Բելլա Ախմադուլինա | Տասնհինգ տղաներ

(1937- 2010)

1959 թվականին ռեժիսոր Էլդար Ռյազանովը նկարահանում է «Ճակատագրի հեգնանք կամ բաղնիքդ անուշ» կինոնկարը, որտեղ հնչում է Միքայել Թարիվերդիևի երգը՝ գրված Բելլա Ախմադուլինայի «По улице моей который год…» (Իմ փողոցում արդեն քանի տարի է) բանաստեղծության հիման վրա: Իսկ 1977-ին ռյազանովյան «Ծառայողական սիրավեպ» կինոնկարում հնչում է դարձյալ Ախմադուլինայի «О, мой застенчивый герой» (Օ՜, իմ ամոթխած հերոս) բանաստեղծությունը՝ այս անգամ արդեն որպես մենախոսություն: Իսկ 1984-ին Ռյազանովը Ալեքսանդր Օստրովսկու «Անօժիտը» պիեսի մոտիվներով նկարահանում է «Դաժան ռոմանս» կինոնկարը, որում հնչում է կոմպոզիտոր Անդրեյ Պետրովի «А напоследок я скажу…» (Իսկ վերջում ես կասեմ) երգը, որի բառերի հեղինակը դարձյալ Բելլա Ախմադուլինան է:
Բելլա Ախմադուլինան այն պոետն է, որին Իոսիֆ Բրոդսկին այսպես էր ներկայացնում իր ուսանողներին. «Հիմա դուք կլսեք ամենալավը, ինչ կա ռուսաց լեզվում»1: Իսկ նրա առաջին ամուսինը՝ պոետ Եվգենի Եվտուշենկոն ասել է. «Ես չգիտեմ, թե Աստված ինչպես է դասավորել տեղերը, բայց նա կլինի ինչ-որ տեղ Ցվետաևայի և Ախմատովայի հետ»2:
Այժմ խոսքը Ախմադուլինայի մեկ այլ բանաստեղծության մասին է, որը վերնագրված է «Տասնհինգ տղաներ»:
Եթե փորձենք հաշվել, թե աշխարհի ինչքան բանաստեղծություններում է խոսվում սիրեցի, չսիրեցի, էլ չեմ սիրում, ես մենակ եմ թեմաներով, ապա դա անհնարին կլինի: Եվ տիեզերական անսահմանության մեջ ընդամենը մի «խամրած երկնագույն» փոշեհատիկի չափ երևացող մեր մոլորակում է, որ միլիոնավոր դարեր տեղի են ունենում այսքան տառապանքներ, ցավեր ու դավաճանություններ: Իսկ հիմա Բելլա Ախմադուլինա.

 

ՏԱՍՆՀԻՆԳ ՏՂԱՆԵՐ

Տասնհինգ տղաներ, իսկ գուցե ավելի,
իսկ գուցե և պակաս տասնհինգից,
վախեցած ձայնով
ինձ ասում էին.
«Գնանք կինո կամ թանգարան կերպարվեստի»:
Ես պատասխանում էի նրանց մոտավորապես ահա թե ինչ.
«Ժամանակ չունեմ»:
Տասնհինգ տղաներ ինձ ձնծաղիկներ էին նվիրում:
Տասնհինգ տղաներ սրտաբեկ ձայնով
ինձ ասում էին.
«Ես երբեք չեմ դադարի սիրել քեզ»:
Ես պատասխանում էի նրանց մոտավորապես ահա թե ինչ.
«Տեսնենք»:

Տասնհինգ տղաներ հիմա հանգիստ ապրում են:
Նրանք կատարել են ծանր պարտավորությունը
ձնծաղիկների, հուսահատության և նամակների:
Նրանց սիրում են աղջիկներ՝
ոմանք ավելի գեղեցիկ, քան ես,
ոմանք՝ պակաս գեղեցիկ:
Տասնհինգ տղաներ չափից շատ ազատ, իսկ երբեմն չարախնդորեն են
ողջունում ինձ հանդիպելիս,
ինձ հետ հանդիպելիս ողջունում են
իրենց ազատագրումը, կանոնավոր քունն ու սնունդը…
Իզուր ես դու գնում, վերջի՛ն տղա:
Բաժակի մեջ կդնեմ քո ձնծաղիկները,
և նրանց հաստարմատ ցողունները կծածկվեն
պղպջակներով արծաթե…
Բայց հասկացի՜ր, և դու կդադարես սիրել ինձ,
և, հաղթելով ինքդ քեզ, հետս կխոսես գոռոզաբար,
ասես թե հաղթել ես ինձ,
իսկ ես կգնամ փողոցով, փողոցով…

Ռուսերենից թարգմանեց Քրիստինե Դադյանը

1. http://foma.ru/50-velikih-stihotvoreniy-bella-ahmadulina-na-motiv-ikosa.html
2. Նույն տեղում:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *