Սամվել Խալաթյան | Սեր, ջազ, քահանա

(Մոնոդրամա)

Գործողությունը կատարվում է բազմահարկ շենքի 2-րդ հարկի պատշգամբում:
Պատուհանաշարքը ձախակողմում է, որից երևում է դիմացի բարձրահարկ շենքը՝ հասկացնել տալով, որ սենյակը բակահայաց է:
Սեղան, երկու աթոռ, դիմացի պատին՝ ակվարիումային ձկների շրջանակված լուսանկարներ: Աջից՝ խոհանոց և հյուրասենյակ տանող երևակայական դռներն են, որոնց միջհատվածում՝ ենթադրելի հայելի:
Հերոսուհին՝ Նազիկը, միայնակ ապրող կնոջ անկաշկանդ պահվածք ունի, ու թեև տնային խալաթի ոչ բոլոր կոճակներն են կոճկված և ինքն էլ չի ջանում հավաք լինել, այնուամենայնիվ, չափից դուրս էրոտիկ տեսք չպետք է ունենա:
Դերակատարը երբեք չի հաղորդակցվում հանդիսատեսի հետ, նրա զրուցակիցն ու հանդիսատեսն իր սենյակն է, ձկների նկարները, հեռախոսով՝ ընկերուհին, երևակայական մեկը կամ հենց՝ ինքը:

Արևոտ առավոտ է: Սեղանի վրայի դյուրակիր ձայնարկիչից ջազային մեղմ երաժշտություն է հնչում: Բաց պատուհանից փչող հովը ծածանում է թափանցիկ վարագույրը:
Դրսից լսվում է կատվի մլավոց ու նույն պահին՝ շառաչալից, բարձր ու տհաճ շրխկոց:
Նազիկը նյարդայնացած ներս է խուժում:

Նազիկ – (լուսամուտից կախվելով՝ դեպի վեր): Հերիք եղավ, էլի՛… Սա բնակելի շենք է՞, թե՞ ռումբ պայթեցնելու պոլիգոն: Կատուներիդ տար ձեր տանը կերակրիր, անշնորհք: Վերևից միսը գցում ես գարաժի տանիքին, թե՝ կատու ե՞ս կերակրում: Խղճում ե՞ս: Մեկը լինի քեզ կերակրի, անկնիկ լոպպազ… (Ներս քաշվելով): Սպանեցին, թողին: Էդ անտեր գարաժն էլ բերին բակում սարքեցին՝ քիչ է, թիթեղով տանիքապատեցին: Մարդ լեղաճաք է լինում (Անջատում է ձայնարկիչը, կրկին՝ դուրս մեկնվում): Գոնե էս անտեր գարաժի տանիքի ժեշտը փոխեք: Մի անգամ կլինի, երկու, երե՛ք…Հո ձեր գերին չե՞նք: Ամբողջ օրը պատուհանի տակ, կամ մլավոց է, կամ՝ ռմբակոծություն (ներս է քաշվում, փլվում աթոռին, փչելով հեռացնում աչքին կախված մազափունջը): Կնիկ չունենալուց է: Հաստատ: Ես մի տեղ կարդացել եմ: Տղամարդիկ, որ կնիկ չեն ունենում՝ արյունը գլխներովն է տալիս, սերը գցում են շանը, կատվին, կամ հարբեցողությամբ են զբաղվում (դեպի առաստաղ): Ի՜իհ, քեզ տղամարդ ասողի… Գոնե հարբեցող դառնայիր… «Կատուների պաշտպանության ասոցիացիայի անդամ եմ»: (առաստաղին): Ասոցացիադ էլ սատկի, կատուներդ էլ… Աղջի ջան, բա սա երկիր է՞, սրտային դառանք: Ում խելքին ինչ փչում է՝ անում է: Քաղաքապետարանին նամակ գրեցի. «Թափառող շների վերացնում եք, բարի եղեք անտեր կատուներին էլ վերացնել»: Մի կապույտ փողկապավոր եկել, ասում է. «Իբր մեր փամփուշտները հերիքում են շներին ոչնչացնե՞նք, հիմի էլ՝ կատուներին գնդակահարե՞նք…»: Այ էնենց գնդակահարվեք, որ ես իմանամ, անփամփուշտ անամոթներ: Տելեվիզորը միացնում ես՝ մեկդ մեկիդ ամեն օր գյուլլում եք: Ձեր համար փամփուշտ ունեք, շների ու կատուների համար՝ ո՞չ… Վա՞յ, սուրճս թափվեց… (շտապում է խոհանոց, վերադառնում՝ սուրճի բաժակով, նստում, միացնում է ձայնարկիչը, սկսում՝ սրճել): Մարդ է՞լ կատու սիրի: Մուննաթո՜վ, գարշահո՜տ, գիշատի՜չ… (աչքն ընկնում է պատի նկարներին, հուզվում է): Գուպպի ջա՜ն…գլուխդ կերավ էն գազանը (մոտենում, նկարը վերցնում, թևքով սրբում, համբուրում է): Բա որ ես իմանայի անմեղ նահատակ ես դառնալու, տուն կթողնեի՞ էն լիրբ Արուսին ու նրա անբարոյական կատվին (ափակողով սրբում է աչքին ծանրացած արցունքը): Եկան, մինչև խոհանոցում ես սուրճ կեփեի, արյունառուշտ գազանը թաթը մտցրել էր ակվարիումի մեջ… (նկարը հենում է ձայնարկիչին, դուրս է գնում, վերադառնում լուսանկարների ալբոմով): Քույրիկ-ախպերիկներիդ կարոտած կլինես, Գուպպի ջան: (Նստում, ի տես Գուպպիի նկարի թերթում է ալբոմը): Սա քո ամուսինն է, հիշում ե՞ս: Սա քո հարազատ քույրիկն է, որ մարդուդ հետ սիլի-բիլի էր անում կարմիր լոբելիայի սաղարթների տակ, դու էլ՝ (ծիծաղկոտ) խանդում էիր… Սա հարևանդ է՝ Դիսկուսը, մինչև հիմա խեցու մեջ է քնում: Սրան հաստատ կհիշես, Մոնդարինոկն է, տեսնում ե՞ս ոնց է մեծացե՜լ մեջքի գույներն ինչքան են սիրունացե՜լ (լսվում է կատվի մլավոց: Կատվի հասցեին): Գրո՜ղ… (Թերթում է ալբոմը): էս էլ մեր Կայսերական հրեշտակը (կատվի մլավոց): Ցա՜վ… Իսկ սա մեր Բարբուսիկն է, դու նրան ծանոթ չես Գուպպի ջան, քեզնից հետո է եկել մեր տուն (կատվի մլավոց: Նյարդային ելնում, գլուխը դուրս է բերում պատուհանից): Հա՛ֆ, հա՛ֆ, հա՛ֆ… Սատկեք՝ ձեզնից պրծնեմ (ետ քաշվելով փլվում է աթոռին): Աղջի ջան, գոնե դուք ձայն ունենայիք՝ ճիչ, բառաչ, մկկոց, ես ի՞նչ գիտեմ… հաչայիք դրանց վրա, պաշտպանեիք ինձ էդ չարքերից: Թե չէ, իմ հաչոցն՝ ի՞նչ, հասկացել են, որ շուն չեմ, իմունիտետ եմ ձեռք բերել (ալբոմը մի կողմ է հրում, փչում, հեռացնում է աչքերին իջած մազափունջը): Էլի նյարդերս խառնեցին, հիմի ճնշումս կբարձրանա: Գոնե կնիկ ունենար էդ կատվասերը, գնայի մարդավարի, կնիկավարի բացատրվեի հետը (դուրս է գնում, վերադառնում է փոքրիկ հայելիով, ունելիով): Փորձեցի հետը խոսել, բա չփորձեցի՞: Իսկի փողկապին չդրեց: (Հայելին տեղադրում է սեղանին, ունելիով կարգի է բերում հոնքերը, երբեմն կտրվում է գործից՝ Գուպպիին դիմելու համար): Ես իրեն ասում եմ. «Ձեր կողմից կերակրվող թափառող կատուների ամենօրյա միտինգն ու մլավոցը, 7-րդ հարկից նետած մսակտորների դրմբոցն ու պայթյունը ինձ հիվանդացրել, հիստերիկ են դարձրել», իսկ ինքն ի՞նչ ասի, որ լավ լինի (նմանակելով). «Նախ, ծանոթանանք, իմ անունը Ալբերտ է»: Ասում եմ. «Իմ անունն էլ՝ Նազիկ է: Ձեր կատուները…»: «Նազի՞կ… Օ՛, ինչ լավ անուն է, իմ պարսկական կատվի անունն էլ է Նազիկ: Նրան երևի տեսած կլինեք,- ասում է,- երեկոները միասին ենք զբոսնում»: Ասում եմ. «Լսեք, ընկեր ջան, մինչև ե՞րբ պիտի շարունակվի էս անտերությունը»: Ի՞նչ ասի, որ լավ լինի: Ասում է. «Ներեցեք, ձեզ տիկինով դիմե՞մ, թե՞…»: Ասում եմ. «Ես ամուսնացած չեմ: Ձեր կատուները…»: «Օ՛, մի՞թե դուք դեռ կյանքի ընկեր չունեք…»: Որ չպայթեմ, խորը շունչ քաշեցի, հենց իր նման ժպտացի (ծաղրալից ժպիտ է ստեղծում դեմքին) ու դեմուդեմ՝ երեսին ասի. «Իսկ որ դուք, Ա՜յլ-բե՛րտ, դեռ կյանքի ընկերուհի չունեք, միայն կատուների հետ եք զբոսնում, ես մի անգամ զարմացած կա՞մ… Կամ՝ իմ ի՞նչ զարմանալու բանն է՝ ընկերուհի ունե՞ք, թե՞ չունեք: Երջանկացե´ք ձեր կատուների հետ ինչքան կուզեք, բայց՝ ո՛չ իմ նյարդերի հաշվին…»: Ի՞նչ ասի, որ լավ լինի. «Կատուները, օրիորդ Նազիկ…» (զզվանքով սրսփում է): Էդ «Նազիկ»-ն էլ էնպիսի մի տոնով ասաց, ոնց որ՝ շոյելուց լիներ մորթիս: «…Կատուները, օրիորդ Նազիկ, նյարդերը հանգստացնելու հատկություն ունեն, իսկ երբ նրանց շոյում ես, իջնում է զարկերակային ճնշումդ: Դուք ճնշում չունե՞ք…»,- ինձ է հարցնում: (Ձեռքը մեկնելով առաստաղին):-Տո՛, քեզ ի՜նչ, ես ճնշում ունե՜մ-չունե՜մ… Կատուներիդ նվիրվել, իմ ճնշումն ե՞ս հարցնում: Ասում եմ. «Ա´յ ընկեր, հանուն համատեղության կանոնների պահպանման, դուք պարտավոր եք, այլ հոբբի ընտրել… Դրոշմանիշ հավաքեք, թեկուզ՝ կատվի նկարներով, հին մետաղադրամներ կամ կոճակներ, հերբարիում ստեղծեք, ծաղիկ աճեցրեք, գնացեք Մալխասի սրճարան՝ ջազ լսեք, ակվարիում պահեք, ձկները ոչ մլավում են, ոչ էլ տանիքից կերակրվում, ես ի՞նչ գիտեմ, Քիմ Քարդաշյանի ննջարանային լուսանկարները հավաքեք…»: Ի՞նչ ասի, որ լավ լինի. «Ես ջազ չեմ սիրում…» (դեպի առաստաղ՝ չանչ է անում ): Գրողս սիրես… (Հայելին, ունելին տանում, ետ է գալիս: Նմանակելով): «Կատուները, օրիորդ Նազիկ, մարդու կողմից ընտելացվել են դեռևս տասը հազար տարի առաջ և համարվում են աշխարհի ամենապոպուլյար ընտանի կենդանիները»: Դե արի, Նազիկ, էդ պոպուլյարին բան հասկացրու: «Իսկ դուք գիտե՞ք,- ասում է,- Միացյալ Նահանգների Վիսկոնսին նահանգի Շարոն քաղաքի պատվավոր քաղաքապետ և թալիսման է ընտրվել Ֆրեդդի անունով կատուն»… Էդտեղ՝ ես չդիմացա. «Չլինի՞ ընտրությունների եք պատրաստվում ու ձեր Նազիկին էլ ուզում եք քաղաքապետ ընտրել»: (Կատվի մլավոց: Դեպի պատուհանը չանչ անելով): Չո՜ռ, սատկես պրծնեմ… (Վճռական): Հալա սպասի, դուք իմ ջանին վայ տաք… (Գնում, վերադառնում է բջջային հեռախոսով): Թե ձեր հախից չեկա, անունս՝ կատու կդնեք (նստում, համար է հավաքում): Ալո, Անժելա, այ աղջի ջան, էս կատուները ինձ կերան, է՞… Ալբերտի կատուները… Ի՜նչ սատկել, ի՜նչ բան, տվածդ մկնդեղը լցրեցի մսի մեջ, շպրտեցի գարաժի վրա, ազիզը մեռածները հոտոտեցին ու չկերան… Քանի տարեկան ե՞ն… Ես ի՞նչ գիտեմ, Ալբերտը երեք տարի առաջ տուն առավ մեր շենքում ու դրանք հայտնվեցին… Ապրում են քսան տարի՞… Աղջի ջան, ուրեմն ես էդ կատուների հետ պիտի պառավե՞մ… Ի՞նչ… ինչ անե՞մ… Ալբերտին թույնե՞մ… Վայ, աղջի, լեզուդ ոնց պտտվեց: Չէ, ձեռքս վրա չի գնա (երազուն): Սիրո՜ւն, բոյո՜վ, աչքերից կրակ է թափվում… (սթափվելով): Չէ, չէ, Անժիկ ջան, ուրիշ բան մտածիր… Ճնշումս դեռ չեմ չափել, բայց հաստատ բարձրացած կլինի, առավոտից մլավում են: Դու իմ ասածի մասին մտածիր, ոչ թե՝ իմ առողջության: Եղավ, եղավ (անջատում է հեռախոսը, մի կողմ դնում, փչում, հեռացնում է աչքերին իջած մազափունջը: Հոգոցով): Ասում եմ, էլի… (Հեռախոսին): Ես կատու սպանող ե՞մ… Տվածդ մկնդեղը լցրեցի ունիտազի մեջ… Ջղայնացած էի, մի բան ասի, էդ ո՞ւր փեշերդ քշտած՝ մի ամբողջ ցելոֆան մկնդեղ բերիր… (կզակն ափին հենած մտորում է): Բադումաե՜շ, բոյո՜վ, սիրո՜ւն… իմ բոյին ի՞նչ է եղել (մոտենում, հայելու մեջ զննում է իրեն): Իմ տեսքի՜ն, իմ աչքերին ի՞նչ է եղել (ձեռքերը կարկառում է առաստաղին): Ի՜-ի´հ, ի´հ… Ալբերտ տղա, քեզ տղամարդ ասողին… (շառաչուն շրխկոցից ցնցվում, ափերով բռնում է գլուխը): Ես կխելագարվե՜մ… (քարացած մնում է, ապա ձեռքերը դանդաղ իջեցնելով՝ դավադիր ժպտում): Սպասի՜ր, սպասի՜ր… Ջազ չես սիրում, հա՞ա՜… ջազ չես սիրում… (փութկոտ դուրս է գնում, վերադառնում խտասալիկներով): Ջազ չի սիրում իմ կատվասեր հարևանը (խտասալիկ է ընտրում): Էս՝ հեչ… Սա էլ չի, սա էլ չի… Սա´ է (ձայնարկիչից նախորդը հանելով՝ դա է տեղադրում): Նո´ւ, պագադի, Ա՜յլ-բերդ… (Միացնում է: Հնչում է ջազային փոթորկուն պարային երաժշտություն: Ձայնը խլացուցիչ բարձրացնում, դեպի առաստաղ ջիջիլ գցելով սկսում է եռանդուն պարել՝ վայելք ստանալով թե՛ պարելուց, և թե՛ հարևանին նյարդայնացնելու իր գյուտից: Պարելով, մեկընդմերթ, մոտենում է լուսամուտին, գլուխը դուրս հանելով դեպի վերին հարկ է նայում: Հերթական անգամ ետ քաշվելիս, բակին հայացք գցելով՝ հուսախաբ քարանում, թուլանում, ձեռքը մեկնում, անջատում է ձայնարկիչը: Կոտրված փլվում է աթոռին: Վշտալից): Նազիկի հետ զբոսանքի է դուրս եկել… (քիթը վեր-վեր է քաշում, ապա չկարողանալով իրեն զսպել՝ սնքրտում, բարձրաձայն, անտերունչ արտասվում է: Խաղաղվում, ափերով սրբում է արցունքները, փեշի ծոպը բոնում, գլխահակ ծալմլում է): Բա դու արժանի ե՞ս, որ ես քո ետևից լաց լինեմ… (Կարճ դադար): Լուսահոգի տատս ասում էր՝ Նազիկ, տղամարդիկ տուզիկ շուն են, ո´չ կշտացրու, ոչ էլ՝ սոված թող, երեսները կթեքեն, կհեռանան: Մի կտոր գցի ու թող հետևիցդ հա՜ վազ տա… (Ուսը թոթովելով): Ջահել ժամանակս, որ չկարողացա, հիմի ո՞նց անեմ… Ինչ կտոր գցեմ էդ կատվամոլին… (Տխրամած): Մի բան ասեմ, Գուպպի ջան, ոչ մեկի չասես… Ախր… ախր, ես նրան սիրում եմ… Կյանքում ոչ մեկի չեմ սիրել, բայց նրան սիրում եմ… Կլինեն մարդիկ, կմտածեն, թե տարիքս առել եմ, ազատ, ազապ տղամարդ եմ գտել, սեր եմ ձևացնում: Չէ, էդպես չի, Գուպպի ջան, Աստված է վկա, որ էդպես չի: Ինձ համար գլուխս կախ ապրում էի: Մտածում էի՝ սեր ասածդ ջահելների խաղ է, անցողիկ զվարճություն, տարիքի մոդա: Այնինչ, էդպես չի: Թե որտեղի՞ց եկավ ու ինձ կպավ էդ անտերը… ուշք ու միտքս իրենով արավ… Հենց առաջին օրը, երբ մեր շենքում տուն առավ, կահույքն էին բարձրացնում, նրան տեսա ու կախարդվեցի… Հիմա դեռ ոչինչ, սովորել եմ: Առաջին օրերին խելքս իմը չէր, աշխատանքի էլ չէի գնում, ժամերով նստում էի լուսամուտի մոտ, որ գոնե մի անգամ տեսնեմ… Բացի բարև-բարլուսից ոչ մի խոսք չի փոխանակում: Ես էլ, ախր, խոսացնելու ձևեր չգիտեմ, հո չե՞մ գնա դեմը կանգնեմ ու ասեմ՝ ես քեզ սիրում եմ, դու էլ ինձ սիրի… Աղջիկներ կան, որ օրը մեկին ֆռացնում են… (Ուսերը վեր քաշելով): Թե էդ ո՞նց են անո՜ւմ, ի՜նչ սամթ են բանեցնում… (Մի պահ մտքերի մեջ է ընկնում): Թե միայնակ տղամարդկանց ինչո՞ւ են բնակարան տալիս, չեմ հասկանում… Արգելել է պետք: Հաստատ: Ինչքան էլ լվանան, արդուկեն, կնոջ պես կարող ե՞ն գործ անել… Հագնվա՜ծ, զուգված էլ դուրս է գալիս տանից: Տեսեք-տեսեք…Գրկածդ մուկ բռնող կատու չի՞… Մի օր էլ, խանութից դուրս եկա՝ մեկի հետ կանգնած էր: Երևի հին ծանոթուհի էր, որ ժպտալով էին զրուցում: Ծանոթուհին էլ՝ ծանոթուհի լինե՜ր… Ոնց որ զոլավոր գուլպա հագած բահի կոթ: (Ցուցամատը լեզվին կպցնում, տնկում է): Չո՛փ: Բայց էն ո՜նց էր կոտրատվո՜ւմ, ծեքծեքվո՜ւմ… Մեկ ասի՝ կողքով անցնելիս, իբր պատահաբար, ցելոֆանե տոպրակով դրա չոր կողերին բամփե՜մ, մեկ էլ՝ որոշեցի արհամարհել՝ երկուսին էլ: Ա´յ, էսպես (ոտքի կանգնելով ցուցադրում է), իմ արքայական քայլվածքով, առաջ գնացի ու արհամարհական կողքներով անցա: Բերանները բաց մնաց (նստում է աթոռին, նկատում է կարմրած ծունկը): Էս որտե՞ղ եմ խփել, որ կարմրել է (մատները լեզվով թրջում, մերսում է ծունկը, սուրճի գավաթից վերջին կումն անելով՝ բաժակը ետ է տանում, վերադառնում է փշրանք հավաքող փոքր խոզանակով, փոշի սրբելու լաթով, սկսում է մաքրել պատուհանագոգը, սեղանը, աթոռների թիկնակները): Ախր, որ նոր էր եկել մեր շենքը, ինձ թվաց, թե ջահել, նորավարտ տղա է: Ինքս ինձ մեղադրում էի, ինքս ինձ հետ կռիվ անում… Աղջի, ջան, ասում էի, համարյա քու կես տարիքին է, ի՞նչ ես հայիլ-մայիլ եղած նրա ամեն քայլին հետևում… Մի օր էլ, ընտրությունների ժամանակ, մեր դռան զանգը տվին, թե՝ հրավերք ենք բերել, որ գաք ընտրությունների: Ու հարցնում են. «Ձեր յոթերորդ հարկի տղամարդուն ճանաչում ե՞ք»: (Նստում, փոխում է խտասալիկը՝ մեղմ ջազ է միացնում): Ասի. «Չեմ ճանաչում»: Ասում են. «40 տարեկան հասուն մարդ է, բայց հրաժարվում է ընտրության գալ», ասել է՝ ես ապոլիտիկ եմ, ոչ մի ընտրության չեմ մասնակցում: «Ի՞նչ 40,- ասում եմ,- ջահել տղա է»: Սրանք ցուցակները նայեցին, թե՝ չէ, հաստատ 40 է: (Ծնկին խփելով): Հո՜ղն իմ գլխին, ինձնից հինգ տարով էլ մեծ է… (Սթափվում է): Աղջի՞… Ես էլ ասում եմ, ինչո՞ւ է ծունկս կարմրում… (ձեռքը առաստաղին մեկնելով): Ի՜-ի´հ, սրա պատճառով որտեղ ասես չի կարմրի (շարունակում է փոշիները սրբել): Հանգստյան օրս էլ հարամեց: Իմանայի, կատվի հետ զբոսանքի է գնալու՝ ես էլ դուրս կգայի (թեքվում՝ լուսամուտից դուրս է նայում): Չկա, չի երևում: Ծննդյան թվով էլ վագր է մեր կատվազգին: Մե՜ծ բան: Ես էլ՝ ցուլ եմ, արի տեսնենք՝ ո՞ր մեկս ենք ուժեղ, ֆլեգմատիկի մեկը: Հա՛, հա՛. տիպիկ ֆլեգմատիկ է: Դրա պատճառով հոգեբան էլ դարձա: Հատուկ ուսումնասիրեցի: Ինքը ֆլեգմատիկ է, ես՝ սանգվինիկ: (Ինքնահավան): Աչքի եմ ընկնում բարձր ակտիվությամբ, վառ արտահայտված դիմախաղով և ակտիվ շարժումներով: Եռանդուն, աշխատասեր, ինքնուրույն… (Հեգնոտ): Բա, չէ՝ ֆլեգմատիկ: (Ձեռ առնելով): Գիտե՞ս ինչ էր գրված. «Նրան դժվար է հավասարակշռությունից հանել, բավականին զուսպ է, դանդաղաշարժ, արտակարգ իրավիճակներում դժվար է կայացնում ճիշտ որոշումներ»: (Դարձյալ բակին հայացք գցելով): Երևում է, էլի՜, երեք տարի է հարևանս է, մի ճիշտ որոշում չկայացրեց… 3 անգամ 365-ն ի՞նչ է անում (մտքում հաշվում է): Հազա՜ր իննսունհինգ… (Ձեռքերը կանթելով): Բա չամուսնացած, հասուն տղամարդը, չամուսնացած գեղեցկուհի կնոջը, 1095 օր շարունակ, առավոտյան բարի լույս ասի, երեկոյան՝ բարի երեկո, մեկ-մեկ էլ՝ բարի գիշեր, ու մի ճիշտ որոշում չկարողանա՞ կայացնել… Անունն էլ՝ Ալբերտ: Հին գերմանական անուն է, որ նշանակում է վա՜ռ, վեհա՜նձն, պայծա՜ռ… Թե քո ի՞նչն է պայծառ: Նազելի Նազիկին էլ չի նկատում… (նստում է): Տերտերի մոտ էլ գնացի: Հա՛, գնացի Գուպպի ջան: Ասի. «Տեր հայր ջան, եկել եմ մոտդ, սիտս բացեմ, մի խորհուրդ տաս»: Ձեռքը դրեց գլխիս, ասում է (նմանակելով)՝ «Մի՜ ալեկոծվիր, աղջիկս, հիմա խոստովանության կարգ կկատարեմ: Կթվարկեմ աշխարհիկ բոլոր մեղքերը, իսկ դու ամեն անգամ կասես՝ «Մեղա, Աստծո», և հոգիդ կխաղաղվի»: Ա´յ վա՜յ իմ հալին, որ գոնե մի անգամ մեղք գործած լինեի: Ասում եմ՝ այ Տեր հայր ջան, ի՜նչ մեղք, ի՜նչ բան, ինձ մինչև վերջ լսիր: Էլի՝ իրենն է պնդում. «Այն օրից,- ասում է,- երբ Եվան խնձորը տվեց Ադամին, մենք բոլորս մեղավոր ենք ծնվում»: Էդտեղ՝ չհամբերեցի, ասի՝ «Ա´յ Տեր հայր ջան, ի՞նչ կապ ունի Ադամը, իմ հարցը Ալբերտի հետ է: Նրան մի խնձոր չէ, կիլոներով էլ դեմը խնձոր դնես՝ էլի մեղք գործողը չի, խնձորը թողած՝ ձեռքը կատվին կմեկնի»: Լսե՜ց, լսեց ու՝ ի՞նչ ասի, որ լավ լինի. «Աղջիկս,- ասում է,- այն հանգամանքը, որ նրա կատվի անունը Նազիկ է, արդեն իսկ՝ կանխանշան է»: Է´, հա ՜, ասում եմ, էդ ես ու դու իմացանք, որ կանխանշան է, բա՝ ինքը՞… Մտքով էլ չի անցնում, որ կանխանշան է (կատվի մլավոցից, ցնցվում է): Վա՞յ, Ալբերտը եկավ… Էդ ազիզամեռը ճանաչեց ու ողջունում է իրեն կերակրողին (մոտենալով պատուհանին, վարագույրի եզրից գաղտնի հետևում է բակին): Միսն առած՝ գալիս է… (կատվի մլավոց): Հալա՝ տե´ս, տե´ս, ոնց է կատվին ժպտում, մեղր է թափում աչքերից (մլավոց, շրխկոցի ձայն, որից ցնցվում է): Միս շպրտեց… (վարագույրով քողարկվելով, դեպի բակը՝ ճշտորեն նմանակում է): Միաո՜ւ… (Հրճվագին): Ինձ է փնտրում… Միաո՜ւ… Վա´յ, աղջի, շփոթված չորս կողմն է նայում: Քեզ տեղն է պայծառ-վեհանձն, դե գտիր, գտիր, թե՝ կարող ես: Միաո՜ւ… (հազիվ է զսպում ծիծաղը): Բակի կարդոններն է դես ու դեն տալիս, փնտրում է… Ի՜, քո ֆլեգմատիկ ինչն եմ ասել, դե ճիշտ որոշում կայացրու, է՞… (փուշը կոտրած՝ փլվում է աթոռին): Չկայացրեց… տուն գնաց… (փչում, հեռացնում է կախ ընկած մազափունջը): Ի՞նչ էի ասում… հա, տերտերը: Մի օր էլի գնացի, տիրացուն ասաց՝ Տեր հայրն իր խցում նստած է: Ներս մտա, տեսնեմ՝ նոութբուքը բացել, «Как понравится мужчине» հոդվածն է կարդում: Ասի՝ Տեր հայր, ես քեզ խնդրել եմ Աստծո հետ կապվես, դու ինտերնետ կապ ե՞ս մտնում… Ասում է՝ «Այդուամենայնիվ, աղջիկս, ես հայտնաբերեցի, որ դու պետք է նախ նրա ուշադրությունը գրավես, այնուհետև՝ նրա հետաքրքրությունը պիտի շարժես քո նկատմամբ»: Անկրկնելի բան է, ասի, հրաշք պիտի լինի, Սիամական կատու պիտի դառնամ, որ նրա հետաքրքրությունը շարժեմ… Ասում է՝ «Օրհնյալ, անկարելի բան չկա, համբերատարորեն այնպես վարվիր, որ հետաքրքրվի քեզնով, ապաև՝ կգործես ըստ այդմ»: Յանըմ ի՞նչ՝ ըստ այդմ: Ասում է՝ «Ժամանակն ընտրել և պահը չկորցնել»: Մի բան հասկացա՞ք… «Ժամանակն ընտրել»… Ընտրելու ժամանակ մնա՞ց, մի շաբաթից երեսունհինգս լրանում է: Ասում է՝ «Հաճախակի եկեղեցի այցելիր և աղոթիր, հնարը կգտնես»: Ճարս՝ ի՞նչ, սկսեցի ամեն կիրակի եկեղեցի գնալ: Մի օր էլ, տեսնեմ, Սուրբ Սարգիս է գնում: Ես էլ՝ հագնվա՜ծ, զուգվա՜ծ… (Գուպիի նկարին): Սպասիր, հիմա գալիս եմ…(Գնում է սենյակ ու տոնական շրջազգեստը գլխին քաշելով, հագնվելով ետ է գալիս): Հագնվա՜ծ, զարդարված ետևից գնացի: Մտանք եկեղեցի… (Հայացքով փնտրում, գտնում է փոշու լաթը, բաց պատուհանում թափ է տալիս, գլխաշորի տեղ գցում է գլխին: Ցուցադրելով): Մտանք եկեղեցի: Ասեղ գցելու տեղ չկա: Կատվասերս պլստաց, առաջ գնաց, կանգնեց խորանի դեմը, աղոթում է: Սրան-նրան հրմշտելով, ներողություն խնդրելով, մի կերպ առաջացա, կանգնեցի դեմը, աղոթում եմ: Կանգնած աղոթում եմ, բայց թիկունքով զգում, որ սա ինձ չի նայում: Շրջվեցի ու ի՜նչ տեսնեմ, որ լավ լինի… Էդ կատվասերը աչքերը փակ է աղոթում… Դե՝ լա՜վ, Ալբերտ տղա, ուշ թե շուտ հո աչքերդ բացելո՞ւ ես: Դեմքով շրջվեցի իրեն ու դեմառդեմ կանգնած՝ սպասում եմ: Մեկ էլ, տիրացուն մոտեցավ, ասում է՝ տիկին, խորանին մեջքով կանգնել չի կարելի: Ասի՝ իմ աղոթելու ձևն է էսպես, չորս կողմի վրա եմ աղոթում: Տիրացուն էլ, թե՝ արագ-արագ փոխեք կողմերը: Չդիմացա, ասի՝ ես քո համար հոլ ե՞մ, թե՞ էլէկտրական հովհար, որ արագ տեղումս ֆռամ, ինչո՞ւ ես խանգարում աղոթքս… (ծիծաղում է): Պո՛ւկ, ինձնից փախավ էդ չկայացած տերտերը… Հա, ուրեմն կանգնած, ուղիղ իրեն եմ նայում, իսկ սա աչքերը չի բացում: Վերջը, աչքերը բացեց ու դեմ-դիմաց նայելու փոխարեն, ափերն իրար սեղմած՝ խոնարհվել, ետ-ետ քաշվելով դուրս է գալիս: Ի՞նչ անեի, աղջի, հո գետնին չէի՞ պառկի, որ ինձ տեսներ… (գլխից շորը վերցնելով՝ նստում է): Եկեղեցուց հույսս կտրեցի: Գնացի թուղթուգիր անող Վարսիկի մոտ: Հասա Չարբախ: Կորած-մոլորած, քանդված, ցեխոտ մի փողոց: Թաղի երեխաները վրա տվին, կախվեցին փեշերիցս, ասում են՝ եկեք Վարսիկի տան տեղը ցույց տանք: Ասում եմ՝ էդ ո՞նց գուշակեցիք, որ ես Վարսիկին եմ փնտրում: Երեխեքը ծիծաղից թուլացան: Ասում են՝ մորաքույր, անծանոթները մեր փողոց միայն թուղթուգրի համար են գալիս, մեկ էլ՝ ընտրությունների օրերին, որ խոստանան փողոցը վերանորոգել… Վարսիկ դու, Վարսիկ, մոմերը վառեց, աղոթեց, թղթի վրա արաբերեն բառեր գրեց, հալած մոմ կաթեցրեց, ծալմլեց՝ տվեց ինձ՝ «Երեք օրից, ինքն իր ոտքով քո տուն կգա»: Իր ոտքով պետք չի, ես նրա հետևից «gg» տաքսի կուղարկեմ, միայն թե՝ գա… Բայց երեք օրը, Գուպպի ջան, դարձավ վեց, վեցը՝ 36… Էլի գնացի: Ասում եմ՝ Վարսիկ ջան, գիրդ սխալ ազդեցություն է ունեցել, ինձ թողած՝ Ստելլայի հետ է ման գալի: Ասում է. «Էդ լրբի գիշերազգեստից մի կտոր կտրի, բեր, թուղթուգիր անեմ»: Ասում եմ՝ Ի՞նչ գիշերազգեստ, այ կնիկ, Ստելլան Բուրմիլա ցեղատեսակի կատու է… (Հուսահատ դադար): Իմ վրա անեծք կա՛: Հասահա´տ: Հազար տղամարդու մեջ էլ ընկնեմ՝ կույս դուրս կգամ… (Գնում,վերադառնում է զարկերակային ճնշում չափող սարքով, սկսում է չափել ճնշումը): Էն չելած-չերևացած Նառան էլ իր հերթին գլխիս սարքեց: Ընկերուհի է կոչվում: Խնդրեցի՝ Նառա ջան, քո հեռախոսահամարն իրեն անծանոթ է, զանգիր, իմ մասին կարծիք հարցրու, հետաքրքրություն արթնացրու իմ նկատմամբ: Զանգեց, բարձրախոսն էլ միացրեց, որ ես էլ լսեմ:
-Բարև ձեզ, ես շատ էի ուզում ձեզ հետ ծանոթանալ, մտերմանալ, բայց իմացա, որ դուք անտարբեր չեք օրիորդ Նազիկի նկատմամբ:
-Նազի՞կ…Ի՞նչ Նազիկ,- զարմացավ Ալբերտը:
-Ձեր երկրորդ հարկի հարևանուհին:
-Հա՜, նա շատ լավ անուն ունի:
-Միայն անունը՞… Իսկ ինքը ո՞նց է:
-Չգիտեմ,- ասում է,- ես նրա առողջությամբ չեմ հետաքրքրվում:
-Ես նրա առողջության մասին չեմ հարցնում, այլ ձեր ճաշակի: Ինձ նման սիրուն է՞, բոյով է՞, Ինձ նման կանացի է՞, համեստ է՞…
Էստեղ չհամբերեցի, խլեցի ձեռքից հեռախոսն ու անջատեցի: Աղջի ջան, ես քեզ ասում եմ իմ մասին խոսի, դու քո գործն ե՞ս դզում… (սարքին նայելով): 140, 90… էլի բարձրացավ անտերը… Թողի, դուրս եկա ու, հանկարծ, ոնց-որ մեկն ինձ ասի՝ Նազիկ, ետ դարձիր, կատվասերիդ համարը Նառայի հեռախոսում թողիր… Ետ դարձա, տեսնեմ՝ արդեն զանգում է: Հեռախոսը վերցրի, համարը ջնջեցի, ու դուռը շրխկացրի երեսին… (Դադար: Խեղճացած հայացքով՝ անջատված ձայնարկիչին): Դու ինչո՞ւ լռեցիր, չես նվագում… Դու էլ չդիմացար, հա՞, հուսահատվեցիր, ձայնդ կտրեցիր (կարճ դադար): Էս լռությունը քեզ դուր է՞ գալիս… Էս լուռ պատերը, ամեն օրվա մենակությունը, ինքդ քեզ հետ խոսալով գժվելը, քեզ դուր է՞ գալիս… (տրտմած): Ես քար լռություն չեմ սիրում… Մլավոց էլ չեմ սիրում… շրխկոց էլ չեմ սիրում (ճչում է): Իմ ձայնն էլ չեմ սիրո՜ւմ… Ու՞մն է պետք էդ ձայնը, որ անապատում է հնչում: Ձեր պես եմ ապրում, Գուպպի ջան, ձկան պես, որ ջրի խորքերում չգիտեք էլ, թե ինչ բան է ալիքների խշշոցը, հովի շնկշնկոցը երգը, բառը… Թե իմանայիք, դուրս կթռչեիք ջրից… Ինձ պես: Ջրիցս դուրս եմ թռել ու թփրտում եմ… ոչ երկինքն ու հողն են իմը, ոչ էլ ուզում եմ խուլ ու համր ջրերի մեջ մնալ… Լռությունը սարսափելի է, մենակությունն՝ անտանելի… Ես ուրիշ լռություն եմ սիրում, պերճախոս, քնքուշ լռություն եմ սիրում… Ջերմ բառեր, ջերմ շուրթեր, ջերմ ափեր պահող լռություն եմ սիրում… (կիսալացով): Ես սիրելու, սիրվելու լռություն եմ ուզում: Կարոտելու, դիմավորելու լռություն եմ ուզում… Գրկող, փայփայող աչքերի լռություն եմ ուզում… Մատներով իրար հետ խոսող, շունչը՝ շնչին խառնող լռություն եմ ուզում… Չէ´, Նազիկ, լաց չըլնես: Լաց չըլնես… (ափով սրբում է արցունքը): Դու ուժեղ ես… Ուր մնաց քո կամքը, աղջի՜… Քեզ հավաքի, դու ուժեղ ես…(Գլխահակ հավաքում է բերած իրերը տանում, սենյակ, կարկամ քայլերով վերադառնում, նստում է): Ասում ես՝ ըստ այդմ, էլի՜… Ժամանակն ընտրե՜լ, պահը չկորցնե՜լ… ըստ այդմ… (Կարճ դադար:Սթափվում, վճռական ոտքի է ելնում): Դե որ էդպես է՝ սրանից լավ պահ ու ժամանակ չկա (պարային ջազի խտասալիկը տեղադրում, միացնում , թեքվում է հայելուն, ուղղում է մազերը, աջ-ձախ թեքվելով ծեքծեքվում է): Լավիկը չե՞մ…
-Բարև ձեզ, պարոն Ալբերտ, հյուր կընդունե՞ք:
-(Ալբերտի հանգույն): Օ՜, բարև ձեզ, օրիորդ Նազիկ, համեցեք, համեցեք…
-Ես պատահաբար անցնում էի ձեր դռան մոտով, որոշեցի հանդիպել ձեզ:
-(Ալբերտի հանգույն): Համեցեք, համեցեք… Ճիշտ է, սենյակը դեռ չեմ հասցրել կարգի բերել… Ներողամիտ եղեք… անցեք խնդրեմ, ներս մտեք:
-(Հաղթական «անցնում է շեմը», զննում է բնակարանը): Լավ բնակարան ունեք (Ճեմաքայլ առաջ է շարժվում):
-(Ալբերտի հանգույն): Նստեք, խնդրեմ, ես հիմա սուրճ կպատրասեմ… Ստելլա՜, Նազի՜կ, եկեք, տեսեք, ո՞վ է մեզ հյուր եկել…
-Օ՜, ի՜նչ գեղեցիկ փիսիկնե՜ր են.. (սթափվում է): Վա՞յ (արագաքայլ մոտենում, վերցնում է Գուպպիի նկարը): Բա ժամանակն ընտրելուց, պահը չկորցնելուց ես քեզ մենակ կթողնե՞մ, Գուպպի ջան (խրոխտ): Ը´ստ ա´յդմ: Գնացի´նք (դուրս է գնում):
Շարունակվող ջազի երաժշտության ներքո հովը ծածանում է վարագույրները:
Վերին հարկի պատշգամբից լսվում է Նազիկի ձայնը. «Օ՜, ի՜նչ գեղեցիկ փիսիկներ են… Ստելլա՜, Նազի՜կ… Ի՜նչ լավիկն են… Նազի՜կ, Նազիկ ջան, արի, արի ինձ մոտ ջանիկս… Ալբերտ, նայիր , տես, թե գարաժի կտուրին կանգնած մոխրոտիկը ո՞նց է գլուխը թեքել ու վերև է նայում…»: Մլավոցի ձայն: «Ջա՜ն… տուր ինձ, տուր՝ ես կերակրեմ նրան»: Շառաչյուն շրխկոց: «Համով է՞ր… Սա էլ վերցրու»: Շրխկոց:
Ուժեղ հովից ծածանվող վարագույրների, նույն պահին ինքնաբերաբար ուժգնացած երաժշտության հետ տարածվում են Նազիկի հրճվալից ծիծաղը, մլավոցներն ու մեկընդմեջ շառաչող շրխկոցները, որոնք փոխակերպերպվում են հրավառության որոտների:
Վարագույր

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *