Արփի Ջանյան | Պատմություն տան մասին

Արևը առաջին շողերն էր տարածում, երբ գյուղ գնացող միակ ավտոբուսը, քարքարոտ ճանապարհը հաղթահարելով, հասավ տեղ:
Գյո՜ւղ, հա գյուղ… Մեր գյուղը ընդամենը մի փողոց էր: «Մեր» ասելով էլ մի քիչ չափազանցրի, որովհետև «մեր»-ից միայն հիշողություններ էին մնացել:
Ավտոբուսից իջանք ու գյուղի շեմին` միակ խանութ-սրճարանի դիմաց նստած պապիկը մտածկոտ նայեց ու ասաց. «Բարև ձեզ»: Գյուղի հիմնական այցելուները թուրքեր կամ թուրքախոսներ էին (հայերը հատուկ նպատակներով էին այցելում միայն): Ի՞նչ իմացավ, որ հայ ենք: Ի՞նչու միանգամից հայերեն խոսեց: Հայերեն խոսողները ճակատին հատուկ նշա՞ն ունեն: Սրանք հարցեր էին, որոնց մասին միայն հետո սկսեցի մտածել, իսկ այդ պահին պատրաստ էի գրկել յուրաքանչյուր հայախոս մարդու: Հայրս մի փոքր զրուցեց նրա հետ, պատմեց ով ենք, որտեղից ենք եկել:
-Փաստորեն Հայաստանի՜ց,- ասաց պապիկը ու հոգոց հանեց:
Եկեղեցու բակում, որտեղ սովորաբար հավաքվում էին տեղի բնակիչներն ու հյուրերը, սովորականից շատ մարդ կար: Եկեղեցին ցածր տանիքով կառույց էր` բաց գույնի քարից: Բակը շրջապատված էր բարդիներով, որոնք պապս էր ժամանակին տնկել: Իսկ հիմա դրանք ինը հարկանի շենքի բարձրություն ունեին: Սուրճի սեղանի շուրջ հավաքվել էին տարեց մարդիկ, որոնք իրենց առօրյան անցկացնում էին գործելով ու թղթախաղով:
Վաքըֆը Թուրքիայում պահպանված միակ հայկական գյուղն է` Մուսա լեռան յոթ գյուղերից մեկը: Պաշտոնական տվյալներով այնտեղ բնակվում է 135 մարդ, իսկ ինչպես նշեց բնակիչներից մեկը, այնտեղ բնակվում է 99 մարդ, քանի որ երիտասարդները հիմնականում գյուղում չեն մնում, եւ առաջին իսկ հնարավորության դեպքում տեղափոխվում են քաղաք՝ սովորելու:
Տեղավորվեցինք գյուղապետի տանը, ով մեր բարեկամն էր: Տան բակը սկսվում էր այնտեղ, որտեղ վերջանում էր այդ ընտանիքին պատկանող այգին: Առաջին անգամ այգի մտնելուց գլխապտույտ զգացի, որովհետեւ մի քանի կիլոմետրանոց տարածքը զբաղեցնում էին իրարից մոտ մեկ մետր հեռավորության վրա գտնվող նարնջի ծառերը, որոնք ճկվում էին բերքի ծանրությունից: Այգու տերերն էլ իրենց կոպերի ծանրությունից ու կենցաղից էին ճկվում, բայց ծառերը մեղք չունեին: Մի քանի րոպե սառած աչքերով ուսումնասիրում էի դրանք, որովհետեւ փոքր ժամանակ ենթադրել էի, որ նարինջը թփերի վրա է աճում, իսկ իրականում այն ծառի վրա տեսնել, նշանակում է կոտրել մանկության պատկերացումը: Նարինջը գյուղի բնակիչների միակ զբաղմունքն ու ապրուստի միջոցն էր: Բոլոր ընտանիքները նարնջի ծառեր ունեին ու բերքը վաճառում էին մոտակա քաղաքներին, վեց կիլոգրամը՝ երկու դոլլարով: Նաեւ պատրաստում էին մուրաբա եւ անուշեղեն, որը վաճառում էին գյուղի այցելուներին:
Մի փոքր այլ էի պատկերացնում գյուղ այցը: Ժամանելու հաջորդ իսկ առավոտյան անցանք գործի` ճաշ պատրաստել, մաքրություն անել և այլն: Ամեն առավոտ, գյուղի կանայք, թողնելով իրենց ընտանիքի հոգսերն ու խնդիրները, հավաքվում էին գյուղի միակ իջևանատանը, որը այդպես էլ չնշեց իր բացումը, քանի որ բացումը պլանավորվածից շուտ տեղի ունեցավ ու ոչ այնքան հաճելի պայմաններում:
Քեսաբը ռմբակոծում էին: Տարեց մարդիկ, որոնց մասին պատմեցի, այն քսանհինգ հայերն էին, որոնց հասցրել էին տեղափոխել Վաքըֆ: Իրենց վատ էին զգում, կարծում էին, թե նեղություն են տալիս գյուղի բնակիչներին, բայց էլ ու՞ր գնային, այդպես հիվանդ, խեղճ ու ծեր: Մի անգամ, երբ եկեղեցու բակում՝ աստիճանի վրա նստած լուսանկարում էի ծաղկած վարդերը, պապիկներից մեկը նստեց կողքիս, գրպանի դանակով կիսելով նարինջը մեկնեց ինձ ու խնդրեց, որ մի քանի նկար ցույց տամ հիմիկվա Հայաստանից: Պապիկի անունը Սարգիս էր, ապրում էր Քեսաբում, ուներ երեք որդի ու հինգ թոռ: Փորձում էի չխոսել վերջին իրադարձությունների մասին, բայց քանի որ բոլորը խուսափում էին խոսակցությունից, Սարգիս պապիկը երեւի որոշեց, որ ամենահարմար թեկնածուն եմ զրույցի համար: Պատմեց, որ կոշկակար է, ու իր փոքրիկ արհեստանոցն ունի քաղաքում. «Կինս իշլի քյուֆթա էր պատրաստել, երբ զինվորները ներս մտան, ասացին, որ լքենք տունը… Հյուրասենյակի հատակի տակ մի փոքր գումար ունեի պահած, փորձեցի աննկատ վերցնել, բայց նկատեցին, գումարն էլ վերցրին, թանկարժեք իրերն էլ…Իշլի քյուֆթան էլ մնաց սեղանին, էնքան տաք ու համով… Իսկ մենք հազիվ հասանք Վաքըֆ՝ ոտաբոբիկ ու անոթի…»
Հասկանո՞ւմ էր արդյոք պապիկը, որ պատմությունը պատմում էր մի երիտասարդ ուսանողի, ով ամեն օր սովորում էր խաղաղության, դեմոկրատիայի ու հավասարության մասին: Ես սովորում էի, թե ինչ է ամերիկյան երազանքը. գաղափարախոսություն` հավասարության, արդարության մասին: Իսկ ի՞նչ գիտեի ես հայկական երազանքի մասին: Հայկական «երազանքը» ընդամենը մետաղի կտոր է, որն ունի ղեկ, մոտ երկու տոննա ծանրություն ու այլևս չի արտադրվում: Հայկական երազանքի ղեկին նստողը հեռու չի գնա, ի՞նչ իմանաս՝ շարժիչը մինչև ուր յոլլա կտանի…

Հետո գլխից հանեց գլխարկը ու ցույց տվեց մեջը կարած բանալին. «Տանս բանալին է: Հո՞ էստեղ չեմ մնալու, պիտի, չէ՞, մի օր վերադառնամ տուն… Միշտ որդիներիս ասում էի՝ շրջե՛ք, նոր երկրներ բացահայտե՛ք, բայց ունեցե՛ք մի տեղ, ուր պիտի վերադառնաք, որտեղ ձեզ սպասում են։ Հիմա ինքս չգիտեմ, կգտնե՞մ տունս, երբ վերադառնամ, թե ավիրված կլինի։ Կարոտում եմ տունս, ու ակամայից սկսում եմ կարոտել այն ամենը, ինչ երբեւէ կորցրել եմ: Օրինակ՝ առաջին սերս կարոտեցի: Երբ երիտասարդ էի, մի աղջկա հանդիպեցի, սեւ աչքեր ուներ, ու քո մազերի նման երկա՜ր մազեր: Ուզում էինք ամուսնանալ ու սիրուն երեխաներ ունենալ: Բայց բաժանվեցինք… Ու հիմա աշխարհի բոլոր սիրուն երեխաները իմն են: Մեկ էլ մանկությունս կարոտեցի, որովհետեւ հիմա նարնջի համար երկու դոլլար եմ վճարում, իսկ երբ փոքր էի, նարինջներով թռչուններին էի զարկում, որ բերքը չփչացնեն…»

Վերջին օրը, երբ ճամպրուկս էի տեղավորում մեքենայի մեջ, տեսա Սարգիս պապիկին: Մարդ, ով ականատես էր եղել այնպիսի բաների, ինչպիսիք մարդկային աչքը չպիտի տեսնի, լաց էր լինում: Մի փոքր հեռու նկատեցի նաև պատճառը: Երեխաներից մեկը թևքի մեջ փոքրիկ ծիծեռնակ էր պահել, մնացածը` փայտից տնակ էին սարքում նրան տեղավորելու համար:

Մտածեցի, թե ի՜նչ հաջողակ են նրանք, ովքեր ծնվել են մի երկրում, որտեղ խաղաղությունը որպես բնական շնորհ է ընկալվում: Որտեղ մարդիկ ոչ միայն կարող են կերակրել իրենք իրենց, այլ մտածում են թռչունների համար տուն շինելու մասին: Ու ես՝ մարդ, ով շահել է կյանքի վիճակախաղը՝ ապրելով խաղաղ երկրում (կարելի է վիճարկել, իհարկե), հասկացա, որ անհաշտության դեպքում, ցավը հարևանի տուն չի գնում… Ու նաև հասկացա, որ մեծագույն ձեռքբերումը, նաև մեծագույն պատասխանատվություն է: Ինչպե՞ս ենք մե՛նք վճարում այդ պատասխանատվության դիմաց։

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *