Սաթենիկ Ավետիսյան | Նարե դիցուհու ընդհատված առասպելը

Դիանա Համբարձումյանի «Փեակների տարաբախտություն» վեպը մերօրյա հայաստանյան իրականության ամենացավոտ խնդիրներից մեկի՝ արտագաղթի գեղարվեստականացումն է: Կոմպոզիցիոն բազմաշերտ լուծումներով այս վեպը հերոսներին լիարժեքորեն ինքնաբացահայտվելու հնարավորություն է տալիս: Շվեդիայում որպես փախստական ապաստանած երիտասարդ զույգի՝ Արի և Նարեի ընտանիքի պատմությունը սոցիալ–քաղաքական հիմնավորմամբ նույնանում է միլիոնավոր արտագաղթածների պատմությանը, բայց և տարբերվում է անհատի հոգեմտավոր զարգացման, իրականության ընկալման, հերոսների աշխարհաճանաչողության կերպով: Առաջնայինը ինքնության լուծարման, օտար իրականության մեջ ազգային հոգեկերտվածքի պահպանման, ակունքներին հարազատության հիմնախնդիրն է:
Երիտասարդ զույգի առաջնեկի՝ Մանեի հայացքով ու ճանաչողությամբ է ներկայանում իրականությունը: Շվեդիայում ծնված և շվեդերենով մտածող աղջիկը փորձում է ճեղքել լեզվի, նույնն է թե՝ ինքնության արգելափակոցը և հասկանալ ծնողների ցավի պատճառը, իր ընտանիքին պատուհասած հոգեբարոյական աղետի արմատը: Նա մոր՝ Նարեի գենետիկ կոդի անմիջական կրողն է և նրա տեսակի շարունակությունը: Բանաստեղծ մոր կենսաուժի տիրույթում աճող դուստրը նույն ստեղծագործ ջիղն ունի և գրում է մոր պատմությունը. «Ես Մանեն եմ: Սա իմ ընտանիքի պատմությունն է: Մի քիչ ավելին է, քան ընտանիքի պատմությունը: Սա կարող է նաև քո պատմությունը լինել»: Արտագաղթի սոցիալ-բարոյական պատճառների ընդհանրությունը ստեղծել է տիպականացման անհրաժեշտություն: Օտարություն մեջ հայտնված ամեն հայ ավել կամ պակաս չափով անցնում է ինքնամերժման տարատեսակ պարտադրանքների միջով՝ աստիճանաբար հասնելով ինքնալուծարքի:
Հեղինակը տարակերպ իրականությունների հակադրությամբ պեղում է արտագաղթի ակունքը: Մի կողմում սոցիալական հավասարակշռություն է՝ քաղաքացիների բարեկեցությամբ ու իրավական պաշտպանվածությամբ: Վեպում դա գեղագրվում է սառնարանի լեցունությամբ. սննդի առատությունը, նյութի լիությունը այն պատվանդանն են, որի վրա ամրանում է փախստականը: Լուսավոր ու բարեկարգ եվրոպական երկիրը կեցության թեթևությամբ օտարում է հային իր արմատից: Օտարման առաջին ցուցիչը լեզուն է. հերոսներն ստիպված են խոսել շվեդերեն, նշանակում է՝ նաև մտածել շվեդերեն: Եթե Նարեն ու Արն իրենց հետ բերել են հայերենը և դեռ ապրում են նաև այդ լեզվական շերտում, ապա նրանց զավակներն այլևս չեն խոսելու հայերեն, նշանակում է՝ հեռանալու են ազգային մտածողությունից ու մշակույթից: Հաջորդ աստիճանն արդեն անվանափոխությունն է, որը վեպում դրսևորվում է Նարե-Սկալդինա անցումով: Ակնհայտորեն հեղինակն իր հերոսներին Նարե և Ար է անվանակոչել՝ շեշտելով անհատի ինքնության արքետիպային շերտերը: Նարեն իր կանացի սկիզբով, հայուհու հոգեկերտվածքով մարմնավորում է հազարամյակների խորքից բանահյուսությամբ դեպի մեր օրերը հասած ջրերի դիցուհուն՝ ծովի Նարին՝ ազգային էպոսի կատարելատիպին՝ որպես ազգի ինքնության պահապան ու հայրենի հողի ընդերքից ազգային հունդի հայտնակերպող ու արարիչ: Բայց հայրենիքին պատուհասած աղետները ընդհատել են Նարե դիցուհու առասպելը, նա այլևս երկրի ու ազգի փրկիչը չէ, այլ սոցիալական հենարաններից զուրկ ու բարոյական հարվածներից հուսալքված փախստական, որ բույն է հյուսում ու ձագուկներ ունենում ոչ իր երկիրը շենացնելու համար: «Ար հայրիկիս Նարե դիցուհին» գլխում Մանեի գրիչը բացում է ողբերգության վարագույրը. հայոց հին դիցարանի աստվածները հեռացել են արարչագործության վայրից ու իրենք իրենցից: Երբ Արը ծովափին հայոց դիցարանի մասին պատմում է Թումասին, օտար ջրերից դուրս եկածն արդեն Նարե չէ, այլ Սկալդինա, որն անտարբեր է Նարե անվան հնչյուններին: Առատախոս ու ճարտար Նարեն սառն է իր իսկ պատմած հայոց աստվածների պատմությանը և իր իսկ բանաձևած ճշմարտությանը. «Արամազդին այսօր բոլորս լքել ենք՝ թողնելով երկնքի ու երկրի արանքում, որտեղ նրա գոյությունն արդեն անիմաստ է»: Աստվածամարդուն հեռացրել են իր բնույթից, դատարկել իր էությունից: Նորօրյա Արն այևս չի գիտակցում իր առաքելության խորհուրդը, չի ճանաչում իր խորքերում թաքնված Աստծուն, ինչն էլ հավանաբար կործանում է նրան: Իրականության և միֆի, գիտակցության և ենթագիտակցության սահմանին գոյող Սկալդինան հոգեբուժարանից վերադառնալու է մարմնով ու մտքով հյուծված և այլևս չի գտնելու դեպի Նարեն տանող ճանապարհը: Երկփեղկված էությամբ ու կիսված ինքնությամբ այսպիսի կեցությունն ընդամենը բուսական գոյություն է:
Հայաստանը վեպում տարբեր դեմքեր ունի. առաջնայինը, դրականը Նարեի մոր՝ Հայաստանի տատիկի կերպարով Հայաստանն է՝ մայր Հայաստանը, որը համակարգչի էկրանից ներխուժում է շվեդական իրականության մեջ որբացման ճամփան բռնած դստեր ու թոռների կյանք ու իր խորհուրդներով, փորձառությամբ, մայրական անսպառ գորովով կազմակերպում նրանց կենցաղը, ուղղորդում նրանց միտքն ու հոգին: Բայց կա նաև սոցիալ-քաղաքական աղետներից խեղճացած Հայաստանը, որ չի կարողանում պաշտպանել իր զավակներին, հողը թուլանում է նրանց ոտքերի տակ, և նրանք լքում են հայրենիքը՝ խենթանալով իրենց հոգու Ագռավաքարում:
Վեպի վերնագիրը մետաֆոր է: Առասպելի ներկայությունը պատմության շրջապտույտում անընդհատ է, փեակների երջանիկ ցեղի կործանման պատմությունը տարրալուծվում է մերօրյա հայաստանյան իրականության մեջ՝ ստեղծելով փեակ-հայ համարժեք զույգը: Ար Աստծո ժառանգներին հեղինակը դիտարկում է փեակների` ինչ-որ հեքիաթային ժամանակի մեջ հաջողակ ցեղի հետ զուգահեռի մեջ՝ գուժելով հայությանը սպառնացող փեակային ախտանիշի մասին: Իսկ ո՞րն է այդ ախտանիշը, որով նաև հայությունն է տառապում: Պարզվում է, որ, ինչպես բարեգութ ու մարդասեր փեակները, հայերը նույնպես պատժվում են իրենց բարձրագույն որակների, կատարյալ ձգտումների, ինքնության պահպանման և հոգու լույսը աշխարհով սփռելու համար: Ինչպե՞ս խուսափել այս «հիվանդությունից». չարանա՞լ ու ոչնչացնե՞լ աստվածայինը, ինչպես Նեռի զավակները, բայց չէ՞ որ դա ինքնուրացում է և ավելի վատթար կործանում: Որեմն պետք չէ վախենալ փեակային ախտանիշից, այլ սատանայի դեմ պայքարում պետք է զինվել պատշաճորեն և կռվել՝ չխնայելով թշնամուն:
Թեմատիկ տարաշերտությունը վեպում ամրագրվում է լեզվական կատարելությամբ: Շքեղ հայերենով լեզվական շերտը ընդմիջվում է տարբեր սոցիալական խավեր ու իրականություններ ներկայացնող հերոսների խոսքի ոճավորմամբ՝ բարբառը, ժարգոնը և ժողովրդախոսակցական հայերենը հավասարապես դարձնելով կերպավորման միջոց: Իսկ վեպի մասերի համաչափությունը նպաստել է վիպական կառույցի ամբողջականությանը՝ ներդաշնակորեն միահյուսելով գաղափարն ու պատկերը: Ստեղծվել է մի գործ, որի մասին վստահաբար կարելի է ասել, որ կյանքն այնտեղ նույնքան իրական է, որքան իրական կյանքում:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *