ՎՍԵՎՈԼՈԴ ԳԱՐՇԻՆ | Կարմիր Ծաղիկ

Թարգմանչի նախաբանը կարդացեք այստեղ

(Իվան Սերգեևիչ Տուրգենևի հիշատակին)

I
– Նորին կայսերական մեծություն տեր կայսեր Պետրոս Առաջինի անունից վերստուգո՛ւմ եմ հայտարարում սույն գժանոցում:
Այս խոսքերն ասվեցին բարձր, կտրուկ, զրնգուն ձայնով: Հիվանդանոցի գրագիրը, որ թանաքոտ սեղանին դրված մեծ ու քրքրված գրքի մեջ էր անցկացնում հիվանդի անունը, չկարողացավ թաքցնել ժպիտը: Բայց հիվանդին ուղեկցող երկու երիտասարդները չէին ծիծաղում. նրանք հազիվ էին ոտքի վրա մնում երկու անքուն օրից հետո` անցկացրած խելագարի հետ, որին հենց նոր տեղ էին հասցրել գնացքով: Նախավերջին կայարանում կատաղության նոպան ուժեղացավ. ինչ-որ տեղից խելագարի զսպաշապիկ ճարեցին և, վագոնավարներին ու ժանդարմներին կանչելով` հագցրին հիվանդին: Այսպես նրան բերեցին քաղաք, այսպես էլ հասցրին հիվանդանոց:
Նա սարսափելի էր: Նոպայի ժամանակ ծվեն-ծվեն եղած հագուստի վրայից հագած վզամասի լայն բացվածքով պարուսինե կոպիտ բաճկոնը գրկել էր նրա իրանը, երկար թևքերը նրա ձեռքերը խաչաձև սեղմել էին կրծքին և կապված էին մեջքի կողմից: Լայն բացված բորբոքված աչքերը (տասը օր չէր քնել) վառվում էին անշարժ շիկացած փայլով, նյարդային ջղակծկումից թրթռում էր ներքևի շրթունքի անկյունը, խռիվ գանգուրները բաշի նման իջել էին ճակատին: Նա արագ ծանր քայլերով ետ ու առաջ էր անում գրասենյակի անկյունից անկյուն` հետաքրքրասիրությամբ զննելով թղթերով լեցուն հին պահարաններն ու մոմլաթապատ աթոռները և հազվադեպ հայացք գցելով իր ուղեկիցների վրա:
– Սրան բաժանմունք տարեք: Աջ:
– Գիտեմ, գիտեմ: Ես ձեզ հետ անցյալ տարի արդեն եղել եմ այստեղ: Մենք ծանոթանում էինք հիվանդանոցին: Ես ամեն ինչ գիտեմ, և ինձ խաբելը դժվար կլինի, – ասաց հիվանդը:
Նա շրջվեց դեպի դուռը: Դռնապանը բացեց այն. նույն արագ, ծանր և վճռական քայլքով, խելագար գլուխը բարձր պահած` նա դուրս եկավ գրասենյակից և գրեթե վազքով գնաց դեպի աջ, դեպի հոգեկան հիվանդների բաժանմունքը: Ուղեկցողները հազիվ էին հասնում նրա ետևից:
– Զանգը սեղմիր: Ես չեմ կարող: Դուք կապել եք իմ ձեռքերը:
Դռնապանը բացեց դուռը, և ճամփորդները մտան հիվանդանոց:
Դա մեծ քարե շենք էր` կառուցված հին արքունական ոճով: Երկու մեծ դահլիճ, մեկը` ճաշարան, մյուսը` ընդհանուր տարածք հանգիստ հիվանդների համար, լայն միջանցք դեպի ծաղկանոցով այգի թեքվող ապակե դռնով, իսկ ներքևի հարկում կային մոտ երկու տասնյակ առանձին սենյակներ, որտեղ ապրում էին հիվանդները, հենց այստեղ էլ կահավորված էին երկու մութ սենյակներ, մեկը` երեսպատված ծածկոցներով, մյուսը` տախտակներով, որոնցում պահում էին մոլեգիններին, և մի հսկայական մռայլ սենյակ` կամարներով. դա լոգարանն էր: Վերևի հարկը զբաղեցնում էին կանայք: Այնտեղից անկանոն աղմուկ էր լսվում, որն ընդհատվում էր ոռնոցներով ու ճիչերով: Հիվանդանոցը նախատեսված էր ութսուն մարդու համար, բայց քանի որ ծառայում էր շրջակա մի քանի նահանգների, ապա այնտեղ տեղավորում էին մինչև երեք հարյուր հոգու: Ոչ մեծ խցերում դրված էին չորսական և հինգական մահճակալներ. ձմռանը, երբ հիվանդներին այգի դուրս չէին թողնում և բոլոր պատուհանները երկաթե վանդակաճաղերի ետևում պինդ փակում էին, հիվանդանոցում անտանելի հեղձուկ էր լինում:
Նոր հիվանդին տարան այն սենյակը, ուր տեղավորված էին լոգարանները: Առողջ մարդու վրա էլ այն կարող էր ծանր տպավորություն գործել, իսկ խանգարված, գրգռված երևակայության վրա առավել ևս ծանր էր ազդում: Դա մի մեծ սենյակ էր` կամարներով, լպրծուն քարե հատակով և լուսավորվում էր անկյունում բացված միակ պատուհանից ընկնող լույսով, պատերն ու կամարները ներկված էին մուգ կարմիր յուղաներկով, կեղտից սևացած հատակին, դրան հավասար, հարմարեցված էին երկու քարե լոգարաններ, որպես երկու ձվաձև փոսեր` ջրով լի: Ջուրը տաքացնելու կոնաձև կաթսայով և պղնձե խողովակների ու ծորակի մի ամբողջ համակարգով սարքավորված հսկայական պղնձե վառարանն զբաղեցնում էր պատուհանի դիմացի անկյունը. խանգարված գլխի համար արտակարգ մռայլ և ֆանտաստիկ բնույթ էր կրում այդ ամենը, և լոգարանները տնօրինող պահակը` ցմփոր, միշտ լռակյաց մի խախոլ, իր մռայլ կերպարանքով սաստկացնում էր տպավորությունը:
Եվ երբ հիվանդին բերին այդ սարսափելի սենյակը` լոգանք ընդունելու և, համաձայն հիվանդանոցի գլխավոր բժշկի սահմանած բուժման համակարգի, ծոծրակին մեծ սպեղանի դնելու, նա սարսափ և ցասում ապրեց: Նրա գլխում պտտվեցին անհեթեթ մտքեր` մեկը մյուսից հրեշավոր: Ի՞նչ է սա: Ինկվիզիցիա՞: Գաղտնի մահապատժի վա՞յր, որտեղ իր թշնամիները որոշել են իր վերջը տալ: Գուցե հենց դժո՞խքն է որ կա: Վերջապես նրա գլխում մի միտք փայլատակեց, որ դա ինչ-որ փորձություն է: Նրան հանվեցրին` չնայած հուսահատ դիմադրությանը: Հիվանդությունից կրկնապատկված ուժով նա հեշտորեն դուրս էր պրծնում մի քանի պահակների ձեռքից, այնպես որ նրանք գետնին էին տապալվում, ի վերջո չորս հոգով նրան վայր գցեցին և, ոտքերից ու ձեռքերից բռնած, ընկղմեցին տաք ջրի մեջ: Այն նրան եռացրած թվաց, և նրա խելազուրկ գլխում անկապ ու կցկտուր մի միտք առկայծեց. իրեն փորձության են ենթարկելու եռացրած ջրով և շիկացրած երկաթով: Շնչահեղձ լինելով բերանը ջուր լցվելուց և ջղաձգորեն թափահարելով ձեռքերն ու ոտքերը, որոնք ամուր բռնել էին պահակները, նա, խեղդվելով, կցկտուր նախադասություններ էր բացականչում, ինչի մասին պատկերացում կազմել հնարավոր չէ` մինչև այն չլսես: Հնչում էին և՛ աղոթքներ, և՛ անեծքներ: Նա ճչաց ուժասպառ լինելու աստիճան և, վերջապես, ցածրաձայն, ջերմ արցունքներն աչքերին, արտաբերեց մի ֆրազ, որը բացարձակապես կապ չուներ նախորդ խոսքի հետ.
– Մեծ նահատակ Սո՛ւրբ Գևորգ: Քո ձեռքն եմ հանձնում մարմինն իմ: Իսկ ոգիս` ոչ, օ, ո՛չ…
Պահակները դեռ պահում էին նրան` չնայած որ նա հանգստացել էր: Տաք լոգանքն ու գլխին դրված սառույցով ռետինե պարկն արել էին իրենց գործը: Բայց երբ նրան, գրեթե անզգա վիճակում, հանեցին ջրից և նստեցրին աթոռին` սպեղանին դնելու` ուժերի մնացորդն ու խելագար մտքերն ասես նորից հորդեցին:
– Ինչի՞ համար: Ինչի՞ համար,– գոռում էր նա:– Ես ոչ մեկին վատություն չէի կամենում: Ինչի՞ համար է պետք ինձ սպանել: Օ-օ-օ՜: Օ՜, Աստված իմ: Օ՜, դուք` ինձնից առաջ տառապանքի ենթարկվածներ: Ձեզ եմ աղաչում, փրկեցեք…
Ծոծրակին այրող հպումը նրան ստիպեց հուսահատ թպրտալ: Սպասավորները չէին կարողանում զսպել նրան և չգիտեին, թե ինչ անեն:
– Ոչինչ չես կարող անել,– ասաց գործողությունը կատարող զինվորը:– Պետք է քերել-ջնջել:
Այս պարզ խոսքերը հիվանդին սարսափեցրին: «Ջնջե՛լ… Ի՞նչը ջնջել: Ո՞ւմ ջնջել: Ի՛նձ»,– մտածեց նա և մահացու սարսափած` փակեց աչքերը: Զինվորը երկու ծայրից բռնեց կոպիտ սրբիչը և, ուժեղ սեղմելով, այն արագ-արագ քսեց հիվանդի ծոծրակին` պոկելով թե՛ սպեղանին, թե մաշկի վերին շերտը և թողնելով բաց, կարմիր քերծվածք: Այդ գործողության պատճառած ցավը, որն անտանելի էր նույնիսկ հանգիստ ու առողջ մարդու համար, ամեն տառապանքից վեր թվաց հիվանդին: Նա հուսահատ առաջ մղվեց ամբողջ մարմնով, պոկվեց պահակների ձեռքից, և նրա մերկ մարմինը գլորվեց քարե սալիկների վրայով: Մտածեց, որ կտրել էին իր գլուխը: Ուզում էր գոռալ և չէր կարողանում: Նրան տարան պառկեցրին մահճակալին անգիտակից վիճակում. այդ վիճակը փոխվեց խոր, մեռելային և երկարատև քնի:

II
Արթնացավ գիշերը: Շուրջը խաղաղ էր. հարևան մեծ սենյակից լսվում էր քնած հիվանդների շնչառությունը: Ինչ-որ տեղ հեռվում միալար, տարօրինակ ինքն իր հետ խոսում էր մի հիվանդ, որին մինչև լույս նստեցրել էին մութ սենյակ, մեկ էլ վերևում` կանանց բաժանմունքում, խռպոտ կոնտրալտոն ինչ-որ վայրենի երգ էր երգում: Հիվանդն ականջ էր դնում այդ հնչյուններին: Նա սարսափելի թուլություն և ջարդվածություն էր զգում բոլոր անդամներում, վիզն ուժեղ ցավում էր:
«Որտե՞ղ եմ ես: Ի՞նչ է կատարվում ինձ հետ»,– մտածեց նա: Եվ հանկարծ արտասովոր պայծառությամբ նրան պատկերացավ իր կյանքի վերջին ամիսը, և նա հասկացավ, որ ինքը հիվանդ է և թե ինչով է հիվանդ: Մի շարք անհեթեթ մտքեր, բառեր և արարքներ միտքն եկան` ստիպելով սարսռալ ողջ էությամբ:
– Բայց դա անցյալ է, փառք Աստծու, դա անցյալ է,– շշնջաց նա և նորից քնեց:
Երկաթե ճաղավանդակներով բաց պատուհանը նայում էր մեծ շենքերի և քարե պարսպի արանքով ձգվող փոքրիկ նրբանցքին, այդ նրբանցքը երբեք ոչ ոք չէր մտնում, և այն խիտ պատվել էր ինչ-որ վայրի թփերով և եղրևանիով, որը փարթամ ծաղկել էր տարվա այդ եղանակին… Թփերի ետևում, ճիշտ պատուհանի դիմաց, մթին էր տալիս բարձր պարիսպը, դրանից վեր երևում էին մեծ այգու ծառերի բարձր կատարները` լուսավորված և ներծծված լուսնի լույսով: Աջից բարձրանում էր հիվանդանոցի սպիտակ շենքը` երկաթե ճաղավանդակներ ունեցող ներսից լուսավորված լուսամուտներով, ձախից դիարանի սպիտակ, լուսնի լույսով ողողված խուլ պատն էր: Լուսնի լույսը պատուհանի ճաղերի միջով ընկել էր սենյակի ներսը` հատակին, և լուսավորում էր անկողնու մի մասն ու փակ աչքերով հիվանդի տանջված, դալուկ դեմքը. այժմ խելագարության ոչ մի նշույլ չկար այդ դեմքին: Դա տանջված մարդու խոր, ծանր քուն էր` առանց երազների, առանց նվազագույն իսկ շարժման և գրեթե առանց շնչառության: Մի քանի ակնթարթով նա արթնացավ կատարյալ գիտակցությամբ, ասես թե առողջ, որպեսզի հետո` առավոտյան անկողնուց վեր կենա որպես նույն խելագարը:

III
– Ինչպե՞ս եք ձեզ զգում,– հաջորդ օրը նրան հարցրեց բժիշկը:
Հիվանդը, նոր արթնացած լինելով, դեռ պառկած էր ծածկոցի տակ:
– Գերազա՛նց,– պատասխանեց նա` վեր թռչելով, կոշիկները հագնելով և ձեռքը խալաթին գցելով:– Հրաշալի՛, միայն մի բան. ահա՛:
Նա ձեռքը տարավ ծոծրակին:
– Վիզս չեմ կարողանում պտտել, ցավում է: Բայց դա ոչինչ: Ամեն ինչ լավ է, եթե նրան հասկանում ես, իսկ ես հասկանում եմ:
– Դուք գիտե՞ք, թե որտեղ եք:
– Իհարկե՛, բժիշկ: Ես գժանոցում եմ: Բայց չէ՞ որ, եթե հասկանում ես, բացարձակապես միևնույն է: Բացարձակապես միևնույն է:
Բժիշկը ուշադիր նայեց նրա աչքերին: Հրաշալի սանրված ոսկեգույն մորուքով և ոսկե ակնոցի միջով նայող խաղաղ կապույտ աչքերով նրա գեղեցիկ, խնամված դեմքը քարացած էր և գաղտնաքող: Նա զննում էր:
– Ի՞նչ եք այդպես սևեռուն նայում ինձ: Դուք չեք կարդա իմ հոգում եղածը,– շարունակեց հիվանդը,– իսկ ես պարզ կարդում եմ ձեր հոգու խորքը: Ինչո՞ւ եք չարիք գործում: Ինչո՞ւ եք հավաքել դժբախտների այս ամբոխին և պահում այստեղ: Ինձ համար միևնույն է. ես ամեն ինչ հասկանում եմ և հանգիստ եմ, բայց նրա՞նք: Ինչի՞ համար են այս տառապանքները: Այն մարդու համար, ով հասել է մի վիճակի, որ հոգում մեծ միտք ունի, ընդհանրական միտք, միևնույն է, թե որտեղ կապրի, ինչ կզգա: Նույնիսկ կապրի, թե չի ապրի… Չէ՞ որ այդպես է:
– Գուցե,– պատասխանեց բժիշկը` սենյակի անկյունի աթոռին այնպես նստելով, որ տեսնի հիվանդին, ով արագ-արագ քայլում էր մի անկյունից մյուսը` քստքստացնելով ձիու կաշվից կարած հսկայական կոշիկներով և թափահարելով բամբակե կտորից կարած լայն կարմիր շերտերով ու խոշոր ծաղիկներով խալաթի փեշերը:
Բժշկին ուղեկցող բուժակն ու հսկիչը շարունակում էին ձգված կանգնած մնալ դռան մոտ:
– Եվ ես այն ունե՛մ,– բացականչեց հիվանդը:– Եվ երբ ես այն գտա, ինքս ինձ վերածնված զգացի: Զգացմունքներս ավելի սուր դարձան, ուղեղս աշխատում է` ինչպես երբեք: Ինչին նախկինում հասնում էի հետևությունների ու ենթադրությունների երկար ճանապարհով, այժմ ես ճանաչում եմ ինտուիտիվ կերպով: Ես իրապես հասա նրան, ինչ ձեռք է բերել փիլիսոփայությունը: Ես ինքս ինձ վերապրում եմ մեծ գաղափարներն այն մասին, որ տարածությունն ու ժամանակը կեղծիք ու պատրանք են: Ես ապրում եմ բոլոր դարերում: Ես ապրում եմ առանց տարածության, ամենուր կամ ոչ մի տեղ, ինչպես ուզում եք: Եվ այդ պատճառով ինձ համար միևնույն է. կպահեք ինձ այստեղ, թե ազատ կարձակեք, ազատ եմ ես, թե կապված: Նկատել եմ, որ այստեղ մի քանի այդպիսիք ևս կան: Բայց մնացած ամբոխի համար այսպիսի վիճակը սարսափելի է: Ինչո՞ւ չեք ազատում նրանց: Ո՞ւմ է պետք…
– Դուք ասացիք,– ընդհատեց նրան բժիշկը,– որ ապրում եք ժամանակից ու տարածությունից դուրս: Սակայն չի կարելի չհամաձայնել, որ ես ու դուք այս սենյակում ենք և որ այժմ,– բժիշկը հանեց ժամացույցը,– 18** թվականի մայիսի 6-ի տասնմեկի կեսն է: Ի՞նչ եք մտածում այս մասին:
– Ոչինչ: Ինձ համար միևնույն է, թե որտեղ եմ և երբ եմ ապրում: Եթե ինձ համար միևնույն է, դա չի՞ նշանակում, արդյոք, որ ես ամենուր եմ և միշտ:
Բժիշկը քմծիծաղ տվեց:
– Հազվագյուտ տրամաբանություն է,– ասաց նա` ոտքի կանգնելով:– Թերևս, դուք ճիշտ եք: Ցտեսություն: Մի սիգար չէի՞ք ուզենա, արդյոք:
– Շնորհակալություն:– Նա կանգ առավ, վերցրեց սիգարը և նյարդային կծեց-կտրեց դրա ծայրը:– Սա օգնում է մտածելուն,– ասաց նա:– Սա աշխարհ է, միկրոտիեզերք: Մի ծայրում ալկալիներ են, մյուսում` թթուներ… Այսպիսին է նաև հավասարակշռությունն աշխարհի, որտեղ չեզոքացվում են հակառակ սկիզբները: Ցտեսություն, բժի՛շկ:
Բժիշկն անցավ այլ հիվանդների մոտ: Նրանց մեծ մասը սպասում էր նրան` մահճակալների մոտ ձգված: Ոչ մի ղեկավարություն այդպիսի պատիվ չունի իր ենթակաների մոտ, ինչպիսին ունի հոգեբույժն իր խելագարների մոտ:
Իսկ հիվանդը, մենակ մնալով, շարունակում էր թափընդհատ քայլել խցի անկյունից անկյուն: Նրան թեյ բերեցին, նա, չնստելով, երկու հպումով դատարկեց գավաթն ու գրեթե մի ակնթարթում կերավ մի մեծ կտոր սպիտակ հաց: Հետո դուրս եկավ սենյակից և մի քանի ժամ, չկանգնելով, իր արագ ու ծանր քայլվածքով ետուառաջ արեց ամբողջ շենքի մի անկյունից մյուսը: Օրն անձրևոտ էր, և հիվանդներին այգի դուրս գալ չէին թողնում: Երբ ֆելդշերն սկսեց փնտրել նոր հիվանդին, նրան մատնացույց արին միջանցքի ծայրը: Հիվանդը կանգնած էր այնտեղ` դեմքով հպվելով այգու դռան ապակուն և սևեռված նայում էր ծաղկանոցին: Նրա ուշադրությունը գրավել էր արտասովոր վառ կարմիր ծաղիկը` կակաչի տեսակներից մեկը:
– Համեցեք կշռվելու,– ասաց բուժակը` ձեռքը դնելով նրա ուսին:
Եվ երբ հիվանդը շրջվեց նրան դեմքով, նա քիչ մնաց վախից ընկրկեր. այնքան վայրենի չարություն և ատելություն էր վառվում հիվանդի աչքերում: Բայց տեսնելով բուժակին` նա անմիջապես փոխեց դեմքի արտահայտությունը և հլու-հնազանդ գնաց նրա ետևից` ոչ մի բառ չասելով, ասես խորասուզված անտակ մտածմունքի մեջ: Նրանք մտան բժշկի աշխատասենյակ, հիվանդն ինքը կանգնեց ոչ մեծ տասնորդական կշեռքին, բուժակը, կշռելով, մատյանում նրա անվան դիմաց գրանցեց 109 ֆունտ: Հաջորդ օրը 107 էր, երրորդ օրը` 106:
– Եթե այսպես շարունակվի, նա չի ապրի,– ասաց բժիշկը և հրամայեց որքան հնարավոր է լավ կերակրել նրան:
Բայց, չնայած դրան և հիվանդի արտասովոր ախորժակին, նա օր օրի նիհարում էր, և բուժակը յուրաքանչյուր օր մատյանում ավելի ու ավելի քիչ ֆունտերի քանակ էր գրանցում: Հիվանդը գրեթե չէր քնում և օրեր շարունակ անցկացնում էր անընդհատ շարժման մեջ:

IV
Նա գիտակցում էր, որ ինքը գժանոցում է, նա գիտակցում էր նույնիսկ, որ ինքը հիվանդ է: Երբեմն, ինչպես առաջին գիշերը, նա արթնանում էր լռության մեջ ամբողջ օրվա մոլեգին շարժումից հետո` բութ ցավ զգալով բոլոր անդամներում և սարսափելի ծանրություն` գլխում, բայց գիտակցությունը կատարելապես տեղը: Գուցե տպավորությունների բացակայությունը գիշերային լռության և կիսախավարի մեջ, գուցե հենց նոր արթնացած մարդու ուղեղի թույլ աշխատանքն էին պատճառը, որ այդպիսի րոպեներին նա պարզ հասկանում էր իր վիճակը և կարծես թե առողջ էր: Բայց բացվում էր օրը, լույսի և հիվանդանոցում կյանքի արթնանալու հետ նրան դարձյալ ալիք-ալիք համակում էին տպավորությունները, հիվանդ ուղեղը չէր կարողանում ներդաշնակվել դրանց հետ, և նա նորից խելագար էր: Նրա վիճակը ճիշտ դատողությունների ու անմտությունների տարօրինակ խառնուրդ էր: Նա հասկանում էր, որ իր շրջապատում բոլորը հիվանդ են, բայց միևնույն ժամանակ նրանցից յուրաքանչյուրի մեջ տեսնում էր ինչ-որ մի գաղտնի` թաքնվող կամ ծածուկ դեմք, որն ինքը ճանաչել է նախկինում կամ որի մասին կարդացել կամ լսել է: Հիվանդանոցը բնակեցված էր բոլոր ժամանակների և բոլոր երկրների մարդկանցով: Այստեղ կային և՛ ողջեր, և՛ մեռածներ: Այստեղ կային աշխարհի նշանավորներ և ուժեղներ և վերջին պատերազմի ժամանակ սպանված ու հարություն առած զինվորներ: Նա իրեն տեսնում էր ինչ-որ մի կախարդական, հմայված շրջանի մեջ, որն իր մեջ էր ներառել հողի ողջ ուժը, և հպարտ մոլեգնությամբ իրեն համարում էր այդ շրջանի կենտրոնը: Նրանք բոլորը` հիվանդանոցային իր ընկերները, այստեղ են հավաքվել` կատարելու այն գործը, որը նրան պատկերանում էր որպես աշխարհում չարիքի ոչնչացմանն ուղղված հսկայական մի ձեռնարկում: Նա չգիտեր, թե ինչ է դա լինելու, բայց իր մեջ բավարար ուժ էր զգում այն իրականացնելու համար: Նա կարող էր կարդալ ուրիշ մարդկանց մտքերը, իրերի մեջ տեսնում էր դրանց ողջ պատմությունը, հիվանդանոցի այգու մեծ ծփնիները նրան ամբողջական լեգենդներ էին պատմում ապրվածից, իսկապես բավական վաղ ժամանակներում կառուցված շենքը նա Պետրոս Մեծի կառույց էր համարում և համոզված էր, որ ցարն այստեղ ապրել է Պոլտավայի ճակատամարտի դարաշրջանում: Այդ մասին կարդում էր պատերին, թափված ծեփի վրա, այգում իր գտած աղյուսի և հախճասալիկի կտորտանքի վրա. տան և այգու ամբողջ պատմությունը գրված էր դրանց վրա: Նա դիարանի փոքրիկ շենքը բնակեցրեց տասնյակ ու հարյուրավոր վաղուց մահացած մարդկանցով և սևեռված նայում էր դրա ներքնահարկից դեպի այգու անկյունը բացվող պատուհանիկին` ծիածանագույն և կեղտոտ հին ապակուց անհավասարաչափ անդրադարձած լույսի մեջ զանազանելով ծանոթ դիմագծեր, որոնք ինքն ինչ-որ մի ժամանակ տեսել էր կյանքում կամ դիմանկարներում:
Մինչդեռ պարզ, լավ եղանակներ սկսվեցին, հիվանդները ամբողջ օրեր էին անցկացնում մաքուր օդին, այգում: Այգու` ոչ մեծ, բայց խիտ ծառապատ նրանց մասում ամենուր, որտեղ հնարավոր էր, ծաղիկներ էին տնկված: Վերակացուն ինչ-որ չափով աշխատունակ բոլոր հիվանդներին ստիպում էր աշխատել այդտեղ. նրանք օրնիբուն ավլում և ավազով ծածկում էին ծառուղիները, քաղհանում և ջրում էին ծաղիկների, վարունգների, ձմերուկների և սեխերի մարգերը, որոնք հենց իրենց ձեռքերով էլ տնկել էին: Այգու անկյունում խիտ աճել էին բալենիները, դրա երկայնքով ձգվում էին ծփիների ծառուղիները, մեջտեղում, ոչ մեծ արհեստական բլրակի վրա, տարածվել էր ողջ այգու ամենագեղեցիկ ծաղկանոցը. վերին հարթակի եզրերով աճում էին ամենավառ ծաղիկները, իսկ դրա մեջտեղում իր գեղեցկությամբ փայլում էր մեծ ու հազվագյուտ, կարմիր պուտերով դեղին գեորգինը: Այն նաև ամբողջ այգու կենտրոնն էր դարձել` իր բարձունքից իշխելով նրա գլխին, և կարելի էր նկատել, որ շատ հիվանդներ ինչ-որ խորհրդավոր նշանակություն էին տալիս գեորգինին: Նոր հիվանդին նույնպես ինչ-որ մի ոչ այնքան սովորական բան էր թվում, այգու և շենքի ինչ-որ մի պալլադիում: Բոլոր ճեմուղիները նույնպես ծառապատված էին հիվանդների ձեռքով: Այստեղ կային մալոռուսական փոքրիկ այգիներում հանդիպող ամենատարբեր ծաղիկներ. երկարոտն վարդեր, վառ ծխածաղիկներ, ծխախոտի թփեր` ոչ մեծ վարդագույն ծաղիկներով, դաղձ, թավշածաղիկներ, ջրկոտեմներ և կակաչ: Հենց այստեղ, առմուտքից ոչ հեռու, ինչ-որ առանձնահատուկ տեսակի կակաչի երեք թփիկ էին աճում. դա շատ ավելի փոքր էր սովորական կակաչից և դրանից տարբերվում էր իր ալ գույնի արտասովոր վառությամբ: Հենց այս ծաղիկն էլ ապշեցրեց հիվանդին, երբ նա հիվանդանոց ընդունվելու հաջորդ օրը ապակե դռան միջով նայում էր այգուն:
Առաջին անգամ այգի դուրս գալով` նա ամենից առաջ, սանդղահարթակի աստիճաններից դեռ չիջած, նայեց այդ վառ ծաղիկներին: Դրանք ընդամենը երկուսն էին, պատահաբար աճել էին մյուսներից առանձին և չքաղհանված տեղում, այնպես որ շրջապատված էին խիտ սագախոտով ու ինչ-որ մոլախոտերով:
Հիվանդները մեկը մյուսի ետևից դուրս էին գալիս դռնից, որի մոտ կանգնած պահակը նրանցից յուրաքանչյուրին տալիս էր հաստ սպիտակ, բամբակից գործված թասակ` ճակատին կարմիր խաչով: Թասակներն այդ մնացել էին պատերազմից և գնված էին աճուրդում: Բայց հիվանդը, ինքնին հասկանալի է, այդ կարմիր խաչին առանձնահատուկ, խորհրդավոր նշանակություն էր տալիս: Նա գլխից հանեց թասակն ու նայեց խաչին, հետո` կակաչի ծաղիկներին: Ծաղիկներն ավելի վառ էին:
– Նա հաղթում է,– ասաց հիվանդը,– բայց մենք կտեսնենք:
Եվ նա իջավ սանդղահարթակից: Շուրջը նայելով և իր ետևում կանգնած պահակին չնկատելով` նա քայլ արեց մարգի վրայով և ձեռքը մեկնեց ծաղկին, բայց այն պոկելու վճռականություն չունեցավ: Տաքություն և խփոց զգաց մեկնած ձեռքում, իսկ այնուհետև` ամբողջ մարմնում, ասես իրեն անծանոթ հզորության ինչ-որ մի ուժեղ հոսանք էր սկիզբ առնում կարմիր ծաղկաթերթերից և ծակում-անցնում իր ողջ մարմնով: Նա ավելի մոտեցավ և ձեռքը մեկնեց հենց ծաղկին, բայց ծաղիկը, ինչպես իրեն թվաց, պաշտպանվում էր` թունավոր և մահացու շունչ արտաշնչելով: Նրա գլուխը պտտվեց, վերջին հուսահատ ճիգն արեց և արդեն բռնել էր բարակ ցողունը, երբ հանկարծ մի ծանր ձեռք իջավ նրա ուսին: Այդ պահակը բռնեց նրան:
– Չի կարելի պոկել,– ասաց ծեր խախոլը:– Եվ մարգի վրայով մի քայլիր: Դուք այստեղ շատ եք, խելագարներդ, յուրաքանչյուրդ մեկական ծաղիկ կպոկեք, ողջ այգին կվերացնեք,– համոզիչ ասաց նա` հիվանդի ուսը բաց չթողնելով:
Հիվանդը նայեց նրա դեմքին, լուռ ազատվեց նրա ձեռքից և հուզված քայլեց ծառուղիով: «Օ՜, դժբախտներ,– մտածում էր նա:– Դուք չեք տեսնում, դուք այն աստիճան եք կուրացել, որ պաշտպանում եք նրան: Բայց ինչ էլ լինի, ես կոչնչացնեմ նրան: Եթե ոչ այսօր, ապա վաղը մենք կփորձենք մեր ուժերը: Եվ եթե ես զոհվեմ, միևնույն չէ՞, արդյոք…»:
Նա այգում զբոսնում էր ընդհուպ մինչև երեկո` ծանոթություններ հաստատելով և տարօրինակ զրույցներ վարելով, որոնցում զրուցակիցներից յուրաքանչյուրը միայն իր խելագար մտքերի պատասխաններն էր լսում, որոնք արտահայտվում էին անմիտ-խորհրդավոր բառերով: Հիվանդը քայլում էր մեկ մի ընկերոջ հետ, մեկ` մյուս և օրվա վերջին առավել ևս համոզվեց, որ «ամեն ինչ պատրաստ է», ինչպես ասաց ինքն իրեն: Շուտով, շուտով կտապալվեն երկաթե ճաղավանդակները, բոլոր այս ազատազրկվածները դուրս կգան այստեղից և կսլանան երկրագնդի բոլոր ծայրերը, և ողջ աշխարհը կցնցվի, իր վրայից դեն կշպրտի հին պատյանը և կներկայանա նոր, զարմանահրաշ գեղեցկությամբ: Նա գրեթե մոռացել էր ծաղկի մասին, բայց դուրս գալով այգուց և սանդղահարթակ բարձրանալով` նորից տեսավ ճիշտ երկու կարմիր ածխակտոր` մգացած և արդեն ցողով պատվող խիտ խոտերի մեջ: Այդ ժամանակ հիվանդը ետ ընկավ ամբոխից և, պահակի ետևում կանգնելով, սպասեց հարմար պահի: Ոչ ոք չտեսավ, թե ինչպես նա ցատկեց մարգի վրայով, ճանկեց ծաղիկն ու փութով թաքցրեց այն վերնաշապկի տակ` իր կրծքի վրա: Երբ թարմ, ցողոտ ծաղկաթերթերը քսվեցին մարմնին, նա գունատվեց մահվան նման և սարսափից լայն բացեց աչքերը: Նրա ճակատը պատվեց սառը քրտինքով:
Հիվանդանոցում վառվեցին լամպերը, ընթրիքին սպասելով` հիվանդների մեծ մասը պառկեց անկողիններին, բացի մի քանի անհանգիստներից, որոնք շտապկոտ քայլում էին միջանցքում և սենյակներում: Ծաղիկով հիվանդը նրանց մեջ էր: Նա քայլում էր` ձեռքերը ջղաձգորեն խաչաձև սեղմելով կրծքին. թվում էր, թե նա ուզում էր ճզմել, ջնջխել այնտեղ թաքցրած բույսը: Մյուսներին հանդիպելիս հեռվից շրջանցում էր` վախենալով հագուստի ծայրով անգամ նրանց քսվելուց: «Մի՛ մոտեցեք, մի՛ մոտեցեք»,– գոռում էր նա: Բայց հիվանդանոցում նման բացականչություններին ուշադրություն դարձնող չկար: Եվ նա ավելի ու ավելի արագ էր քայլում, ավելի ու ավելի էր մեծացնում քայլերը, ինչ-որ մի կատաղությամբ համակված` քայլում էր մեկ ժամ, երկու ժամ:
– Ես քեզ կհոգնեցնե՛մ: Ես կխեղդե՛մ քեզ,– խուլ ու չարացած ասում էր նա:
Երբեմն նա կրճտացնում էր ատամները:
Ճաշարանում ընթրիք տվեցին: Առանց սփռոցի մեծ սեղաններին դրեցին միքանիական ներկված և ոսկեփայլ քրեղաններ` կորեկաձավարի ջրիկ շիլայով, հիվանդները նստեցին նստարաններին, նրանց բաժանեցին մեկական կտոր սև հաց: Յուրաքանչյուր քրեղանից ուտում էին ութական մարդ` փայտե գդալներով: Ոմանց` բարելավված սննդից օգտվողներին, առանձին մատուցեցին: Մեր հիվանդը, արագ կլանելով իր բաժինը, որ սենյակ էր բերել պահակը, չբավարարվեց դրանով և գնաց ընդհանուր ճաշարան:
– Թույլ տվեք նստել այստեղ,– ասաց նա հսկիչին:
– Մի՞թե դուք չեք ընթրել,– հարցրեց հսկիչը` շիլայի լրացուցիչ բաժիններ լցնելով քրեղանների մեջ:
– Ես շատ սոված եմ: Եվ ես պետք է լավ ուժ առնեմ: Ինձ միայն սնունդն է օգնում ապրել. գիտեք, որ բոլորովին չեմ քնում:
– Կերեք, սիրելիս, անուշ արեք: Տարաս, նրան գդալ և հաց տուր:
Նա քրեղաններից մեկն իր առաջ քաշեց և դարձյալ հսկայական քանակությամբ շիլա կերավ:
– Դե, բավական է, բավական է,– ասաց, վերջապես, հսկիչը, երբ բոլորն ընթրեցին, իսկ մեր հիվանդը դեռ նստած էր և չէր կտրվում քրեղանից` մի ձեռքով շիլա գդալելով, իսկ մյուսը ամուր դրած կրծքին:– Կվքնեք շատ ուտելուց:
– Ախ, եթե միայն գիտենայիք, թե որքան ուժ է ինձ պետք, որքա՜ն ուժ: Մնաք բարով, Նիկոլայ Նիկոլայիչ,– ասաց հիվանդը` վեր կենալով սեղանի կողքից և ամուր սեղմելով հսկիչի ձեռքը:– Մնաք բարով:
– Իսկ ո՞ւր եք դուք գնում,– ժպիտով հարցրեց հսկիչը:
– Ե՞ս: Ոչ մի տեղ: Ես մնում եմ: Բայց, գուցե, վաղը մենք չտեսնվենք: Շնորհակալություն ձեր բարության համար:
Եվ նա մեկ անգամ ևս ամուր սեղմեց հսկիչի ձեռքը: Ձայնը դողում էր, աչքերում արտասուք երևաց:
– Հանգստացեք, սիրելիս, հանգստացեք,– պատասխանեց հսկիչը:– Ձեր ինչին են պետք այդպիսի մռայլ մտքերը: Գնացեք պառկեք և լավ քնեցեք: Ձեզ անհրաժեշտ է շատ քնել, եթե լավ քնեք, շուտ էլ կլավանաք:
Հիվանդը հեկեկում էր: Հսկիչը շրջվեց, որպեսզի պահակներին կարգադրի ավելի արագ հավաքել ընթրիքի մնացորդները: Կես ժամ անց հիվանդանոցում արդեն բոլորը քնած էին, բացի մեկից, որն անկյունի սենյակում առանց հանվելու պառկած էր իր անկողնուն: Նա դողում էր այնպես, ասես տենդի մեջ լիներ և ջղաձգորեն սեղմում էր իր կուրծքը, որն, ինչպես իրեն էր թվում, ամբողջովին ներծծված էր աներևակայելի մահացու թույնով:

V
Չքնեց ողջ գիշերը: Նա պոկել էր այդ ծաղիկը, որովհետև նման արարքը դիտում էր որպես սխրագործություն, որն ինքը պարտավոր էր անել: Ապակե դռան միջով գցած առաջին հայացքից ալ ծաղկաթերթերը գրավեցին նրա ուշադրությունը, և նրան թվաց, թե ինքն այդ րոպեից միանգամայն հասկացավ, թե հատկապես ի՞նչ պետք է ինքն իրագործի աշխարհում: Աշխարհի ողջ չարիքը հավաքվել է այս վառ կարմիր ծաղկի մեջ: Նա գիտեր, որ կակաչից ափիոն են ստանում. հնարավոր է, որ այս միտքը, ծավալվելով ու հրեշավոր ձևեր ստանալով, նրան ստիպեց ստեղծել սարսափելի, ֆանտաստիկ ցնորք: Նրա մտապատկերում ծաղիկն իրենով մարմնավորում էր ողջ չարիքը. այն իր մեջ ներծծել էր թափված ամբողջ անմեղ արյունը (այդ պատճառով էլ այդքան կարմիր է), բոլոր արցունքները, մարդկության ողջ մաղձը: Դա խորհրդավոր, սարսափելի էակ էր` Աստծու հակապատկերը, համեստ և անմեղ տեսք ընդունած Նեռը: Հարկավոր էր պոկել նրան և սպանել: Բայց դա քիչ է. հարկավոր էր նրան թույլ չտալ իր ողջ չարիքը թափելու աշխարհի վրա շունչը փչելիս: Այդ պատճառով էլ թաքցրել էր այն իր կրծքի վրա: Նա հույս ուներ, որ մինչև առավոտ ծաղիկը կկորցնի իր ողջ ուժը: Նրա չարիքը կանցնի իր կրծքի մեջ, իր հոգու մեջ և այնտեղ կպարտվի կամ կհաղթանակի. այդ դեպքում ինքը կզոհվի, կմահանա, բայց կմահանա որպես ազնիվ մարտիկ և որպես մարդկության առաջին մարտիկ, որովհետև մինչ այժմ ոչ ոք չի համարձակվել պայքարել միանգամից աշխարհի ամբողջ չարիքի դեմ:
– Նրանք չեն տեսել այն: Ես տեսա: Կարո՞ղ եմ, արդյոք, նրան թողնել ապրելու: Ավելի լավ է մահանալ:
Եվ նա պառկած էր` ուժասպառվելով երևութական, գոյություն չունեցող պայքարում, բայց, այնուամենայնիվ, ուժասպառվելով: Առավոտյան բուժակը նրան գտավ հազիվ կենդանի: Բայց, չնայած դրան, որոշ ժամանակ անց գրգռվածությունը հաղթեց, նա վեր թռավ անկողնուց և վազվզեց հիվանդանոցով մեկ` խոսելով հիվանդների ու ինքն իր հետ ավելի բարձրաձայն ու անկապ, քան երբևէ: Նրան այգի չթողեցին. բժիշկը, տեսնելով, որ նրա քաշը պակասում է, իսկ նա շարունակում է չքնել և անընդհատ քայլում ու քայլում է, հրամայեց նրա մաշկի տակ մորֆիի մեծ դոզա ներարկել: Նա չէր դիմադրում. բարեբախտաբար, այդ ժամանակ նրա խելագար մտքերն ինչ-որ ձևով համընկան այդ գործողության հետ: Շուտով քնեց, կատաղի շարժումն ընդհատվեց, և ականջներից չքացավ նրան մշտապես ուղեկցող, իր պոռթկուն քայլերի տակտից ծնված դղրդացող եղանակը: Նա ինքնամոռացության մեջ ընկավ և այլևս ոչնչի մասին չէր մտածում, նույնիսկ երկրորդ ծաղկի մասին, որը պետք էր պոկել:
Սակայն նա այն պոկեց երեք օր հետո, ծերունու աչքի առաջ, որը չէր հասցրել նախազգուշացնել նրան: Պահակը վազեց նրա ետևից: Հիվանդը հաղթական աղաղակով խուժեց հիվանդանոց և, նետվելով իր սենյակը, բույսը թաքցրեց կրծքի վրա:
– Ինչո՞ւ ես պոկում ծաղիկները, – հարցրեց նրա ետևից ներս վազած պահակը: Բայց հիվանդը, որ արդեն պառկել էր անկողնուն ընտել դիրքով՝ ձեռքերը կրծքին խաչած, սկսեց այնպիսի անհեթեթություններ դուրս տալ, որ պահակը միայն լռելյայն վերցրեց նրա գլխի վրայից կարմիր խաչի նշանով թասակը ու հեռացավ: Եվ երևութական պայքարը վերսկսվեց: Հիվանդն զգում էր, որ ծաղկի միջից երկար, օձանման, գալարվող հոսանքներով դուրս էր գալիս չարիքը, գալարները փաթաթվում էին իրեն, սեղմում և ճզմում անդամները, և ողջ մարմինը ներծծվում էր դրա սարսափելի բաղադրությամբ: Նա լալիս և աղոթում էր Աստծուն` իր թշնամուն ուղղված անեծքների արանքում: Երեկոյան կողմ ծաղիկը թոշնեց: Հիվանդը ոտքերով տրորեց սևացած բույսը, հատակից հավաքեց մնացորդները և տարավ լոգարան: Բույսի անձև կնձիկը քարածխից շիկացած վառարանը նետելով` նա երկար նայում էր, թե ինչպես էր թշշում, կծկվում իր թշնամին և վերջապես վերածվեց մոխրի նուրբ ձյունասպիտակ գուղձի: Նա փչեց, և ամեն ինչ անհետացավ:
Հաջորդ օրը հիվանդի վիճակն ավելի վատացավ: Սարսափելի գունատ, փոս ընկած այտերով, խոր ներս գնացած ակնախոռոչներում ծվարած վառվռուն աչքերով` նա արդեն օրորվող քայլվածքով և հաճախ գայթելով, շարունակում էր իր կատաղի քայլքը և խոսում էր, խոսում անվերջ:
– Ես չէի ուզենա բռնության դիմել,– ասաց ավագ բժիշկն իր օգնականին:
– Բայց չէ՞ որ անհրաժեշտ է դադարեցնել այդ աշխատանքը: Այսօր նրա քաշը իննսուներեք ֆունտ է: Եթե այսպես շարունակվի, նա երկու օրից կմահանա:
Ավագ բժիշկը մտքի մեջ ընկավ:
– Մորֆի՞: Քլորա՞լ,– ասաց նա կիսահարցական:
– Երեկ մորֆին արդեն չէր ազդում:
– Հրամայեք կապել նրան: Ասենք, կասկածում եմ, որ նա ողջ մնա:

VI
Եվ հիվանդին կապկպեցին: Նա, զսպաշապիկ հագած, պառկած էր իր անկողնուն` քաթանի հաստ շերտերով ամուր կապված մահճակալի երկաթե ձողերին: Բայց շարժումների կատաղությունը չնվազեց, ավելի շուտ` աճեց: Մի քանի ժամ նա համառորեն փորձում էր ազատվել իր կապանքներից: Վերջապես, մի անգամ, ինքն իրեն ուժեղ թափ տալով, նա կտրեց կապերից մեկը, ազատեց ոտքերը և, մյուս կապանքների միջից դուրս սողոսկելով, կապկպված ձեռքերով սկսեց ետ ու առաջ քայլել սենյակում` վայրենի, անհասկանալի խոսքեր բացականչելով:
– Օ, որ քեզ…– ուկրաիներեն գոռաց ներս մտած պահակը:– Որ քեզ սատանա՛ն օգնի: Գրիցկո՛: Իվա՛ն: Ներս եկեք, նա արձակվել է:
Նրանք երեքով նետվեցին հիվանդի վրա, և երկար պայքար սկսվեց` հոգնեցուցիչ` հարձակվածների և տառապագին` պաշտպանվող մարդու համար, որը ծախսում էր ջլատված ուժերի մնացուկը: Վերջապես նրան գցեցին անկողնուն և կապկպեցին նախկինից ավելի ամուր:
– Դուք չե՛ք հասկանում, թե ինչ եք անում,– գոռում էր հիվանդը` խեղդվելով:– Դուք ոչնչանո՛ւմ եք: Ես տեսել եմ երրորդը, որ նոր է բացվել: Հիմա այն արդեն պատրաստ է: Թո՛ւյլ տվեք ավարտել գործս: Պետք է սպանե՛լ նրան, սպանե՛լ, սպանե՛լ: Այն ժամանակ ամեն ինչ ավարտված կլինի, ամեն ինչ փրկված: Ես ձեզ կուղարկեի, բայց դա միայն ես կարող եմ անել: Դուք կմահանայիք միայն մեկ հպումից:
– Լռե՛ք, պանիչ, լռե՛ք,– ասաց ծեր պահակը, որը մնացել էր հերթապահելու անկողնու կողքը:
Հիվանդը հանկարծ լռեց: Նա որոշեց խաբել պահակներին: Նրան կապկպած պահեցին ողջ օրը և այդ վիճակում թողին գիշերը: Հիվանդին ընթրիք տալով` պահակն անկողնու մոտ ինչ-որ բան փռեց և պառկեց: Մեկ րոպե անց նա խոր քնած էր, իսկ հիվանդն սկսեց իր գործը:
Նա ծռվեց ողջ մարմնով, որպեսզի հպվի մահճակալի հորիզոնական ձողին, և այն շոշափելով խելագարի զսպաշապկի երկար թևքի մեջ կորած ձեռքի թաթով, սկսեց թևքը արագ և ուժեղ քսել երկաթին: Որոշ ժամանակ անց հաստ պարուսինը տեղի տվեց, և նա ազատեց ցուցամատը: Այդ ժամանակ գործն ավելի արագ առաջ գնաց: Առողջ մարդու համար բացարձակապես անհավատալի ճարպկությամբ և ճկունությամբ նա իր ետևում քանդեց թևքերն իրար կապող հանգույցը, արձակեց զսպաշապիկը և դրանից հետո երկար ականջ էր դնում պահակի խռմփոցին: Բայց ծերուկը պինդ էր քնած: Նա փորձեց բացել դուռը. այն փակված էր ներսից, և բանալին, հավանաբար, պահակի գրպանում էր: Վախենալով արթնացնել նրան` հիվանդը չհամարձակվեց ստուգել գրպանները և որոշեց սենյակից դուրս գալ պատուհանով:
Խաղաղ, տաք և մութ գիշեր էր, պատուհանը բաց էր, սև երկնքում փայլում էին աստղերը: Նա նայում էր դրանց` ճանաչելով ծանոթ համաստեղությունները և ուրախանալով, որ դրանք, ինչպես իրեն էր թվում, հասկանում և համակրում են իրեն թարթելով: Նա տեսնում էր անհամար շողեր, որոնք իրեն էին ուղարկում նրանք, և խելագար վճռականությունն ուժգնանում էր: Պետք էր ծռել երկաթե ճաղավանդակի հաստ ձողը, նեղ անցքով դուրս սողոսկել թփուտներով պատված նրբանցք, անցնել բարձր քարե պարսպի վրայով: Այնտեղ կլինի վերջին պայքարը, իսկ հետո` թեկուզ մահ:
Նա փորձեց մերկ ձեռքերով ծռել հաստ ձողը, բայց երկաթը տեղի չէր տալիս: Այդ ժամանակ զսպաշապկի ամուր թևքերը պարանաձև ոլորելով` այն գցեց ձողի ծայրի սլաքին և ամբողջ մարմնով կախվեց պարանից: Հուսահատ ճիգերից հետո, որոնք գրեթե ջլատեցին վերջին ուժերը, նիզակը ծռվեց. նեղ ճեղքը բացվեց: Նա խցկվեց դրա միջով` քերծելով ուսերը, արմունկներն ու մերկացած ծնկները, ճեղքեց-անցավ թփերը և կանգ առավ պատի առջև: Շուրջը լռություն էր, գիշերալամպերի կրակները ներսից թույլ լուսավորում էին հսկայական շենքի պատուհանները. դրանց ետևում ոչ ոք չէր երևում: Ոչ մեկը չի նկատի իրեն, իր անկողնու կողքը հերթապահող ծերունին, հավանաբար, խոր քնած է: Աստղերը քնքշորեն առկայծում էին իրենց շողերով, որոնք թափանցում էին մինչև իր սրտի խորքը:
– Ես գալիս եմ ձեզ մոտ,– շշնջաց` նայելով երկնքին:
Պոկվելով առաջին փորձից` պլոկված եղունգներով, արյունոտված ձեռքերով և ծնկներով` նա սկսեց հարմար տեղ փնտրել: Պարսպի և դիարանի պատի միացման տեղում մի քանի աղյուս պոկվեց: Հիվանդը շոշափեց այդ խոռոչները և օգտվեց դրանցից: Նա բարձրացավ պարսպի վրա, ձեռքը գցեց մյուս կողմում աճած ծփնու ճյուղերին և ծառի բնով անաղմուկ իջավ գետնին:
Նա նետվեց դեպի սանդղահարթակի մոտի ծանոթ տեղը: Ծաղիկը մթին էր տալիս իր գլխիկով` փակելով թերթիկները և պարզ առանձնանալով ցողոտ խոտի վրա:
– Վերջի՛նը,– շշնջաց հիվանդը:– Վերջի՛նը: Այսօր հաղթանակ կամ մահ: Բայց ինձ համար արդեն միևնույն է: Սպասեք,– ասաց նա` նայելով երկինք,– շուտով ձեզ հետ կլինեմ:
Նա պոկեց բույսը, ջարդոտեց, ճմրթեց և, ձեռքում պահելով, քիչ առաջվա ճանապարհով վերադարձավ իր սենյակ: Ծերուկը քնած էր: Հիվանդը, հազիվ հասնելով անկողնուն, անզգա ընկավ դրա վրա:
Առավոտյան նրան մեռած գտան: Դեմքը խաղաղ էր և լուսավոր. նուրբ շուրթերով և փոս ընկած փակ աչքերով` հյուծված դիմագծերը ինչ-որ հպարտ երջանկություն էին արտահայտում: Երբ նրան դնում էին պատգարակին, փորձեցին բացել ձեռքը և հանել կարմիր ծաղիկը: Բայց ձեռքը փայտացել էր, և նա իր ավարը գերեզման տարավ:

1883թ.

Թարգմանությունը` Հովհաննես Այվազյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *