլ արյունը չէր խուժի գլուխը ու ականջներն էլ չէին ցցվի: Էլ չեմ ասում ոսկեմազիկ կատվի՝ Նազիկի մասին, որ մի տեսակ պատկառանքով էր իրեն նայում ու պահում զգուշավոր հեռավորությունը: Թե գամփռ դառած լիներ՝ հաստատ չէր զլանա գալ ու ճմլկոտելով քսմսվել ոտքերին, այն էլ` պապի ոգևորիչ ներկայությամբ: Թե գամփռ դառած լիներ, չէր փորձի խիզախաբար կուլ տալ շնաբնի սահմանները խախտած հանդուգն ոզնիին ու արյունլվա անել լեզուն ու բերանը: Եթե մտել են քո տունը, փշերից պետք չէ սարսռալ, մորթվող գառան պես ժպտալ, մի քիչ արյուն կգա` կանցնի-կգնա, ոզնին էլ թաթի հարվածից գնդակի նման կգլորվի հետ։ Էլ չեմ ասում անվան մասին՝ ո՞վ է տեսել գամփռ, անունը՝ Ռեքս։ Եթե գամփռ լիներ` պապն էլ չոբան կլիներ ու թերևս ձորակից անդին կապրեր։
Ափսոս, պապն արդեն ծեր է ու ձորակի թափառումները իր համար չեն, ստիպված է սպասել թոռներին՝ հույսով, թե շաբաթավերջին կգան գյուղ, կհանեն պարանոցի շղթան ու իրեն կտանեն բաղձալի ճամփորդության: Ճպճպացնող աչքերովն ու Արմոն` աշխարհի ամենաուժեղ տղան։ Կարձակեն վզնոցը ու գետի չորացած հունով կգնան որոնելու Բագրատունիների հնամյա ամրոցի ավերակները ու այնտեղ քողարկված գանձերը։ Ամեն անգամ կհասնեն քարայրին, որտեղ երեսունականներին չեկիստներից թաքնվել են նախկին ֆիդայինները ու չոբաններից հալածված գայլերը, կհոտոտեն այդ հարազատ ներկայությունը ու կվերադառնան` ամրոցի ու գանձերի հարցը հետաձգելով անորոշ ապագայի համար։ Ինչ արած, երևի հարատև ազատազրկման և բադի հյութեղեն արգանակի պակասորդից կորցրել է խուզարկուի աստվածատուր հատկանիշները։ Փոխարենը` ի հայտ են եկել որոշակի ցեղային նախապաշարումներ, որ հատկապես գլուխ էին բարձրացնում Չալոյին հանդիպելիս։ Ասես ավանդույթ է դարձել, որ մի մոգական ուժով, թե դիվային զուգադիպությամբ ամեն անգամ ազատության վայելքը պիտի համեմվի Չալոյի գամփռային ներկայությամբ։ Թերևս դա է ազատության գինը։ Մի քիչ կճանկռոտվեն, արյուն կծորացնեն, հևասպառ ու ուժատ մարմինը քարշ կտան դեպի շնաբույնը՝ հերթական էջը գրելով գերմանական հովվաշների ու գամփռերի անվերջանալի պատերազմի արյունոտ պատմության էջերում։ Վատն այն է, որ Չալոն հեշտությամբ բռնում է իր ցից ականջները, իսկ Չալոյի ականջները ծնված օրից կտրել են, որ գայլի բաժին չդառնան։ Վատն այն է, որ գառան խեղդելու վախից պապը մշտապես շղթայված է պահում իրեն, մինչդեռ մի ոմն չոբանի շուն, որ ականջ էլ չունի, պոչը վեր ցցած ազատորեն պտտվում է իր քթի տակ։ Մինչդեռ իրեն մի ոմն չոբանի շան տեր երևակայող մի ողորմելի չոբան, որ գյուղում պտտվող փսփսոցների համաձայն մի հիսուն տարի առաջ մարդ է հոշոտել, չար լեզուների հավաստմամբ էլ` այդ ձորակում թաղել ու անպատիժ մնացել, ամեն կռվից հետո խրախուսելու է նրան` որպես պարգև մի մեծ ոսկոր շպրտելով։ Սա էլ համփելու է ոսկորը ու տիրոջ անպատժելիությունն իրենը համարելով, ոչ միայն պոչը, այլև քիթն է վեր ցցելու։ Պապն էլ, միամիտ գյուղացիներն էլ հույսով սպասելու են, թե սելավը մի օր փրփրելու է ու բացահայտելու այս քարափում զոհված պատանի եղբոր առեղծվածը, փրփրելու ու սրբել֊տանելու է Չալոյի տիրոջ մեղքերը։
Ռեքսի համար ձորակից այնկողմ գամփռներն էին, պապի համար` թուրքի բաժին դառած ավետյաց երկիրը, ճպճպացնող աչքերով թոռան ու Արմոյի համար` Բագրատունիների գանձերը։ Ռեքսն ու Չալոն էլ իրենց անհամատեղելի գեների վրա թքած` առանց մեկմեկու կյանք չունեին, ինչպես հայն ու թուրքը։ Ո՞վ էր թուրքը, ո՞վ հայը` էական չէ, էականը այն ձգողական ուժն էր, որ սրանց պահում էր իրար վրա գռմռալու ու ատամ գցելու նախանձելի հեռահարության վրա։ Վատն այն էր, որ Ռեքսը շղթայված էր ու շղթայված լինելով, հետևի թաթերով անխնա փորում էր հողը, Չալոյի անունն էլ լսելիս այնպես էր կատաղում, որ աչքերը մթնում էին։ Այսպես այնքան էր հետևի թաթերով ճանկռել հողը, որ մի օր անբուժելի փտախտ էր ստացել։ Հարևանի տղան էլ որոշել էր վրեժ լուծել Չալոյից. մի ասեղ էր դրել ոսկորի մեջ, հյուրասիրել խեղճին ու այն աշխարհ ուղարկել։ Այդուհետ, երբ Չալոյի անունը կանչում էին, Ռեքսը անտարբեր ու անհաղորդ էր մնում, ականջներն այլևս չէին ցցվում, քանզի գիտեր, որ Չալոն գտնվում է հեռու հեռվում, հոտառության հասանելիությունից, գուցե պապի սիրած սարից էլ անդին։ Չալոյի հեռանալուց հետո Ռեքսը կորցրել էր իր կյանքի իմաստը, հոտառությունն ու գայլային բնազդները, հայտնվել մի դատարկության մեջ, որտեղ չկան գամփռներ ու գայլեր, չկան ազատության ձորակներ ու կորած գանձեր, չկա ոչինչ։ Մի շան բախտագուշակ դեռ լակոտ ժամանակ գուժել էր, թե Ռեքսի յոթ ազնվական խալերը խորհրդանշում են նրան հասանելի տարիների քանակը, իբր բնությունը երբեք չի սխալվում։ Ու հիմա, յոթ տարի հետո, վաղ առավոտյան, երբ հայտնաբերել էին Ռեքսի անշնչացած մարմինը, նկատել էին, որ խալերը այնպես էին խամրել, ասես ցնդած լինեին։ Ռեքսի հուղարկավորության մասնակիցները վկայում են, որ այն անցկացվել է ազնվականին վայել ծիսակարգով։ Պապը, ճպճպացնող աչքերով տղան, Արմոն, ոսկեմազիկ Նազիկը, չգիտես որտեղից հայտնված ոզնին ու նույնիսկ տատը, Ռեքսի մարմինը պատգարակի վրա դրած, հուղարկավորության տառին ու ոգուն համապատասխան տարել են իր ազատության ձորակը ու մոռացված գետի չորացած հունի վրա մի փոս փորել։
֊ Ռեքսը գնաց իսկական տղամարդու նման,֊ կարճ է կապել պապը։
֊ Ափսոս, Բագրատունիների գանձերը մնացին հողի տակ, անտեր-անտիրական,֊ լաց են եղել ճպճպացող աչքերով տղան ու Արմոն` աշխարհի ամենաուժեղ զարմիկը։
Երբ գործն համարյա ավարտել են, հանկարծ տատը ճչացել է ու խաչակնքել․
֊ Մարութա սարի սուրբ Աստվածածին։
Բոլորը շրջվեցել են տատի կողմը, տեսել փոսին հառած վախեցած հայացքը ու միայն այդժամ նկատել հողի տակից նշմարվող Չալոյի սևուսպիտակ մազածածկույթը։ Նույն փոսում էլ երկուսին գրկախառնված թաղել են, Չալոյի գեղջկական երանգները շաղախելով Ռեքսի ազնվական խալերով։ Իսկը` շան բախտ։
Մինչև այսօր էլ գիշերները ինձ տանջում է մղձավանջը, երբ պատկերացնում եմ, թե ինչպես է փրփրած սելավը գետնի տակից քանդում֊հանում Չալոյի ու Ռեքսի միաձուլված մասունքները ու Հին հայկական ճանապարհով տանում հասցնում Բագրատունիների հնամենի ամրոցը։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *