Նորայր Սարգսյան | Չե Գևարա

Նորայր Սարգսյան

Լուսանկարը՝ Արթուր Գևորգյանի

Այդ օրերին ինքը միշտ արթնանում էր սրտխառնոցով ու գլխացավով, բայց ամեն անգամ մի ուրիշ, ավելի հարմար օրվա էր թողնում առավոտը միանգամից սոված փորին սուրճ չխմելու գիշերը շուտ քնելու ու քիչ ծխելու խոսոտումը: Եվ սպասման մեջ ձգվող մեռնելու վախն էլ այնքան սարսափելի չէր, քանի դեռ սուրճն առանց սպասեցնելու հայտնվում էր դիմացը, ու վարժ շարժումներով վառվում էր հերթական սիագերտը: Կիսաթմրած ոտքերը քարշ տվեց զուգարան, նայեց հայելու մեջ ու տեսավ մազածածկույթը այտերին ու ավելի ներքև:
– Լրիվ Չե Գևարան եմ, – մի քիչ ուրախացավ առավոտյան մտքերի առկայությունից, որովհետև դրանք վերջերս վախենալու չափ քիչ են ու մեկ էլ տեսար ու չկան, էլ ինչ պիտի անի այս գիշերները, եթե չլինեն օրվա միջով անցած, սինթեզված մտքերը:
– Նայի՛ր նրանց, Չե՛, նրանք երեխայի պես հույս ունեն մի բան դառնալու, ասենք դու ի՞նչ էիր ուզում դառնալ:
– Հիմա ի՞նչ տարբերություն: Ուզո՞ւմ ես՝ անկեղծ ասեմ:
– Ահա, ուզում եմ:
– Անկեղծ՝ ոչ մի տարբերություն:
– Դե ուրեմն էս մտքերն էլ թող ոչինչ չդառնան:
– Բայց առավոտվա սուրճը ոնց որ սովորականից դառն էր: Համը մի տեսակ չկրկնվեց առավոտը, հըն, – ասաց Չեն:
– Իսկ հեռավորությունը ընդհանրապես ինչպե՞ս կարելի ա պատկերացնել, Չե՛, ու մի հատ էլ նկարագրել: Էն էլ երբ 4D-ի մասին ա խոսքը, այսինքն՝ մենակ ստեղից Կուբան չի, մի 50 տարի էլ վրադիր ա:
– Դե պիտի կտրվի, որ տեսնենք մեջը ինչ է:
– Բայց ախր հեռավորությունը հաստ քոթուկ ա, կտրելու համար երկու ձեռք ա պետք: Дружба պիտի լինի՝ երկուսով կտրենք, բայց դու չկաս, չէ՞, Չե՛:
Հարցը պատասխան չունեցավ, ու առավոտյան դանդաղկոտությունը իրեն նորից հաճելի թվաց, քայլելու պատրաստակամ ոտքերը ցավում են, հոգնում: Ապրելու տենչով մարդը ծերանում է, մեռնում:
– Հիմա եսիմքանի միլիոն մարդ առավոտյան գնում ա գործի, դա դեռ էն դեպքում երբ մեր ժամային գոտիով ենք նայում, բա մնացա՞ծը, դե մնացածի մասին հետո, կարևորը հենց հիման ա: Մարդ կա՝ գիշերը քնել ա, մարդ կա՝ առավոտյան սիգարետի փոխարեն համով կեկս ա կերել, միգուցե ինչ-որ յոգուրտ էլ, – հնարավոր է, ի՞նչ կարող է ասել հիմա ինքը, – բայց հիմնականում սիգարետ ու սուրճ, համաձայն չե՞ս, Չե՛:
Կանգառում մենակ կանգնած երթուղայինի սպասելով՝ ինչ-որ ժամանակ մեռնում է, իրենից ինչ-որ բան մեռնում է սպասման մեջ, ու հիմա եկած երթուղայինը մի տեսակ ահավոր ժամանակավրեպ է, մանավանդ որ սիգարետը նոր է կպցրել, բայց վախենալով մյուս սպասումին չդիմանալ՝ ամեն դեպքում թռնում է մեջը:
Արթնությունը արդեն երթուղայինում սպասում էր անհարմար դիրքով՝ անտանելի հոտով ու անհույս սպասումով աշխատանքի վայրին հասնելու, որ իր մարմինը իջնի այդ ուղղանկյան միջից ու իր բնական ձևը ստանա, ասել է թե՝ ամեն ինչ մտածված է. ճանապարհը դժվար լինի, որ հասնես ուրախանաս: Վերջը հանգստացում լինի նոր ուղղանկյուններից, քառակուսիներից առաջ: Բայց, գրողը տանի, ինչո՞վ է ինքը ուրիշներից լավը և հատկապես ինչո՞վ է ուրիշներից այդքան ուրիշ, որ հիմա սպասում ուներ առավոտյան կեքսի կամ մի ուրիշ անհավանական բանի, որ այդքան բողոքում էր այդ ուղղանկյուն երթուղայինից: Դեմքին կատաղի արտահայտություն կար, ականջախեցիներին ականջակալներ, բայց արտահայտությունը նկարված էր, իրական չէր, կատաղած էր խիզախորեն, բայց կատվի արագ դիմացով անցնելը հարցը կլուծեր. ինքն իր վրա երկար կծիծաղեր դառը ծիծաղով:
– Լրիվ Չե Գևարան եմ, – մի քիչ բարձր շշնջաց, որ իրեն լսելի լինի, ուրախանա, բայց մնացածը չլսեն, չուրախանան: Բայց ինչու՞ հատկապես Չե Գևարան, ինչու՞ ոչ Հեմինգուեյը, եթե կարող ես երևակայել, դա էլ կստացվի, իսկ ինքը կարողանում էր երևակայել, ինքը գիտեր դրա մեղմ արվեստը, հատկապես զուգարանում, հատկապես զուգարանում, շեշտվում է նորից, որ հատկապես զուգարանում, երբ ինքը լրիվ իր հետ մենակ էր, մենակ չէր, այքնան շատ էր ինքը՝ զուգարանի հայելու դիմաց, շնից շատ էր, ու ինչ-որ թվեր քաոտիկ իջնող: Ինքն իր անունն էր ասում, գիժ էր, գիժ էր ինքը: Ինքը բոլորն էր, ու ինքը ոչ ոք էր, հատկապես հայելու առաջ ու հատկապես, երբ մի քիչ էլ սպիրտ կար մարմնում: Սկզբում վախենում էր այդ մտքերից, փորձում էր հասկանալ՝ ինչ մտքեր են, ինչի համար են, հատկապես ի՞նքն է այդպիսին, թե՞ բոլորն են, ուղղակի դրա մասին չեն պատմում: Ուզում էր պատմել, ա՜խ ոնց էր ուզում պատմել ինչ-որ մեկին ու հատկապես ոնց էր երազում լսել նույնը դիմացինից: Ինքը երազում էր, բայց վախենում, երազում էր այդ հանգստությունը հասկացված լինելու, բայց վախենում էր կորցնել անհանգստությունը ու հասկացված լինելով՝ կորցնել այդ սին պատմությունը, որ ինքը լրիվ ուրիշ գիժ է՝ աշխարհում և ոչ մի անգամ չհանդիպած:
-Չե՛, քանի՞ կոպեկ արժի զոհաբերությունդ, ու արդյոք դու ավելի՞ն ես, որ զոհաբերում ու զոհաբերվում ես, միթե այսքան տանջանքդ իմ խելքի մեջ ինչ-որ բառեր կարող է գտնել, ու ես կկարողանամ քո առեղծվածը հասկանալ:
Հիմա իր գլխում բառերը նորից չէին համախմբվում նախադասությունների շուրջ, իսկ դիմացինին հասու լինելուց ընդհանրապես կիլոմետրերով հեռու էին, բայց ահա ինքը լրիվ ֆունկցիոնալ մասնիկ էր մեծ մեքենայի, որը քայլում ու համարյա, պատկերացնում եք, համարյա հասնում էր աշխատանքի, մի քիչ ուշացել էր իհարկե, բայց դա ներելի էր: Ինքն իրեն ներել էր ամեն դեպքում: Ու ներս մտնելուց առաջ վերջին անգամ փորձեց կապ հաստատել.
– Հը՞ն, Չե՞:
Պատասխան նորից չհետևեց, ու հասկացավ, որ ինքը հիմա լրիվ արթնացել է, ու Կոմանդանտեի հետ խոսակցությունը ավարտվել է: Օդից կախված մնացած հարցերը հիմա կախում է գլխից, առաստաղից թող թպրտան, պայքարեն ու մեռնեն, ինչպես բոլորը, թպրտում են, պայքարում ու, ու դե ինքը չգիտի, չի հավատում: Բայց ոտքերը կարճ են աթոռին հասնելու համար, ու պիտի որ թպրտալուց հետո մեռնի: Ինքը լարված աշխատանքային օր ունի՝ այսօր ու վաղը, երեկ ու ասենք փետրվարի 31-ին անգամ, բոլոր եղած ու չեղած օրերին, ու այդպես մինչև կյանքի ավարտը, մինչև իր միջից ինչ-որ բան երևի դուրս կգա, կստանա իր բնական ձևը, ինչպես երթուղայինից մարմինը: Բայց ինքը չի հավատում հոգու գոյությանը, հոգին ուղեղի ստեղծած ալտերէգոն է, որը ամեն մեկը հնարում է իր համար, որ արդարացնի իրեն սոցիումով պարտադրված օրենքները: Ինքը չի հավատում կյանքին մահվանից հետո, իր միջից դուրս կգա կյանքը ու կդառնա հիշողություն, լավագույն դեպքում տողեր: Իրար հետ չկապվող տողեր: Հիմա քանի ինքը կա ու քայլում է, պատմությունը իր լինելու ու քայլելու մասին ոչ մի իմաստ չունի, չնայած հաստատ չէ, որ մեռնելուց հետո ինչ-որ մեկին պետք կլինի, բայց այդ ժամանակ ինքը անտարբեր կլինի, իներտ կլինի, ինչպես հողը: Հող էիր, հող դարձար, մեջդ մի 60 տարվա ջուր կար, այսինքն կյանք կար, ցամաքեց կամաց-կամաց, շունչդ կտրվեց. երկկենցաղ չէ կյանքը քո մեջ, ձուկ է: Անմահությունը անտարբերությունն է շրջապատի հանդեպ. էլ ուրիշ ինչպե՞ս կբացատրես անմահ էակին, եթե ոչ անսահման, տիեզերքի չափ անտարբերությամբ: Ինքը ջղաձգված էր ամբողջ ամիսն ու ջլատված էր ամբողջ տարին՝ սպասումից հոգնած մի ամբողջ կյանք, բթացած էր ներքին հասկացողության խորությունից, բթացած էր այնքան, ինչքան չէր կարողանում արտահայտել հասկացածը: Աշխատանքից հետո էլի ինչ-որ գործեր կային կենտրոնում, ուշադրությունը թույլ թռվռաց դրանց վրայով, թրթռաց ռմբակոծության ժամանակ ցերեկային լամպի նման ու ինչ-որ տեղ կենտրոնացում ման գալով՝ լարվեց ամբողջությամբ՝ արդեն տուն գնալիս` մետրոյում: Դիմացը նստած ծերուկը սրտառուչ ժպտաց, ու մի պահ մտքով անցավ, որ ահա այս մարդը ասենք վաղը չէ մյուս օրը կամ ուրիշ օր, որը կոնկրետ ահա իր համար չի տարբերվի վաղը չէ մյուս օրվանից, կմեռնի կգնա, բայց ուր կգնա, և արդյոք դա ամենամե՞ծ տարբերությունը չի լինի ծերուկի կյանքում: Հիմա ինքը ուզում էր, որ ծերուկը հենց այս պահին մեռնի, որ ինքը խառնվի իրար ու բան չկարողանա անել, չուզենա էլ, չոր հաշվարկներ անի, ասենք զզվի, որ ծերուկը հանկարծ չփսխի իր նոր վերնաշապիկի վրա, կամ ուղղակի ժամանակ չծախսի այդ գործի վրա: Եվ ահա այս մտքերից հետո, երբ ծերուկին այդպես էլ ոչինչ չեղավ, իր հոգու խորքում ինչ-որ տխրություն եկավ: Չէ, ծերուկի մահը նրան պետք չէր, չնայած կյանքն էլ պետք չէր: Եվ տխրությունը լրիվ էգոիստական էր: Իսկ ի՞նչ, եթե ինքը այն ամենի մարմնացումն է, ինչից զզվել է ամբողջ կյանքում, ինչը համարել է ամոթալի ու հեռու պահել իրեն այդպիսի մարդկանցից, ի՞նչ, եթե ինքը Հուդան է իր ամբողջ էությամբ: Հենց այս պահին ինքը չէր տեսնում տարբերությունը կատարյալ չարության ու կատարյալ բարության, այսինքն՝ իհարկե լրիվ չար ու լրիվ բարի ինքը չէր պատկերացրել իրեն, ինքը ահա անբացատրելին էր, իր մասին գիրք չէր կարելի գրել, որովհետև ինքը մարդ էր: Մետրոյի վերջին երթուղին՝ Բաղրամյան-Բարեկամություն: Ուղեղը արագ-արագ աշխատում էր հասկանալու տեսանկյունից, այնքան արագ, որ անգամ ինքը իրեն հաշիվ չէր տալիս իր հասկացածի 90 տոկոսը: Կողքին նստած աղջիկն ահա անընդհատ նայում է իր կողմը, ինքը ուղղակի պտտվում է, որ տեսնի՝ ինչ է ուզում, աղջիկը վախենում է նրա հայացքից, առջևում նստած տղան վախեցնող հայացքներ է նետում ու լրիվ թշնամաբար է տրամադրված, և ահա հրաշք. ինքը հինգ րոպեում մի ամբողջ վագոն է հասկանում, և ահա կատարելության նիրվանան մի քանի վայրկյանով այցելում է իրեն: Ինքը հասկանում է, թե ով է ինքը, և ովքեր են կողքի մարդիկ, հասկանում է մետրոյի շարժն ու մեդիտացիոն չխկչխկոցը, հասկանում է ամեն ինչ բառի բուն իմաստով, առանց չափազանցության, բայց չի կարողանում ինքն իրեն հաշիվ տալ, հասկացածը թարգմանել ու մի տեղ գրել: Եվ այդ քաոսից իրեն մնում է ուղիղ այնքան, ինչքան կար մինչ այդ պահը, և կասկածի ծովը, որ կիսել էր Մովսեսի նման ու քայլում էր առաջ՝ իր հետևից տանելով մտքերը, նորից լցվում է ջրով, նորից լցվում է կյանքով, քանի որ ջուրը ինքնին կյանքն է: Իրեն մնում է Հիսուսի նման քայլել ջրի վրայով, իսկ բոլոր մտքերը խեղդվում են քաոտիկ ջրի հոսքից, որովհետև իրեն չեն հավատում: Չեն կարող հավատալ, այդպիսին է նրանց բնությունը: Կյանքի խտությունը լցվում է նրանց դեռ չձևավորված թոքերը, որովհետև մտքերը մարդու ջրալի հատվածից դուրս են, մտքերը հող են: Դրա համար էր Հիսուսի առասպելը` կիսով չափ մարդ, որովհետև նրան հավատալ էր պետք, որովհետև նա ծովը չէր կիսել, այլ փորձում էր սովորեցնել ջրի վրայով քայլելու հաղթահարման ճանապարհը: Բարեկամության մետրոյի մոտից մինչև Լենինգրադյան ճանապարհը ինքը քայլում էր լուռ, սիգարետը բերանը դրած, ազգերի բարեկամությունից մինչև Լենին, մի քանի քայլ, բայց ինչքան միտք կար ու ինչքան տարբերություն կար այս մի քանի քայլի մեջ, սոցիալիզմի գաղափարի ու իրականության մեջ:
– Ինչքան կասկածի հողեր կային, ջրալի, այսինքն՝ հողն ու ջուրը խառնած ճահիճ են դառնում, ու մենք սկսում ենք ներքաշվել այս աշխարհը, իսկ դո՞ւ, Չե: Ինչպե՞ս կարող էիր այդքան վստահ լինել, որ դու ես այն մարդը, որ պիտի կիսի մեջտեղից ծովը ու Կուբայի ընտիր ժողովրդին տանի մյուս ափ, և վերջապես ի՞նչ կար մյուս ափում: Բոլոր ափերում, որտեղ ինձ բախտ է վիճակվել լինել, ամեն ինչ գնացել է դեպի վատը, ու ես սկսել եմ բողոքել հենց հավատից ու երկար տանջանքներից հետո հասել եմ այդ սուրբ հողին: Ես այն պղծել եմ իմ հասնելով, իմ ներկայությամբ, քանի որ հենց գլուխս դրել եմ բարձին՝ մի քիչ հանգստանալու, հիշել եմ բնությունից տրված տխրությունը: Իսկ միգուցե վախենում եմ, թույլ մարդ եմ, չեմ կարող հետևիցս տանել մտքերս, ուր մնաց մարդկանց: Հը՞ն, Չե: Ինչ ինձ հիշում եմ, քո նման մեկին նայելուց եմ հիշում: Երբ մայրիկը գիշերը չորսին հայտնվում էր կողքիս, ես գժի հայացքով, ինֆորմացիա ներարկող թմրամոլի պատրաստակամությամբ ինչ-որ գիրք ձեռքս խորասուզված էի քո նման ինչ-որ մեկի կյանքի մեջ, մտքերի մեջ, ճահիճը քաշում էր ինձ ու տեղս ծուխ դուրս տալիս քո սիգարի նման, իսկ ես աստմատիկ էի, ինչպես դու, իսկ ես նիհար էի, ինչպես դու, ես նիհար եղել էի ու ֆանատիկ էի, ինչքան դու ես եղել:
Կիևյան կամուրջ հասնելուց առաջ ինքը միամիտ նկատեց ինչ-որ նուրբ փետուր, որ թռնում էր իր կողքով, մտածեց՝ ահա սա երազանքն է, որին այսքան ժամանակ ձգտել է, բայց որի բովանդակությունը, իմաստը մոռացել է արդեն: Առանց ջանք գործադրելու բռնեց փետուրը՝ զարմանալով իր ճարպկության վրա, նետեց առաջին իսկ պատահած աղբարկղի մեջ, ու իրենից գոհ բարձրաձայնեց.
– Մի՛ կեղտոտեք կյանքս էս անասուն երազանքներով, – հետո այն ձեռքով, որով դիպել էր երազանքին, սիրեց իր մորուքը և դիմացի խանութի ապակու վրա տեսավ իր արտացոլանքը, – լրիվ Չե Գևարան եմ, – բայց այն առավոտվա ոգևորությունը չկար, հակառակը՝ ինչ-որ ներքին հակասություն կար իր ու իր միջև առավոտյան ու երեկոյան, երբ ահա իր այդ օրվա գործը արել էր, առօրյայով բռնաբարել էր ուղեղը, թվերով լցրել հոգին, որ ձայն չհանի: Ահա, ինքը համարյա հասնում է տուն, բայց որոշում է կանգնել պատուհանների դիմաց ու նայել իրենց տանը ներքևից, մինչև սիգարետը ամբողջությամբ չծխի ու չգցի գետնին: Բայց ինչ-որ բան ահավոր տանջում է նրան, արագ գցում է սիգարետը ու բարձրանում վերև, բացում է դարակը ու նայում Չե Գևարա սիգարետի դատարկ տուփին, ահա թե ինչքանով է ինքը նման Չե Գևարային: Ուղեղի մեջ անիմաստ տեղը թատերական մենախոսություն է սկսում, որը ունկնդիր է ենթադրում, երբ սկսում է լսել Չե Գևարայի մասին երգը:
– Չե՛, ամերիկացիք քո անունով սիգարետ կհանեն, կծախեն, փող կաշխատեն, մենք էլ էշ-էշ կառնենք՝ ջուր լցնելով քեզ սպանողների ջրաղացը, որովհետև իրանք ուժեղ են, որովհետև մենք թիթիզ ենք, որովհետև ուզում ենք մնացածին դուր գանք, բայց չենք գալիս, ամեն դեպքում նենց չենք գալիս, ոնց դու, որովհետև քո մեջ կյանք կար, մեր մեջ՝ քեզնից մենակ սիգարետի ծուխ, մենակ քո նկարը, հիանալու ու բան չանելու դեբիլ զգացումը: Չե՛, մեզնից բան դուրս չի գա՝ ծխից բացի, մեզնից՝ բացի քեզնից: Քեզնից լիտրերով արյուն քամեցին, մենք խմեցինք: Մենք չեղանք, չեղանք էն, ինչ դու էիր սպասում, Չե՛:
– Դե դա լրիվ ուրիշ պատմություն է, – ժպտում է համակարգչի միջից Չեն:
– Հետաքրքի՞ր պատմություն է, – կարծես ինքը չի զարմանում, որ ահա այսքան խոսելուց հետո պատասխան ստացավ:
– Ինչպես բոլոր չստացված բաները:
– Այսինքն՝ հետաքրքի՞ր:
– Դե… նորից նույն պատմությունն է:
– Կրկնվող նկարի պատմությունը, – ենթադրեց ինքն իր ու Չեի երկխոսությունից:
– Թե ինչպես քեզ վիրավորեցին, պիտի խփեիր, չխփեցիր:
– Մանկապարտեզ, – քմծիծաղ տվեց ինքը:
Չեն ժպտաց ու կորավ:
Այդ օրերին ինքը միշտ արթնանում էր սրտխառնոցով ու գլխացավով, բայց ամեն անգամ մի ուրիշ, ավելի հարմար օրվա էր թողնում առավոտը միանգամից սոված փորին սուրճ չխմելու գիշերը շուտ քնելու ու քիչ ծխելու խոսոտումը: Եվ սպասման մեջ ձգվող մեռնելու վախն էլ այնքան սարսափելի չէր, քանի դեռ սուրճն առանց սպասեցնելու հայտնվում էր դիմացը, ու վարժ շարժումներով վառվում էր հերթական սիագերտը: Կիսաթմրած ոտքերը քարշ տվեց զուգարան, նայեց հայելու մեջ ու տեսավ մազածածկույթը այտերին ու ավելի ներքև: Կիսաթմրած ոտքերը քարշ տվեց զուգարան, նայեց հայելու մեջ ու տեսավ մազածածկույթը այտերին ու ավելի ներքև:
Երկար նայեց հայելուն, վերցրեց ածելին ու ինքն իր վրա դառը ծիծաղելով՝ համարյա շշուկով արտասանեց.
– Ստեղ Չե Գևարա… չկա:

Share Button

1 Կարծիք

  • Կոմս Էմմանուել՝ փետրավոր բերետը գլխին says:

    Չէ՞, Չե՛:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *