Սլավիկ Ալավերդյան | Մանրապատումներ

Սլավիկ Ալավերդյան

Մանրապատումներ կամ մտքեր, որ թղթին հանձնեցի հիվանդության ընթացքում

23. Ճշգրիտ հաշվարկ

Երբևէ ականատես եք եղել Արևի խավարման. մտածել եք, թե ինչու՞ է Արեգակի լրիվ խավարում լինում: Ասես ինչ-որ մեկը ճշգրիտ հաշվարկած լինի երկնային մարմինների չափերի և մեզնից՝ երկրացիներից դրանց ունեցած հեռավորությունների ճշգրիտ հարաբերակցությունը:

Մտահղացումը՝ 2013թ.
03.03.2016թ., Մարտակերտ

27. Տաք ձմեռ, հով ամառ

Մարդկությունը կարող է մեկընդմիշտ ազատվել ձմռանը կեցավայրը տաքացնելու և ամռանը հովացնելու խնդրից, եթե տաք և սառը վայրերը միացնի մեծ ջերմահաղորդականությամբ նյութերից պատրաստված հոծ խողովակներով: Սակայն այդ դեպքում ամենուր նույն ջերմաստիճանը կհաստատվի, կկորչի հետաքրքրությունը, կխախտվեն բնական ցիկլերը և Երկիրը գուցե խորասուզվի երկարատև քաոսի մեջ;

Մտահղացումը՝ 2013թ.
03.03.2016թ., Մարտակերտ

28. Գրադարանավարը

Ալեքսանդրիայի գրադարանում մի գրադարանավար փորձում էր դասավորել գրքերը ըստ նրանցում նկարագրված դեպքերի ժամանակագրության: Սկզբում դա նրան հաջողվում էր: Սակայն հայտնվեցին գրքեր, որոնցում տեղ գտածը կարելի էր վերագրել տարբեր ժամանակաշրջանների. պատմությունը կրկնվել է սիրում:
Ու նա սկսեց արտագրել այդ գրքերը, որպեսզի դասավորվածությունը ճիշտ լինի:

Մտահղացումը՝ 2013թ.
03.03.2016թ., Մարտակերտ

39. Հիպնոս

Երբեմն պեղումների արդյունքում հայտնաբերվում են իրեր, դամբարաններ, քաղաքներ, որոնց մասին ոչ մի տեղ հիշատակումներ չկան: Դարերի ընթացքում գրավոր ժառանգության ահռելի քանակություն է ոչնչացվել, բայց մարդկանց հիշողությունը ունակ է եղել բազում իրադարձություններ հիշել և փոխանցել ու զարմանալի է, որ ոչ վաղ անցյալի, օրինակ միջնադարի որոշ շրջանների վերաբերյալ ոչ մի տեղեկություն չկա ոչ մեկի մոտ:
Ասես մի հզոր հիպնոսողի կողմից մարդկության ուղեցից դարեր են ջնջվել:

03.03.2016թ., Մարտակերտ

40. Հյուսիս-հարավ

Հյուսիս-հարավ լայն ճանապարհի շինարարությունը ընթացքի մեջ է: Դրա կարիքը գուցե չլիներ, եթե մեր ոչ բարի հարևանի հետ սահմանը փակ չլիներ, ինչպես տասնամյակներ առաջ: Երկաթուղի էլ կլիներ, զարգացում էլ:
Հայերը աշխարհին շատ գյուտեր են տվել, զարմացրել են իրենց ճարպկությամբ և հնարամտությամբ, բայց հաճախ այլոց են ծառայեցրել իրենց գիտելիքները:
Պատկերացրեք, որ մեքենաններն ու մագնիսական արագացմամբ գնացքները դուրս են գալիս Երևանից, Արտաշատի մոտ մտնում են մեղմաթեք թունել և դուրս գալիս Մեղրիում: Թունելի խորությունը և արհեստական ելք-թունելները Արարատի և Քաջարանի մոտակայքերում, որոնք հոլոգրամմային պատկերներով մեքենաների ելք ու մուտք են ապահովում, կասկած չեն հարուցի մեր հարևանների մոտ:
Իսկ այլազգի վարորդների մեքենաներում անցակետերում կտեղադրվեն հատուկ սարքավորումներ, որոնք կքնեցնեն վարորդին և ավտոմատ կկառավարեն մեքենան:

03.03.2016թ., Մարտակերտ

41. Բռնակալության վախճանը

Հայտնի է, որ Ադրբեջանական Հանրապետության տարածքի զգալի մասը գտնվում է ծովի մակարդակից ցածր բարձրության վրա: Եթե Համաշխարհային օվկիանոսը միանա Կասպից ծովին, ապա Ադրբեջանից կմնա հայկական Ուտիք-Աղվանք-Գարդմանքը, Թալիշստանը և մի քանի փոքր տարածքներ: Սա կարող է տեղի ունենալ տասնամյակներ անց, երբ կհալվեն սառույցները և օվկիանոսի մակարդակը այնքան կբարձրանա, որ Սև ծովը կմիանա Կասպիցին Կումա Մանի իջվածքով: Իսկ եթե ցանկանանք, այն կարող ենք իրագործել թունելային միացմամբ;
Այս հանգամանքը կարող ենք դարձնել ատոմային ռումբի նման սպառնալիք և զսպել հարևանի ոտնձգությունները:

03.03.2016թ., Մարտակերտ

42. Ծառը

Փայտահատը մոտեցավ անտառում դեռևս կանգուն մնացած ծառերին: Դրանք անճոռնի տեսք ունեին. երևի դրա համար դեռ ոչ ոք չէր կտրել նրանց: Փայտահատն ափսոսաց, որ այդքան ճանապարհ է կտրել, ժամանակ է ծախսել: Բայց ծախսը հատուցել էր պետք: Նա, որ նատյուրմորտ էր սիրել, ոչ թե բնանկար, բազում անտառներ էր ամայացրել, չզլացավ բենզասղոցը մոտեցնել մատղաշ վիճակում համաշխարհային պատերազմ տեսած, արկեր և փամփուշտներ կլանած, իր արմատները բազում զոհված զինվորների վրա տարածած «անճոռնի» ծառին:
Ծառը (ավելի ճիշտ նրանում եղած արկը) պայթեց:
Կենսատու ծառն իրեն զոհելով կյանքի դաս տվեց մարդկանց շնչահեղձ անող փայտահատին:

05.03.2016թ., Մարտակերտ

43. Չծնված սերունդ

Ամեն տարի աշխարհում միլիոնավոր մարդիկ չեն ծնվում իրենց սեռի, ծնողների փոշմանելու և այլ պատճառներով: Կոբո Աբեն անգամ ստորջրյա հասարակություն էր պատկերել, որը ստեղծել էր աբորտ արած սաղմերի վրա գիտափորձեր կատարելով:
Պատկերացրեք, որ մեկ տարի շարունակ աշխարհում ոչ մի մարդ չծնվի: Այդ տարի չեն աշխատի ծննդատները, նորածինների հագուստ, խաղալիքներ և այլ պարագաներ վաճառող խանութները, մի քիչ անց մանկապարտեզ նոր մանուկ չի գնա, մի քանի տարուց դպրոց և այդպես շարունակ: Ու քանի մարդու կյանքն ու գոյությունն է կախված այդ ամենամյա ծնունդներից: Լեոնիդ Ենգիբարովն ասում էր, որ ոչ մի դեպքում չի կարելի նեղացնել մարդուն. գուցե դա Մոցարտն է, ով դեռ չի հասցրել ոչ մի սիմֆոնիա գրել և եթե նեղացնեք, գուցե և չգրի:
Իսկ ես կասեմ, որ եթե ինչ որ մի պահի երկու հոգի ցանկացել են դառնալ երեքը, ապա նա պետք է ծնվի. ինչ իմանաս, գուցե նա մի նոր Մոցարտ է:

05.03.2016թ., Մարտակերտ

44. Ջերմություն

Երբևէ փորձել եք հիվանդ ժամանակ, երբ ջերմում եք, ստեղծագործել. գրել, երգել, պարել, նկարել, մաթեմատիկական խնդիր լուծել …
Նրանք, ովքեր փորձել են, կփաստեն, որ դրանից հետո ջերմությունը նվազում է, կարող է անգամ ի սպառ վերանալ: Ես դա բազմիցս զգացել եմ. այս պահին էլ, երբ գրում եմ, զգում եմ թե ինչպես է տաքությունս նվազում և հասկանում եմ, որ եթե Կաֆկան չհիվանդանար և հիվանդ ժամանակ չգրեր, մարդությունն այդպես էլ նրա շատ գործեր չէր ունենա:

05.03.2016թ., Մարտակերտ

45. Նատյուրմորտ

Եթե մի օր ձեռքս վերցնեմ վրձինն ու ներկերը և փորձեմ նատյուրմորտ նկարել, ապա այն կլինի այսպիսին. մի շիշ ջուր, բաժակ, երեք խնձոր՝ երկուսը թարմ՝ կանաչ և կարմիր, մեկը կնճռոտած՝ դեղին:
Քանզի սա այն է, ինչի կարիքն ունի քաղցած մարդը, այն է ինչ իր հետ վերցնում է լեռ բարձրացողը և վերջապես սա այն է, ինչը ամենից շատ ցանկանում է հիվանդ մարդը, որպիսին ես էի այս տողերը գրելիս:

05.03.2016թ., Մարտակերտ

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *