Ռուբեն Զարդարյան | Եկեղեցիին առյուծը

Ռուբեն Զարդարյան

Արևմտահայ տաղանդավոր գրող, մանկավարժ, թարգմանիչ Ռուբեն Զարդարյանի (1874-1915) «Եկեղեցիին առյուծը» նորավեպն առաջին անգամ տպագրվել է Ալեքսանդրիայում հրատարակվող «Շիրակ» ամսագրի 1905 թվականի 3-րդ, 5-րդ, և 10-11-րդ համարներում՝ Էժտահար ստորագրությամբ: Զարդարյանի՝ 1910 թվականին լույս տեսած «Ցայգալույս» ժողովածուում նորավեպը չի ընդգրկվել, ըստ ամենայնի՝ քաղաքական նկատառումներով: Հետագայում էլ «Եկեղեցիին առյուծը» չի ընդգրկվել Զարդարյանի ժողովածուներում, այդ թվում երևանյան (1959թ.) և անթիլիասյան (1977թ.) բավական ստվարածավալ և բովանդակալից «Ցայգալույս»-ներում:
Սույն հրապարակման տեքստը վերցված է «Շիրակ» ամսագրի վերոնշյալ համարներից, փոխել ենք միայն ուղղագրությունը՝ առանց գրադարձական և տառադարձական ավելորդ միջամտությունների:

Արքմենիկ Նիկողոսյան

ԵԿԵՂԵՑԻԻՆ ԱՌՅՈՒԾԸ
(Արյունոտ հիշատակներ)

Ա.
Առտվան ժամերգությունը ավարտելեն ետք, տերտերը դուրս ելավ ծանրաքայլ ու եկեղեցիին բակին մեջ տնտնացող դեռ մեկ քանի ծերեր ողջունելով՝ բարձրացավ սանդուխներեն վեր դեպի դպրոցը: Տրտում էր տերտերը, մռայլ թախծություն մը ավելի կը մոտեցներ ճակտին հաստ հոնքերը իրարու և կը միացներ զանոնք, խորունկ մթություն մը տալով իր սև և արդեն առանց անոր ալ խիստ արտահայտությամբ աչքերուն:
Քահանան հայտնապես հոգեկան խռովք մ’ուներ:
Ուսուցիչները դեռ եկած չէին ու գրասեղաններուն մեծամասնությունը թափուր էր. քանի մը աղքատիկ երևույթով մանկական իրաններ հոս ու հոն նստարաններուն վրա, որոնցմե ոմանք գլուխնին կախ՝ բաց գրքի մը կը նայեին, ոմանք ալ ձեռքերնին գրպանները դրած՝ մնացեր ու աննպատակ նայվածք մը կը պտտցնեին չորս դին: Քահանան, մեքենաբար, առանց ուշադրություն տալու շուրջին, միշտ մտազբաղ ու ինքնագրավված՝ մոտեցավ պատուհանին ու աչքը ձգեց դեպի դուրս, փողոցը:
Աշուն էր, հոկտեմբերի վերջին օրերեն մեկը՝ տժգույն, պղտոր ու հուսահատական: Արևը արդեն ծագած ըլլալու էր, բայց այնքա՛ն խաժ, այնքան անարյուն ու վատուժ՝ որ կարծես երկինքեն մինչև գետին մաղվելով կը հատներ, կը ցրվեր ու հազիվ օդին մեջ կը ծփար: Երկինքին այս տրտմությունը կը ծավալանար քաղաքին վրա ու փողոցին հազվադեպ անցորդները ամենքն ալ գունատ ու տժգույն դեմք մ’ունենալ կը թվեին, ամենքն ալ դանդաղ, տարտամ գնացք մ’ունեին: Դուրսի այս տրտմությունը կը ծանրանար տերտերին ներքին տրտմության վրա ու կը խթեր, կը գրգռեր, կը թանձրացներ զայն:
Նայվածքը կախած դուրսը, պատուհանեն վար՝ կը մտածեր. միտքը կ’երթար դեպի հեռուն, շատ հեռուն… Հայաստանը վաղուց բռնկեր էր. այլևայլ քաղաքներու և հայ գյուղերու կոտորածին շշնկոցը մեկ քանի շաբաթներե ի վեր խուլ աղմուկով մը կը լսվեր և այդ հեռավոր հրդեհներուն ու արյունի շառագույն լույսը, անոնց անդրադարձումը ցաթած ըլլար նաև Մ. քաղաքին հորիզոնին վրա՝ որուն կարելի էր բաց աչքով հառիլ,– հեռակա սարսափներուն ու տանջանքներուն կարմիր արհավիրքը երևնար նաև քահանային՝ որ այս պահուն ցավագին խորհուրդներու անձնատուր էր: Մահվան դողը՝ փոթորիկը կանխող օդերևույթի մը նշաններուն պես, կը պտտեր հայ երդիքներուն վերև, հայ տուներեն ներս, կ’անցներ գուժկան վայունի մը նման հայ թաղերուն մեջեն՝ որոնք դեռ վերք ու արյուն չունեին: Ու ցորեկները՝ որ կը լուսնային՝ սարսափելի էին. գիշերվան մութը՝ անեծքի պես ծանր ու անտանելի՝ որ ավերման արհավիրքը կը բերեր ամեն անգամ իր հետ: Վտանգի նշանները կը բազմապատկվեին. թուրք խուժանը կըսպառազինվեր, հետին լակոտին կուշտն ի վար իսկ խանչար մը կը ցցվեր. հյուճրեներուն, մետրեսեներուն, թեքքեներուն, այդ բոլոր իսլամական աղտոտ որջերուն վայրագ ատելությունը, անոնց մութ ու կասկածելի կամարներուն տակ թխսված մահաբույր կատաղությունը կ’եռար, կը խլրտեր, տենդային անհանգստություն մը կ’առներ. ոճիրին հղությունն էր որ տեղի կ’ունենար ու իր լրման շրջանին կը մոտենար: Սև, շեղ մոնկոլական աչքերը արդեն անգղի գիշակեր նայվածքներու փոխվեր էին. գողեր, մարդասպաններ, սրիկաներ, բաղնիքի թելլաքներ, գայլի ախորժակով ու բնազդներով սնած բոլոր կասկածելի դեմքերը՝ մազերնին ուսերնուն վրա երկնցուցեր, կանանչ փաթթոց մը դարձուցած քյուլլահի մը շուրջը՝ դարձեր էին շեյխ, և գեղերեն, լեռներեն, անծանոթ խորշերե կը խուժեին դեպի քաղաք, ինչպես շնագայլերը և բորենիները՝ որ դիակի մը հոտը կ’առնեն: Եվ օրե օր, քաղաքին մթնոլորտը սպառնագին, թունավոր ու երկյուղալի կը դառնար. կյավո՜ւռ, խինզի՜ր կը լսվեր մեծեն պզտիկ, բոլոր թուրք բերաններեն:
Քահանան ո՛չ երկչոտ էր, ոչ տկար, բայց իր շուրջը տեղի ունեցող այս անսովոր փոփոխությունը, հայտնի սպառնալիքը՝ որ երկաթե ատրաշեկ շրջանակի մը ուժով հետզհետե կը նեղնար, կը ճնշեր ու իր հոգիին կը դպնար՝ անհանգի՛ստ կ’ըներ զինքը. հեռավոր եղբայրներու խողխողումին ու կոտորածին պատկերը՝ կը ցնցեր իր սիրտը, կը հաղորդեր անոր ատելություն, տրտմություն ու խռովք: Իր երիտասարդության անհանդարտ արյունը կ’արթննար, թափ կուտար ու կը խուժեր կուրծքը: Այդ շեյխերուն գիշերային ոռնոցը, տենդահար մոլեռանդության մը մոլուցքովն աղաղակող զիքրի «ալլա՜հ, հո՜ւ… ալլա՜հ, հո՜ւ» խառնաշփոթ վանկերը՝ զոր հովը կը բերեր մինչև հայ թաղերուն մեջ կը ցրվեր, այդ փրփրալից, ծռած բերանները, ոճրագործության, սպաննության գազանային տեսիլներու սևեռած այդ մոլական բիբերը՝ կ’արթնցնեին իր մեջ զգացումներու անծանոթ, շփոթ մրրիկ մը, հոգեկան խորունկ ու հեռավոր որոտում մը՝ որ հին կյանքե մը, անցյալ օրերեն ետ դարձած՝ իրեն կուգային, ու անզգալաբար ակռաները կը կրճտեին, նայվածքը կը բացավառեին, այտերու մկանները կը ձգտեին: Կ’ուզեր որ ժամ առաջ անխուսափելին գար: Ինքը ո՛չ կոխեն վախ ուներ, ոչ արյունեն. ընդհակառա՛կը, վանդակափակ, վաղուց իր անտառներեն խլված առյուծի մը պես՝ կը հորանջե՜ր ու սպասումեն ինքզինքը կ’ուտեր. իր կուրծքին տակ անգամ մ’ալ կըզգար այն օրերուն անպայման ազատությունը՝ երբ լեռնական կայքի մը մեջ վարժապետ էր ինք ու կ’ապրեր այնպես՝ ինչպես դրացի քյուրտը և իր ափ մը հայ ազգակիցները.– հրացանն ուսին ու դաշույնը մեջքին: Այն ատեն իր գնդակին սարսափն ունեին ո՛չ միայն դեռ այդ լեռներուն վրա համեցող վարազի վերջին սերունդները, այլ ամենեն հանդուգն ու հռչակված քյուրտ ելուզակներն անգամ. իր քաջության համբավը արձագանքած էր տեղային բոլոր քրդական աշիրեթներուն մեջ՝ որոնք իր անձին ու իր հրացանին հարգանքն ունեին. քանի՜ քանի՜ կռիվներ, արշավանքներ՝ կուշտ կուշտի, ամենեն կտրիճ քյուրտերուն հետ՝ դեպի ուրիշ թշնամի աշիրեթ մը, որուն տավարը քշած, որուն գյուղերն ու տուները այրած էր: Իր գնդակները քանի քանի քյուրտերու կուրծքը ծակեր անցեր էին, որոնց դիակին վրա հետո թքացեր ու ոտքով մեկ կողմ հրեր էր և որոնց համար մինչև այսօր ալ ո՛չ մեկ խղճահարություն ուներ, իր պարագաներու միջոցին ո՛չ մեկ անգամ Աստուծմե թողություն կը խնդրեր: Այն ատեն ի՛նչպես կ’արհամարհեր ինք ալ թուլամորթ քաղքըցին՝ որ կյանքին վրա կը գուրգուրար, որ կյանքին գինը իր արժեքեն շատ ավելի կը հաշվե և կը դողա մահվան համար. մա՜հը, բայց ի՛նչ փառք մանավանդ կտրիճին մահը որ կռիվին մեջ արյունով կը ներկվի: Այո՛, քահանան այն օրերեն մինչև հիմա կը չափեր հեռավորությունը և ինքզինք ստրկացած, իր հոգին փափկացած, սիրտը կնամարդի կը գտներ. այո՛, ի՞նչ շահեցավ այն օրերեն մինչր հիմա. ոչի՛նչ. միայն թուլամորթություն, միայն երկչոտություն ու մեղավոր տրամադրություն: Եվ ահա հանկարծ վառոդին հեռավոր հոտը, թուրք խուժանին մարտական սպառազինությունը կը գրգռեին իր նախկին բնազդները. կռիվին տենդը բռներ էր զինք:
Կեցեր էր միշտ պատուհանին առջև՝ սրտնեղ, խոժոռ ու մտածկոտ, նայվածքը աննպատակ ձգած փողոցին մեջ, սակայն միտքը թափառահած անգամ մը հին հիշատակներուն, հին հուզումներուն, անգամ մըն ալ օրվան կացության, անստույգ գալիքին ու մոտավոր սարսափներուն:
Եվ արդեն այդ օրերուն՝ շշնկոցը մեծցեր էր, կարծես ամպրոպը չպիտի ուշանար ճայթիլ, որովհետև թուրքերու գիշերային համախմբումները, աս ու ան մզկիթին շրջափակին մեջ տեղի ունեցող դավադրական խորհրդակցությանց տարաձայնությունը, աս ու ան բերնե լսված հայտնի սպառնալիքները՝ երկինքեն ինկած առաջին կարկուտներուն պես կ’ազդարարեին հառաջիկա վտանգը:
Բայց ինչո՞ւ քահանան առտվանց կանուխ եկեր գամվեր էր այդ պատուհանին առջև ու միտքը այդքան ալեխռով էր. ի՞նչ գեշ երազ տեսեր էր, ի՞նչ բնազդ էր որ կը մղեր զինքը այսպես:

Բ.
Ու նշմարեց որ պատուհանին առջևեն, վա՛րը, փողոցին մեջ Կարապետը, Թուխսեց խանութպան Կարապետը հևն ի հև վազելով կը փախեր դեպի տուն. բայց ի՛նչ կար. Կարապետը՝ որ տակավին քիչ մ’առաջ կամաց կամաց, մտահոգ կը քալեր դեպ ի շոիկան, խանութ՝ ինչո՞ւ այսքան շուտ, դեռ ճամբուն կեսը չի հասած ետ դարձեր էր ու շնչասպառ կը փախեր. ի՞նչ կրնար պատահած ըլլար: Տերտերը պատուհանեն դուրս հանեց գլուխը պոռալով՝
– Է՜յ, Կարապե՛տ, Կարապե՛տ, ո՞ւր տղա՛. ինչո՞ւ կը վազես, ի՞նչ կա…
– Տե՜ր հայր… Թուրքերը ճամբաս կտրեցին… խանութիս տետրակները… ձեռ… քես… առին… սկսա՛ն, սկսա՛…- հևալով թոթովեց Կարապետը:
Տեր հայրը դարձավ պզտիկներուն որ նստեր էին գրասեղաններուն վրա ու շատ միամիտ էին՝
– Տղա՛ք, տուն գացեք, այսօր դպրոց չի կա…- հազիվ ավարտեց ու խոյացավ սանդուխներեն վար:
– Եկո՛ւր հետս, Կարապե՛տ,- պոռաց ու սկսավ վազել այն կողմը՝ ուրկե վերադարձեր էր Կարապետը: Քանի մը քայլեն արդեն դիմավորեցին զինք հինգ վեց թուրքեր որ կեցեր էին փողոցին ծայրը ու հաստ բիրերով զինված՝ կըսպառնային. ո՛չ մեկ հայ կ’երևար փողոցին վրա: Քահանան արծիվի թափով սրացավ թուրքերուն կողմը՝ որոնք տեսնելով այս լեցուն, այս լայնաթեկն ու երկաթե կուրծքով մարդը կատաղությամբ ու զայրույթով դեպի իրենց ուղղված, սկսան երերալ, ոմանք կրունկնին դարձնելով հեռանալու երևույթն առին, մեկ երկու սրտոտները կեցան: Երկու ոստումով քահանան կանգա առավ անոնց առջև, ու ակնթարթի մը մեջ բռնեց մեկուն վիզեն ու տապալեց գետին. սարսափելի էր այդ միջոցին տեր հայրը. փնջածակերը լայնցեր, բացվեր էին, մորուքին մազերը ցցված էին, բիբերը դուրս տնկած: Ծոցեն դուրս քաշած էր Կարապետին տետրակը ու իր գործը ավարտած: Երբ գլուխը վեր վերցուց, ոչ ոք կար շուրջը. թուրքերը՝ սարսափահար՝ կորսվեր անհետացեր էին:
Քահանան հաստատաքայլ ետ դառնալ սկսավ. սակայն վայրկյանե մը սթափած իր զայրույթեն ու հուզումեն՝ կրցավ նշմարել թե ամբողջ ճամբան ամայի էր, կողմնակի փողոցներուն երկայնքն անգամ մարդու, հայու մը շուքը չէր երևնար, թե բոլոր դռները փակ էին արդեն պատուհասի մը ծանրությամբ ու հեռվեն հեռու, թաղերեն զենքերու ընդհատ պայթյուններ կը լսվեին:
Կոտորածը կ’սկսեր, տարակույս չի կար:
Տերտերը շտապեց սրունքներուն բոլոր ուժովը դեպի տուն: Իրենց փողոցը մտավ. ան ալ նույնքան ամայի, նույնքան լուռ ու սառնաշունչ գտավ. տեր Աստված, ամբողջ քաղաքը մեկ քանի վայրկյանի մեջ այս ո՜րքան փոխված էր, կարծես երկու ծունգին վրա արհավիրքի ծննդաբերության ցավը կը քաշեր: Դուռը զարկավ. սռնակին հարվածները ցավագին կերպով թնդացին չոր լռության մը մեջ. ներսեն ո՛չ մեկ ձայն. կարծես երեցկինը տունը չէր. տերտերը կրկնեց հարվածները. դեմի պատուհաններեն ալ վարագույր մը չի շարժեցավ. ու այն մեկ քանի վայրկյանները որ անցան՝ երկայն դարերու պես ծանր ու անտանելի էին: Ու դուռը չի բացվեցավ. քանի մը տուն վար միայն ծխնի մը իր վրա ճռչեց ու դուրս եկավ Մեհմետը, տերտերուն թուրք դրացինը՝ ձեռքը հրացան մը բռնած:
– Տերտե՛ր, բաղդիդ հազըր կեցիր, նամերտություն թող չըլլայ, պիտի սպաննեմ քեզ՝ ձայն տվավ նենգամիտ թուրքը ու հրացանը շիտկեց քահանային:
– Ծո՛ Մեհմետ,- պատասխանեց քահանան,- ծո՛ ապերախտ, ես ի՞նչ ըրի քեզի, հազար անգամ հացս ես կերեր, հազար անգամ թասես ջուր ես խմեր, այսպե՞ս կը վճարես հիմա պարտքդ…
Բայց, արդեն վարժ կռիվի, տերտերը հավասարակշռեց ինքզինք, աչքը հրացանին բերնին ու բլթակին՝ պատրաստվելով վրիպեցնելու գնդակը: Հրացանը որոտոց, քահանան ցատկեց մեկ կողմի վրա ու հարվածը շեղեցավ: Սակայն կայծակի արագությամբ, առանց երկրորդ կանխապատրաստության մը ժամանակ ձգելու, տերտերը ծռեցավ գետին, վեր վերցուց քար մը և իջեցուց թուրքին գլխին:
– Հասե՜ք, հիմմեթը Մուհամմե՜տ, փափազը զիս կըսպաննե…- աղաղակեց թուրքը՝ գլխեն առվահոսող տաք արյունին մեջ հազիվ՝ կարենալով թարթել աչքերը, ու պտույտ տվավ ինք իր վրա, տապալեցավ գետին:
Կարելի չէր սպասել, ու քահանան ցատկեց դեպի վար, առանց գիտնալու սակայն թե ո՛ւր. պետք էր շտապել, որովհետև այդ ամայի փողոցին մեջ՝ այդպես անպաշտպան տնտնալը հիմարություն էր: Ու հազիվ փողոցին անկյունադարձն անցած էր՝ տեսավ որ տասնյակ մը սոֆթաներ կը խուժեին դեպի իր կողմը: Ուժը ոտքերունն էր, ու տերտերը սկսավ փախչիլ մկաններուն բոլոր ջանքովը. քսան երեսուն քայլ առած չառած, իր տենդոտ խուճապին մեջ նշմարեց թե Պաղտիկենց դուռն էր դիմացինը. ձեռքը երկնցուց սողնակին ու դուռը անակնկալ բախտավորությամբ մը բաց գտավ. ինքզինքը ներս նետեց ու նիգը դրավ:
– Սառա՛, շո՜ւտ, հրացան մը,- շնչահև թոթովեց քահանան՝ տանտիկինին որ լեղապատառ զինքը դիմավորեց:
– Ոտքերուդ հողին մատաղ, տե՜ր հայր, տղաքը սիլահներն առին ու Սարգիսենց տունը անցան. տանը մեջ երկաթի կտոր մ’անգամ չի մնաց…
– Շո՛ւտ դուռը բա՛ց, Սառա՛,- հրամայեց քահանան:
– Բայց, տեր հա՜յր, մեռնիմ քեզի, ո՞ւր, շուները դուրսն են… դուրս մի՛ ելլեր,- աղաչեց սարսափահար կինը կողկողագին:
– Բա՛ց կ’ըսեմ քեզի,- կրկնեց քահանան չոր ու տիրական ձայնով մը, ու դիմեց դեպի դուռը, քաշեց նիգը ու դուրս ելավ՝ երբ Սառան կ’աղաչեր, կը համոզեր լալով:
Ու քահանան փողոցն էր:

Գ.
Գիշերը եկավ յոթը գլխեն դևի մը պես, չա՜ր ու անագորույն. աշուն էր ու քամին կը փչեր. հրդեհած հայ տուներուն, ամբողջ հայ փողոցներուն, ամբողջ հայ թաղերուն բոցը՝ թևավոր, շարժական կարմիր սյուներու հանդգնությամբ կը բարձրանար դեպ ի վեր, անհավատալի բարձրություններու. կը ֆշշար, կը ճարճատեչ, կ’երերար և հսկայական երախով մը կը լափեր գետինը, հետո կրա՜կ, դժոխային կայծ ու կրակ կը փչեր դեպի երկինք՝ առասպելական, ցնորական թաթառի մը զորությամբ:
Քաղա՜քը. բայց ի՜նչ ուրվային երևույթ. կյանքը դադրեր էր կարծես հոն բաբախելե ու մահվան հեթանոս, կործանարար հնոցն էր որ կ’եփեր անոր տեղ: Թանձր, կծու, սև մուխը կը շրջապատեր երկինքը, գետինը. հրացանները կ’որոտային հազար անկյուններե՝ չարագուշակ ու աղետավոր աղմուկով մը, ու կոտորածը կը շարունակվեր անխնա, մոլեգնորեն:
Այդ արյան ու կրակի տենդին, այդ ավերումին, այդ գազանային գիշերվան մեջ չորս թանձր ու խոժոռ պատեր կը բարձրանային բոցերուն ետև, որոնք ուրվային ամբարտակի մը խրոխտությամբ կը կանգնեին անտեղիտալի ու համառ, և որոնք պահ պահ բուռն ճայթյունով մը կը ցնցվեին՝ ցրվելով աջ ու ձախ գնդակներու կարմիր տարափ մը:
Այդ չորս պատերը՝ եկեղեցիինն էին՝ որուն տանիքին վրա, քարի մը ետև պաշտպանված, հրացանը ձեռքին կծկվեր էր տերտերը ու կը նայեր դեպի ավերումը: Կը նայեր դեպի ծանոթ, սիրելի տուներուն կողմը, ոմանք արդեն կրակի մեջ՝ ինչ որ նշան էր թե իրենց բնակիչները սպանված էին կամ արդեն ողջ ողջ կ’այրեին հոն, ոմանք դեռ կանգուն՝ որոնք դյուցազնական անհավասար դիմադրությունը կը շարունակեին դեռ: Բայց աչքն իր սարսափեն կը կուրնար կ’ըսես, բիբերը դուրս փախչիլ կ’ուզեին իրենց ակնակապիճեն. տե՜ր Աստված, աշխարհքը կը կործանի ահա, վերջին հա՞յ մըն ալ չպիտի մնա՝ գոնե փողոցներուն անտեր մեռելները թաղելու: Գնդակները՝ մետաղաձայն շվոցով՝ կը թռեին քահանային գլխուն վրայեն արյունի գիծերով ու կ’իյնային հեռուն:
– Կրա՜կ, տղա՛ք, դեպի այս կողմը…
Ու եկեղեցիին չորս անկյուններեն հրացանները կ’որոտային, և հեռուն ծեծող մահասփյուռ կապարներուն չոր արձագանքը կը հնչեր:
Թաղերուն մեջ՝ դեռ բազմաթիվ կետերու վրա դիմադրությունը կը շարունակվեր, առավոտեն մինչև իրիկուն, մինչ այդ ուշ պահը՝ առանց դադարի, առանց հանգիստի. և հիմա՝ հուսահատ թշնամին՝ օգտվելով մութեն, կը խոյանար ամեն կողմե, կըսպառնար, տիրել կ’ուզեր դիրքերը, բոցեն ու կրակեն ազատ խավար փողոցներեն խուլ աղմուկ մը, ատեն ատեն գրոհ տվող խուժանին արյունոտ աղաղակը կուգար.
– Եա՛ Ալլահ, սելեվե՜թ, տինը Մուհամմետ էշգընա…
Եվ մութին մեջ, քահանային շուրջերեն տխուր, հուսահատ ձայն մը կը վայեր հանկարծ.
– Տե՜ր հայր, Հաճի Կուրեղենց տունն ալ առին. ներսեն դիմադրությունը դադրեցավ, վա՜խ, կ’երևի տղոց ուժը հատավ ալ… լսե՛, կը տեսնե՞ս, դուռը կը կոտրեն…
Ու տապարներու խորտակիչ ձայնը հստակորեն կ’որոշվեր: Դուռը կտոր կտոր ջարդված կ’իյնար, հետո կը տիրեր մեռելական լռություն մը, ու ամեն բան կը վերջանար:
Հո՜ն, միայն քանի մը քայլ հեռուն հոշոտվող սիրելիներուն, այդ բոցերուն մեջ խանձվող ծանոթ մարմիններուն առթած անհնարին հուսահատությունն ու զայրույթը, այդ կործանարար արհավիրքին առթած հոգեկան ահավոր ցնցումը, կռիվի, վրեժխնդրության ծարավը՝ ամենքը խառնված իրարու, կը գինովցնեին, կը թմրեցնեին քահանան, մսին ու ոսկորին բեռը կարծես կը վերցնեին իր հոգվույն վրայեն, արյունը կը շոգիանար սրտեն ու իր ամբողջ էությունը կը դառնար միայն ցնորական կատաղություն մը: Անոր համար էր որ չէր լսեր՝ ինչ որ կ’ըսեին իրեն ու կը մատնանշեին դեպի հեռավոր բոցերը. մեկ բան մը միայն կը տեսներ, թշնամին՝ որուն արյունը պետք էր խմել. և ծուխերուն, բոցերուն, կրակին մեջեն բերանները կը պոռային նորեն.
– Սելեվե՜թ, ես Ալլա՜հ, եա՜ Մուհամմետ…
Ու գնդակները կը սուրային, հրացաններու որոտը կը գոռար օդին մեջ, բոցերը կրակ կը թքային գիշերվան երեսն ի վեր, և այդ դիվական համայնապատկերին մեջ տեղ տեղ կը շարունակվեր տակավին հոգեվարքի պայքարը. մեռնողը կը մեռներ ու վիրավորը կը վառեր բոցերուն մեջ…:
Այսպե՜ս, գիշերն ամբողջ, մինչև առավոտ, Արշալույսը դեռ չէր ճղքված՝ երբ քահանան շարժեցավ այդ քարին ետևեն՝ ուրկե կռված էր. սողաց տանիքին վրա, մոտեցավ գմբեթին քովն ի վեր բացված ծակին և ոտքերը դրավ սանդուխի մը վրա՝ իջնելով եկեղեցին:
Վա՛րը, այդ չորս պատերուն ընդերքին մեջ բազմություն մը կար ու սրբարանը դարձած էր վաչկատուններու կայք մը. մարդիկ, մարդիկ՝ ով որ կրցած էր փախիլ կրակին մեջեն ու դիակներու վրա կոխկրտելով, կոխկրտելով նույնիսկ սիրելիին հոգեվարք մարմինին, նույնիսկ արյունին վրա՝ եկեր հոտ, եկեղեցին ինկեր էր՝ սարսափահար, անզգայացած, ապշահար ու հիմար. ավելի մոտավորներ, կամ անոնք որ ժամանակ ունեցած էին՝ բերեր էին իրենց հետ ինչ որ կրցեր էին, անկողին մը, հաց, ձավար, ու հետո վերջապես՝ ինչ որ տենդագին վայրկյանի մը իրենց ձեռքին հանդիպած ու իրենց մատները բնազդաբար բռներ էին: Կային ծերունիներ որ քարացեր մնացեր էին, աղջիկներ՝ որ իրենց երեսները մուր քսած կամ ռուբով ծեփած էին, ամենքն ալ փախստական, ամենքն ալ մահեն հալածված. մայրեր որ իրենց զավակներեն լուր չունեին, ընտանիքի հայրեր որ կորսնցուցեր էին իրենց տունն ու տեղը. իրենց կինն ու անչափահաս մանուկները, մոլորուն, անտե՜ր պզտիկներ՝ արդեն որբացած՝ որոնք հանկարծական խուճապին մեկ ալիքը բերեր նետեր էր հոտ, ուր ի զո՜ւր լալով փնտռեր էին իրենց ծնողքը և հիմա առանց վերմակի՝ պառկեր գետինը, խսիրի մը վրա կը քնանային լլկված, վշտաչարչար: Հուսահատությունը, սարսափը, պակուցումը կը ծանրանար թանձր մառախուղի մը պես ու հազիվ պլպլացող քանի մը կանթեղի լույսին տակ՝ կ’ընդնշմարվեին տժգույն, ահաբեկ դեմքեր, կծկված, ինք իր վրա կքած կուրծքեր, ու շրթունքներ դողահա՜ր, աղոթող, անիծող, ու նայվածքներ՝ արդեն արյունալից կամ արդեն ցամքած ու սպառած:
Սանդուխին վերջին մատներուն վրա անգիտակցություն մը քարացուց զինքը. կանգ առավ քահանան ու իր աչքը գրկեց այդ տեսակ մը գերեզմանոցին բոլոր ընդարձակությունը. և իրավ ալ մեռելական մահահոտ, խռովիչ լռություն մը կը ծանրանար բոլոր սրբարանին մեջ. կենդանի գերեզմաննե՜ր ամենքն ալ՝ այդ ընկողմանած ու հազիվ շարժելու համարձակություն ունեցող մարմինները, որոնք շունչերնին երկյուղով կ’առնեն կուտան, որոնք հազալե կը վախնան և որոնց աչքերը դեպի երկինք՝ կա՛մ անիմանալի գթության մը երկնային օգնության մը կըսպասեն, կա՛մ վերահաս մահվան: Խորը, տաճարին առջև զույգ մը մոմեր կը նշուլեին, որոնց մշուշոտ, անհաստատ լույսը քանի մը քայլ անդին հասնելե առաջ կըսպառեր: Արդեն ծանր վիրավորները կը տքային խորունկ ու ցավագին, և հարյուրավոր աչքեր լուռ ու ողորմագին կուլային, կուլայի՜ն. ո՛չ մեկ շրթունք կը շարժեր, ո՛չ մեկ բերան կը փսփսար, և սակայն շատեր իրենց սիրելիներուն անդարձ կորուստը գիտեին, շատեր անոթի էին, հիվանդները, վիրավորները ջո՜ւր, կաթիլ մը ջո՜ւր կը կողկողեին իրենց հրախանձ ջերմին ու անհանդարտ զառանցանքին մեջ: Եվ բարձրը, տաճարին առջև առկայծող զույգ մոմերուն ետև կ’երևնար միշտ Մայր Աստվածածնի պատկերը՝ իր հավիտենական սուգի մը մառ սխուղեն նայելով դեպի վար, դեպի արդեն իսկ այդ հազարներով այրիացած հայ հարսներուն, սգավորած մայրերուն, որբերուն վրա, նայելով տխո՜ւր և անմխիթար. իր առջև գետնամած, երեսի վրա ինկեր էին քանի մը կիներ, ոմանք ծնրադիր ու բազկատարած, լզելով գետնին փոշին ու քարերը, կ’աղաչեին իրեն, կ’աղոթեին, կը պատմեին իրենց վիշտը, իրենց հուսահատությունը. կը խոսեին իրեն հետ կուրծքերնին ծեծելով ու մազերնին քաղելով, և կըսպասեին անձկությամբ որ շարժի իր տեղեն, թռի դեպի դուրս, դադրեցնե մոխիրն ու կրակը, արյունը, կոտորածը, իրենց վերադարձնե կորսված սիրելիները, հրա՜շք մը ընե, ա՜խ, հրա՜շք, հրա՜շք մը:
Եվ քահանան անխոս, անդամալուծված՝ կեցեր էր իր տեղը, ինքն ալ իր կարգին նախ ահավոր վիշտով մը, հետո թմրությամբ, ապա տիրող սարսափին սարսուռովը համակված:
Հանկարծ կնոջ աղիողորմ, սուր ճիչ մը արձագանքեց մութին մեջեն ու ճեղքեց անցավ դեպի խորանը. տիրեց նորեն խոր լռություն. բայց այդ ճիչին ետևեն խուլ ու անորոշ շարժում մը ուրվագծվեցավ խավարին մեջ, պառկած իրանները շիտկվեցան նստեցան, հիվանդները զառանցանքի թառանչներ հանեցին ու ահաբեկության մրմունջ մը ծավալեցավ բոլոր սրբարանին վրա: Վտա՞նգ մը կար:– Բան չի կա՜յ, բա՜ն չի կա… կրկնեցին ապահովիչ ձայներ ու մեռելական հանդարտությունը նորեն տիրեց. իբր թե մորթված կենդանիի մը մսին մեջեն մկանական ջղաձգություն մը անցած ու դադրած ըլլար նորեն:
Քանի մը ոտնաձայններու շշուկը լսվեցավ սրբարանեն դեպի գավիթը: Քահանան սթափեցավ իր անզգայութենեն ու անգիտակցաբար վար իջավ սանդուխեն, հետևելով դեպի գավիթը հեռացող ոտնաձայնը:
Քովն ի վեր զգաց որ մեկը կ’անցներ.
– Ի՞նչ կա. ի՞նչ ձայն էր ատի,- հարցուց քահանան,- ո՞ւր կերթաք…
Կ’երևի, մութին մեջեն ճանչցած էր քովինը զինք:
– Տեր հայր, մոխի՛րն իմ գլխուս… մուրն երեսիս… Սարկավագեց հարսը ցավ կը քաշե…
Տերտերը կրունկին վրա ետ դարձավ անմիջապես: Երկունքի տագնապներուն ենթարկված ծննդաբեր կնոջ ճիչը օղիկ օղիկ ու ցավագին կրկին լսվեցավ դուրսեն, բայց կարծես երկու ձեռքեր արգիլեցին, խեղդեցին այդ աղաղակը. օ՜հ, այդ պատեն անդին թշնամին էր, այդ պատեն անդին դժոխքն էր, մա՛հն էր որ կրնար հանկարծ լսել դատապարտված ժողովուրդի մը դեռ կենդանի մեկ ձայնը: Տե՜ր Աստված, այս խռովքին, այս պակուցումին, այս անարշալույս գիշերվան գրկին մե՞ջ է որ այդ մանուկը աշխարհ կուգա– և արյուններու բոլոր այս հեղեղին մկրտութեա՛մբը. ու քահանան առաջին անգամն ըլլալով, զգաց թե ծունգերը կը կթոտէին, կուրծքը արցունքով կը լեցվեր: Խարխափելով նստեցավ անկյուն մը, հրացանը գիրկն առավ ու ձեռքերը երեսներուն դրած՝ մանկան պես կուլար:
Ու մահվան դիմավորությանը պատրաստ՝ մարդկային զոհերու մնացորդներեն մակաղած այդ սրբարանին մթության մեջ՝ կը լսվեր առնական կուրծքի մը բիրտ ու խեղդուկ հեկեկանքը:

Դ.
Այսպես երկու ցորեկ, երկու գիշեր շարունակվեցավ խողխողումի ու անխնա ավերման գործը, և երբ ոճրագործ ձեռքերը ա՛լ զոհ չի գտան դուրսը, ա՛լ հաստատուն բնակություն ու տուն չի գտան հրդեհելու՝ ավազակային այդ բյուրավոր նայվածքները սևեռեցան հետին պատնեշին: Եկեղեցին՝ որուն տանիքին շուրջը, որուն պատերուն ետև ափ մը հայ կտրիճներ միշտ կը շարունակեին դյուցազնական գերբնական դիմադրությունը. ընդարձակ ածխալից ավերակներուն, ինկած տապալած կիսահեցներուն, ծխացող հողերուն ու քարերուն վերև՝ բարձրը, արհամարհոտ ու ամուր՝ կը կենար եկեղեցին դյութական, անխոցելի ամբարտակի մը հանդգնությամբ: Մարդկային ոչ մեկ ստվեր կ’երևնար իր ետևեն, բայց երբ գիշակեր ամբոխը քանի անգամ փորձեց հարձակիլ՝ բարձրացուցած կանաչ դրոշակներ, օգնության կանչելով բարձրաղաղակ՝ բարբարոսության դարավոր Ալլահը, բռնկեցան այդ սրբազան պատնեշին բոլոր անկյունները. կարծես բոլոր քարերը ճայթեցան, դարձան եղան ատրաշեկ գնդակներու տարափ մը և որոտացին դեպի կատաղի թշնամին որ տեղի տվավ կաղկանձելով: Հարձակումը կրկնվեցավ, դարձյա՛լ. բայց միշտ հաղթական մնաց դիմադրությունը:
Տանիքին վրա կը կռվեին կտրիճները, բայց վա՛րը, եկեղեցիին փորին մեջ մյուսները, կռվելու անկարողները կը գալարվեին, կ’ոգևարեին, կըսարսռային. ամեն հարձակման՝ մա՛հն էր որ բաղխելու կուգար այդ փրկարար որմերուն. ու ակռաները կը կափկափեին, սրտերու բաբախումը կը ծեծեր մուրճերու պես, մայրերը անզգալաբար իրենց թևերը զավակներուն կ’երկնցնեին. հիվանդներուն, վիրավորներուն, մահամերձներուն տքուքն անգամ կը դադրեր, որովհետև գոյության տակավին բնազդական ուժը ծանրանալով անոնց մղձավանջային տագնապին ու չարչարանքին վրա՝ կը թմրեցներ, կը մեղմացներ:
Կեսօրեն ետքն էր որ հեռուն, փլատակներուն ետևեն հանկարծ ճերմակ դրոշի պես բան մը երերաց. տղոցմե մեկ երկուքը ցույց տվին զայն քահանային.
– Տե՜ր հայր, հունա ճերմակ քուրջի կտորի մը պես բան մը կ’երերա մեր կողմը. նշա՞ն մը կուտան արդյոք:
Քահանան դիտեց. ստույգ էր. անտեսանելի ձեռքե մը վեր բարձրացած այդ ճերմակ նշանը դեպի եկեղեցիին կողմը, իրե՛նց կը շարժեր:
– Տղա՛ք, կրակ մի՛ ընեք այդ կողմը՝ լսվեցավ քահանային տիրական ձայնը:
Մեկ քանի վայրկյան հետո, կամաց կամաց, սաստիկ զգուշավորությամբ երևցավ կարմիր ֆես մը, դեղին կոճակներ, զինվորական համազգեստ մը: Ու մարդը կանգ առավ եկեղեցիին դռան առջև:
– Ամենքդ ալ ձեր դիրքերուն վրա աչալո՜ւրջ. Կարապե՛տ, փոխանորդե՛ ինծի,- ըսավ քահանան երիտասարդի մը՝ որ իրեն մոտեցեր էր:
Տեր հայրը սողաց նորեն իր ծունգերուն վրա, մոտեցավ ծակին ու սանդուխեն վար իջավ:
Պատգամավորը՝ հազարապետ մըն էր, աջ ձեռքը սուրին վրա, զույգ ատրճանակներ երկու քովերեն կախ: Քահանան ցցվեցավ իր դեմ գավիթին մեջ՝ կարծես ստիպելով որ ավելի առաջ չի քալե ու փութացնե իր ըսելիքը:
Հազարապետը՝ որ ամոթահար բայց անպատկառ նայվածք մը, չեչոտ կասկածելի դեմք մ’ուներ՝ կեցավ, բարևեց քահանան հարգական քծինքով մը, և սակայն հազիվ կրնալով զսպել հայտնի երկյուղի մը վրդովումը՝ ըսավ.
– Փափազ էֆենտի, առաջին անգամով իսկ կը խնդրեմ՝ որ չուզեք խոսիլ եղածներուն վրա, որովհետև այս սոսկառիթ տեսարանները որքան որ դառնությամբ կը հարվածեն ձեզ, նույնքան և ավելի՝ ամեն գութ ու զգացում ունեցող մարդ…
Տերտերը հզոր, ընկրկիչ, երկաթե նայվածք մը ձգեց դիմացինին աչքերուն մեջ ու պատասխան չի տվավ: Կը տեսներ իր դեմ նույն նենգամիտ թուրքի զզվելի տիպարը, ստոր ու շողոքորթ՝ տկարության, պարտության վայրկյանին, անգութ ու վես՝ հաջողության, իշխանության մեջ: Եվ այդ շնականությունը կարելի էր պատժել կա՛մ սուրի հարվածով մը, կա՛մ ցուրտ ու արհամարհոտ լռությամբ մը:
– Կուգամ հաղորդելու ձեզի թե՝ մեր տիրոջ՝ Փատիշահին կամքն է որ դադրի ամեն խռովություն, ամեն արյունհեղություն. մենք, բարձրագույն հրամանին համաձայն պիտի պաշտպանենք ձեր ամենուդ կյանքը…
– Բայց,- հարցուց քահանան ծանր ու վիրավորիչ ձայնով մը և առանց խոսակցին երեսը նայելու՝ ո՞ւր էիք երկու օրե ի վեր, պինպաշի էֆենտի, երբ ամբոխը այրեց, քանդեց, կոտորեց, այնպես որ հոս կյանքերնիս հազիվ փրցուցած՝ մենք ամենքս այսօր ո՛չ ա՛լ տուն ունինք, ո՛չ պառկելիք, ոչ իսկ ուտելու կտոր մը հաց. այս հազարավոր թշվառները – ու քահանան ձեռքը երկնցուց դեպի տաճարին կողմը – ի՞նչ պիտի ըլլան, ո՞ւր պիտի երթան, ո՞ւր պիտի պառկին…
Հազարապետը հանցավոր կատվի կեղծավոր զղջումն ու ամոթապարտությունը երերցուց դեմքին վրա՝ թուլցնելով ու պրկելով դիմագծերը՝
– Հավատացե՛ք, փափազ էֆենտի, նորեն կ’ըսեմ, սիրտս ցավով լեցուն է, հիմա եղածներուն համար ո՛չ լալու ատենն է, և ո՛չ ալ հանցանքին ու հանցավորին դերը ճշդելու. միայն պետք է գիտնաք թե ի՞նչ կրնար ընել կառավարությունը կատաղի, էտեպսիզ քյուրտերուն անզուսպ հոսանքին դեմ. ամեն կարելի եղածն ըրինք, համոզեցինք, աղաչեցինք, սպառնացինք, բայց ուժերնիս անբավական մնաց. վերջապես կառավարության մեկ քանի հարյուր ոստիկանը ի՞նչ կրնար ընել ոտքեն գլուխը զինված, խոսք չի հասկցող այնքան աշիրեթներուն դեմ: Այս առավոտ, սակայն, շնորհիվ թագավորին՝ նոր զորքեր հասան մեզի օգնության, որոնք պաշտոն ունին անխնա կոտորել ամեն ո՛վ որ զենք վերցնելու հանդգնի…
Թրքական դիվանագիտության հայտնի ստախոս լեզուն էր որ կը խոսեր հոտ, քահանային դեմը. կը ստեր, կ’ուրանար ու էն վերջն ալ սպառնալիք մը կը կթքար՝ անձնատվության լռին հրավերով մը: Բայց, երկուքն ալ իրար շատ լավ կը հասկնային. ի՞նչ հարկ որ քահանան ըսեր թե այդ քյուրտերը, այդ աշիրեթները սակայն տարիներով իրենց որջերուն մեջն էին ու իրենց մտքեն չէին անցներ վար իջնել, թե անոնք հրավիրող մը կար, թե անոնց հետ կուշտ կուշտի կառավարական և զինվորական բոլոր ուժն ալ հավասարապես ջարդեց անպաշտպան ու անզեն ժողովուրդի մը զավակները. ի՞նչ հարկ կար որ քահանան այդ րոպեին բռներ այդ մարդուն ձեռքը ու ցույց տար անոր վրա գուցե դեռ թարմ արյան հետքեր: Ասոնք ամենքը կայծակի մը պես շողացին քահանային մտքեն, բայց լռեց, մտածեց ներսը սպասող հազար անմեղներու կյանքը, այդ բոլոր սրտակեղեք դեմքերը, անոնց անոթությունը, սարսափը ու սուգը: Ու հետո, դիմադրությունը մինչև ե՞րբ, մինչև ո՞ր հեռակետին պիտի կրնային տանիլ ինք ու իր հետ այդ քանի մը հատ զենք բռնող կտրիճները, չէ՞ որ ուշ կամ կանուխ եղածը ա՛ս էր ու ա՛ս պիտի ըլլար:
Պե՛տք էր համակերպիլ. սակայն կարելի՞ էր վստահություն դնել եղեռնագործի մը, թուրքի մը խոսքերուն վրա: Թեթև քրտինք մը թրջեց քահանային գլխուն մազերուն արմատները: Իր վիճակը ծանր էր: Ու հարցուց տերտերը՝
– Շա՛տ շնորհակալ ենք որ մխիթարական լուր կը բերեք մեզի. լա՛վ ուրեմն, ի՞նչ կ’ուզեք հիմա:
– Ըսել կ’ուզեի թե, փափազ էֆենտի,- պատասխանեց հազարապետը քիչ մը վախվխկելով,- ինծի պաշտոն հանձնված է հաղորդելու հոս գտնվածներուն որ կառավարությունը իր զորքը պիտի բերե մինչև հոտ եկեղեցիին դուռը և ամենքդ պիտի փոխադրե ավելի ապահով տեղ մը. հակառա՛կ պարագային, ձեզ պաշտպանելու վիճակին մեջ չէ…
– Սիրով կ’ընդունինք կառավարական այս հոգածությունը՝ ընդմիջեց քահանան:
– Բայց որպեսզի կարենանք խուժանը հանդարտեցնել՝ ստիպված ենք պահանջելու որ նախ ձեր զենքերը մեզի հանձնեք:
– Զենքե՜րը,- պատասխանեց դառն ժպիտով մը,- բայց քանի՞ զենք ունինք արդեն որ, և այդքա՞ն կարևոր են անոնք քյուրտերուն, ու դուք իրավունք կուտա՞ք անոնց, պինպաշի էֆենտի…
Պինպաշին ուսերը թոթվեց, ձեռքերը երկնցուց՝
– Ի՞նչ ընենք, փափազ էֆենտիս, ի՞նչ ընենք, ժամանակները չար են, սէօզ այաղա տյուլտի, էֆէնտիմ, մեր կրունկները ամեն քայլափոխի՝ արյունի մեջ կը կոխեն…
– Կը հասկնամ, էֆենտի,- հարեց քահանան ծանր ու կշռող շեշտով մը,- այդ արյունը ահյու արյունն է հարկավ. բայց այս բոցի, արցունքի, մահվան ու կյանքի օրերուն մեջ նույնքան դժվար է նաև խոսք հասկցնել այս եկեղեցովը փրկություն գտած մարդոց. ի՞նչ երաշխավորությամբ կրնանք զիրենք զինաթափ ընել…
– Կ’երդվըննամ թագավորին գլխուն վրա, կերդվըննամ իմ նիքահիտ Մարգարեին գլխուն վրա, վալլա՜հ, պիլլա՜հ, մեկ կաթիլ արյուն չպիտի թափի այլևս…
Տերտերին դեմքին վրա թանձր մթություն մը կախվեցավ. նայվածքը ուղղեց գետինը, ծանր, թափանցող, ուժգին նայվածք մը՝ որ հողը կը փորեր ու ներս կ’անցներ կարծես. անվստահությունը, բարկությունը, աղետքի մը ստույգ հավանականությունը, ետևը՝ սրբարանին մեջ խռնված կիներուն, ծերերուն, աղջիկներուն, վիրավորներուն տագնապալի կացությունը դաշույններու պես հաջորդաբար կը ցցվեին իր հոգիին մեջ: Արդեն վառոդը խնայողությամբ սկսեր էին գործածեկ. ուտելիքը հատեր էր կամ կը հատներ. դիմադրությունը շատ շատ օր մը կամ երկու օր ալ կրնար համառիլ. հապա անկե անդի՞ն:
Ու եթե այս թուրքին հանձնեին իրենց զենքերը, զոհ երթալով բացորոշ խաբեբայության մը՝ ի՞նչ պիտի ըլլար իրենց զղջումին ահավորությունն ու քավությունը…
– Թույլ տվեք որ կես ժամ հեռանամ ձեր քովեն ու եթե համոզել հաջողիմ ներսինները՝ եղած զենքերը ձեզի վերադարձնեմ,- ըսավ քահանան ու բաժնվեցավ:
Ներսը, արդեն ամենքը անձկությամբ կըսպասեին տերտերին: Եվ ահա այդ հազար արցունքոտ, նվաղած, բայց վայրկյան մը փրկարար հույսով պլպլացող աչքերը շրջապատեցին քահանային դեմքը, լռին կողկողանքով մը, հարցաքննեցին զայն, սևեռեցան, փակեցան անոր՝ գտնելու համար հոն ազատության հայտնություն մը:
Քահանան անխոս ու մունջ՝ բարձրացավ սադուխներեն վեր դեպի տանիքը:
…Կես ժամ ետքը հազարապետը կը մեկներ գոհ և ուրախ տրամադրությամբ, տանելով իր հետ կանչված երկու զինվորներու շալակին վրա կարգ մը զենքեր՝ որ քահանան իրեն հանձներ էր:
Եկեղեցիին երկաթապատ դուռը նորեն գոցված էր իր ծանր ծխնիներուն վրա. խոշոր նիգերը, գերանները նորեն ամրություն տված էին անոր ու ներսինները կը սպասեին խոստացված փրկության:

Ե.
– Ամա՜ն, տե՛ր հայր, կորսվեցանք… տաճիկնե՜րը, տե՛ս, տաճիկները եկեղեցին պաշարելու կուգան…
Պաշարվեցա՜նք, մեռա՜նք, այս եղերական բառերը կրկնեցին խելացնոր՝ այս մարդիկը որ քանի մը վայրկյան առաջ արդեն ավետաբեր աղավնիին կըսպասեին փրկության զարհուրելի տապանին մեջ: Ու հիմա՝ անզեն՝ ոչխարի պես կը վազեին, իրար կը հրեին, մեկմեկու երես կը նայեին չարաշուք ակնթարթով մը ու հետո ճգնաժամային իրողության ստուգությունը գտնելով փոխադարձաբար բոլոր դեմքերուն վրա՝ կը քարանային, իրենց արյունը կը սառեր, մեռնելու, մորթվելու սարսափը կ’անբանացներ զիրենք: Ու միշտ կը կրկնեին միևնույն բառերը՝ կափկափող ակռաներով.
– Ի՜նչ պիտի ընենք… Ի՜նչ պիտի ընենք…
Ա՛լ տարակույսի տեղ չիկար. հազարապետը՝ օձի պես սողալով, եկեր խաբելով մատներ էր զիրենք:
Պաշտպան ոստիկաններու տեղ՝ չարագործ խուժանը կուգար՝ անվերջ, անհատնո՜ւմ. կուգար մեռցնելու, փողոտելու, որովհետև դուրսը ա՛լ բան չէր մնացեր, երեք օրե ի վեր քանդեր, կողոպտեր, մորթեր ու հրդեհեր էին:
– Ի՞նչ պիտի ընենք, տե՛ր հայր. ոտքերուդ հողին մատաղ. ի՞նչ պիտի ընենք հիմա՝ դողդղալով խոսելեն մոտեցավ ցնցոտիներու մեջ կորսված, աչքերը սևածիր ու ակնակապիճներուն խորը կորսված մարդ մը:
Տերտերը՝ պաղ ու արհամարհալից ակնարկ մը ձգեց մարդուն վրա. ասի ա՛ն էր որ դեռ շաբաթ մ’առաջ կառավարության վրա այնքան վստահություն ուներ և քաղաքին է՛ն ունևոր մեծատուններեն, փրփրեր, բարկացեր էր ժողովուրդին զինվելու գաղափարին դեմ:
– Պիտի մեռնի՛նք…- կրկնեց տերտերը ու հեռացավ:
– Խաբվեցա՜նք, խաբեցին…- խեղդուկ ու հուսահատ թոթովանքով մը կը մենախոսեր հարուստը՝ երկու ձեռքերը փակցուցած գլխուն երկու կողմերը…
Առաջին տապարին հարվածը՝ դուրսը՝ ուժգին ու խորտակիչ, հնչեց եկեղեցիին երկաթապատ դռան վրա:
– Վո՜ւյ… միայն ահաբեկության այս սարսռազդեցիկ ճիչը դիմավորեց ներսեն՝ եկող մահազդը. բոլոր զոհերու կյանքի ուժն էր որ վերջին մեկ շունչով, մեծագոռ ու ցնորական՝ կը փրթեր աղիքներեն, կը քաղվեր երիկամունքներեն և սարսափահա՜ր կը դղրդեցներ եկեղեցիին ամբողջ շենքը: Այդ հաստատուն պատերը կարծես քակվեր, փլեր էին ու բաց աչքով, հայտնապես կը տեսնեին սոթտված թևերը, սուրերը, կացինները, արյունազանգ աչքերը ու բոլոր այն դիվական սարսափները՝ որոնք մահը կը բերեն իրենց հետ. և արյունին կծու հոտը արդեն թափանցեր էր պատերուն մեջեն՝ մինչև սրբարանը, վերնատունը, խորանը, ամեն տե՛ղ, ամեն տե՛ղ. ա՛լ ապահով ապաստարան մը, ծակ մը, խորշ մ’անգամ չի կար: Մեծ ու պզտիկ բոլոր մարդկային մարմինները կ’երերային, կը շարժեին. ոմանք՝ կ’ըսես ծանրապես հոգնած և ուժասպառ՝ կռնակնին պատի մը կրթնցուցած՝ միայն գլուխնին կը շարժեին անդադար, ոմանք իրարու կը մոտենային, պինդ մեկմեկու քով կը սեղմվեին, և ամենք ալ մարդկային կենդանութենե ու կերպարանքե ելած, դարձեր էին ճերմա՜կ, ճերմա՜կ արձաններ, կտրված աշխարհի բոլոր կապերեն:
Միայն քահանան էր որ մեջտեղ չի կար:
Հարվածները դուրսեն շարունակ կը բաղխեին դռան, ատեն ատեն կը դադրեին, իր տեղեն քար մը քակել վերցնելու կամ աշխատության պետքի մը համար. և ամեն անգամ որ կացիններուն համառ կրկնությունը կըսկսեր, ներսեն ահավոր նոպաներու ջղաձգությամբ՝ Զարհուրանքը պատասխան կուտար: Սաստիկ հուզումին ու ծայրահեղ տագնապին կը հաջորդեր խորին թուլություն մը, կարծես համակերպություն մը թող կուտար որ ամեն ինչ կատարվի, նույնիսկ անձկալից սպասում մը կ’ունենային ճակատագրին, մտիկ կ’ընեին հարվածներու ձայնին և կ’ուզեին իմանալ թե դեռ աշխատությունը չավարտեցա՞վ:
Հանկարծ այս սպառնական երկյուղին, հիմարության օրհասական վայրկյաններուն՝ բակին մեջեն գոռ ու բիրտ աղաղակ մը հնչեց, կատաղի հայհոյություն մը՝ միախառնված հրացանի մը որոտին:
– …Դեռ մեռած չենք, շունե՛ր…: Տղա՛ք, հեռավորներո՜ւն միայն, մոտիկները մե՛րն են, չըլլար որ անոնց դպնաք…:
Քահանա՛ն էր, որուն հրացանափողը ուղղված դռան՝ կը դիմավորեր թուրքերն ու քուրդերը: Առաջին հարվածին պատասխան տվին վերի պատնեշներեն, բոլոր թաքստոցներեն. եկեղեցիին չորս անկյուններեն կրա՜կ, անընդհատ կրակ կը թափեր վարը: Դուրսը, փողոցներուն մեջ, ընդարձակ տարածության մը վրա՝ թշնամին անակնկալի եկած, կ’ընկրկեր, կը նահանջեր, խառնիխուռն, հայհոյելով ու ոռնալով: Կը սուրային անսպասելի գնդակները և մարդերը կ’իյային, ոտքերնին վայրկյան մը դեպի վեր՝ օդին մեջ, հետո ձեռքերնին գետինը՝ ճանկրտելով հողն ու քարերը. ու մյուսները՝ որ կը փախեին՝ անխտիր կը կոխեին անոնց փորին, դեմքին վրա ու կ’ապաստանեին ավերակներու մեջ, կիսակործան պատերու ետև:
Հրա՜շք, քահանան փրկեր էր անգամ մ’ալ եկեղեցին:
Զենքերը՝ որ հանձնված էին հազարապետին, անգործածելի, հնամաշ բորբոսոտած հրացաններ էին: Հայ տերտերին ռազմական խորագիտությունը՝ ահա ավելի փորձ դուրս կուգար՝ քան կազմակերպված զինվորական իշխանության մը ստոր դավադրությունը: Լավագույն հրացանները մնացեր էին պաշարվողներու տրամադրության տակ:
Կես ժամ սրբազան պատնեշները աննման արիությամբ պաշտպանեցին իրենքզիրենք ու մնացին անձեռնմխելի, հաղթակա՜ն:
Հիմա ներսինները՝ դիակին, տաք արյան գոհունակությունն ունեին. բարձրեն հեշտանքով կը դիտեին օրհասականներու տապլտուքը, ջղաձգություններն ու տանջանքը:
– Ապրի՛ք, տղա՛ք, աս քոթոթները ալ չեն հաչեր մեր վրա,- հեգնեց քահանան՝ վառոդի ծուխերուն մեջեն,- կ’երևի մեր նետած ոսկորները դժվար կը ծամեն:
Վերջին վտանգն էր որ անդարձ կը հեռանար, որովհետև հազիվ ժամը բոլորած՝ հազարապետը կը հասներ հետևորդ ոստիկաններու բազմությամբ մը, կը բերեր իր հետ կայսերական իրատեն ու անամոթ չքմեղանքով մը ներողություն կը խնդրեր իր համեցումին համար:
Սվինակիր հրացաններով զինված ոստիկանները շարվեցան երկու կարգի վրա եկեղեցիին դռան առջև և կիներու, էրիկմարդոց, մանուկներու, աղջիկներու դժբաղդ թափորը ինքզինքը հանձնեց: Գալիքը՝ բաղդին ու երկինքի բարի Աստծուն կամեցողությանը:
Եվ քահանան՝ հպա՛րտ ինչպես առյուծը որ դուրս կուգա կրակի տրված իր անտառեն՝ առաջ անցավ ամենեն:

Զ.
Փողոցները անճանաչելի էին. միայն ածխացած գերաններու կտորներ, սևցած քարեր ու հողեր, արյան հետքեր ու հոտած, անճանաչելի դիակներ: Սարսափելի, ողորմուկ ու զզվելի էր միանգամայն ընդհանուր պատկերը. հայոց թաղեր արյուն ու ծուխ կուլային, դիվաբնակ ավերակներու լաբիրինդոսի մը մեջեն էր որ կը քալեին եկեղեցիին պաշտպանյալները:
Գետնին հողը, քարերը ոճիրով կշտացեր էին ու հիմա կծու գարշահոտություն մը կը ծավալեր ամեն կողմե. մեռելական անգութ լռություն մը կը հեծեր դժնդակ ծանրությամբ ու թափորը՝ որ կ’անցներ սարսափահար ու ապշած՝ կը զգար թե անծանոթ երկյուղ մը կը խլրտեր կործանած իրերեն ու կը փաթթվեր օձի պես իր գարշապարին ու կրունկին:
Առջևեն քահանան կ’երթա՝ ընկճած ու գլխիկոր, այս համատարած մեռելաստանին սուգը սրտին, բայց անվեհեր ու անձնիշխան: Ո՞ւր կ’երթա: Չի՛ գիտեր: Որովհետև ո՛չ մեկ սիրելի, ընտանի բնակություն, ո՛չ մեկ ծածք հայուն ձեռքովը կառուցած՝ որ հիմա մնացած ըլլա իր ետևեն եկող վերջամնաց դժբաղդներուն. ազատվածը չոր հոգի մը միայն, բուի գոյություն մը՝ որ պիտի կառչի փլատակներուն և ահավոր դատաստանե մ’ անցած աշխարհքի մը ցավերը վայե:
Ահա ամբոխն ալ, քինախնդիր, կատաղի, ցասմնալից՝ որ կը խռնվի, կը հեղեղի փողոցներեն, ամեն անկյունե ու կը դիտե թափորը: Սպառնանքներ, հայհոյություններ, սպաննության հայտնի հրավերներ կը լսվին չորս կողմեն. թևեր կը բարձրանան, արջի մրմռուքներ՝ զայրույթի ազդարարություն կ’ընեն.
– Քեշիշը՜, քեշիշը՜…:
Ու քաջության անպայման հիացումն ունեցող լեռնականներ ալ որ՝ կը նային տերտերին ու գովասանքի բառեր կը փոխանակեն իրենց մեջ: Թափորը կ’անցնի սակայն, յուրաքանչյուր քայլափոխի՝ նոր արհավիրքներու, կարծես հետզհետե խտացող սարսափներու մեջեն: Թաղին ծանոթ աղբյուրը ահա՛ որ երկար տարիներով ջուր տված է ամենուն և հիմա կը վազե տրտմավաչ ու կ’երթա շուներուն առջև, ոտքերու տակ պառկած սիրելի դիակները կը թրջե. գետինը՝ ուր որ կը կոխեն՝ կը տքա հիվանդի մը պես. որո՞նք են արդյոք այդ անտեր մեռելները՝ շապիկով մ’ու վարտիքով մը պառկած. ազգականի՞, սիրելիի՞, ծանոթի՞. ու մարմինները՝ ցավեն ու երկյուղեն՝ կը փշաքղին, ոտքերը կը դողդոջեն ու ոչ ոք համարձակությունն ունի հեղ մը ծռելու և անոնց երեսը նայելու:
Կ’անցնի՜ թափորը՝ գերիներու շղթայակապ կարավանի մը պես, ամոթը երեսին ու մահը հոգվույն մեջ. քահանան՝ որ կը քալե առջևեն՝ անայլայլ ու անխռով կը թվի: Միայն նայվածքը մշուշոտեր, թանցրացեր է ու հազիվ երբեմն կ’իյնա շուրջիններուն վրա: Շուկան հասած են ու հիմա կ’անցնին հացագործի մը խանութին առջևեն: Թարմ հացի անուշ, գրգռիչ հոտ մը կը խթե անոթի անձնատուներուն ախորժակները. անզգալաբար, աղերսարկու, ողոքիչ նայվածքներ կ’ուղղվին դեպի հացերը. մանուկները, անգիտակ իրենց շուրջը սավառնող զարհուրանքին, ձեռքները դեպի փուռը կ’երկնցնեն ու կուլան: Տաճիկները կը հայհոյեն, կը քֆրեն սակայն. ու թուրք հացագործը՝ ներոնյան զվարճության մը հաճույքն ըմբոշխնելու համար՝ կտոր մը հաց կը վերցնե, կը բրթե ու կը նետե դեպի անոթի պզտիկները՝ օ՜շ, օ՜շ, օ՜շ, պոռալով: Մանկական վատուժ ձեռքերը՝ որ երկնցեր էին աղերսարկու՝ ե՛տ կը քաշվին. ո՛չ մեկը կը ծռի գետնին փրշունք մը վեր վերցնելու:
Նախատինքը կը շիտկե բոլոր խոնարհած վիզերը, գլուխները կը տնկվին հաղթականի հպարտ արհամարհանքով, մահն իսկ անարժեք ոչնչությունը կը թվի ու թափորը՝ վես ու մեծանձն՝ կը շարունակե իր ճամբան:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *