Յունաս Յունասսոն | Հարյուրամյա ծերուկը, որ բարձրացավ պատուհանին և անհետացավ

Զանգակ հրատարակչություն, Շվեդերենից թարգմանությունը Աշխեն և Արծվի Բախչինյանների

ԳԼՈՒԽ 1

Երկուշաբթի, մայիսի 2, 2005

Կարելի էր կարծել, թե նա վաղուց էր որոշում կայացրել և դրա մասին հայտնել շրջապատին։ Բայց Ալան Կառլսոնը նման բաների մասին երկար չէր մտածում։

Այնպես որ հազիվ էր այդ գաղափարը ծագել ծերուկի գլխում, երբ նա բացեց Մալմշյոփինգի տարեցների տան առաջին հարկի իր սենյակի պատուհանը և իջավ դուրս՝ ծաղկամարգի մեջ։

Այս քայլը բավական ջանք պահանջեց, և դա տարօրինակ չէ, քանի որ այդ նույն օրը լրացավ Ալանի հարյուր տարին։ Մեկ ժամից պակաս էր մնացել, մինչ ծերանոցի հյուրասենյակում կսկսվեր նրա տարեդարձի հավաքույթը։ Ներկա էր լինելու ինքը՝ քաղաքագլուխը։ Նաև տեղական թերթից։ Ինչպես նաև բոլոր մյուս ծերերը։ Եվ ողջ անձնակազմը՝ զայրացկոտ քույր Ալիսի գլխավորությամբ։

Միայն գլխավոր գործող անձն է, որ գնալու միտք չունի։

ԳԼՈՒԽ 6

Երկուշաբթի, մայիսի 2 – երեքշաբթի, մայիսի 3, 2005

* * *

Երեկոն դարձավ գիշեր, գիշերը դարձավ առավոտ։ Ալանը բացեց աչքերը, բայց չհասկացավ, թե որտեղ է։ Ուրեմն ի վերջո նա քնած տեղը մահացա՞վ։

Մի սրտալից արական ձայն նրան բարի առավոտի ողջույն տվեց ու ասաց, որ երկու լուր ունի հաղորդելու, մեկը՝ լավ, մյուսը՝ վատ։ Ո՞րն է ուզում առաջինը լսել։ Բայց նախ Ալանն ուզում էր հասկանալ, թե որտեղ է ինքը և ինչու։ Ծունկը ցավում է, ուրեմն դեռ ապրում է։ Բայց նա ի՞նչ է արել… իսկ հետո՞ ինչ… և… այս մարդու անունն ի՞նչ էր, Յո՞ւլիուս…

Մաս առ մաս ամեն ինչ ընկավ իր տեղը, Ալանն արթնացավ։ Նա պառկած էր ներքնակի վրա՝ Յուլիուսի ննջարանում։ Յուլիուսը կանգնած էր դռան շեմին՝ դեմքով դեպի սենյակը, ու կրկնեց իր հարցը։ Ալանը սկզբում ուզում է լսել լա՞վ, թե՞ վատ լուրը։

— Լավը,— ասաց Ալանը:— Վատը կարող ես բաց թողնել։

«Լավ»,— մտածեց Յուլիուսը և հայտարարեց լավ լուրը, որ խոհանոցում նախաճաշի սեղանը պատրաստ է։ Սուրճ, իշայծյամի մսով բուտերբրոդ և հարևաններից գնված ձու։

Պատկերացրեք, որ Ալանը կյանքում նորից պիտի առանց շիլա նախաճաշի։ Դա իսկապես լավ լուր է։ Երբ նա նստեց խոհանոցի սեղանի մոտ, զգաց, որ նույնիսկ պատրաստ է լսելու վատ նորությունը։

— Վատ լուրը,— ասաց Յուլիուսը՝ ձայնը թեթևակի իջեցնելով,— վատն այն է, որ երբ մենք երեկ խմեցինք, մոռացանք անջատել սառնարանի օդափոխիչը։

— Ե՞վ,— հարցրեց Ալանը։

— Եվ… տղան հիմա մեռած կլինի։

Ալանն անհանգիստ քորեց պարանոցը, մինչև որ կորոշեր՝ թույլ տա՞լ արդյոք, որ այդ լուրը փչացնի իր օրը։

— Վատ է,— ասաց նա:— Բայց պիտի ասեմ, որ քեզ հաջողվել է շատ լավ ձու խաշել՝ ո՛չ շատ պինդ, ո՛չ էլ շատ թույլ։

 ԳԼՈՒԽ 16

1948–1953

Այգու նստարանին՝ Կառլսոնի կողքին նստած մարդը հենց նոր անգլերենով ասաց. «Բարի օր, պարո՛ն Կառլսոն»,— և դրանից Ալանը երկու հետևություն արեց։

Նախ, որ մարդը շվեդ չէ, այլապես նա հավանաբար կփորձեր շվեդերեն խոսել։ Երկրորդ, որ նա գիտի, թե ով է ինքը, քանի որ հենց նոր Ալանին կոչեց իր անունով։

Մարդը պաշտոնական հագուստով է՝ սև եզրակով մոխրագույն գլխարկ, մոխրագույն վերարկու և սև կոշիկներ։ Շատ հնարավոր է, որ գործարար լինի։

Թվում էր՝ բարեկամաբար էր տրամադրված, և որոշակիորեն մտքին մի բան կար։ Ուստի Ալանը անգլերեն ասաց.

— Հնարավոր է, որ իմ կյանքը նոր շրջադարձային փուլ մտնի։

Մարդը պատասխանեց, որ այդ հնարավորությունը չի բացառվում, բայց ընկերական տոնով ավելացրեց, որ դա կախված է պարոն Կառլսոնից։ Համենայն դեպս, այդ մարդուն հանձնարարել են հանդիպել պարոն Կառլսոնին և նրան աշխատանք առաջարկել։

Ալանը պատասխանեց, որ այս պահին իր վիճակը շատ լավ է, բայց, իհարկե, ինքը չի պատրաստվում կյանքի մնացած մասն անցկացնել այգու նստարանին նստած։ Հետո հարցրեց, թե արդյոք շատ կլինի, եթե հարցնի հանձնարարությունը տվողի անունը։ Ալանը նկատի ուներ, որ իրեն ավելի հեշտ կլինի այո կամ ոչ ասել այն դեպքում, եթե իմանա, թե ում է ասում այդ «այո»–ն կամ «ոչ»–ը։ Մարդը նույն կարծիքին չէ՞։

Մարդը լիովին համաձայն է, բայց նրա գործատուն փոքր–ինչ հատուկ է, և կնախընտրեր անձամբ ներկայանալ։

— Բայց ես պատրաստ եմ Ձեզ անհապաղ ուղեկցելու գործատուի մոտ, եթե Ձեզ հարմար է։

«Ինչո՞ւ ոչ,— մտածեց Ալանը,— կարելի է»,— և տեղեկացավ, որ դա այստեղից քիչ հեռու է։ Եթե պարոն Կառլսոնը ցանկանում է վերցնել իր իրերը հյուրանոցի սենյակից, մարդը խոստանում է սպասել միջանցքում։ Նա կարող է նաև Կառլսոնին հետ բերել հյուրանոց, որովհետև իր մեքենան և վարորդը կանգնած են հյուրանոցի կողքին։

Մեքենան նորաձև էր՝ ամենավերջին մոդելի կարմիր Ֆորդ Կուպե։ Եվ անձնական վարորդով։ Նա լռակյաց էր և այնքան ընկերական չէր թվում, որքան ընկերական մարդը։

— Կարծում եմ՝ կարող ենք սենյակի հարցը մեջտեղից հանել,— ասաց Ալանը:— Ես սովոր եմ թեթև ճանապարհորդելուն։

— Հարց չկա,— ասաց ընկերական մարդը և թմփթմփացրեց վարորդի ուսին, ինչը նշանակում էր՝ «քշի՛ր»։

Ճամփան նրանց տարավ Դալարյո, որը ոլորապտույտ ուղիով մեկ ժամվա ճանապարհ էր դեպի հարավ։ Ալանը և ընկերական մարդը խոսում էին դեսից–դենից։ Ընկերական մարդը բացատրում էր օպերային արվեստի անսահման մեծությունը, մինչ Ալանը պատմում էր, թե ինչպես է կտրել–անցել Հիմալայները և չի սառցակալել։

Արդեն մայրամուտ էր, երբ կարմիր Ֆորդ Կուպեն թեքվեց դեպի մի փոքրիկ բնակավայր, որը ամռանը վայելում է խութակղզիների զբոսաշրջիկների սերը, իսկ ձմռանն այնքան մութ և լուռ է, որքան հնարավոր է պատկերացնել։

— Ահա թե որտեղ է ապրում Ձեր գործատուն,— ասաց Ալանը։

— Ոչ այնքան,— ասաց ընկերական մարդը։

Ընկերական մարդու ամենևին ոչ ընկերական վարորդը ոչինչ չասաց։ Նա պարզապես Ալանին և ընկերական մարդուն հասցրեց Դալարյոյի նավահանգիստ և հեռացավ։ Դրանից առաջ ընկերական մարդը հաջողացրել էր դուրս բերել իր մուշտակը Ֆորդի պահոցից, որը ձեռքի ընկերական շարժումով գցեց Ալանի ուսերին՝ միաժամանակ ներողություն հայցելով, որ ստիպված են մի փոքր քայլել այդ ձմեռվա սառնամանիքին։

Ալանն այն մարդը չէր, որ անտեղի հույսեր կապեր (կամ, տվյալ դեպքում, ընդհակառակը) այն բանի հետ, ինչը դեռ պիտի կատարվեր հետագայում։ Ինչ լինելու է՝ լինելու է։ Իմաստ չունի նախապես երկար–բարակ մտածել։ Այդուհանդերձ, Ալանը զարմացավ, երբ ընկերական մարդը նրան առաջնորդեց Դալարյոյի կենտրոնից դուրս` սառույցներով դեպի խութակղզիների բացարձակ ձյութի պես սև երեկոն։

Ընկերական մարդն ու Ալանը շարունակ քայլում էին։ Երբեմն ընկերական մարդը վառում էր իր լապտերը և մի փոքր վառ պահում ձմեռվա մթության մեջ, մինչև որ կողմնացույցով գտնում էր ճիշտ ուղղությունը։ Ամբողջ ճանապարհին նա չէր խոսում Ալանի հետ, փոխարենը պարզապես բարձրաձայն հաշվում էր իր քայլերը մի լեզվով, որ Ալանը առաջին անգամ էր լսում։ Տասնհինգ րոպե այսպես արագ դեպի բացարձակ դատարկությունը քայլելուց հետո ընկերական մարդն ասաց, որ արդեն հասել են։ Նրանց շուրջը մթություն էր, բացառությամբ հեռավոր կղզում առկայծող լույսի։ Ընկերական մարդը տեղեկացրեց, որ հարավարևելյան կողմից լույսը Շիմենդյո[1] կղզուց է, որը, որքանով իրեն հայտնի է, շվեդ գրականության պատմության համար մեծ կարևորություն ունի։ Դա Ալանին հայտնի չէր, և դրանից ավելի նրանք չհասցրին քննարկել, քանի որ նրանց ոտքերի տակ գետինը (կամ ավելի շուտ սառույցը) հանկարծ փլուզվեց։

Ընկերական մարդը հնարավոր է, որ սխալ էր հաշվարկել։ Կամ էլ սուզանավի նավապետը ճիշտ այնքան ճշգրիտ չէր, որքան պետք է լիներ։ Ինչ որ է, երեք հարյուր ոտնաչափ երկարությամբ մի նավ ճեղքեց սառույցը Ալանից և ընկերական մարդուց շատ մոտիկ։

Նրանք ընկան մեջքի վրա և համարյա հայտնվեցին սառցե ջրում։ Բայց շուտով Ալանին օգնեցին իջնելու մի տաք տեղ։

— Լավ, հիմա տեսնում եք, չէ՞, թե ինչպիսի ողջամտություն է օրը չսկսել գուշակելով, թե ինչ կարող է պատահել,— ասաց Ալանը:— Ի վերջո ինչքա՞ն երկար պիտի գուշակություն անեի, մինչև որ վերջապես կարողանայի գուշակել։

Այժմ ընկերական մարդը մտածեց, որ այլևս այդքան գաղտնապահ լինելու կարիք չկա։ Նա Ալանին ասաց, որ իր անունը Յուլի Բորիսովիչ Պոպով է, և որ ինքը աշխատում է Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության համար, որ ինքը ֆիզիկոս է և ոչ քաղաքական գործիչ կամ ռազմական պաշտոնյա, և որ իրեն ուղարկել են Ստոկհոլմ՝ համոզելու պարոն Կառլսոնին իր հետ Մոսկվա գնալ։ Յուլի Բորիսովիչին ընտրել էին այս առաքելության համար՝ հաշվի առնելով պարոն Կառլսոնի հնարավոր դժկամությունը, որը Յուլի Բորիսովիչը իր ֆիզիկոսի անցյալով երևի կարող էր հաղթահարել, ասել կուզենք, որ պարոն Կառլսոնը և Յուլի Բորիսովիչը խոսում են, այսպես ասած, միևնույն լեզվով։

— Բայց ես ֆիզիկոս չեմ,— ասաց Ալանը։

— Կարող է պատահել, բայց ես իմ աղբյուրներից տեղեկացել եմ, որ Դուք գիտեք մի բան, ինչը ես ինքս էլ կցանկանայի իմանալ։

— Իսկապե՞ս։ Եվ ի՞նչն է դա։

— Ռումբը, պարո՛ն Կառլսոն։ Ռո՛ւմբը։

* * *

Մարշալ Բերիայի՝ Մոսկվայի գրասենյակը Կրեմլի պատերից ներս էր. ընկեր Ստալինն էր այդպես ցանկացել։ Մարշալը անձամբ միջանցքում դիմավորեց Ալան Կառլսոնին և Յուլի Բորիսովիչին։

— Սրտանց ողջունում եմ Ձեզ, պարո՛ն Կառլսոն,— ասաց մարշալ Բերիան և սեղմեց նրա ձեռքը։

— Շնորհակալ եմ, պարո՛ն մարշալ,— ասաց Ալանը։

Մարշալ Բերիան այն մարդկանցից չէր, ովքեր կարող են նստել և անվերջ շաղակրատել դատարկ բաների մասին։ Նրա կարծիքով կյանքը չափազանց կարճ է դրա համար (և բացի այդ՝ նա շփման համար անընդունակ էր)։

Ուստի նա Ալանին ասաց.

— Ինձ ճի՞շտ են զեկուցել, որ Դուք, պարո՛ն Կառլսոն, համաձայն եք օգնելու Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությանը ատոմային զենքի հարցում հարյուր հազար ամերիկյան դոլարի դիմաց։

Ալանը պատասխանեց, որ շատ չի մտածել գումարի մասին, սակայն սիրով ձեռք կմեկնի Յուլի Բորիսովիչին, եթե նա օգնության կարիք ունենա, և թվում է՝ նա այդ օգնության կարիքն իրոք ունի։ Բայց լավ կլինի, որ պարոն մարշալը կարողանա սպասել մինչև հաջորդ օրը, որովհետև ինքը այսօր չափազանց շատ է ճամփորդել։

Մարշալ Բերիան պատասխանեց, որ ինքը հասկանում է, որ ճանապարհորդությունն ինչ–որ տեղ հոգնեցուցիչ է եղել պարոն Կառլսոնի համար: Նա հայտնեց, որ շուտով իրենք ճաշելու են պարոն Ստալինի հետ, որից հետո պարոն Կառլսոնը կարող է հանգստանալ Կրեմլում հյուրերին առաջարկվող ամենահոյակապ սենյակում։

Ուտելիքի հարցում պարոն Ստալինը ժլատ չէր։ Սեղանին կար սաղմոնի ձկնկիթ, ծովատառեխ, թթու վարունգ, մսով սալաթ, խորոված բանջարեղեն, բորշչ, պելմեններ, ձկնկիթով բլիններ, գետի իշխան, գառան մսից կոտլետներ և պաղպաղակով թխվածքներ։ Կային տարբեր գույնի գինիներ և, իհարկե, օղի։ Լիքը օղի։

Սեղանի շուրջ նստած էին ինքը՝ ընկեր Ստալինը, Ալան Կառլսոնը Իքսհուլթից, ատոմային ֆիզիկոս Յուլի Բորիսովիչ Պոպովը, Խորհրդային Միության անվտանգության ղեկավար մարշալ Լավրենտի Պավլովիչ Բերիան և մի փոքր–մոքր երիտասարդ, գրեթե անտեսանելի մարդ` առանց անվան և առանց ուտելիքի կամ խմելիքի։ Նա թարգմանիչն էր, և բոլորը ձևացնում էին, թե նա այնտեղ չէ։

Ստալինը հենց սկզբից էլ հրաշալի տրամադրություն ուներ։ Լավրենտի Պավլովիչը միշտ էլ գործը գլուխ էր բերում։ Անշուշտ, Ստալինի ականջին հասել էր Էյնշտեյնի հետ կապված այդ անհաջողությունը, բայց դե դա արդեն պատմության գիրկն էր անցել։ Եվ բացի այդ, Էյնշտեյնը (իսկականը, իհարկե) միայն իր ուղեղն ունի. Կառլսոնն ունի ճշգրիտ և մանրամասն գիտելիք։

Եվ հետո կարևոր է, որ Կառլսոնը այդքան լավ մարդ դուրս եկավ։

Նա պատմել էր Ստալինին իր անցյալի մասին, չնայած բավական կրճատ։

Նրա հայրը Շվեդիայում պայքարել էր սոցիալիզմի համար, հետո նույն նպատակով ճանապարհորդել էր դեպի Ռուսաստան։ Իրոք որ գովելի փաստ է։ Նրա որդին իր հերթին կռվել էր Իսպանիայի քաղաքացիական պատերազմում, և Ստալինը չէր պատրաստվում այնքան աննրբանկատ լինել, որպեսզի հարցներ, թե նա ում կողմից էր։ Դրանից հետո նա ճանապարհորդել էր Ամերիկայում (Ստալինը ենթադրեց, որ նա ստիպված է եղել փախչել) և շատ պատահաբար անցել էր ծառայության Դաշնակիցների մոտ… բայց դա էլ ներելի էր։

Ստալինն ինքը, եթե կարելի է այդպես արտահայտվել, նույն բանն արել էր պատերազմի վերջին փուլում։ Նրանք դեռ նոր էին անցել հիմնական կերակուրին, երբ Ստալինը սովորեց, թե ինչպես բաժակները բարձրացնելիս երգել շվեդական «Helan gĺr, sjunghoppfaderallanlallanlej»[2]։ Ալանը իր հերթին հնարավորություն ունեցավ գնահատելու Ստալինի երգեցիկ ձայնը, ինչը վերջինիս դրդեց պատմելու, թե ինչպես էր իր մանկության տարիներին ոչ միայն երգում երգչախմբում, այլև որպես մենակատար հանդես գալիս հարսանիքներում: Հետո նա վեր կացավ և ապացուցեց իր ասածը՝ ցատկելով հատակին և թափահարելով թևերն ու ոտքերը բոլոր ուղղություններով, ու երգելով մի երգ, որ Ալանի կարծիքով հնչում էր համարյա… հնդկականի նման… բայց գեղեցիկ։

Ալանը երգել չգիտեր, նա գիտակցում էր, որ մշակութային արժեքներից ոչինչ չի կարող ներկայացնել, բայց սեղանի շուրջ տիրող տրամադրությունը պահանջում է, որ նա ձեռնարկի ավելին, քան «Helan gĺr, sjunghoppfaderallanlallanlej», և միակ բանը, ինչը Ալանի մտքին եկավ այդ պահին, Վեռներ ֆոն Հեյդենստամի[3] այն բանաստեղծությունն էր, որ Ալանի գյուղի դպրոցի ուսուցիչը ստիպել էր երեխաներին անգիր անել։

Այսպիսով Ստալինը նստեց իր տեղը, և Ալանը վեր կացավ ու արտասանեց.

Շվեդիա, Շվեդիա, հայրենիք, մեր կարոտի բնօրրան,

Երկրի վրա մեր տունն ես. այնտեղ երգում են վճիտ

Աղբյուրները կարկաչուն և լույսերը կրակի.

Սխրանքներդ լեգենդ են, սակայն տված ձեռք ձեռքի՝

Ժողովուրդն է երդվում քեզ հավատարիմ լինել միշտ։

Ութ տարեկանում Ալանը չէր հասկացել, թե ինչ է արտասանում, և հիմա, երբ նորից արտասանեց այն արտահայտիչ շեշտադրումով, հասկացավ, որ երեսունհինգ տարի անց ինքը դեռևս չի հասկանում։ Սակայն նա բանաստեղծությունն արտասանեց շվեդերեն, իսկ այն ռուսերենից անգլերեն կենդանության նշաններ չցուցաբերող թարգմանիչը լուռ նստած էր իր աթոռին և կենդանության պակաս նշաններ էր հանդես բերում, քան առաջ։

Հետո Ալանը հայտարարեց (երբ վերջին ծափահարությունները մարեցին), որ իր արտասանածը Վեռներ ֆոն Հեյդենստամի բանաստեղծությունն էր։ Հավանաբար Ալանը այդ տեղեկությունն իրեն կպահեր կամ գոնե մի փոքր կշտկեր ճշմարտությունը, եթե իմանար, թե ինչպես կարձագանքի ընկեր Ստալինը։ Ըստ էության, ընկեր Ստալինը ժամանակին բանաստեղծ էր, այն էլ՝ գրականության մեծ գիտակ։ Ժամանակի շունչը փոխարենը նրան դարձրել էր հեղափոխության զինվոր, ինչն արդեն բանաստեղծական է հնչում։ Բայց Ստալինը դեռևս պահպանել էր բանաստեղծության և առաջադեմ ժամանակակից բանաստեղծների հանդեպ իր հետաքրքրությունը։

Ի դժբախտություն Ալանի՝ Ստալինը հրաշալի գիտեր Վեռներ ֆոն Հեյդենստամին։ Եվ ի տարբերություն Ալանի՝ հրաշալի գիտեր Գերմանիայի նկատմամբ Վեռներ ֆոն Հեյդենստամի սիրո մասին։ Ինչպես նաև այն մասին, որ սերը փոխադարձ է։ Հիտլերի աջ ձեռքը` Ռուդոլֆ Հեսը, 1930–ականներին այցելել էր Հեյդենստամի տուն, և դրանից անմիջապես հետո վերջինս ստացել էր Հայդելբերգի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում։

Այս ամենը շատ դրամատիկ կերպով անդրադարձավ Ստալինի տրամադրության վրա։

— Եվ պարոն Կառլսոնը, այստեղ նստած, վիրավորո՞ւմ է իր առատաձեռն հյուրընկալին, ով գրկաբաց ընդունել է իրեն,— հարցրեց Ստալինը։

Ալանը հավատացրեց, որ դա այդպես չէ։ Եթե Հեյդենստամն էր այդպես հուզել պարոն Ստալինին, ապա Ալանը շատ–շատ ներողություն է խնդրում։

Միգուցե մխիթարական լիներ այն փաստը, որ Հեյդենստամը մի քանի տարի է արդեն մեռած է։

— Իսկ այդ «sjunghoppfaderallanlallanlej»–ն ի՞նչ է նշանակում իրականում։ Արդյո՞ք հարգանքի տուրք չի հեղափոխության թշնամիներին, թեկուզ միայն, որ Ստալինի բերանից է դա հնչում,— հարցրեց Ստալինը, ով միշտ իր մասին երրորդ դեմքով էր խոսում, երբ նյարդայնանում էր։

Ալանը պատասխանեց, որ իրեն մտածելու ժամանակ է հարկավոր, որպեսզի անգլերեն թարգմանի «sjunghoppfaderallanlallanlej»–ը, բայց պարոն Ստալինը կարող է հանգիստ լինել, քանի որ դա ընդամենը ուրախ բացականչություն է։

— Ուրախ բացականչությո՞ւն,— ասաց ընկեր Ստալինը բարձրաձայն:— Արդյո՞ք պարոն Կառլսոնը մտածում է, որ Ստալինը նման է կենսուրախ մարդու։

Ալանը սկսել էր հոգնել Ստալինի մանրախնդրությունից։ Ծերուկի երեսը բոլորովին կարմրել էր բարկությունից, բայց, ըստ էության, ոչնչից։ Ստալինը շարունակեց.

— Իսկ ի՞նչ էիր իրականում անում Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ։ Միգուցե պարոն Հեյդենստամի երկրպագուինճիշտ կլինի հարցնել, թե ում կողմից էր կռվում։

«Գրողը տանի, նա վեցերորդ զգայարա՞ն էլ ունի,— մտածեց Ալանը:— Չեղավ, նա արդեն հնարավորինս բարկացած է, այնպես որ երևի միևնույնն է, եթե ասեմ իրականությունը»։

— Ես իրականում չէի կռվում, պարո՛ն Ստալին, բայց սկզբում օգնում էի հանրապետականներին, մինչև որ վերջում, բավական պատահականորեն, փոխեցի կողմերը և դարձա գեներալ Ֆրանկոյի լավ ընկերը։

— Գեներալ Ֆրա՞նկոյի,— բղավեց Ստալինը, հետո տեղից այնպես վեր կացավ, որ աթոռը, որի վրա նստած էր, շուռ եկավ։

Որոշակիորեն անհնար էր ավելի բարկացած լինել։ Ալանի՝ իրադարձություններով հարուստ կյանքում եղել էր մի քանի դեպք, երբ ինչ–որ մեկը բղավել էր նրա վրա, բայց նա երբեք նույն կերպ չէր պատասխանել և չէր պատրաստվում Ստալինի հանդեպ այդպես վարվել։ Չնայած դա չէր նշանակում, որ անտարբեր էր մնացել իրավիճակի հանդեպ։

Ընդհակառակը, նրա մեջ հակակրանք էր առաջացել սեղանի մյուս կողմում նստած փոքրիկ մեծաբերան մարդու նկատմամբ։ Ալանը որոշեց իրեն հատուկ հանգիստ ձևով հակահարձակման անցնել.

— Եվ ոչ միայն դա, պարո՛ն Ստալին։ Ես եղել եմ Չինաստանում Մաո Ծե Դունի դեմ կռվելու նպատակով, հետո մեկնել եմ Իրան և կանխել Չերչիլի դեմ մահափորձը։

— Չերչիլի՞, այդ գեր խոզի՞,— գոռաց Ստալինը։

Նա, մի պահ ուշքի գալով, մինչև վերջ դատարկեց մի ամբողջ բաժակ օղի։ Ալանը նայում էր նախանձով. նա նույնպես կուզեր, որ իր բաժակը լցնեին, բայց չէր կարծում, որ ճիշտ պահն է այդպիսի խնդրանքով դիմելու համար։ Մարշալ Բերիան և Յուլի Բորիսովիչը լուռ էին։ Բայց նրանց դեմքերին բոլորովին տարբեր արտահայտություններ էին։ Մինչ Բերիան զայրույթով անթարթ նայում էր Ալանին, Յուլին պարզապես դժբախտ տեսք ուներ։ Ստալինը կուլ տվեց օղին, որ հենց նոր էր բերանն առել և ձայնը իջեցրեց նորմալ մակարդակի։ Նա դեռ բարկացած էր։

— Ճի՞շտ է հասկացել Ստալինը,— հարցրեց Ստալինը:— Դուք Ֆրանկոյի կողմից եք եղել, պայքարել եք ընկեր Մաոյի դեմ, փրկել եք էդ լոնդոնցի խոզի կյանքը և աշխարհի ամենամահացու զենքը հանձնել եք ԱՄՆ–ի գլխավոր կապիտալիստներին։

— Ընկեր Ստալինը հավանաբար մի քիչ ծայրահեղացնում է եղածը, բայց ընդհանուր առումով ճիշտ է։ Իմ հայրն էլ վերջում հարել էր ցարի կողմնակիցներին, եթե պարոն Ստալինն ուզում է դա էլ օգտագործել իմ դեմ։

— Ես դա պետք է իմացած լինեի,— մռմռաց Ստալինը և բարկությունից մոռացավ երրորդ դեմքով խոսել իր մասին:— Իսկ հիմա դու այստեղ ես, որ քեզ վաճառես խորհրդային սոցիալիզմի՞ն։ Հարյուր հազար դոլար, սա՞ է քո հոգու գինը։ Թե՞ երեկոյի ընթացքում գինը բարձրացել է։

Ալանն այլևս չէր ցանկանում օգնել։ Իհարկե, Յուլին, միևնույնն է, լավ մարդ է, և իրականում հիմա նրան է պետք օգնել։ Բայց չի կարելի անտեսել այն փաստը, որ Յուլիի աշխատանքի արդյունքներն ի վերջո հայտնվելու էին ընկեր Ստալինի ձեռքերում, իսկ նա այն ընկերը չէ, որի մասին արժե մտահոգվել։

Հակառակը, թերևս ավելի ապահով կլինի բոլորի համար, եթե նա ռումբի հետ խաղ չանի։

— Դե չէ, այդքան էլ ճիշտ չէ,— ասաց Ալանը:— Հենց սկզբից էլ հարցը փողը չէր…

Նա չկարողացավ շարունակել, որովհետև Ստալինը նորից պոռթկաց։

— Քեզ ինչի՞ տեղ ես դրել, դո՛ւ, գրողի՛ տարած առնետ,— բղավեց Ստալինը:— Մի՞թե կարծում ես, որ դո՛ւ, լինելով ֆաշիզմի ներկայացուցիչ, ամերիկյան այլանդակ կապիտալիզմի ու աշխարհում այն ամենի ներկայացուցիչ, ինչ Ստալինը արհամարհում է, որ դու, դո՛ւ կարող ես գալ Կրեմլ, Կրե՛մլ և գործա՞րք կնքել Ստալինի, գործարք կնքել Ստալինի հետ։

— Ինչո՞ւ եք ամեն ինչ երկու անգամ կրկնում,— հետաքրքրվեց Ալանը, սակայն Ստալինը շարունակեց.

— Խորհրդային Միությունը պատրաստ է նորի՛ց պատերազմ սկսելու, իմացած լինես։ Պատերա՛զմ է լինելու, պատերազմն անխուսափելի է, մինչև ամերիկյան իմպերիալիզմը ամբողջովին արմատախիլ արվի։

— Հա՞, կարծո՞ւմ եք,— հարցրեց Ալանը։

— Ճակատամարտելու և հաղթելու համար մենք քո գրողի տարած ատոմային ռումբի կարիքը չունենք։ Մեզ միայն սոցիալիստական հոգիներ և սրտեր են պետք։ Նա, ով զգում է, որ երբեք չի կարող պարտվել, երբևէ չի էլ պարտվի։

— Իհարկե, եթե ինչ–որ մեկն ատոմային ռումբ չգցի նրանց վրա,— ասաց Ալանը։

— Ես կվերացնե՛մ կապիտալիզմը։ Լսո՞ւմ ես։ Ես կվերացնե՛մ յուրաքանչյուր առանձին կապիտալիստի։ Եվ կսկսեմ քեզնից, շո՛ւն, եթե ինձ չօգնես ռումբի հարցում։

Ալանը նկատեց, որ մեկ րոպեի ընթացքում հաջողացրել էր լինել թե՛ առնետ, թե՛ շուն։ Եվ որ Ստալինը բոլորովին անառողջ է, քանի որ նա այնուամենայնիվ ցանկանում է օգտվել Ալանի ծառայություններից։

Բայց Ալանը այլևս չի ուզում նստել և հանդուրժել այդ լուտանքները։ Նա Մոսկվա է եկել նրանց օգնելու, այլ ոչ թե նրա համար, որ իրեն պարսավեն։ Ստալինը ստիպված կլինի ինքնուրույն գլուխ հանել։

— Ես մի բան էի մտածում,— ասաց Ալանը։

— Ի՞նչ,— բարկացած ասաց Ստալինը։

— Ինչո՞ւ ձեր բեղերը չեք սափրում։

Դրանով ճաշն ավարտվեց, որովհետև թարգմանչի ուշքը գնաց։

 Շվեդերենից թարգմանեցին Աշխեն և Արծվի Բախչինյանները

© «Զանգակ» հրատարակչություն, 2014 թ.

[1]  Շիմենդյոն օրինակ է ծառայել շվեդ գրականության դասական Ավգուստ Սթրինդբերգի «Հեմսյոյի բնիկները» վեպի երևակայական Հեմսյո կղզու համար:

[2]  Շվեդական ժողովրդական սեղանի երգ, երգում են առաջին կենացի ժամանակ:

[3]  Շվեդ բանաստեղծ (1859–1940):

Share Button

1 Կարծիք

  • Հետաքրքիր էր Ստալինի հետ զրույցը,նրա բնավորությանը ծանոթացա այս պատմվածքի միջոցով ,թե նա ինչպես էր Չերչիլին անվանում գեր խոզ,և ամեն գնով պայքարում ինքը իր դեմ՚:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *