Լիլիթ Երանյան | Պատմության ապահերոսականացումը ըստ Գ. Մահարու «Այրվող այգեստաններ» վեպի

Լիլիթ Երանյան

                                           «…ճանաչել այդ սխալները չկրկնելու համար, նորից եմ կրկնում, չկրկնելու համար, չկրկնելու համար… »

                                                    «Իսկ Վա՞նը, ու՞ր է Վանը, ինչու՞ չկա Վանը»                        

                                                                                                                                 Գ. Մահարի

Հայ ժողովրդի տարբեր սերունդներ հաճախ ճանաչել են ու ընդունել հայոց պատմությունը ոչ թե պատմիչների ու պատմաբանների աշխատությունների և պատմության դասագրքերի համաձայն, այլ ըստ պատմությանն ուղղված գրողի հայացքի: Րաֆֆու, Մուրացանի ու Դերենիկ Դեմիրճյանի պատմավեպերը եղել են ու նաև մնում են մեր պատմական անցյալը ճանաչելու կարևոր հիմքերը: Իսկ  Մահարին իր «Այրվող այգեստաններ» վեպը գծել էր պատմության (թեպետ ոչ հեռավոր) հետքերով, բայց երբեք այն պատմավեպ դարձնելու հավակնություն չէր ունեցել:  Մահարին ապրել էր այդ պատմական իրականության մեջ, որն իր կոնկրետ հետևանքներն էր թողել նրա կյանքում.  նա ստիպված էր եղել թողնել իր քաղաքը, անցնել  գաղթի ճանապարհով, զրկվել էր ընտանիքից,  իր պատանեկության ու երիտասարդության առաջին տարիներն անցկացրել էր որբանոցում: Եվ ուրեմն Մահարին պատմական իրականությանն ուղղված սեփական հայացքն ուներ և իր  ընկալումների համաձայն հարց էր տալիս՝ ինչո՞ւ ընկավ Վանը:   Մի՞թե գրողն  իրավունք չուներ նման հարց առաջադրելու, անկախ նրանից, թե տրված պատասխանները որքան արդարացի ու ճշմարիտ կհամարվեին: Այսօրվա տրամաբանությունը հաստատապես դրական պատասխան է հուշում, բայց գրողի ժամանակում վեպի ստեղծմանը հետևեց սարսափելի հակազդեցություն (Գրողների միության հայտարարությունից մինչև ամբոխային հարձակումները Մահարու տան վրա):

 

 

Երկու առանցք

«Այրվող այգեստաններ»  ծավալուն ու բազմապլան վեպն ըստ էության ունի երկու գլխավոր ու հիմնական առանցք,  որոնք գտնվում են  հակադիր կողմերում՝  Օհանես աղա ու Արամ Մանուկյան: Այսպես ասած «չեզոքների կուսակցության» անդամ հարուստ վաճառական Օհանես աղան հայեցող է, բացարձակ հակված չէ որևէ փոփոխության. նա իր ներփակ աշխարհն ունի՝ Վանը, խանութն ու ընտանիքը, որտեղից ներս ժլատորեն ոչ մեկին չի ուզում տեսնել: Օհանես աղան պարզապես ուզում է ապրել, զուտ մարդկային ու երկրային կրքեր ունի, չի սիրում խախտել առօրյայի բնականոն ընթացքը` իր Վանա տառեխով ու ղաուրմայով: Սա բնական է թվում, ինչպես կարսեցի դպրոցականների պարզապես  ծուլանալն ու կատակելը, սակայն տհաճ ու անընդունելի է Վանում ծավալված բախտորոշ օրերին: Հենց Մահարին էլ նկատել է, որ հակազդեցության առաջացրած գաղափարների հեղինակը ոչ թե ինքն է, այլ` վանեցի վաճառական Օհանես աղան:  Եվ գրողը այս լիարյուն կերպարին տվել է շատ գույներ, որոնք կարող են մերժելի լինել: Մեծահարուստ վաճառականը մերժում է եղբոր` Մխոյի փոքր խնդրանքը, հրաժարվում է տալ կուսակցականների պահանջած գումարը, դրա փոխարեն մի չնչին գումար է տալիս «հեղափոխական» գործունեության համար Հնազանդ կեղծանունով:

Ինչպես Չարենցի վեպում Մազութի Համոյի անձնական կյանքի  խնդիրները  առավել ցցուն են պատմական ամենակարևոր ու շրջադարձային իրադարձությունների թեժ մթնոլորտում, այնպես  էլ «Այրվող այգեստաններ»-ում Օհանես աղայի ու եղբոր կնոջ` Վերժինի հարաբերություններն են հասունանում Վանի համար ճակատագրական օրերին:

Օհանես աղային ամենաբնորոշ հատկանիշները կենսասիրությունն ու կենսունակությունն են, երբ ամեն ցավ  համարում է «հակաառողջապահական» և ամրոցի պես պատնեշ է սարքում իր ու արտաքին աշխարհի միջև: Նա մեծ զոհողություններ չի անում,  բայց  վանեցի զավակներ էր դաստիարակել, որոնք իրադարձությունների բնականոն զարգացման դեպքում կմեծանային ու կստեղծեին Վանում:

Իսկ ահա Արամը եկել է Վան իրադրությունը փոխելու, քաղաքն ազատելու երազներով ու անընդմեջ, ամեն մի մեթոդով աշխատում է հանուն դրա: Ի դեպ, Արամն ու մյուս արևելահայ հեղափոխական գործիչները հենց Չարենցի Կարսում էին զինվորագրվել, պատրաստվել, և ապա անցել Օսմանյան սահմանը` Տաճկահայաստանը ազատագրելու բաղձանքով: Մահարու առջև չափազանց դժվար խնդիր է դրված եղել՝ վիպականացնել մի շարք  իրական ու նաև պատմական կերպարների, այդ թվում և Արամ Մանուկյանին: Արամը սովորական ու հերթական անհատ չէ, նրա կենսագրությունը հերոսական է ու նաև զանազան ողբերգական գույներով լեցուն: Նրա կյանքը նվիրում է եղել գաղափարների, որոնց մասին նա միայն չէր երազում, այլ  պայքարում էր գործնականորեն: Հուսահատությունները, որոնք պատել են պատրանքների ցնդելուց հետո, ընկճել են, բայց նա միշտ էլ փորձել է գտնել գործելու ուղի: Համբավավոր գրականագետ ու քաղաքական գործիչ Նիկոլ Աղբալյանը, ով ճանապարհ էր հարթել  Չարենցի համար,  Արամի տեսակը ամփոփել է հետևյալ տողերում. «…Երբ գիշերը գայ, մտէք ձեր հոգիի սենյակը և ըսեք, արդեօք աշխատե՞ր էք հայ ժողովրդի համար, ինչպես Արամը, եղե՞ր եք այնքան անձնազոհ, որքան Արամը, տւե՞ր եք ձեր ամբողջ կյանքը հայ ժողովրդին, ինչպէս Արամը…»[1]: Հազիվ թե շատ քաղաքական գործիչների մասին են այսպիսի տողեր ասվել: Իհարկե, զավեշտալի կլիներ գրողից ակնկալել, որ պատկերեր կերպարը իրական նախատիպի կատարյալ հարազատությամբ, հատկապես երբ գրողն իր սեփական հայացքն ունի նրա հանդեպ: «Այրվող այգեստաններ»-ում հեգնական, ծաղրական ու մի փոքր էլ ողբերգական գույներով է գրված Արամը, բայց ամբողջականության համար կարծես ինչ-որ բան կիսատ ու թերի է մնում, և մենք ստիպված ենք լինում իրական Արամի կենսագրությամբ լցնել այդ բաց տարածքը: Հասկանալի է, որ Մահարին, մեղմ ասած, վերապահ վերաբերմունք ուներ Արամի գործունեության նկատմամբ, բայց վեպում նրան գործելիս հազվադեպ ենք տեսնում:

            Հետաքրքիր է, որ և´ Արամը (ինչպես վեպում նրա կերպարը, որ վանեցի չէր, բայց գործում էր Վանի համար), և´ Մահարին (ինչպես բնիկ վանեցի և քաղաքականապես չեզոք  Օհանես աղան) պիտի ֆիզիկապես զգային Վանի կորուստը: Մահարու կինը` Անտոնինան, հիշատակել է, որ եղեռնի ու տեղահանության մղձավանջը անգամ քնի մեջ խեղդում էր Մահարուն: Այդ սարսափելի հիշողություններից սրվում էր հիվանդությունը, և գրողը ցավից ճչում էր` «մայրիկ ջան, մեռնում եմ»:  Իսկ ահա Արամը, որ 1915թ.-ի օգոստոսին կրկին վերադարձել էր դատարկված Վան, նորից պիտի թողներ այն: Նրա հետ գաղթի ճանապարհը բռնած Ավետիս Թերզիբաշյանը իր հիշողություններում պատմել է, որ Արամը ջերմել է և ամբողջ մարմնով դողացել:

 Վանը

            Եվ որքան էլ հակադիր են վեպի սյուժետային հիմքը կառուցող բևեռները (Օհանես աղա-Արամ փաշա), այնուամենայնիվ, երկուսն էլ գործում են «Այրվող այգեստաններ»-ի Վանում: Այդ Վանը այնքան ինքնաբավ քաղաք է,  որ թվում է՝ այսօր մեր պետության մայրաքաղաքի բնակիչն անգամ չունի այդ զգացողությունը: Չարենցը Կարսը կոչում էր «գավառական հետամնաց քաղաք», Հայաստանը՝ «ռուսական իմպերիայի մի հետամնաց ծայրամաս»: Իսկ Մահարու վանեցին իրեն զգում է աշխարհի կենտրոնում,  թեպետ այն նույնպես գավառական քաղաք է, մի ուրիշ` օսմանյան կայսրության: Բայց Մահարու Վանը կարծես այդ կայսրությունից առանձին աշխարհ է, նաիրյան աշխարհ, որը Մահարին գունավորում է կանաչով: Վանեցիներն ունեին իրենց լիճը, որ ծով են կոչում, կարիք չունեին օվկիանոսների, որտեղով հետո պիտի անցնեն ու ցրվեն աշխարհով մեկ: Մուրադխանյանների տոհմի զավակներից միայն մեկը` Համբարձումն էր հեռացել Վանից և հաստատվել Պոլսում  (ընդ որում նշվում է, որ նրա  մահվան պատճառը Պոլսի արատավոր բարքերն էին, և եթե  մնար Վանում, այսինքն` դուրս չգար իրեն պատկանող տարածությունից և իր համար սահմանված միջավայրից, ապա կենդանի կմնար): Եթե ուսումնասիրենք ոչ միայն Մահարու ստեղծած վիպական Վանը, այլ նաև իրական քաղաքի կենցաղը 20-րդ դարի սկզբին, ապա կտեսնենք  հագեցած ու լիարժեք կյանքով ապրող քաղաք:
Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին, ըստ Վանի առաջնորդարանի տվյալների, քաղաքն ունեցել է 34 000 հայ բնակիչ:  19-րդ դարում և 20-րդ դարի սկզբներին Վանը հայկական մշակութային ու կրթական գլխավոր կենտրոններից  էր:

Ինչպես Չարենցի վեպում էր Կարսը վեպի գլխավոր առանցքը, որի շուրջը պտտվում էր իրադարձությունների շղթան, այնպես էլ «Այրվող այգեստաններ» վեպում Վանն է կենտրոնն ու առանցքը: Կարսի պես Վանն էլ ունի իր հռչակավոր կենտրոնները: Ինչպես Կարսն է իր հրաշալիքներով հառնում «Երկիր Նաիրի» վեպում, այնպես էլ Վանն է իր երանգներով գրվում` ծովը, Վարագա վանքը, Ուրբաթ առուն, Աղթամարը, այգիները: Եվ անկախ պատմական ողբերգական շրջադարձերից, Վանի այգիները փարթամորեն ծաղկում են: Ու այդ քաղաքում այնքան ներդաշնակորեն ապրում է վանեցին, ում այդքան հրաշալիորեն պատկերում է Մահարին` իր կենցաղով, ծեսերով, խոհանոցով, թատերական ներկայացում դիտելու իր մշակույթով, մարդկային բոլոր թուլություններով, հումորով:

Ու իհարկե Մահարին ծանրության կենտրոնը պահում է Վանի քաղաքական կյանքի վրա: Վանը բաժանած հայկական երեք  կուսակցությունների հարաբերությունները ներքաշվում են նաև կենցաղի ու անձնային հարաբերությունների դաշտ. հարսանիքը կարող էր դառնալ քաղաքական հզորությունն ու առաջնայնությունը ցուցադրելու միջոց: Կամ օրինակ` մրցակցող կուսակցության այրերը իրենց զավակներին երբեք չեն ամուսնացնում իրար հետ:

Վանը ինքնաբավ է, այդ պատճառով է Մահարին իր կերպարների ու Օհանես աղայի միջոցով «եկվոր» կոչում Արամ Մանուկյանին: Եկվոր նաև այն իմաստով, որ Արևմտահայաստանն ազատագրելու տենչերով տարված հեղափոխականները  (խոսքը տվյալ դեպքում կոնկրետ Արամ Մանուկյանի մասին չէ[2]) հաճախ չէին տիրապետում տեղում գոյություն ունեցող դրությանը, կտրված էին իրականությունից:  Իսկ օդում հետզհետե տարածվում էր վերահաս ողբերգության զգացողությունը, որ որսացել էր վեպի այսպես ասած «աննշան» կերպարներից Սահակ աղան. «Նա զգում էր օդում, մթնոլորտում ինչ-որ անձև, աննյութ և անանուն վտանգ: Այդ վտանգը նրան թվում էր մէկ-մէկ, որ փողոցումն է և ուզում է  ներս մտնել, երբեմն թվում էր, որ դռան ետեւն է ու ներս մտաւ, փնտրում է իրեն և ուր որ է պիտի գտնի իրեն և բռնի իր կոկորդը: Նա նստում էր անկողնում և ուզում էր որսալ գոնէ մի ձայն, մի շշուկ, բայց շուրջը լռութիւն է եւ այդ  լռությունը ավելի կասկածելի է, քանի եթէ, յիրաւի, կասկածելի ձայներ լսէր» [3]:

 Արամն այս վտանգի կենտրոնում էր  ու փորձելու էր փշրել այն, բայց ի վերջո չէր հաջողելու, ինչպես որ չէր հաջողել Մազութի Համոն:

 

Հերոսամարտը. երկու մեղադրանք

    Վեպի առաջացրած ընդդիմության հիմքում, իհարկե, կային արտագրական թնջուկներ, բայց վերանալով դրանցից` կքննենք ցնցում առաջացրած գաղափարական շերտերը և Մահարու վեպին վերագրվող երկու հիմնական մեղադրանքները:

 Այսպես`

  1. Հեղինակը մեղադրվում է ազգային կուսակցությունների գործունեությունը ու ազգային ազատագրական շարժումը Ցեղասպանության պատճառներից համարելու և դրանով թուրքական սուտը քարոզելու մեջ: 2. Դատապարտվում է Վանի  հերոսամարտը վարկաբեկելու մեջ:

Մահարու վեպի հրատարակման ժամանակը (1966թ.) համընկավ այն շրջանի հետ, երբ Ցեղասպանության 50-րդ տարելիցը առիթ էր  դարձել այս թեմայով խոսելու պատնեշը հաղթահարելու համար, երբ ազգային անօրինակ ոգևորության ու հպարտության ալիքներ էին տարածվում ողջ երկրում: Եվ ահա Մահարու վեպի առաջադրած հարցը` «ինչու՞ ընկավ Վանը», ընկալվեց որպես «ինչու՞  տեղի ունեցավ Ցեղասպանություն», և ենթադրյալ պատասխանները չներվեցին: «Այրվող այգեստաններ» անունը կրող գիրքը բառացիորեն այրվեց: Մահարին մեր կորուստների ու  պարտությունների պատճառների որոնումներին  անուղղակիորեն արձագանքել էր «բզեզի բունը քանդել» խոսքով: Հատկապես այս արտահայտությունն էր հասարակության տարբեր շրջանակների զայրացրել, քանի որ  բզեզի բունը քանդողների դերում ակնարկվում էին հայ ժողովրդի քաղաքական կյանքի ղեկավարները: Իսկ նրան մեղադրողները վեկտորի գիծը տանում էին այսպես` հայ քաղաքական գործիչներ-հայ ազգային կուսակցություններ-ՀՅԴ-հայ ազատագրական շարժում-մենք: Եվ այս տրամաբանությամբ Մահարին որակվեց ապազգային գրող, որը ակամայից կրկնում էր Թալեաթի դրույթները: Գրականագետ Կիմ Աղաբեկյանը գրողին նվիրված իր ուսումնասիրության մեջ նշում է. «Մահարին արտացոլվող իրականությունը բացահայտել է ամբողջովին սխալ քաղաքական դիրքերից, որի հետևանքով էլ խաթարվել են պատմական իրողությունները: Նա տուրք է տվել հակապատմական ու շինծու այն տեսակետին, ըստ որի՝ Թուրքիայում հայերի ոչնչացման պատճառը իրենք հայերն էին»[4]:  Ակնհայտորեն դիտարկումը սխալ է, Մահարին այդպիսի դիրքորոշում չի ունեցել, ոչ էլ վեպում թեկուզ անուղղակիորեն կամ ակամա արտահայտել է նման տեսակետ:  Այս առումով հետաքրքիր դիտարկում է անում Մուշեղ Սարուխանյանն իր «Պատմական հերոսի գեղարվեստական կերպավորման առանձահատկությունները Գուրգեն Մահարու «Այրվող այգեստաններ» վեպում» ուսումնասիրության մեջ. «Մահարու խոսքը արտաքուստ հնչում է խիստ հասցեագրված, սակայն իրականում հասցեատերը մենք ենք` այդ գործում մեր ունեցած պատասխանատվության  չափով»[5]:                                                                                                                                    

Մահարին ընդունում էր, որ իրեն ուղղակի կարելի է մեղադրել չափազանցության մեջ,  որ իրոք երբեմն գույները չափից ավելի խտացնում է:  Խնդիրը  լավագույնս մեկնաբանում է հենց գրողը իր նամակում, որ մեջբերում է նրա որդին` Գրիգոր Աճեմյանը «Այգեստանների գրական հրկիզումը» հոդվածում.  «Յիմար պէտք է լինել պնդելու համար, որ Իշխանը, Արամը և շատ շատերը սահմանն անցան թուրքահայերին վնասելու նպատակով. բարի´ էր նրանց մտադրութիւնը, ազնիւ, բայց միշտ չէ, որ բարին ու ազնիւն է հաղթանակում: Սխալնե°ր գործուեցին, անգամ ճակատագրակա°ն…իսկ ե°րբ է, որ սխալներ չեն գործուել, բայց գործուել են այդ սխալները եւ այս մասին պէտք է խօսել, ճանաչել այդ սխալները չկրկնելու համար, նորից եմ կրկնում, չկրկնելու համար, չկրկնելու համար…»[6]: Այսինքն` Մահարին շարունակում  է Չարենցի տրամաբանությունը, երբ մեր պատմության ողբերգական իրադարձությունները քննելիս հեռվում և իրենից դուրս չի փնտրում պատճառները: Բայց «Երկիր Նաիրի»-ում Չարենցը առավել գաղտնագրված էր խոսում, իսկ Մահարին` ավելի բաց, նրա թիրախներն էլ հստակ են ու կոնկրետ:  Գլխավոր թիրախը ազգային կուսակցություններն էին, մասնավորապես գրողի բառով ասած՝ «մայր կուսակցությունը»` Հայ հեղափոխական դաշնակցությունը: Մահարու գլխավոր մեղադրանքը հայ ազգային կուսակցություններին նրանց անհեռատեսությունն էր, բայց և ամենակարևորը` անմիասնականությունն ու անհամախմբվածությունը: Իրապես, ինչու ըստ էության մի նպատակի` հայ ժողովրդի ազատության համար պայքարող ուժերը  չէին գործում միասին և արդյո՞ք սխալներ թույլ չէին տալիս իրենց այդ գործունեության ընթացքում: Բայց թե՛ Սփյուռքում, որտեղ դեռևս «մայր կուսակցություն» է համարվում դաշնակցությունը, թե՛ կոմունիստական գաղափարախոսությունը կրող և հակադաշնակցականություն քարոզող Խորհրդային Հայաստանում վեպը զանազան մեկնաբանություններով չընդունվեց: Կարելի է եզրակացնել, որ թեպետ Մահարու հիմնական թիրախը ՀՅԴ կուսակցությունն ու նրա վարած քաղաքականությունն էր, բայց այն, ինչ խոցել էր հասարակության լայն շերտերին, ուղղված էր եղել ազգային մտածողության  հավաքական ու ընդհանուր հատկանիշի դեմ:  Հավանաբար ճիշտ կլինի ձևակերպել այսպես, որ Մահարու վեպը բախվել էր ազգային սնապարծությանը կամ սեփական պատմությունը սթափ հայացքով դիտելու անկարողությանը: Մահարին ապահերոսականացրել էր հայոց պատմությունը:
Մարկ Նշանյանը «Երկու խոսք» հոդվածում, որ վեպի 2014թ.-ի հրատարակության մեջ որպես  առաջաբան է  ներկայացված, առանձնացնում է երեք կետեր, որոնց պատճառով վեպը ցնցում էր առաջացրել. «Մահարիին վէպը երեք մակարդակներու վրայ կը յառաջացնէր իր յեղափոխութիւնը:                                                                                                                                       ա) Տրամախօսական սկզբունքով գրուած, ուրեմն հակա-պատմական բնոյթ ունեցող վէպ մըն էր (կուզեմ ըսել` ո´չ պատմագրութիւն էր ան, բայց մանաւանդ` ո´չ ալ պատմավէպ):                                                                                                                                           բ) Հակա-հերոսական ներշնչումով  յղացուած գործ մըն էր (հերոսականութիւնը վտանգաւոր ըլլալով նոյնքան գրականութեան, որքան` պատմական մեր ըմբռնողութան համար)                                                                                                                        

գ)  Հայրական մահը բյուրեղացնելուն հռչակելու նպատակով գրուած վէպ մըն էր»[7] :

Պատմության ուսումնասիրությունները վկայում են, որ Առաջին համաշխարհային պատերազմի առաջին ամիսներին հայությունը ապրում էր անհիմն ոգևորության ու հույսերի շրջապտույտում:  Չարենցն էլ էր սրա մասին գրում. Մազութի Համոն խոսում էր ինչ-որ նամակի մասին,  որով հավատացվում էր, թե հայ զորքերը յոթ օրից Էրզրում պիտի հասնեն: Հայությունը նվեր էր սպասում ցարական կառավարությունից` Հայկական վիլայեթների ազատագրության տեսքով:

«Իլյուզիային մի անթափանցիկ մթնոլորտ էինք ստեղծել մեր […] շուրջը: Մեր սեփական ցանկությունները դրել էինք ուրիշների մեջ, մեզ հաճելի իմաստ էինք տալիս անպատասխանատու մարդկանց անբովանդակ խոսքերին, ինքնաներշնչման հիպնոսի տակ կորցրել էինք իրականության գիտակցությունը և տարվել երազանքներով»[8],-գրել է Հայաստանի առաջին հանրապետության վարչապետ Հովհաննես Քաջազնունին  1923թ. Հ.Յ.Դաշնակցության արտասահմանյան մարմինների խորհրդաժողովին ներկայացրած զեկուցագրում, որ հետագայում պիտի տպագրվեր և հայտնի դառնար որպես «Հ. Յ. Դաշնակցությունը անելիք չունի այլևս» աշխատություն: Անհող ու «իլյուզիային» մթնոլորտի մասին են խոսում թե´ Չարենցը, թե´ Մահարին: Ու երբ հայատյաց Ջևդեթը իր զորքերով պաշարում է Վանը, իլյուզիան չքվում է: Համառելն ու պայքարելը կենսական անհրաժեշտություն են դառնում, վանեցին հերոսաբար պայքարում է, և նրա բացառիկ պայքարը կոչվում է հերոսամարտ: Հասարակության սպասումները գրողից չէին համապատասխանում հենց Մահարու խնդիրներին:  Նրանք իրավունք էին վերապահում գրողին հանձնարարական  տալ` Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի  ոգով Վանի հերոսամարտի փառահեղ պատմությունը ներկայացնել:  Բայց Մահարին տարակույս ունի` հերոսամա՞րտ: Մահարին ու նրա պրագմատիկ հերոսը` Օհանես աղան, ուզում են տեսնել իրավացիորեն հայոց պատմության փառավոր էջերից մեկը համարված հերոսամարտի վերջնական ելքը, այն իրականությունը, որը հաջորդել է ինքնապաշտպանական մարտերին: Միևնույնն է` դրախտավայր քաղաքը դարձել էր մեռյալ, և Վանն այդպիսին էր տեսել ու գրել Չարենցը իր «Դանթեական առասպել» պոեմում: Իրականությունն այնքան ողբերգական է, որ ցանկացած բան երկրորդվում է դրան. մինչև այդ տարեթիվն ապրել էր հայը Վանում հազարավոր տարիներ, իսկ այդ տարեթվից հետո` ոչ:  Մահարու համար օրգանիզմը սպանող ցավ էր Վանի կորուստը, ու նա պարզապես անկարող էր հերոսապատում ասք ստեղծել: Բացի այդ Մահարին խիզախություն է անում ցույց տալ երևույթի ստվերոտ կողմերը. նա նկարագրում է նաև հերոսամարտից հետո լքված թուրքական  տներում իրականացված թալանը` այն, ինչ իրականում բնականորեն եղել է:

Մահարին վեպն անձնականացրել էր իր ծննդավայր քաղաքի թողած   հիշողություններով ու նաև սեփական ընտանիքի ճակատագրով:   Եվ  թեպետ գրողը անձնականացրել էր իրականությունն ու Վանը, բայց նրա լայն հայացքի շնորհիվ ամբողջականորեն պատկերվում են Վանն ու ժամանակի իրականությունը: Այս առումով իր հարցազրույցներից մեկում հրաշալի դիտարկում է արել Հրանտ Մաթևոսյանը. «Նա կարծես ցույց տվեց եղեռնը ներսից, քանի որ ինքն էլ եղեռնի սուբյեկտ էր: Դա հավասարազոր է նրան, որ նկարագրես քո մարմնի հիվանդությունը, քո գանգրենան: Վեպի մեջ հեղինակը միաժամանակ և՛ եղեռնի մեջ բոցավառվող փոքր ու անպաշտպան էակն է, և՛ այդ արյունոտ իրադարձությունների վրայով սավառնող արծիվը»[9]:

            Պիտի նշել, որ գաղափարապես ու քաղաքականապես «արատավոր» որակված վեպն իր ուրիշ շերտերով էլ էր հակազեցություն առաջացրել. վանեցիները համարում էին, որ արժանապատվորեն չեն ներկայացված: «Այրվող այգեստաններում» օդային ու սուրբ չեն Մահարու վանեցիները, այլ չափազանց երկրային ու մարդկային թերություններով: Եվ ուղղակի անհնար է չնկատել Մահարու սերը ոչ միայն Վանի, այլ հենց վանեցիների հանդեպ:

Ամփոփելով կարող ենք ասել, որ Մահարու վրա դրված չէր պատմաբանի պարտավորություն` օբյեկտիվորեն քննել իրադարձությունները, բացահայտել կորուստները ծնող պատճառները, և նա կարող էր սխալվել: Իսկ գրողը ընդամենը  ցանկացել էր քննարկման առարկա դարձնել մեր պատմությունը, որի հերոսականությունը հազվադեպ էր կասկածի տակ դրվում:  Հակառակ նժարին դրված կորուստը  ահագնորեն այնքան  մեծ էր  (երեքհազարամյա Վանը), որ Մահարին թերևս ներքուստ անհարկի էր համարում խոսել մեղմ, պատշաճության սահմաններում ու առանց սլաքների: Նրա խնդիրն էր Չարենցի պես ցնցում առաջացնել և ստիպել սեփական պատմությունը սթափ հայացքով դիտել: Գրողը տեսնում էր, որ պատմությունը ողբերգականորեն կրկնվում է` որպես հետևանք սեփական  սխալները չճանաչելու, սեփական սխալներից դասեր չքաղելու:

Այսպիսով` Օհանես աղան, որ Վանից բացի այլ աշխարհ չէր ճանաչում, պիտի թողներ այն: Իրավիճակն այնքան ցավոտ էր ու անսովոր, որ վանեցիները հեգնում են, թե գնում են Ռուսաստան (նկատի ունեն` Արևելահայաստանը) ճամփորդության: Ուշագրավ է ժամանակի պարբերականներից մեկի` «Հովիտ»-ի դիտարկումը, որ մեջբերում է Ավագ  Հարությունյանը իր «Վան-Վասպուրականի ազգաբնակչության 1915 թվականի հուլիսյան գաղթը» ուսումնասիրության մեջ. «Ապշեցուցիչ սառնասրտությամբ ու լռությամբ, ամեն մարդ իր գործին է և այնպես է հաշտվել իր սիրելի վաթանը  թողնելու հետ, կարծես միայն մի ժամվա զբոսանքի է ելնում՝ նորից վերադառնալու…»[10]:  Թեպետ Օհանես աղան պիտի արտասվեր, միևնույնն է` չէր կարող այդ պահին զգալ կորուստի ողջ ահագնությունը: Նա այլևս երբեք չէր վերադառնալու Վան:

Անձն  ընդդեմ իրականության կամ նորից Վանը

Մահարու վեպում ցնցող ու շշմեցուցիչ է պատմական իրականության ու արտաքին դրդիչների ազդեցությունը մարդու անձնական կյանքի վրա և  հակառակը՝ անհատի վարքի ու գործողությունների ազդեցությունը պատմության ընթացքի վրա: Ու այդ ամենն արվում է անտեսանելի թելերով: Այսպես, Արամ փաշան անշուշտ ազդում է իրականության ընթացքի վրա ու շեղում այն (նկատի ունենք հերոսամարտում ունեցած նրա անգնահատելի դերը, որի շնորհիվ Վանի հայությունը փրկվեց ֆիզիկական ոչնչացումից), իսկ իրականությունն իր հերթին ազդում է բազմաթիվ «չեզոք» վանեցիների ու Օհանես աղայի կենսագրության վրա: Թեպետ առաջին հայացքից ու արտաքուստ տեղի ունեցածը խոշոր ու մասշտաբային հեղափոխություն չէ. Օհանես աղան շարունակելու է իր առևտրական գործը Երևան քաղաքում: Երկու տարբեր առանցքներով, ուղղություններով են գնում, բայց միևնույնն է` և՛ Օհանես աղան, և ՛ Արամ փաշան հեռանալու են ու թողնելու են Վանը. նրանց համար Նաիրի երևույթի պես ցնդելու է Վանը, որ կենդանի քաղաք էր: Իսկ Վանն իր բնությամբ ու ճարտարապետությամբ այս ամենին արտաքուստ հանգիստ է արձագանքում: Վեպի վերջին էջերում Մահարին կրկին հնչեցնում է «առաջինը Վա՞նն է, թե վանեցին» հարցը, ո՞վ է առաջինը ստեղծվել ու գոյություն ունեցել՝  ծնունդ տալով երկրորդին: Մահարին պիտի ապշանքով նկատի, որ Վանը քարացած է մնում ու կանգուն, երբ վանեցիները թողնում են այն. «… Վանն անշարժ է: Այսպիսով լուծվում է այն մեծ, բարդ հարցը թէ ո՞վ է առաջինը գոյակերպուել, Վա՞նը, թէ վանեցին: Պարզ է,  որ առաջ-առաջ Վանն է եղել, որովհետև, նայի՛ր բաց աչքերով ու համոզուիր, վերջին վանեցին դուրս եկավ Վանից, իսկ Վանը կանգնած է անշարժ ու անյողդողդ ու նայում է կանաչ աչքերով՝ մի դէմքը դեպի անցեալ, միւսը գալիք դարերին…                                           Համաձայնուեցինք…բայց այդ դէպքում մի վերջին հարց,- իսկ ո՞վքեր են շինել Վանը… Ի՛նչ-եւ՛-ի՛-ցէ» [11]:

            Մահարու հարցը ձևափոխվում է այդպես՝ ո՞վ է վանեցին, երբ իրենց իսկական վանեցի համարողները վաղուց այնտեղ չեն ապրում: Վանի կանաչ աշխարհի գոյությունը չի խարխլվել հայաթափվելուց հետո, բայց չէ՞ որ ինչ- որ խզում պիտի լիներ մարդկանց ու բնության միջև. արդյոք Վանա լճի  հայերեն արձագանքող ալիքները հասկանալի են այսօր Վանում ապրողներին. «Վերջին գիշերը փռուեց Վանի վրայ:  (Դու, ի՞նչ է, ընթերցողի վրա՞յ ես ուզում ազդել, ինչու «վերջին գիշեր. այդ օրերից անցել է կէս դար, մի՞թե գիշեր չի այնտեղ, սև՞ գիշեր, չնայած, որ նույն արէւն է ծագում, նոյն լուսինը եւ, ինչպես վերջերս վկայեց բիթլիսեցի մի նշանաւոր ամերիկյան գրող, դեռ կանգուն են այնտեղ և Վարագա սարը, եւ բերդը, եւ  ծովը, եւ Աղթամարը: Ինչ խօսք, որ նորից ձայն է տալիս ո՛վ ծովակը,  բայց նրա լեզուն  ոչ ոք չի հասկանում»[12]:

Հարցի պատասխանը Մահարին չի տալիս: Փաստը իր դառնությամբ անհերքելի է մնում`անհատը, որ ամեն ջանք գործադրում էր իրականության ընթացքը փոխելու համար, չի կարողանում կառավարել այդ նույն իրականությունը. Արամը տալիս է Վանի հուլիսյան գաղթի հրամանը:

Այդ ուրիշ քաղաքները, գրողներն ու վեպերը:

1915 թվականի հուլիսի 2-ին Գուրգեն Մահարին կորցրեց իր ծննդավայր Վանը,  1920 թվականի հոկտեմբերի 30-ին Եղիշե Չարենցը՝ հայրենի Կարսը:   Չարենցն ու Մահարին  չանցան մինչև  Դեյր-էլ-զոր (կամ Դեր Զոր) ձգվող դժոխային ճամփան, բայց կորցրին իրենց քաղաքները, որ կենդանի էին, շնչում էին ու դարձան «մեռած[13]»: Մինչ 1915 և 1920  թվականները հայոց հնագույն երկու մայրաքաղաքներում՝ իրենց պատմական հայրենիքում, հազարավոր տարիներ ապրել էին հայերը ու ստեղծել,  բայց ոչ այդ թվականներից հետո:

Շատ թելերով են շաղկապված ոչ միայն Վան ու Կարս քաղաքների կենսագրությունները, այլ նաև այս քաղաքների ծնունդ գրողների՝ Չարենցի ու Մահարու: 20-րդ դարի սկզբում պատմության տարօրինակ ու բարդ խաղերն այնպես են դասավորվում, որ օսմանյան կանոնավոր զինուժի դեմ հերոսական կռիվ տալուց ու հետ շպրտելուց  հետո դատարկվում է շեն Վանը, և ապա մի քանի տարի անց առանց մի կրակոցի հանձնվում է դարեր շարունակ անառիկ համարվող բերդաքաղաք Կարսը: Քաղաքների պատմական դրությունները որոշակի առանձնահատկություններ ունեին (դրանք  տարբեր` Ռուսական ու Օսմանյան կայսրությունների  մի մասն  էին, իսկ Կարսն անկման օրերին Հայաստանի առաջին հանրապետության կազմում էր), բայց նրանց բնակիչներին վիճակված էր նույն ճակատագիրը՝ լքել դրանք:  Եվ ահա Չարենցի ու Մահարու կենսագրությունները պիտի հատվեին Երևան քաղաքում, որտեղ նրանք ճարտարապետների պես պիտի վերաստեղծեին կորցրածը ( «Երկիր Նաիրի»- «Այրվող այգեստաններ»):

Եթե Չարենցը չի տալիս Կարս անունը,  և Նաիրին մնում է որպես միֆային երևույթ,  ապա Մահարին հեշտորեն իր ծննդավայր քաղաքի անունը տալիս է, պարզ ուրվագծում դրա պատկերները: Չարենցը չափազանց շատ էր սիրում Կարսը, իսկ Մահարին` Վանը, երկուսն էլ նույնքան լավ ճանաչում էին սեփական քաղաքները: Ու իրենց այդ սիրով ու հարազատությամբ իրավունք էին վաստակել գրել այդ քաղաքների մասին ու նաև ծաղրական շեշտերով խոսել: Երկու վեպում էլ հեգնանքն ու ծաղրը ձուլված են ողբերգական ցավի հետ, և այնքան ներդաշնակ են, որ զատելն անհնար է դառնում: Մահարու վեպի որոշ էջերում իշխում են վանեցիական հումորը ու ծիծաղը, բայց  իրականությունը դրան իր դառնությունն է ավելացնում: Վեպերում երգիծանքի տոկոսի խնդիրը Չարենցը մեկնաբանել է այսպես, թե  ինքը «չարությամբ ու կծու»  է պատմել իր Ղարսի մասին, իսկ Մահարին իր Վանի մասին՝ ջերմությամբ ու բարի: Մահարին, պատասխանելով դիտարկմանը, թե թեթև տոնով ու քմծիծաղով է գրել Վանի մասին, իր հերթին նկատում է, թե վեպն ըստ էության խորքում այնքան ողբերգական է, որ վեպի  ճակատին նույնիսկ կարելի էր գրել Մատյան ողբերգության:

Մահարին, որ կորցրել էր իր աշխարհը, ընտանիքը, Երևանում  հայտնաբերել  էր Չարենցի աշխարհը: Ուստի ակնհայտ է Չարենցի ազդեցությունը Մահարու գրողական տեսակի ձևավորման վրա, իսկ «Երկիր Նաիրի»-ի ազդեցությունը «Այրվող այգեստանների» վրա, բայց նրանք բոլորովին տարբեր գրողներ են, վեպերն էլ` միանգամայն ուրիշ գործեր: Երկու վեպերն իրենց հայացքների ընդհանրությամբ որքան էլ նման, նույնքան էլ տարբեր են, և սա պայմանավորված է նաև  նյութի` Կարսի ու Վանի առանձնահատկություններով: Մահարին գրել է. «Չեմ ժխտում, որպէս գրական գործ նա կը կանգնի  միայն «Երկիր Նայիրու» և «Կյորեսի»  կողքին, բայց սա միայն եւ միայն գրական մշակոյթի, արձակի, նորագոյն մեր արձակի զարգացման աստիճանի առումով եւ ոչ թէ հոգու կամ ոգու…»[14]:

Երկու գրողներն էլ պատմությունը նույն հայացքով են դիտում` ապահերոսական: Երկու վեպերում էլ պատմական իրականությունը ճշմարտացիորեն է վերականգնված. խնդիրն այդ պատմությանն ուղղված սուբյեկտիվ հայացքը ընդունելու կամ մերժելու մեջ է: Եթե կինոմտածողությամբ դատենք, պիտի Մահարուն ու Չարենցին վավերագրողներ կոչենք:

Չարենցը հռետոր է, միջնադարյան գրիչ, Մահարին` առավել վիպագիր: Չարենցը զգուշացնում է ընթերցողին, որ եվրոպական վեպերի պես չի պատկերելու կերպարների հոգեբանությունը, և այդ այլակերպ վեպում գործող կերպարներին պրոյեկտում է  իր մտածողությանը, ու թվում է, որ Կարսից ու Չարենցից դուրս նրանք գոյություն չունեն: Թեպետ էլի բոլոր դեպքերը պտտվում են Վանի շուրջը, բայց   Մահարին վեպը անձնականացրել էր իր կենսափորձով: Եվ չնայած դրան` Մահարու ստեղծած կերպարները կարծես ապրում են իրենց սեփական կենսագրությամբ և   կենդանանում են իրենց հոգսերով, թաքցրած հույզերով, երազներով, վախերով ու արցունքներով:

Եվ եթե անտուն Մեռելի Ենոքին` այսպես ասած աննշան նաիրցուն վիճակված էր Կարսի վերջին նահատակներից մեկը դառնալ, ապա «Այրվող այգեստանները» վեպում Մահարին միգուցե ակամա ամենաաննշան (չնայած աննշան կամ հասարակ վանեցի չկար) և էլի անտուն վանեցուն` Կանդոյան Հակոբին,  վերապահում է ամենագլխավոր դերը. հենց նրա անավարտ մնացած «Վասպուրական» երգի վերջին «կան» բացականչությունը օրերից մի օրեր լսելու սպասումով է եզրափակվում վեպը:

Ե´վ Մահարու, և´ Չարենցի վեպերը պարտության ու կորստի ցավոտ զգացումը ապրելու փորձառություն են տալիս:

Ինչպե՞ս փրկել Վանը, երբ այլևս անհնար է փրկել

Բազմաթիվ փորձություններ անցած (հայրենիքի կորուստ, որբություն, աքսորի երկար տարիներ) և ծանր հիվանդությունից ընկճված Գուրգեն Մահարու համար իր  գլխավոր գրքի այրումը տեսնելու հարվածը սարսափելի ծանր էր, բայց նա հստակ գիտակցում էր, որ «Այրվող այգեստաններ»-ը գրում է Վանի գոյականությունն ապահովելու համար: Իրոք թվում է, որ Մահարուն դիմակայելու ուժ է տվել Վանի մասին գրելու  հզոր մղումը:

Ի տարբերություն Նաիրի անունով երևույթի, Վան անունով քաղաք այսօր էլ գոյություն ունի աշխարհագրական քարտեզի վրա, սակայն արդեն ուղիղ մեկ դար քաղաքում չի ապրում հայը, որի արմատները հենց այդ հողում են: Մահարին գաղթել էր Վանից տասներկու տարեկան հասակում, ուստի վեպի միջոցով նա մոռացությունից փրկում էր իր հիշողություններում փայփայված  կանաչ քաղաքը:

«Երկիր Նաիրի»-ի Կարսը քարե ճարտարապետության սառնությունն ու գեղեցկությունն ունի, Չարենցի վեպը այդ սառը գեղեցկությամբ է կառուցված:  Ծովն ու այգիները Վանը  դարձրել են կանաչ, ուստի «Այրվող այգեստաններ»-ը կանաչ գունավորում ունեցող վեպ է:

Չարենցը փրկեց Կարսը, իսկ Մահարին՝ Վանը, երբ դրանք փրկելն այլևս անհնար էր:

[1] Ասրյան Ա. Ա., Արամ Մանուկյան. կյանքը և գործը, Երևան, 2005, էջ 3:

[2]    Արամը այնքան է հարազատացել Վանին ու սիրել այն, որ իրեն վանեցի է համարել:

[3]    Մահարի Գ., Այրուող այգեստաններ, Երևան, 2004,  էջ 371:

[4]         Աղաբեկյան Կ. Բ., Գուրգեն Մահարի, Երևան, 2013, էջ 224:

[5] Սարուխանյան Մ., «Պատմական հերոսի գեղարվեստական կերպավորման առանձահատկությունները Գուրգեն Մահարու «Այրվող այգեստաններ» վեպում», Կանթեղ. Գիտական հոդվածների ժողովածու,2009, № 1, էջ 27, տես`http://kantegh.asj-oa.am/1123/1/24-34.pdf:

[6]    Տես`    Գրիգոր Աճեմյան, «Այգեստանների «գրական» հրկիզումը»` Մահարի Գ., Այրուող այգեստաններ, Երևան, 2004, էջ 631

[7]  Տես` Մարկ Նշանյան, «Երկու խոսք»`Մահարի Գ., նշվ. աշխ, էջ 10:

[8]  Քաջազնունի Հ, Հ.Յ. Դաշնակցությունը անելիք չունի այլևս,  Երևան, 1994, էջ 6

[9] Մաթևոսյան Հ.,«Ես ես եմ»,  հարցազրույցներ,  Երևան, 2005, էջ 70:

[10]  Հարությունյան Ա., «Վան-Վասպուրականի ազգաբնակչության 1915 թվականի հուլիսյան գաղթը», Լրաբեր հասարակական գիտությունների, 2002, №2, էջ 52, տես` http://lraber.asj-oa.am/797/1/2002-2(46).pdf :

[11] Մահարի Գ., Այրուող այգեստաններ, Երևան, 2004,  էջ  545:

[12] Նույն տեղում, էջ 548

[13] Այդպես է տեսել Չարենցը Վանն ու պատկերել  «Դանթեական առասպել» պոեմում:

[14] Տես`    Գրիգոր Աճեմյան, « Այգեստանների «գրական» հրկիզումը»` Մահարի Գ., նշվ աշխ, էջ 625

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *