Սեյրան Գրիգորյան | Ստալինը Չարենցի բանաստեղծություններում

Սեյրան Գրիգորյան

(բնագրագիտական ճշտումներ)

Եղիշե Չարենցի անտիպ ժառանգության մեջ առանձնահատուկ տեղ ունեն Իոսիֆ Ստալինին վերաբերող գործերը, որոնք միաժամանակ ամենաշատ կասկածներն ու հարցականներն են հարուցում բնագրագիտական տեսակետից: Ընդ որում՝ բարդություններն ունեն թե՛ օբյեկտիվ նախադրյալներ (երկրի ղեկավար բռնակալին փառաբանող կամ դատափետող գրվածքների պատմական, գաղափարական ու հոգեբանական դժվարըմբռնելի շերտերը, տարբերակների առկայությունը, ձեռագրերի ցրվածությունը և այլն), թե՛ սուբյեկտիվ՝ գրականագետների և հրատարակիչների գործունեությամբ պայմանավորված հանգամանքներ:
Ժամանակին առիթ է եղել խոսելու հատկապես «Թուղթ Իոսիֆ Ստալինին» պոեմին և որոշ բանաստեղծությունների առնչվող ճշտումների մասին: Շարունակաբար ճշտումներ են հայցում նաև այլ բանաստեղծություններ, որոնք կասկածելի լուծումներով են հրապարակվել «Եղիշե Չարենց. Նորահայտ էջեր» գրքում (Ե., 1996) և վերջին տասնամյակների այլ հրատարակություններում: Դրանցից է, օրինակ, «Հոտ է գալիս կրկին արյան…» սկզբնատողով բանաստեղծությունը:
«Նորահայտ էջերում» (այսուհետև երբեմն կնշվի ՆԷ հապավումով) տպագրված բնագիրը (էջ 125) տասը տող է.

Հոտ է գալիս կրկին արյան
Այս վարպետի եփած ճաշից:–
Վհո՞ւկ է սա հնադարյան,
Շառավի՞ղն է Շահ-Աբասի,
Որ նախահոր խանդով լեցուն՝
Ցարերի գահն ելած հազիվ
Մարքսյան ահավասիկ
Հրդեհների հուրհուր բոցում
<Անընթ.> մի փողոցում
Նո՛ր «Ջաբուլգան» է կառուցում…

Ծանոթագրության մեջ ասված է. «Ինքնագիրը պահվում է ԳԱԹ, Չֆ, թիվ 117: Առաջին անգամ հրապարակել է Դ. Գասպարյանը (տես՝ Չարենցը և Ստալինը.– ԳԹ, 1988, 15 հուլիսի, թիվ 29): Տես նաև՝ ՈՉ, էջ 264:
Անթվակիր է: Գրած պետք է լինի 1936 կամ 1937 թթ.:
Սևագիր գործ է, որ ունի այլ սևագիր տողեր և տարբերակներ…» (448):
Մեջբերվում են այդ սևագիր տողերը, ապա ասվում է. «Թղթի հակառակ երեսին գրել է՝
Չէ որ (Քանզի) քո հոգին ք ով է լեցուն…» (449):
Մեջբերվում է նաև հակառակ երեսին գրվածը: Ծանոթագրությունն ավարտվում է հետևյալ բառերով. «Թուղթն այստեղ պատռված է: Բանաստեղծությունը վերաբերում է Ստալինին» (449):
Միանգամից ասենք, որ «թղթի հակառակ երեսին» գրվածը «Նրա կնոջը» էպիգրամի սևագիր տարբերակ է և ըստ այդմ՝ կապ չունի «Հոտ է գալիս կրկին արյան» բանաստեղծության հետ, ոչ էլ վերաբերում է Ստալինին («հերոսուհին» Լևոն Արիսյանի կինն է):
Ինչ վերաբերում է «Հոտ է գալիս կրկին արյան» բանաստեղծությանը, այն առաջին անգամ հրապարակվել է ոչ թե 1988, այլ 1977 թվականին՝ «Բագին» ամսագրում (թիվ 12, էջ 114), երկրորդ անգամ՝ բեյրության նույն ամսագրում, 1985 թ. (թիվ 3, էջ 60): Հասկանալիորեն, հանդեսի խմբագրությունը ձեռքին չի ունեցել ինքնագիրը և տեքստը արտագրել է հայրենիքից եկած «զբոսաշրջիկի մը նոթատետրեն»: Այդ պատճառով երկու հրապարակումների մեջ էլ տեղ է գտել բնագրային շփոթ. «Հոտ է գալիս կրկին արյան» բնագիրը մեխանիկորեն միացվել է «Ճտքավոր կոշիկներ հագին» բանաստեղծության որոշ հատվածների հետ, և երկու տարբեր բնագրեր ներկայացվել են որպես մեկ ամբողջական կտոր: Թերևս նույն պատճառով «Բագինի» հրապարակումներից դուրս է մնացել 10-րդ տողը («Նո՛ր «Ջաբուլգան» է կառուցում»):
Միաժամանակ, տրամադրության տակ չունենալով հանդերձ Չարենցի ինքնագիրը, սփյուռքի չարենցագետները մեզ անհայտ «զբոսաշրջիկի» օգնությամբ կարողացել են վերծանել 9-րդ տողի առաջին բառը («Երկրագնդի»), որը ՆԷ-ում նշված է որպես անընթեռնելի:
Մատենագիտական պատկերն ամբողջացնելու համար ավելացնենք, որ բանաստեղծության առաջին երկու տողերը «անտիպ» նշումով տպագրվել են նաև Անահիտ Չարենցի «Չարենցյան մակագրություններ» հոդվածում («Սովետական գրականություն», 1987, թիվ 9, էջ 18):
Բնագրագիտական ճշտման կամ լրացման են ենթակա նաև «Հոտ է գալիս կրկին արյան…» բանաստեղծության սևագիր տողերը, որոնք ներկայացվել են ՆԷ-ի ծանոթագրություններում: Օրինակ՝ դյուրությամբ կարդացվում են որպես անընթեռնելի նշված հետևյալ երկու բառերը.

Որ
Հասած՝ վերին կամոքն Աստծո՝
Ցարերի գահն ահավասիկ,– (ՆԷ, 449)
Որ հեռավոր Քութայիսից
Հասած՝ վերին կամոքն Աստծու
Ցարերի գահն ահավասիկ (ԳԱԹ, Չֆ, թիվ 117)

Խնդրո առարկա բանաստեղծությունն ընթերցելիս անորոշության զգացում է առաջացնում յոթերորդ տողը՝ «Մարքսյան ահավասիկ»: Դրա և առհասարակ բնագրի որոշակիացման համար արձանագրենք, որ «Հոտ է գալիս կրկին արյան…» բանաստեղծության տարբերակներ են հրապարակվել չարենցյան անտիպների վերջին բոլոր հրատարակություններում, և դրանցում առկա բնագրային տարբերությունները պետք է դիտել որպես բնագրի պատմության և վերջնական հստակեցման հանգրվաններ:
2007 թ. լույս տեսած «Վերջին խոսք» գրքում, օրինակ, բանաստեղծությունն ունի վերնագիր՝ «Նզովք» (էջ 123): Բացի այդ՝ այն բաղկացած է տասներկու տողից, և խնդրահարույց տողը, որ արդեն 10-րդն է, շատ ավելի հստակ ու իմաստալից է.

Ձեռքին՝ Մարքսյան ավետարան…

Բառային և շարահյուսական տարբերություններ կան նաև այլ տողերում: Դրանք, ինչպես նաև ՆԷ-ում բացակայող տողերը («Մի Թեմուրի, կամ Աբբասի», «Անծայրածիր ծովում արյան») հուշում են, որ Անահիտ Չարենցի ներկայացրած այդ տարբերակն ավելի ամբողջական է, միգուցե նաև վերջնական (սկզբնաղբյուրը նշված չէ): Արժե այն մեջբերել ամբողջությամբ.

ՆԶՈՎՔ
Հոտ է գալիս կրկին արյան
Այս վարպետի եփած ճաշից:–
Վհո՞ւկ է սա հնադարյան,
Թե՞– շառավի՞ղ դաժանասիրտ
Մի Թեմուրի կամ Աբբասի,
Որ նախահոր խանդով լեցուն՝
Ցարերի գահն հասած այսօր
Անծայրածիր ծովում արյան՝
Ձեռքին՝ Մարքսյան ավետարան՝
Հրդեհների հուրհուր բոցում
Երկրագնդի մի փողոցում
Իր «Ջաբուլգան» է կառուցում…
(Ե. Չարենց, Վերջին խոսք, էջ 123)

Վերջապես, բանաստեղծության մի տարբերակ էլ տեղ է գտել 2012 թ. լույս տեսած «Գիրք մնացորդաց» ժողովածուի մեջ (էջ 127): Ըստ կազմողի՝ այն պահվել է Ռեգինա Ղազարյանի մոտ, հետո հանգրվանել Չարենցի տուն-թանգարանում: Բնագիրը, որ շատ մոտ է «Նորահայտ էջերում» տպագրվածին, դարձյալ բաղկացած է 10 տողերից, որոնցից յոթերորդը վերստին կրում է անորոշության և այն չցրող մեկնաբանության կնիքը. նրանում տարօրինակ կերպով առկա է պայմանանշան, որ երկու տարբեր ձևերով է նշվում ու բացատրվում ծանոթագրության մեջ:
Տպագրված տարբերակներում առկա են նաև թվագրման տարբերություններ: ՆԷ-ի ծանոթագրության մեջ արված է «Գրած պետք է լինի 1936 կամ 1937 թթ.», «Վերջին խոսք» գրքում հենց բնագրի ներքո սուրանկյուն փակագծերի մեջ առնված մոտավոր թվական է՝ 1936, իսկ «Գիրք մնացորդաց»-ում, ինչպես և ՆԷ-ում, դարձյալ ծանոթագրության մեջ, բայց արդեն խիստ որոշակիորեն ասված է, որ Չարենցը թվագրել է «26. X. 1936 թ.»: Բայց այդ պարագայում մեջտեղ են գալիս երկու էական հարցեր:
Նախ՝ եթե իրոք այդպես է, հեղինակային թվագրումը պետք է նշվեր հենց բնագրերի բաժնում՝ բանաստեղծության վերջում (Դ. Գասպարյանն իր կազմած երկու գրքում էլ միշտ վարվում է այդպես):
Երկրորդ՝ «26. X. 1936 թ.» թվագրումը, որ բացակայում է «Գիրք մնացորդաց»-ում զետեղված «Հոտ է գալիս կրկին արյան…» բանաստեղծության տակ, տեղ է գտել գրքում վերջինիս հաջորդող «Օ, ճիշտ է ասել Լենինն հանճարեղ» քառատողի ներքո: Այս անակնկալի աներևակայելի, բայց հաստատ բացատրությունն այն է, որ Դ. Գասպարյանը «Հոտ է գալիս կրկին արյան…» և նրանից աստղանիշով բաժանված «Օ, ճիշտ է ասել Լենինն հանճարեղ» կտորները համարում է մեկ բանաստեղծություն (վերջինը նշված չէ վերնագրերի ցանկում՝ «Բովանդակության» մեջ), բնագրագիտական մի լուծում, որ առնվազն կասկածելի է: Այն չի հիմնավորվում ո՛չ քննվող բանաստեղծության նախընթաց հրապարակումներով, ո՛չ երկու հատվածների պարզ համեմատությամբ: Ճիշտ է, ընդհանուր է դրանց հերոսը՝ Ստալինը, մոտ են «վարպետի» կամ «հմուտ խոհարարի» եփած ճաշերի այլաբանությունները, բայց խիստ տարբեր են երկու բնագրերի ոճաբանությունն ու չափը: Բավական է ասել, որ «Հոտ է գալիս կրկին արյան…» բնագիրը գրված է յամբական ութվանկանի, իսկ «Օ, ճիշտ է ասել Լենինն հանճարեղ» քառատողը՝ յամբ-անապեստյան տասվանկանի տողերով: Ավելացնենք նաև, որ «Օ, ճիշտ է ասել Լենինն հանճարեղ» գրվածքի ձեռագիրը (կամ դրա մի տարբերակը) պահվում է ԳԱԹ Չարենցի ֆոնդի մեկ այլ գործում՝ թիվ 56 թղթապանակում, ի դեպ, «Իջել է այսօր Հելիկոնն ամբողջ» բնագրի հետ միասին, բնագիր, որ, ինչպես հիշում ենք, Անահիտ Չարենցի ենթադրությամբ նույնպես մաս է կազմում Չարենցի «ստալինյան» պոեմի:
Այսպիսով՝ «Հոտ է գալիս կրկին արյան…» սկզբնատողով բանաստեղծությունը վերջին մոտ կես դարի ընթացքում ունեցել է փոքր ու մեծ տարբերություններով հատկանշվող 4-5 հրատարակություն: Դրանցում առկա վերնագրային ու բնագրային այլևայլ տարբերությունները ճիշտ գնահատելու և վերջնական գիտական տեքստը կազմելու համար հարկավոր է մեկտեղել բոլոր ձեռագրերը, կատարել դրանց գիտաքննական հետազոտություն: Խնդիրը վերջնական հանգրվանի բերելու ճանապարհին միջանկյալ օղակ կարող է լինել սևագիր ու մաքրագիր բոլոր ինքնագրերի լուսապատճենային հրատարակությունը:
Դարձյալ վերհիշենք, որ Ստալինի գործի և կերպարի չարենցյան ըմբռնումը խիստ բարդ է ու հակասական, և այն գաղափարական ու գեղարվեստական համարժեք մեկնաբանության կարող է ենթարկվել միայն համապատասխան բնագրերի վերջնական ճշգրտումից հետո: Այդ առումով հարցականներ ու կասկածներ է առաջացնում Եղիշե Չարենցի մեկ այլ «ստալինյան» բանաստեղծություն, որի բնագիրը սկսվում է «Բարձրավիզ կոշիկներ հագին…» բառերով: Ուզենք, թե չուզենք, այդ գործի գիտական համարվող առաջին հրատարակությունը վերստին տխրահռչակ «Նորահայտ էջեր» ժողովածուն է (էջ 131-132):
Ծանոթագրության մեջ ասված է. «Ինքնագիրը պահվում է ԳԱԹ, Չֆ, թիվ 118»:
Առաջին 22 տողը հրապարակվել է «Գարուն» ամսագրում՝ 1987, թիվ 4, էջ 39: Ամբողջությամբ հրապարակել է Դ. Գասպարյանը (տես՝ Չարենց և Ստալին.– ԳԹ, 1988, 15 հուլիսի, թիվ 29): Տես նաև՝ ՈՉ, էջ 263-264:
Թվագրել է՝ 1937, 4-8: Տպագրվում է ըստ ինքնագրի:
Բանաստեղծության մեջ Չարենցը կերտել է Ստալինի կերպարը որպես բռնակալի» (451):
ՆԷ-ում տպագրված 28 տողանոց բնագրի 1-21-րդ և 28-րդ տողերը նույնությամբ արտատպված են «Գարուն» ամսագրից: Վերջինում առկա է նաև «1936. XII» թվագրումը, որը գրքում փոխարինված է «1937, 4-8» թվագրումով:
Այս բնագրի հետ կապված են մի ամբողջ շարք բնագրագիտական կոպիտ սխալներ:
Որպես հիմք ընդունված ձեռագիրը (ԳԱԹ, Չֆ, թիվ 118) Դ. Գասպարյանի տպագրածի համեմատ ունի ակնհայտ տարբերություններ.
1. Կրում է ուրիշ անվանում՝ «Ճտքավոր կոշիկներ հագին…».
2. Ընդգրկում է տպագրված բնագրի միայն կեսը՝ 1-17 տողերը.
3. Անթվակիր է:
Չարենցյան ինքնագիրը բաղկացած է երկու թերթիկից: Առաջինը յոթ տողից բաղկացած մի հատված է.

Ճտքավոր կոշիկներ հագին,
Գալիֆե շալվար և ապա –
Կովկասյան նեղ գոտի կապած
Սև խալաթ՝ օձիքն ահագին,–

Մի ոտքը – Կրեմլի վրա հին,
Մյուսը – Ուրալի վրա,–
Ծառացել է կերպարանքը նրա

Երկրորդ թերթիկը սկսվում է նախորդի առաջին քառատողով: Փոքր-ինչ տարբեր է միայն չորրորդ տողը՝ «Բարձրօձիք խալաթ ահագին»:
Այնուհետև հաջորդում է «Բարձրավիզ կոշիկներ հագին…» սկզբնատողով հատվածը: Բայց նախ՝ այն անմշակ է և մեծ մասամբ ջնջված է հեղինակի ձեռքով: Ապա՝ ավելի ծավալուն է և մոտ տասը տողով գերազանցում է տպագրված բնագիրը: Վերջինից դուրս են թողնվել մասնավորապես այսպիսի տողեր.

…Մի ոտքը – Մոսկով –
Մյուսը – դրած Արագած…

…Բութ, չեչոտ, նեղճակատ, անթով –
Չուգունե գլխով մի կինտո…

Վերջապես, երկրորդ թերթիկն ավարտվում է արդեն չջնջված հետևյալ հատվածով.

Մի ոտքը դրած Վրաստան
Մյուսը – Վլադիվոստոկ,–
Գլուխը – ամպերին հասած,–
Բռնել է ահռելի, անթով
Կոլոսի նման քարակերտ,–
Մի չեչոտ, ցածրաճակատ… կինտո…

Կարելի էր մտածել, որ այստեղ արտագրված հատվածներն անտիպ են և փաստորեն հրապարակվում են առաջին անգամ: Սակայն իրականում այդպես չէ: Չարենցի ֆոնդի 118-րդ ինքնագրի չջնջված հատվածները, ավելի որոշակիորեն՝ «Ճտքավոր կոշիկներ հագին» և «Մի ոտքը դրած Վրաստան» տողերով սկսվող մասերը անկանոն դասավորությամբ (ընդմիջարկված են «Հոտ է գալիս կրկին արյան…» բնագրով) և աննշան վրիպակներով տպագրվել են «Բագին» ամսագրում 1977 թվականին (թիվ 12, էջ 114), ավելի փոքր ծավալով և դարձյալ նույն բնագրի հետ միակցված՝ նաև 1985 թ. (թիվ 3, էջ 60):
Չմոռանանք, որ «Բագինն» այդ հրապարակումներն արել է՝ «բոլորովին պատահաբար, զբոսաշրջիկի մը տետրակեն» արտագրելով ինչ-որ ճանապարհով Բեյրութ հասած մեքենագիր բնագրեր, և բնավ հնարավորություն չի ունեցել դրանք համեմատելու Չարենցի ձեռագրի հետ: Արդյունքում Ստալինին վերաբերող երկու տարբեր գործեր շփոթմամբ ընկալվել են որպես մեկ ամբողջություն:
Առնվազն տարակուսելի է թվում, սակայն, որ թեմատիկ նույն հիմքի վրա համանման մոնտաժում են թույլ տվել նաև իրենց հրապարակումներն «ըստ ինքնագրի» իրագործած հայրենի չարենցագետները՝ Անահիտ Չարենցը (նա է «Գարուն» ամսագրի 1987 թվականի հրապարակման հեղինակը, թեև ՆԷ-ի կազմողը այս անգամ ևս չի տալիս նրա անունը) և Դավիթ Գասպարյանը: Բանն այն է, որ և՛ «Գարունի» «Չարենցյան մասունքներ» ներածականով հրապարակման մեջ, և՛ «Նորահայտ էջերում» խնդրո առարկա գրվածքին վերջից մեխանիկորեն կցվել է Ստալինին վերաբերող մեկ այլ, բովանդակությամբ, պատկերներով և տաղաչափությամբ լիովին տարբեր բնագիր, որի առաջին տողն է՝ «Հսկա առաջնո՞րդ – Մարքսին հավասար»:
Փաստորեն Չարենցի հատկապես «ստալինյան» բանաստեղծությունների վրա ընկած է մի տեսակ նզովք, և տարածված ու սովորական մի բան է, ասենք, երկու տարբեր գործեր մի վերնագրի ներքո տպագրելու բնագրագիտական արատը:
Եթե Անահիտ Չարենցի գործադրած լուծումն ըստ էության անհասկանալի է (արդյո՞ք նա ձեռքին ունեցել է Չարենցի մեկ այլ ինքնագիր), ապա իր հրապարակման մեջ Գրականության և արվեստի թանգարանի Չարենցի ֆոնդը վկայակոչողը պարտավոր էր նշել, որ իր տպագրած բնագրի 18-28-րդ տողերը՝ «Հսկա առաջնո՞րդ – Մարքսին հավասար» տողից մինչև «Ինքնակալության աշխարհասասան ժառանգորդն է սա» տողը, քաղված են նույն ֆոնդի մեկ այլ գործից՝ 28-րդ թղթապանակի վերջին՝ 20-րդ թերթիկից: Դա Ստալինին նվիրված մեկ այլ, առանձին ստեղծագործություն է և իբրև այդպիսին էլ պետք է տպագրվի գալիք հրատարակություններում՝ տարանջատվելով «Բարձրավիզ կոշիկներ հագին» բանաստեղծությունից:
Ավելորդ չէ ճշտել նաև, որ տպագիր այդ 11 տողերի դիմաց ձեռագրում առկա են տարբեր թվագրումով գերազանցապես անմշակ կամ սևագիր, ջնջված տողեր ունեցող մի քանի տարբերակներ, որոնց ընդհանուր քանակը քսանհինգ տողից ավելի է:
«Նորահայտ էջերում» տպագրված «Բարձրավիզ կոշիկներ հագին…» աղավաղված-բռնակցված բնագիրը արատի կամ մոլորությունների անուղղելիության հայտնի օրենքով այլ գործերի նման նույնությամբ վերահրատարակվել է 1997-ին Չարենցի 100-ամյակի առիթով լույս տեսած մեծադիր ու շքեղակազմ «Ընտիր երկերում» (էջ 263-264):
1990-ական թվականներին պետական պահոցներում և առանձին անհատների մոտ պահվում էին Ստալինին դատապարտող տակավին անտիպ բանաստեղծություններ: Դրանցից մեկը «Ստալին» վերնագրով և «Իոհան Ահեղի ստվե՞րն է կրկին» սկզբնատողով, առաջին անգամ տպագրեց Անահիտ Չարենցը «Վերջին խոսք» հատորում (էջ 120): Քանի որ կազմողը չի նշում ձեռագրի սկզբնաղբյուրը, բնագրային հետագա ճշտումների և լրացումների ակնկալիքով հուշենք, որ այդ բանաստեղծության սևագիր տարբերակներ են պահվում Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Չարենցի ֆոնդում (թիվ 61):
Գրքի հաջորդ էջում Չարենցի դուստրը առաջին անգամ հրատարակել է նույն «Բարձրավիզ կոշիկներ հագին…» բանաստեղծության մեկ այլ, դարձյալ տարասեռ մասերից կազմված մի տարբերակ: Բայց հավանաբար զգալով նման միակցված բնագրի ոչ համարժեքությունը՝ նա տողատակին տալիս է հետևյալ կարևոր կողմնորոշումը. «Պահպանվել են այս բանաստեղծության բազմաթիվ սևագիր տարբերակներ» (նույն տեղում, էջ 121):
Հենց այդ բոլոր տարբերակների համախմբումն ու դրանց համեմատական քննությամբ էլ վերջնական տեսքի կբերվեն Չարենցի «ստալինյան» որոշ բանաստեղծությունների գիտական հրատարակության ջանքերը:
Նման մի քայլ էլ թերևս կարելի է համարել այն, որ վերոհիշյալ բռնակցված բնագիրը՝ հենց «Հսկա առաջնո՞րդ,– Մարքսին հավասար» վերնագրով, բայց բնագրային որոշակի տարբերություններով, արդեն որպես առանձին ինքնուրույն բանաստեղծություն է հրատարակել Դավիթ Գասպարյանը «Գիրք մնացորդաց» հատորում (էջ 162): Կասկածելին այն է միայն, որ համապատասխան ծանոթագրության մեջ նա այդ գործը համարում է ՆԷ-ում տպագրված ««Բարձրավիզ կոշիկներ հագին» բանաստեղծության պատառիկ»՝ չհիշելով, որ արդեն Երևանի Մատենադարանում պահվող այդ ձեռագրից բացի՝ կա նաև գրականության և արվեստի թանգարանում հենց «Հսկա առաջնո՞րդ,– Մարքսին հավասար» վերնագրով գրանցված բանաստեղծություն: Անպատեհն այն է նաև, որ նույն չարենցագետն ընդամենը 16 տարվա հեռավորությամբ բաժանված իր երկու գրքերի «Բովանդակության» մեջ որպես երկու առանձին գործեր է ներկայացնում Չարենցի մի բանաստեղծությունը և դրա կարծեցյալ «պատառիկը»՝ երկու տարբեր վերնագրերով:
Այս և նման շփոթությունները դեռ ինչ-որ կերպ կարող են արդարացվել չարենցյան ձեռագրերի ցրվածությամբ կամ տարբերակների շատությամբ: Նույն կարգին կարելի է դասել ԱՉԵ-ում որպես առանձին բանաստեղծություն տպագրված «Չնչին, ինչպես Արարատին նետած քար…» բնագրի՝ մեկ այլ ձեռագրի հիման վրա արված միակցումը Ստալինին փառաբանող «Ներբող առաջնորդին» բանաստեղծությանը, որ ՆԷ-ում առանց պարզաբանումների տպագրվելուց հետո նորերս ևս մեկ անգամ լույս տեսավ «Գիրք մնացորդաց» ժողովածուում (էջ 163)՝ դարձյալ առանց որևէ բացատրության:
Նույնը ակնհայտորեն չենք կարող ասել արդեն բացահայտ խոտանի դրոշմը կրող հրապարակումների մասին: Այդ կարգի է, ասենք, «Անակնկալ հանդիպում Պետրոպավլովյան ամրոցում» չափածո նովելի հանրահայտ սկզբնամասն իբրև նորահայտ բանաստեղծություն տպագրելը, որի հետևանքով 19-րդ դարի ցարական բռնակալության պատկերը թյուրիմացաբար ներկայացվում է որպես Ստալինի և 1937-ի բանաստեղծական պատկեր: Նման, միգուցե և ավելի սոսկալի պատկեր է ներկայացնում, <Հոգով> ուրախ են… և տխուր…» վերնագրով մի բանաստեղծության զետեղումը «Նորահայտ էջեր» գրքում (էջ 133): Դ. Գասպարյանն այս գործը երեք անգամ մատուցել է որպես Ստալինին վերաբերող գրվածք: Մամուլում, ապա և իր «Ողբերգական Չարենցը» գրքում տպագրված «Չարենցը և Ստալինը» հոդվածում այդ գործողությունը երկրորդելուց հետո նա արդեն «գիտական» հրատարակության դասին դասված «Նորահայտ էջերում» բանաստեղծության բովանդակությունը համառոտ շարադրում է՝ միանգամայն համոզված, որ Չարենցը պատկերել է ստալինյան ժամանակաշրջանը: Ծանոթագրության մեջ այդ մասին գրված է. «Իր ժամանակի բիրտ ու դաժան բարքերը նկարագրելիս Չարենցը հիշում է համաշխարհային քաղաքակրթության անցած ուղին, տալիս Հոմերոսի, Հիսուս Քրիստոսի, Աստծու, Էմանուել Կանտի, Յոհան Վոլֆգանգ Գյոթեի, Հիպոլիտ Թենի անունները, որոնք ներկա օրերի համար կարծես «սուտ» լինեն» (452):
Անցնում է տասը տարի, և հանրությանը հայտնի է դառնում, որ երկար ժամանակ որպես չարենցյան ստալինապատումի նմուշ մատուցված բանաստեղծության հեղինակը… Եղիշե Չարենցը չէ: Ճշտումն իրականացրել է Անահիտ Չարենցը: «Վերջին խոսք» հատորում զետեղելով այդ բանաստեղծությունը (ի դեպ, ուրիշ՝ «Մտքով տարբեր ու տարօրինակ» տող-վերնագրով)՝ նա տողատակի հղումով մատնանշում է, որ բնագիրը թարգմանություն է, հեղինակն է Թեոֆիլ Գոթիեն, այնինչ «Նորահայտ էջերում» այս թարգմանությունը տպագրված է որպես Ե. Չարենցի ինքնուրույն ստեղծագործություն» («Վերջին խոսք», էջ 314):
Չարենցագիտությունը դեռևս անելիք ունի փաստարկելու խնդրո առարկա բնագրի առնչությունը Գոթիեի (չարենցյան տառադարձությամբ՝ Գոտիյե) ստեղծագործության հետ և կատարելու բնագրագիտական անհրաժեշտ ճշտումներ: Եվ այնուամենայնիվ, Անահիտ Չարենցի անգամ փոքր-ինչ հպանցիկ ճշտման առկայությամբ անպատեհ է ֆրանսիացի բանաստեղծի բանատողերն ուղիղ հատկացումով Չարենցին վերագրելը, դրանց մեջ Ստալին և նրա ժամանակի բարքեր տեսնելը.

Աշխարհը ցուրտ է, և՛ դաժան, և՛ բիրտ է,
Մարդիկ անկիրթ են, իսկ ես – մենակ…

Նման զավեշտներից հնարավոր չափով խուսափելու ճանապարհը պետք է լիներ գիտական մտքի կարգապահությունը, որ հազվադեպ են դրսևորում թե՛ հռչակյալ չարենցագետները, թե՛ փառասիրական ու նյութական նույնպիսի ազդակներով առաջնորդվող հրատարակիչները:

1997 թվականին «Նաիրի» հրատարակչությունը լույս ընծայեց Չարենցի 100-ամյակին նվիրված մեծադիր ու շքեղակազմ մի ընտրանի, որով բարձրորակ թղթի վրա բազմացրեց և աշխարհով մեկ սփռեց խաթարված մի ամբողջ շարք բնագրեր՝ արտատպված «Նորահայտ էջեր» ժողովածուից:
2007 թ. արդեն Չարենցի ծննդյան 100-ամյակին և մահվան 70-ամյակին նվիրված «Վերջին խոսք» գրքով Անահիտ Չարենցն ու «Հայագիտակ» հրատարակչությունը փորձեցին որոշ չափով շտկել Չարենցի անտիպ ժառանգության հրատարակմանն առնչվող մոլորությունները: Բայց անցավ ևս հինգ տարի, և արդեն բոլորովին վերջերս՝ նույն 2012 թվականին, լույս տեսան միանգամից երկու գրքեր, որոնք դարձյալ խախտեցին հավասարակշռությունը: «Նաիրի» հրատարակչության թողարկած «Գիրք մնացորդաց» անհարիր վերնագրով (հանրահայտ է, որ այդ խորագրով ժամանակին իր անտիպները տպագրելու հղացում է ունեցել Պարույր Սևակը) ժողովածուն սխալներ ավելացրեց սխալներին: Իսկ «Անտարես» հրատարակչությունը դարձյալ բանաստեղծի 115-ամյակի առիթով լույս ընծայած եռահատորյակի երրորդ գրքում վերահրատարակեց չարենցյան անտիպ, բայց արդեն հրատարակված գործերը՝ նույն Դավիթ Գասպարյանի ձեռքով բազմացնելով ու տարածելով վերոհիշյալ գրեթե բոլոր այն սխալները, որ տեղ էին գտել Չարենցի այսպես ասած «ստալինյան» բանաստեղծություններում և մյուս գործերում:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *