Հայկ Համբարձումյան | Տասներորդ մուսան

Հայկ Համբարձումյան

Ասում են, թե ինն են մուսաները, Օ որքան են մարդիկ  սխալվում
Ոչ, կա նաև տասներորդը. Սապֆոն է դա Լեսբուհի:

Պլատոն

Կանայք թող լռեն…
Թուղթ Ա կորնթացիներին 15:34

Я научила женщин говорить…
Но, Боже, как их замолчать заставить?

Ա.Ախմատովա

Պոեզիան և ընդհանրապես արվեստը` տաղանդի ուժով նյութի հաղթահարումն է: Հենց խնդիրն այն է, թե ինչ նյութ էս հաղթահարում` քար, մետաղ, հոգի, մարմին,  սեռի կանչ ու պատկանելություն կամ…, ինչպես  Արփի Ոսկանյանի հանրահայտ «Մանիֆեստում» է.

Ես իմ կուսաթաղանթի ձեռը կրակը չեմ ընկել:
Վաղուց հարցերը լուծել եմ, և հիմա դրանից պատմություններ չեմ սարքում:

Բանաստեղծը դուրս է գալիս տարածաժամանակային սեփական չափումներից,  հաճախ սեռից  և ազգայինի-լոկալ դրսևորումներից  և փորձում գտնել արտահայտման նոր ձևեր: Տղամարդը ավանդաբար գիտակցվում է որպես առավել հոգևոր կառույց, ըստ այդմ էլ` առավել ունակ  ստեղծագործելու: Կինը ի հաշիվ որոշակի պատմական, հասարակական, աշխարհայացքային զարգա-ցումների` ինքնարտահայտման ավելի քիչ ազատություն ունի: Նա ստեղծագոր¬ծելու համար պետք է հաղթահարի նախ և առաջ սեփական ֆիզիոլոգիական էատարրը, այսինքն նյութը` քարը, մետաղը, հոգին, սեռը,  կամ դրախտը, ինչպես բանաստեղծուհի Սոնա Վանի բանաստեղծության մեջ է.

Եվայի նման
ես էլ
երևի
կհաղթահարեմ
գրկիդ մրգահոտ
դրախտը…մի օր:

Այս հաղթահարումն էլ ամենադժվարն է: Այն որոշ դեպքերում իրականանում է ուղղակի ընդվզման միջոցով: Բացի ընդվզումը կա ևս մեկ, առավել դժվար տարբերակ. կին գրողը իր ֆիզիկական էությունը հաղթահարում է արարչագործության առընչակցության գիտակցությամբ: Այս հարթության վրա էլ կինը գիտակցաբար կամ ոչ, իրեն ընկալում է, որպես աշխարհարարման անմիջական մասնակից և այդ իրավունքով էլ բռնում է նյութի հաղթահարման ճամփան:

Բելինսկին 19-րդ դարի կեսերին գրում էր. «Տղամարդը իր բնությամբ առավել ընդգրկուն է, քան կինը և տաղանդ ունի դուրս գալու իր անհատական էությունից և տեղափոխվելու բոլոր հնարավոր վիճակների…այն դեպքում, երբ կինը ներփակված է ինքն իր մեջ, իր կանացի ոլորտում…և չի կարող մեծ բանաստեղծ լինել»: Կարող ենք վիճել կամ չվիճել քննադատի հետ, սակայն մի բան պարզ է` պոեզիայում որոշակի առանձնահատկությունների տեսանկյունից կարելի է և պետք է տարբերակել «կանանց» և «տղամարդկանց» պոեզիա հասկացությունները: Նման տարբերակումը արդեն իսկ առկա է 19-րդ դարում և հատկապես ռուսական գրական-մշակութային իրականության մեջ:      Իսկ մինչ այդ մշակույթի պատմությունը տարուբերվում էր  մեկ անտիկ գրականությունից` Սապֆոյից եկող ավանդների, և մեկ էլ քրիստոնեական մշակույթից եկող և Պողոս առաքյալի թղթերում հաստատագրված կնոջ լռության ավանդույթի միջև: Խնդիրը լոկ կրոնական չէ, այլև ընդհանրական-մշակութային: Էմանսիպացիոն-ֆեմինիստական տեսությունների կողմնակիցները կարծում են, որ ստեղծագործելու արգելքը հորինել են տղամարդիկ` վախենալով կնոջ գերազանցությունից: Տղամարդիկ վախենում են, որ եթե կինը սկսի ստեղծա¬գործել, ապա կմոռանա իր հիմնական գործառույթը` սերնդի վերարտադրությունն ու դաստիարակությունը: Ըստ այդմ էլ, կինը առավելապես գիտակցվում է իր` սերնդի վերարտադրության գործառույթով, ինչի շնորհիվ էլ հիմնականում ընկալվում է, որպես մարմնական կառույց: Տղամարդիկ, որպես կանոն թերահավատությամբ են վերաբերվում կանացի յուրաքանչյուր, այն էլ գրական-մշակութային գործունեության: Եվ եթե կին գրողը ինչ-որ կերպ ընկալվում կամ սիրվում էլ է, ապա կարող ենք ասել, որ նախ և առաջ իր կանացի էության համար, ապա նոր ստեղծագործելու վատ կամ լավ ունակության: Հին Հունաստանում Սապֆոյին գնահատում էին առավելապես իր գեղեցկության, ազատ վարքի և անկեղծության համար, ապա նոր միայն ստեղծագործության: Նույն միտումը նկատելի է հետագայում և ի հայտ է գալիս նույնիսկ ամենատաղանդավոր ստեղծագործող կանանց դեպքում: Երբ Ավրորա Դյուվալը նոր էր սկսել  վեպեր գրել և թաքնվում էր Ժորժ Սանդ տղամարդկային անվան տակ,  նրան թերևս առաջինը ճանաչեց ֆրանսիացի ռոմանտիկ բանաստեղծ Ալֆրեդ դը Մյուսեն, որը նրան նամակ գրեց սիրո խոստովանությամբ: Այսինքն, նախ և առաջ նրա մեջ տեսավ գեղեցիկ կնոջը, որը զարմացրել էր Փարիզի բարձրաշխարհիկ հասարակությանը:

Մյուս ծայրահեղությունը կին բանաստեղծի ներհուն և ինքնամփոփ էությունն է, ինչի պատճառով նրա ստեղծագործությունները տասնամյակներ շարունակ կարող են մոռացության մատնվել: Լավագույն օրինակը 19-րդ դարավերջի ամերիկյան  տաղանդավոր բանաստեղծուհի Էմիլի Դիկենսոնն է:  Կենդանության օրոք նրա շուրջ երկու հազար բանաստեղծություններից տպագրվել են ընդամենը մի քանիսը: Սակայն այստեղ էլ թաքնված է մեկ այլ ազատություն. Նա ազատ էր շրջապատի թե գովեստներից և թե քննադատությունից: Նա ստեղծագործում էր ինքն իր համար, և իր բանաստեղծությունները չէր հանձնում տպագրության: Թերևս չուներ քննադատվելու վախ և  ստեղծագործելով ինքնահաստատման ձգտումներ: Ըստ այդմ էլ, լիովին ազատ էր շրջապատին ինչ-որ բան ցուցադրելու և ապացուցելու մարմաջից, առավելևս էմանսիպացիոն խնդիրներից ու կին-տղամարդ հարաբերությունների տանդեմից: Այստեղից էլ նրա պոեզիայի կրքոտ հանդարտությունը և փիլիսոփայական նվիրվածությունը միմիայն գեղեցիկին: Հենց նա կարող էր ասել. «Ես զոհվեցի հանուն Գեղեցիկի», ապա և`

Հոգին է ընտրում իր Հասարակությունը
և փակում է դռները բոլոր,
և նրա Աստվածային միության մեջ
չի մտնի ոչ ոք:

թարգմ. Ա. Հարությունյանի

Զարմանալի է, կանանց պոեզիայի, իսկապես ազատ խոսքի,  մեկ այլ օրինակ է տալիս արևելքը: 20-րդ դարի կեսերին աշխարհը լսեց վաղամեռիկ  տաղանդավոր բանաստեղծուհի, պարսկուհի Ֆորուղ Ֆարուխզադի ձայնը: Բանաստեղծուհին աշխարհի ճանաչողությանը հասնում է կանացի զգայական ընկալման շնորհիվ և  առանց գիտակցական ճիգերի.

Ահա և ես,
Միայնակ մի կին`
Սառը եղանակի նախաշեմին,
Երկրի ապականված էության ըմբռնման,
Եվ երկնքի տրտում ու պարզ հուսախաբության,
Եվ բետոնե այս ձեռքերի անզորության նախասկզբին:

Մյուս կողմից կին գրողը, ի տարբերություն տղամարդու աչքի չի ընկնում մեծ բանաստեղծական հայտնագործություններով` թե՜ թեմատիկ և թե՜ լեզվաոճական առումներով: Բանաստեղծուհիները մեծի մասամբ պոեզիայի նոր ձևեր չեն ստեղծում: Բայց երբ արդեն կան ստեղծված ձևեր և լեզու, բանաստեղծուհիները կարողանում են որսալ և պատկերել այնպիսի երանգներ, որոնք հասու չեն տղամարդուն: Եվ սա տեղի է ունենում իրականության զգացողության զգայական ճանապարհով, ի հակադրություն տղամարդկային վերլուծական–վերացարկված մտածողության: Զգայական տեսանկյունից էլ հենց կանանց պոեզիան առավել խորն է, քան տղամարդկայինը, սակայն նվազ չափով անհատական: Այն առավել չափով սեռի պոեզիա է, քան անձի: Բանաստեղծուհիները  խոսում են ոչ միայն իրենց անունից, այլև կանանց մեծամասնության: Արթուր Շոպենհաուերը իր «Աֆորիզմներ և մաքսիմներ» գրքի մի ամբողջ գլուխ նվիրել է կանանց.  «Կանայք գոյություն ունեն միայն մարդկային ցեղի տարածման համար և դրանով սպառվում է նրանց նշանակությունը, այդ պատճառով էլ նրանք անընդհատ ապրում են ավելի շատ սեռի մեջ, քան ինդիվիդումների, և ցեղի հարցերն ավելի լուրջ են ընդունում, քան անհատականը».

Կին գրողը  նախ և առաջ գնահատվում է իր  ազատությամբ: Նա գրում է այն մասին, ինչի մասին կանայք հիմնականում լռում են: Պատմում է բաներ, որոնք թերևս նոր չեն, բայց նոր են հենց այնքանով, որքանով հնչում են կնոջ շուրթերից: Այստեղից էլ կանանց պոեզիան հիմնականում աչքի է ընկնում իր բացությամբ, թե ուղիղ և թե փոխաբերական իմաստներով: Այս տեսանկյունից որոշ  բանաստեղծուհիների պոեզիան չափազանց համարձակ, երբեմն էլ նույնիսկ անբարոյական է որակվում: Զսպվածությունը առավելապես բնորոշ է բանաստեղծներին, իսկ բանաստեղծուհիները իրենց զգայական բոլոր դրսևորումները արտահայտելիս չունեն նման արգելքներ: Պատմական զարգացման որոշակի շրջանում իհարկե նկատվում է տղամարդու հագուստի տակ թաքնվելու ձգտումներ, որոնք արդյունք են սեփական ասելիքի նկատմամաբ անհասկացվածության վախի ու կասկածների: Այս դեպքում բանաստեղծուհին իր մասին խոսում է  տղամարդու անունից: Նման օրինակներ առկա են ռուսական 20-րդ դարասկզբի պոեզիայում:

Արծաթեդարյա գրականության ենթատեքստում  ռուսալեզու կանանց պոեզիան աչքի ընկավ թեմատիկ և գեղագիտական նորամուծություններով, նոր գրելաոճով, բայց նաև միստիֆիկացիաներով, տղամարդկային կեղծանուններով: Բանաստեղծուհիները, ինչպես ժամանակին Ժորժ Սանդը, հագնում էին տղամարդկային հագուստներ և գրում էին տղամարդկանց անունից: Այսպես, Մարիետա Շահինյանը գրում էր. «… я вожделел вина и женщинե….: Նման տողերը բնորոշ են այդ շրջանի ռուսական պոեզիային:

20-րդ դարասկզբին գրեթե միաժամանկ ռուսական պոեզիայում ի հայտ եկան երկու հզոր բանաստեղծուհիներ. Պետերբուրգում` Աննա Ախմատովան,   Մոսկվայում` Մարինա Ցվետաևան: Զարմանալի է, բայց նրանցից ոչ ոք չէր ընդունում «բանաստեղծուհի» բնորոշումը: Կանանց պոեզիայի մասին Աննա Ախմատովան բավական կոշտ արտահայտվել է մի Էպիգրամում.

Могла ли Биче словно Дант творить,
Или Лаура жар любви восславить?
Я научила женщин говорить…
Но, Боже, как их замолчать заставить?

Աննա Ախմատովան մերժում էր սալոնային պոեզիան և իրեն հռչակում բանաստեղծ, ըստ էության հակադրվելով «բանաստեղծուհի» բնորոշմանը և իր սեռի ձայնը լինելու կանացի ենթագիտակցական ձգտմանը.

Пусть даже вылета мне нет
Из стаи лебединой…
Увы! Лирический поэт
Обязан быть мужчиной.

Բանաստեղծուհին ցավով հասկանում  և արձանագրում էր, որ չի կարող դուրս գալ իր ֆիզիկական-սեռային պատկանելությունից, ըստ այդմ էլ` զուրկ է տղամարդկային ազատությունից:

Նույն 20-րդ դարասկզբին մեկ այլ բանաստեղծուհի`  Նադեժդա  Լվովան գրում էր.

Ах, разве я женщина? Я только поэтка…

Լոկ «բանաստեղծիկ» լինելու դառը խոստովանությունը, թերևս ծնվում է խառնակ, «տղամարդկային» ժամանակներում կնոջ անզորությունից և հուսահա-տությունից: Նման ինքնաընկալման պատճառ կնոջ համար կարող են լինել նաև զուտ անձնական, հաճախ սիրային անհաջողությունները: Սա նույնպես կանանց պոեզիայի բնորոշիչ է: Կենսական փորձի անմիջական, զգայական փոխադրումը արվեստ կամ պոեզիա առավելապես բնորոշ է կանանց, ի տարբերություն տղամարդկային վերաիմաստավորման ու վերացարկման սկզբունքների:

Կանայք թե՜ կենսական և թե՜ բանաստեղծական իրականության մեջ գրեթե միշտ ընտրում են յուրաքանչյուր խնդրի լուծման առավել կարճ, տեսանելի ճանապարհը: Սա մի կողմից առավելություն է, իսկ մյուս կողմից թերություն: Կենսական իրավիճակներում այս զգայական, անմիջական ընկալման հաշվին կանայք հաճախ լուծում են տղամարդու վերացական մտածողության համար ոչ հասու խնդիրներ: Տեսնում են գույներ, երանգներ, որոնք անմիջական հայացք են պահանջում: Մյուս կողմից մնայուն պոեզիան առավելապես վերացարկված էություն ունի: «…կանայք ողջ կյանքի ընթացքում  երեխա են մնում, միշտ տեսնում են ամենամոտը, կպչում են ներկային, իրերի արտաքինը ընդունում են դրանց էության տեղ…Նա  ավելի շատ աչքի է ընկնում հոգեվոր կարճատեսությամբ. նրա ինտուիտիվ (անմիջական ընկալում) միտքը սուր տեսնում է մոտիկը, բայց ունի նեղ տեսանկյուն…իրերի նրանց ընկալման ձևը լիովին տարբերվում է մեր ձևերից, հատկապես նրանով, որ կանայք ունակ են տեսնել նպատակին տանող ամենակարճ ճամփան և ընդհանրապես ամենամոտիկը, որը մենք հեռու նայելով բաց ենք թողնում…»-գրում էր Շոպենհաուերը իր «Աֆորիզմներում»:

Հայ մշակութային իրականության մեջ կախված որոշակի պատմական, աշխարհայցքային, ավանդութային դրսևորումներից, կանանց պոեզիան զար-գացման հնարավորություններից գրեթե զուրկ է եղել: Այն ժամանակ, երբ եվրոպական, ապա և ռուսական գրականության մեջ ի հայտ էին գալիս կանանց պոեզիայի նմուշներ, երբ  սալոնային հավաքույթներում բանաստեղծուհիները բարձրաձայնում էին իրենց ստեղծագործելու իրավունքի մասին, հայ կինը շատ ավելի օրհասական խնդիրների առջև էր կանգնած:  Բայց սա չխանգարեց, որ հատկապես արևմտահայ գրական շրջանակներում ի հայտ գան տաղանդավոր բանաստեղծուհիներ: Ի մասնավորի Սիպիլի և վաղամեռիկ բանաստեղծուհի Հերանույշ Արշակյանի բանաստեղծությունները բավական հասուն և կայացած պոեզիայի արտահայտություն են:  Բնութագրիչ է Սիպիլի  «Խոսիլ» ստեղծագործությունը.

Բավ է, որ տան ինծի միայն,

Ազատ խոսքի սուրբ իրավունքն անպայման: Հերանույշ  Արշակյանի դեպքում մենք արդեն ականատեսն ենք մեծարենցյան, դուրյանական կյանքից հեռացման տրամադրությունների ու ազդեցությունների:

Այդուհանդերձ, այս տաղանդավոր բանաստեղծուհիները, օբյեկտիվ պատճառ-ներց ելնելով, չկարողացան ստեղծել ամբողջական բանաստեղծական համակար-գեր, ըստ այդմ էլ գրական հիշողության մեջ մնացին լոկ որպես մի շարք հաջողված բանաստեղծությունների հեղինակներ:

Հետագա զարգացմամբ, արդեն մեր գրականության նորագույն շրջանում չարենցյան շրջապատում ի հայտ եկան մի քանի սալոնային բանաստեղծուհիներ, որոնց անունները հիշատակվում են միմիայն բանաստեղծների անունների կողքին: Արմենուհի Տիգրանյանը, Լեյլին և այլք ստեղծագործում էին Չարենցի և հատկապես Վահան Տերյանի ազդեցության ոլորտներում, ըստ այդմ էլ մնայուն և ինքնուրյուն արժեքներ գրեթե չստեղծեցին:

Նույն դարասկզբին, ծագող հեղափոխական ժամանակները բերեցին իրենց «երգիչներին և երգչուհիներին»: Այս շրջանի առավել ակնառու բանաստեղծուհին` հեղափոխությանը ընդառաջ գնացող Շուշանիկ Կուրղինյանն էր իր «Արշալույսի ղողանջներ» գրքով, որտեղ գրեթե չի երևում կինը թեև կան մի քանի բացառիկ օրինականեր.

Հոգուս խորքում, սրտիս մոտիկ մենմենակ
Անձեռագործ, շքեղ ամրոց կա շինված-
Ուր գեթ մի ժամ, մի րոպե ունեմ կյանք`
Սիրտս ազատ, երազներս թև առած…

1940-ական թվականներին մեծ աղմուկ բարձրացրեց Մարո Մարգարյանի «Բանաստեղծություններ» ժողովածուն: Այստեղ բանաստեղծուհին հանդես է գալիս որպես մաքուր քնարերգու և ստեղծագործում էր ավանդական, դասական թեմաներով` հուշեր, մանկություն, սեր, կարոտ և իհարկե հայրենիք: Ընդհանրա-պես, ազգային պատմության և մտածողության առանձնահատկություններից ելնելով,   հայ կանանց պոեզիան մինչ անկախության շրջանը առավելապես կարելի է բնորոշել որպես հայրենասիրական պոեզիա: Պնդումը գուցե որոշ չափով վիճելի է, սակայն մի բան ակնհայտ է, բանաստեղծուհիները` Մարո Մարգարյանը, Սիլվա Կապուտիկյանը, Ալիսիա Կիրակոսյանը առավել հայտնի և սիրված են հատկապես իրենց հայրենիքի քնարով: Հայրենասիրությունը արտա-հայտվում է ընդգծված քնարական երանգներով: Այստեղ գրեթե չկա ընդվզում և պայքար:   Կա նաև իհարկե ժամանակաշրջանի և իրականության գործոնը, որը ստեղծագործողներին պարտադրում էր թեմաներ և սահմաններ:

70-80-ական թվականներին հնչեցին բանաստեղծական այլ ձայներ:  Բանաստեղծուհիների ստեղծագործությունը հիմնականում քնարական, երբեմն խոհական աշխարհընկալման արտահայտություններ էին, բայց ընդհանուր առ¬մամբ խարսխված էին արդեն իսկ հայ գրականության մեջ մշակված, «ընդունված» թեմաների վրա:

Արդեն նոր ժամանակներում հին սերնդի բանաստեղծուհիների կողքին հայտնվեց նոր «աղմկոտ» սերունդը: Անկախության բերած մտածողության, լեզվի, թեմաների ազատությունը արդեն թույլ էր տալիս կանանց խոսել այն լեզվով ու այն թեմաների մասին, որոնք տասնամյակներ շարունակ փակ են եղել: Սակայն այս ազատությունն էլ հանգեցրեց ծայրահեղության, որը, երբեմն բացի «աղմկարարություն»`  այլ կերպ բնորոշելը դժվար է: Դեռևս 1991 թվականի հրատարակված «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում» ժողովածույով Վիոլետ Գրիգորյանը իր մասին խոսեց որպես տաղանդավոր,  հատկապես «նոր խոսք ասող» բանաստեղծուհի: Նա բերում էր նոր կնոջ ապրումները, փակ ու գաղտնի զգացողությունները, ինքնաարտահայտման և ինքնահաստատման ձգտումները: Սակայն խմբակային-մանիֆեստական մտածողությունը Վիոլետին, Մարինե Պետրոսյանին և նրանց շուրջ համախմբված այլ բավական տաղանդավոր կին ստեղծագործողների թույլ չտվեց զարգացնել ձիրքը, նրանց սեղմելով շատ նեղ սահմաններում: Ընդհանրապես, արդի կանանց պոեզիային բնորոշ են մարտական տրամադրությունները: Հաճախ թվում է, որ երիտասարդ աղջիկը գրականություն է եկել պայքարելու, կռվելու համար: Բանաստեղծուհիները հորինում են անհատական հողմաղացներ և սկսում պայքարել հորինված թշնամու դեմ: Ըստ այդմ էլ այդ պայքարը դառնում է նրանց ստեղծագործությունների հղացքը:

Հատկանշական է բանաստեղծուհի Արփի Ոսկանյանի «Ծիկ» ժողովածուն.

«…մեծ պատերազմ ունեմ դարակների, պիտակների, կեցվածքների ու շրջանակների դեմ: …Եվ եթե տողս, կապը կտրած, հայտնվում է լուսանցքում, երբեմն պլստում էջից, եթե «գրվածքներիս» ժանրային պատկանելությունը դժվար է որոշել, և եթե դրանք բանի նման չեն, ուրեմն ինձ հաջողվել է»:

Մերժվում և հայհոյվում է ամեն ինչ, ինչ հնարավոր է: «Ավանդույթ, ավանդական» բառերը հոլովվում են որպես ամենավերջին հայհոյանքներ և աստվածացվում են շատերի կողմից անհասկանալի, բայց շատ գրավիչ «պոստմոդեռնիզմ», «սյուրռեալիզմ» եզրերը: Պատմականորեն ձևավորված զուտ կանացի բարդույթներից ազատման միակ ճանապարհը դառնում է ոչ թե իրական անկեղծ խոսքը, այլ ֆիզիոլոգիական-անատոմիական զգացողություններն ու զուտ նատուրալիստական նկարագրությունները, որոնք  ընդհանուր առմամբ սպառելի են:  Օրինակները բազմազան են, բավական է ընթերցել «Բնագիր»-«Ինքնագիրը»: Իհարկե նման պոեզիային զուգահեռ ստեղծվում է նաև   դրական իմաստով ավանդական, զգայական-փիլիսոփայական, անիմաստ պայքարից ազատ  բանաստեղծություն: Այստեղ արդեն կինը արարչագործության մասնակցի ընկալմամբ հաղթահարում է սեռային սահմանները և ստեղծում բարձրարժեք տողեր: Այստեղ արդեն սեռային պայքարին փոխարինում է ինքնաճանա¬չողությունն ու ինքնաբացահայտումը: Այդպիսին է օրինակ բանաստեղծուհի Սոնա Վանի պոեզիան: Բանաստեղծուհու ստեղծագործությունը մի յուրահատուկ խառնուրդ է զուտ զգայական կանացի և փիլիսոփայական տարրերի: Հեղինակը այդ միասնությանը հասնում է արարչագործության հետ առնչակցության գիտակցության և յուրահատուկ հեգնանքի, այլ ոչ թե չարության  միջոցով.

Տեսնես
որտեղ են գնում
ինձ նման աղջիկները այն
որ
ոչ անմեղ են
ոչ շատ մեղավոր:
Ինչպես է
տեսնես
ջերմաստիճանը դրախտի
հեռու
արվարձաններում:

Այս տեսանկյունից ուշագրավ են նաև Հասմիկ Սիմոնյանի, Աննա Դավթյանի, Արմինե Ալեքսանյանի ստեղծագործությունները: Երիտասարդ բանաստեղծուհիները կարողանում են օրերի զգայական ազդակները տեղավորել բանաստեղծական տողերում և ներկայանալ ինքնատիպ  գրով.

…Իսկ ես հեռադիտակով
նաև քեզ էին որոնում, տեր,
ու մենախոսում քո մասին
գարունով լցված փողոցներում:

Կամ Արմինե Ալեքսանյանի փորձ-ինիցացիաներից.

Հիմա ես եմ ու կիսաքուն մի քաղաք
Որ ինձ առել ու պատից պատ է քաշքշում
պոռնիկի պես բաժակներս պարպված
լուսաբացի ձգվող ժամերն են հաշվում:

Այս օրինակները նորից փաստում են, որ հնարավոր է ստեղծել ինքնատիպ ու հաջողված տողեր, առանց հայհոյանքների, տարբեր բարդույթների շարադրման ու տարբեր տաբուների խախտման: Այսպես, բանաստեղծուհի Անահիտ Հայրապետյանը իր «Թաբու» ժողովածույում փորձում է կազմաքանդել իր իսկ կողմից ստեղծված թաբուների միֆը: Այսինքն նորից գնում է նախ և առաջ ոչնչացման և ոչ արարման ճանապարհով: Բնութագրիչ են այս տողերը.

Էլ ինչու եմ գրում
գրում եմ, որ կարդան իմ գրածները…
որովհետև, որովհետև ես էլ եմ փոքր եղել / ու մի կերպ մամային հասկացրել,
որ չիշշ եմ ուզում:

Այդուհանդերձ, այս ամենը վկայում է, որ մեր գրական կյանքը շարժման և զարգացման մեջ է և այդ շարժման հետաքրքիր ու կարևոր մասն են կազմում ստեղծագործող կանանց գործերը: Իհարկե, կարելի է վիճել, որ պոեզիան, գրականությունը սեռ, տարիք և մի շարք այլ տարբերակիչներ չի ճանաչում, սակայն ըստ իս բազմաթիվ առանձնահատկությունների առկայությունը մեզ ստիպում է   որոշակի տարբերակում մտցնել:

Կանանց պոեզիան հետաքրքիր երևույթ է, որը չի կարելի քննել լոկ գրականագիտական տեսանկյամբ: Այն  մշակույթի պատմության զարգացման տարբեր փուլերում  յուրահատուկ արտահայտություն է գտնում: Բայց թերևս այդ պոեզիայի գլխավոր գաղտնիքը, ոչ թե բուն ստեղծագործությունն է, այլ հենց ինքը` կինը` իր բազմադեմ ու հարափոփոխ  էությամբ:

© Հայկ Համբարձումյան, 2006։
Հրապարակված է հեղինակի թույլտվությամբ։ Առանց հեղինակի թույլտվության արտատպումը կամ հրապարակումը արգելվում է։

Share Button

10 Կարծիք

  • Տաթև Արծրունի says:

    Հիանալի հոդված էր կանացի պոեզիայի և պոեզիայի կանացիության մասին: Ամենակարևորը, գրականագիտական լինելով նաև խիստ հանրամատչելի էր: Կեցցես Հայկ

  • Hasmik Hakobyan says:

    Հայկ ջան,շատ լավ հոդված է`նյութի ու հեղինակաների բազմապլանությամբ, նաև շատ ճիշտ հարցադրումներով ու տարանջատումներով:

  • HAYK H. says:

    Շնորհակալ եմ ու ուրախ եմ, որ կանայք էլ հոդվածը նորմալ են ընկալում…հիվանդագին ընկալումներ ու դրսևորումներ նույնպես եղել են, լավ է, որ հիմա այդպես չէ…

  • L.S. says:

    Haik jan, lav hodvats e, baic vorosh makeresainutiun ka, hexinaknerin mi tesak nshum es u ancnum, baic shat metsahogi es, apres!

  • HAYK H. says:

    mec yndgrkumner@` Sapfoyic minch Sona VAN ankhusapeli yndhanracumneri karox ein berel

  • Arqmenik Nikoghosyan says:

    Asum en, te 4-n en qnnadatnery,
    O, vorqan en mardik sxalvum,
    Voch, ka naev 5-erordy`
    Dekonstruktiv Smbon e da Derida….

  • Բավական գրագետ ու նոր խոսք ասող հոդված է: Կարևորում եմ հոդվածագրի դիտողունակությունը, յուրատիպ մտահանգումների ու նոր եզրակացությունների առկայությունը: Սակայն վերնագիրը, որը գեղեցիկ է, խորհրդավոր, բավական տարողունակ է ու մի հոդվածի սահմաններում հնարավոր չէ անդրադառնալ ու խորությամբ վերլուծել վերնագրի պարունակած իմաստը և նրա արտահայտումները հայ և արտասահմանյան պոեզիայի սահմաններում՝ մանավանդ, երբ ժամանակային սահմանափակումներ էլ չկան: Գո՞ւցե եթե ոչ վերնագիրը, ապա կարելի էր հոդվածի սկզբում մի քանի տողով ժամանակային կամ տարածական սահմանափակումներ դնել…

  • Հայկ Համբարձումյան says:

    Ի սկզբանե նպատակ չի եղել վերլուծել կամ ներկայացնել հոդվածի վերնագիրը: Ընդհանարպես, վերնագրի հետ Ճշգրիտ համապատասխանության խնդիր չի եղել, և դժվար է հասկանալ թե ինչ նկատի ունեք համապատասղանություն ասելով, այսինքն պետք է հունական առասպելաբանություն ներկայացնեի ու տասը մուսաների մասին պատմեի?: Կա համապատասխան բնաբան Պլատոնից, որը նույնպես պոետիկ է ու ոչ ճշգրիտ, որով մեկնաբանվում է վերնագիրը, մնացածը կարծում եմ պարզ է դառնում հոդվածից, կամ ենթադրում եմ, որ պետք է պարզ լիներ: Իսկ ինչու է Արմինե, այսինքն` ինչ-որ բան կա որ անգրագետ է?: Անհասկանալի է վերևից, տրված գնահատականները, որոնց փոխարեն թերևս անհրաժեշտ էր քննարկում ծավալել: Եթե իհարկե ասելիք կար, այլ ոչ թե ընդամենը ներկայանալու ցանկություն:

  • Հայկ Համբարձումյան says:

    Մոռացել էի, որ չակերտները չեն պատկերվում: Հարցս հետևյան էր` Ինչու է հոդվածը միայն բավական գրագետ, այսինքն` ինչով է անգրագետ:

  • Հարգելի’ Հայկ Համբարձումյան, ես ձեր հոդվածը շատ եմ հավանել և զարմանում եմ, թե ինչո՞ւ եք դուք այդպես արձագանքել՝ “Եթե իհարկե ասելիք կար, այլ ոչ թե ընդամենը ներկայանալու ցանկություն:”: Բավական գրագետ ասելով՝ ես նկատեի ունեի, որ աչքի է ընկնում իր գրագիտությամբ, կարող էի գրել ուղղակի գրագետ է, շատ գրագետ է, բայց արտահայտվելիս ես “բավական” բառն եմ օգտագործում, գո՞ւցե հետագայում ավելի զգույշ լինեմ նրա նման գործածություններից, որպեսզի թյուրիմացություններ չառաջանան: Ինչ վերաբերում է հոդվածի վերնագրին, ասեմ, որ այն, թե դուք “տասներորդ մուսա” ասելով՝ նկատի ունեք կին բանաստեղծուհիներին, երևում է միայն այս տողերից, որը օգտագործել եք որպես բնաբան՝ “Ասում են, թե ինն են մուսաները, Օ որքան են մարդիկ սխալվում
    Ոչ, կա նաև տասներորդը. Սապֆոն է դա Լեսբուհի”:
    Պլատոն
    Իմ ասածն այն էր, որ հոդվածի սկզբում մի քանի նախադասությամբ նշվեր, որ հոդվածում վերլուծելու եք կամ բոլոր ժամանակների ամենանշանավոր կին բանաստեղծուհիների (այստեղ հարց է առաջանում, թե մեր ժամանակների բանաստեղծուհիների մասին խոսելիս ինչո՞ւ եք նշել միայն հայ բանաստեղծուհիներին)ստեղծագործության նշանակությունը, կամ հատկապես մեր ժամանակների հայ բանաստեղծուհիների ստեղծագործությունների դերն ու իմաստը՝ ներկայացնելով բոլոր ժամանակների նշանավոր բանաստեղծուհիներին: Այս էր իմ ասածը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *