Ռեյ Բրեդբըրի | Օրիորդն ու մահը

Հեռու հեռվում, անտառներից այն կողմ, համարյա աշխարհի ծայրին ապրում էր Ծեր կինը, որ իննսուն տարի նույն տեղում էր ապրել. դռները պինդ կողպած, ու դուռը ոչ մեկի առաջ չէր բացում՝ քամի լիներ, անձրև, կտուրը կտցող ճնճղուկ, թե խեցգետիններով լիքը դույլը ձեռքին փոքրիկ տղա: Որ փորձեիր լուսամուտը թակել, ներսից կկանչեր.
– Գնա կորի՛ր, Մահ:
– Ես Մահը չեմ,- կփորձեիր ասել:
Բայց կբղավեր.
– Քեզ լավ գիտեմ, Մա՛հ: Էսօր աղջկա տեսք ես ընդունել, բայց կմախքդ պեպենների տակ չես պահի:
Կամ ուրիշ մեկը կթակեր:
– Քեզ տեսնում եմ, Մա՛հ,- կգոռար ներսից:- Մկրատ սրողի կերպարանք ես առել: Բայց դուռս երեք կողպեքով կողպել եմ ու երկու սողնակով փակել: Ճեղքերը թուղթ եմ խցկել, բանալու անցքերը զմռսել եմ, ծխնելույզը մուր է բռնած, պատուհաններս սարդոստայն է պատած, իսկ հոսանքն անջատել եմ, որ լարերով չփորձես սողոսկել: Հեռախոս էլ չունեմ, թե մութ գիշերով, լույսը չբացված ինձ բոթս հայտնես: Ու ականջներս բամբակ եմ խոթել, որ ասածիս պատասխանդ չիմանամ: Էնպես որ գնա կորիր, Մա՛հ:
Քաղաքն ինչ կար, միշտ այսպես էր եղել: Անտառներից անդին այս հեռու աշխարհում մարդիկ քննարկում էին նրան, ու փոքրիկ տղաները, չհավատալով, մեկ-մեկ կտուրի կղմինդրն էին բարձրացնում, որ լսեն, թե Ծեր կինը ո՛նց է գոռում.
– Գնաս բարո՛վ, ճեփ- ճերմակ երեսով սևազգեստ:
Ասում էին՝ Ծեր կինը այսպես է անում ու հավերժ կապրի: Մահը ո՞նց էր ներս մտնելու. չէր կարողանա: Նրա տան բոլոր հին-հին մանրէները վաղուց հանձնվել, վերացել էին: Բոլոր նոր մանրէները, որ նոր անուններով, շաբաթը կամ տասը օրը մեկ (եթե թերթերին հավատայինք) լցնում էին աշխարհը, բոլոր դռները պատած մամուռի, սատապի, ծխախոտի ու տզկանեփի արանքներից թափանցելու ճար չունեին:
– Դեռ բոլորիս մահը կտեսնի,- ասում էին հեռավոր կորած քաղաքի մարդիկ:
– Դեռ բոլորի մահը կտեսնեմ,- ասում էր Ծեր կինը՝ մութ սենյակում, ու հատուկ կույրերի համար սարքած խաղաքարտերով գուշակություն էր անում:
Միշտ այսպես էր եղել:
Տարիներն անցնում էին, ու ոչ մեկը, տղա թե աղջիկ, շրջմոլիկ թե ճամփորդ, նրա դուռն այլևս չէր թակում: Տարին երկու անգամ մթերք բերողը, ինքն էլ յոթանասունը բոլորած, դրսի աշխարհից փաթեթներ կբերեր՝ դեղին առյուծներ ու կարմիր սատանիկներ նկարած թիթեղյա փայլուն տուփեր, մեջ ինչ ասես՝ թռչնի կերից մինչև քաղցր բլիթներ, ու դռան առջևը՝ հնոտիքի կույտի մեջ թողնելով, կհեռանար: Մթերքն այդպես կմնար արևի տապին ու պաղ լուսնի տակ. մի շաբաթ՝ ճիշտ այնքան, որ մանրէները սատկեին: Հետո, մի առավոտ, կանհետանար:
Ծեր կնոջ գործը սպասելն էր: Այս մի բանը լավ էր անում. աչքերը փակ, ձեռքերը խաչած, լսում էր՝ ականջը ձայնի ու միշտ պատրաստ:
Դրա համար էլ չզարմացավ, երբ կյանքի իննսունմեկերորդ տարվա օգոստոսի յոթերորդ օրը արևկեզ դեմքով մի ջահել տղա, անտառից հայտնվելով, կանգնեց տան առաջ:
Հայտնվեց՝ ձմռան կտուրից շշուկով սահած ու քնած երկրին ծալ-ծալ փռված ձյան պես ճերմակ հագուստով: Ոտքով էր եկել, հեռվից, բայց տեսքը կոկիկ ու թարմ էր: Ձեռնափայտ չուներ, թե հենվեր, ու բոց արևից պաշտպանող գլխարկ էլ չուներ: Ոչ էլ քրտնած էր: Կարևորը՝ ձեռքին վառ կանաչ հեղուկով փոքրիկ շիշ ուներ: Աչքը հեղուկի կանաչից չկտրելով՝ զգաց, որ Ծեր կնոջ տանն է հասել ու հայացքը բարձրացրեց:
Դռանը չդիպավ: Տունը դանդաղ շրջանցեց ու զգալ տվեց, որ պտույտ է գալիս:
Հետո ծակող հայացքով զգալ տվեց, որ աչքերը չի կտրում:
– Օ՛հ,- բղավեց Ծեր կինը՝ զարթնելով, հացի փշուրը դեռ բերանին:- Դու՛ ես: Կերպարանքդ էս անգամ էլ գիտեմ:
– Կասե՞ս:
– Վարդի պես թարմ դեմքով ջահելի: Բա ո՞նց է, որ ստվեր չունես: Հը՞:
– Մարդիկ ստվերից վախենում են: Անտառից էն կողմ թողեցի:
– Տեսնում եմ: Առանց նայելու:
– Օ՜,- հիացմունքով նկատեց տղան,- Զորությո՞ւն ունես:
– Մեծ Զորություն: Որ քեզ ներս չթողնեմ: Ու որ ես մնամ ներսում:
Տղան պատասխանեց, համարյա թե շուրթերն առանց շարժելու.
– Չեմ էլ փորձի հետդ վիճել:
Բայց Ծեր կինը լսեց.
– Կպարտվեիր: Մեկ է՝ կպարտվեիր:
– Այնինչ հաղթել եմ ուզում: Դրա համար էլ շիշս ուղղակի շեմիդ կթողնեմ:
Լսեց, թե պատերից ներս սիրտը ո՛նց է բաբախում:
– Սպասի՛ր: Մեջն ի՞նչ է: Ի՛մ շեմն է, իրավունք ունեմ, որ իմանամ:
– Կասեմ,- պատասխանեց տղան:
– Դե ասա՛:
– Շշի միջինը,- ասաց,- քո տասնութ տարին բոլորած առաջին օրն է ու առաջին գիշերը:
– Ո՞նց, ո՞նց, ո՛նց…
– Լսեցիր:
– Տասնութ տարեկանիս առաջին գիշերը… օ՞րը…
– Չկասկածես:
– Շշի մե՞ջ:
Տղան շիշը վեր պարզեց. ջահել աղջկա մարմնի ձև ուներ: Աշխարհի լույսն առավ ու ջերմություն դարձրած, վագրի աչքերի կանաչ բոց դարձրած՝ ցոլք տվեց: Մերթ ջինջ էր, մերթ տղայի ձեռքում կարծես ցնցվեր ու փոթորկվեր:
– Քեզ չե՛մ հավատում,- բղավեց Ծեր կինը:
– Հիմա կթողնեմ ու կգնամ,- ասաց տղան:- Հենց հեռանամ, շշի կանաչ երազներից մի կում խմիր ու կիմանաս:
– Թու՛յն կլինի…
– Չէ:
– Մորդ անունո՛վ երդվիր:
– Ես մայր չունեմ:
– Բա ինչո՞վ ես երդվում:
– Իմ անունով:
– … ու կմեռնեմ: Ուզածդ էդ է, չէ՞:
– Չէ. որ մեռածներից հառնես:
– Ես մեռած չե՛մ:
Տղան նայեց տան կողմն ու ժպտաց:
– Ճի՞շտ,- ասաց:
– Սպասիր, թող ե՛ս հարցնեմ. դու մեռա՞ծ ես: Ինքդ մեռա՞ծ ես: Համարյա թե մեռա՞ծ ես, հենց սկզբից…
– Տասնութ տարեկանիդ օրն ու գիշերը,- ասաց տղան:- Լա՛վ մտածիր:
– Էնքա՜ն վաղուց էր…
Դագաղաչափ պատուհանի տակ ինչ-որ բան շարժվեց մկան պես:
– Սա կօգնի, որ հիշես:
Ու թողեց, որ արևն անմահական հեղուկը թափանցի, ու ամառվա խոտի բյուր կանաչ շեղբերից ճզմած քամուկը շողա: Ջերմ ու հանդարտ էր կանաչ արևի պես, վայրագ ու մոլեգին էր ծովի ալիքների պես:
– Կյանքիդ երջանիկ տարվա երջանիկ օրը:
– Երջանիկ օրը,- մրմնջաց Ծեր կինը՝ բոլորից թաքնված:
– Հիշարժան տարի էր: Կյանքդ համ ու հոտ ուներ: Մի կում արա ու բույրը կզգաս: Փորձի՛ր: Դե՛, դե՛…
Նա ձեռքը ձգեց, վեր պարզեց, ու շիշը հանկարծ խոշորացույց դարձավ, ու ո՛ր ծայրից նայեիր՝ մեջն անցած-գնացած տարվա հեռավոր մի օր կտեսնեիր: Դեղին ու կանաչ, ճիշտ այս կեսօրվա պես՝ ջահել ամուր ձեռքում ճաճանչող ապակու մեջ անցյալը պարզած: Շողշողուն շիշը մի փոքր թեքեց, ու միջից ճերմակ լուսեղեն թիթեռնիկ թռավ, սկսեց լուսամուտի փեղկերով վերուվար անել՝ ոնց որ դաշնամուրի ստեղներ սեղմելով, բայց անձայն: Լուսարձակ թևերը թովչանքով դիպան փեղկերին, ճեղքերին հպված մի շուրթ, մի քիթ, մի աչք բռնելու: Աչքն իսկույն ընկրկեց, բայց հետո, հետաքրքրասեր, լույսի ցոլքից էլի բռնկվեց: Տղան, արդեն ուզածը որսալով, ճառագայթ-թիթեռնիկն անշարժացրեց, միայն վառվռուն թևերի թրթռոցը թողեց, որ անցած-գնացած օրվա կանաչ կրակը ծերացած տան գոցած փեղկերից ներս լցվի ու ծերացած կնոջ ներսն էլ լցվի: Հառաչը լսեց՝ զսպված զարմանքը, թաքուն հրճվանքը:
– Չէ, չէ, ինձ խաբողը չե՛ս,- ձայնը խուլ էր, կարծես խոսողը խոր ջրի տակ՝ փորձեր ալարկոտ ալիքների մեջ չխեղդվել:- Դու, որ եկել ես նրա կերպարանքն առած: Ու դիմակ հագած, որ լավ չեմ տեսնում: Հին օրերից ինձ ծանոթ բաներ ես պատմում ուրիշի ձայնով: Ի՞նձ ինչ, թե ում ձայնն է: Քարտերս ասում են, թե ով ես ու ինչ ես փորձում ինձ ծախել:
– Ընդամենը ջահել կյանքիցդ մի օր:
– Չէ, ուրիշ բան ես ծախում:
– Էդ ուրիշ բանը ես եմ: Ինքս ինձ ո՞նց ծախեմ:
– Դուրս գամ թե չէ՝ կբռնես, խոր հողի տակ կթաղես: Քեզ ինչքա՜ն եմ խաբել ու մոտ չեմ թողել: Նոր դավեր նյութած՝ էլի եկել ես, բայց դավերդ չեն անցնի:
– Սիրու՛ն աղջիկ, հենց դուրս եկար՝ ձեռքդ կհամբուրեմ:
– Սիրուն աղջիկ չեմ: Գիտես:
– Գիտեմ, որ մի ժամ չանցած կարող ես դառնալ:
– Մի ժամ չանցած…- շշնջաց ինքն իրեն:
– Վերջին անգամ ե՞րբ ես անտառում զբոսնել:
– Անցած-գնացած բաներ են,- ասաց:- Վաղուց: Ի՞նչ հիշեմ:
– Սիրու՛ն աղջիկ,- ասաց տղան,- տե՛ս ինչ լավ օր է: Ոսկի մեղուները կանաչ վառ գորգին ի՜նչ նախշուն պար են բռնել: Կաղնու փչակից մեղրը ծորում է հուր գետի նման: Կոշիկդ հանիր, արի՛, բոբիկ ոտքերով թարմ խոտը մտիր: Վայրի ծաղիկները թիթեռնիկ դարձած՝ դաշտերն են լցվել: Ամռան ջահել օր է ու միշտ ջահել կմնա:
– Իսկ ես պառավ եմ ու միշտ պառավ կմնամ:
– Չես մնա, եթե ինձ լսես: Արի պայման կապենք, քեզ առաջարկ անեմ, պայմանագիր կնքենք քո, իմ ու օգոստոսյան էս ջերմ օրվա միջև:
– Ի՞նչ պայմանագիր, իմ շահը ո՞րն է:
– Էս պահից սկսած՝ ամառվա քսանչորս անուշ, երկար ժամ: Ծառերի տակ վազվզելուց, պտուղ քաղելուց, մեղրն ուտելուց հետո քաղաք կգնանք. քեզ համար ամենից սիրուն, սարդոստայնի պես նրբահյուս, ամառվա ճերմակ շոր կառնեմ, ու գնացք կնստենք:
– Գնա՞ցք…
– Գնացք, որ մի ժամում մեզ մեծ քաղաքը հասցնի: Որ ընթրենք միասին ու պարենք մինչև լույս: Չորս զույգ կոշիկ կառնեմ, որ պարելուց մաշես, դեն գցես ու նորը հագնես:
– Ոսկորներս… Հազիվ եմ շարժվում:
– Քայլդ վազք կդառնա, վազքդ պար կդառնա: Միասին կնայենք երկնքում դարձող աստղերին ու բոց արշալույսը կդիմավորենք: Հետո լուսաբացին մեր ոտնահետքերը կթողնենք լճի շուրջ: Աշխարհի ամենաճոխ նախաճաշը կանենք ու կպառկենք ջերմ ավազին՝ տաքանալու: Հետո երեկոյան կողմ, քանի գնացքը մեզ հետ տանի, քաղցրեղենի մի մեծ տուփ ծնկներիս, կծիծաղենք՝ վրաներս, ասես հարսանիքին, կապույտ, կանաչ ու նարնջի գույնզգույն տոմսակներ շաղ տալով: Հետո մեր փոքրիկ քաղաքով կքայլենք, բայց ոչինչ չենք տեսնի, ոչ մեկի չենք տեսնի… ձեռք-ձեռքի կզբոսնենք անուշ մթնշաղ պարուրած անտառով ու տուն կհասնենք…
Լռություն:
– Վերջացավ,- մրմնջաց Ծեր կինը:- Չսկսված վերջացավ…
Հետո.
– Քո ինչի՞ն է պետք: Քո՞ շահը որն է:
Ջահելը քնքուշ ժպտաց.
– Կողքիդ պառկել եմ ուզում, սիրու՛ն աղջիկ: Քեզ սիրել եմ ուզում:
Հառաչ լսվեց:
– Կյանքումս ոչ մեկի հետ դեռ քնած չկամ:
– Ուզում ես ասել… օրիո՞րդ ես:
– Ու դրանով հպա՛րտ:
Տղան հոգոց հանեց ու գլուխն օրորեց:
– Ուրեմն ճիշտ որ օրիորդ ես, ճիշտ որ կույս ես:
Ներսից ձայն չեկավ: Շարունակեց լսել:
Կամացուկ, կարծես ինչ-որ տեղ դժվարությամբ մի թաքնված ծորակ բացեին ու կես դարի մեջ առաջին անգամ փորձեին մաշված համակարգը կաթիլ-կաթիլ, քիչ-քիչ բանեցնել, պառավը սկսեց լալ:
– Ինչու՞ ես լալիս, Ծեր կի՛ն:
– Չգիտեմ,- ողբաց նա:
Ողբը կամաց դադարեց, ու տղան լսեց, ոնց է ճոճաթոռին օրորվում, որ մանկան պես ինքն իրեն սփոփի:
– Ծեր կի՛ն,- կանչեց շշուկով:
– Էդ անունը չտա՛ս:
– Լավ,- ասաց:- Քլարի՛նդա:
– Ո՞նց իմացար: Անունս ոչ ոք չգիտի:
– Ասա՛, Քլարինդա, մի օր, շատ վաղուց, ինչու՞ ուզեցիր թաքնվել:
– Չեմ հիշում… Չէ, հիշում եմ: Վախից:
– Վախի՞ց…
– Չեմ հասկանում: Կյանքիս մի կեսը կյանքից էի վախեցած: Հետո մահից էի վախեցած: Շարունակ մի բանից վախեցած էի: Դե ասա՛, ինձ ճի՛շտն ասա, հետո, որ քսանչորս ժամն անցնի, որ լճի մոտ զբոսնենք ու գնացք նստենք ու անտառով հասնենք տուն, դու կուզես…
Տղան սպասեց, որ ասի:
– Ինձ հետ… քնե՞լ,- շշնջաց:
– Բյուր միլիոն տարիներ,- ասաց տղան:
– Օ՜հ,- ձայնը հազիվ էր գալիս:- Էդքան երկար…
Տղան գլխով արեց:
– Էդքան երկար,- կրկնեց Ծեր կինը:- Պայմանները հավասար չեն, երիտասա՛րդ: Դու իմ տասնութ տարեկանից մի օր ես տալիս, ես, փոխարենը, իմ թանկ ժամանակից բյուր միլիոն տարիներ:
– Միայն քոնից չէ, իմից էլ,- պատասխանեց:- Մի՛ մոռացիր, հետդ եմ մնալու:
– Կողքիս պառկա՞ծ:
– Անբաժան:
– Ա՜հ, ջահե՛լ տղա, ջահե՛լ տղա: Ձայնդ ի՜նչ ծանոթ է:
– Նայիր:
Տեսավ, որ բանալու անցքը բացվեց, ու միջից աչքը հառեց վրան: Տեսավ ու ժպտաց դաշտերի ոսկի ծաղիկներին, ու ժպտաց երկնքի ոսկեգհուր ծաղկին:
– Կույր եմ, աչքերս հազիվ են տեսնում,- բղավեց Ծեր կինը:- Բայց հո Վիլլի Վինչեստրը չե՞ս կարող լինել:
Տղան ձայն չհանեց:
– Վի՛լլի, ախր տեսքից քսանմեկ տարեկան ես: Յոթանասուն տարվա մեջ իսկի չե՛ս փոխվել:
Տղան շիշը թողեց դռան տակ, ինքը խոտերը մտավ ու հեռվում կանգնեց:
– Կլինի՞…- կմկմաց Ծեր կինը:- Կլինի՞, որ ես էլ քեզ պես դառնամ:
Նա գլխով արեց:
– Ա՜խ, Վի՛լլի, Վի՛լլի, չլինի՞ դու ես:- Ու սպասեց՝ աչքն ամռանն ու արևով ողողված նրա ջահել, անհոգ, երջանիկ դեմքին:
Մի րոպե անցավ:
– Հը, ի՞նչ կասես,- հարցրեց տղան:
– Սպասի՛ր,- բղավեց:- Թո՛ղ մտածեմ:
Ու տղան զգաց, որ ներսում նստած՝ հուշերն ավազի պես մաղում է, գլխով անցկացնում ու կույտ-կույտ անում՝ ավազի ու փոշու կույտեր: Լսեց, որ սին հուշերը թափվում են ու թափվում, ու ավազի դեզերը մեծանում, քիչ է մնում՝ գլուխը ճեղքեն:
Ի՜նչ անապատ է, մտածեց, առանց մի ծաղկած կղզյակի:
Նրա այս մտքից Ծեր կինը ցնցվեց:
– Հը, ի՞նչ կասես,- կրկնեց տղան:
Վերջապես Ծեր կինը պատասխան տվեց:
– Զարմանալի է,- մրմնջաց:- Չգիտես ինչու՝ հանկարծ բյուր միլիոն տարիների դիմաց քսանչորս ժամը, մեկ օրը արդար, ազնիվ ու արժանի հատուցում է թվում:
– Իրոք, Քլարինդա,- պատասխանեց,- իրո՛ք:
Սողնակները խզզացին, կողպեքները շխկացին ու դուռը ճռռաց: Ձեռքը երկարեց, շիշը ճանկեց ու նորից կորավ:
Մի րոպե անցավ:
Հետո կարծես կրակոց ճայթեր. սենյակից սենյակ ոտքեր վազեցին: Հետնադուռը շխկալով բացվեց: Վերին հարկի պատուհաններից փեղկերը պոկված՝ փշրված թափվեցին խոտին: Մի վայրկյան չանցած՝ նույնը ցածում կատարվեց: Ծեր կինը փեղկերը բացում էր, ու դրանք փլվում՝ փոշի էին դառնում: Պատուհանները փոշի էին հազում:
Վերջապես մուտքի դուռը կրնկի վրա բացվեց, ու դատարկ շիշը, օդով սահելով՝ դիպավ քարին ու փշրվեց:
Թռչնի պես արագ, Ծեր կինը շեմին հայտնվեց: Արևը ողողեց նրան: Մի կտրուկ շարժումով մթից հայտնված՝ կանգնել էր, ասես բեմին: Հետո աստիճաններով վազեց ու ձեռքը պարզեց, որ տղայի ձեռքը բռնի:
Տան մոտով անցնող փոքրիկ երեխան տեղում քարացավ, հետո աչքերը լայն բացած՝ հետ-հետ գնաց ու կորավ:
– Ինչո՞ւ էր էդպես նայում,- հարցրեց Ծեր կինը:- Իսկապես սիրո՞ւ ն եմ:
– Աննման:
– Հայելի կտա՞ս:
– Չէ: Հայելին ինչի՞դ է:
– Հիմա բոլորը կտեսնե՞ն, որ սիրուն եմ: Ինձ չի թվում, չէ՞: Ինձ չես խաբում, չէ՞:
– Գեղեցկությունը հենց էն է, ինչ զգում ես:
– Ուրեմն գեղեցիկ եմ, որովհետև գեղեցիկ եմ զգում: Հիմա բոլորը հետս կպարե՞ն, ջահելները հերթի կկանգնե՞ն:
– Բոլորը մեկի պես:
Ճամփի կեսին Ծեր կինը հանկարծ կանգ առավ, չորս կողմը՝ մեղուների բզզոց ու տերևների շրշյուն, ու նայեց երեսին, որ ամռան արևին էր նման.
– Ասա՛, Վիլլի, իմ լավ Վիլլի, որ ամեն ինչ վերջանա ու հետ գանք, ինձ հետ լավ կվարվես, չէ՞:
Ջահելն ուղիղ աչքերին նայեց ու մատներով երեսը շոյեց:
– Հա,- ասաց քնքշորեն,- շատ լավ կվարվեմ:
– Հավատում եմ,- պատասխանեց:- Ախ, Վիլլի, ո՜նց եմ հավատում:
Հետո արահետով վազեցին ու կորան՝ փոշու ամպ թողած, ու հին տան մուտքի դուռը կրնկի վրա բաց թողած, ու պատուհանները անփեղկ թողած, որ արևի լույսը ներս մտնի՝ բույն հյուսելու ու ձագեր մեծացնելու եկած թռչունների հետ, որ ամռան ծաղկաթերթերը հարսի շղարշ դառած, գորգ դառած փռվեն հատակին, սենյակները լցվեն ու ծածկեն դատարկ-բայց-սպասող անկողինը: Իսկ ամռան զովը նոր շունչ բերեց տուն ու ամեն անկյուն նոր բույրով լցրեց՝ Սկզբի կամ Սկզբին հաջորդած առաջին ժամի բույրով, երբ աշխարհը մանուկ էր, երբ ոչինչ երբեք չպիտի փոխվեր, ու ոչ ոք երբեք չպիտի ծերանար:
Ինչ-որ տեղ, սրտի թփթփոց հիշեցնող արագությամբ, նապաստակներ վազեցին անտառում:
Հեռվում գնացքը սուլեց ու արագ, արագ, արագ քաղաքի կողմը սլացավ:

Թարգմանությունը անգլերենից՝ Նունե Թորոսյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *