ՌԱՅՆԵՐ ՄԱՐԻԱ ՌԻԼԿԵ | բանաստեղծություններ

Ռայներ Մարիա Ռիլկե

***
Ես քեզ գտնում եմ իրերում բոլոր,
որոնց եղբայրն եմ ես այս աշխարհում,-
դու չնչիններում սերմն ես խորախոր
և մեծերում` մեծ նվիրաբերում:

Ուժերի հրաշք խաղն է մեզ բացվում`
տրված իրերին ի ծառայություն.
արմատի մեջ` աճ, բնում` չքացում
և սաղարթի մեջ` ասես հարություն:

 

ՀԱՅԵՑՈՂԸ

Եվ ծառերին ահա`փոթորիկներ զորեղ,

որոնք ժամանակի մոխրաջրից պոկված`
դռներիս են բախվում, և ինձ վախով թեքված`

իրերն ասքն են պատմում հեռուների բեկված,
որը ես չեմ կարող հաղթահարել` լքված
ընկերոջից, ոչ էլ առանց քրոջ` սիրել:

Ահա սլանում է տարափն հարափոփոխ
անտառների միջով, ժամանակի միջով,
և ամեն ինչ` ասես անսկիզբ ու խոցող,
լանդշաֆտները ահա, ինչպես սաղմոսի տող,
ծանր ու խիստ` ծնված հավերժության կանչով:

Ինչ աննշան է այն, ինչին ձգտում ենք մենք,
և ինչ հզոր է այն, ինչ կանգնում է մեր դեմ.
եթե թողնեինք մենք, որ փոթորիկն այս մեծ
և մեզ սանձեր, ինչպես այն իրերը սանձեց,-
մենք կլինեինք հեռու և անանուն արդեն:

Ինչ հաղթում ենք այստեղ, փոքր է և աննշան,
և մեր հաղթանակը մեզ ճզմում է ահեղ:
Հավերժականն ահա – խորհրդավոր նշան,
մեր ձեռքերում, ինչպես անճկելի աղեղ:
Այդպես և Հին Ուխտի հրեշտակը մի օր
իջավ ըմբիշի դեմ, և պայքարում այդ մեծ
մետաղի պես նրա մկանները ձգեց,
որոնք, ասես լարեր, պրկվեցին քիչ-քիչ
և զնգացին նրա մատների տակ հզոր`
տարածելով փառքի մեղեդիներ դյութիչ:

Ում այդ հրեշտակը հաղթեց մենամարտում`
այդ մեծ պարտությունից նա կհառնի հպարտ,
նրա ձեռքի ներքո` հավերժորեն արթուն:
Եվ չեն հրապուրի հաղթանակներն անգույն.-
նա կհառնի ճկված, ձևավորված սակայն:
Եվ լուռ կիրահործի նրա աճը անքուն
նրա պարտությունն` այդ Ուժից անեզրական:

 

ԱՐՑՈՒՆՔԻ ՍԱՓՈՐ

Իրենց խորքում ուռուցիկ, որտեղ մահն են պարփակում
կողերն իրենց – ուրիշներն յուղն ու գինին են կրում:
Իսկ ես` սափորը փոքրիկ, ես` սափորը նրբագույն,
արցունքները կրեցի. ես արցունքներն էի սիրում:

Գինին ծփաց նրանց մեջ, պարզվեց յուղը մաքուր:
Արցունքները ի՞նչ եղան:- Ծանրացրին նրանք ինձ,
ինձ դարձրին դյուրաբեկ, դարձրեցին հանկարծ կույր
և, ինձ դատարկ թեղնելով, ախ, թափվեցին իմ միջից:

1923

ՊՏՈՒՂԸ

Եվ բարձրացավ հողից և բարձրացավ
և բնի մեջ խաղաղ լռեց
և ծաղկի մեջ բոցն իր կարկառեց,
մինչև նորից լռեց-անշարժացավ:

Եվ ամառային գիշերներում
ծառի ճիգի մեջ լցվեց. սակայն
հետո պարզեց իրեն, իբրև լարում
ընդդեմ տիեզերքին կարեկցական:

Եվ երբ արդեն հանգստությամբ լրյալ
պայծառ շողաց` կլոր-հրակարմիր,
նա հետ քաշվեց դարձյալ, իբրև հրաժարյալ
կեղևի տակ, դեպի Կենտրոնը իր:

1924

(ԼԵՈՆԻ ԶԱԽԱՐԻԱՍԻ ՀԱՄԱՐ)

Ասա, բանաստեղծ, դու ի՞նչ ես անում:
– Փառաբանում եմ:

Սակայն մահացուն, հրեշայինը՝
ինչպե՞ս ես տոկում, ինչպե՞ս ես տանում:

– Փառաբանում եմ:

Բայց առանց-անուն և անանունը,
ինչպե՞ս ես դրանք կանչում, բանաստեղծ:

– Փառաբանում եմ:

Ի՞նչ իրավունքով՝ ամեն զգեստով, ամեն դիմակով
Ճշմարիտ լինել և մնալ անեղծ:

– Փառաբանում եմ:

Իսկ որ լռությամբ ու մոլեգնանքով
աստղ ու փոթորիկ ճանաչում են քեզ:

– փառաբանում եմ որովհետև ես:

***

Գրված օր. Ռիչարդի համար

Տարածությունը` վարդերով լեցուն. վարդերով հարուստ մի տարածություն:
Վարդեր, մնացե՜ք. հանկարծ սփռվում, լուծվում են նրանք:
Երեկոյի մեջ հնչում է, ինչպես ծափահարություն,
խաղաղ անկումը պատրաստ թերթերի – պատուհանի տակ:

Ժամանակի՞ն են ծափահարում, որ – իրենց քնքշորեն սպանեց անձայն:
Կյանքը մեզ համար ինչ թանկ է. նրանք լքում են սակայն:
Տես, կարմիրները այնքան կարմրեցին, մինչև սևացան,
և դեղիններին դեղինությունը պատեց վերջնական:

Նրանց հանդերձյալ կյանք է սկսվում հիմա գրքերում`
էջերի միջև. պահում են հավերժ իր և պահարան
բուրմունքը նրանց, և սեղմվում է թաշկինակների քնքուշ ծալքերում,
ինչ մեզ վարդերից շնորհվեց և ինչ վարդերը տարան:

1923

ԱՌԱՋԻՆ ԷԼԵԳԻԱ

Ինձ ո՞վ կլսեր, եթե ես ճչայի, հրեշտակների
դասերից արդյոք, և եթե անգամ մեկը հանկարծ
ինձ առներ սրտին,- ես կկործանվեի նրա
առավել հզոր գոյությունից: Քանզի գեղեցիկը այլ բան չէ,
քան սարսափելու սկիզբ, որը մենք դեռ տանում ենք
և այսպես նրանով սքանչանում, քանզի այն անհոգ զլանում է
մեզ կործանել: Սարսափելի է ամեն հրեշտակ:
Եվ, ուրեմն, ես զսպում եմ ինձ և կուլ տալիս կանչող ճիչը
մռայլ հեկեկանքի: Ախ, այդժամ մենք ո՞ւմ կարիքի
իրավունքն ունենք: Ո՛չ հրեշտակի, ո՛չ մարդու,
և հնարամիտ գազանները արդեն նկատում են,
որ մեզ համար այնքան էլ հուսալի և հարմար չէ
աշխարհում նշանների: Մեզ, թերևս,
զառիթափին ինչ-որ ծառ է մնում, որ ամեն օր
տեսնենք:- Մեզ մնում է երեկվա ճանապարհը
և քմահաճ հավատարմությունը մի սովորության,
որը այն մեզ նետեց, և այն ահա մնաց և չգնաց:
Օ, և գիշերը, գիշերը, երբ քամին, տիեզերական տարածությամբ լեցուն,
մեր դեմքերն է կրծում,- ո՞ւմ չի մնացել այն` գիշերը տենչալի,
քնքշորեն հուսախաբող, որ տառապալի վերահաս է լինում
սրտերին միայնակ: Մի՞թե այն ավելի հեշտ է սիրահարներին:
Ախ, նրանք միայն իրենց ճակատագիրն են իրարով թաքցնում:
Դու սա դեռ չգիտե՞ս: Նետիր գրկիցդ դատարկությունը`
ավելացնելով այն տարածություններին, որը շնչում ենք:- Գուցե թռչունները
զգան ընդլայնումը օդի` առավել ներքին թռիչքով:

Այո, գարունները քո կարիքն ունեին: Շատ աստղեր
հույս ունեին, որ դու կզգաս իրենց: Մի ալիք էր
ելնում անցածի մեջ, կամ,
երբ դու անցար բացված պատուհանի տակով,
մի ջութակ քեզ տրվեց: Այս ամենը պատգամ էր քեզ:
Բայց դու այն կատարեցի՞ր: Դու մշտապես
ցրված չէի՞ր սպասումից, ասես ամեն ինչ քեզ
սիրեցյալին ավետելիս լիներ: (Ո՞ւր պիտի թաքցնես նրան,
երբ մեծ, օտար խոհերն են քեզ
այցելում և շատ հաճախ մնում են գիշերելու):
Բայց եթե ուզում ես երգել` սիրահարներին երգիր:- Ցայժմ
անմեռությունը բավական չի եղել նրանց փառաբանյալ զգացմունքի համար:
Նրանց,- դու գրեթե նախանձում ես նրանց, լքվածներին, ում դու
շատ ավելի սիրով լեցուն գտար, քան հագեցածներին: Նորից ու նորից
սկսիր փառաբանումը երբեք տեղ չհասնող:-
Հիշիր. հերոսը մնում է, անգամ նրա կործանումը
սոսկ լինելու պատրվակ է,- վերջին ծնունդը նրա:
Բայց սիրահարներին սպառված բնությունը հետ է վերցնում
իր մեջ, ասես նրանց նորից ծնելու ուժ երկրորդ անգամ
էլ չունենա: Դու Գասպարա Ստամպայի մասին
այնքան մտածե՞լ ես, որ աղջիկն այն,
ում լքել է սիրեցյալն իր, այդ սիրահարի
վեհացնող օրինակը զգա. երանի՜ ես նրա նման լինեի:
Վաղնջական ցավերը այդ ի վերջո չպե՞տք է մեզ
ավելի պտղավորեն: Ժամանակը չէ՞, որ մենք սիրելով`
ազատվենք սիրեցյալից և դողալով դիմանանք դրան.
ինչպես նետն է դիմանում աղեղնալարին, որ սլացքի մեջ կենտրոնացած`
ինքն իրենից ավելի՛ն լինի: Քանզի Մնալ – ոչ մի տեղ չկա:

Ձայներ, ձայներ: Լսիր, սիրտ իմ, ինչպես երբեմն միայն
սրբերն էին լսում. որ գերզոր կանչը
նրանց վեր բարձրացներ հողից:- Սակայն նրանք շարունակեցին
մնալ ծնկի եկած, անհնարինները այդ, և ուշ չէին դարձնում դրան.
այդպես լսելով նրանք եղան: Ոչ թե` որ դու կդիմանայիր
ձայնին Աստծո,- շատ ավելի՛ն: Սակայն շունչը լսիր,
ավետիսը անդադրում, որը լռությունից է հյուսվում:
Այն սոսափելով այժմ քեզ է ձգվում պատանի մեռյալներից:
Որտեղ մտել ես միշտ, Հռոմի և Նեապոլի տաճարներում
նրանց ճակատագիրը չէ՞ր հետդ խոսում խաղաղ:
Կամ այն վսեմական մի արձանագրություն էր քեզ հանձնարարում,
ինչպես վերջերս տապանաքարը Սանտա Մարիա Ֆորմոզայում:
Նրանք ի՞նչ են ուզում ինձնից, ես պետք է խաղաղ
անարդարության նշույլը հեռացնեմ, որը նրանց հոգիների
մաքուր շարժումն է երբեմնակի դույզն ինչ խոչընդոտում:

Արտասովոր է, իրոք, երկիրը այլևս չբնակեցնել,
հազիվ սովորած սովորությունները այլևս թողնել,
վարդերին և խոստումներով լցված մյուս իրերին
չտալ իմաստը մարդկային գալիքի:-
Այլևս չլինել այն, ինչը եղել ես անսահման երկչոտ
ձեռքերի մեջ, և սեփական անունն անգամ
մի կողմ նետել, ինչպես ջարդված մի խաղալիք:
Արտասովոր է ցանկությունները այլևս չցանկանալ: Արտասովոր է
մեզ առնչվող ամենայն ինչ տարածության մեջ այդպես թողնված
ճախրելիս տեսնել: Եվ մեռած լինելը տանջալի է
և հետբերումով լեցուն, մինչև որ հետզհետե մի քիչ
հավերժություն զգաս:- Սակայն ապրողները
բոլորը սխալվում են, որ չափազանց խիստ տարբերում են:
Հրեշտակները (ասում են) հաճախ չգիտեն` իրենք
ապրողների միջով են գնում, թե մեռյալների: Հավերժական հոսքը
զույգ արքայություններով քշում է բոլոր տարիքները
մեկընդմիշտ իր հետ և խլացնում է նրանց երկուսում:

Ի վերջո նրանք այլևս մեր կարիքը չունեն, վաղամեռները,
նրանք քնքուշ տարընտելացան երկրայինին, ինչպես մեծանալով, մոր կրծքից ես
քիչ-քիչ կտրվում: Բայց մենք, որ նման մեծ
գաղտնիքների կարիք ունենք, մենք, ում համար այսպես հաճախ սգից
երանելի աճն է ծագում,- մենք կարո՞ղ ենք լինել առանց մեռյալների:
Զուր չէ ասքը, որ մի օր Լինոսի վրա սգով
առաջին երաժշտությունը, հանդգնելով, ներս հորդեց գոսն ընդարմացման մեջ:-
Որ նախ սարսափով լցված տարածությունում, որը գրեթե աստվածային պատանին
հանկարծակի մեկընդմիշտ թողեց, դառարկությունը այն թրթիռի մեջ
ընկավ, որը այժմ մեզ հեռու է ձգում, սփոփում և զորավիգ լինում:

ԷԼԵԳԻԱ

Մարինա Ցվետաևա-Էֆրոնի համար

Օ՜, կորուստները տիեզերքի մեջ, Մարինա, աստղերը վայր ընկնող:
Մենք այն չենք ավելացնի, ո՛ւր էլ նետվենք, ո՛ր աստղի
մոտ: Ամբողջի մեջ արդեն ամեն ինչ հաշվված է վաղուց:
Այդպես էլ ընկնողը չի նվազեցնում քանակը սրբազան:
Ամեն հրաժարյալ անկում նետում է ծագման մեջ և ամոքում:
Ուրեմն` խա՞ղ է ամեն ինչ, նույնափոխո՞ւմ, տեղաշարժո՞ւմ,
անո՞ւն ոչ մի տեղ և հազիվ թե մի տեղ սեփականի շահո՞ւմ:
Ալիքները, Մարինա, մենք` ծո՜վ: Անհունները, Մարինա, մենք` երկի՜նք:
Հողը, Մարինա, մենք հո՜ղ, մենք` հազարապատիկ գարո՜ւն, ասես թե արտույտներ,
որոնց բռնկվող մի երգ անտեսի մեջ է նետում:
Մենք այն սկսում ենք, հանց ցնծություն, և – արդեն գերազանցում է մեզ լիովին.-
մեր կշիռը հանկարծ երգը ցած է շրջում ողբին:
Բայց – ո՞ղբ: Այն պատանի ցնծությունը չէ՞ դեպի ցած:
Նաև ցածի աստվածներն են ուզում փառաբանված լինել, Մարինա:
Այնպես անմեղ են աստվածները, նրանք աշակերտների պես սպասում են գովքի:
Գովե՜նք, ի՜մ սիրելի, շռայլե՜նք մեզ գովքով:
Ոչինչ չի պատկանում մեզ: Մենք մեր ձեռքն ենք մի քիչ դնում
չքաղված ծաղկի պարանոցին: Ես դա տեսել եմ Նեղոսի ափին, Կոմ-Օմբոյում:
Այդպես, Մարինա, արքաներն են, իրենց մերժելով, ընծաները բերում:
Ինչպես հրեշտակներն են գնում և դռները նշում փրկության արժանների,
այդպես էլ մենք ենք քսվում նրան, ինչը մեզ քնքուշ է թվում:
Ախ, արդեն որքան ինքնամփոփներ, ախ, ինչ ցրվածներ, Մարինա,
անգամ ամենաներքին մի առիթով: Նշան տվողներ, ուրիշ ոչինչ:
Այդ անելիքը խաղաղ, երբ մերային մեկն այն
այլևս չի տանում և որոշում է միջամուխ լինել,
վրեժ է լուծում և սպանում: Քանզի որ մահացու էզորությունը նրա`
մենք բոլորս դա նկատեցինք նրա զսպությունից և քնքշությունից
և այն ուժից արտասովոր, որը մեզ ապրողներից
Վերապրող է սարքում: Չ-Գոյություն: Դու գիտես` ինչքան հաճախ
մի կույր հրաման մեզ տարավ սառցե նախասրահով
նոր ծնունդների… Տարավ` մե՞զ: Աչքերից մի մարմին`
անթիվ կոպերի տակ դիմադրելով: Տարավ մեր մեջ
ցած նետված սիրտը մի ողջ ցեղի: Դեպի չվող թռչունների նպատակը
տարավ նա խումբը, պատկերը մեր ճախրող այլակերպման:
Սիրահարները, Մարինա, պետք չէր, պետք չէ, որ այսքան շատ իմանան
մայրամուտի մասին: Նրանք պիտի ասես թե նոր լինեն:
Միայն նրանց գերեզմանն է հին, միայն նրանց գերեզմանն է մտաբերում, մթագնելով
հեծեծացող ծառի տակ, նախկինը մտաբերում:
Միայն նրաց գերեզմանն է փլվում. նրանք իրենք ճկուն են, ինչպես շիվեր:-
Ինչը նրանց չափից ավելի է ճկում` նրանց պսակի համար է մինչև վերջ կլորացնում:
Ինչպե՜ս են նրանք ծփում մայիսյան քամու մեջ: Միշտի կենտրոնից,
որում դու շնչում ես և զգում, ակնթարթը հանում է նրանց:
(Օ, ինչպես եմ ես քեզ զգում, կանացի ծաղիկ նույն
անանց թփին: Ինչպես եմ ես ինձ թափով շաղ տալիս գիշերային քամու մեջ,
որը քեզ է հպվում հաջորդ պահին): Շատ վաղ սովորեցին աստվածները
կեսերին շողոքորթել: Մենք պտույտների մեջ մտած`
լցվեցինք ի ամբողջ, ինչպես սկավառակը լուսնի:
Թե՛ նվազման պահին, թե՛ բոլորման շաբաթներոմ
ոչ ոք երբևէ մեզ չի օգնի կրկին լրման հասնել, եթե ոչ մեր
սեփական ընթացքը միայնակ` անքուն այս եզերքի վրա:

1926, հունիսի 9, Մուզոտ

Թարգմանությունը գերմաներենից` Հակոբ Մովսեսի

Share Button

3 Կարծիք

  • մարօ says:

    լավ է…

  • Հրաշալի է…կարծես թե մարդկային ձեռք չէ, որ հպվել է բառերին…Շնորհակալություն:

  • Շնորհակակություն թարգմանչին

    Հակոբ Մովսեսին

    Ես գրում եմ հիմա, թուղթը մեկ է՝ լինի ծառեմարմին, օֆսեթ,
    Քո քերթությամբ տոգոր և ծովախորք բառիդ տարածքները մտած,
    Եվ քո գիրն էլ՝ ծովին ոտնահետքեր Որդու և Գրիչդ, Մովսես,
    Գավազան է՝ սեպող ջրբաժաններ կյանքի, աստվածային ու թաց…

    Արա Ալոյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *