Սիրանույշ Օհանյան | Թրիք թե՞ աթար

Սիրանույշ Օհանյան

Մշտադալար ծառի հովանու տակ գտնվողները հերթով պատմում էին իրենց երկրային արկածները։

– Գիտեմ, որ մեծ բան չեմ ներկայացնում ինձանից. իմ երկրային կարճատև կյանքում ընդամենը մի կտոր գոմաղբ եմ եղել։ Երկար չեմ խոսի, չնայած՝ ես էլ պատմելու արժանի կենսագրություն ունեմ։ Ուստի կյանքիս պատմությունն անելու ընթացքում բաց կթողնեմ որոշ աննշան մանրամասներ ու թռուցիկ հանդիպումներ՝ միտքս չծանրաբեռնելու համար։
Ինձ աշխարհ բերեց նախրչի Համոյի Ջանիկ կովը։ Երբեք ինձ ազնվական չեմ համարել, բայց հաստատ գիտեմ, որ երկեղջյուր Ջանիկը մեծ հարգանք էր վայելում. մի անգամ նրա մասին լսեցի, որ ցեղական է։
Դա պատահեց մայիսյան մի ծաղկուն օր, մեծ քաղաքի նեղլիկ փողոցներից մեկում։ Գարուն էր աշխարհում, կովերի համար տարվա լավագույն ժամանակը, և Համոն, չգիտես ինչու, որոշել էր հենց այդ փողոցով անցնել։ Այսպես ընտրվեց իմ ծննդյան վայրն ու ժամանակը։
Չեմ կարող հավաստել, որ սպասված ընդունելությանն արժանացա։ Մենք՝ անձևներս, թույլ ենք, անպաշտպան, չենք կարող պահպանել մեր տեսքը։ Ջանիկը որոշեց, որ իմ ծննդյան ամենահարմար պահը այդ է. երևի մեծ խելքով չէր փայլում, որովհետև իր զայրացկոտ տերը՝ մի կովի, երկու մոզու և «նախրչի» պատվանվան տերը, սկսեց անվայել բառերով կշտամբել ստեղծիչիս։ Ես դեռ նոր էի բարեհաջող հասել գետնին՝ առանց ափսոսելու առատաձեռնորեն շուրջս տարածելով մեր ցեղին հատուկ նրբագույն բույրը, երբ մոտակա տան բակից վազելով եկավ տատիկը՝ բարկացած գոռգոռալով Համոյի վրա։ Արդարացի լինելու համար նշեմ, որ կատարվածը հասկանալն ու նկարագրելը հետո սովորեցի. այդ ճակատագրական պահին միակ բանը, որ կարողացա անել՝ հուզված բուրելն էր։ Հետո այդ հազվագյուտ շնորհս կորցրի. մեծանալով՝ միշտ պակաս կատարյալ ենք դառնում, քան ենք ծնունդի պահին։
Տատիկը գոռում էր, որ ես թրիք եմ ու կեղտոտել եմ իր տարածքը։ Համոն պնդում էր, որ ես աթարացու եմ ու փոխհատուցում եմ վնասը։ Նրանք դեռ շատ կվիճեին… մեկ էլ Համոն սապոգով պաշտպանված իր մեծ ոտքն անգթորեն դրեց իմ անօգ մեջքին, հետո կոպտորեն բշտեց պոչն ուրախ ծածանող Ջանիկին և արագ հեռացան։ Տատիկը նրանց հետևից թափահարեց ձեռքը։
Շատ վշտացա։ Համոն չէր կարող ցավ պատճառել ինձ. Ջանիկը սրտառուչ կերպով հոգացել էր, որ իմ փխրուն օրգանիզմը դիմանա երկրային վայրագ կյանքին։ Սակայն նա անուղղելիորեն փչացրեց արտաքինս, իսկ ես այնքա՜ն գեղեցիկ էի, կատարյալին մոտ արտաքինով։ Կարող էի որպես բնորդ իմ համեստ ծառայությունն առաջարկել մի որևէ հարգարժան գեղանկարչի՝ բնավ շահադիտական ցանկություն չհետապնդելով։
Մի որոշ ժամանակ պառկած մնացի կեսօրվա ջերմությունը պահպանած ասֆալտին՝ ողբալով խեղված արտաքինս, հիանալով երեկոյան երկնքով, երազելով անորոշ գալիքի պարգևները։ Այդ ընթացքում կորցրի բուրելու շնորհս։ Այդպես է՝ երբ երազում ենք այն, ինչ չունենք, կորցնում ենք մեր ունեցած լավագույնը։ Հիրավի, երկրային կյանքն ինձ շատ բան սովորեցրեց։
Առաջին անգամ մայրամուտ տեսա. փողոցը, որին հետևելով՝ հորիզոնից անդին անհետացան Ջանիկն ու Համոն, ձգվում էր դեպի արևելք, այսինքն՝ ես հակառակ կողմ էի նայում։ Հետո հաստ թղթի մի կտոր և ավելը ձեռքին եկավ տատիկը, զգուշորեն ինձ տեղափոխեց ձեռքին բռնած թղթի վրա՝ շարունակ մռթմռթալով. «Թրի՛ք, թրի՛ք, թրի՛ք»։ Հասկացա, որ ինձ է դիմում. հաճելի էր լսել, թե ինչպես է կրկներգի պես անունս տալիս։ Ինձ տեղափոխեց փողոցի երկայնքով ձգված փշփշոտ ցանկապատից անդին. բոլորովին նոր միջավայր մտա, անծանոթ ու հետաքրքիր։ Այս թռուցիկ կյանքիս լավագույն մասն այդտեղ անցկացրեցի։ Փոքրիկ, կանաչազարդ բակ էր, հողածածկ գետին, մի-երկու թեթևսոլիկ, աչքերի հիմար արտահայտությամբ հավ. դեռ լոպազանո՜ւմ էին իրենց անպիտան անգույն աչքերով, մի հպարտ, արժանապատիվ աքլոր. սիրում էր վստահ կանգնել իմ մեջքին և երգել. շա՜տ պատվական արարած էր։ Նրանից եմ լսել խորիմաստ խոսքերը. «Ավելի լավ է հավ չլինել, եթե աքլոր չես»։ Մեր ամուր բարեկամությունը տևեց մինչև իմ երկինք բարձրանալը։ Սկզբում տատիկն ինձ տեղավորեց հենց գետնին, կոշտացած հողի վրա, նայելով շուրջս՝ տեսա իմ բազմաթիվ ցեղակիցներին։ Ջանիկը վկա, որքան տգեղ էին, բոլորովին կորցրած իրենց նախնական ձևը. համարձակվեցին ինձ հավատացնել, որ ես էլ իրենցից ավելի կատարյալ տեսք չունեմ՝ այդ հանդգնության համար ստանալով արժանի պատիժ. իմ երկրային գոյության ընթացքում էլ չհաղորդակցվեցի նրանց հետ։ Օրեր շարունակ, լիներ գիշեր թե ցերեկ, հանդարտ պառկում էի՝ վայելելով արևի ներկայությունը, երբեմն թույլ տալով, որ բարեկամս՝ աքաղաղը, իր քնքույշ կտուցով շոյի ինձ։ Ժամանակ որքան ասես ունեի. հասցրեցի ճանաչել աշխարհը։ Կամաց-կամաց զորացա, ամրացավ նաև օրգանիզմս. առաջվա նկունը չէի այլևս։
Աշուն եկավ։ Գեղեցիկ էր, բայց տհաճ. մի անգամ անձրևի տակ մնացի և թրջվեցի, քիչ մնաց բոլորովին կորցնեի երբեմնի անթերի արտաքինս։ Տատիկն ազնվորեն գնահատեց համբերությունս ու քաշածս տառապանքները՝ տեղափոխելով ինձ ցեղակիցներիս մոտ, բազմեցրեց ամենքից կազմված բարձունքին, բարձր բոլորից։ Այս անգամ քթի տակ երգում էր. «Աթա՛ր, աթա՛ր, աթա՛ր»։ Կարծում եմ, որ երկրորդ անունս պակաս բարեհունչ էր, ավելի տպավորիչ։ Ինչևէ։
Նոր կյանքս կարճ տևեց։ Հազիվ էի հարմարվել դրությանս, դիրքիս, երբ տեղափոխվեցի տատիկի բնակարան։ Սառը քամի էր փչում, ու նա պակաս զգուշությամբ և պատշաճությամբ փոխադրեց ինձ։ Ներս մտնելով՝ հասկացա, որ վրա է հասել կյանքիս ամենաճակատագրական պահը, թերևս ավելի կարևոր, քան՝ երբ Ջանիկը լույս աշխարհ բերեց ինձ։
Դա գաղտնիք է, և ցավում եմ, որ չեմ կարող հաղորդել, թե ինչպես բարձրացա երկինք։ Կասեմ միայն, որ մի որոշ ժամանակ լույս և ջերմություն եմ եղել. քիչ բան չէ, եթե հիշենք, որ արևն էլ է ջերմացնում ու լուսավորում։

Պատմողը մի պահ խորիմաստ լռեց, հետո զուսպ ասաց.
– Ես սիրով կպատասխանեմ ձեր հարցերին…
Մինչ նա կհասցներ որոշ բաներ ավելացնել իր համառոտ պատմածին, հայտնվեց Ձայնը, և բոլորը հասկացան, որ պատմողը կանչվեց Խորհրդի առջև։ Այնտեղ հանդարտ կանգնել էր մեկը, ով սպասում էր Վճռին։ Ասվեց նրան.
-Ամեն ինչ լսեցիր, ամեն ինչ հասկացար, քանզի մենք ճանաչում ենք սիրտը քո և իմաստությունը քո։ Արդ, իմացար, որ չի կարելի ստանձնել հնարավորություններին չհամապատասխանող կյանք՝ որքան էլ համեստ ու անվրդով լինի այն։ Իմացի՛ր, որ այս արարածը ստեղծվեց, որպեսզի դու պատահմամբ նրա կողքով անցնելիս հնարավորություն ունենայիր ասել կամ չասել. «Ես կուզենայի լինել թրիք և չորանալ արևի տակ», իմացի՛ր, որ դու չէիր ուզենա, քանզի ամեն ինչ լսեցիր, ամեն ինչ հասկացար։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *