Գոհար Հարությունյան | Նահանջ, թե՞…

Վերջապես հասավ մի տաք տեղ։ Մի՞թե ցուրտը մնաց դրսում, մտածեց։ Նույնիսկ մտքում ծիծաղեց բարձր քրքիջով։

Բայց նույն վայրկյանին սարսուռը կրկին պատեց։ Ուշադրություն չդարձրեց. նրա մտքում ցուրտն արդեն վերջացել էր։

Տրամադրությունը վատ չէր։ Նստեց փոքր կլոր սեղանի շուրջ ու միաժամանակ և՛ հյութ, և՛ ջուր պատվիրեց։ Ծարավ էր։ Սկզբում մի շնչում խմեց հյութը, հետո արդեն կում-կում՝ ջուրը։

Սառը չէին, բայց զգաց ինչպես հյութը ջրի հետ խառնվելով՝ դարձավ մի հսկայական երկնագույն սառցաբեկոր, ու կամացուկ ճրթճրթալով սկսեց հալչել ներսում։ Տեսավ՝ ինչպես է սառնությունը ներթափանցում բոլոր երակները՝ կապույտով ներկելով կարմիր արյունը, տեսավ՝ ինչպես է դելտայավորված հասնում անխտիր բոլոր մազանոթները։

Բան չկա, շուտով կանցնի, չէ որ տաք տեղում եմ, մտածեց: Սակայն կապույտը դանդաղ, բայց վստահորեն տարածվում էր։ Արյունն էլ ասես դեմ չէր. չէր ուզում պայքարել իր գույնի համար, ու հանձնվել էր երկնագույն սառնությանը։

Իսկ նա չգիտեր։ Սպասում էր, որ շուտով կտաքանա։ Վեր ելավ տեղից, հագավ վերարկուն (գլխարկն էլ կդներ, եթե չամաչեր) ու նստեց տեղը։ Չէ, ինչ հիմարություն, մի բաժակ ջուր էր, այն էլ ոչ սառը։ Սկսեց քայլել աջ ու ձախ, գնաց տաք ջրով լվացվեց հետ եկավ։ Բայց և իսկույն սկսեց հասկանալ, որ ներսում ամեն ինչ արդեն իրենից անկախ գործում էր հակառակ իր կամքի։ Սառցաբեկորը շարունակում էր ճրթճրթալով հալչել ու տարածվել։

Հասավ գլուխը։ Չէ՛, գլխարկս չեմ դնելու։ Ու նորից նստեց տեղը։
– Ձեր մոտ ամենատաք անկյունը ո՞րն է, – հարցրեց իրեն բարեհաբույր նայող մատուցողուհուն։
– Խոհանոցում, – զրնգուն ձայնով ծիծաղեց սիրունիկ հաստլիկ աղջիկը ու փորձեց նրան մի քիչ ջերմություն տալ իր կրակոտ, ուրախ աչքերով։
– Խոհանոցու՞մ, – կրկնեց նա նայելով հյութ դառնալու ենթակա մրգերի մեջ իշխող արքայախնձորին, ու ժպիտի պես մի բան ծամածռեց երեսին։ Հաշիվը խնդրեց։

Շուտ է դեռ, ինչի՞ հաշիվն ուզեց։ Սրանից տաք էլ որտեղ կգտնի, իսկ վարորդը դեռ շուտ չի գա։ Բայց մարմինն արդեն չէր ենթարկվում. գործում էր ինքնուրույն, որոշումներ էր ընդունում ու կատարում։ Վճարեց՝ շռայլելով թեյավճարը։ Սիրունիկ, հաստլիկ աղջիկը, չգիտես ինչու, նեղվեց, կտրուկ շարժումով վերցրեց գումարը, ու քիչ անց հետ եկավ տարբերությունը վերադարձնելով։ Սառած ուղեղը չէր ուզում մտածել՝ ինչի տխրեց աղջիկը։ Նայեց վերադարձված գումարին (որ ամենատարբեր մետաղադրամների մի առատ բազմություն էր), թոթվեց ուսերն ու դուրս եկավ սրճարանից։

Ֆոեն թվաց ոչ պակաս տաք ու հաճելի։ Մի թերթ վերցրեց, նստեց ազատ նստարաններից մեկին։ Զգաց, ոնց է նորից սարսուռը պատում մարմինը։ Նայեց շուրջ-բոլորը նստած մարդկանց։ Իրենի՞ց է, թ՞ե իրոք ցուրտ է։ Մարդկանց կեսը վերարկուով էր նստած, կեսը՝ առանց, բայց բոլորն էլ աշխույժ էին և ուրախ զրուցում էին։ Ինչ որ է, շուտով վարորդը կգա. նրա մեքենայում հաստատ ավելի տաք է։

Ամբողջ մարմնով դողում էր, բայց գլխարկը համառորեն չէր դնում։ Շատ անցավ թե քիչ, վերջապես հնչեց վարորդի փրկարար զանգը։ Բարեբախտաբար վարորդն այնքան մոտ էր կանգնեցրել մեքենան մուտքին, որ ակնթարթորեն սահեց մեքենայի սրահը։ Զգաց մեքենայում տիրող շռայլ ջերմությունը, բայց ներքին սարսուռն արտաքին ջերմությունից էլ ավելի ուժգնացավ։

Լուռ էին։ Այդքան տարիների ընթացքում արդեն ընկեր դարձած վարորդի հետ ինքն էլ գիտեր ավելորդ ձևականություններ պետք չէին։ Բայց չգիտես ինչու հանկարծ ասեց – Քունս տանում է, – ինքն էլ հասկանալով, որ միակ բանը, որ հաստատ գիտեր այդ պահին, այն էր, որ սաստիկ մրսում էր։ Վարորդը, որ մինչ այդ լռում էր ասեց, – թերմոսում լիմոնով թեյ ունեմ: Ջուր էլ կա։
— Թե՛յը։

Խմեց ու զգաց, թե ինչպես է ներսում սառը երկնագույնը հանդիպում տաք դարչնագույնին։ Հաճելի էր: Բայց կապույտն ինչ-որ հրաշքով հաղթում էր՝ նորից ներկելով ամեն ինչ իր սառցե երանգով։ Խմեց ողջ թերմոսի թեյը։ Գուցե՞ ջերմություն ունի, գուցե՞ հիվանդ է։ Գոնե մի քիչ քներ… Չդիմացավ, գլխարկը հանեց սև ճամփորդական պայուսակից, խրեց մինչև ականջները, գլուխը կախ գցեց։

Նորից ճրթճրթոց լսվեց. այս անգամ մաշկն էր, այնքան էր սառել, չորացել, որ ամբողջ մարմնի մակերեսով մեկ ճաքճքել ու ցավում էր… Բայց վարորդից փափկանցնող կրեմ չուզեց։ Գիտեր՝ հաստատ կունենար. նա ճամփորդական ամեն ինչ պահում էր իր փոքր դարակում։ Եվ արդյո՞ք իմաստ ուներ կրեմը, երբ ճաքճքոցն ու մրմուռը սարդոստայնի նման տարածվել էր ողջ մարմնով մեկ։

Չէ՛։ Թո՛ղ ճրթճրթալով ճաքճքի մաշկը, նա ոչինչ էլ չի՛ անի. միայն կլսի այդ անաղմուկ ճրթճրթոցը, կզգա սաստիկ մրմուռը։ Թո՛ղ ամեն ինչ սառի իր մեջ, ճաքճքի՛, ցավի՛, մրմռա՛, մեռնի՛…

Վերջին բառերն աշխուժացրեցին նրան։ Աչքերը բաց արեց. երևի մոտավորապես այսպես է լինում վերջում. լսում ես սեփական մաշկիդ ճրթճրթոցը, զգում ես արյանդ գնալով արագացող սառնությունը, տեսնում ես ուղեղիդ կանգը…

Ինքն էլ չհասկացավ ինչի, բայց այդ ամենն իրեն զվարճացրեց։ Լավ փորձ է, մտածեց, պետք կգա մի օր, մի հեռավոր օր…

Մարմինը շարունակում էր դողալ, բայց տաքանալ էլ չէր ուզում։ Վերջին մտքերից նահանջի քաղցր թեթևություն էր իջել վրան։ Լսում էր մեղմիկ ճրթճրթոցը, զգում էր մարմնի սարսուռը, մաշկի մրմուռն ու ցավը։ Բայց դրանք էլ իրեն չէին անհանգստացնում, նույնիսկ արդեն դուր էին գալիս…

Քգիտեր ինչքան էր անցել (ճանապարհը երկար պիտի լիներ), երբ զգաց ներսում ինչ–որ բան փոխվեց. կապույտը հանդարտ-աննշան սկսեց գույնը փոխել… Քունը, որ երկար ժամանակ անվրդով կանգնած էր կողքը, հանկարծ շարժվեց. փաթաթվեց նրան մի այնպիսի սիրով, ասես մայրը տաք ծածկոց գցեց վրան՝ խմամքով պտտացնելով ծայրերն ամեն կողմից ներս, որ ջերմության նշույլ անգամ դուրս չսողոսկի։

Քնեց…

Բայց նույնիսկ քնած վիճակում տեսնում էր գլխարկով երիզված իր հանգիստ դեմքը, նրա վրա խաղացող երանելի հաղթական ժպիտը…

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *