Նարինե Կռոյան | Քոթը

Լուսանկարը՝ Նառա Վարդանյանի

 

Անահիտ Բոստանջյանի հիշտակին

Դրախտը հեռու չէ այնքան ….
Կաթն այնտեղ միշտ թարմ է, սակայն,
Եվ շոգեխաշած մսով են ուտում ապուրները
ու Դանթեի հետ են լուսացնում այնտեղ գիշերները:
Այնքան արև կա, անձրևներ այնտեղ,
որ հավերժ կարմիր են կակաչները.
ուր մարդիկ չկան` դրախտն է այնտեղ.
միայն շներն են ու մանուկները:
Իննա Կաբիշ

Շուն էր` կարճլիկ, բաց գույնի երկար մազերով:
Ոչ ոք չէր հիշում, թե երբ էր Քոթը հայտնվել բակում. պարզապես մարդիկ մի օր արթնացել էին, և Քոթը բրդոտ պոչը խաղացնելով ընդառաջ էր գնացել, հոտոտել նրանց, ում շնային իր տրամաբանությամբ պահպանության տակ պիտի առներ, ում համար պատասխանատու էր` Աստված գիտի, թե ում առջև: Օտար մեկն այլևս հեշտ ու հանգիստ չէր կարող հատել բակը. կոկորդը պատռելով` Քոթը կհետապնդեր նրան, մինչև եկվորը, զայրացած և վախի այս կամ այն աստիճանից ու սեռային պատկանելություից ելնելով, ակնհայտ փախուստի կդիմեր` գոռգոռալով, բողոքելով և/կամ հայհոյելով անտեր շանն այդ «անտեր» բակը բերողին: Ավելի համարձակները Քոթի հարձակումների ժամանակ փորձում էին կռանալ` գետնից հիպոթետիկ քար վերցնելու և շան վրա այդ հիպոթետիկը շպրտելու համար: Սկզբում իհարկե Քոթը չէր հասկանում այդ «համարձակների» մարմնի լեզուն և շարունակում էր շենքի բնակիչներին անձնուրաց պաշտպանել օտարականներից: Սակայն բակի տարածքով ավելի հաճախ անցնողներին Քոթն արդեն այնքան էր զայրացրել, որ ոմանք սկսել էին բակ մտնել ավելի քան իրական քարի ու փայտի կտորներները ձեռքներին, և նրան գրեթե այլևս չէր հաջողվում խուսափել հարվածներից, որոնց ուժգնությունը ինչ-որ մեկը պարզապես կչափեր որպես միավոր մակերեսի վրա որոշակի ուժի գործադրում` ինչ-որ Նյուտոն ինչ-որ մետր քառակուսու վրա: Ցավի չափման միավորը, սակայն, միայն այն կրողը գիտի, իսկ անբարբառ Քոթից ոչինչ իմանալ հնարավոր չէր, չնայած` որևէ մեկին ոչ ցավը, ոչ էլ այն կրողն առանաձնապես չէին հուզում: Կլանչելով` շունը փախչում-թաքնվում էր բակի ծայրում գտնվող լքված մի տնակի տակ այնքան ժամանակ, մինչև ցավը, հավանաբար, մեղմանում էր: Որոշ ժամանակ անց Քոթը կրկին դուրս էր գալիս իր թաքստոցից ու պոչը զվարթ շարժելով` վազվզում իր բակի` իր երեխաների հետ, իր մեծ ու փոքրի կողքին:
Նշանակետին չհասնող քարերը Քոթը համառորեն հացի կամ ոսկորի կտորի տեղ էր դնում, որ երբեմն նետում էին շենքի պատուհաններից, և վազում էր դրանց ետևից:
Շուտով շանը լրացուցիչ քոթակելու մի նոր նախաձեռնություն էլ իրենց վրա վերցրեցին շենքի բնակիչները: Պարզապես Քոթին ոչ ոք չէր դաստիարակել, և նա կեղտոտում էր որտեղ պատահի` նույնիսկ մուտքերում և աստիճանահարթակների վրա: Շենքի երեք մուտքերից հատկապես տուժում էր Ալիսենցը, որովհետև մյուս երկուսի դռները փակվում էին, իսկ երրորդը` Ալիսենցը, բաց էր անգամ ամենաանշունչ քամու առջև:
Քոթը, իհարկե, քամուց ուժեղ էր, սակայն մուտքի առաստաղն ու պատերն էին միայն իզորու նրան պաշտպանել չհեռացող ձմռան և չմոտեցող գարնան թաց ցրտերից: Առավոտյան հալչող և երեկոյան քարակույտերի վերածվող սառույցը բակը դարձնում էր անանցանելի ու անկյանք, իսկ Քոթը կյանք էր սիրում: Սիրում էր բոլորին` վերին հարկերից իրեն կանչող ու հացի չոր կտորներ նետող երեխաներին, նրանց սաստող հարևաններին, բակը մաքրող առաջին հարկերի և երրորդ մուտքի բնակիչներին, որ սպառնում էին սատկացնել իրեն, անգամ` օտարներին, որովհետև հենց նրանցով էր կարևորվում պահապանի իր գոյությունը:
Ալիսը Քոթին չէր տեսել: Ամբողջ ժամանակը, որ հիվանդանոցում էր անցկացրել, փաստորեն, համընկել էր Քոթի` բակում հայտնվելու և նրա համար կենսագրություն դառնալու իրողության հետ: Վերադարձել էր մի տեղ, որ իր բնակարանն էր արդեն յոթ տարի, սակայն այդպես էլ տուն չէր դարձել, որովհետև այնտեղ, անգամ միացված հեռուստացույցի առկայությամբ (հաղորդման բովանդակությունը կարևոր չէր), որի ձայնը երբեմն Ալիսը դիտավորյալ էր բարձրացնում, միշտ լուռ էր: Արմենի հետ համատեղ կյանքը ևս առանձնապես կյանքի նման չէր, բացառությամբ առաջին մեկ-երկու տարվա: Որովհետև ապրելը պիտի ուրախություն պարգևեր, իսկ ուրախությունն այնքա՜ն երկար չկար…. Սակայն ուրախությունը մի օր այնուամենայնիվ եկել էր` Ալիսի հետ հիվանդանոցից մտնելով տուն. երեխա էին ունենալու:
Արհեստական բեղմնավորումը Արմենի սրտով չէր, սակայն Ալիսի սիրտ մաշող թախանձանքն ու չմայրացող կնոջ տարիներով լճացած արտասուքը կոտրել էին ավանդական կարելի-չիկարելիների պատնեշը:
– Ստացվել է, ստացվել է, ես հղի եմ,- ասել էր Ալիսը`ամուսնու դեմքի վրա լղոզելով ուրիշ համ ունեցող արցունքներն ու ոտքից գլուխ համբուրել իր երեխայի հորը:
– Ալիս, ջանս,- հուզվել էր Արմենը:- Ջանս…
Եվ վերջ:
Մի ամիս հետո հղիությունն ընդհատվել էր` զավակ չունենալը` ունենալու հույսը մարելու միջոցով ավելի ցավոտ դարձնելու դաժանությամբ:
– Վերջ, էլ ոչ մի արհեստական բեղմնավորում: Չես տեսնում` Աստված չի կամենում:- Ծխախոտը շպրտել էր Արմենը` փակելով թեման:
Ալիսի համար, սակայն, այն միշտ բաց էր, և մի տարի առաջ նրան հաջողվել էր մի անգամ ևս կոտրել Արմենի համառությունը.
– Խոստանում եմ, սա վերջին անգամն է, եթե ոչինչ չստացվի, ես ինքս կհեռանամ քեզնից, միայն, խնդրում եմ, ինձ մի հնարավորություն էլ տուր:
Արմենը գոռգոռացել էր, ասել, որ միայն Ալիսի մտքով էդպիսի հիմարություն կանցներ, ծխել էր, ծխել էր, ծխել էր ու ասել.
– Լավ:
Նախկինի պես բուժումները հաջող էին ընթանում, և դրանից կրծքում ամբարված վախն ավելի էր ուժգնանում: Ալիսն այլևս չէր երազում: Նա անկյուն քշված գազանի նման սպասում էր աներևույթ որսորդի մեծահոգությանը: Իսկ մի՞թե որսորդները հոգի ունեն…. Մտածում էր` ջլատելով և արհամարհելով սեփական մարմինը, գեղեցիկ, բայց ամուլ այն փաթեթը, որի ներսում ամեն բան կար` մանուկ ծնելու նախաստեղծ կարողությունից բացի, հետևաբար` ոչինչ չկար:
Երկու օր առաջ Արմենը կրկին իրեն տուն բերեց` դատարկ, անպետք, զզվելի:
Այստեղ էր, որ առաջին անգամ տեսավ Քոթին: Շունը սկզբում հաչաց` իրեն` անծանոթին տեսնելով, սակայն մի ակնթարթ կանգ առավ և պոչը պտտելով նայեց ու աչքերի սև ուլունքները մխրճեց անշարժացած նորեկի անանդրադարձ հայացքի մեջ:
– Կորի, կեղտոտ կենդանի,- Արմենը ոտքով զայրացած հարվածեց շանն ու իրերը մեքենայի բեռնախցից հանելով` ներս տարավ:
Շունը վնգստաց ու միզեց տեղում: Ալիսին թվաց, թե ի´ր կողքը ցավեց: Որոշեց արագ թաքնվել շենքի պարապ հայացքներից` ամաչելով իր` Ալիս լինելու համար: Սակայն անտրամաբանականը միջանցքում տեսավ: Ավելի շուտ` Արմենը նկատեց, հետո միայն ինքը. ազդրերի ներքին, իրար հպվող մակերեսը ողողող տաք հեղուկը սառելով ցած էր իջնում, և Ալիսը սկսում էր դողալ:
– Էդ տակդ չիշիկ ես արե՞լ,- ոտքի վրա դեսուդեն գնալով հարցրեց Արմենն ու քթի տակ ինչ-որ բան քրթմնջաց:
Ալիսը զարմացած ու շփոթված ձեռքերը սեղմեց ոտքերի արանքում և պատին հենված սահելով` գլխիկոր նստեց գետնին:
Արմենը մի քանի անգամ էլ գնաց-եկավ, հետո ոչինչ չասելով` դուրս գնաց:
Ալիսը միայն դիրքը փոխեց` այդպես կիսածալ էլ պառկելով գետնին: Ականջներում բժշկի, ասես արձանագրության համար արված, դատավճիռն էր.
– Երեք պտուղ էր ձևավորվել, սակայն, կներեք, ոչ մեկն այդպես էլ չկպավ: Կենսունակ չէին:
Որսորդը ճիշտ էր նշան բռնել: Նրա գթասրտությունը մորթը չփչացնող խրտվիլակագործի ճշգրտությունն ու վարպետությունն ուներ. ինքը և կար, և չկար:
Դրսից հնչող շների հաչոցից սթափվեց. մրսում էր: Արմենը չկար: Կափկափող ատամները սեղմած հասավ ապակեպատ պատշգամբին ու առաջին հարկի իրենց պատուհանից դուրս նայեց: Մթնում էր: Քոթը երկու աժդահա շան հետ պտտվում էր բակում: Ավելի ուշադիր զննելուց հետո հասկացավ, որ աժդահաներն են պտտվում Քոթի ետևից:
«Պարզ է` Քոթը էգ է, սրանք էլ` արու»,- մտածեց ու մթության մեջ շոշափելով անկյանք բնակարանի սառը պատերը` հասավ ննջասենյակ: Չէր ուզում հագուստը փոխել: Իրեն պատժել էր ուզում, սակայն միզահոտը շուտով անտանելի կդառնար, և սենյակի լույսը վառեց:
Քնեց: Արմենին սպասելու բարոյական իրավունք չուներ և մահու չափ հոգնած էր:
Արմենը լուսադեմին վերադարձավ: Վեր թռավ կրկին Քոթի վնգստոցից: Արմենը հարբած էր.
– Անտեր շունը հենց մեր դռան շորի վրա պտի քնի՞,- Արմենը մի անգամ էլ ոտքով հարվածեց շանն ու նայեց միջանցքում փորը բռնած, չռված աչքերով կանգնած կնոջն ու ետևից ոտքով հրեց դուռը:
Ալիսը վերադարձավ անկողին: Խոհանոցից լսվող ջարդվող ամանեղնեի շամփրող աղմուկից գլուխը մտցրեց բարձի տակ ու բարձի հետ սեղմեց ականջները: Մի ժամանակ չգիտեր, թե դժոխքը քանի երես ունի՞: Հիմա էլ չգիտեր. գիտեր, որ շատ:
Կրկին քնել էր և նույնիսկ խորը, որովհետև Արմենի հեռանալը չէր զգացել. Աշխտանքի է գնացե՞լ: Մի՞թե այդաստիճան հոգնած է ու հյուծված, որ ոչ մի բան չի լսել: «Աշխտանքի է գնացել»,- կրկնեց մտքում:- «Ես էլ ինձ էդպես կպահեի: Թող ոչ ոք ոչինչ չմտածի, հարցեր չտա, ասես ոչինչ չի եղել»: Իսկ մի՞թե եղել է: Աշխարհում ամեն բան միշտ նույնն է, նույնը, նույնը, նույնը ….
Ուտելու ցանկություն չուներ: Ներսի դատարկությունն ամեն ինչ կուլ էր տվել: Միայն տարօրինակ մի բան կար, որ որպես միտք ձևակերպվելու համար բավականին ջանք էր պահանջում և պահանջեց. Քոթի յուրաքանչյուր հաչոց, վնգստոց կամ կախկանձ տակնուվրա է անում այդ ներսը: Անտրամաբանական է: Չէ, անտրամաբանականը իր գոյությունն էր, իր ձգտումները, հույսերը … Ինքն էր ամենաանտրամաբանականը:
Գնաց դեպի պատշգամբը:
Քոթը խաղում էր` վազվզելով վերևից այսուայնկողմ նետվող ուտելիքի ետևից: Իր հերթին իրենց պատին կից կողքի հարևանն էր ավելը ձեռքին վազում շան ետևից և վերջապես այդ բոլորի ետևից վազում էին բակի երեխաները`մոռանալով սառույցի ու փայտացած մատների մասին: Տեղ-տեղ ծիկրակող արևը ավելի էր սրում շարժվող տեսարանի գունեղ հակադրությունները: Եվ … Ալիսը հակարծ սկսեց ծիծաղել` բուռն, անհեթեթ, անպատճառ…
Մոտավորապես նույն սցենարով ընթացող բակային գործողությունները` բացառությամբ օրեցօր ավելացող արևի և որպես հետևանք` արագ չորացող ջրափոսերի, ինչ-որ բան էին փոխում ապրողների աշխարհում, և Ալիսի պայծառացող դեմքը սկսում էր շփոթեցնել Արմենին: Ալիսին նաև մեկ այլ կերպ կորցնելու երկյուղը նրան ավելի ներփակ ու նյարդային էր դարձնում: Մի երեկո էլ այդ վախն ու մեղքի անբացատրելի զգացումը ի վերջո նրան բերեցին պատշգամբ, ուր Ալիսն անց էր կացնում իր բոլոր ցերեկներն ու երեկոները: Արմենը մոտեցավ ու ետևից գրկեց կնոջը: Ալիսը շանթահարի պես վեր թռավ ու կրկին իրեն պատկերացրեց վանդակի ծանոթ անկյունում:
– Կներես,- ասաց Արմենն ու մոտեցավ պատուհանին:
Երկուսն էլ ակնդետ դուրս էին նայում և յուրաքանչյուրը տեսնում էր միայն այն, ինչ տեսնում էր:
– Շան ծնունդ, ավտոս…,- գոռաց Արմենն, ու Ալիսը ցնցվեց:
Քոթը ոտքը վեր տնկած միզում էր մեքենայի վրա:
Հաջորդ տեսարանը միայն վանդակի իր անկյունից կարելի էր տեսնել:
Մետաղյա ժանգոտ մի խողովակ ձեռքին Արմենը դուրս թռավ մուքից ու վազեց դեպի շունը: Քոթը ընդառաջ գնաց ու կանգնելով` աչքերի սև ուլունքները հառեց մարդու վրա: Հաջորդ արարը Ալիսը տեսավ ասես դանդաղեցված, սևուսպիտակ ֆիլմում. երկաթը ծանր իջավ շան մեջքին ու երկու կտոր եղավ:
Արթնացավ: Չէր քնել: Գիտակցությունն էր կորցրել: Երբ այն վերադարձավ, քմծիծաղը ծամածռեց դիմագծերը:
– Ձեռքդ կոտրի, անասուն, ուժդ պատե՞ց…..,- ֆշշացրեց Ալիսն ու նայելով ամուսնու զարմանքից աղավաղված դեմքին` շարունակեց:- Ինչ լավ է` ուշքս գնաց: Ես Քոթի ոռնոցին չէի դիմանա… Այսինքն` …. երանի չդիմանայի:
Արմենը ոչինչ չպատասխանեց: Նա միայն մի քանի անգամ շփեց ճակատն ու դուրս եկավ:
Մութը ծածկեց քաղաքը` իր հետ բերելով բոլոր տարիների սպանող լռությունը. Քոթի հաչոցը չէր լսվում, որքան էլ որ Ալիսը լարում էր լսողությունը:
Լուսացրեց պատշգամբում` բազմոցի վրա, բարակ ծածկոցի մեջ փաթաթված: Դարձյալ քնել էր և հիմա մեղադրում էր իրեն. գուցե Քոթը վնգստացել, օգնության է կանչել… Իսկ ինքը քնել է, ասես ոչինչ չի եղել: Արմենի բացակայությունը չէր անհանգստացնում: Ավելի լավ: Թող գնար գրողի ծոցը: Հանկարծ աչքերը թույլ մի շարժում որսացին լուսաբացի քրքրված մառախուղի պատառների արանքում. լքված տնակի մոտ էր:
– Քոթը,- տնքաց Ալիսն ու այրվող ճակատը հպեց պատուհանի սառը ապակուն:
Շունը կաղալով մի քանի քայլ արեց ու երկար նստեց: Հետո դանդաղ շրջվեց ու ծանր սողալով վերադարձավ դեպի տնակի իր կացարանը:
– Փառք Աստծո…,- Ալիսը փլվեց բազմոցին ու փորձեց ափերով բռնել վանդակից դուրս պրծնող սիրտը:- Փառք Աստծո….
Սակայն ինչ-որ բան ստիպեց կրկին դուրս նայել:
«Էն ի՞նչ է: Կեղտոտե՞լ է: Իսկ ինչու՞ է մուգ, չէ որ շան կեղտը բաց գույն ունի….»:
Ալիսը բացեց պատուհանն ու չորս կողմը նայեց: Կարծես` ոչ ոք չկար: Ծածկոցի մեջ փաթաթված, հողաթափերով էլ դուրս եկավ: Գաղտագողի զննելով շենքի քնատ հարկերը` հասավ Քոթի սարքած կույտին ու ծնկեց: Աչքերը շուտով գտան փնտրածը: Չորացած ճյուղի կտոր էր: Սեղմելով ատամները` Ալիսը փորփրեց «կեղտն» ու շպրտեց ճյուղը: Հերթով հենվելով ձեռքերի վրա` ոտքի ելավ ու հարբածի նման օրորվելով վազեց: Նրա ետևում ծածկոցը առագաստի նման բացվեց` մերկացնելով պայթելու պատրաստ կուրծքն ու վանդակված սիրտը:
Ոտքերը տուն էին բերել.
– Քոթը վիժեց … նա էլ…. Մենք ….
Արթնացավ անկողնում: Արմենը կողքին էր: Կմկմաց.
– Երեք օր է քնած ես: Բժիշկներ կանչեցի: Բոլորն ասում են` պարզապես քնած է: Չգիտեմ:
Ալիսը տեսավ, թե ինչպես էին դողում ամուսնու շուրթերը: Չխղճաց: Երեսը մի կողմ թեքեց:
– Ես կգնամ, եթե ասես,- շարունակեց Արմենը:- Դու… դու մի տեսակ ուրիշ ես, բայց ես քեզ էսպես էլ եմ սիրում, Ալիս, գիժս…
Հասկացավ, որ Արմենն արտասվում է:
Իր հեռախոսի զանգն էր` հավանաբար խոհանոցից: Իրեն ոչ ոք պետք չէ:
Արմենը գնաց հեռախոսի ետևից:
«Ու՞մ հետ է խոսում: Ինչու՞: Իրեն ու՞մ տեղն է դրել»:
Ծածկոցը մի կողմ նետեց ու կտրուկ նստեց տեղում: Արմենի դողացող ձայնը մոտենում էր,
– Հա, հա, այո, այո, բժիշկ, այո, հա….
Գլուխը պտտվեց:
Արմենը նստեց հատակին ու գրկեց կնոջ ծնկները.
– Դու հղի ես, Ալիս: Ջանս, հղի ես:
Արմենը հեկեկում էր` բարձրաձայն, անզուսպ:
Ալիսը վախենում էր ընկալել լսածը.
– Ստում ես,սուտ ես ասում, հերիք է տանջեք ինձ, հե-րի-ք է…..
Արմենը նստեց մահճակալին ու գրկեց կնոջ կիսաբաց ուսերը.
– Չէ, ջանս, չէ: Բժիշկն ասում է, որ ուլտրաձայնային հետազոտության նկարները մի անգամ էլ է որոշել նայել, և հրաշք: Ասում է` չորս պտուղ է եղել: Մեկը, մեր բալեն, Ալիս, – Արմենը շան նման վնգստում էր,- կենդանի է, նորմալ…. Ալիս…..
Հանկարծ դռան ետևից շան հաչոց լսվեց:
– Քոթը,- ճչաց Ալիսն ու նետվեց դեպի դուռը:
Ամբողջ ուժով հրեց այն ու իջավ ծնկների վրա: Քոթն անմիջապես թռավ գիրկն ու սկսեց լպստել կնոջ դեմքը:
– Քոթ, անգինս, մենք ձագ ենք ունենալու….
Միջանցքի հայելու մեջ, սակայն, Ալիսը միայն իրեն տեսավ` մենակ ու անծանոթ: Հրաշքների աշխարհն այստեղ էր` հայելու այս կողմում, որտեղ ապրում էին: Ապրում էին բոլորը` շները, մարդիկ և ձագերը:

Արտատապվել է «Կամուրջ» գրական-մշակութային հանդեսից

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *