ԼԵՌ ԿԱՄՍԱՐ | Մեր գրական երկնակամարը

Լեռ Կամսար

Եթե ընդունված է մամուլը կոչել յոթներորդ երկինք, ապա շատ բնական պիտի թվա, եթե համառոտակի թվեմ այն աստղերը, որոնք այսօր լույս կուտան մեր խավար աշխարհին: Մինչև այժմս երկնքին ուղղված հեռադիտակները երևան են բերել հետևյալ լուսատուները:
ԵՂԻԱ ՉՈԻԲԱՐ. – Բևեռային միակ եռանդուն աստղը: Լույս կուտա ու կղեկավարե մնացյալ աստղերու շարժումները: Խմբագիր բոլոր լույս տեսած ու տեսնելիք թերթերու: Այս աստղը մինչև վերջերս հավատացած էին, որ խմբագրության աթոռին մեխված հաստատուն աստղ մըն է, բայց Կեպլերը հերքեց, ցույց տալով, որ շարունակ Ցեկայի սանդուղքներեն կելնե վեր՝ կիջնա վար… Այս երևույթը պատճառ է դարձեր հին իսրայելացոց պաշտամունք տածել դեպի ինքը՝ որպես Մովսեսի, որը շարունակ Սինա կբարձրանա պատգամ բերելու:
Գ. ԲԱՐՍԵՂՅԱՆ. – Միակ անշարժ աստղը, որը կանոնավոր՝ շաբաթը մեկ անգամ շրջան կընե դաշնակցության շուրջը ու նորեն կվերադառնա իր հին տեղը: ՏԻԳՐԱՆ ՀԱԽՈՒՄՅԱՆ. – Եթերային մոլորակ մըն է ասիկա, որ երկար օրբիտով կշրջի բանաստեղծներու ու դերասաններու շուրջը: Ունի երկու արբանյակներ՝ Տիմուս և Հ. Նար…
Ա. ԿԱՐԻՆՅԱՆ. – Ամենախոշոր գիսավորը մեր գրական երկնակամարին: Ամիսը մեկ անգամ կը ցոլա Երևանեն-Մոսկվա, իր լուսավոր պոչին մեջ առնելով Ալեքսանդրապոլն ու Թիֆլիսը: Ճամփին այնքան շլացուցիչ լույս կուտա, որ Ալեքսանդրապոլին մեջ կխտղտեցնե Գ. Մահարիին աչքերը: Ամեն ցոլալուն՝ ետևը բան մը կթողու: Իր վերջին ցոլքին կը պարտինք «Պայքարը» (կարծեմ շիթաքար ըլլալու է):
Պ. ՄԱԿԻՆՑՅԱՆ. – Դեռ չի գտնված այն առանցքը, որու շուրջը կդառնա սա մոլորակը: Աստղաբաշխներու կարծիքով օրը քսանչորս ժամ իր առանցքին շուրջը կդառնա, 5 տարին անգամ մը՝ հայ գրականության շուրջ: Իսկ Կ.Պոլսեն բնավ չի դառնար: Իր լույսը մեզ կհասնի 15 տարիեն…
ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ. – Այս լուսավորը ինքզինքը հաստատեր է երկնքին այն տեղը, ուր, գիտնականներու կարծիքով, ստեղծված պիտի ըլլար գրական արևը: Որպես աստղ՝ մեծ է, որպես արև՝ պզտիկ՝ թեև շատ մը հայ բանաստեղծներ անկե լույս կառնեն: Լուսավորության կողմե՝ վնաս չունի, բայց ջերմությունը սակավ է: Այդ պատճառով ալ, չնայած որ 5 տարիե ի վեր ծագեր է մեր գրականության երկնակամարին մեջ, սակայն դեռ գարուն չի գար ու ծառերը կմնան չբացված:
ԱՍՔԱՆԱԶ ՄՌԱՎՅԱՆ. – Խմբագրության համաստեղության երկրորդ մնայուն աստղը: Լուսժողկոմ: Մինչև ժամը երեք դպրոցներ կը լուսավորե, անկե վերջ լուսավորության «տոկը» թերթին կմիացնե:
ԱԶԱՏ ՎՇՏՈՒՆԻ. – Ասիկա աստղ չէ, այլ փոքրիկ համաստեղություն մը, Աբովյան նո. 10-ին վերի հարկը պլպլացող: Ինքը կենտրոնական աստղն է այդ համաստեղության և շուրջն ունի շատ մանր լուսատուներ, որոնց լույսերը եթե առտվանց շուտ ճամփա ելնեն՝ 25 տարիեն հազիվ մեզ հասնին… Թեև Երևանի տուներու դուռներուն վառվող լամպերեն անհամեմատ ավելի լույս կուտան: Կլուսավորեն «Մուրճ» ամսագիրը:
Ս. ՇԱԴՈՒՆՑ. – Այս լուսատուն թեև կեցեր է «Խորհրդային Հայաստանին» մեջ, բայց իր ոտքին տակ չի լուսավորեր: Իր լույսը կարձակե Բաքվի «Կոմունիստին»:
ԱՐՄԵՆՏԱ. – Ասիկա ալ իր մանր լուրերով երկնքի «Հարդագողի ճամփան» կներկայացնե: Լեռ Կամսար 1923թ.

Ալազանի «Շաբաթը» Բաքվի մեջ

Ինչպես ձեզ հայտնի է՝ տպարանի բանվոր Ալազանը լույս ընծայեց «Աշխատանքային» անունով հավաքածու մը: Այս աշխատության առթիվ Աբովը, որպես ավագ բանաստեղծ, բարեկամաբար նկատեց՝ թե չի կարելի երկնային միթինկին մեջ արևին «բազմած» խոսեցնել. բազմելը բիբլիական ոճ է, պետք է արևը ոտքի կեցած խոսի, մի ձեռքն ալ գրպան դրած: Հետո. վերահաս վտանգե մը ազատելու համար, կը հորդորե Ալազանն իր ոտանավորներու մեջ բնավ չկախվիլ օդանավի վիզեն, այլ վեր կենալ մարդավարի նստել մեջն ու քշել: Բան մը, որ ես ալ համաձայն եմ Աբովին հետ, այդ այն է, որ բանաստեղծ Ալազանը շատ հակամետ է հեծնելուն: Ալ չի նայեր դիմացին ամպ է, թե նժույգ, սեպտեմբե՞ր, թե՞ հոկտեմբեր. անմիջապես «կը թամբե» ու կը նստի վրան: Այս հակումը խել մը քննադատներ կը վերագրեն այն բանին, որ Ալազանը ժամանակ մը գրաշարության բերումով շարունակ կանգնած ըլլալով՝ հոգներ է ու իր ստեղծագործության մեջ դեմ ելնողին կը հեծնե: Բայց ըստ իս՝ բանաստեղծը դեռ ջահել է, դեռ կրնա ոտքով երթալ. երբ ծերանա, իր ոտանավորներու ամեն տան գլուխ աթոռ մը կրնա դնել՝ նստելու համար: Հա՛: Ուրեմն՝ քննադատ Աբովին այս չհավնիլը դրդեց Բաքվին սատիկ հավնիլ Ալազանին, մինչև այնտեղ, որ «Ալազանի շաբաթ» կազմակերպեցին: (Այսինքն հակառակ Աբովին): Ու սկսեցավ «շաբաթը»: Չեմ գիտեր Երևանին, բայց Բաքվի շաբաթը յոթն օր է: Երկուշաբթի առտուն բոլոր «պրավիզի» գնացող զամբյուղները բանաստեղծին երկերովը լեցուն տուն եկան: Քաղաքի մեջ կարգ կը պահպաներ «նժույգներ» հեծած ոստիկանությունը: Անգրագետներուն կարգադրված էր իսկույն կարդալ սովորել, ու Բաքուն ամբողջ վերածվեց ընթերցարանի: Գրվածքին մութ կետերը պարզելու համար կային նորագույն գիտությամբ զինված մասեր, որք հրդեհաշեջներու նման կազմ պատրաստ, ամեն փողոցի գլուխ կեցած, նշանի կը սպասեին: «Ալազանի շաբաթն» սկսեցավ երկուշաբթի առավոտյան ժամի 12-ին հինգ վայրկյան մնացած, մեկեն, հանկարծակի: Անանկ որ շատերու գործը կիսատ մնաց, ոմանք բաղնիքը լմնցուցեր էին, բայց չէին հաջողած կոճկվել. շատերու մեկ երեսը սափրված, մյուսն անսափրել մնաց և այլն: Այնքան քաղաքագլուխը խնդրեց կազմակերպիչ հանձնաժողովին 5 րոպե սպասել, ջրանցքին նախահաշիվը վերջացնե նոր՝ չեղավ: Հանձնաժողովը ընդհատեց քաղաքին գործերն ու շտապ նստավ «շաբաթվա» կարգացույցը կազմելու: Դժվար աշխատանք: Ինչպե՞ս ընել, որ Բաքուն ամբողջ վեց օր Ալազանով զբաղվի ու յոթներորդ օրը մոռանա… ը՜ը՜ը, հանգստանա, ըսել կուզեի: Այստեղ հարկ է շեշտել, որ ով այսքան խոշոր ստեղծագործության ձեռնարկել կը փորձե, թող չխորհի այլ ձև մը՝ քան որ Աստված ստեղծեր է տիեզերքը: Կը կարծեք, թե արարիչը չէ՞ր ուզեր տիեզերքը խառն ու խուռն, բանաստեղծական ձևով ստեղծել: Կուզեր: Բայց չկրցավ և ստիպված պահեց ստեղծագործության այն կարգը, որ «Աստվածաշունչը» կավանդե մեզ այսօր: Առաջնորդվելով նույն կարգացույցով, հանձնաժողովին նախագահ Դարբինյանը առաջին օր Ալազանին հասարակ մահկանացուներեն զատեց ու անունը բանաստեղծ դրավ: Երկրորդ օր Դարբինյանը բանաստեղծին մեջ «շնորհ» ստեծեց: Երբ տեսավ, որ բարի է, երրորդ օրը «տաղանդ» դրավ գրողին մեջ: Չորրորդ օր «Աշխատանքայինի» հեղինակը զարդարեց լուսավոր գաղափարներով, հիգերորդ օր ստեղծեց կենդանի միտք, թռչող երևակայություն և ճկուն լեզու (տես՝ կենդանիներ, թռչուններ, սողուններ), վեցերորդ օր դարձուց հանճար, յոթերորդ օր հանգստացավ: … Բայց շաբաթվան մեջ մեկ օր հանգստանալով, Դարբինյան սխալեցավ: Եթե Աստված այսքան դժվար բաներ ստեղծեր, անիկա ոչ թե մեկ օր, այլ շաբաթվան մեջ երեք օր հանգստանար պիտի ապաքեն…

1925թ.

Share Button

Նշանաբառ՝

1 Կարծիք

  • Կարինե Մարտիրոսյան says:

    «Ես գժվեցնում եմ իմ ընթերցողին: Իսկ ամե՞ն գրող կարող է գժվեցնել իր ընթերցողին: Երբեք, գժվեցնելը ամեն հեղինակի բան չէ… Ես մեծարանք եմ պահանջում Ձեզանից ոչ իմ տպված երկերիս համար, այլ իմ հսկայածավալ անտիպներիս համար… Հավատացեք ինձ առանց կարդալու… Ես գիտեմ, երբ կարդաք իմ անտիպները, կմեծարեք ինձ ավելի… բայց ցավը նրանում է, որ ես այն ժամանակ մեռած կլինեմ արդեն». մեծերի իրավունքով գրողը կրկին մարգարեացավ. նրա ստեղծագործությունները, հիրավի, անգնահատելի արժեքներ են…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *