Սաբիթ Մադալիև | Հիշողը

Ծնվել է 1949 թվականին Ղազախստանի Ջամբուլ քաղաքում։ 1969-ին տեղափոխվել է Տաշքենդ։ 1972-1990 թթ. ապրել և աշխատել է Մոսկվայում, որտեղ և ավարտել է Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտը։ 1990-ին վերադարձել է Տաշքենդ։ 1991-1996 թթ. եղել է «Զվեզդա վոստոկա» ամսագրի գլխավոր խմբագիրը։ Հեղինակել է «Դեղձենու ծաղկման ժամանակաշրջան» (1977), «Երգող ավազներ» (1979), «Մարաթոն» (1983), «Վերելք» (1986), «Ռուբաի» (1999) և այլ բանաստեղծական ժողովածուներ։ Ստեղծագործում է մայրենի լեզվով և ռուսերեն։

 

Լալիս էի երազում

ամեն անգամ երբ փակվում է
դուռը գնացողի հետևից
ամենից առավել ես վախենում եմ
որ նա այլևս չի վերադառնա

վերջ
պետք չէ ինձ սփոփել
իմ ձեռքերը չեն դողում
մառախուղը ցրվեց աչքերիս առջևից

միայն ժամանակը սահելով ավազի միջով
իմ սպասման գրանիտն է
հիշեցնում

քույրն իր հետևից փակեց դուռը
և այլևս չվերադարձավ

մորս ուղեկցեցի մինչև դուռը
և այլևս նրան չտեսա

հայրս հետևից փակեց դուռը
և այլևս չթակեց

երբեմն
երբ գիշերները փոթորկում է
իսկ իմ սրտում պառակտվում են աստղերը
ես մոտենում եմ դռանը
որ մտնեմ տարածություն
պատող դատարկության
բայց ոչ մի կերպ չեմ կարողանում բացել
հենց այդ դուռը

 

***
Նստած եմ ես հանգած թոնրի շուրջ՝
այս սառը և որբ երկնքի տակ,
հոգիս թողեցի ուշացած սեր,
իսկ պարզվեց աշխարհի բոլոր վշտերը։

 

***
Լավ է՝ մահը բաժաներ ինձ քեզնից,
բայց ապրողների բաժանումը կրակից սարսափելի է,
այն բթացած ցերեկվա ձգտումն է գիշերվան
և հետո խավարում օրվա սպասումը։

 

***
ինչպես քարարծիվ որ հսկում է ամայությունը

իմ ապրած տարիների բարձունքից
ես պահում եմ հիշողությանս մեջ

հիշողություններ քո մասին
և նորից

ինչպես աշնանային արևը
տաք է ձեռքը քո

 

***
Որպեսզի մոռանամ քեզ, ես խոնարհված կքաղեմ,
կհամտեսեմ դաշտի դառը-դառը խոտը։
Բայց քաղցր է, ինչպես արցունքը, խոտն այդ իմ շուրթերին,
ասես դու ծիծաղկոտ կանգնած ես իմ առջև իրական։

 

***
Ասես ձյունով է ծածկված հոգիս,
դատարկ է սիրտս և սառը, թեքվել են
բոլոր խոտերը, որոնց վրայով քայլել ես դու՝
զգուշորեն մոռանալով ինձ։

 

***
երբ կլքեմ երկրավոր աշխարհի հովիտը
և վերջին տխուր մահճում

կյանքից հոգնած դեմքն իմ

պղտոր ջրի նման հանկարծ կզուլալվի
և կդառնա լուսե երես վերջապես

իմ հետևից ասեք սիրուց է մահացել
տա Աստված և մեզ այդպիսի երանելի մահ

 

***
Ես իմ խցում եմ քնել շաբաթվա ավարտին,
հանկարծ ինչ-որ մեկի հոգոցը հանեց ինձ անկողնուց,
և ես մթնում լաց եղա տարիների համար,
որոնք առանց Աստծո սավառնեցին։

 

***
Երկու կյանք եմ ապրել ես ափին։
Այստեղ գետնին ձյուն չի դիպչել, հիմա ձյան մեջ է։
Փորձում եմ հիշել անցավորներին
իմ մանկությունից և չեմ կարողանում։

 

***
ամենազոր է հիշողը
կկարողանամ մտաբերել ժպտացող շուրթերը

սիրելի կնոջ արևի մարած ցոլքերում

ես հիշեցի և այնպես ուզեցի վերադարձնել
ժպիտի ստվերը բայց վեր սլացավ թռչունը

և ես քո փափուկ մազերում
խճճվեցի միայնակ գոռեխի պես

 

***
Ճակատագրի հետևից անմիտ վազքում
ես կմեռնեմ և կվերափոխվեմ խոտերի…
Քամին կշարունակի խոսել նույն կերպ՝
չբարձրացնելով ձայնը ինձ հետ։

 

***
Եվ նորից ես լի անոթ եմ,
ինձ տանում են շուկա՝ վաճառելու,
թեև մեր օրերում պոետի դիմաց
անգամ մի կապ բողկ չեն տալիս։

Բաժանում

Երկար բաժանումից հետո, ինչպես ձյունամրրիկը,
չար, ինչպես ձյունամրրիկը,
և կսկծալի,
ինչպես ձյունամրրիկը,
նա ուզում էր մայիսյան ծաղկունք
և ջերմությունը նրա վարդագույն շուրթերի։
Աղջկա հիացմունքը ծորում էր,
չէ,
փլվում էր
տեղատարափի պես գլխին։
Նա լսում էր
չհամարձակվելով ընդհատել,
կանգնեցնել
թռչնի խանդավառ ճռվողյունը՝
մոգական այդ թռչնի վերերկրային։
Հագնելով՝ աղջիկը հարցրեց.
չէ՞ր կարոտում նա իրեն,
երբ բաժանված էին։
Նա վեր կացավ,
չկարողացավ խոսել,
ուզում էր
մի նոր բաժանում,
երկարատև,
ինչպես ձյունամրրիկը,
չար, ինչպես ձյունամրրիկը,
և կսկծալի,
ինչպես ձյունամրրիկը։

Թարգմանությունը ռուսերենից՝ Արմեն Սարգսյանի

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *