Սալման Ռուշդի | Ցենզուրայի մասին

Ոչ մի գրող իրականում չի ցանկանում խոսել գրաքննության մասին: Գրողը ցանկանում է խոսել արարումից, իսկ ցենզուրան հակա-արարում է, հակաէներգիա, որը գոյության հնարավորություն է ստանում անգոյությունից կամ, եթե օգտագործենք Թոմաս Շեփարդի մահվան մասին նկարագրությունը, «ներկայության բացակայությունից»: Գրաքննությունը ցանկությունների իրագործման խոչընդոտն է, իսկ գրողները մշտապես ցանկանում են խոսել իրենց անելիքներից և ոչ թե խոչընդոտներից: Ուզում են զրուցել հոնորարներից, շաղակրատել այլ գրողների և նրանց վճարվելիք հոնորարների մասին, բողոքել քննադատներից ու հրատարակիչներից, իրենց դժգոհությունը հայտնել քաղաքական գործիչներից, կիսվել, թե ինչ են սիրում կամ՝ որ գրողներին են համակրում, թե ինչ նշանակություն է ունեցել իրենց համար այս կամ այն պատմվածքը կամ նույնիսկ նախադասությունը և, ի վերջո, խոսել իրենց գաղափարների ու պատմությունների մասին: Կարճ ասած` խոսել ինչ-որ բան հենց իրենց մասին: Բրիտանացի կատակերգու Պոլ Ջենինքսը իր «Ռեզիստենցիալիզմ» (որը էկզիստենցիալիզմի պարոդիան է) հրաշալի էսսեում առաջարկում է աշխարհը բաժանել երկու կատեգորիայի` բան և ոչ մի բան` ակնարկելով այդ երկուսի միջև երբեք չդադարող պատերազմները: Եթե գրելը համարվում է Բան, ապա գրաքննությունը` Ոչ մի բան: Եվ, ինչպես Լիր Արքան է Կորդելիային ասում` «Ոչինչից ոչինչ է սերում», ապա պարոն Ջենինքսն էլ վերասրբագրելով Շեքսպիրին` կասեր` «Ոչ մի բանից ոչ մի բան չի ստեղծվում: Կրկին մտածեք»:
Ինքներդ դատեք՝ եթե դուք օդ եք ցանկանում, ապա՝ ահա, այն մեր շրջապատում է` առատ, ազատ օգտագործման և, եթե կարելի է այդպես ասել, լայնորեն շնչելի: Իհարկե, ես գիտեմ, որ այն իդեալական անարատ ու իդեալական մաքուր չէ, սակայն առկա է բավարար քանակությամբ և կհերիքի բոլորիս, անգամ` կարող ենք խնայել: Երբ շնչելի օդը տրամադրվում է այդքան ազատ ու նման քանակով, ավելորդ կլիներ պահանջել, որ այն մեզ մատակարարվեր ըստ մեր կարիքների բավարարման չափաբաժնի: Այն, ինչ դուք ունեք, կարող եք պարզապես ինքնակա գոյություն համարել և անտեսել: Աղմուկ բարձրացնելու կարիք չկա: Դուք շնչում եք ձեզ հասանելի ամենօրյա լայն օգտագործման, ազատ շնչելի օդը, այն պատկանելիություն չունի և, կարծում եմ` շատերի համար անհետաքրքիր խոսակցության նյութ է:
Այժմ պատկերացրեք, որ ինչ-որ տեղ գոյություն ունեն հսկայական ծորակներ, որոնցից հոսում է այն օդը, որ մենք ենք շնչում. տաք, սառը կամ գոլ օդը, որ հոսում է ինչ-որ երկնային հարիչից: Իսկ հիմա պատկերացրեք, որ այնտեղ` վերևում գտնվող մեզ անհայտ կամ գուցե և հայտնի Մեկը, ինչ-որ մի օր մեկը մյուսի ետևից սկսում է փակել ծորակներն ու անվճար, գոյություն ունեցող շնչելի օդը հետզհետե նվազում է: Եվ հանկարծ մի օր նկատում ենք, թե ինչ դժվարությամբ ենք շնչում` գուցե նույնիսկ փորձելով օդը որսալ բերանով: Այդ ժամանակ մեզանից շատերը կսկսեն բողոքել, մեղադրել օդի մատակարարումը պակասեցնելու համար և բարձրաձայն վիճել` պահանջելով ազատորեն հասանելի ու ընդհանուր օգտագործման օդի իրավունք: Պակասորդն, այս դեպքում, պահանջարկ կստեղծի:
Ազատությունը այն օդն է, որ շնչում ենք, և մենք ապրում ենք աշխարհի այն մասում, որտեղ այն, թեև իր անլիարժեք որակին, այնուամենայնիվ, ազատ օգտագործման է դրված. գոնե նրանց համար, ովքեր իրենց չեն դասում Մայամիի սևազգեստ բլուզավոր երիտասարդների թվին կամ չեն պատկանում կարմիր նահանգներում սեփական մարմնի համար ազատ ընտրության իրավունք ձեռք բերել ցանկացող կանանց խմբին: Գուցե այն կատարյալ ազատ ու կատարյալ շնչելի չէ, բայց քանի դեռ նրանում առկա է ազատությունը, մենք հարկ չենք համարի նրա մասին երգ ու պար հորինել: Մենք այն ընդունում ենք որպես մեր կյանքի բնականոն երևույթ և շարունակում օգտագործել, իսկ գիշերը քնելիս ենթադրում, որ վաղը նույնպես ազատ ենք լինելու, ինչպես որ ազատ էինք այսօր:
Ստեղծագործական գործընթացը ոչ միայն ազա­տություն է պահանջում, այլև ստանձնում է այդ ազատությունը: Եթե ստեղծագործող արվեստագետին անհանգստացնում է իր վաղվա ազատությունը, ուրեմն նա անազատ է նաև այսօր: Եթե նա կարկամում է իր կատարած սուբյեկտի ընտրության կամ վարմունքի մեջ, ապա նրա ընտրությունը կախված կլինի ոչ թե նրա տաղանդից, այլ վախից: Եթե մենք վստահ չենք մեր ազատության մեջ, ուրեմն մենք անազատ ենք:
Իսկ ամենավատն այն է, որ գրաքննությունը ներխուժելով արվեստ` դառնում է բովանդակություն, «գրաքննված արվեստ», և հենց այդ տեսքով ներկայանում աշխարհին: Գրաքննության որոշ պիտակներ` անբարոյական, սրբապիղծ, պոռնոգրաֆիա, վիճահարույց, նավաստիների ուսերին նստող ալբատրոսային անեծքի պես մշտապես ուղեկցում է գրաքննվող աշխատանքներին: Աշխատանքի վրա հարձակումը, իրականում, սահմանում տալուց ավելին է. որոշ իմաստով, լայն հասարակությանը այն հենց այդպես էլ ներկայանում է: «Լեդի Չաթըրլիի սիրեկանը» կամ «Խեցգետնի արևադարձը» գրքերի ամեն մի ընթերցողին և «Վերջին տանգոն Փարիզում» ու «Մեխանիկական նարինջ» ֆիլմերի յուրաքանչյուր դիտորդին ի հակակշիռ կլինեն տասը, հարյուր կամ հազարավոր մարդ, ովքեր լսել են ու «գիտեն» այդ գործերը որպես չափազանց դաժան, կամ չափազանց կեղտոտ, կամ էլ` երկուսը միատեղ:
Մեղքի ստանձնումը վերափոխվում է անմեղության կանխավարկածի: Ինչո՞ւ է հնդիկ մուսուլման արվեստագետը մերկ նկարում Հինդու աստվածուհուն. մի՞թե չէր կարող հարգել նրա համեստությունը: Ինչո՞ւ է ռուս գրողի հերոսը սիրահարվում մանկահասակ աղջկա. արդյոք հեղինակը չէ՞ր կարող անձնագրային թույլատրելի տարիք ընտրել: Ինչո՞ւ է անգլիացի դրամատուրգը սեռական բռնության տեսարան պատկերում սկիհական գուրդվարայում (տաճարում), մի՞թե հնարավոր չէր, որ նույն հարձակումը սուրբ հողի վրա չկատարվեր: Ինչո՞ւ են արվեստագետներն այսքան անհանգստություն պատճառող. մի՞թե չեն կարող մեզ միայն գեղեցկություն, բարոյականություն և, գրողը տանի, միայն լավ պատմություններ ներկայացնել: Ինչո՞ւ են արվեստագետները մտածում, որ մենք պետք է համակարծիք լինենք իրենց պահվածքի հետ: «Եվ բոլոր մարդիկ միաձայն ասեցին, նստի՛ր, նստի՛ր, դու ճոճում ես նավակը, և սատանան քեզ իր մոտ ներքև կտանի, իսկ այս ծանր հոգով դու դժվար թե լողալ կարողանաս, նստի՛ր, նստի՛ր, նստի՛ր գետնին, դու ճոճում ես նավակը»: Գրաքննության սուտը իր մեծ տպավորչության պատճառով, փաստացիորեն, փոխարինում է արվեստագետի ճշմարտությանը: Այն, ինչ գրաքննության սահմանների մեջ է, ենթադրվում է, որ հենց գրաքննության ձեռքբերումն է, իսկ ճոճվող նավակը` դատապարտելիության ոլորտից:
Եվ խոսքը միայն արվեստի ոլորտի մասին չէ. մերօրյա Չինաստանում արդարադատության նախա­րարությունը մեծ հաջողությամբ չինական հասարակության մեծ մասին համոզել էր, որ Տյանանմեն հրապարակի հերոսները իրականում չարագործներ էին, որոնք ազգը ոչնչացնելու նպատակներ են հետապնդել: Դա ցենզուրայի վերջնական հաղթանակն է. երբ նույնիսկ այն մարդիկ, ովքեր գիտեն, որ իրենց պարբերաբար ստում են, անկարող են պատկերացնել, թե ինչ է իրականում կատարվում:
Հաճախ մեծ ու արգելված գրքերը չեն ենթարկվում ցենզուրայի պատկերավորման պահանջներին և իրենց խոսքն են թելադրում աշխարհին, ինչպիսիք, օրինակ՝ «Ուլիսեսը», «Լոլիտան», «Հազար ու մի գիշերն» են: Հաճախ էլ գրաքննությանը ձեռնոց են նետում մեծ ու խիզախ արվեստագետները` ստեղծելով հրաշալի ընդհատակյա գրականություն` ինչպիսին, օրինակ՝ «Սամիզդադն» էր Խորհրդային Միությունում կամ բազմաթիվ ժամանակակից իրանական ու նաև չինական ֆիլմեր` ցենզուրայի դանակի շեղբից խուսանաված: Դուք նույնիսկ կհանդիպեք այնպիսի մարդկանց, ովքեր կփաստեն, որ ցենզուրան լավ բան է, քանի որ ձեռնոց է նետում արվեստագետի երևակայությանը: Դա նման է այն փաստարկին, որ մարդու ձեռքը կտրելով` նրան աջակցում եք գրել սովորել` գրիչը ատամներով բռնած: Գրաքննությունը վատ բան է արվեստի համար, սակայն առավել վատ` հենց արվեստագետների համար: Այ Վեյվեյնի աշխատանքները դիմակայում են, սակայն առավել բարդ է հենց իր` արվեստագետի կյանքը: Բանաստեղծ Օվիդիուսը Օգոստոս կայսերը անհաճո լինելու պատճառով վտարվել էր Սև ծով և ստիպված էր կյանքի մնացած մասը անցկացնել Թոմիս անվանմամբ մի քարանձավում, սակայն Օվիդիուսի պոեզիան դիմակայեց ու ապրեց հռոմեական կայսրությունը: Բանաստեղծ Մանդելշտամը մահացավ ստալինյան աշխատանքային ճամբարներից մեկում, սակայն Մանդելշտամի պոեզիան դիմակայեց Խորհրդային Միությունը: Բանաստեղծ Լորկան գնդակահարվեց Իսպանիայում գեներալիսիմուս Ֆրանկոյի կողմից, սակայն Լորկայի պոեզիան վերապրեց ֆաշիստական հասարակարգը: Եվ այսպիսով, կարող ենք եզրահանգել, որ հաճախ արվեստն առավել ուժեղ է, քան ցենզուրան, սակայն արվեստագետներն, այնուամենայնիվ, մնում են խոցելի:
Անցյալ շաբաթ Մեծ Բրիտանիայում անգլիական ՊԵՆ ակումբը բողոքի ձայն էր բարձրացրել, որ Լոնդոնի գրքի տոնավաճառին հրավիրվել էին միայն Չինաստան-պետության կողմից հաստատված պաշ­տո­- ­նական թևի գրողներ, այն դեպքում, երբ առնվազն նույն երկրում 35 գրող, որոնց թվում են Նոբելյան մրցանակի դափնեկիր Լյու Սյաոբոն և բանաստեղծ ու քաղաքական այլախոհ հայացքների տեր Ժյու Յուֆուն, ռեժիմի կողմից դատապարտված են անազատության և լռելյայն անտեսվում են: Միացյալ Նահանգներում ամեն տարի կրոնական ֆանատները փորձում են արգելել ամենատարբեր գրողների, ինչպիսիք՝ Կորտ Վոնեգուտն ու Ջեյ Քեյ Ռոլինգն են` նրանց սև մոգության և կախարդանքի հետևորդության մեջ մեղադրելով, էլ չասած խեղճ, Աստծուն գլխացավանք պատճառող Չարլզ Դարվինի մասին, որի դեմ չի դադարում «Խելամիտ նախագծի» (Intelligent Desig) կողմնակիցների արշավը: Մի անգամ ես գրել էի և մինչև այժմ էլ այդպես եմ կարծում, որ Միացյալ Նահանգների որոշ հատվածներում էվոլյուցիայի տեսության դեմ հարձակումները ինքնըստինքյան գնում են թեորիայի հերքման` ցուցադրելով, որ բնական ընտրությունը միշտ չէ, որ աշխատում է, կամ առնվազն ոչ Կանզաս նահանգում, ուր մարդ էակաները կարող են զարգանալ և հակառակ ուղղությամբ` ընդհուպ մինչև վերադարձ անցումային ձևերին:
Իսկ առավել լուրջ խնդիր է դառնում այն փաստը, որ օրեցօր ավելանում է «մի ճոճիր նավակը»-ի կողմնակիցների ընդունելությունը, որոնք ավելի ու ավելի են շրջանառում են այն գաղափարը, որ գրաքննությունը կարելի է և արդարացված երևույթ համարել, երբ որոշ հետաքրքրված խմբեր, սեռեր կամ դավանանքի կողմնակիցներ իրենց վիրավորված կհամարեն մի փոքր աշխատանքից: Մեծ արվեստը, կամ եկեք ավելի համեստ արտահայտվեմ, ինքնատիպ արվեստը երբեք անվտանգ միջավայրում չի ստեղծվում, այլ մշտապես` եզրագծին: Ինքնատիպությունը վտանգավոր երևույթ է. այն մարտահրավեր է նետում, հարցեր առաջացնում, գլխիվայր շուռ տալիս ենթադրությունները, հունից հանում բարոյական օրենքները, անհարգալից վերաբերվում սրբազան դեմքերին կամ նման այլ անձանց: Այն կարող է ցնցող կամ տգեղ լինել կամ` դեղին մամուլի կողմից այդքան սիրելի ամենաբովանդակ մի բառով` վիճահարույց: Եվ, եթե մենք հավատում ենք ազատությանը և եթե ցանկանում ենք, որ մեր շնչած օդը լինի անսպառ ու որակյալ, դա հենց այն արվեստն է, որի գոյատևման իրավունքը մենք ոչ միայն պետք է պաշտպանենք, այլև` փառաբանենք: Արվեստը ժամանց չէ: Իր լավագույն ձևի մեջ այն հեղափոխություն է:

Սալման Ռուշդի | Ցենզուրայի մասին

Անգլերենից թարգմանությունը՝ Հասմիկ Հակոբյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *