ՏԱԹԵՎ ՔՈՉԻՆՅԱՆ | Բանաստեղծություններ

Տաթև Քոչինյան***

Երբ որ պաշտամունքս դառնում է “Երգ”,
Մրմնջում է նվագն օրորոցին թեքված մի աղոթքի նման
Եվ “Ի խորոց սրտի” բարձրանում է դեպի ՆԵՐՈՒ՜ՄՆ անանձնական։

Երբ որ պաշտամունքս դառնում է “ԼՈՒՅՍ”,
Չքանում է անդարձ դառնությունն այս խավար իմ հայրենի հողից,
ՈՒ նվագիդ ցավով լուսե մատներիդ տակ Արեւնե՜ր են ծնվում քո Ծիրանի փողից…

Երբ որ պաշտամունքս դառնում է “ՍՈՒՐԲ”,
Հեշտ է դառնում ասես ապրելն այս աշխարհում, հեշտ ու նախատեսված,
Հասկանում ենք մենք էլ, որ քո աստվածային շնորհից ենք ստեղծված։

Երբ որ պաշտամունքս դառնում է ՙՙԾԵՍ՚՚,
Բաժակներն են ծանր ելնում իրենց տեղից ու մեզ ոտքի հանում,
Համոզմունքով խոնարհ կենացի տեղ ասում “Ալ վարպետ ես, ջանըմ”։

Երբ որ պաշտամունքս դառնում է “ՍԵՐ”,
Քո նվագն է հպվում իմ շուրթերին, թաքուն համբույրի պես դողում,
Վարպետի ձեռքն ինչպես իր ավարտած Խաչի ծաղկած թեւն է շոյում։

Երբ որ պաշտամունքս դառնում ես “ԴՈՒ՛”,
Վաղուց ծնված մի շունչ, ու անավարտ կյանքի կորած մի պատմություն
Ծվարում է թաքուն քո մեղեդու վերջին ելեւէջում անտես, որ…տանես տուն…

***
Լռեցրու՛ ցավս,
Թող որ աղոթքս վերև բարձրանա իմ այս չարատանջ գիշերվա խորքից,
Քո մերկ ձեռքերով իմ սիրտը վառվող ածխի պես հանի՜ր իր մոխրկույտից…
Լռեցրու՛ ցավս,

Ձեռքդ դի՛ր, սեղմի՛ր,
Հանգչող մոմի պես թելը սպառած, արնաքա՜մ եղած այս տառապանքին,
Ու իր անսահման ցավով տրոփող իմ գրչի տակից ձգվող երակին
Ձեռքդ դի՛ր, սեղմի՜ր.

Հանգցրու՛ հիմա
Բոլոր աստղերը, ու ոչ մի երազ թող էլ չծնվի մաշված այս հողում,
Այս գիշեր լինի աշխարհի համար մեռած սրտերի գերագու՜յն թաղում…
Հանգցրու՛ հիմա,

Մեկ է, հանգչու՜մ են
Ե՛վ տղամարդու ձեռքի տակ ծնվող, ձեռքի մեջ ապրող թրթիռը կնոջ,
Ե՛վ մեզ հարազատ հանգրվան դարձած՝ հեռվից տուն կանչող աչքերն ընկերոջ…
Ո՜ղջը անցնում է…

Հանգցրու՛ հիմա
Բոլոր լույսերը, բոլոր հույսերը հանգցրու՛ հիմա, բացիր քո հոգի՜ն,
Քո ամենամութ, քո սեվ կողմերը լցրու՛ իմ ցավով, պարզի՜ր երկնքին…
Ու Նա կգթա…

Նա ի՛նքն է դրել
Մահկանացուի հողե պատանքում ամփոփված այսքան լու՜յսը վայրենի,
Որ մի որ ամպը ճեղքող շողի պես այս կույր խավարը ցիրուցա՜ն անի…
Նա ինքն է տվել…

Ինքն էլ կտանի
Ե՛վ լույս, ե՛վ խավար, ե՛վ տանջանք, ե՛վ խինդ… ո՜ղջը կտանի… կթողնի թեև
Սու՜տ ապրած կյանքի մի ճշմարտություն, մի հի՜ն պատմություն, որ մերն է նաև…
Ու բոլորինն է…

Ցա՛վդ լռեցրու….

***

Պանդուխտ է հոգիս՝ բանտարկված էսպես օտար եզերքում,
Երկինք է նայում ու աղոթում է ՝ Աստված իմ, գթա՛,
Էնտեղ ուր մարդուս տված քո անափ ցավն է մորմոքում,
Բանտ է քո սերն ու, փրկություն չկա՜…

Ժամանակն անգամ ամենակարող մեռնում է իմ մեջ,
Մնում է հուշը Դսեղի ձորում, Դեբեդը մաքուր,
Արծիվներն հզոր իշխում էին երկինքն ու դաշտերն անվերջ,
Հող էր քո սերն ու հողից բխող ջուր…

Հիմա հոգիս է մաղվում հողի պես… ու գիտես թեև
Ցավն է բզկտվել ճամփեքիս բուսած ամեն մի խոտից,
Երկնքում բացվող լույսի մեջ ծնվող օրվա հետ թեթեվ,
Տարրալուծվում է սերդ… ու կյանքը քաղցր է նորից.

***

Եվ գուցե միայն այն է իրական,
Ինչ թաքցնում ենք մեր իսկ անհատակ անդունդի խորքում,
Ու այն տիրելու, այնտեղ հասնելու
Ամեն մի լույսն ու ճրագը հերքում:

Ու շուրջն ամեն ինչ, հյուսված առօրյա
Ժամերը քանդող ու վերակազմող խճանկարից,
Ունայնությունն է, որ փշրվում է
Անդունդի լանջով անվերջ գլորվող Սիզիֆյան քարից:

Մնում է լույսն այն ծիածանագույն,
Որ մեր երազում ծաղկաթերթերով արտասվող ծառի
Դողն է նկարում աչքերում մարդու,
Ջերմացնող դողը, որ արցունքն հոգու խորքում չսառի՜…

Ու մի ծաղկագիր մատյանի նման
Թերթերն այդ մի օր մեր սրտից հանում, քամու՜ն ենք տալիս՝
Մի վերջի՜ն-վերջի՜ն համբույրի նման՝
Մեր օրհնանքի հետ արեվի լույսին հրաժեշտ տալիս:

Քանզի այդ պահին, երբ փշրանք-փշրանք
Լցվում է արդեն այդ ամենակուլ անդունդը հոգու,
Երբ մեր մաշկի տակ
Առօրյա վազքի քնաբեր թույնից զտված ԻՐԱԿԱՆ ցավն է մորմոքում,

Մենք ժպտու՜մ ենք…
Լու՜ռ… մի երանությա՜մբ… Երկինքը գտած, թեվերն ազատած ճախրանքով վերին,
Ու կապու՜յտ-կապու՜յտ աստղերն են հալվում
Հրեշտակների փեշերին դիպչող մեր տաք մատներին…

***

Երկինքն ամպել է, ամպերը՝ դիզվել, կապույտի ոչ մի թել չի երեվում,
Կյանքն սպանել է մի փոքրիկ թռչուն ու թողել հողին…
Թեվերից փափուկ արյուն է ծորում…

Ոչ ոք չգիտի՝ գարու՞ն է, աշու՞ն,
Գյուղն արթնացել է իր եռուզեռում,
Լույսը ածխահոտ հազիվ բացում է աչքերը քնատ,
Նայում է թռչնին ու փակում էլի…
Երկինքն ամպած է, օրը կանձրեվի…

Մի անտես երգ է հոսում արյան հետ փափուկ թեվերից
Ու լուծվում օդում,
Տարածվում գյուղին ու ծոր է տալիս մի տաք մուղամաթ…
Երկինքն ամպել է, կապույտի ոչ մի թել չի երեվում,
Ողորմի թռչնին ու… Փա՜ռքդ շատ, կյա՛նք…

***

Առավոտը բացեց թեվերը մուգ կապույտ երկնքի բաց սրտին,
Դու չես նայում վերև,
Թևաբախման թափից մի կայծ աստղիկ պոկվեց ու զրնգաց գետնին,
Դու չես նայում վերև,

Լու՜ռ հորանջեց գյուղը, ու ածխահոտ ծուխը ձգվեց երդիկներից,
Դու չես նայում վերև,
Լույսն աչքերը բացեց, ու վառվելով փախա՜ն ամպերն հորիզոնից…
Դու չե՛ս նայում վերև…

Թռչունները խելառ փաթաթվեցին իրար, համբուրվեցին բարձրում,
Դու չե՜ս նայում վերև,
Բողբոջ տերևներից արցունքն առավոտվա երկի՜նք է համբարձվում…
Դեռ չե՜ս նայում վերև…

Ինչքա՜ն ես ծերացե՜լ, ինչքա՜ն ես ծանրացել…
Ե՞րբ եմ լքել ես քեզ,
Ե՞րբ ես լքել դու ինձ,
Բա ” Կտոր մը երկինք” քո մեջ չի՞ մնացել…
Ու՞մն է պաշտամունքդ,
Ու՞ր ես նայու՜մ…Հոգի՛ս…

***

Աչքերս փակեմ, ու այնպես լինի,
Որ երկնքի մեջ ստվերս տեսնեմ,
Չորացող խոտի բուրմունքը լինի,
Ու հորիզոնում ՝ լեռնե՜ր ու լեռնե՜ր…

Աչքերս բացեմ, ու այնպես լինի,
Որ այս երազը անհետ չքանա՜,
Սիրտ ս քրքրող կարոտից այս հին
Միայն չոր խոտի բուրմունքը մնա…

***

Բալենու լույս ծաղկաթերթեր եմ հավաքել
Ու փռում եմ սիրո կարոտ մեր սնարին,
Տարածում եմ նուրբ սավանին, ոտքերիդ տակ…
Սերդ եմ երգում… երգս լսիր, սե՛ր իմ, արի՜…

Թանկագի՛նս, քոնն է անքուն գիշերը այս,
Քոն է լուսնի կաթը անուշ, դողն աստղերի…
Պատուհանից ներս կթեվեն երգ ու երա՜զ…
Սերդ եմ ուզում, կանչս լսի՜ր, սե՛ր իմ, արի՜…

Թող երկինքը էլ չվառվի արշալույսից,
Ու արեվը հանգած մնա հազար տարի…
Ապրի՛ր իմ մեջ, կյանքդ քամի՜ր իմ շուրթերից,
Լույսդ ցանի՜ր խավարիս մեջ… սե՛ր իմ, արի՜…

Իմ կարոտը երգ է դարձել, քնքշանքս՝ ցող,
Խմի՜ր, խմի՜ր մարմինս ծով, հուրս քամի՜ր,
Քո աչքերի այդ ծարավը ահագնացող
Ու ձեռքերիդ դո՜ղն եմ երգում, սե՜րս, արի՜…

Արի՜, ու թող տառապանքը քո հագենա,
Քեզ քայքայող ցավը ինձնով լցվի, մարի՜…
Ու երբ քնես, արցունքներդ թող չորանան՝
Ծաղկաթերթի նման փռված իմ սնարին…

 

Իրիկնային բալլադ

Այգիս ձմռան լույսից պայծառացավ մեկեն,
Նորատունկ ծառերս խաղաղ մտել են քուն,
Աղջկաս ձեռքն առնեմ դանդաղ ճամփա ընկնեմ
Դեպի երկնի սրտից բխող մաքուր առուն:

Ես լույս առնեմ ջրից իմ կարոտած բռով,
Աղջիկս ձյան տակի ծիլերը հավաքի,
Ու հետ դառնանք մենք նույն երազ ճանապարհով,
Մինչ կտուրին մեր տան մայրամուտը ծագի…

Լույսի կաթիլներով ես շիվերը ջրեմ
Ու փառք տամ բնության զորությանը անհաս,
Եկեղեցու զանգերն հեռվից հնչե՜ն, կանչե՜ն,
Խաչակնքեմ դեմքս,հետո էլ՝ աղջկաս…

Share Button

Նշանաբառ՝

5 Կարծիք

  • es says:

    …լուրջ ռեսպեկտուրայի կարիք ունեն այս բանաստեղծությունները, սահյանական բուրմունքի մոտով անտարբեր անցնելը կրակ է…կեցցեք՜ Տաթև…

  • Տաթեվ says:

    Շնորհակալություն 🙂

  • Պերճ Դարբինյան says:

    Հիանալի է:Ոնց որ ասում են (քեֆս բերեց):

  • Տաթեվ says:

    Շնորհակալ եմ

  • samvel zohrabyan says:

    Չորացող խոտի բուրմունքը լինի,
    Ու հորիզոնում ՝ լեռնե՜ր ու լեռնե՜ր…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *