ԱՐՔՄԵՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ | Խոսքի տարածություն, որ չի վերջակետվում

Արքմենիկ ՆիկողոսյանԳևորգ Թումանյանի «Ճախրող սարդ» ժողովածուն

Իր առաջին ժողովածուով իրեն «անընդհատ անառակ որդի» հռչակած տաղանդավոր ու ինքնատիպ բանաստեղծ Գևորգ Թումանյանն իր այդ կեցության նոր վկայագրություններն է ամփոփել «Ճախրող սարդ» (Երևան, 2008) երկրորդ ժողովածուում: Նորն այս դեպքում տարազում է ոչ միայն ժողովածուի գոյության փաստը, այլև երևույթների կերպընկալման ու պոետական խոսքի մակարդակը:
Ժողովածուն բացող բանաստեղծությունը`
Իմ տեսած սարդերից
ամենաճստիկն է
նրբիկ թելիկից կախվել
ճոճվում է ճախրում

իմ գրվածքները գուցե
ճախրող սարդի պես մի բան են – ,

իսկապես բացող-սկսող գործառույթ ունի, քանզի պարագրկում-մատնանշում է կարևոր հատկականություններ:
Ճախրող սարդ, որ իր իսկ թելով կապված է նպատակակետին, բայց նրա ճախրը առաձգական է ու խաղացկուն: Սա Գևորգ Թումանյանի նոր ժողովածուի գլխավոր մետաֆորն է, որով անմիջապես բացապարզվում են բանաստեղծության նրա ընկալման յուրահատկությունները: Գևորգի պոեզիան իր բնույթով իսկապես ճախրող սարդ է. ունի իր թելը (այն է` բանաստեղծելու գևորգթումանյանական կերպը), որով կապված է բուն նպատակակետին (այն է` պոետական բարձր խոսքին), բայց առաձգական, քմայքոտ ու խաղացկուն է պոետական խոսքի դրսևորման վայրն ու տարածությունը: «Ճստիկն» ու «նրբիկն» էլ Գևորգի բանաստեղծությունների ձևաբովանդակային` անմիջապես նկատվող հատկանիշների ամրագրումն են:
Այս տրամաբանությամբ` ասել, թե` Գևորգի նոր ժողովածուն տարածության փնտրտուք է, մոլորություն կլինի, մանավանդ որ` առաջին ժողովածուի «Անընդհատ անառակ որդի» վերնագիրը` ներառված բանաստեղծությունների պարագրկած առանձնահատկություններով արդեն իսկ նախանշում էր որոնման անընդհատականություն Գևորգ Թումանյանի պոեզիայում: Այս իմաստով «Ճախրող սարդ» վերնագիրը գեղագիտական ամբողջություն է կազմում «Անընդհատ անառակ որդի» վերնագրի հետ` ցուցանելով, որ Գևորգի բանաստեղծությունն արդեն իսկ ձգտում է համակարգման, որի նշաններից մեկն էլ անհանգրվանությունն ու անընդհատականությունն է: Այդ առումով` երկրորդ ժողովածուի գեղագիտական տարածքում ստույգն այն է, որ այստեղ ավելի շատ առկա է գտնված, ամրագրված տարածությունների միջև կողմնորոշվածության ներքին ճիգ, տեքստը գրի՞ց, թե՞ գիրը տեքստից անդին վկայագրելու խնդիր: Առերևույթ անհստակություն ու անպարզություն ցուցանող այդ ներքին դեսուդենությունն, այնինչ, հատկորոշում է հստակություն ու պարզություն մեկ այլ հարթության մեջ, այն է` պոեզիան ամենուր է` թե’ տեքստից դուրս, և թե’ գրից, քանզի երկու դեպքում էլ Գևորգ Թումանյանը, ինչպես ճախրող սարդը, կախված է «նրբիկ թելիկից»: Ուստի` Գևորգի նպատակն էլ, ըստ երևույթին, ոչ այնքան կողմնորոշվածությունն է (թեպետ, կրկնեմ, դրա ճիգը կա) դեպի դրանցից մեկնումեկը, որքան ցուցանումը «պոեզիան ամենուր է» ճշմարտության:
Տեքստային, պատկերային ուղղակի հղումներից զատ, ինչպես`
Երբ ես պառկում եմ քնելու
ինձ թվում է
թե պետք է ծնվի բանաստեղծություն
առավոտյան ես արթնանում եմ – ,

կամ`
Իմ լավ բանաստեղծություններից մեկը
թերևս հիմա գրվի
տերևաթափին
երբ ցախավելով մտնեմ այգի – ,

բանաստեղծը դա հաստատում է նաև տեքստային տարբեր մակարդակների դրսևորումների ներդաշնակումներով` ժողովածուի ներքին պարագրկումների համատեքստում, երբ պոետական գիրը հաճախ տեղը զիջում է պարզապես տեքստին: Այդպես ժողովածուում ներդաշնակվում են`
Արև
ես չունեմ
սպասումն ու համբերությունը ծառի
ինձ շուտ ծաղկեցրու

շառայլներդ
թող միանգամից լացացնեն
իմ ներսի ձմեռը – ,

պոետական սուզումը, որն իր մակարդակով ու հղացքով գիր է, և «Նշանդրեք» վերնագրով պարզ արարաողակարգային նշագրումը, որ արտաքին հատույթում գոնե ներկայանում է զուտ տեքստին բնորոշ հատկականություններով և բացարձակապես զերծ է պատկերավորությունից, թեպետ իրադրության տպավորիչ հոգեբանական արձագանք է վկայագրում.
Ես ոտքի էի կանգնում նա էլ ինձ հետ
երբ շնորհավորում էին մեզ օրհնում խրատում
հետո ես նստում էի նա էլ ինձ հետ

Տեքստի ու գրի տարբերության առկայությունը Գևորգ Թումանյանի պոեզիայում դրսևորվում է մեկ այլ տպավորիչ համադրության մեջ: Մի կողմից` ստեղծագործական պրոցեսի, աշխատանոցային մանրամասների վկայագրություններն են, որոնք մատնանշում են գրի արարման ծանր ու տառապալից ընթացքը: Ուշագրավ է, որ բանաստեղծության այսպես ասած` չգրման տվայտանքն, ի վերջո, վերածվում է իսկական բանաստեղծության: Սա, ի դեպ, շատ տարածված է արդի գրականության մեջ` ընդ որում` թե պոեզիայում, թե արձակում:
«Բանաստեղծության փոխարեն» (մեկ տարվա արդյունք) բանաստեղծությունն, օրինակ, իր զուսպ ձևերի մեջ ցնցող ու չափազանց դրամատիկ պատկեր է վերհանում`
Թղթեր
անհասկանալի գծերով
պատկերներով
մտքի ավերակներով – ,

որին անմիջապես հաջորդում է «Դեպի աղբարկղ» իջեցված ոճի վերնագրով բանաստեղծությունը, որտեղ բանաստեղծական դրաման հասնում է գագաթնակետին.
Հազիվ թե
գալիք սերունդները հետաքրքրվեն
իմ սևագիր-ձեռագրերով

Սա չկայացած գրի տեքստային արձանագրում է:
Մյուս կողմից ու այս ամենին հակառակ` Գևորգը բանաստեղծության ծննդի այնպիսի պահեր է վկայագրում, որ թերևս կարելի է համեմատել «Եղիցի’ լոյս… եւ եղե’ւ լոյս»` արարչությունն ամրագրող նշանաշարի տրամաբանության հետ: Ահա, օրինակ, «Ստեղծագործում է երկու տարեկան աղջիկս, որին ցույց տվեցի ինքնաթիռ» հեղինակային հուշմամբ բանաստեղծությունը.
Պապա
Գուարչո կտուր հանե
Գուարչո ինքնաթիլ բռնե

Պոեզիայի ըմբռնման այսպիսի համատեքստում զարմանալի չէ նաև այսպիսի զեղումը`
Խզարն առած
ես ու հայրս փետ կկտրենք
ոչ մի ծղրիդ չբուսնավ
ռիթմը պահելու

Սա նոր պոեզիայի ցուցիչ է, որին ձգտում է Գևորգ Թումանյանը: Հետաքրքիր է, որ իր բանաստեղծություններում նա ոչ պոետիկ ընդգծումներով է ներկայացնում ծղրիդներին, որոնց գոյությունն իսկ տեքստում ավանդաբար բանաստեղծականության ցուցիչ է եղել.
ծղրիդները ծղրտում են
արդեն միայն ծղրտում են

Այսպես ասած` պոեզիան մեռցնելով պոեզիա ստեղծելու մարտավարությունը «Ճախրող սարդ» ժողովածուի գեղագիտական կարևոր հատկանիշներից է, որը տպավորիչ կերպով փոխաբերվում է «Ձոն խնձորին որ ուտում եմ» բանաստեղծության մեջ.
Կատարելության ձգտումդ
խանդավառում է ինձ
կեցցես եղբայրս
հոտդ հանճարեղ է
իսկ համդ
ըմմ դրախտային
ոգևորում է գույնդ նաև
գինու և ոսկու ծնունդ
և դու բնավ չես մեռնում խնձորս
և դու բնավ չես մեռնում եղբայրս

Առաջին հայացքից` «Ճախրող սարդ» ժողովածուում տեքստն ավելի շատ է, քան գիրը, սակայն բանաստեղծությունների ներքին ընկալումների հատույթում և Գևորգ Թումանյանի գեղագիտական համակարգի ներսում` բոլորովին հակառակ պատկերն է: Այս առումով անհրաժեշտ է Գևորգ Թումանյանի պոեզիան բնութագրել-ամրագրել իբրև խոսքի տարածություն, որ չի վերջակետվում: Եվ դա ոչ թե այն պատճառով, որ նրա բանաստեղծություններում կետադրական նշաններ իսպառ չկան, այլ, որ չափազանց խորն են ենթատեքստերը: Այս առումով կարևոր ու նաև ուշագրավ է, որ Գևորգը կետադրական նշանների բացակայությանը զուգահեռ` բանաստեղծություններն իրացնում է կարճ տեքստային տարածության մեջ և այս դեպքում վերջակետն ու ստորակետը իսկապես դառնում են ավելորդ, և այս կերպ նույնպես Գևորգ Թումանյանը ցուցանում է, որ գիրը տեքստից անդին է: Տեքստի պարագային չվերջակետվող տարածությունն է ապահովում պոեզիայի ներկայությունը: Նրա յուրաքանչյուր բանաստեղծության մեջ տեքստի ենթատեքստը գիր է: Ուստի` «Հայտարարություն» պրոզայիկ վերնագրով բանաստեղծությունը`
Մեծ սիրով և ջանասիրությամբ
կաշխատեի ընթերցող – ,

նախևառաջ տեքստ է, սակայն տեքստից անդին` այն վերածվում է գրի, քանզի խոսքի չվերջակետվող տարերքը ներառելով չասվածը, բայց ենթադրելին, տեքստին հաղորդում է այլ արժեք. հոգեբանական, զգացական, ինտելեկտուալ ազդակները, որ հաղորդվում են տեքստից, վերափոխում են այն: Ահա այս տրամաբանությամբ պետք է քննել ժողովածուի մյուս այսպես կոչված` պրոզայիկ զեղումները, որոնք շատ-շատ են:
Գևորգ Թումանյանի «Ճախրող սարդ» ժողովածուն վերջին տարիների հազվագյուտ հաջողված բանաստեղծական գրքերից է, որ հնարավորություն են ընձեռում արդի հայ պոեզիայի մասին խոսել իբրև համակարգային երևույթի: Ամենակարևորը` Գևորգի պոեզիան համառ միտում ունի մեզ ազատելու պոեզիայում կրկնաբանությունների տաղտուկից:

© Արքմենիկ Նիկողոսյան

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *