ՀԵՆՐԻԿ ԷԴՈՅԱՆ | Կանգ առ, ես այստեղ եմ

Լուսանկարը՝ Կարեն Անտաշյանի

Լուսանկարը՝ Կարեն Անտաշյանի

Լույս է տեսել Հենրիկ ԷԴՈՅԱՆԻ “ԿԱՆԳ ԱՌ, ԵՍ ԱՅՍՏԵՂ ԵՄ” բանաստեղծությունների ժողովածուն:
Ժողովածուում տեղ են գտել բանաստեղծի վերջին շրջանի բանաստեղծությունները և ևս չորս բանաստեղծություն, որոնք գրվել են 1960-ական թվականներին, սակայն ոչ մի գրքում չեն տպագրվել: Գիրքը կարող եք ձեռք բերել Բուկինիստ գրախանութում և Գրողների միության հարևանությամբ գտնվող նոր գրատանը:

 

ԱՄԵՆ ԻՆՉ…
Կարող ես անել ամեն ինչ, երբ ոչինչ չկա անելու,
ամեն ինչ կարող ես ասել, երբ չունես ոչինչ ասելու,
կարող ես ամեն տեղ գնալ, երբ ոչ մի տեղ չունես գնալու:
Ամեն ինչ կարող է պատահել, երբ ոչինչ չի պատահում,
երբ ճիշտ է շուրջդ ամեն ինչ, ուրեմն ոչ մի բան ճիշտ չէ:
Երբ ժամանակը բացվում է քո առջև ոտից մինչև գլուխ,
ուրեմն դու այլևս ժամանակ չունես:
Ամեն ինչ ավարտված է:

 

ԱՆՄԱՏՉԵԼԻՆ
Անմատչելին այն է, ինչը կողքիդ է,
կարող ես մոտենալ, շոշափել, բայց դու
ձգտում ես ուրիշին: Անմատչելին այն է,
ինչը քեզ տրվում է այստեղ, այս պահին,
բայց դու փնտրում ես
նրան մի այլ վայրում: Անմատչելին
այն է, ինչի անունը
այնքան ես դու տալիս, որ նրան
էլ չես գտնում: Քեզ ինչ որ մեկը
խլում է քեզանից, դու ինքդ կորուստն ես քո:
Հավաքիր քո կյանքի
բոլոր բեկորները, այստեղից, այնտեղից, մոտեցրու
նրանց իրար, կառուցիր ինքդ քեզ
և չափիր ստվերը քո –
քո միակ անմատչելին:

 

ՄԻԱՍԻՆ ԵՍ ՈՒ ԴՈՒ
Թե ձեռք տամ քո լույսին
ես լույս կդառնամ
թե ձեռք տամ ստվերիդ
կդառնամ ստվեր
թե ձեռք տամ երազիդ
կդառնամ երազ
թե ձեռքս մոտեցնեմ
քո սիրո շրջանակին
ես սեր կդառնամ
լրիվ ամբողջովին
թե ձեռք տամ քո հոգուն
թե մտնեմ քո մեջ
միասին սիրելիս
կմեռնենք իրար հետ:

 

ԵՎ ԵՍ ՎԵՐՋ ՉՈՒՆԵՄ

Իմ գնացքը կանգ է առնում քո կայարանում:
Իմ նավը դանդաղ մոտենում է քո
նավահանգստին:
Իմ ցերեկն ավարտվում է քո գիշերվա մեջ:
Իմ խոսքերը սահում են թեք զառիթափից
քո պարզված ձեռքերում:
Իմ լռությունը կրկնվում է քո
գիտակցության մեջ:
Իմ քայլերն ընդհատվում են քո դռան առաջ,
որից այն կողմ չգիտեմ՝ ով է բնակվում:
Իմ ստվերն ընկնում է և անհետանում
քո ստվերի մեջ:
Իմ ժամանակը հոսում է դեպի քեզ,
քո մեջ անհետանում:
Իմ ունեցվածքը հենց այն է, ինչ դու
վերցնում ես ինձանից:
Եվ ես վերջ չունեմ:
Եվ չունեմ սկիզբ
քո ափերի մեջ:

 

***

Ես գնում էի, և ինձ հետ գնում էր իմ հոգին,
նա կամ ինձանից առաջ էր անցնում,
կամ հետ էր մնում, կամ հեռանում էր,
և կամ մոտենում,
խոսում էր և լռում…

Իսկ ես կարծում էի,
թե դա աշունն է շուրջս ծավալվում:

1966

Կանգ առ, ես այստեղ եմ

Share Button

Նշանաբառ՝

2 Կարծիք

  • Գրականագետ says:

    Բարձր եմ գնահատում Էդոյանի պոեզիան: Նա ստեղծել է իր գեղագիտությունը, ունի ասելիք, ասելու ձև:Ափսոս մեր երիտասարդ գրական սերունդը չի հասկանում, թե ինչ է նշանակում ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ: Գրում է ՌԵՊԻ տեքստ և մատուցում որրպես արդի պոեզիա: Տպագրվում է, ծափահարվում է, խրախուսվում… Մեղմացուցիչ հանգամանք՝ չկայացման-կայացման տարիքային միջակայքում լինելը… ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅՈՒՆ:

  • gevorg says:

    Սառը,անհոգի և ոչինչ չասոող մտավարժանքներ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *