Սլավի-Ավիկ Հարությունյան | Անվերնագիր օր

Սլավի-Ավիկ Հարությունյան

Ժամանակը

Այստեղ չեմ հասցնում
Ապրել-
Անտանելի երկար է ժամանակը

 

Ուղի

նորից դեպի՜ երկինք
նորից դեպի՜ Անդինը–առհավատչյա
իմ տարիները–իմ թևերին–հոգնա՜ծ
իմ հուշերը թողած մեկին–մեկի՞ն
այս աստղերը հավերժ
այս լույսն առավոտի
որ միշտ իմն են եղել–
ու՞մ տամ
արև՜ն–արև՜ն–արև՜ն
ինչպե՞ս թողնեմ մենակ
ամռան տաք ուսերին–
թափված երկինք
ինչն ինձ բախտը թեթև բերեց
կրկնակի՝ ուրիշներին թանկ եմ վճարում–տարիներով– կյանքո՜վ
նորից–նորից–նորի՜ց
ուղի–
չէ ո՞ր ես կարող եմ
մի քիչ դեռ կարող եմ
չէ ո՞ր կյանքը–
սիրում էր ինձ
նորից–նորից–նորից
դեպի երկինք
դեպի երկիր
դեպի ծով
ուր թռչունը
դեռ–թևածում է
իմ սերը
իր կտուցին
ուր հողը
դեռ–կապում է վերքերս
ջահել գարնան գույնով
ուր ձկները–սուզվում են–խոր
ամռան արևի
շողը խայծած բիբերում–խոստումների–վերադարձի բառեր
նորից–նորից–նորից
դեպի կյանք
դեպի մահ
դեպի անդինը
նորի՜ց –ուղի
դեպի այնտեղ՝
որտեղ–հաստատ–վստահելի էր
Աստված

 

Անվերնագիր օր

և այս գիշերվա
և ցերեկվա մեջ՝ մենք
թողնելու
ենք
անանուն մի
սեր-
չենք ամաչելու ասված խոսքերից
չենք կարկամելու-
հին բառեր սիրո ուրիշ օրերի
հին պոետներից
հայտնի-անանուն՝
մերն է լինելու
և գիշեր
և լույս-
անամոթ ու խենթ

և քո անունը ես չեմ հարցնի
և իմ անունը դու չես հիշելու-

դուրսը մի քաղաք ահարկու ու մեծ
գործարանների ծուխ ու
գոլորշի-
մեզ մոռացել են
բոլորը այստեղ

ու մենք կհարբենք անամոթ
սիրուց-
սիրո բառերից
հին պոետներից՝
հայտնի-անանուն-
ամուր կփակենք պատուհանները
շշերը՝ լիքը
նորից կպայթեն-
ու կբոզանա
օրը
անանուն

 

Այս տունը

այս տունը նման է
ինձ ու քեզ
դատարկ է

սարդը
սեփական ոստայնում խճճվել է
մենակ

թե գայիր՝
ես կարող էի գիշերներին ծածկել քեզ
միջանցիկ քամիերից

 

Փոքրիկ քաղաքները

Ինչքան նման են փոքրիկ քաղաքները
հավերժական–դանդաղ՝
հոսող ժամանակով–
հյուրանոցները՝ երկհարկանի
դրսից–
ներսից՝ երեք–տանիքներով իրենց՝
ներկը փախած–
դիմացի շենքերի
պատշգամբներին
անտարբեր լվացքներ՝
տարօրինակ կերպով–թառին–կախված՝
(չգրված տող–կախվելու պարան)
ներքնաշորեր–
խնամքով
անամոթ
անպատեհ
բաց–
բայց ոչ ոք չի՞ գրգռվում։
փողոցները–կոկիկ–սրբած
տերևների կույտեր–ծխացող
և ինչքան աշուն–ինչքան շատ աշուն
մանր–
անձրևի հետ՝
խառնված։

զանգեր–զանգեր–զանգեր

ծույլ ղողանջը կաթող
անձրևի պես–գմբեթներից հոգնած՝
սպիտակ–սպիտակ–սպիտակ
լույս։
մութը–մեղմիկ–մենակ
մտնող
պատուհանից–թաց։
ծուլությունդ նույնը–ջինսդ՝ սեղանին–գինին
կողքիդ–
վերմակդ՝բաց
լույսը–արդեն հանգած։
(կգրվեր հաստատ–կծնվեր ստիխ–տող–բառ)
մի բան՝
մեկը– կոտրեր ծուլությունդ
ձեռքդ–հասներ
կաշվին
այպեդիդ՝
քրքրված։
քրքրված–քրքրված–քրքրված
ինքդ
մտքերդ
սերդ՝
անսեր
արդեն–համացանցյան–ֆեյսբուքահոտ
այս շատ աշնան
աղոթքի մեջ կորած։
այն աղջիկը գոնե օնլայն լիներ–հիմա՝
ի՜նչ բաց երակ է
Աստված։
ինչքան նման են փոքրիկ քաղաքները–
շատ–շատ աշուններով
ծխացող՝
ծույլ–
և
զանգերը–զանգերը–զանգերը
մեռնելուդ համար
ինչքա՜ն հարմար
կախված։

 

Երազանքներս

երազանքներս մաղվեին
և մնային միայն աշնան երկնքի
մուգ-
ջարդվող-
լուսաբացները

 

ՀԱՅԱՍՏԱՆ

երկիր–
որտեղ ճանապարհորդում ես
առանց անձնագրի– առանց վախի–
ապրում–սիրում
աղոթում կիրակնօրյա
լույսին–հույսին՝
անհու՛յս
անհու՛յս
կանայք մթան եզրին լուսնի շորերով
պանդխտության են ուղարկում
ամուսիններին–
այնպես բուրում է
առավոտի օդը
գետերը ցատկում են
դեպի անդունդները–
մեր սեփական կործանումն է
այդ վիհերում

ես խոսում եմ այն մասին՝ որ
կանայք–
մահվան և կյանքի հրեշտակներ են
և այն մասին՝ որ
երկիրը իմացություն է–ժայռեր–վիհեր
անգամ՝ գիշեր
այդ գիշերները
աչքեր են տվել՝ որ
կանայք հեծկլտան
կորուստը
ես ասում եմ՝ որ
վերքերը
մեր մարմնի անդամները չեն

քարերը նրա համար են
որ նայեն հեռացողներին
մոլորակը՝ այս քարերից է
ես ասում եմ՝ որ
այս գարնան
ձնախառն
ջուրն են–
անգամ գիշերն են
անկողիների մեջ մենակ թավալվող կանայք

առավոտյան
արևածագի
հյութով թաթախված
Աստված
այդ պահին իջներ նորից
այս կիսաքուն խաղողի դաշտերում
Արարատի ստորոտին պարզված
անմեղ լռության մեջ
սիրեր մեկին՝
մեկ–մեկ
մխիթարեր

ես խոսում եմ այն մասին
ինչ կորցնում ենք
անընդհատ
այս ծառերի շնչում
այս քարերի տապին
այս միայնակ կանանց
անհառաչանք գրկում
ես խոսում եմ

ես դեռ խոսում եմ
այն թռչունի մասին
որ հատել է օվկիանոսը
առանց վայրէջքների

բայց նայում է ետ
բայց նայում է ետ
բայց նայում է ետ

այս քարերին

 

Տրտմություն

կգան նրանք
որոնց սպասել ենք
կգան նրանք
որոնց մատնել էին կախաղանի
կգան հաղթողները պատերազմի
կգան փախածները մարտից
կգան հեռացածները երկրից
կգան բերդերում նստածները
կգան մեռյալները հանուն Որդու և Հոր
կգան բոլորը
բայց ոչ երբեք նրանք
որոնց սիրել ենք

Share Button

1 Կարծիք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *