ՄԻԼԱՆ ԿՈՒՆԴԵՐԱ | Թշվառ Ալոնսո Կիխադան*

Միլան ԿունդերաԹշվառ Ալոնսո Կիխադան ցանկացավ վեր բարձրանալ մինչ թափառող ասպետի լեգենդար կերպար:
Ողջ գրականության պատմության ընթացքում միայն Սերվանտեսին հաջողվեց ճիշտ հակառակը. նա լեգենդար կերպարին ուղարկեց ներքև՝ արձակի աշխարհ: «Պրոզա» բառը ոչ միայն նշանակում է չտաղաչափված լեզուն, այլև կյանքի կոնկրետ, առտնին, մարմնական կերպը: Այսպես՝ ասել, որ վեպը պրոզայի արվեստն է, բնավ էլ ակնհայտի հաստատումը չէ. բառը որոշարկում է այդ արվեստի խորագույն իմաստը: Հոմերոսը երբեք չհետաքրքրվեց, թե Աքիլեսի և Այաքսի բազմաթիվ ձեռնամարտություններից հետո մնացե՞լ են դեռ արդյոք նրանց բոլոր ատամները: Բայց Դոն Կիխոտի և Սանչոյի համար ատամներն անվերջանալի անհանգստություն էին՝ ցավող ատամներ, պակասող ատամներ: «Դու պետք է իմանաս, Սանչո, որ ադամանդն այդքան թանկարժեք չէ, ինչքան ատամը» [Մաս 1, գլ. XVIII]:
Բայց պրոզան ոչ միայն կյանքի դժվարին կամ գռեհիկ կողմն է, այլև մինչ այդ անտեսված գեղեցկությունը. պարկեշտ զգացմուքների գեղեցկությունը, օրինակ՝ մտերմությամբ երանգավորված քնքշանքը, որ տածում է Սանչոն Դոն Կիխոտի նկատմամբ: Իսկ Դոնը մեղադրում է նրան շատախոս անկաշկանդության մեջ` ասելով, որ ասպետականության ոչ մի տեքստում նշված չէ որևէ զինակիր, որ կհամարձակվեր խոսել իր տիրոջ հետ այդպիսի տոնով: Իհարկե ոչ: Սանչոյի կապվածությունը նոր պրոզայիկ գեղեցկության սերվանտեսյան բացահայտումներից մեկն է. «Երեխան անգամ կարող է նրան համոզել, որ այժմ կեսգիշեր է, այնինչ կեսօր է, – և հենց այդ միամտության համար էլ սիրում եմ նրան, ինչպես սեփական կյանքս և, չնայած նրա տարօրինակությանը, անկարող եմ լքել նրան», – ասում է Սանչոն (Մաս 2, գլ. VI.):
Դոն Կիխոտի մահը պրոզայիկ լինելու համար առավել շարժուն է, այն է՝ ամենայն պաթոսից զուրկ: Նա արդեն թելադրել է իր կամքը և ապա երեք օր ձգձգել՝ մահանալով մարդկանցով շրջապատված, ովքեր սիրում են իրեն, սակայն «դա չի խանգարում զարմուհուն ուտել, վերակացուհուն՝ խմել կամ Սանչոյին՝ լավ տրամադրություն ունենալ: Հանուն ժառանգման փաստի՝ ինչ-որ բան ջնջում կամ նվազեցնում է այն վիշտը, որ մարդ պարտավոր է [զգալ] մահացողի հանդեպ» [Մաս 2, գլ. LXXIV ]:
Դոն Կիխոտը Սանչոյին բացատրում է, որ Հոմերոսն ու Վերգիլիուսը կերպարները չեն նկարագրել «այնպես, ինչպես դրանք եղել են, այլ ավելի շուտ, թե ինչպես դրանք պետք է լինեն՝ իբրև առաքինության տիպար ի ցույց գալիք սերունդների»  [Մաս 1, գլ XXV]: Արդ՝ Դոն Կիխոտն ինքը հեռու է օրինակելի տիպար լինելուց: Վեպերի կերպարները հիացմունքներ չեն հայցում իրենց առաքինությունների համար: Նրանք հայցում են հասկացվածություն, և դա բոլորովին այլ բան է: Էպիկական հերոսները հաղթում (vainquent) են կամ, եթե իրենք են հաղթվում (vaincus), մինչև վերջին շունչը պահպանում են իրենց վեհությունը: Դոն Կիխոտը հաղթված է: Եվ առանց որևէ վեհության: Քանի որ ամեն ինչ անմիջապես հասկանալի է. մարդկային կյանքն՝ իբրև այդպիսին, պարտություն է: Միակ բանը, որ մեզ մնում է այդ անխուսափելի պարտության (vaincus) դեպքում, որ կյանք են անվանում, այն հասկանալու փորձն է: Հենց դրանում է և վեպի արվեստի գոյության իրավունքը (raison d’être):

* Թարգմանությունը կատարված է Միլան Կունդերայի «Վարագույր» գրական-փիլիսոփայական էսսեների ժողովածուից (Milan KUNDERA, Le Rideau, Paris: Éditions Gallimard, 2005, 196 pages):

© Թարգմանությունը ֆրանսերենից՝ ԹՈՆԴՐԱԿԻ

Միլան Կունդերա գիրք

Share Button

1 Կարծիք

  • Արամ says:

    Ինչո՞ւ Ալոնսո Քուջեդա: Վահան Սարգսյանը բնագրից Ալոնսո Կիխադա է թարգմանել: Հետաքրքիր է:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *