Նարեկ Թոփուզյան | Անալոգային զանգից մինչև տեսազանգ

Նարեկ ԹոփուզյանՈւթսունականների վերջին, տարիներ շարունակ հերթի մեջ գտնվելուց հետո, հեռախոս ունենալու մեր հերթն էլ եկավ: Մեր տուն այցելեց ատեյսի մոնտյորը՝ կարճահասակ ու գործնական տեսքով մի մարդ, ում հետ այս նշանակալի իրադարձությամբ պայմանավորված, երկուստեք բերկրալից մի զրույց տեղի ունեցավ նրա և մեր միջև: Զրույցը եզրափակվեց տեխնիկական այնպիսի հարցի մանրամասնեցմամբ ինչպիսին է սենյակը, որտեղ պետք է զետեղվեր հեռախոսն ու պատի այն երթուղին, որով ոլորապտույտ ընթանալով, լարն արտաքին հեռախոսային սյունից ծայր առած, պետք է գար ու հանգուցվեր հեռախոսային սարքին՝ կապակցելով մեզ համայն աշխարհի հետ: Դրանից հետո մոնտյորն, ում արտաքին գործնականությունից իրականում ստապատիր կոմունիզմի, ֆու՜, գեշ հոտ էր գալիս, մեր տուն այցելեց ևս մեկ՝ ինչպես հետագան ցույց տվեց վերջին անգամ ու հեռախոսալարը նախագծված երթուղուն համահունչ կերպով պատերի վրա ոլորելուց ու մեխելուց հետո գնաց՝ նախօրոք մեզ հայտնելով մեր հեռախոսահամարը, որը մեզ բարեհնչյուն երևաց հեռախոսի առկայության կամ բացակայության շուրջ տևական ու թեժ քննարկումներից հետո միայն: Թեև հեռախոս ունենալու բոլոր նախապայմաններն ապահովված էին, բայց երկշար, թափանցիկ հեռախոսալարը մեր տան պատերին այդպես բուտաֆորիկ տեսքով փակցված էլի բավական երկար ժամանակ մնաց մինչև մեր տանը կհնչեր երանավետ առաջին հեռախոսազանգը:

Թեև համարվում էր, որ խորհրդային սահմանադրությունն ու դրան համահունչ ընդունված միութենական երկրների սահմանադրություններն ամենադեմոկրատականն էին աշխարհում ու գաղափարական բազմակարծության, խոսքի ազատության հետ նույն հարթությունում անկասկած երաշխավորում էին նաև հաղորդակցությունների գաղտնիության իրավունքը, բայց ինչպես քաղբանտարկյալների գոյությունը գաղափարական բազմակարծության իրավունքի, այնպես էլ մեր այդ հեռախոսն իր գոյությամբ միայն այդ քաղաքացիական իրավունքի խեղաթյուրումն էր, որովհետև այն մեզ էր հատկացվել հարևանին միաժամանակ հատկացված հեռախոսի հետ օրգանական կապի մեջ ու չնայած հեռախոսահամարները երկուսն էին, բայց դրանք սպասարկող հեռախոսագիծը՝ մեկը, խորհրդային հեռահաղորդակցության տեխնիկական ռեսուրսն էր այդպիսին, ավելի ճիշտ խնդիրը ոչ այնքան ռեսուրսի, որքան սեփական քաղաքացիներին ծառայություններ մատուցելու խորհրդային տեսլականի մեջ էր, ակներևաբար այդպիսի հեռախոսը մեզ շատ էլ էր ու այդպիսի ծառայության մատուցմամբ խորհուրդների երկիրը ցանկանում էր մեզ հենց այդ գաղափարը ներշնչել: Դա նույնն էր, եթե հեռախոսային մի սարք տեղադրած լինեիր միջանցքում, իսկ մյուսը ննջասենյակում՝ ոչ մի տարբերություն, այսինքն, չէ՛, մի տարբերություն, այնուամենայնիվ, կար, այս դեպքում երկրորդը ոչ թե սեփական ննջասենյակում, այլ հարևանի տանն էր տեղադրած՝ կամ նրա միջանցքում կամ ննջասենյակում, նայած ով` ոնց: Հեռախոսը, որ փոխկապակցման մեջ էր հարևանի հեռախոսի հետ կոչվում էր բլագիրատոր:

Հեռախոս ունենալու հետ կապված ուրախությունը չսահմանափակվեց միaայն դրա գոյության գիտակցմանն ուղեկցող առաջնային ուրախությամբ, այսինքն այնպես չէր, որ ուրախության մեկանգամյա պայթյունն ավարտվեց ու հեռախոսն անմիջապես ենթադրելի մոխրագույն օրինաչափության վերածվեց: Հեռախոսի շահագործման հետ կապված հանկարծակի ծագող բերկրանքը պարբերաբար ուղեկցում էր մեզ, որովհետև որպեսզի կարողանայիր հեռաձայնել մեր այդ հեռախոսով նախ պետք է կարողանայիր լսափողում բռնել գուդոկի ձայնը, որը հայերեն թարգմանված է իբրև շչակ ու չի արտահայտում այն անընդմեջ միալար բզզոցը, որ գուդոկը տարբերակում է զբոսանավի շչակից: Լսափողում գուդոկ լսելը գրեթե նույնն էր ինչ ծիածանի կամարի տակով անցնելը, քանի որ սարքի վրայից լսափողը բարձրացնելուց հետո տևական ժամանակ, իսկ երբեմն մի քանի օր շարունակ այն ոչ մի կերպ չէր ստանում իր մեկնարկը, չէր լսվում այն նաև լսափողը կողքի դնելուց, հեռախոսասարքի անջատիչը տևականորեն թմբկահարելուց, լսափողը կատաղած վիճակում պատերին տալուց կամ դրա կողքում ափերը միակցած ասես սրբին աղոթելուց հետո էլ: Այս ընթացքում լսափողի այդ լռության մեջ կարելի էր լսել անծայր օվկիանոսին բնորոշ ֆշշոցը, հանրային ռադիոյի հաղորդավարի միապաղաղ կուսակցական օֆիցիոզը, կարելի էր գիծ ընկնել ու լսել երկու տնային տնտեսուհիների բոցաշունչ բամբասանքները, մինչև իսկ մի անգամ պատահեց հետևյալը` հորաքրոջս աղջիկը բախտ էր ունեցել հեռախոսով կապնվելու ընկերուհու հետ, որի հետ հեռախոսազրույց վարելու անհրաժեշտությունն անկեղծ ասած բացակայում էր, որովհետև նա մի քանի տուն այն կողմ էր ապրում ու նույն այն պահին, երբ նա օգտվելով իր հաջողակությունից զրուցում էր նրա հետ, հորաքրոջս աղջկան էր զանգահարել նրա երկրպագուն: Զրույցն ավարտելուց ու հեռախոսը վայր դնելուց հետո նա իբրև գիտության հրաշք` զմայլված պատմում էր եռակողմ զրույցի մասին: Սա ի միջի այլոց, նույնիսկ, սակայն, եթե լսափողը կողք դնելուց, անջատիչը թմբկահարելուց, պատերին տալուց, կողքում աղոթելուց կամ, ա՜յ քեզ երջանկություն, լսափողն անմիջապես վերցնելուց հետո լսվում էր մատղաշ կնոջ պես ցանկալի միալար բզզոցը, դա էլ դեռևս երաշխիք չէր, որ հնարավոր կլիներ անհրաժեշտ հեռախոսահամարը հավաքելուց հետո նախ լսել կապի հաջողված սեանսն ազդարարող ընդհատուն ազդանշանները, ապա և՝ խնդրարկվող բաժանորդի ձայնը, որովհետև պատահում էր, որ հեռախոսասարքի թմբուկը պտտելուց հետո գուդոկը շարունակում էր միալար բզզալ, այն դեպքում, երբ դրա ձայնն առնվազն պետք է ընդհատվեր, պատահում էր, որ պահանջվող հեռախոսահամարը հավաքելուց հետո գուդոկն, այնուամենայնիվ, լռում էր…, բայց լռում էր ու լռում, պատահում էր, որ առաջին երկու թիվը հավաքելուց հետո սկսում  էր բաժանորդի զբաղվածություն ազդարարող միջադադարով թրթռալ, այն դեպքում, երբ դիմացում հավաքելու համար դեռ չորս թիվ կար, սակայն սա դեռ ամենը չէր, շատ հաճախ զանգահարելու համար պետք էր սպասել մինչև հարևանն ավարտեր իր նախաձեռնած խոսակցությունը, իսկ պարզելու համար, որ նա այդպիսին նախաձեռնել է, բավարար էր բարձրացնել լսափողն ու լսել, թե ինչպես է նա զրուցակցի հետ քննարկում այս կամ այն հարցը: Երբեմն նրա հարցերի քննարկումն ավարտված տեսնելու համար հարկադրված էիր լինում սպասել երկար, հաճախ նաև կարճ ժամանակ, որը պայմանավորված զանգիդ անհետաձգելիությամբ երկար էր թվում, մի խոսքով, ցանկացած դեպքում հարկադրված էիր սպասել երկար ու մի քանի անգամ հեռախոսափողը վերցնել-դնելուց հետո պարզելով նրան տանջող ցավերի, երջանկացնող խթանների խորքային էությունը, նաև հարկադրված էիր լինում խնդրել, սպառնալ, որ նա մի վայրկյանով գոնե վայր դնի էդ անտեր հեռախոսն ու հնարավորություն տա կատարել այնքան կարևոր զանգը: Պատահում էր, որ հարևանն անսալով խնդրանքներիդ, զրուցակցի հետ պայմանավորվում էր կապնվել մի քանի րոպե անց անհետաձգելի զանգը կատարելուց անմիջապես հետո, իսկ պատահում էր զրուցակցին թողած կամ, որ ամենազավեշտալին էր՝ զրուցակցի հետ դաշնության մեջ, իր զրույցի անընդհատությունը հարգելու պահանջը հիմքում դնելով, չանա-չանա կռիվ էր տալիս հետդ՝ թե սատկելու էլ լինես ու չսատկելու միակ բալասանը շտապօգնություն զանգելը լինի, մեկ է ինքն իր ասելիքն ասելու է ու նոր վայր դնի լսափողը կամ գրողը դրան տանի՝ ընկալուչը: Ստիպված համակերպվում էիր. իսկ ի՞՜նչ անեիր՝ տայիր-սպանեի՞ր: Ընդհանրացնելով, պետք է ասել, որ հեռախոսը հեռախոս էր անունով ու հեռախոսային սարքի տեսքով, մնացած բոլոր չափանիշներով այն հելունագործ ծածկոցով ծածկված հնամյա ու խոտանված «Գորիզոնտ» հեռուստացույցից ոչնչով չէր տարբերվում ու մենք տևական ժամանակ հնարավորություն չունեինք առնչվել դրա քաղաքակրթական արժանիքներին:

Հորաքրոջս աղջիկը, որ բախտ էր ունեցել միաժամանակ ցրույց վարել և՛ ընկերուհու, և՛ երկրպագուի հետ, դեպի Ամերիկա գաղթի ճանապարհը բռնեց 1991 թվականին: Նա գնում էր, որովհետև արդեն երևում էր, որ շուտով Հայկական Բարձրավանդակի այս մի տասը ակր հատվածում ապրել չի լինելու: Հեռանկարներն այնքան մոխրագույն էին, որ նա չխնայեց նույնիսկ իր նոր բռնկված սերը հեռախոսի իր այն երկրպագուի հետ: Այսօրվա պես հիշում եմ կայարանի կառամատույցը, սպասումը Մոսկվայի գնացքին ու բաց մոխրագույն էլեգանտ կոստյումը հագին այդ տղային, նրանց մեկուսի գրկախառնումները, իրար վրա նետված կարոտակեզ հայացքներն ու այդ հայացքներին նետված մեծերի ըմբռնող հայացքները: Իմ համար հորաքրոջս աղջկա հեռանալը խաղի պես մի բան ստացվեց, որովհետև առանձնապես չէի ընկալում նրա նպատակների խորությունն ու ադեկվատ չէի ընկալում տարածության դատապարտող մեծությունը, որ պետք է հաստատվեր նրա ու իմ միջև: Ես նույնիսկ մի փոքր ուրախ էի, որովհետև մեր ընտանիքից նրա հեռացմամբ մի փոքր ընդլայնվելու էր կենսագործունեության իմ միջավայրը: Ուրախ, ի դեպ, միայն ես էի, ծնողներս ու հայս հատկապես, անամոք վշտի մեջ էին: Նրանց վիշտն այդքան անընդգրկելի էր, որովհետև հորաքրոջս աղջիկն ապրում էր մեր հետ, երկրորդ անգամ ամուսնացած հորաքրոջս ընտանիքի հետ նրանց նոր տուն չէր գնացել, մնացել էր հորս հետ, ով թեև իրավաբանորեն նրա քեռին էր, բայց իրավմամբ կարող էր համարվել հայրը, որովհետև ծնողական հոգածության նյութական ու հոգևոր բաղադրիչները հավասարապես վերաբերելի էր դարձնում ինձ ու հորաքրոջս աղջկան: Չկար ոչ մի տարբերություն նրա ու իմ միջև:

Նախապես հորքրոջս  աղջկա ու հորքրոջս հետ փոխհարաբերությունների բացը լրացնում էինք նամակների ձևով, որոնք վերնագրվում էին «Նամակ», «Նամակ սիրելիներին», «Բարևագիր», «Սեղմագիր» և հազարումի այլ անվանումներով, որտեղ մեզնից յուրաքանչյուրն օվկիանոսի այս կամ այն կողմից արտացոլում էր իր կյանքի այս կամ այն դրվագն` ըստ դրա նշանակալիության սեփական գնահատականի: Գրելուց հետո նամակը ծալում էինք այնքան, ինչքան կծալվեր, փաթաթում առանձին մի թղթի մեջ, որն այս դեպքում հանդես էր գալիս որպես ծրար, քանի որ հաջորդող տարիներին ոչինչ չկար, ծրար նույնպես ու ուղարկելու համար այն հանձնում էինք ոչ թե մոտակա փոստային բաժանմունք, ինչպես ենթադրվում է, այլ Ամերիկայից հայկական վիզայի թույլատրելի ժամանակահատվածի չափով հյուր եկած ու վերջին մի քանի օրն արդեն անհամբեր հայացքը դեպի արևմուտք ձգած մի սփյուռքահայի, ումից որպես կանոն էլ ստանում էինք մերոնցից եկած նամակները:

Չգիտեմ մերոնք այնտեղ անհամբեր սպասու՞մ էին մեր այդ նամակներին, թե ոչ, բայց մենք նրանց նամակներին սպասում էինք անհամբեր, որովհետև նրանք ի տարբերություն մեզ, նամակների հետ` ծրարի մեջ դրած, երբեմն հարյուր դոլլար փող էին ուղարկում: Մենք այդ ծրարները բացում էինք ձեռքը թխսկան հավի բույնը տանող ֆերմերի անհամբերությամբ` ոչնչից հանկարծ ձու գտնելու անհանգիստ սպասումով ու երբ ծրարում գտնում էինք մեր համար նախատեսված ձուն, նախ շնորհակալությամբ լի հայացքներս ուղղում էինք երկինք` դեպի Բարձրյալը, ապա շտապում էինք դեպի նամակը` յուրաքանչյուրս իր հերթին շնորհակալությամբ լի խոսքեր զետեղելու դրանում: Այն ժամանակ մարդիկ հարյուր դոլլարով մի ամիս գոյություն էին պահպանում, իսկ երեք հազարով չորս սենյականոց բնակարան գնում քաղաքի` հիպոթեքային վարկի համար ոչ ռիսկային զոնաներում:

Սովի ու պատերազմի քամբախտ տարիներին թերագնահատել այդ հարյուր դոլլարանոցների ու մեկ էլ բանդերոլների նշանակությունն անհնար է: Հիշում եմ, թե ինչպիսի անհամբերությամբ էինք խռնվում այդ բանդերոլների շուրջը, փոքրերս՝ դրանում «Հերշիզի» սալիկներ կամ «Ռիգլիզի» ծամոններ, իսկ մեծերը՝ հագուստ ու ցուրտ երեկոների ընթրիքի նյութ գտնելու ցանկությամբ տոգորված, ա՜խ ոնց եմ հիշում բացված այդ տուփերից քթիդ տակ պայթող ծամոնների, կոնֆետների դյութիչ արևմտյան հոտը: Հիշում եմ Շուշիի գրավման օրը մեր համար երկակի տոն էր, այդ օրը բացված բանդերոլի մեջ երևում էր ձեթի իննը լիտրանոց դեղին տակառիկը, մենք երկու ամիս շարունակ կարող էինք ժարիտ արած սիգ ու կարտոֆիլ ուտել: Ճիշտն ասած այդ օրվա տոներից ամենաիրականն ու շոշափելին հենց բանդերոլն էր, մի տեսակ ապրեցնող տոն էր այդ տոնը: Մենք մեծապես ապրելու հնարավորություն ունեցանք հորքրոջս ու նրա աղջկա մեկնած օգնության ձեռքի շնորհիվ ու մի ամբողջ ժողովուրդ այդ տարիները մեծապես հաղթահարեց իրենց հորաքույրների, նրանց դստրերի, որդիների ու այսպիսի հազարումի տեսակ ազգականների շնորհիվ:

Այս ընթացքում մեր հեռախոսը շարունակում էր լռել ու սևուսպիտակ «Գորիզոնտի» կողքը դրված մնալ որպես ինտերիերի շտրիխ, չնայած հորաքրոջս աղջկա հեռացմամբ պայմանավորված, այն պետք է լիներ կամուրջը, որ պետք է կապակցեր մեզ: Ժամանակին, եթե լսափողը կողք դնելուց, անջատիչը թմբկահարելուց, պատերին տալուց, կողքում աղոթելուց հետո էլի երբեմն հնարավոր էր լինում լսափողի մեջ ինչ-որ ձայներ լսել, ապա հորաքրոջս աղջկա հեռանալուց հետո այն առհասարակ լռեց, լռեց իրեն լքած տիրոջից նեղացած շան նման: Մենք այնքան էինք հետ վարժվել, որ մեր գիտակցության մեջ հեռախոսը վաղուց էր դադարել գոյություն ունենալ, չէինք մտածում նույնիսկ բարձրացնել այն, փորձել կապ հաստատել որևէ մեկի հետ, գիտեինք` անօգուտ է: Տեսողականորեն ընկալում էինք հեռախոսասարքը, բայց վերաբերվում դրան իբրև դանակ-պատառաքաղի, մսաղացի, ամեն ինչի բացի հեռախոսից: Տանն ունենալով հեռախոս` հեռազանգելու համար, մենք գնում էինք մեր այն հարևանների տները, ովքեր իրենց աչքաբացության շնորհիվ քաղաքի այլ հատվածները սպասարկող ատեյսներից էին տուն բերել համայն աշխարհի հետ կապակցող իրենց պռովուդը, օրինակ, ես այն ժամանակ սիրածս աղջկա հետ սիրահարների պարապի չաչանակությունն անելու համար գնում էի հարևանի մթերային կրպակը, որտեղ աչքերն ու հատկապես ականջները չորս արած գնորդների ներկայությամբ փորձում էի ձայնի ցածր տոնայնությամբ ապահովել խոսքի այն գաղտնիությունն ու ինտիմությունը, որ պետք է հատուկ լինի սիրահարների զրույցին: Անել դա, ի դեպ, ինձ քիչ էր հաջողվում, որովհետև սիրածս աղջկա հետ զրույցը «բարև-բարլուսից» շատ ավելի առաջ չէր գնում, այնքան, որ քիչ էին մեզ կապող ընդհանրությունները:

Ամերիկայից հորաքրոջս աղջիկը նամակագրությունից զատ պարբերաբար փորձում էր կապնվել մեր հետ նաև հեռախոսով, բայց նրա փորձերն առավելապես անհաջողության էին մատնվում, նա դժգոհում էր, որ հարյուրից իննսունինը դեպքում կապի հաջողված սեանսն ազդարարող ընդհատուն ազդանշանները չէին լսվում ու մի դեպքում էր միայն, որ ցույց էր տալիս, թե մեր հեռախոսը զբաղված էր, այսինքն կար ու նման հեռախոսահամար գոյություն ուներ: Ողջ այդ ժամանակաշրջանում միայն մեկ անգամ եմ հիշում, որ մեր հեռախոսը ծառայել է իր նպատակներին, մթնամած մի առավոտյան մայրս բոթելով ինձ հանեց խորը քնից ու երկնագույն մեր հեռախոսի լսափողը ձեռքս խոթելով ասաց, որ խոսեմ` հորաքրոջս աղջիկն է, շատ է կարոտել: Աչքերս տրորելով ու իրականությունը հազիվ ընկալելով` վերցրեցի լսափողը, բայց խոսել այդպես էլ ինձ չհաջողվեց, որովհետև նրա ձայնը լսելուն պես փղձկացի. ոնց ես, ոնց չես` այսքանն էր այդ օրն իմ խոսացածը նրա հետ:

Հիմա, երբ բնազդորեն ենթադրելի նպատակով բարձրացնում ես լսափողն ու մտքովդ չի էլ անցնում մտածել այդ նպատակին խոչընդոտող ինչ-որ արգելքների մասին, երբ արդեն տնային հեռախոսները բջջային հեռախոսների ձեռամբ մղվում են դեպի պատմության խորքերը, իբրև անպետք առարկաներ, դժվար է հավատալ, որ եղել է այդպիսի մի ժամանակաշրջան, երբ հասարակ մի հեռախոսազանգ կատարելու համար անհրաժեշտ էր զինվել առանձնակի համբերությամբ: Ներկայումս հեռահաղորդակցության ոլորտը, թվային տեխնոլոգիաների ներմուծմամբ հեռախոսին վերադարձրել են ի սկզբանե նրա մեջ ներդրված գաղափարը՝  զանգ կատարելու և մարդկանց միմյանց հետ կապելու: Դեռ ավելին, հիմա հեռախոսն ու դրան սպասարկող գիծը ստացած ազդակները վերափոխում են հեռուստատեսայինի, միանալով դրան կարելի է թվային հեռուստաալիքներ դիտել, օգտագործել այն որպես հակաառևանգման համակագի ազդանշանիչ, կպնել դրանով Համաշխարհային ցանցին ու վայրկենապես ստանալ ցանկալի տեղեկատվություն, նամակագրություն վարել, բանկային ու դրամավարկային գործունեությամբ զբաղվել: Հիմա հեռախոսն իրոք կամուրջ է, որ մեզ կապում է աշխարհին և անում  դա ոչ թե վերացականորեն, այլ բառացի ու մինչև վերջերս էլ մերոնք հորքարոջս աղջկա հետ առնչվում էինք այդ կամրջի շնորհիվ:

Արդեն մի քանի ամիս է հայրս իրեն նոթբուք է գնել, հայրս, որ հաշվիչից էր մի կերպ գլուխ հանում, հիմա ինտերնետ-սերֆինգով զբաղված, փնտրում է իրեն հոգեհարազատ զինվորական ու որսորդական բնագավառներին վերաբերող տեղեկատվություն: Հատկանշականը հատկապես այն է, որ այդ նոթբուքի մեջ առկա է «Սկայպը» ու մերոնք այլևս դադարել են հորքրոջս աղջկա հետ առնչվել ավանդական եղանակով՝ հեռախոսով, հիմա նրանք զրուցում են  «Սկայպով», նայում են միմյանց աչքերի մեջ, քննարկում քաշի տեսանելի հավելումները մարմնի, հակարծակի առաջացած կնճիռները դեմքի վրա, իսկ վերջերս էլ հորաքրոջս աղջիկը հայրիկիս էր ցույց տալիս նրա պատվիրած որսորդական սապոգնները ու հետաքրքրվում արդյո՞ք դա հենց այն է ինչ հայրս  էր ցանկացել:

Կա՜յֆ, ոչինչ չես կարող ասել: Ժամանակին, երբ զանգահարելու համար ատամներդ տևական ժամանակով իրար էիր սեղմում, մտքովդ անցնել չէր կարող, որ կգա մի օր, երբ հնարավոր կլինի Ամերիկայից այստեղ միմյանց սապոգներ ցույց տալ:

23 – 28 մարտի 2015թ., Երևան

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *