Տիգրան Մանսուրյան | Սարյանի հարկի տակ

Լուսանկարում՝ Տիգրան Մանսուրյան, Մինաս Ավետիսյան, Մարտիրոս Սարյան, Հ. Փոթուրլյան, Կարիկ Բասմաջյան

Այն ժամանակ Երևանում իրարից ոչ հեռու ապրում էին հայ ոգու ու մտքի հսկաները՝ մեր հայրերը: Այստեղ էին Վիկտոր Համբարձումյանն ու Մարտիրոս Սարյանը, Գրիգոր Գուրզադյանն ու Երվանդ Քոչարը, Կոստան Զարյանն ու Գոհար Գասպարյանը, այս կարգի անվանիներ: Քաղաքը հարուստ էր այսպիսի երևելիներով: Մենք՝ երևանցիներս, սովորել էինք դրան։
Թվում էր, իրականության այս վեհությունը, այս շքեղությունը այդպես էլ մնալու էր մեզ հետ տևականորեն:
Բոլորովին էլ դժվար չէր Երվանդ Քոչարին տեսնել իր արվեստանոցում (այսօրվա թանգարանում) կամ Նկարիչների միության շենքի մոտ գտնվող հայտնի սրճարանում:
Կոստան Զարյանին նույն սրճարանից կարող էիր ուղեկցել իր տուն՝ Աբովյանն ի վեր, հետն էլ հարցեր տալ, խոսեցնել ծայր աստիճան քչախոս գրողին:
Ակադեմիկոս Ալիխանյանի հետ կհայտնվեիր իր տանը, պատմություններ կլսեիր Պաստեռնակի, Շոստակովիչի հետ իր շփումների մասին…
Այն ժամանակվա մեր մեծերը մատչելի էին շփումների համար: Քեզ՝ երիտասարդիդ, իրենց շրջանակը կառնեին՝ պայմանով, որ, ըստ իրենց քիչ թե շատ ապագա խոստացող մեկը լինեիր:
Ես երջանիկ բախտ ունեցա ճանաչելու մեր այս մեծերից շատերին, շփվելու նրանց հետ մարդկային պարզ շփումների մակարդակով:
Այսօր այդ շփումներից ինձ համար առանձնանում են Մարտիրոս Սարյանի հետ իմ առնչությունները: Թե ինչո՞ւ եմ այսպես գնահատում, ավելի լավ է պատասխանեմ Էդվարդ Միրզոյանի ձևակերպումով: Այն հարցին, թե կյանքում իր տեսած ամենամեծ մարդուն ո՞ւմ կհամարեր, նա պատասխանել է, որ իր տեսած ամենամեծ մարդը Մարտիրոս Սարյանն է եղել:

***
Աշուն էր: Բուհեր ընդունվող երիտասարդների շրջանում ամեն տեսակի հուզումների, բուռն քննարկումների ժամանակն ավարտվել էր… Ես ընդունվել էի Երևանի Կոմիտասի անվ. կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժին: Ղեկավարս Ղազարոս Սարյանն էր: Քառասնամյա կոմպոզիտորն այդ տարի ստանձնել էր կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնը։ Իր մտավոր կարողությունները, երաժշտի իր մեծ հեղինակությունը, նաև Հայրենական մեծ պատերազմի բովում իր մեջ ձևավորված զինվորական կարգապահությունն ու պատասխանատվության զգացումը բերել էր կոնսերվատորիա: Բերել էր նաև Սարյան ընտանիքի հանդեպ տիրող համատարած ակնածանքը։ Հարգված էր թե՛ իբրև առաջատար կոմպոզիտոր, թե՛ իբրև եզակի անհատականություն, թե´ որպես առաջնակարգ կազմակերպիչ: Պատահում էր, որ ռեկտորի հոգսերը նրան ստիպում էին տեղափոխել մեր դասերի ժամերը, ինձ հետ պարապելու համար կանչել իր տուն: Ուսանողական հինգ տարիների ընթացքում այդպես հաճախ է եղել: Բայց ահա, երբ առաջին անգամ պայմանավորված ժամին գնացի իմ դասախոսի տուն, դուռը բացեց Վարպետը՝ Մարտիրոս Սարյանը: Շփոթմունքս հաղթահարելով՝ ասացի.
­Ես Լազար Մարտիրոսովիչի ուսանողն եմ:
Դեռ ինձ ներս չթողած՝ դռան մոտ հազիվ լսելի ձայնով ասաց.
­Մի ուսուցիչ էլ չգտանք՝ ինքը մոտը սովորեր։
Ապշահար եղա…
Վարպետի ձայնը խուլ էր, կարծես մի շերտ բամբակների տակից էր գալիս։ Սովորաբար քչախոսներն են այդպիսի ձայն ունենում։ Թող թույլ տրվի մարդկային ձայնի այս հնչերանգի առնչությամբ փոքր-ինչ ավելացնել։ Մի օր առիթ ունեցա ծանոթանալու Պաբլո Պիկասոյի որդու՝ Քլոդ Պիկասոյի հետ։ Իմ հարցին, թե իր հոր ձայնը հիշո՞ւմ է, ասաց. «Իմ հայրը չափազանց քիչ էր խոսում. նա «աղոտ» ձայն ուներ»։ Նշանավոր քչախոսներից է եղել նաև Ուիլիամ Ֆոլկները, կարդացել եմ այդ մասին և նաև լսել իր հարցազրույցների ձայնագրությունը։ Նրա ձայնը ևս կարծես մի շերտ բամբակների տակից էր գալիս։ Սովորաբար այդ ձայնը հրամանի համար չէ։ Չի սաստում, այլ միայն համոզում, հորդորում է։ Եվ եթե այդ ձայնի տիրոջ բառերը խոստովանելու ուղղությամբ են մտքում գոյացել, ձայն չեն դառնում, ներսից գալիս և չարտաբերված էլի ներս են գնում։ Սիրում եմ մարդկային ձայնի այդ տեսակը։
Ուրեմն, ահա այդպես հնչեց Վարպետի ձայնը «Մի ուսուցիչ էլ…» ասելիս, և ես չհավատացի իմ լսածին։ Մնացի լուռ, մտանք տուն։
Հետագայում, ծանոթանալով Սարյանների տան նիստուկացին, համոզվեցի, որ այստեղ սովորական բան էր իր կամ տնեցիների հասցեին թեթև հեգնանքով սթափության մի քանի բառ ուղղելը: Այս ընտանիքում ինքնագոհությունը տեղ չուներ։
Տարիների ընթացքում ես տանու տղայի պես դարձա Սարյանների ընտանիքում: Հաճախ էի լինում նրանց մոտ. Դասերից բացի առիթ էի ունենում շփվելու, զրուցելու Վարպետի հետ… Իրենց տանը հաց եմ կերել, այդ տանն եմ եղել իրենց ամենաուրախ և ամենատխուր առիթներով, նաև ամենասովորական օրերին:

***
Հիշում եմ այն տխուր օրը։ Քաղաքում տարածվեց բոթը. ավտովթարից զոհվել է Մարտիրոս Սարյանի ավագ որդին՝ Սարգիսը: Երբ լուրը Վարպետին էին հայտնել հեռախոսով, հարցրել էր. «Իսկ Զարիկը (Ղազարոսը. – հեղ. ) ո՞ղջ է», և երբ դրական պատասխան էր լսել, ասել էր. «Փառք Աստծու»: Իր կյանքի բարդ ու երկար ճանապարհին պատմական արհավիրքների, մեծ կորուստների միջով անցած Վարպետն իր առաջնեկին կորցնելու այդ օրը գոհունակություն էր ուղղում Աստծուն այն մյուսի՝ փրկվածի համար: Հիշում եմ որդու հուղարկավորության օրը: Գերեզմանատանը հսկայական բազմություն էր հավաքվել: Վարպետը և իր տիկինը՝ Լուսիկ Լազարևնան, նստած էին գերեզմանից քիչ հեռու դրված աթոռներին: Նրանք լուռ հետևում էին թաղման արարողությանը: Ի՜նչ հանդիսավոր արարողություն էր դա, Աստված իմ: Բոլորի ուշադրությունը մի կողմից թաղման արարողությանն էր, մյուս կողմից՝ ծանր վիշտը անօրինակ լռությամբ, հուզական պոռթկումներից իսպառ զուրկ խոնարհությամբ կրող սգավոր զույգին:
Այդ օրը ես մասնակցեցի նաև հոգեհացին: Սեղանի շուրջ նստածները հիմնականում արվեստագետներ էին՝ գրականության, երաժշտության, կերպարվեստի բնագավառների երևելիներ: Ես նստեցի սեղանից քիչ հեռու գտնվող թախտին: Վարպետը եկավ, լուռ նստեց կողքս ու նայում է ինձ: Ուսումնասիրո՛ղ հայացքով: Ուշադի՛ր: Ես շփոթվում եմ ու չեմ հասկանում՝ ինչո՞ւ է նայում: Իրեն նայելով՝ մտքումս ասում եմ. «Ինչո՞ւ եք նայում»: Հարցական հայացքս բացարձակապես չկարևորելով՝ հայացքը չէր կտրում ինձնից:
Չէի գիտակցում այդ պահին, որ ինձ նայողը մեծ հոգեբանն ու մեծ նկարիչն է: Իր հայացքի խորությունն անչափելիորեն հեռու էր իրեն ուղղված իմ պարզ ու միամիտ նայվածքից: Ամաչեցի ու գլուխս թեքեցի: Ինքը նույն ուշադրությամբ շարունակում էր նայել դեմքիս՝ բոլորովին կարևորություն չտալով իմ շարժումներին: Երևի դա յուրովի մի հարաբերություն էր, որ կարող էր գոյանալ նկարչի ու բնորդի միջև:
Հետագայում, երբ այցելում էի Սարյանների տուն, հյուրասենյակի մեջտեղում նկարակալ հիշեցնող եռոտանուն, որոշակի բարձրության վրա զոհված որդու՝ Սարգիս Սարյանի մատիտանկար դիմանկարն էր դրված՝ կողքը գեղեցիկ ծաղկամանի մեջ ծաղիկներ, որոնք միշտ թարմ էին: Եվ այսպես՝ տարիներ շարունակ…

***
Մի օր Մինասի հետ մտանք Սարյանի տուն: Մինասին տեսնելով՝ շատ ուրախացավ: «Դո՛ւ պիտի ղեկավարես Նկարիչների միությունը: Դո՛ւ պիտի բոլորին առաջնորդես»,-ասում էր Մինասին: Այսպես խոսում ու հետն էլ նայում էր պատին կախված իր նկարներին: Մինասի թեման, կարծես, ավարտելով՝ գլուխը խոնարհեց ու ասաց. «Ի~նչ լավ բան է ծեր լինելը. առավոտյան ոչինչ չես անում, ցերեկը ոչինչ չես անում, երեկոյան ոչինչ չես անում»: Եվ կրկնեց. «Ի՜նչ լավ բան է ծեր լինելը»:
Իրականում Վարպետը միշտ աշխատեց։ Իր վերջին տասնամյակների ստեղծած աշխատանքներից մի քանիսը հիմա էլ աչքիս առաջ են։ 1969 թվականին Կոմիտասի հարյուր ամյակի առիթով ստեղծեց իր ոչ մեծ չափի շատ գեղեցիկ «Կոմիտաս» մատիտանկարը։ Հիշում եմ. այդ գծանկարը ցուցադրվեց առանձին, ընդհանուր ցուցադրույթից փոքր-ինչ հեռու, ցուցասրահի երևացող մասում տեղադրված նկարակալի վրա։ Որոշ ժամանակ հետո այդ նկարը պատճենահանվեց։ Բախտ ունեցա դառնալու պատճենահանված օրինակներից մեկի տերը։ Այն ստացա անձամբ Սարյանի ձեռքից՝ ընծայագրով։ Վարպետը տեղյակ էր Կոմիտասի հանդեպ տածած իմ մեծ սիրո մասին։ Այդ գրությամբ քաջալերում էր իմ այդ զգացումը՝ մաղթելով, որ մնամ Կոմիտասի հավատարիմն ու հետևորդը։ Կոմիտասի նկարը նման ընծայագրով ստանալիս անասելի հուզված էի։
Աչքիս առաջ է 1969 թ. ստեղծված «Երկիրը» կտավը, որով նկարիչը կարծես յուրովի արձագանքեց խորհրդային տիեզերագնացության առաջին քայլերին։ Նկատի ունենալով տիեզերագնացներ Գագարինին և Տերեշկովային՝ մի օր ասել էր. «Տղա-աղջիկ թռնում են վեր ու կրկին վերադառնում երկիր, հայրենի հող». – ասել էր ու ևս մի անգամ կարևորել մեր ոտքի տակի հողը։
Աչքիս առաջ են նաև Վարպետի վերջին տարիների մատիտանկարները։ Այնքան տպավորիչ են փոքր չափի այդ գծանկարները, որոնք հիմա ցուցադրվում են իր տուն-թանգարանում։ Դեռ այն ժամանակ, երբ տեսել էի այս գծանկարները, անմիջապես մտաբերել էի Արամ Խաչատրյանին, նրա ստեղծած վերջին գործերը՝ լարային գործիքների համար գրված մենանվագ սոնատները։ Շռայլ լույսերի և արևոտ կենսասիրությամբ հորդող մեր երկու հսկաների ստեղծագործական կեսօրին հաջորդող մայրամուտն արտահայտվել է ահա այսպես՝ սուղ գծերով, իրենց մեջ իմաստության մի ուրիշ վկայություն բերող գործերով։

***
Երեկոյան Մոսկվայի ռադիոյով լսել էի հարցազրույց Շոստակովիչի հետ: Նույն օրը «Ազատություն» ռադիոկայանը հաղորդեց, որ Ֆրանսիայում մահացել է մեծն Ժորժ Բրակը: Գնացի Վարպետի մոտ: Նստած էր ամբողջովին սպիտակ բազկաթոռի մեջ: Բազկաթոռը մեծ էր, և Սարյանը նրա մեջ փոքր էր թվում: Մտածեցի, որ նրան կհետաքրքրի ֆրանսիացի մեծ նկարչի մահվան լուրը: «Բրակն է մահացել, Վարպետ»,­ ասացի: Կարծում էի ափսոսանք արտահայտող խոսք պիտի լսեի նրանից, իսկ ինքն ասաց. «Ի՞նչ կա զարմանալու»: «Ա՜յ քեզ արձագանք»,­ իր պատասխանի վրա զարմացա ես ու որոշեցի պատմել Շոստակովիչի հարցազրույցի մասին: Նայում եմ պատին կախված, դեռ ներկը չչորացած Շոստակովիչի դիմանկարին ու դիմում Վարպետին. «Երեկ Շոստակովիչը ռադիոյով պատմում էր, որ եղել է Ձեր տանը, Դուք իր դիմանկարն եք արել, և որ դա իր լավագույն դիմանկարն է: Ասում էր, որ Դուք իրեն նկարել եք շատ արագ, ընդամենը մեկ ժամում»: «Կես ժամում»,- երեխայի անմիջականությամբ հպարտանալու պես ուղղեց Սարյանը:
Նորից եմ նայում Շոստակովիչի դիմանկարին…
Պատմում են, որ Շոստակովիչն իր մանկահասակ դստեր հետ Երևանում էր եղել: Այցելությունը կապված էր Երևանում մահացած իր տիկնոջ աճյունը Մոսկվա տեղափոխելու հետ: Օդանավից իջնելուց անմիջապես հետո նրա առաջին հարցն եղել էր. «Մարտիրոս Սարյանը Երևանո՞ւմ է: Դստրիկս անպայման պետք է տեսնի Սարյանին ու նրա նկարները»:

***
Սարյանը մի նոր նկար էր ստեղծել: Տանը սպասում էին Վիլհելմ Մաթևոսյանին: Քիչ հետո հայտնվեց Վարպետի չորուկ ու խստահայաց երիտասարդ բարեկամը: Երկրորդ հարկում գտնվող արվեստանոցից մինչև առաջին հարկ՝ մուտքի դուռը, ձայներ էին հասնում. «Վիլի´կը եկավ, Վիլի´կը եկավ… »:
Վարպետը սիրում էր իր ավարտած նկարներն առաջինը ցույց տալ իր բարեկամ արվեստաբանին:
Տարիներ հետո, երբ այլևս չկային ո´չ Սարյանը, ո´չ Մաթևոսյանը, լույս տեսավ վերջինիս «Զրույցներ Սարյանի հետ» խորագրով նիհարիկ գրքույկը: Այս գրքում տեսա նրանց բարեկամության ողջ խորքը:
Այդ օրը, սակայն, առաջին անգամ էի դառնում Վիլհելմի անվան առաջացրած աշխուժության վկան:
Վարպետն ու երիտասարդ արվեստաբանը բարձրացան արվեստանոց: Տեղյակ չեմ, թե ինչ խոսք ու զրույց եղավ նրանց մեջ այդ օրն ստեղծված նկարի շուրջ, բայց երբ Վարպետն ու Վիլհելմ Մաթևոսյանը դուրս եկան արվեստանոցից, վերջինիս դեմքին գոհունակության արտահայտություն կար, խստությունն իսպառ անհետացել էր: Իսկ երբ տեսա այդ գործը, զարմացած մնացի: Վարպետի բոլոր նկարներում մշտապես փայլել է արևը՝ հարուստ գուներանգով: Նրա վրձնի տակ կյանք առած բոլոր մարդիկ, իրերը լույսերի մեջ ապրածներ են եղել…Բայց ահա մի նկար, որում պատկերված են հողի տակ, մթան մեջ ձևավորված գլուխ սոխեր: Ուրեմն այսպես՝ տարիքի հետ ալեհեր նկարչի հայացքը ուղղվում է դեպի հողի խորքը…Զարմանալի է։
Վիլհելմ Մաթևոսյանի այդ այցելությունը տարիներ հետո մի օր տխրությամբ հիշեցի, երբ այդ նկարը տեսա գեղանկարների մեծ հավաքածու ունեցող մի հայ մարդու լոսանջելեսյան բնակարանում:

***
Սարյանների տանն աշխատանքը շատ էր հարգված: Ավանդական այս ընտանիքում ամենակարևոր անձը նա էր, ով այդ պահին աշխատում էր: Եվ նա բոլորի ուշադրության կենտրոնում էր. «Ցածր խոսիր, Ռուբենը (Ղ. Սարյանի որդին, ով այն տարիներին կոնսերվատորիայի դաշնամուրային բաժնի ուսանող էր) նվագում է», «Մարտիրոսը մտավ արվեստանոց» (Վարպետը նկարում էր երկրորդ հարկում, և առաջին հարկում գտնվողները պետք է անաղմուկ շարժվեին):
Նկարիչներից եմ լսել. «Խմբով գնում էինք Հայաստանի այս կամ այն շրջան՝ նկարելու մարդկանց, բնություն: Առավոտյան ինչքան էլ վաղ արթնանայինք, Սարյանին արդեն սենյակում չէինք գտնում։ Նա արդեն մեկնած էր լինում նկարելու»:
Աշխատանքի հանդեպ տանը իշխող այս խոր հարգանքը, անշուշտ, գալիս էր նախ և առաջ Վարպետից։

***
Գարնան այդ օրը տխուր էր: Գիշերը ձյուն էր եկել: Վարպետի այգու ծառերի ծաղիկները ձյան տակ էին մնացել: Շվարած կանգնած էր սենյակի մեջտեղում: Քիչ անց բարձրաձայն խոսելով՝ աշխույժ ներս մտավ տիկին Լուսիկը.
­ Մարտիրո´ս, ասում են, եթե ծառերի տակ ծխացող փայտեր դնենք, ծաղկած ծառերը կփրկենք:
Սարյանը ցածր ու հուսահատ ձայնով ասաց.
­ Որտեղի՞ց փայտ:
Տիկին Լուսիկը պատասխանեց.
­ Այգում լիքը ճյուղեր կան:
Վարպետը նույն հուսահատ տոնով ասաց.
­ Ո՞վ պիտի վառի:
Տիկին Լուսիկը իրենց այգեպանի անունը տվեց:
Վարպետն այլևս ձայն չհանեց. Լուռ կանգնած էր:

***
Այդ օրը Վարպետի տանը աշխուժություն էր. հյուրեր կային: Սարյանը վերջերս էր վերադարձել Մոսկվայից, որտեղ իր ցուցահանդեսն էր բացվել: Տնեցիներից մեկը քիչ հետո Վարպետին մեկնեց մի ծրար՝ մեջը լուսանկարներ: Սարյանը հատ­հատ զննում էր լուսանկարները: Ես կողքից նայում էի: Ահա ցուցահանդեսի բացման արարողությունը. լուսանկարում մեծ թվով մարդիկ են: Մի այլ նկարում Վարպետն է Անաստաս Միկոյանի հետ: Մի երրորդում՝ ինքը և Հովհաննես Բաղրամյանը՝ մի մեծ խմբի մեջ: Վարպետը երկար նայում էր լուսանկարները, հետո ասաց.
­ Ի՜նչ վտանգավոր բան է լուսանկարը: Բոլորը գիտեն, որ այդ պահին ես այդտեղ եմ եղել:
Տան աշխույժը շարունակվում էր:
Ի դեպ, Ղազարոս Սարյանը ոգևորությամբ մի պատմություն էր պատմում՝ կապված այս ցուցահանդեսի հետ: Այցելուներից մեկը տպավորությունների մատյանում գրած է եղել. «Իմ երեխան էլ կարող է այսպես նկարել»: Մեկ ուրիշն այս գրության տակ ավելացրել էր. «Ուրեմն, ձեր երեխան հանճար է»:

***
Ղազարոս Սարյանն իր ծննդյան 50-ամյակն է նշում: Տանը մեծ թվով հյուրեր կան: Սեղանները՝ առատ: Ես ու կինս ևս հրավիրվածների մեջ ենք: Կինս հղի էր, և դա նկատելի էր: Մենք իրար կողք նստեցինք: Տեսնելով կնոջս գեղեցիկ հղիությունը՝ Վարպետը եկավ ու լուռ նստեց նրա կողքը: Քիչ հետո, երբ սենյակ մտավ Վարպետի կինը, Սարյանը բարձրաձայն ասաց.
­ Լուսի´կ, չե՞ս խանդում:
Կինս շիկնեց:

***
Այս ընտանիքում մշտական համերաշխության ոգին էր իշխում: Այստեղ տիրող փոխըմբռնման մթնոլորտը խոր հարգանք էր ներշնչում տան յուրաքանչյուր անդամի նկատմամբ: Սարյանների տունը, իրավամբ, կարելի էր կոչել սուրբ օջախ: Եվ այս տունը քանի՜- քանի տարի հոգևոր կենտրոն եղավ բոլոր նրանց համար, ովքեր այցելում էին Սարյաններին:
Պիտի ուզենայի այս այցելուների շարքում առանձնացնել իմ երկու լավ բարեկամներին, ովքեր այսօր, ավա՜ղ, այն աշխարհում են, բանաստեղծ Լյուդվիգ Դուրյանին ու գեղանկարիչ Սեյրան Խաթլամաջյանին: Վարպետն այս երկուսին իր տուն էր ընդունում իբրև համերկրացիների (երեքն էլ Նոր Նախիջևանի հայերից էին): Իմ երկու բարեկամները հպարտությամբ էին նշում այս փաստը:
Հայտնի բան է, որ նահապետական այս տուն այցելում էին նաև աշխարհի մեծամեծ իշխանավորներ, նշանավոր արվեստագետներ, գիտնականներ, ովքեր հյուրընկալվում էին մեր երկրում:

***
Տան երեք մեծերը՝ Սարյանը, տիկին Լուսիկը, Վարպետի քույրը՝ Կատյա հորաքույրը, և ես նստած ենք սենյակում: Լուռ են բոլորը, լուռ եմ և ես: Հետո մտածեցի մի երկու հարց տամ, այս հանդիպման հետ կապված հիշելու բան կունենամ: Դիմելով Սարյանին՝ հարցրեցի.
­ Վարպե´տ, կիրառական նկարչություն չե՞ք արել: Պիկասոն մեծ թվով կենցաղային իրերի՝ ափսեների, կժերի, ծաղկամանների նկարազարդումներ ունի:
Երեքն էլ շարունակում էին լռել: Եվ ապա Կատյա հորաքույրն ասաց.
­ Միայն քսան այսինչ թվին լուցկու տուփի պիտակ է նկարել:
Դարձյալ լռություն, և հետո հորաքույր Կատյան շարունակեց.
­ Եվ, առհասարակ, այն հրդեհից հետոՄարտիրոսը շա՜տ ծուլացավ:
Ես ցնցված էի. անսպասելիորեն մի ահռելի իրականություն բացվեց՝ իր ողջ մերկությամբ: Մտածում էի. «Ահա թե ինչպես էին այս տանը իրենց լռության մեջ տանում մեծագույն կորուստը՝ Վարպետի լավագույն նկարների մեծ շարքի այրվելը Փարիզից Երևան ուղարկելու ճանապարհին»: Իսկ Սարյանի ծուլության մասին արտահայտությունը պետք էր ընդունել ոչ բացարձակ իմաստով: Ուրեմն, հրդեհը ոչ միայն սարյանական հրաշք նկարներն էր տարել (Փարիզում վրձնած), այլ նաև մի նկատելի բաժին մեծ գեղանկարչի անասելի եռանդից ու բեղմնավորությունից:

***
Այդ օրը Սարյանների տանն անհանգիստ մթնոլորտ էր. ընտանիքի անդամները սենյակից սենյակ էին անցնում, նկարներ տեղափոխում… Վարպետն ասաց. «Ամենակարևորները տարեք»: Քիչ հետո պարզ դարձավ, որ հյուրեր են գալու, Լոնդոնից են: Ինչ­որ նշանավոր պատկերասրահի ներկայացուցիչներ: Ընկալումս այնպիսին էր, թե տան ավագները հասկանում էին՝ ինչ է տեղի ունենում, որին ես անտեղյակ եմ: Լավագույն նկարները պետք էր փրկե՞լ… Ինչո՞ւ… Ումի՞ց…
Արդյոք սա կապ ունե՞ր իր քառասունից ավելի կտավները ոչնչացրած հրդեհից մնացած դառը զգացողության հետ:

***
Տանից պիտի դուրս գային Վարպետը, տիկին Գալյան (Ղազարոս Սարյանի առաջին կինը): Եվ այնպես էր որոշված, որ ես նրանց հետ պիտի լինեի: Չգիտեի՝ ուրենք գնում, և ինչու ես իրենց հետ պետք է լինեմ: Ճանապարհին մի կարճ զրույց եղավ, որ տպավորվել է իմ մեջ: Արդեն փողոցում էինք, երբ հրշեջ մեքենաների չարագուշակ սուլոց լսվեց: Ի պատասխան ինչի՝ ես սրամտեցի.
­ Երևի ինչ­որ տեղ հրդեհ է հանգել:
Վարպետը կանգնեց: Մենք էլ կանգնեցինք: Նայեց ձայնի ուղղությամբ ու ասաց.
­ Չգիտեն՝ հրդեհը երբ պիտի լինի… Սպասում են, հետո էլի են սպասում, որ սպասում են՝ հոգնում են, այդ ժամանակ գնում են տուն հանգստանալու: Հակառակի պես հենց այդ ժամանակ էլ հրդեհն է լինում:
Իմ սրամտությունը մանրամասնելու և դրա հիմքի վրա մի փառավոր սրամտություն ստեղծելու անմիջականությունը հիացնող էր:
Մենք, կարծեմ, իրար լավ հասկացանք ու շարունակեցինք քայլել:
Տիկին Գալյան լուռ էր: Կարճ մի ճանապարհ անցնելուց հետո հայտնվեցինք Արվեստի աշխատողների տանը: Ներսում մեծ բազմություն կար, և մեզ դիմավորողն ինձ անծանոթ մեկն էր: Քիչ հետո պարզվեց, որ այդ անծանոթը Սերգեյ Փարաջանովն էր: Ուրեմն, եկել էինք մասնակցելու Փարաջանովի հետ Երևանում առաջին հանդիպմանը: Ավելորդ չի լինի ասել, որ աշխարհահռչակ կինոռեժիսորը երկար ժամանակ կարծում էր, թե ես Սարյանների ընտանիքից եմ, քանի որ այդպիսին էր եղել իր առաջին տպավորությունը:
Շուտով պարզվեցին երեկոյի հետ կապված որոշ մանրամասեր: Աշխարհով մեկ աղմուկ հանած իր «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը ցուցադրվել էր Երևանի կինոթատրոններում և մեր հանրության ուշադրությանը բոլորովին չէր արժանացել: Հիմա ինքն է եկել, որ այդ սխալն ուղղի: Դահլիճում են մեր մշակույթի մեծամեծները, առաջին կարգում Վարպետն ու տիկին Գալյան էին նստած: Այդ օրը Փարաջանովը պատմեց, որ պատրաստվում է նկարահանել «Նռան գույնը» ֆիլմը: Իր պահվածքը, ըստ էության, «մեկ դերասանի թատրոն» էր, որտեղ խոսքն ուղեկցվում էր բազմանշանակ դադարներով, մարմնի, ձեռքերի պլաստիկ շարժումները պատմվող նյութն էին, կարծես, փորձում ներկայացնել: Նոր ծնվելիք ֆիլմի այս տեսակ մի հայտ: Սրահը, կարելի է ասել, հիպնոսացած էր: (Հետագայում տեսա, որ հենց այս շարժումներն են ընդօրինակել «Նռան գույնում» նկարահանված դերասանները):
Նայում էի Վարպետին ու տեսնում, որ այս ամբողջն իրեն շատ է գրավել:
Սարյան­Փարաջանով այս առաջին հանդիպումն, անշուշտ, շարունակություն ունեցավ, եղան նոր հանդիպումներ տարբեր առիթներով… Բայց այս ամբողջի մեջ ինձ համար ամենաակնառուն եղավ այն եզակի գնահատականը, որ Մարտիրոս Սարյանը հետագայում տվեց «Նռան գույնին»: Եվ դա այն դեպքում, երբ քննադատական ձայներ էին լսվում ֆիլմի հասցեին թե´ կառավարական վերևներից, թե´ կինոարվեստից գլուխ չհանող ներքևներից: Այդ օրերին մամուլում հայտնվեց Վարպետի բարձր կարծիքը «Նռան գույնի» մասին, և նրա այդ խոսքը շատ կարևոր դեր խաղաց Փարաջանովին հարձակվողներից պաշտպանելու առումով:

***
Առհասարակ, Վարպետը գիտեր լռել: Տևական լռության միջից իր բերանից հնչած մի քանի բառն այնքա՜ն խորք ու իմաստ ունեին: Ամենապարզ միտքն անգամ իմաստունի խոսք էր դառնում: Չգիտեմ որ երկրից Երևան եկած մի նկարիչ շատ էր ուզում, որ Սարյանն իր նկարները նայեր: Վերջապես Վարպետը գնացել էր, նայել նրա նկարներն ու տուն վերադարձել: Չգիտեմ տնեցիներից ով էր, հարցրեց՝ ինչպիսի՞ նկարներ էին, ի՞նչ տեսակ նկարիչ էր:
Կարճ ու կտրուկ պատասխանեց.
-Շա՛տ վատ… Մի բանկետ էլ չարեցին, այդ բոլորը մոռանայինք:- Թաքուն հեգնանքով ակնարկում էր խորհրդային ամեն տեսակի համաժողովներն ու այլևայլ պլենում-համագումարները, որոնցում մեծ-մեծ ճառեր էին հնչում, և դրանց հաջորդող կերուխումները, որոնց ժամանակ մարդկային պարզ խոսք ու զրույց էր ծավալվում, և իսպառ մոռացվում էր քիչ առաջվա խոսքային ճարճատյունը դահլիճում:
ս… Հրաշալի գիտեր մեր ժողովրդի պատմության խորքերից եկած հոգսերը, կորուստները, նաև ձեռքբերումները, կուտակած հոգևոր մեծ արժեքները: Գիտեր նաև մեր խորհրդային իրականության խոցելի կողմերը: Մտահոգ էր Արցախի անարդար ճակատագրով: (Պատմում էին, որ երբ իրեն այցելած Վիկտոր Համբարձումյանի հետ առանձնանում էին, իրենց արծարծած թեմաների մեջ մշտապես տեղ էր ունենում նաև Արցախի հարցը): Գիտեր մեզանում գոյություն ունեցող ռուսական դպրոցների տված կռիվը հայոց լեզվի դեմ (փողոցում տեսել է իր շան հետ ռուսերեն խոսող մի հայուհու և հարցրել. «Ձեր շունը հայերեն չի՞ հասկանում»): Այո, այս ամբողջը լավ գիտեր: Սակայն հրապարակային ելույթներում իր խոսքն առավելաբար նահապետին վայել քաջալերանքի, հուսադրանքի, ժողովրդի ունեցածը պահելու, զարգացնելու բովանդակություն ու շեշտադրություն ուներ:
Նշանակալի կամ տոնական օրերին թերթերում տպագրված նրա ամենափոքր խոսքն անգամ տվյալ իրադարձության խորհուրդին առանձին հանդիսավորության ու արժևորման նոր շերտ էր բերում: Այդ խոսքը լինում էր միշտ ժամանակին ու սպասված: Սակայն քաջալերանքի, հուսադրության խոսքը միայն գրավոր չէր լինում:
Երբեմն այցելում էր Նկարիչների միության ցուցասրահում բացված կոլեկտիվ ցուցահանդեսները, բայց եթե երիտասարդ նկարիչների աշխատանքների ցուցահանդես էր, կարևորություն էր տալիս իր այցելությանը և անպայման ներկա էր լինում: Հենց մուտքից, առաջին իսկ նկարը դիտելիս իր շուրջն էին հավաքվում բազմաթիվ երիտասարդներ: Եվ Վարպետն ու իրեն շրջապատած սկսնակ նկարիչները մեղվի պարսի պես մի նկարից մյուսն էին շարժվում: Ուշադիր նայում էր ամեն մի նկար: Գրեթե չէր խոսում, միայն նայում էր:
Մի այդպիսի ցուցահանդեսի բացմանը ներկա եղա 3-4 տարեկան տղայիս՝ Եղիայի հետ: Տղաս շատ շարժուն էր: Մի նկարից մյուս նկարի մոտ անցնելիս միշտ Վարպետի առաջ էր կանգնում և ուղիղ նրա դեմքին նայում: Հերթական նկարին մոտենալիս Վարպետը նկատեց անծանոթ փոքրիկին ու հարցրեց նրան.
­ Հայրիկի նկարը ո՞ւր է:­ Մտածել էր, թե նկարիչներից մեկի երեխան է:
Տղաս անակնկալի եկավ ու շտապ պատասխանեց.
­ Չկա:
Վարպետը շարունակեց.
­ Հայրիկին կասես, թող շատ չմտածի, մի նկար վերցնի բերի, լավ կլինի:
Տղաս գլխով համաձայնության նշան արեց: Վարպետը մի մեծ խումբ ետևից տանելով՝ անցավ հաջորդ նկարը դիտելուն:

***
Վարպետի մահից հետո իր տան դռան կողքն աճող թզենին սկսեց չորանալ: Ղազարոս Սարյանը, իր խոսքին միստիկ երանգ տալով, ցածրաձայն ասում էր. «Թզենու չորանալը հայրիկի մահանալու հետ է կապված: Մեծ ջանքեր գործադրեցինք, որ ծառը կենդանի մնա»:
… Ընտանիքի ավագների մյուս աշխարհ գնալուց հետո այդ տանն ապրում էին Ղազարոս Սարյանը, նրա երկրորդ կինը, զավակները: Թեև ընտանիքի մեծերը չկային, բայց տունը դեռ լեցուն էր: Հետո ծնողների ետևից գնաց Ղազարոս Սարյանը: Եղավ մի շրջան, որ ես այցելում էի իմ ուսուցչի այրուն՝ իմ լավ բարեկամ երաժշտագետ Արաքսի Սարյանին: Նա ևս գնաց…
Երբեմն ինձ համակում է այն օրերի հիշողություններին վերադառնալու կարոտը: Քայլում եմ դեպի Սարյան փողոց, անցնում Վարպետի տուն-թանգարանի առջևով ու վերադառնում տուն…
Մի նոր ուրախություն ապրեցի այն օրը, երբ շքեղորեն վերանորոգված Սարյանի տուն-թանգարանը նորից իր դռները բացեց այցելուների առաջ…

Գրի առավ Հովհաննես ԱՅՎԱԶՅԱՆԸ

Share Button

1 Կարծիք

  • Artin Potourlian says:

    Սիրելի Տիգրան,

    Շատ շնորհակալ եմ: Ինչ՞ մեծ և պարտավորեցնող պատիվ. գտնվել Սարյանի հարկի տակ կող կողքի հայ ականավոր արվեստագետների հետ:

    Յարութիւն (Արթին) Փոթուրլեան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *