Սևակ Արամազդ | Մօր մահը

Լուսանկարը՝ Սոնա Ադամյանի

Լուսանկարը՝ Սոնա Ադամյանի

Դրսում, պատուհանից այն կողմ, ձմեռային խոր գիշեր էր: Քաղաքն ասես անհետացել էր գետնի տակ, եւ լքուած խաւարն անյոյս փնտրում էր մի յարմար անկիւն, որպէսզի պատսպարուի սաստիկ սառնամանիքից: Ցուրտն անհաղորդ սառնութեամբ թափանցում էր իրերից ներս, եւ նրա անյագուրդ շնչից դողում-դողդողում էին պատեր ու տանիք: Թէեւ թիթեղեայ փոքրիկ վառարանը վառւում էր սենեակի մէջտեղում, սակայն հազիւ էր հասցնում ջերմացնել ինքն իրեն: Ցուրտն անտես թեւերով կալանել էր նաեւ կրակը, որը բանտուած թռչունի նման յուսահատ թպրտում էր նրա սառցէ գրկում՝ երբեմն-երբեմն արձակելով սուր-ճարճատուն ճիչեր, ու անզօրութիւնից հեծկլտում միալար…
Հագուստը հագին, Արեգը կծկուել էր վերմակի տակ եւ վախենում էր որեւէ շարժում անել, որպէսզի յանկարծ չկորցնի այն նուազագոյն ջերմութիւնը, որ թէեւ գաղջ էր ու տամուկ, սակայն օգնում էր անընդհատ զգալ սեփական մարմնի կենդանի շունչը: Եւ նոյնիսկ հաճելի էր ստեպ-ստեպ սրսփալ ու կրկին անշարժանալ: Նա հայեացքով ակամայ հետեւում էր վառարանից ելնող լուսաղօտ ցոլքերին, որոնք շրջանաձեւ վէտվէտում էին մութ առաստաղին եւ ապշեցուցիչ արագութեամբ փոխում անհամար կերպ ու ձեւեր: Ասես անյայտ մի ձեռք անվերջ գրում էր միեւնոյն բանն ու ջնջում: Արեգն զգուշութեամբ փոխեց դիրքը եւ վախուորած նայեց դէպի սենեակի հակառակ անկիւնը, ուր հիւանդ պառկած էր մայրը:
Հիւանդութիւնն աննկատ մաշում էր մօրը: Արտաքուստ ամեն ինչ տեղը տեղին էր, սակայն ժամանակի հետ մայրն աւելի ու աւելի էր թառամում: Տեսնելով մօր լուռ մաշումը՝ Արեգը խղճի ահաւոր խայթ էր զգում եւ տառապում կրկնակի՝ իր ու նրա փոխարէն: Տենչում էր չքուել, անհետանալ երկրի երեսից, միայն թէ չտեսնի այն, ինչի մասին մտածելն իսկ նրան սարսափեցնում էր: Նրան խենթացնում էին մօր խեղճ ու լռիկ ժպիտը, թոյլ ձեռքերը, որ գնալով ցամաքում էին ու պատւում կնճիռներով, հետզհետէ դանդաղող շարժումները եւ խեղդուած հառաչանքները, երբ մօր գլուխը ծանրօրէն իջնում էր բարձին: Արեգին չէր լքում զգացումը, թէ ինքն է մեղաւոր մօր այդ վիճակի համար. ցաւից կծկուած՝ նստում էր մօր սնարին ու հայեացքը յառում նրա դէմքին: Թւում էր, թէ ինքը նոյնպէս հիւանդ է մօր հիւանդութեամբ, ինքն էլ է գնալով մաշւում եւ յուսահատ վճռականութեամբ տենչում էր մեռնել մօր հետ միասին: Փակելով աչքերը՝ փորձում էր կենդանի պատկերացնել այդ պահը, սակայն, անկախ իրենից, սիրտն անմիջապէս ճմլւում էր եւ լցւում անհուն կարեկցանքով ու ինքնախղճահարութեամբ: Աչքերն արցունքակալւում էին, եւ հայելու մէջ դիտելով ինքն իրեն՝ իր դէմքին փնտրում էր մահուան ստոյգ նշաններ, սակայն ամեն անգամ հայելու մէջ տեսնում էր վառվռուն աչքերով նոյն կորովի պատանուն: Մի խոր տարակուսանք էր պատում հոգին, եւ վիրաւորանքից ուղղակի ուզում էր ջարդել այդ խաբող հայելին, երբ թիկունքից լսւում էր մօր հաշտ ու խաղաղ ձայնը:
– Արեգս,- ձեռքը թոյլ բարձրացնելով՝ ժպտում էր մայրը,- արի էստեղ նստիր. դու խօսիր, ես լսեմ…
Մի օր էլ մայրն անկողին ընկաւ ու այլեւս ոտքի չելաւ: Այդ որոշակիութիւնը տարօրինակօրէն հանգստացրեց Արեգին: Մահուան սարսափը չքացաւ հոգուց, եւ կարծես սթափուած՝ իր առջեւ յայտնաբերեց մօրը, որ անբուժելի հիւանդ է: Եւ ոչ մի արտասովոր բան չկայ նաեւ այն բանում, որ ինքն էլ առողջ է եւ ուժեղ: Սկսեց բաւարարութիւն գտնել մօրն անմնացորդ ծառայելու մէջ, որը կարծես կապ չունէր ո՛չ մօր եւ ո՛չ էլ, առաւել եւս, իր հետ: Եւ նրան համակեց մի խաղաղ տխրութիւն՝ խառնուած պարտքի լրջութեանն ու լուռ կարեկցանքին, որը միաժամանակ վերաբերում էր ե՛ւ կեանքին, ե՛ւ մահին: Դադարեց մտածել վերջի մասին. քանի դեռ կայ մայրը, կայ նաեւ ինքը․ քանի դեռ կայ ինքը, կայ նաեւ մայրը։ Ինքն ու մայրը միշտ կան ու կլինեն՝ անկախ կեանքից ու մահից…
Արեգն զգուշօրէն շուռ եկաւ մէջքի վրայ: Վառարանը դեռեւս վառւում էր մթնում: Կրակի ճարճատիւնները խուլ պայթում էին լռութեան մէջ՝ տունը լցնելով ծխացող խոնաւ փայտի խէժահոտով: Արեգը բերանում արեան տտիպ համ զգաց: Սեղմեց շրթունքները։ Յանկարծ միտն ընկաւ մեծ աղէտը, որի մասին նորից ու նորից պատմում էր մայրը. իր բարուրը գրկած՝ մայրը ցիրցան մազերով սարսափահար փախչում է լեռներով… Ներսում մէկէն ամեն ինչ խառնուեց իրար, եւ կրկին դէմառդէմ մնաց այդ մերկ փաստին: Գուցէ, զուտ պատահականութիւն է, որ այն ժամանակ ինքն ու մայրը չմեռան… Փորձելով խոյս տալ ներսում խռնուող պատկերներից՝ Արեգը գլուխը կտրուկ բարձրացրեց բարձից. սենեակի հակառակ անկիւնում անծպտուն պառկած էր մայրը՝ հաստ ծածկոցների տակ, եւ նրա անկողինը նման էր մթան մէջ աղօտ ուրուագծուած շիրմաթմբի: Յանկարծ խոցող պարզութեամբ զգաց այն անմարդկային կապը, որ կայ իր ու մօր միջեւ, եւ թուաց, թէ մայրն արդէն չկայ, մեռած է…
– Մա՞,- կամացուկ կանչեց՝ փորձելով զսպել ձայնի դողը,- դու քնա՞ծ ես…
Անսահման ժամանակ անցաւ, մինչեւ լսուեց մօր խուլ ձայնը՝ ասես գետնի տա-կից:
– Ի՞նչ է, Արեգս:
– Ասում եմ՝ ո՞նց ես…
– Լաւ եմ… Դու քնիր…
Ծանր հոգոց արձակելով՝ Արեգը նորից պառկեց։ Երբ գլուխը հպուեց բարձին, թուաց, թէ մի աներեւոյթ միջատ ծակեց ծոծրակը եւ թափանցելով գլխի մէջ՝ նողկաձայն տզզոցով սկսեց պտտուել ուղեղում: Հապճեպօրէն վեր թռաւ եւ երկու ձեռքով պինդ փակելով ականջները՝ գլուխը յենեց մահճակալի գլխին։ Տզզոցը գնալով աւելի ու աւելի էր սաստկանում: Միջատը կարծես ինչ-որ բան է փնտրում իր գլխում, անշփոթ հոտոտում է իր ուղեղի հիւսուածքներն ու թելերը։ Յանկարծ տզզոցը կտրուկ լռեց: Նստելով յիշողութեան ակունքին՝ միջատը սուր-ոլործուն կնճիթները խրեց մի նուրբ-կապոյտ երակի մէջ ու սկսեց ծծել իր արիւնը…
Ջղային շարժումով Արեգը դէն նետեց վերմակը, եւ իր սուր խայթերով նրա վրայ անմիջապէս յարձակուեց դարանակալ ցուրտը:
– Ինչո՞ւ չես քնում, Արեգս,- հակառակ անկիւնից կրկին եկաւ մօր ձայնը, որ զարմանալի հանգիստ էր ու յստակ:
Արեգը չպատասխանեց: Փակելով աչքերը՝ քնած ձեւացաւ, որպէսզի չանհանգստացնի մօրը, բայց յաջորդ վայրկեանին անդրադարձաւ, որ ինքնաբերաբար արդէն ասել էր.
– Մա, ինչո՞ւ մեզ հետ պատահեց էդ ամենը…
Որոշ ժամանակ պրկուած լռութիւն էր․ լսւում էր միայն խեղդուող վառարանի ճարճատիւնը: Մութ առաստաղին ցոլքերը մրրկագին շուրջպար էին բռնել ու երգում՝ մի բազմաժխոր խրախճանքի մէջ:
– Մի՛ մտածիր, քնի՛ր,- քրթմնջաց մայրը:- Պարապ բաներ են…
– Ո՞նց,- սրտնեղած զարմանքով կամացուկ ասաց Արեգը, բայց կարծես ձայնն արձագանգեց ցուրտ լռութեան մէջ:
– Երբ ժամանակը գայ, կհասկանաս,- համարեա շշուկով ասաց մայրն ու խուլ տնքաց:- Հիմա քնիր…
Արեգը լռեց: Աչքերը յառելով առաստաղին՝ սկսեց անընկալ հայեացքով հետեւել ցոլքերին, որոնք այժմ աւելի շատ նման էին խաւարում ցատկոտող ուրուականների: Մի մութ կանխազգացում ճմլեց սիրտը։ Նոյն պահին դրսից ականջին դիպան ինչ-որ ոտնաձայներ, որոնք հասնում էին ասես անչափելի հեռուից: Շունչը պահեց: Ոտքերի տակ անխնայ ճզմելով ձիւնը՝ մէկը բուք ու սառնամանիքի միջով անյողդողդ մօտենում էր։ Քայլերը գնալով ահագնանում էին: Հասնելով տանը՝ ոտնաձայները յանկարծ լռեցին: Լուսամուտից մի հսկայական շուք ընկաւ տան մէջ, եւ եկաւ ցուրտ շնչառութեան հազիւ լսելի մի ձայն…
Արեգը թափով վրայ նստեց անկողնում. լուսամուտն ամուր փակուած էր թաղիքէ կտորով եւ մթան մէջ գրեթէ չէր տարբերւում մնացեալ հոծ պատից: Որոշ ժամանակ մնաց տարակուսած։ Թօթուեց ուսը եւ նորից պառկելով՝ վերմակով հանգամանօրէն ծածկեց իրեն։ Յանկարծ ուղիղ լուսամուտի տակից դարձեալ լսուեցին նոյն ոտնաձայները, որ անշտապ հեռանում էին…
Լարեց լսողութիւնը։ Ոչ մի ձայն չէր լսւում։ Վառարանը հանգել էր, եւ տունը թաղուած էր անդնդասեւ խաւարում: Ասես մէկն աննկատ մտաւ տուն, հանգցրեց կրակն ու անշշուկ հեռացաւ: Մէջքով սարսուռ անցաւ, մղուեց վեր կենալու, երբ խաւարի խորքից եկաւ մօր ձայնը:
– Արեգս, դու քնած չե՞ս:
– Չէ, մա, ասացի՝ վառարանը նորից վառեմ, հանգել է:
– Թող մնա,- անուշադիր ասաց մայրը:- Եղած-չեղած՝ մի հաշիւ է… Պառկիր ու քեզ պինդ ծածկիր, որ չմրսես, բալիկս: Հազա՜ր ափսոս, որ չեմ կարող վեր կենալ ու իմ ձեռքով քեզ ծածկել…- հառաչեց նա:
– Բա դու չե՞ս մրսի, մա:
– Է՛հ, ցուրտն է արդէն ինձնից մրսում, Արեգս…
Տիրեց ծանր լռութիւն:
– Արե՞գ,- նորից եկաւ մօր ձայնը, որ հնչեց վարանոտ-անտարբեր:
– Ի՞նչ է, մա:
– Ինքը քիչ առաջ եկաւ, բայց ես իրեն յետ ուղարկեցի:
– Ո՞վ,- տարակուսեց Արեգը:
– Մահը,- թոյլ, բայց յստակ ձայնով ասաց մայրը:
Արեգը պապանձուեց:
– Ես իրեն ասացի, որ չեմ ուզում հիմա մեռնել ու էս ցրտին ու սառնամանիքին իմ որդուն թաղել հոգս ու ցաւի մէջ,- զարմանալի խաղաղ շարունակեց մայրը․ ասես խօսում էր մի առօրեայ հանդիպման մասին:- Ասացի՝ գնա, կգաս գարնանը, ապրիլին, երբ արեւ կլինի, ծառերն էլ ծաղկած կլինեն…
– Մա՜…- աղերսագին բացականչեց Արեգը՝ դաժանօրէն խոցուած մօր խօսքերից, որոնք այդպէս պարզ ու բացայայտ մատնում էին այն, ինչ մինչ այդ բարձրաձայն չէր արտայայտուել:
Մայրը չարձագանգեց: Արեգն սպասում էր պատասխանի՝ այնքա՛ն սեւեռուն, որ կարծես մօր պատասխանից էր կախուած իր լինել-չլինելը: Յանկարծ ականջին հպուեց մի թաքուն-գաղտնի, կամացուկ ձայն. մթան մէջ պառկած՝ մայրն ասես ինքն իրեն ինչ-որ բան էր մրմնջում: Արեգն է՛լ աւելի սրուեց։ Ձայնն անսպասելի լռեց, եւ նոյն վայրկեանին Արեգի մէջ զարմանալի յստակ արձագանգեցին մօր խօսքերը. «Որդիս փրկուեց…»: Արեգն ապշեց: Ուզեց վեր կենալ, երբ նորից ականջին հասաւ մօր ձայնը․ մայրը կարծես ծիծաղում էր, եւ նրա ծիծաղը հասնում էր հեռո՜ւ-հեռուներից… Դա խուլ, խեղդուած ծիծաղ էր, որի հնչիւններն աներեւոյթ ասեղների պէս ծակծկում էին խաւարը…
Արեգի սիրտն սկսեց ուժգին տրոփել տագնապից:
– Մա՜…
Արեգն ընդոստ վեր կացաւ ու վառեց լոյսը: Անսպասելի լոյսից աչքերի դէմ մի պահ փայլատակեց, եւ կարծես ինչ-որ մութ ստուերներ ցրիւ փախան ու թաքնուելով տան անկիւններում՝ չքացան: Արեգն շտապեց դէպի մօր մահճակալն ու խոնարհուեց մօր վրայ:
Աչքերը փակ՝ մայրն անշարժ պառկած էր անկողնում, ու նրա ցիրցան մազերը վերջալոյսի գունատ ճառագայթների փնջերի պէս անուժ հանգչում էին գլխի շուրջը: Մի գիշերում մայրն այնպէ՛ս էր ծերացել, որ դիմագծերը սրուել էին պրկուելու աստիճան, եւ դէմքն իր սառը հանդիսաւորութեամբ մի անշարժ դիմակ էր յիշեցնում. խոր ընկած աչքերը թաղուած էին յօնքերի ստուերում, եւ կնճռապատ բերանի անկիւններում լռում էր մի անդարձ գաղտնիք…
– Մա՞,- ահով կրկնեց Արեգը:
– Ի՞նչ է,- աչքերը փակ, անտարբեր քրթմնջաց մայրն՝ ասես քնի մէջ:
– Ո՞նց ես…
– Լաւ եմ:
Մօր այդ խօսքն անսպասելի սուր ու վառ դաջուեց Արեգի մէջ ու մէկընդմիշտ մնաց նրա հոգում: Ինչ-որ մէկն ասես մթան մէջ փակեց տան դուռը, խնամքով կողպեց ու, բանալին դնելով գրպանը, հեռացաւ: Որոշ ժամանակ լսւում էր նրա ստուերային ոտնաձայնը, որ գնալով մարեց: Արեգը հասկացաւ, որ անդարձօրէն կորցրեց մօրը, սակայն կորստի ոչ մի զգացում չունեցաւ: Մի մեծ լռութիւն անտեսանելի հովանու պէս տարածուելով՝ մօրն ու որդուն առաւ իր գիրկը…
Արեգը փարուեց մօրը եւ նրան պինդ սեղմեց կրծքին: Մայրն ապշեցուցիչ ցամաքել էր, դարձել մի բուռ: Արեգը դէմքը թաղեց մօր մազերի մէջ եւ առաւ նրա ծանօթ, սիրելի հոտը, որը միակ բանն էր, որ մնացել էր անփոփոխ: Արեգն անյագ շնչում էր մօր հոտը, գուրգուրում նրան, սակայն մայրը չէր արձագանգում որդու քնքշանքներին. նոյն դիրքով պառկած՝ լուռ էր ու անշարժ, կարծես բացակայ, եւ անզգալի քայլերով աննկատ հեռանում էր յաւիտենապէս…
Արեգը կառչելու պէս բռնել էր մօրը եւ չէր ուզում նրան գրկից բաց թողնել։ Մայրն իր երեխան է՝ իր փոքրիկ, անբիծ երեխան: Մեռած երեխան…
Այդ գիշերուանից սկսած՝ մայրը թաղուեց անթափանց լռութեան մէջ եւ այլեւս չխօսեց: Նա շարունակ պառկած էր նոյն դիրքով՝ սրուած դէմքը վեր ուղղած, խոշոր աչքերը՝ կիսախուփ․ հայեացքում, սակայն, արտայայտութիւն չկար: Ասես ապրում էր մէկ այլ աշխարհում, եւ ոսկորների այդ փոքրիկ կոյտը, որ հանգչում էր մահճակալին, իր հետ ոչ մի առնչութիւն չունէր…
Մայրը մահացաւ ապրիլի վերջին, գարնանային պայծառ մի օր: Արեգը թաղեց նրան քաղաքային գերեզմանոցի մի քարքարուտ անկիւնում, աչքից աննկատ: Ձեռքերի մէջ պահած սօսու դալար շիւը տնկեց մօր գլխավերեւում, մի քիչ մնաց գլխիկոր կանգնած ու վերադարձաւ տուն:
Մտնելով ներս՝ անակնկալի եկաւ. տան մէջ տիրում էր գերեզմանային դատարկութիւն: Թւում էր, թէ իր մտերիմ իրերը նոյնպէս լքել են իրեն ու հեռացել: Աննպատակ պտտուելով՝ ամայացած հայեացքով մանրամասնօրէն տնտղեց տան անկիւնները՝ ասես փորձելով մտապահել ամեն ինչ, երբ յանկարծ օդից առաւ մօր կենդանի բուրմունքը: Ուժասպառ փլուեց աթոռին, որին սովորաբար նստում էր մայրը, եւ հեկեկաց… Յետոյ որոշ ժամանակ քարացած հայեացքով յառուել էր սեղանի երեսին աշխոյժ զբօսնող մեծագլուխ ճանճերին, մինչեւ կարծես մոռացուած մի բան յիշելով՝ սթափուեց: Վեր կացաւ, անշտապ վերցրեց մի քանի իր, կողպեց դուռը, բանալին յանձնեց շէնքի կառավարչին եւ հեռացաւ քաղաքից:
Միակ բանը, որ ամբողջ ժամանակ ուղեկցում էր նրան, մահուան պահին մօր դէմքին սառած անանուն ժպիտն էր:

2006 թ.

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *