ՌՈԲԵՐՏ ԷՅԹՔԵՆ | Ձենի վարպետ ագռավը. Իմաստուն թռչնի խոսքերն ու գործերը

Ռոբերտ Էյթկեն

Ռոբերտ Էյթքեն (Robert Baker Dairyu Chotan Aitken Rōshi – 19 հունիսի 1917 – 5 օգոստոս 2010) – Ձենի (Zen) ուսուցիչ: 1959 թվականին կնոջ (Էնն Էյթքեն) հետ միասին հիմնել է Դայմոնդ Սանգհա կենտրոնը (Հավայիի վարչական կենտրոնում): Եղել է սոցիալական ակտիվիստ: Բացահայտ քննադատել է Վիետնամի պատերազմը, եղել Միացյալ Նահանգների և Խորհրդային Միության միջուկային զինվածության մրցավազքի ուժեղ քննադատ-հակառակորդը:
Ռ. Էյթքենը ծնվել է Ֆիլադելֆիայում (Փենսիլվանիա), իսկ հինգ տարեկանից տեղափոխվել Հավայի (Հավայան կղզիներ), որտեղ և ստացել է իր կրթությունը:
Երկրորդ աշխարհամարտի սկզբին ապրելով Գուամում՝ իբրև բանվորական շինարարության քաղաքային պաշտոնյա (civilian), ճապոնացիների կողմից ձերբակալվել և պատերազմի ընթացքում պահվել է արգելափակվածների ճամբարում (internment camps): Այդպիսի ճամբարներից մեկում՝ Կոբեում, (Ճապոնիա) 1944 թվականին հանդիպել է Ռեջինըլդ Հորացը Բլայթին (Reginald Horace Blyth), ում հետ հաճախակի է քննարկել ձեն-բուդդհիզմի և անարխիզմի տարբեր հարցեր: Պատերեազմի վերջին վերադարձել է Հավայի, Հավայիի Համալսարանից ստացել անգլիական գրականության բակալավրի աստիճան և ճապոնական գրականության մագիստրոսի աստճան:
1940-ական թվականների վերջին Քալիֆորնիայի Համալսարանի (Բերքլի) կարճ դասընթացներին մասնակցելիս հանդիպել է Նյոգեն Սենձակիին (Nyogen Senzaki), ով կարևոր դերակատարում է ունեցել նրա հայացքների ձևավորման մեջ: Սկզբնապես Քալիֆորնիայում, ակնկալելով Քրիշնամուրթիի հետ հանդիպումը/բախումը, նա Լոս-Անջելոսում սկսել է ուսանել Սանձակիի մոտ: Հենց այդ տարիներին էլ սոցիալական շարժմանը նրա հակվածությունը, ինչպիսիք են խաղաղապաշտությունը (pacifism) և աշխատանքային իրավունքները (labor rights), ավելի որոշակի են դարձել:
1950 թվականին վերադարձել է Ճապոնիա՝ դրամաշնորհ ստանալով Հայիքու (haiku) հետազոտելու համար, և հետևելով Սենձակիի խորհուրդին՝ տեղում հետազոտել է նաև Ձենը: Այստեղ էլ մասնակցել է իր առաջին սեսսին (sesshin – «մտքի հավաք» կամ «մտքի կենտրոնացում»)՝ Կամակուրայի Էնգակու-ջիի (Engaku-ji) տաճարում: Դրանից հետո հանդիպել է Նակագավա Սյոենին (Nakagawa Sōen), ով կարողացել է նրան համոզել Ռյութաքուջի մեկնելու և այնտեղ մնալու հաջորդ յոթ ամիսները: Դեպքերի բերումով՝ նա վերադարձել է Հավայի և ամուսնացել երկրորդ անգամ՝ Էնն Հոփքինսի հետ (1957 թ.) և պատահական ուղևորություն իրականացրել դեպի Ճապոնիա:
1959 թվականին Ռոբերտ և Էնն Էյթքեն ամուսիները Հոնոլուլում իրենց իսկ տան հյուրասենյակում սկսել են իրենց առաջին մեդիտացիոն խմբի գործունեությունը, որը հետագայում հայտնի է դարձել Կոկո-ան ձենդո (Koko-an zendo) անունով: Համայնքը, որն հավաքվում էր այդ ձենդոյում (zendo), այդ ժամանակ կոչվում էր Դայմոնդ Սանգհա (Diamond Sangha) երկու: Դայմոնդ Սանգհան ձեն մասնաճյուղ կենտրոններ ունի Հարավային Ամերիակում, Նոր Զելանդիայում, ԱՄՆ-ում և Եվրոպայում, և հայտնի է նրանով, որ խիստ ավանդական Ձենը դարձրեց հասանելի:
1961 թվականին Ռ. Էյթքենը երկար ժամանակով մնում է Ճապոնիայում, որպեսզի ուսանի Հայկուուն Յասուտանիի (Haku’un Yasutani) մոտ՝ ավարտելով իր Սյոենի հետազոտությունը: Այդ ժամանակաշրջանում աշխատում է Արևելք-Արևմուտք կենտրոնում և Հավայիի Համալսարանում՝ զբաղեցնելով զանազան պաշտոններ (capacities) մինչև 1969 թվականը, երբ կնոջ հետ միասին հրավիրվում է Մաուի (Հավայի)՝ Հայիկու-Պաուվելակում (Haiku-Pauwela) հիմնելու Մաուի Ձենդոն (Maui Zendo): Վարպետ Կուն Յամադան (Koun Yamada Rōshi) հրավիրվում է առաջնորդելու Դայմոնդ Սանգհան, և նա Հավայի է ժամանում 1971 թվականին: 1974 թվականին Ռ. Էյթքենին Կուն Համադայի կողմից դասավանդելու թուլտվություն է ստանում, իսկ արդեն 1985 թվականին նրանից ստանում ամբողջ Դհարմայի փոխանցումը (Dharma transmission):
1978 թվականին Ռ. Էյթքենն օգնում է հիմնել Բուդդհիստական Խաղաղ Ընկերությունը (Buddhist Peace Fellowship), մի կազմակերպություն, որն աջակցում էր համամոլորակային կոնֆլիկտների լուծմանը:
Ռ. Էյթքենը մահանում է 2010 թվականի օգոստոսի 5-ին:

Ագռավին կարդալիս
Նելսոն Ֆոսթեր

Մի անգամ, երբ Ռոբերտ Էյթքենը՝ Վարպետ (Roshi) Էյթքենը, ինչպես խանդաղտանքով դիմում էին նրա ուսանողները, կարդաց իր այդ գրառումները, ես հրապարակայնորեն հարցրի նրա, թե որտեղից են վերցված այդ պատմությունները: «Խորը քնից», – պատասխանեց նա: Այդժամ, հետևաբար, դա երազների գիրք է, և այն ընթերցել նշանակում է մտնել երազների աշխարհ, որ ետ է գնում մի ժամանակ՝ ժամանակներից առաջ, երբ կենդանիները խոսում էին՝ հետազոտելով և մեկնաբանելով խորագույն ճշմարտությունը:
Այդ աշխարհի կենտրոնական կերպարը՝ Ձենի Վարպետ Ագռավը, ինքն է խոսում անմիջականորեն այդ թեմայի մասին՝ առաջարկելով այն միտքը, որ երազն ի վերջո այլ հեղինակ ունի: «Մենք երեխաներ ենք Բուդդհա Շաքյամունիի երազում…»,-սովորեցնում է նա: -Մեր շրջանի հեռավոր ծայրին ճիմերի տակից բարձրացող հիմնաժայռը նրա ներկայությունն է: Դարեր շարունակ մենք խոնարհվում ենք ու երգում նրա սուտրաները նրա հետևորդների բազմության հետ: Նրա գովքը լցնում է օդը: Նրա վարդապետությունը դադար է տալիս մեզ: Կանգ առնենք այստեղ նրա հետ»:
Այդ հրավերը հիշելու է կոչում մեկ այլ երազ՝ գրառված մոտ 2500 տարի առաջ, Բուդդհայի ժամանակից քիչ անց.

Մի անգամ Չեն Չուն երազ տեսավ, որ ինքը թիթեռ է, աստ ու անդ ճախրող ու թրթռացող թիթեռ՝ երջանիկ իրենով և ուզածն անելով: Նա չգիտեր, որ Չուան Չուն է: Հանկարծ նա արթնացավ, և այնտեղ նա ծանրակշիռ և անշփոթելի Չուան Չուն էր: Բայց նա չգիտեր՝ եղե՞լ է ինքն արդյոք Չուան Չուն, ով երազում տեսել է, թե թիթեռ էր, թե՞ թիթեռ է եղել, որ երազ է տեսել, թե ինքը Չուան Չուն էր [1]:

Եվ հիրավի, ո՞ւմ երազն է դա հիմա: Վարպետ Էյթքենի երա՞զն է Ագռավի մասին: {Թե՞] Ագռավի երազն է Շաքյամունիի մասին: [Գուցե] Շաքյամունիի երա՞զն է ձեր և իմ մասին: Եվ կամ իրո՞ք այդ մենք ենք՝ դուք և ես՝ ծանրակշիռ և անշփոթելի, որ երազում ենք մնացած բոլորին:
Եթե այդ հայելիների տունը փոքր-ինչ ձեզ ծանոթ է, հավանաբար դա նրանից է, որ դա հենց այն տունն է, որտեղ դուք ամեն առավոտ վեր եք կենում անկողնուց, տեղը, որտեղ դուք աշխատում եք և հանդիպում ձեր տան անդամներին ու ընկերներին: Մենք՝ երկոտանիներս, հազարամյակներով հետազոտում ենք այդ տան տարածությունները, և կրկին ու կրկին, երբ իրերը համրանում են, հայտնվում ենք նրա ամենաներքին սենյակում՝ դեմառդեմ կանգնելով այս գրքի սրտի և երազի սրտի անթափանցելի հարցերին, ումն էլ որ լինի երազը. «Ո՞վ եմ ես: Ո՞վ եք դուք: Ինչո՞ւ ենք մենք այստեղ: Ե՞րբ ենք գնալու: Ի՞նչ պետք է անենք»:

Այստեղ կանգ առեք նրա հետ,- առաջարկում եմ ես,- և թույլ տվեք, որ Վարպետ Ագռավը լինի ձեր ուղեկիցը …

– Նելսոն Ֆոսթերը ձեն բուդդհիզմ է դասավանդում Դայմընդ Սանգհի (Diamond Sangha) [2] տաճարներում ՝Քալիֆորնիայում և Հավայայում, և «Մռնչացող հեղեղ. Ձենի նոր ընթերցող» հանդեսի համախմբագիր է:

ագռավն ու արջը

ՈՒՍՈՒՑՉԻ ՈՐՈՆՈՒՄՆԵՐՈՎ

Երբ Ագռավն ապրում էր Վարպետ (Rōshi) [3] Ճագարի հարևանությամբ, հաճախ էր այցելում նրան, որպեսզի հարցնի Ուղու մասին: Մի անգամ նա հարցրեց.
— Ասում են՝ Բուդդհա Շաքյամունին նայեց Բոդհի ծառի [4] տակից, տեսավ վաղորդյան աստղը և հայտարարեց մտքի պայծառացման (realization) մասին [5]: Ինձ թվում է, որ այս պատմության մեջ ինչ-որ բան պակասում է: Ի՞նչ պատահեց, երբ նա տեսավ աստղը:
Ճագարը կախեց ականջները, փակեց աչքերն ու պատասխանեց.
— Նա հասկացավ փոխկախված ծագման ճշմարտությունը [6]:
«Դե, – մտածեց Ագռավը, – կարծես թե Վարպետ Ճագարը հասկանում է բուդդհիզմից, իսկ ես գուցե բուդդհիստ չեմ»: Եվ նա թռավ տեսակցելու Վարպետ Մարգագետնային Շանը: Երբ նա հայտարարեց իր ժամանման մասին, Մարգագետնային Շունը դուրս հանեց գլուխն իր բնից և թարթեց աչքերն արևային վառ լույսից: Ագռավը պատմեց նրան Վարպետ Ճագարի հետ իր հանդիպման մասին և հարցրեց.
— Ի՞նչ պատահեց, երբ Բուդդհան տեսավ վաղորդյան աստղը:
Մարգագետնային Շունը դուրս եկավ և դիք կանգնեց: Նա թաթերը դրեց կրծքին, արագ հայացքը գցեց հորիզոնին և ասաց.
— Նա հասկացավ միասնության հիմնարար փաստը [7]:
«Դե, – մտածեց Ագռավը, – Վարպետ Մարգագետնային Շունը, երևում է, հասկանում է նրա մետաֆիզիկան, բայց ես գուցե մետաֆիզիկոս չեմ»:
Եվ նա թռավ տեսակցելու Վարպետ Իշայծյամին, որը ջրիմուռ էր ծամում Ծանծաղուտի Մայրի ծառի առվակի մեջ: Քարին նստելով՝ Ագռավը կռավեց, որպեսզի ուշադրություն գրավի: Երբ Իշայծյամը բարձրացրեց գլուխը, Ագռավը պատմեց Վարպետ Ճագարի և Վարպետ Մարգագետնային Շան հետ իր տեսակցությունների մասին և հարցրեց.
— Ի՞նչ պատահեց Բուդդհային, երբ նա տեսավ վաղորդյան աստղը:
Իշայծյամը գլուխն իջեցրեց առվակի ջրի մեջ, կրկին բարձրացրեց այն ու սկսեց ծամել:
— Համեղ ջրիմուռներ են, – ասաց նա:
«Դե, – մտածեց Ագռավը: – Դա ավելի բնական է թվում»:
Նա մի պահ նստեց ժայռին, բայց Իշայծյամն այլևս ոչինչ չասաց և պարզապես շարունակեց ծամել:
«Դե լավ, – մտածեց Ագռավը, – հնարավոր է՝ ես այստեղ վերադառնամ, բայց առայժմ, կարծում եմ, հարկավոր է շարունակել ուղևորությունը»:
Եվ նա թռավ տեսակցելու Վարպետ Գորշ Արջին:
Հայտարարելով իր ժամանման մասին՝ նա կանգնեց և սպասեց որջի մուտքի մոտ: Ի վերջո Գորշ Արջը դուրս եկավ և լուռ պպզեց նրա առջև:
Ագռավը պատմեց նրան՝ ինչպես Վարպետ Ճագարն ասաց, թե Բուդդհա Շաքյամունին գիտակցեց փոխկապակցված կայացման ճշմարտությունը, ինչպես Վարպետ Մարգագետնային Շունն ասաց, թե միասնության հիմնարար փաստը գիտակցեց, իսկ Վարպետ Իշայծյամը պարզապես ասաց. «Քաղցր ջրիմուռներ»:
— Իսկ ո՞րն է ձեր կարծիքը, Վարպետ, – հարցրեց Ագռավը:
Գորշ Արջը տարօրինակ ձայն արձակեց, և Ագռավը չկարողացավ կողմնորոշվել՝ նա ծիծաղե՞ց, թե՞ մռնչաց: Վերջապես Գորշ Արջը խոսեց.
— Ինչ-որ բան դեռ պակասում է, – ասաց նա: Ագռավը սիրալիր սպասեց, բայց Վարպետը լռություն էր պահպանում:
«Դե, – մտածեց Ագռավը, – Վարպետ Գորշ Արջը, կարծես, ինչ-որ բանից գլուխ է հանում: Գուցե ես մնամ այստեղ և ուսանեմ»:

ԱՅԼԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Երբ նրանք ավելի լավ էին ծանոթացել, Ագռավը նստում էր Գորշ Արջի ուսին, քանի դեռ նա սնունդ էր որոնում: Մի անգամ, երբ նրանք գնում էին, Ագռավը հարցրեց.
— Դուք բացառապես այլաբանություններո՞վ եք սովորեցնում:
— Շիկահավը երգում է կաղնու վրա, իսկ սերինոսը երգում է մորենու վրա, – ասաց Գորշ Արջը:
Ագռավը հարցրեց.
— Ի՞նչ են դրանք նշանակում:
Գորշ Արջը շրջեց գլուխը, նայեց Ագռավին ու հարցրեց.
— Արտույտը երգում է մուգ կապույտ երկնքում: Էլ ի՞նչ կարող ես հարցնել [8]:
— Այդ ի՞նչ երգեցողություն է, – հարցրեց Ագռավը:
Գորշ Արջը կրկին վերադարձավ կածան և խռխռաց.
— Այսօր երեկոյան կրկին կզրուցենք:

ՀԱՎԱՏ

Մի անգամ առավոտյան՝ ձաձենից հետո, Ագռավը հարցրեց Գորշ Արջին.
— Կարևո՞ր է արդյոք հավատի դերը Ձենի փորձառության մեջ:
— Մեծ հավատ, – ասաց Գորշ Արջը:
— Ինչպե՞ս պետք է ուղղորդեմ ես այն, – հարցրեց Ագռավը:
— Մեկ, երկու, երեք, – պատասխանեց Գորշ Արջը:

ՉԾՆՎԱԾԸ

Գորշ Արջի հետ գիշերային երկնքի տակ հանգստանալիս Ագռավը հարցրեց.
— Ի՞նչ բան է չծնվածը:
— Ահավոր, – պատասխանեց Գորշ Արջը:
— Դա նույնն է, ինչ դատարկությո՞ւնը, – հարցրեց Ագռավը:
— Որտեղի՞ց է այդ ամենը, – պատասխանեց Գորշ Արջը:

ՇՐՋԱԴԱՐՁԱՅԻՆ ՊԱՀԵՐ

Մի անգամ վաղ առավոտյան Ագռավը Գորշ Արջի հետ նստած էր ձաձենի [9], որից հետո հարցրեց.
— Ինչո՞ւ մենք չենք հետազոտում շրջադարձային պահերը [10], որոնք այսօր կարևոր են անտառի համար:
— Ի տեղի հարցրեր տուր ինձ, – պատասխանեց Գորշ Արջը:
— Արջի որսորդը ունի՞ Բոդդհայի բնույթ, – հարցրեց Ագռավը:
— Մու [11], – մռնչաց Գորշ Արջը:
— Ահա թե ինչ, – ասաց Ագռավը, – Մու-ն հին Ասիական բառ է:
— Խնդիրն էլ դա է, – պատասխանեց Գորշ Արջը:

ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Մի անգամ երեկոյան՝ իրենց անձնական խնդիրները քննարկելիս, Ագռավը հարցրեց Գորշ Արջին.
— Ո՞րն է բնավորության դերը Ձենի փորձառության մեջ:
— Ես ջանում եմ պահել խոստումս, – ասաց Գորշ Արջը:
— Ես էլ եմ ջանում պահել իմ խոստումը, բայց և դյուրությամբ շեղվում եմ, – ասաց Ագռավը:
— Սառը քամի է հիշեցնում ինձ, – ասաց Գորշ Արջը:

ԾՆՈՒՆԴ ԵՎ ՄԱՀ

Մի անգամ երեկոյան՝ սուտրաներ [12] երգելուց հետո, Ագռավն ասաց.
— Վարպետ Ճագարի համայնքում մեզ սովորեցնում էին, որ պետք է ծնունդից և մահից ազատ լիենք: Ես երբեք չիմացա՝ ինչպե՞ս հասնել դրան:
— Որովհետև դա անհնար է, – ասաց Գորշ Արջը:
— Մեզ հստակ հասկանալ էին տալիս, որ հնարավոր է, – ասաց Ագռավը:
Գորշ Արջը զարհուրելի մռնչոցով նետվեց Ագռավի վրա: Ագռավը կռավեց ու թռավ դեպի մոտակա գորշ սոճին: Գորշ Արջը նայեց վերև և հարցրեց.
— Քեզ ի՞նչը ստիպեց կռավել:
Ագռավը քիչ ներքև թռավ և ասաց.
— Ավելի շուտ կխնդրեմ, որ շիկահավը բացատրի:
Գորշ Արջը ֆսֆսացրեց և ասաց.
— Բանը հասավ շիկահավին:
—Նա այնպես գեղեցիկ է երգում, – ասաց Ագռավը:
— Ի՞նչ պատահեց քարերին ու ծառերին, – հարցրեց Գորշ Արջը:
Ագռավը կռավեց:
— Ո՞ւր գնացին դրանք, – հարցրեց Գորշ Արջը:
Ագռավը կռավեց մի անգամ, հետո ևս մի անգամ: Գորշ Արջը դանդաղ գլխով արեց և ատամները ցույց տվեց Ագռավին:
— Շիկահավն այս առավոտ, կարծես, ուժեղ մրսել է, – ասաց նա վերջապես, իսկ հետո նրանք երկար ծիծաղում էին:

ՀԱՆԳԱՄԱՆԱԼԻ

Ագռավը մոտեցավ Գորշ Արջի որջին ու մտավ ներս:
— Ժամանակն է ճանապարհս շարունակելու, – հաղորդեց նա:
— Ի՞նչ կասես քո այստեղ ուսանելու մասին, – հարցրեց Գորշ Արջը:
— Գորշ Արջի մոտ բավականին հանգամանալի էր, – ասաց Ագռավը:
— Աշխատիր մի որոշ ժամանակ գիշերել բաց երկնքի տակ,- ասաց Գորշ Արջը:

ԵՐԱԶԸ

Ագռավը սրտանց ընդունեց Գորշ Արջի ուսմունքը: Նա երկար թափառեց անտառներով, լեռնային մարգագետիններով և սառնորակ լճերով: Ի վերջո նրա նորափետուրները կտուցի տակ սկսեցին նոսրանալ, և նա լքված մի վայր գտավ Բարձր Եղևնու մոտ: Նա հիմնավորվեց այնտեղ, և աշակերտներ սկսեցին հավաքվել, այդ թվում Ոզնին, ով ուսանել էր Վարպետ Շնագայլի մոտ: Նրա մյուս առաջին աշակերտներից էին ոչ հեռվում ապրող Փայտփորիկը, Ցախաքլորը, Փորսուղը, Բուն և Սև Արջը: Նրանք շուրջանակի նստում էին Բարձր Եղևնու տակի փոքրիկ մարգագետնում: Ագռավը նստում էր նրանց հետ և պատասխանում նրանց հարցերին, իսկ ավելի պաշտոնական դասերի ժամանակ նստում էր ոչ հեռվում գտնվող կաղնու՝ Հավաքույթի Կաղնու (ինչպես սկսել էին այն կոչել) ծայրի ճյուղերին: Դուրս ցցված քարը ծառայում էր իբրև բեմ: Մի գեղեցիկ օր Ագռավը թառեց իր ճյուղին և ասաց հավաքույթի մասնակիցներին.
— Մենք Բուդդհա Շաքյամունիի երազի երեխաններն ենք: Նա մատով ցույց է տալիս մեր շրջանի կենտրոնը, և Աստվածների Արքան ամրացնում է խոտի ծիլն այնտեղ, որտեղ ցույց է տալիս: Մեր տաճարը հիմնադրված է, և Բուդդհան ժպտում է [13]: Մեր շրջանի արևմտյան կողմում կիզահողից դուրս ցցված հիմնաժայռը նրա ներկայությունն է: Դարեր շարունակ մենք խոնարհվում ենք ու երգում նրա սուտրաները նրա հետևորդների բազմության հետ: Նրա գովքը լցնում է օդը: Նրա վարդապետությունը դադար է տալիս մեզ: Կանգ առնենք այստեղ նրա հետ»:

Շրջանը լուռ էր: Վերջապես Բուն բացայանչեց.
— Դուք վստա՞հ եք, որ դա ուղղակի ձեր երազը չէ:
Ագռավը թափահարեց գլուխը.
Դա իմ երազն է:

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

[1]. Burton Watson, trans., The Complete Works of Chuang Tzu. (New York: Columbia University Press, 1968), p. 49.
[2]. Դայմոնդ Սանգհա –Եվրոպայում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում և ԱՄՆ-ում Ձեն Բուդդհիստական կենտրոնների և միությունների կաճառ (constellation): Դայմոնդ Սանգհան հիմնել են Ռոբերտ և Էնն Էյթքեն ամուսինները 1959 թվականին, Հավայիի (ԱՄՆ) իրենց տան հյուրասենյակում՝ իբրև Ձենի Հարադա-Յասութանի Դպրոցի (Harada-Yasutani School of Zen) մասնաճյուղ (հայտնի է նաև Sanbō Kyōdan կամ Երեք Հարստությունների Միաբանություն անուններով) (Ծանոթութնունը թարգմանիչների: Այսուհետ՝ Ծ. թ.):
[3]. Rōshi (老師) (ճապոներենում՝ “փորձառու ուսուցիչ”; “փորձառու վարպետ”; չինական պինյինով (pinyin)` Lǎoshī) – Ձեն Բուդհիզմի (Zen Buddhism) ավագ ուսուցչի պատվատիտղոս: Հայերեն նախընտրեցինք թարգմանել վարպետ (Ծ. թ.):
[4] Բոդհի Ծառ (Bodhi Tree) –Առասպելական ծառ Ուրուվելլա պուրակում, որի ներքո արքայազն Գաուտաման, մեդիտացիա անելով, հասավ պայծառացման կամ Բոդհիի և դարձավ Բուդդհա: Բուդդհիզմի կարևորագույն խորհրդանիշերից մեկն է: Բուդդհիստների մոտ կա Բոդհի օր, որը նշվում է դեկտեմբերի 8-ին (Ծ. թ.):
[5] Ագռավն այստեղ հղում է անում Բուդդհա գիտակցման մասին Մահայաննայի հաղորդմանը, որը երկու տարբերակ ունի: Համաձայն առաջին տարբերակի՝ Բուդդհան բացականչում է. «Այժմ ես տեսնում եմ, որ բոլոր էակները Թաթհագաթա են: Միայն նրանց պատրանքներն ու հոգսերն են խանգարում նրանց գիտակցել դա»: Այս տարբերակը վերցված է Hua-yen ching-ից: Տե՛ս Thomas Cleary, The Flower Ornament Scripture, 3 vols. (Boulder: Shambhala, 1984-1987), II: 314-315: Մյուս տարբերակը վերցված է Դոգեն Կիգենի Hotsumujdshin-ից (Developing the Supreme Mind), որտեղ Բուդդհան բացականչում է. «Հենց այս պահին ես և բոլոր էակները հասել ենք Ուղուն»: — Տե՛ս Kosen Nishiyama and John Stevens, trans., Shobogenzo: The Eye Treasury of the True Law, 4 vols. (Tokyo: Nakayama Shobo, 1977), II: 122:
[6]. «Փոխկախված ծագում» (mutually dependent arising) — հասկացություն է, համաձայն որի՝ յուրաքանչյուր էակ ծագում է՝ փոխկախված այլ էակներից ու իրադարձություններից և, հետևաբար, գոյություն չունի ինչ-որ կենտրոնական էություն, ինքնություն և կամ հոգի: Այս հայեցակերպը զարգացվել է Բուդդհա Շաքյամունիի կողմից և տարածվել ողջ բուդդհիզմի մեջ: Տե՛ս S. Dale-ի գրքի առաջին գլուխը՝ Dale S. Wright, Philosophical Meditations on Zen Buddhism (New York: Cambridge University Press, 2000).
[7]. Երևում է, որ Մարգագետնային Շունը փոխկապակցված կայացման հասկացությունն արտարկում է ինչ-որ հիմնարար կառույցի հղացքի վրա:
[8]. Ես սիրում եմ մտածել, որ Գորշ Արջը նմանակում է Սթիվենսընին.
Հեռավոր Ճապոնիայում երգում են երեխաները,
Երեխաներնրը երգում են Իսպանիայում,
Երգեհոնը երգեհոնահարի հետ
Երգում է անձևի տակ:
Robert Louis Stevenson, A Child’s Garden of Verses, in The Works of Robert Louis Stevenson (New York: Walter J. Black, n.d.), p. 972.
[9]. Ձաձենը/Zazen-ը (ճապ. 座禅՝ հազվադեպ, բայց ճիշտ տարբերակն է՝ ճապ. 坐禅 կամ 坐禪, «նստած խոկում (մեդիտացիա)») այժմ քաղաքացիություն ստացած ճապոնական եզրույթ է, որը վերաբերում է նստած-կենտրոնացած մտածողին: Ձեն-բուդդհիզմի մեջ հիմնարար մեդիտացիոն վարժություն (practice): Այն համարվում է ճապոնական սոտո դպրոցի տարբերակիչ գիծը (որտեղ ձաձենը համարվում է սատորիի («պայծառացման») հասնելու միակ մեթոդը), սակայն կիրառվում է ձենի բոլոր դպրոցների կողմից՝ այլ վարժությունների համդրությամբ (օրինակ՝ ռինձայ): Ի տարբերություն բուդդհիստական ավանդական մեդիտացիայի, որի նպատակն էր սատորիի հասնելը, ձաձենի առաջին և հիմնարար խնդիրը մարմնի հանգստացումն է և գոյության ֆենոմենի ներըմբռնումը: Եվ միայն տարիներ շարունակ նստած մեդիացիայի վարժանքով է հնարավոր հասնել «խելքի բացակայության» վիճակին՝ վարժվողի Բուդդհայի էության արթնացումին ու իրականացմանը (Ծ. թ.):
[10]. «Շրջադարձային պահերը» վերաբերում են «կոաներին» (կոան- կարճ պատումներ, պատմվածքներ, հարցեր, երկխոսություններ, սովորաբար տրամաբանական աստառ չունեցող, հաճախ անտրամաբանականություն և պարադոքսներ պարունակող, ավելի շուտ ինտուիտիվ հասկացմանը հասանելի), որոնք հարկ է լուսաբանել (Ծ. թ.):
[11]. «Մու» — չինական բառի ճապոնական արտասանություն (հնարավոր է և հին չինական), որը նշանակում է «ոչ, չունի»: Այն հանդիպում է հետևյալ պատմության մեջ. «Մի վանական բոլորովին լուրջ հարցրեց Չաո-Չուին.
— Ո՞ւնի արդյոք շունը Բուդդհայի բնույթ, թե՞ ոչ:
— Մու, — պատասխանեց Չաո-Չուն».
Այս մոտեցումը հաճախ է հանդիպում ձեն-բուդդհիզմի հետազոտություններում: Տե՛ս Robert Aitken. The Cateless Barrier: The Wu-men kuan (Mumon-kan). (San Francisco: North Point, 1990), p. 7:
[12]. Սուտրա կամ սուտտա (սանսկր. सूत्र sūtra, «շարան») — Հին հնդկական գրականության մեջ սեղմ և կցկտուր ասույթն է, իսկ ավելի ուշ ժամանակներում՝ այդպիսի ասույթների ժողովածուն: Սուտրաներում շարադրվում են գիտելիքի տարբեր ուղղությունները, Հին Հնդկաստանի գրեթե ողջ կրոնափիլիսոփայական ուսմունքները (Ծ. թ.):
[13]. Ագռավը, կարծես, արձագանքում է Բուդդհայի և Ինդրայի՝ Ձեն Բուդդհիզմի ժողովրդական պատմությանը. «Երբ Բուդդհան շրջում էր իր աշակերտների հետ, ցույց տվեց հողը և ասաց.
— Ահա սրբազան տեղեր՝ սրբավայր կառուցելու համար:
Ինդրան՝ Աստվածների կայսրը, վերցրեց խոտը, տնկեց այն հողի մեջ և ասաց.
— Սրբավայրը կառուցված է: Բուդդհան ժպտաց»: Տե՛ս Thomas Cleary, Book of Serenity (Hudson, N. Y.: Lindisfame, 1990), p. 17.

(Թարգմանությունը՝ Zen Master Raven: Sayings and Doings of a Wise Bird / Compiled and Annotated by Robert Aitken ; illustrations by Jennifer Rain Crosby, Honolulu Diamond Sangha, 2002- գրքից):
Թարգմանությունը անգլերենից, առաջաբանը և ծանոթագրությունները՝ ԹՈՆԴՐԱԿԻ և ՄԱՐԻԱՄ Կարապետյանի

9780804834735

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *