Դավիթ Մուրադյան | Քո տունն ու քո մահը

Դավիթ Մուրադյան

Այս պատմվածքն իմ առաջին գրքից է, որը լույս է տեսել ճիշտ 40 տարի առաջ ( «Ուզում եմ քեզ պատմել» , «Հայաստան» հրատ. 1976): Գուցե այսօրվա 25 տարեկաններին հետաքրքիր լինի, թե ինչ էինք գրում մենք, երբ իրենց տարիքին էինք:

Դավիթ Մուրադյան

– Էս կողմերում ջուր կա՞:

Քրտնաթոր մարդը քլունգը հողաթմբին հենեց ու, աչքերը կկոցելով, նայեց նիհարավուն երիտասարդին:
– Հը՞:
– Ջուր կա՞ էս կողմերում: Մի ծորակ կամ ցայտաղբյուր կճարվի՞:
– Չգիտեմ,- պատասխանեց մարդը,- բայց վերևներում գուցե հանդիպես:
Երիտասարդը գլուխը թափ տվեց ու շարունակեց առաջ գնալ: Քլունգի հարվածները նորից հնչեցին, և արևն ավելի սաստկությամբ այրեց: ‹‹Վայ թե երեկոյան անձրևի››,- անցավ երիտասարդի մտքով: Հետո շրջվեց, որ տեսնի, թե ընկերները երևու՞մ են արդյոք: Ընկերները չէին երևում: Քրտնաթոր մարդը՝ նույնպես: Բարձր հուշասյուներն ու ցանկապատերը փակել էին տեսադաշտը: Օդն անշարժ էր ու մածուցիկ:
‹‹Ոչ մի գերեզմանի մոտ աղբյուր չեն կառուցել››, – նկատեց երիտասարդը: – ‹‹Երևի ջրատարը այսքան հեռու չի հասնում››:
Մի փոքր էլ քայլեց, ապա որոշեց ետ դառնալ և ասել, որ ջուր գտնել չկարողացավ: Բայց ընկերները ներքևում գերեզման էին փորում ու ծարավել էին: Ինքն էլ էր ծարավել: Ուստի չվերադարձավ: Հանգստանալու համար նստեց տապանաքարերից մեկի մոտ, թերմոսը ցած դրեց ու սկսեց զննել շրջակայքը: Լռություն: Հեղձուկ: Ճնճղուկներ, որ դեսուդեն են նետվում, ինչպես ծանր մուրճի հարվածից ցայտող քարաբեկորները: ‹‹Ավելի հիմար գերեզմանոց դժվար թե լինի, – մտածեց նա,- ո՛չ ջուր, ո՛չ կանաչ››:
Նույն պահին օդանավի աղմուկ լսվեց, ու նա վեր կացավ: Փորձեց երկնքին նայել, բայց աչքերը ճանկռոտվում էին ճառագայթներից, և հասցրեց նկատել միայն, որ աղմկողն ուղղաթիռ է ու չափից դուրս բարձր է թռչում: Նա երբեք չէր տեսել, որ ուղղաթիռն այդքան բարձրից թռչի:
‹‹Տեսնես վերևներից ինչպիսի՞ն է այս գերեզմանոցը,- հարցրեց ինքն իրեն, – գուցե՝ գեղեցի՞կ›› :
Իսկ նրա ընկերները հեռվում զբաղված էին գերեզման փորելով ու ժամանակ չունեին նման մանրամասնություններ նկատելու: Նրանք կլանված էին աշխատանքով ու ծարավել էին: Գերեզման փորելը խիստ անսովոր ու ավելի քան անախորժ գործ էր ընկերների համար, իր համար նույնպես, և բոլորն էլ համակված էին այդ գործը որքան կարելի է շուտ վերջացնելու ցանկությամբ: Հիշեց այդ մասին: Հիշեց, որ ջուր փնտրելը պատրվակ էր ընդամենը: Որ միայն այն ժամանակ, երբ ինքը վերցրեց թերմոսն ու ասաց, թե գնում է ջուր բերելու, ընկերները ծարավ զգացին: Մինչդեռ նրան հարկավոր էր թողնել ու հեռանալ առայժմ դեռ կիսաբերան փոսի մոտից, որը տագնապ ու զայրույթ էր ներշնչում…
…Թերմոսը թևի տակ առավ: Թափ տվեց շալվարի փոշին ու շարունակեց հաղթահարել բարձունքը: Քիչ անց գերեզմանոցը վերջացավ:
Նրա դիմաց հարթություն էր բացվել՝ ընդարձակ ու ժանգագույն: Աջ կողմում նեղլիկ խճուղի էր, խճուղուց դեն՝ խաղողի այգիները: Իսկ հարթությունից այն կողմ, մի երեք հարյուր քայլի վրա, գյուղն էր:
Երիտասարդը կրկին վերադառնալ ուզեց, թեև գիտեր, որ գյուղում ջուր կգտնվի: Բայց երեք հարյուր քայլ պահանջող տարածությունը շատ երկար ու աննվաճ էր թվում նրան, կռնակն ու դաստակներն էլ ցավում էին հող փորելուց:
– Բալես, էդ ամանի մեջ ջու՞ր է:
Մի ծերուկ նստած էր երիտասարդից փոքր-ինչ հեռու և ծխում էր: Ծերուկի գլխին եզրերը հանգուցավոր թաշկինակ էր քաշած, դեմքն ամբողջովին ծածկված էր կնճիռներով, ինչպես վաղուց հերկած ու այդպես էլ չտրորված դաշտը, իսկ աչքերն էլ մանրիկ էին ու ջինջ-կապտավուն:
– Ոչ,- պատասխանեց երիտասարդը՝ թերմոսը ցնցելով,-ե՛ս էլ եմ ջուր փնտրում:
– Գյուղում կա,-ասաց ջինջ- կապույտ աչքեր ունեցող ծերուկը,- բայց ոտներս թմրել
են, էս մի կտոր տեղն էլ հազիվ անցնեմ: Էկա պառավիս շիրիմը մաքրելու, ծարավեցի…
– Ահա թե ինչ,-ասաց երիտասարդը: Եվ ավելացրեց,-իսկ մենք գերեզման փորելու
ենք եկել:
– Վրայիցդ երևում է, ասաց ծերունին,- ու՞մ համար եք փորում:
– Մի պապիկի, -պատասխանեց երիտասարդը: Եվ ավելացրեց, թեև նրան ոչ ոք չէր
ստիպում: – Ընկերոջս պապն է:
– Օղորմի իրեն,- ջինջ – կապույտ աչքերը երկնքին հառեց ծերունին,- ի՜նձ էլ քիչ
մնացել:
Երիտասարդն ուշադիր նայեց նրան:
– Դու դեռ պինդ ես, – կեղծեց նա,- քեզ ի՞նչ է եղել որ:
– Ութսունվեց տարեկան եմ, – ժպտաց ծերունին:- Չորս թագավորի հող եմ ման եկել
Նիկոլի կռվի ժամանակներում, ու հրես՝ մեռնելու եմ:
‹‹Նիկոլի կռիվն էլ, ուրեմն, առաջին համաշխարհային պատերազմն է››, – մտքում եզրակացրեց երիտասարդն ու մի շատ զզվելի, մաշված խոսք ասաց.
– Բոլորս էլ մի օր մեռնելու ենք:
Ծերունին լուռ մնաց, ծխախոտի քնթուկը նետեց ու ավելի հարմար տեղավորվեց գետնին: Մի պահ երիտասարդին թվաց, թե նա ուղիղ հողից է բուսնել: Եվ որովհետև այդ պատրանքն սկսեց ավելի ու ավելի իրական դառնալ, երիտասարդը փութով ասաց.
– Ես գնամ: Գնամ ջուր բերելու:
– Հա,- հայացքը չբարձրացնելով, արձագանքեց ծերունին,- գնա՛:
Երիտասարդը քայլեց դեպի գյուղ:

* * *

Ցախակույտի մոտ մի խումբ երեխաներ խաղում էին շան քոթոթի հետ: Քոթոթը փրչոտ էր ու դեղնավուն: Երեխաներից մեկի ձեռքին փչովի, դարձյալ դեղնավուն փիսիկ կար, և քոթոթը ցատկում էր՝ փիսիկին բռնելու համար:
– Երեխե՛ք,- ձայնեց երիտասարդը,- ինձ ջուր է հարկավոր:
– Ջուրը կտրել են, -ասաց ձեռքին փչովի փիսիկ ունեցող երեխան:
Մնացածները, քոթոթից բացի, խաղը թողին ու հավաքվեցին երիտասարդի շուրջը:
– Գերեզմա՞ն եք փորում , – հարցրեց մի աղջիկ, որը երևի ամենատարիքովն էր:
Քոթոթը շարունակում էր թռչկոտել և իր ստվերի շուրջն էր պտտվում:
– Այո, – պատասխանեց երիտասարդը,- այստեղից կարգին հեռու է: Մի՞թե տանը
ջուր չունեք:
– Ունենք,- միաձայն արձագանքեց խումբը, իսկ ոտաբոբիկ մի տղա առաջ եկավ ու
ասաց.
– Գնանք մեր տուն ՝տամ:
Քոթոթը պետք եղածից ավելի բարձր ցատկեց ու կողքի վրա շրմփաց գետնին: Իսկ
ոտաբոբիկ տղան, առանց պատասխանի սպասելու, շրջվեց ու քայլեց: Երիտասարդը հետևեց տղային:

Նրանք անցան մի քանի բակերի միջով և ամբողջ ճանապարհին լուռ էին, թեև երիտասարդը ինչ-որ բան ասելու պահանջ էր զգում: Գողունի նայում էր իր ուղեկցի դեմքին, որպեսզի որսա նրա հայացքն ու սկսի խոսել: Բայց ուղեկցի դեմքն ինքնամփոփ լրջություն էր արտահայտում, թեև թարմ էր, ինչպես հենց նոր ջրած արտը, սակայն մեծավարի-մտասևեռ: ‹‹Քանի՞ տարեկան կլինի սա,- մտածեց երիտասարդը.- մի տասներկու կամ տասներեք›› : Նա ցանկացավ մի բան հիշել իր մանկությունից, որ զսպի խոսելու ցանկությունը, լռեցնի իր մեջ բուն դրած անհանգստությունը ու չկարողացավ: Թերմոսն ավելի սեղմեց թևատակին: Մի փոքր արագացրեց քայլերը: Ուղեկիցը՝ ոչ: Եվ երիտասարդն ուզած-չուզած ենթարկվեց նրա քայլվածքին: Վերջապես ինքնամփոփ ու լուրջ տղան կանգ առավ:
– Հասանք,- ասաց նա,- թերմոսը տուր:
Նրանք երկհարկանի ու քարաշեն մի տան դիմաց էին, որի արտասանդուղքին երեք պառավ էին նստել: Երիտասարդը նրանց բարևեց: Պառավները պատասխանեցին, հետո տեղնուտեղը մոռացան երիտասարդի գոյությունն ու իրենց զրույցը շարունակեցին: Նրանք խոսում էին մրթմրթալով, մի բառը թաղելով մյուսի տակ, քանի որ բոլորն էլ անատամ էին: Երիտասարդն ակնդետ նայեց նրանց, հետո տանը նայեց, ու նրա սիրտը կամացուկ թրթռաց, ինչպես քամու բերանն ընկած մազափունջ, ու նա մի պահ կարծեց, թե սա իր, այո՛, այո՛, հենց ի՛ր տունն է, այսքան գեղեցիկ ու խաղաղ, այսքան զով ու ամուր, և որ ինքը հազարավոր մղոններ է կտրել, չորս թագավորի հող ոտնատակ տվել ու հիմա եկել է, վերջապես եկե՛լ է, և ճակատագրի երեք աստվածուհիները՝ այս անատամ ու սմքած պառավները, իրեն անփորձանք բերել- հասցրել են այստեղ, որպեսզի ինքը խոնջացած ու գոհ մեռնի…
‹‹ Սա շոգից է ››, – մի կերպ փորձեց համոզել իրեն երիտասարդն ու ձեռքը ճակատին տարավ, որ ազատվի հանկարծակի զարթնած պատրանքներից: Բայց չկարողացավ: Երկհարկանի, քարաշեն տունն իր անգութ քնքշությամբ դեռ կանգնած էր նրա դիմաց, ճակատագրի երեք աստվածուհիները դեռ նստած էին արտասանդուղքին, և նա չէր կարող խուսափել իրեն հասանելիքից: Եվ այս անգամ նա հավատաց, որ ամեն ինչ այնպես է, ինչպես թվում է իրեն, որ սա՛ է միակ ճշմարտությունը, միակ անխափան երջանկությունը՝ մեռնել քո տան մեջ, որովհետև այս աշխարհում մի՛ բան կա, որ ընդմիշտ կանչում է քեզ՝ քո տունը, ու մի բան էլ կա, որից չես խուսափելու՝ քո մահը, ու պիտի մեռնես քո տան համար, այլապես ոչ ոք չի հավատա, թե իրոք ապրեցիր…
– Ա՛ռ, բռնի՛ր:
Տղան առաջ էր պարզել թերմոսը:
Երիտասարդը մեքենաբար վերցրեց:
– Դու այս տա՞նն ես ապրում,- հարցրեց նա:
– Բա էլ որտե՞ղ, – զարմացավ տղան:
– Իսկ սրանցից ո՞րն է քո տատը: – Երիտասարդը ցույց տվեց երեք պառավներին,
որոնք քիչ առաջ իր ճակատագիրն էին տնօրինել:
– Իմ տատը մեռել է, – պատասխանեց տղան, – իսկ սրանք հարևաններն են:
Մեզ մոտ հով է այս ժամերին, դրա համար էլ գալիս են ու նստում շվաքի տակ:
– Իսկ դու քանի՞ տարեկան ես:
– Տասներկու:
– Անունդ ի՞նչ է:
– Նշան, – կարծես դժգոհությամբ պատասխանեց տղան:
– Իսկ իմը՝ Կարո: Մի՞շտ ես այստեղ ապրելու:
– Չէ, ինչու՞: – Տղան կրկին զարմացավ: – Կգնամ քաղաք սովորելու ու քաղաքում էլ կամուսնանամ:
– Տե՛ս, է՜…
– Քաղաքում տուն կդնեմ, -շարունակեց տղան, իսկ ինքնամփոփ լրջության
արտահայտությունը դեռ մնում էր նրա դեմքին: – Հետո երևի ավտո առնեմ: Ոնց որ Ռոստոմենց Մկրտիչը:
– Ո՞վ :
– Մեր հարևան Մկրտիչը:
– Բայց քաղաքը մոտիկ է այստեղից,- փորձեց հակաճառել Կարոն,- եղած-չեղածը՝
մի կես ժամվա ճանապարհ: Կարող ես ձեր տանն ապրել ու ամեն օր լինել քաղաքում:
– Չէ , – ձեռքը թափ տվեց տղան, – չէ՛:
– Ծնողներդ չեն թողնի, – մի վերջին հույսից կառչեց Կարոն, որովհետև նրան թվում
էր, թե մի թանկագին բան անվերադարձ փախչում է իրենից:
– Կթողնեն: -Տղան առաջին անգամ ժպտաց տարօրինակության չափ ծանոթ
ժպիտով: – Բայց պա՛պս, այ, պա՛պս չի ուզում:
Կարոն լարվեց:
– Ինչու՞ չի ուզում պապդ:
– Եսի՞մ: Ասում է, որ ինքը ութսունվեց տարեկան է, չորս թագավորի հող է չափչփել
ու էլի իր տանն է մեռնելու: Պառավել, իր համար խոսու՛մ է , էլի՛:
Կարոն հասկացավ, որ այլևս ոչինչ չունի ասելու: Նա կրկին զգաց, թե ինչպես է կամացուկ սեղմվում սիրտը, և զգաց, որ մի անհասկանալի թախիծ բույն է դրել իր մեջ: Իսկ տղան կանգնել ու զուսպ անտարբերությամբ սպասում էր, թե երբ է նա գնալու:
Կարոն ասաց.
– Դե լավ, ես գնամ: – Ու ձեռքը մեկնեց տղային:
Տղան հազիվ նշմարելի հետաքրքությամբ նայեց նրան, սեղմեց պարզված ձեռքը:
– Շնորհակալություն, – ասաց Կարոն:
– Համեցեք, – պատասխանեց տղան:

* * *

Կապույտ, ջինջ աչքերով ծերունին մեկնվել էր հողին ու քնել:
‹‹ Իսկ ես ուզում էի ջուր տալ նրան, – մտածեց Կարոն: – Դե լավ, թող քնի ››:
Ապա մի վերջին անգամ սևեռուն զննեց նրան, կարծես աշխատելով փնտրել ու գտնել նրա անցած ճանապարհների, նրա ապրած ութսունվեց տարիների, մի քանի քայլ այն կողմ նրան սպասող մահվան ու խաղաղ, երկհարկանի տան պատմությունը, հետո մտավ գերեզմանոց ու, քայլերն աստիճանաբար արագացնելով, գնաց ընկերների մոտ, որոնք բոլորն էլ տուն ունեին ու գերեզման էին փորում:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *