ԽՈՍԵ ՕՐՏԵԳԱ ԳԱՍԵՏ | Նոր ախտանիշներ

ԽՈՍԵ ՕՐՏԵԳԱ ԳԱՍԵՏԻնչպես Գյոթեի, այնպես էլ Նիցշեի համար,
կենսական ներունակ արժեքների հայտնագործումը հանճարեղ կանխագուշակում էր, որը կանխել էր ապագայի արտակարգ իրադարձությունը, նշանավորելով մի ամբողջ դարաշրջան, զգայականության նոր տեսակ, որը հայտնագործվել է այդ արժեքների հետ մի անժամանակ Երկու հանճարեղ մարգարեների կողմից կռահված ու ավետված դարաշրջանը՝ մեր դարաշրջանը, ՍԿՍՎեՑ։
Արևմտյան քաղաքակրթության ապրած խորը ճգնաժամը սքողելու բոլոր ջանքերը անարդյունք կմնան։ Ախտանիշները չափազանց ակնհայտ են, և նա, ով բոլորից համառորեն է ժխտում դրանք, մշտապես զգում է դրանք իր սրտում: Կամաց-կամաց հասարակության լայն շերտերում տարածվում է մի տարօրինակ երևույթ, որը կարելի է կոչել կենսական ապակողմնորոշում:
Մենք պահպանում ենք մեր կողմնորոշումն այնքան ժամանակ, քանի դեռ լրիվ պարզ է, թե որտեղ է գտնվում հյուսիսը, և որտեղ՝ հարավը, այն ծայրակետային նիշերը, որոնք մեր գործողությունների ու շարժումների համար ծառայում են որպես հաշվարկման սկզբնակետ: Քանի որ կյանքը, ըստ էության, հենց շարժում ու գործողություն է, հետևաբար հետապնդվող նպատակները կենդանի էակի անբաժանելի մասն են։ Հույսի, հավատի, պաշտամունքի ու աստվածացման առարկաները միահյուսված են մեր անձին, մեր իսկ կենսական ներունակության գործունեության շնորհիվ, և առաջացնում են որոշակի կենսաբանական թաղանթ, որը անքակտելիորեն միահյուսված է մեր մարմնին ու մեր հոգուն: Մեր կյանքը մեր շրջապատի ֆունկցիան է, և այն իր հերթին կախում ունի մեր զգայականությունից։ Կենդանի էակի զարգացման հետ փոփոխվում է նաև շրջապատը, և որ ամենակարևորն է, փոփոխվում է մեզ շրջապատող իրերի հեռանկարը:
Մի պահ պատկերացրեք այսպիսի տեղաշարժ, այն վեհ նպատակները, որոնք երեկ մեր կենսատարածքին հստակ ճարտարակերտություն էին հաղորդում, կորցրել են իրենց հստակությունը, հրապուրանքը, ուժն ու իշխանությունը մեզ վրա, սակայն այն, ինչ կոչված է դրանց փոխարինելու, չի հասել ակնհայտության և անհրաժեշտ վստահելիության։ Նման դարաշրջանում մեզ շրջապատող տարածությունը թվում է մասնատված, խախուտ, անհատի շուրջ ալեկոծվող, և անհատի քայլերը նույնպես դառնում են անվստահ, քանզի սասանվել ու հողմահարվել են ուղենիշերը։ Եվ ուղին ինքը կարծես սպրդում է ոտքի տակից՝ ձեռք բերելով երերուն անորոշություն:
Ահա այսպիսի իրադարձության մեջ է հայտնվել եվրոպական գոյությունը։ Արժեքների այն համակարգը, որը դեռ մի երեսուն տարի առաջ կազմակերպում էր մարդկային գործունեությունը, կորցրել է իր ակնհայտությունը, ձգողականությունն ու անպայմանականությունը։
Արևմտյան մարդը հիվանդացել է սուր արտահայտված ապակողմնորոշումով, չիմանալով այլևս, թե որ աստվածներին երկրպագի։
Ավելի ստույգ, դեռ երեսուն տարի առաջ Եվրոպայում հասարակության վիթխարի մասը ապրում էր մշակույթի համար։ Գիտությունը, արվեստը իրավամբ թվում էին ինքնաբավ մեծություններ, ամբողջությամբ դրանց նվիրված կյանքը խղճի ներքին դատաստանի առաջ մնում էր անսասան։ Իհարկե, որոշ անհատներ կարող էին դավաճանել դրանց և դիմել ուրիշ, ավելի կասկածելի ձեռնարկումների, բայց նույն ժամանակ գերազանց գիտակցելով, որ տրվում են անկաշկանդ քմահաճույքի, որից ավելի խորը, որպես անխորտակելի հենարան, գտնվում է մշակույթը, արդարացնելով նրանց գոյությունը։ Ցանկացած ժամանակ կարելի էր վերադառնալ գոյության հուսալի ու կանոնակարգված ձևերին։ Այդպես եվրոպական քրիստոնեության դարաշրջանում մեղսավորը իր անարժան գոյությունը ընկալում էր որպես հոգու գաղտնարաններում ապրող՝ աստվածային օրենքի ստորջրյա քարերի վրայով քշվող տաշեղ։
… Եվ ի՞նչ։ Մի՞թե մենք դադարել ենք հավատալ այդ վեհ նպատակներին։ Մի՞թե մեզ այլևս չեն գրավում ոչ իրավունքը, ոչ գիտությունը, ոչ արվեստը։
Պատասխանելու համար երկար մտածել պետք չէ: Ո՛չ, մենք առաջվա նման հավատում ենք, միայն թե այլ կերպ և կարծես թե ուրիշ հեռավորությունից։ Հնարավոր է, որ նոր աշխարհազգացողության պատկերը ավելի պարզ կդառնա նոր արվեստի օրինակով։ Զարմանալի համերաշխությամբ բոլոր երկրների նորագույն սերունդը ստեղծում է մի արվեստ՝ երաժշտություն, կերպարվեստ, պոեզիա, որը դուրս է գալիս ավագ սերնդի հասանելիության սահմաններից։ Մշակութապես հասուն մարդիկ, անգամ ամենավճռական կերպով բարյացակամորեն տրամադրվելով այդ երևույթի հանդեպ այդպես էլ չեն կարողանում ընդունել նոր արվեստը այն պարզագույն պատճառով, որ չեն հասկանում այն: Ոչ թե այն հնի համեմատ թվում է լավ կամ վատ, ո՛չ, ուղղակի այն արվեստի տպավորություն անգամ չի թողնում, և նրանք սկսում են ամենայն լրջությամբ կասկածել, որ բանը մի վիթխարի ֆարսի մեջ է, որին դիտավորյալ խրախուսողների ցանցը տարածվել է ամբողջ Եվրոպայում և Արմերիկայում:

Այնքան էլ դժվար չէ բացատրել սերունդների այդ անխուսափելի պառակտումը։ Գեղարվեստի զարգացման նախկին փուլերում ոճի փոփոխությունները, ինչքան էլ խորը լինեին դրանք (հիշենք ռոմանտիզմի ճնշմամբ նեոկլասիցիստական ճաշակի խորտակումը), միշտ սահմանափակվում էին նոր էսթետիկական առարկաների ընտրությամբ: Գեղեցիկի նախընտրելի ձևերը անընդհատ փոխվում էին։ Արվեստի առարկայի այդ մշտական փոփոխությունների մեջ անփոփոխ էին մնում ստեղծողի դիրքորոշումը և նրա ու արվեստի միջև ընկած տարածությունը։ Իր կյանքն այսօր սկսող սերնդի համար այդ տրանսֆորմացիան ռադիկալ է։ Երիտասարդ արվեստը ավանդականից տարբերվում է ոչ այնքան առարկայորեն, որքան նրանով, որ փոխվել է արվեստի նկատմամբ անհատի վերաբերմունքը։ Նոր ոճի հիմնական հայտանիշը, որը նշմարվում է նրա բազմազան դրսևորումներում, դա այն է, որ արվեստը դուրս է եկել կենսական ,լրջությանե ոլորտից, և այն դադարել է կենսական ձգողության կենտրոն լինելուց։ Այն կիսակրոնական, վեհ ու զգայացունց բնույթը, որն ուներ գեղագիտական հաճույքը մի երկու դար առաջ, ամբողջապես հողմահարվել է։ Նոր մարդկանց զգայականության համար արվեստը դառնում է փարիսեցիություն, ոչ արվեստ, այն պահից, երբ սկսում են այն լրջորեն ընդունել։ Լուրջ է լոկ այն ոլորտը, որով անցնում է մեր գոյության առանցքը։ Այսպիսով, արվեստը չի կարող տանել իր ուսերին մեր կյանքի բեռը։ Ջանալով իրականացնել դա՝ այն կործանվում է՝ կորցնելով իրեն այնքան անհրաժեշտ նրբագեղ թեթևությունը։ Եթե դրա փոխարեն մեր գեղագիտական հետաքրքրությունները փոխադրենք կենսանան առանցքակետից դեպի ծայրամաս , եթե արվեստին ծանրակշռորեն ապավինելու, փոխարեն ընդունենք այն, ինչպես որ կա իրականում՝ որպես զվարճալիք, խաղ, ապա արվեստի ստեղծագործությունը կրկին վերագտնում է իր դյութիչ հմայքը։ Ծերերի համար նոր արվեստում լրջության պակասը արատ է, մոլորություն, որ ընդունակ է ամեն ինչ կործանել, իսկ երիտասարդների համար լրջությանը այդ պակասը գերագույն արժեք է, և նրանք մտադիր են տրվելու այգ մոլորությանը միանգամայն գիտակցորեն և ողջ վճռականությամբ։
Արվեստի հանդեպ գեղարվեստական գիրքորոշման այսպիսի կտրուկ շրջադար ձը հայտանաբերում է արդի կենսազգացողության կարևորագույն գծերից մեկը, այն, ինչ ես դեռ վաղուց որակել եմ որպես կյանքի տոնական և սպորտային զգացողություն։ Մշակութային պրոգրեսիզմը մեր վերջին երկու դարերի կրոնն է, որը ակամա, արդյունքների տեսանկյունից է գնահատում մարդկային ողջ գործունեությունը։ Հարկադրական ճիգը, որը անհրաժեշտ է այդ արդյունքին հասնելու համար, աշխատանքային գործունեությունն է՝ աշխատանքը։ Պատահական չէ, որ 19-րդ դարն այն աստվածացրել էր։ Սակայն մենք չպետք է մոռանանք, որ այդ աշխատանքն իրենից ներկայացնում է անդեմ, ներքին իմաստից զուրկ ուժերի լարում, որը կա– րևորվում է միայն այն պահանջմունքների տեսակետից, որոնց ծառայում է, որպես այդպիսին այն միատարր է և հետևաբար ենթակա է միայն քանակական և ժամանակային չափման։ Աշխատանքին հակադրվում է ուժերի լարման մի ուրիշ տեսակ, որը ծնվում է ոչ թե պարտքից դրդրված, այլ որպես կենսական ներունակության ազատ ու շռայլ պոռթկում՝ սպորտը։
Եթե աշխատանքային ճիգը իմաստ ու արժեք է ստանում արգասիքի արժեքավորությունից, ապա սպորտում հակառակն է, ճիգի ինքնաբերությունն է արժեքավորում արդյունքը։ Այստեղ առատ եռանդը բուռ-բուռ շռայլվում է առանց պարգևի ակնկալիքի։ Այդ իսկ պատճառով սպորտային ճիգի արժանիքները ավելի վեհ են ու ազնիվ, այն չի լինի հաշվարկել չափի ու կշռի միավորներով, որպես աշխատանքի դիմաց նորմալ վարձատրություն։ Իսկական արժեք ունեցող ստեղծագործություն կարելի է ստեղծել միմիայն այդպիսի տնտեսական ճիգ գործադրելու շնորհիվ, գիտական և գեղարվեստական ստեղծագործությունը, քաղաքական ու բարոյական հերոսությունը, կրոնական սրբակեցությունը, սպորտային հափշտակվածության վեհ պտուղներն են։ Սակայն պետք է հիշել, որ դրան հնարավոր չէ հասնել նախօրոք նախանշված ուղիով։ Անհնար է ինքդ քո առաջ խնդիր դնելով որևէ ֆիզիկական օրենք հայտնագործես, այն կարելի է հայտնաբերել որպես անսպասելի ընծա, որը թաքուն սպասում է բնության ոգեշնչված ու անշահախնդիր հետազո–տողին։ Կյանքը, որն առավել հետաքրքրություն ու արժեքներ է տեսնում իր սեփական խաղի մեջ, քան թե մշակույթի հեղինակավոր նպատակներում, իր բոլոր ջան֊քերը կօժտի սպորտին հատուկ, ուրախ, անբռնազբոս և մասամբ հանդուգն նկարագրով։ Վերջապես կխամրի աշխատանքի թթված դեմքը, որը մարդու պարտականությունների ու մշակույթի սրբազան աշխատանքի մասին բարբաջանքներով փորձում է իր համար արդարացում հորինել։
Կստեղծվեն փայլուն ստեղծագործություններ, կստեղծվեն, ասես կատակով առանց բազմանշանակ ավելորդաբանությունների, բանաստեղծը կտիրապետի իր արվեստին այնպես, ինչպես լավ ֆուտբոլիստը տիրապետում է գնդակին։
19-րդ դարի վրա, նրա սկզբից մինչև վերջը, իր դաժան դրոշմն է թողել ծանր աշխատանքային օրվա պատկերը։ և ահա այսօր երիտասարդները կարծես մտադիր են մեր կյանքին ոչնչով չարատավորված տոնի փայլ հաղորդել։
… Մշակութային արժեքները չեն կործանվել, այլ պարզապես ուրիշ են դարձել՝ ձեռք բերելով նոր կարգավիճակ։ Ցանկացած հեռանկարում նոր տարրի հայտնվելը առաջ է բերում մնացած բոլոր տարրերի՝ հիերարխիայում ունեցած տեղերի վերադասավորում։ Նույն կերպ արժեքների ինքնաբեր (սպոնտան) համակարգում, որն իր հետ բերում է նոր մարդը, որից հենց բաղկացած է այդ մարդը, ի հայտ է եկել նոր, արժեք՝ վիտալ արժեքը, և հենց ներկա լինելու իր պարզ փաստով այն սկսում է դուրս մղել մնացյալը։

Ռուսերենից թարգմանեց՝ Հենրիկ Խաչատրյանը

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *