ՀՐԱՉՅԱ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ | Երկվորյակների արևը

Նոյեմբերի 17-ին, ժամը` 14.30-ին Օպերայի շենքի հայելային սրահում (մուտքը` ֆիլհարմոնիկի կողմից) կկայանա Հրաչյա Սարիբեկյանի «Երկվորյակների արևը» վեպի շնորհանդես-վաճառքը: Գիրքը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը, խմբագիր՝ Արքմենիկ Նիկողոսյան, նկարազարդումները՝ Սուրեն Վարդանյանի:
Միայն այդ օրը գիրքը կվաճառվի 2500 դրամով:

Հատված «Երկվորյակների արևը» վեպից

Արևի լույսի ներքո վառ երանգներով փայլատակող, անմիտ ինքնավստահությամբ սեփական ստվերը կտցող թռչունը դեռ չգիտի, որ հաջորդ լուսաբացին էլ չի կանչելու. պապն ուզում էր մորթել միակ աքաղաղին, որ զարթուցիչի պես առավոտ կանուխ կուրությունից հանում էր իրեն. որդին վերադարձել է համրացած, հայրը որոշել է համրության մատնել հետագա բոլոր լուսաբացները, կտրել իր կուրության և լուսաբացների թելը: Ավելի ընկղմվել կուրության խավարում` մահվան հատակին ավելի մոտ:
Տղան մոտեցավ, որ բռնի աքլորին: Լռությունը լցվեց թևաբախումների ձայնով, որ հայրը չի լսում, բայց նայում է տղային փոշու լուսավոր ամպի մեջ` աքաղաղի hետևից վազելիս: Տղան փորձում էր բռնել աքլորին, որ հասցնում էր դուրս պրծնել ձեռքերից. փորձ էր անում թռչել, բայց թևերի ամենահուսահատ թափահարումով իսկ չէր հաղթահարում երկրի ձգողականությունը և հազիվ արևի ճառագայթներն էր հասցնում թոթափել իր թևերից:
Տղան վերջապես բռնել է աքլորին, որ սկզբում թպրտում էր նրա ձեռքերի մեջ, ապա հևասպառ հանդարտվեց և այլևս ոչ մի դիմադրություն ցույց չտվեց` կարծես բնազդով նախազգալով, որ ապարդյուն են իր պտույտներն ու փախուստի փորձերը, երբ մարդն իր համար գլխատում է վճռել անհեթեթ արևի տակ, որ մարդկանց ծուղակն էր իրեն որսալու համար:
Տղան աքլորի կատարն ուղղում է արևելք, հետո գլուխը սեղմում կոճղին, կոճղի կողքից վերցնում կացինը, որ մի պահ արևից փայլ է կորզում: Աքաղաղը թափահարում է գլուխը, կարծես հասկացել է այդ անսովոր առարկայի թաքնված հնարավորությունը. մինչ այդ կոճղի կողքին դրված կացինը գուցե նրա համար անիմաստ ու անպետք առարկա էր եղել, որի մոտ կուտ ուտելն իր կորացած արտապատկերը տեսնելու առավելություն էր տալիս միայն: Եվ ի՞նչ կարող էր աքաղաղի բնազդը հասկանալ, որ այդ առարկան, փայլելու և արտապատկերելու հնարավորությունից բացի, գլխատելու հնարավորությունն է նաև թաքցնում, աքաղաղը չի կարող կռահել նույնիսկ, որ այդ փայլը որևէ կապ կարող է ունենալ արևի հետ, իսկ կացնի մեջ իր առջև կանգնած տձև աքաղաղն իր արտապատկերն է պարզապես կացնի նիկելապատ մետաղի մակերևույթին: Ա՛յ, եթե Աստված նրան բնազդի փոխարեն գիտակցությամբ օժտեր, գուցե կռահեր, որ փայլող մետաղի այդ կտորը, որի առջև ամեն օր կուտ է ուտում, կարող է նաև աքաղաղի գլուխ հատել, այդ ժամանակ գուցե հեռու-հեռու մի տեղ փախչեր, միայն թե մետաղի անխուսափելի սրությունը հեռու լիներ իրենից, չգտներ իրեն:
Աքաղաղը շնչահեղձ հևում է, հայացքը հառել է երկինք, ասես Աստված է տեսել այնտեղ: Միայն արյունը ցայտելուց հետո է տղան հասկանում, որ հարված է իջեցրել աքաղաղի գլխին, մի հարվածով համրացրել գալիք լուսաբացները: Աքաղաղի գլուխը գլորվում է կոճղից ոչ հեռու: Արյունը՝ մորթված լուսաբացների հեղուկ շողեր: Գլխատված մարմինը թպրտում է` չի հավատում սեփական մահվանը, կարծես մահը գլխի մեջ է միայն, իսկ մարմինը կարող է ապրել, թպրտում է` խուճապի է մատնվել, թե ինչ է անելու առանց գլխի: Տղան գիտի՝ եթե գլխատված աքաղաղին բաց թողնես, աքաղաղը, մահից գլուխը կորցրած, որոշ ժամանակ կվազի, և տղան զսպում է թպրտացող մարմինը: Ինչ-որ բան անհանգստություն է պատճառում նրան, որ աքաղաղը պիտի կանչեր ու չհասցրեց: Հատված գլուխն ընկած է կոճղից ոչ հեռու` աչքերի բացակա արտահայտությունը հառած երկնքին. այդ հայացքից վերև երկինքը դատարկ անսահմանություն էր թվում, որի մեջ գոյության ոչ մի նշան չի երևում, և միայն անսահմանությունն է տեսանելի իր ամբողջությամբ:
«Աչքդ մնաց, չեմ ասե՞լ, երկար չնայես կտրված գլուխներին,- հանդիմանեց մայրը:- Ի՞նչ կա դրանց մեջ, որ այդքան երկար ես նայում»:
Հավերն այդ գլխի կողքին կուտ էին ուտում:

Share Button

1 Կարծիք

  • TATEV says:

    Դուք շատ տանդավոր գրող եք,ինձ անափ դուր եկան Ձեր ստեղծագործությունները:Վստահ եմ Աստծո կամքով Դուք կհասնեք մեծ հաջողությւնների:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *