Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ | «Փարիզյան նորություններ: Տասնհինգ տարի առաջ»

Սքոթ Ֆիցջերալդ

1947թ., ձմեռ, Ֆուրիոզո [1]:

– Մենք չպետք է միասին քայլենք, – ասաց Ռութը, – առանց այդ էլ շատ մարդիկ գիտեն, որ մենք միևնույն հյուրանոցում ենք մնում:

Հենրի Հեվեն Դելլին ժպտաց, հետո նրանք միասին ծիծաղեցին: Ապրիլյան պայծառ մի առավոտ էր, երբ նրանք Ելիսեյան Դաշտերից[2] թեքվեցին դեպի անգլիական եկեղեցի:

– Ես կքայլեմ փողոցի մյուս կողմով, – ասաց նա, – կհանդիպենք դռան մոտ:

– Ո՛չ, մենք անգամ միասին չպետք է նստենք: Ես կոմսուհի եմ, ինչքան էլ որ ծիծաղելի հնչի, և այն ամենը ինչ անում եմ, կլինի այդ անիծյալ «Բուլվարդիերում»:

Նրանք մի պահ կանգ առան:

– Ես ատում եմ, երբ բաժանվում եմ քեզանից, – ասաց նա: – Դու այնքան հիասքանչ ես:

– Ես նույնպես ատում եմ, որ պետք է բաժանվեմ քեզանից, – շշնջաց նա, – ես չգիտեի, որ դու այդքան հմայիչ ես: Բայց … ցտեսություն:

Փողոցի մեջտեղում տղամարդը կանգ առավ` լսելով ավտոմեքենաների արձակած ծվծվոցը, որը հիշեցնում էր Դեբյուսիի[3] երաժշտությունը:

– Այսօր միասին ենք ճաշելու, – բղավեց Հենրին:

Ռութը գլխով արեց ու շարունակեց քայլել` նայելով իր դիմացը ուղիղ մայթին:

Հենրի Հեվեն Դելլը շարունակեց անցնել փողոցը ու հետո արագ-արագ քայլեց՝ ժամանակ առ ժամանակ երջանիկ հայացք գցելով փողոցի մյուս կողմով քայլող կնոջը:

«Հետաքրքիր է, այստեղ եկեղեցիներում հեռախոս ունեն», – մտածեց Հենրին:

Արարողությունից հետո նա կճշտի դա:

Նա կանգնել էր հետևի շարքում. ժամանակ առ ժամանակ նա զգում էր իր վրա Ռութի հայացքն ու նրան աչքով անում: Շատ շքեղ հարսանիք էր: Երբ հարսը և փեսան անցան եկեղեցու շարքերի միջով, հարսը բռնեց Հենրիի ձեռքը և իրենց հետ դուրս տարավ փողոց:

– Զվարճալի է, չէ°, – ասաց հարսը, – Հենրի՛, միայն մտածիր ես գրեթե ամուսնացել էի քեզ հետ:

Նրա ամուսինը ծիծաղեց:

«Ինչի՞ վրա, – մտածեց Հենրին, – նա կարող էր իմը լինել, եթե հենց այն միակը լիներ»:

Հետո բարձրաձայն ասաց.

– Ես պետք է զանգահարեմ մինչ խնջույքը:

– Հյուրանոցում շատ հեռախոսներ կան, եկ և կանգնի՛ր իմ կողքին: Ես ուզում եմ, որ առաջինը դու իմանաս:

Նա հեռախոսին հասավ միայն մի ժամ հետո:

– «Փարիզ»-ը ուշանում է, – պատասխանեցին «Կոմպանի Տրանսատլանտիկ[4]»-ից , – մենք ձեզ չենք կարող ասել ժամանման ճիշտ ժամը: Զանգահարեք ժամը չորսին:

– Օ՜, ոչ, պարո՛ն,  հնարավոր չէ:

Դե լավ: Նախասրահում նա միացավ հարսանիքի հյուրերին և նրանց հետ գնաց  «Ռից» հյուրանոցի բարի այն հատվածը, ուր տղամարդիկ էին:

– Տղամարդը չի կարող անընդհատ կանանց հետ լինել:

– Հենրի՛, ինչքա՞ն ժամանակ կլինես Փարիզում:

– Դա այնքան էլ հեշտ հարց չէ: Մինչդեռ միշտ էլ կարող եմ ասել, թե ինչքան ժամանակ կանցկացնեմ Նյու Յորքում կամ Լոնդոնում:

Նա խմեց երկու կոկտեյլ` երկուսն էլ տարբեր սեղանների մոտ: Ժամը մեկի մոտ, երբ իրարանցումն ու աղմուկը դեռ իրենց գագաթնակետին չէին հասել, նա դուրս եկավ Կամբոն  փողոց: Տաքսի բռնելը անհնար էր. դռնապանները հասնում էին մինչև Ռիվոլի փողոց՝ փորձելով տաքսի կանգնեցնել: Այնուամենայնիվ մի տաքսի դռնապանի հետ մոտեցավ հյուրանոցին, բայց մի սիրունիկ փոքրամարմին թխահեր`բաց կանաչ զգեստով, արդեն սպասում էր:

– Հազար ներողություն – ասաց Հենրին, – դուք կարող է պատահամամբ գնու՞մ եք Բուա[5]:

Այս խոսքերն ասելով ` նա նստեց ավտոմեքենան: Նրա երեկոյան ֆրակը կարծես իր այցեքարտը լիներ: Կինը գլխով արեց:

– Ես պատրաստվում եմ ճաշել այնտեղ:

-Ես Հենրի Դելլն եմ, – ասաց նա` բարձրացնելով գլխարկը:

– Օ՜, դա դուք եք, աստված իմ, – ասաց նա ոգևորված:

-Ես Բեսսի Ուինգն եմ, ծնված Լեյթոնում: Ես ճանաչում եմ ձեր բոլոր զարմուհիներին:

– Հրաշալի է, չէ՞, – բացականչեց Հենրին, և նա համաձայնեց:

-Ճաշի ժամանակ ես պատրաստվում եմ չեղյալ հայտարարել նշանադրությունս, – ասաց նա, – և որպես պատճառ կտամ ձեր անունը:

-Իսկապես ուզում եք նշանը ե՞տ տալ:

– « Դոֆին» սրճարանում ժամը մեկից երկուսը:

– Ես այնտեղ եմ լինելու, ու ձեզ կնայեմ ժամանակ առ ժամանակ:

– Միայն կուզենայի իմանալ. այդ ամենից հետո նա ինձ տուն պետք է տան՞ի թե ոչ: Ափսոս, որ ես Էմիլի Փոստը չեմ:

Հանկարծ  նա ասաց.

-Մի՛ անհանգստացեք, ես կտանեմ ձեզ: Դուք հնարավոր է վատ զգաք ձեզ այդ ամենից հետո:Ես աչքս ձեր վրա կպահեմ:

Աղջիկը գլուխը թափահարեց:

– Ոչ, այսօր կեսօրին դեռևս վաղ է: Բայց ես դեռ մի քանի շաբաթ այստեղ կլինեմ, – ասաց նա:

– Գիտեք այսօր կեսօրին նավ է գալու, – ասաց Հենրին:

Մի քիչ հետո աղջիկը ակամայից պատասխանեց.

– Ես արդեն որոշ չափով ձեզ ճանաչում եմ: Եկեք այսպես անենք: Եթե դուք տեսնեք, որ ես խոսելիս թափահարում եմ գդալը, նշանակում է, կհանդիպենք հինգ րոպեից սրճարանի դիմաց:

Ռութը արդեն սպասում էր սեղանի մոտ: Հենրին մոտ տասը րոպե անտարբեր խոսում էր նրա հետ՝ հայացքը չկտրելով  նրա դեմքից և սեղանին ընկած գարնանային լույսի շողքից:

Հետո նրա հայացքը պատահական կանգ առավ սենյակի մյուս ծայրում նստած Բեսսի Ուինգի վրա, ով կլանված զրուցում էր  մի երիտասարդի հետ, ով կարծես իր տարիքին էր, մոտ քսանվեց տարեկան:

– Մեզ միայն  այս կեսօրն է մնացել ու վերջ՝ ցտեսություն, – ասաց Ռութը:

– Ոչ էլ այս կեսօրը , – հանդիսավորությամբ պատասխանեց նա: – Մեկ ժամից պետք է նավին դիմավորեմ:

– Շատ ափսոս, Հենրի՛, բայց կարծում եմ լավ ժամանակ անցկացրեցինք:

– Շատ լավ,  իրոք շատ լավ: Նա անկեղծորեն տխրեց:

– Անգամ լավ է, որ այսօր զբաղված ես, – մի փոքր լարված ասած Ռութը, – ես վաղուց պետք է դերձակի մոտ գնայի, զգեստս ձևափոխելու: Երբ գնաս Օպերա կամ Սեն Ժերմեն [6], հիշիր ինձ:

– Ինձ հեշտ չի լինի քեզ մոռանալ:

Քիչ անց նա նկատեց ճոճվող գդալը:

– Թույլ տուր առաջինը ես գնամ, – ասաց նա -, ինձ շատ դժվար կլինի նստել այստեղ ու նայել, թե դու ինչպես ես հեռանում:

– Լավ,  ես կնստեմ այստեղ  ու ինչ-որ բանի մասին կմտածեմ:

Բեսսին սպասում էր դրսում՝ տանձի ծառի տակ, և նրանք շատ արագ տաքսի նստեցին տանից փախչող երեխաներ պես:

–   Վա՞տ էր, – հարցրեց նա, – ես հետևում էի ձեզ: Նրա աչքերում արցունք կար:

Աղջիկը գլխով արեց:

– Շատ վատ էր:

– Բա ինչ՞ու նշանը հետ տվեցիք:

– Որովհետև իմ առաջին ամուսնությունը անհաջող էր: Իմ շուրջը այնքան տղամարդիկ կային, որ երբ  ամուսնացա,  այդպես էլ չհասկացա, թե ում եմ ի վերջո սիրում: Կարծես այն անիմաստ էր դառնում, եթե իհարկե դուք ինձ հասկանում եք: Եվ ինչո՞ւ դա պետք է Հարշել Ուինգը լիներ:

– Իսկ այս մյուսի դեպքո՞ւմ:

– Նույն բանը տեղի կունենար, բայց այս անգամ իմ մեղքով  կլիներ, քանի որ ես նախապես գիտեի:

Նրանք նստած էին նրա զով բնակարանի ամերիկյան հյուրասենյակում և սուրճ էին խմում:

– Ցանկացած գեղեցկուհու կյանքում նման դեպքեր պետք է շատ լինեն: Երբ չկա այն միակ տղամարդը, լինում են  ուղղակի տղամարդիկ, – ասաց նա:

– Մեկը կար, երբ տասնվեց տարեկան էի: Նա նման էր ձեզ: Նա ինձ չէր սիրում,-ասաց Բեսսին:

Հենրին գնաց և նստեց նրա կողքին՝ բազկաթոռին:

– Այդպես էլ է պատահում,- ասաց Հենրին, – ավելի ապահով է ապրել «նավերի նման, որոնք գիշերն են անցնում»:

Նա մի քիչ հեռու գնաց:

– Չեմ ուզում հետամնաց թվալ, բայց մենք իրար դեռ չենք ճանաչում:

– Իհարկե ճանաչում ենք, չե՞ք հիշում, այս առավոտ ենք հանդիպել:

Աղջիկը ծիծաղեց:

– Հանգստացնող միջոց չկայացած ամուսնության դեպքու՞մ:

-Յուրահատուկ միջոց,-ասաց նա:

Սենյակում լռություն էր:

Հետո նրանք ձեռք ձեռքի բռնած կանգնած պատշգամբում նայում էին կանաչ տերևների ծովին, որոնք ծածկել էին Հաղթանակի կամարը:

-Որտե՞ղ է հեռախոսը, – հանկարծակի հարցրեց Հենրին,- հա, լավ,մի՛ պատասխանիր, ես գիտեմ:
Նա ներս եկավ սենյակ, վերցրեց հեռախոսը մահճակալի կողքից:

-«Կոմպանի Ժեներալ[7]»– Տեղեկություններ ունե՞ք «Փարիզ»-ի ուղևորներին տեղափոխող նավից:

-Պարո՛ն, նավը դեռ չի ժամանել Հավր: Զանգահարե՛ք մի քանի ժամից: Ուշացումը եղել է Սաութեմփթոնում[8]:

Վերադառնալով պատշգամբ` Հենրին ասաց.

-Շատ լավ, դե ե՛կ գնանք ցուցահանդես:

-Ես պետք է այնտեղ լինեմ, հասկանում ես, – ասաց նա, – այն կինը`Մերի Տոլլիվերը, որի մասին պատմել եմ քեզ, նա միակ մարդն է, ում մոտ կարող եմ  գնալ ու պատմել, թե ինչ եմ արել այսօր ճաշի ժամանակ: Նա կհասկանա:

– Մեր մասին նույնպես կհասկանա՞:

– Նա այդ մասին երբեք չի իմանա: Նա իմ իդեալն է եղել տասնվեց տարեկանից:

Նա Բեսսիից այնքան էլ մեծ չէ, մտածեց Հենրին` տեսնելով նրան «Կրիյոն» հյուրանոցի նախասրահում. նա մուգ ոսկեգույն մազերով կին էր, շատ կոկիկ  ինչպես ֆրանսիացիները կասեին «soignée»[9], որը նշանակում է մաքուր ու մի բան էլ ավելի: Նրա հետ մի ամերիկացի նկարիչ էր և մի ավստրիացի քանդակագործ, և Հենրին ենթադրեց, որ նրանք երկուսն էլ մի փոքր սիրահարված են կնոջը կամ օգտագործում են նրան փողի համար, իսկ այն, որ կինը փող ուներ՝ ակնհայտ էր, քանի որ նրա «Ղինու» [10] մակնիշի լիմուզիննով էին եկել  դեկորատիվ արվեստի ցուցահանդեսին, որը գտնվում էր Սենա գետի ափին:

Նրանք քայլեցին ցուցահանդեսով, անցան ցանկապատի կողքով, որը փայլում էր քրոմապատ պողպատի փայլով, որն էլ պիտի փոխեր կահույքի դարաշրջանը:

         Հենրին, ով մի ժամանակ «Հարվարդ Լամպիոն»[11]-ի գեղարվեստական խմբագիրն էր եղել, և բավականին բարձր գեղարվեստական ճաշակ և սուր աչք ուներ, նախընտրեց չմասնակցել նկարչի և քանդակագործի զրույցին: Հետո, երբ նրանք որոշեցին գնալ և մի բան խմել, Բեսսին նրան շատ մոտ նստեց. Մերի Տոլլիվերը ժպտաց և ամեն ինչ հասկացավ. նա նայեց Հենրիին, փորձելով գնահատել նրան:

– Դուք երկուսդ իրար երկա՞ր ժամանակ եք ճանաչում, – հարցրեց նա:

– Տարիներ, – պատասխանեց Հենրին, – նա ինձ քրոջ պես է: Իսկ հիմա` այս հիասքանչ կեսօրից հետո, ես ստիպված եմ լքել ձեզ:

Բեսսին նախատելի հայացքով նայեց նրան, սկսեց նրա հետ բարձրանալ սեղանից, բայց արագ ուշքի եկավ:

– Ես քեզ ասելի էի նավի մասին, – մեղմորեն ասաց նա:

– Շոգենավ, – պատասխանեց Բեսսին:

Հեռանալիս նա տեսավ, որ նկարիչը նստեց իր լքած աթոռին` աղջկա կողքին:

«Փարիզը» դեռ Սաութեմփթոնում էր ուշանում, և Հենրին մտածում էր, թե ինչ աներ: Երբ երկար ժամանակ ինչ-որ հաճելի բանով չես զբաղվել, դժվար է լցնել դատարկ ժամանակը: Առավել դժվար, քան նրանց համար, ով սովոր է աշխատել: Գյուղում նա իրենով կզբաղվեր, կքայլեր, իսկ այստեղ միայն դեմքեր էին սեղանների շուրջ: Եվ թվում էր թե դա հավերժ կշարունակվի:

«Ես վերածվել եմ արհամարհելի մի պորտաբույծի, – մտածեց նա: Ես գոնե իմ պարտականությունների մասին պետք է մտածեմ»,

Նա նստեց տաքսի և գնաց ձախ ափը՝ ղյու Նոտղը Դամ դե շամ [12], որպեսզի այցելի այն երեխային, որի խնամակալությունը վերցրել էր պատերազմից անմիջապես հետո: Մի փոքրիկ գեղեցիկ որբուկ, ով մուրացկանություն էր անում «Դոում» սրճարանի դիմաց. Հենրին նրան երեք տարով ուղարկել էր մենաստան՝ օրիորդաց դպրոց: Նա այցելում էր երեխային ամեն ամառ մեկ կամ երկու անգամ, բայց այս անգամ վերջին այցելությունից արդեն համարյա մեկ տարի էր անցել:

– Հելենը գնացել է, – պատասխանեց նոր դռնապանը, ում Հենրին չէր ճանաչում:

– Ես ինչ իմանամ թե նա որտե՞ղ է: Կամ «դե Լիլա» սրճարանում է, կամ էլ միգուցե «Լիպս»-ու՞մ:

Հենրին մի քիչ ցնցված էր, հետո հանգստացավ, երբ գտավ նրան «Լիպս» գարեջրատանը, որն ավելի լավ վայր էր քան «Դոմ»-ը կամ «Ռոտոնդ»-ը:

Աղջիկը թողեց երկու ամերիկացիներին, ում հետ նստած էր և ամաչելով գրկեց Հենրիին:

– Հելե՛ն, ի՞նչ ես պատրաստվում անել հետո, – մեղմորեն հարցրեց նա, – ին՞չ են քեզ սովորեցնում այդ միանձնուհինեը:

Նա թոթվեց իր ուսերը:

– Կամուսնանամ, – ասաց նա, – եթե ստացվի մի հարուստ ամերիկացու հետ: Օրինակ այն երիտասարդը, որին թողեցի, աշխատում է «Նյու Յորք Հերալդ Թրիբյուն»[13]-ի Փարիզյան գործակալությունում:

– Թղթակիցները հարուստ չեն, – Հենրին հանդիմանեց աղջկան, – և այդ մեկը այնքան էլ խոստումնալից տեսք չունի:

– Դե նա հիմա խմած է, բայց սովորաբար բոլորը կարծում են, որ նա հենց այն տղամարդն է, որին բոլորը ցանկանում են, – ասաց Հելենը:

Չորս տարի՝ առաջ պատերազմից անմիջապես հետո, Հենրին ռոմանտիկ էր: Նրա մտքով չէր էլ անցնում, որ կմեծացնի այս աղջկան, որպեսզի ամուսնանա նրա հետ: Սակայն նրա մոտ մի միտք ծագեց: Իսկ եթե նրա գեղեցկությունը ապագայում էլ պահպանվի՞: Եվ հիմա, երբ նայում էր աղջկան, խանդի մի ալիք զգաց լրագրողի հանդեպ:

[1] Ֆուրիոզո-բնակավայր Ֆրանսիայում

[2] Ելիսեյան դաշտեր Ֆրանսիայում:

[3] Կլոդ Դեբյուսի -19-րդ դարի նշանավոր ֆրանսիացի կոմպոզիտոր, ով հայտնի է իմպրեսոնիստական երաժշտությամբ:

[4] Կոմպանի Տրանսատլանտիկ -ֆրանսիական նավաստիական ընկերություն:

[5] Բուա -թաղամաս Փարիզում

[6] Սեն Ժերմեն-այգի  Փարիզում

[7]Կոմպանի Ժեներալ – ֆրանսիական նավատորմական ընկերություն

[8] Սաութեմփթոն – քաղաք Մեծ Բրիտանիայում

[9] Soignée – խնամված

[10]  Ռենո – ֆրանսիական մակնիշի մեքենա:

[11] Հարվարդ Լամպիոն – հումորային ամսագիր

[12] ղյու Նոտղը Դամ դե շամ –փողոց Փարիզում

[13] Նյու Յորք Հերալդ Թրիբյուն -ամենօրյա ամերիկյան  լրագիր

Թարգմանությունը անգլերենիից՝ Անի Սարգսյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *