ՍԱՄՎԵԼ ԶՈՒԼՈՅԱՆ | Մարդը պատի վրա



Մնացողաց Լավը

Ինձ ջնջել եմ էրեկվանից
Ու ձեր միջին արդեն չկամ,
Օրապակաս էն խելառից
Էկա վերջին բարևը տամ:

Լի, անպակաս էս սեղանին
Ես մեկ լեղի, մեկ կենաց թաս,
Պիտի ջարդվեմ միանգամից`
Մնացողաց շախն անպակաս:

Ողորմի ձեզ, և մեղա ինձ
Եվ օրերին էս գժավուն,
Ձեր նմանակ ինձ նմանին
Էսօր ես եմ մենակ թաղում:

Էսօր ես եմ, ձեր մեջ չկամ,
Ինձ ջնջել եմ էրեկվանից.
Մնացողաց շախն անպակաս,
Օղորմի ինձ, Ձեզ երանի…

***
Դուրս են տանում քե՞զ, քո տնից,
Թե՞ լոկ քո դին…
Վերջին օրը պաղ անձրև է վրադ մաղում,
Փաթաթվել է անունդ այս մահվան երթին,
Ու հատ ու կենտ արցունքներ է սուգդ քաղում:
Մղկտում է քո ետևից մի հին նվագ,
Ու թվում է, թե դագաղդ նա է տանում,
Չկա մեկը, որ քեզ ասի`
Վե՛ր կաց, գնանք.
Բոլորը լո˜ւռ, հանդիսավոր սուգ են խաղում:
Դուրս են տանում քեզ քո տնից հանդիսաքայլ,
Իսկ դու արդեն չես տխրում կամ ուրախանում,
Զարմանում ես, թե պատյանը քո հանգուցյալ
Ի˜նչ համոզիչ է մեռյալի դերն իր տանում:
Ծանրանում է հուշդ թրջված հառաչներից,
Եվ անունդ շրթունքներից ցած է սահում,
Բեռ ես միայն դու քեզ տանող այդ ուսերին.
Թվում է, թե քո աճյունը դու ես տանում…

ՃՈԽ ՍԵՂԱՆ

Իմ հայրն ինձ կտակեց մի հին, փոքրիկ սեղան,
Մի թաս գինի ու հաց հանապազօր…
Եվ այսքանով միայն
Ես մասնակից եղա
Մարմնահոգուն իմ հոր`
Ամենահոր…

***
Այո՛, հենց սա է սերը, Մարիա՛,
Վշտի կաթիլ է, տառապանքի ծով,
Մեռնող երազի հևքն են, Մարիա՛,
Խաբված անուրջի աչքերը լացող:

Ո՛չ, մնաս բարով պետք չէ, Մարիա՛,
Հեռացողներին ճամփան չեն ների,
Գիտե՞ս, ինձ մի օր մի ծեր սատանա
Պատմեց լեգենդը մեռնող ճայերի:

Նրանք ապրում են ծովերի վրա`
Ծով ու երկնքի կապույտին գերի,
Բանտված ճախրանք է երազը նրանց,
Ու մահը երգ է` անավարտ, թերի:

Ի՞նչ մնաս բարով, ի՞նչ վերջ, Մարիա՛,
Սերը շքերթ է հրաժեշտների…
Տե՛ս, օրորվում են ջրերի վրա
Ճերմակ թևերը մեռած ճայերի:

***
Ես չեմ մեռնի, ես կմնամ առանց քեզ`
Աննյութ, խրված սարդոստայնում օրերի,
Եվ իմ սառած աչքերի մեջ, քեզ ի տես,
Հուշդ գալիք հանցանքներս կների:

Ես գիտեի, որ մի օր դեն կթքես
Զառանցանքն այս (որը սեր է երևի):-
Ես չեմ մեռնի, ես կմնամ առանց քեզ,
Որ աղոթեմ հանուն փրկված սերերի…

ԱՆՀԱՄ ՏԽՐՈՒԹՅՈՒՆ

Գորշ, անարև օր է
Ու տաղտկալի այնպես,
Ոչ գնալ է լինում
Ոչ էլ մնալ:
Նա աչքերով կպչուն
Տնտղում է քեզ
Ու շշնջում բառեր`
Լիրբ, անլվա…
Ի˜նձ ինչ` անդուր օր է
Ու տտվահամ գինի,
Դու հայացքդ զուր ես
Ուսիս հառել:
Մեկ է, այսօր սա է,
Վաղը ով էլ լինի,
Հեշտ չէ ամեն մեկին մտապահել:
Թքած, թե օրը մեզ ուր կտանի,
Այս կեսօրից մինչև արևագալ,
Դու էլ անձուկի աչքն այդպես հանի,
Տասն ուզելուց լավ է մեկ անգամ տալ…
Չէ, անհաջող օր է,
Գրողը քեզ տանի,
Բայց որքան էլ ապրենք շնավայել,
Միշտ ականջն է կանչում առաջինի,
Երբ փորձում ենք վերջը մտապահել:

ԻՆՁՆԻՑ ՄԻՆՉԵՎ ԵՍ

1
Հորիզոնը դեռ տանում է երեկվա
Շշուկները, խորհուրդները հեռավոր…
Սուտ է, արդեն ինձ չես գտնի, ես չկամ,
Վաղն իմը չէ, չեմ ունենա և այսօր:
Լոկ ստվերս է հուշում ձևը իմ նախկին,
Ու իմ գոյը ես տանում եմ նրա մեջ.
Այն ո՞վ էր, որ ինձ անվանեց առաջին-
Առաջինը վերջնագծին ինձ գամեց:
Ու տանում է հորիզոնը երեկվա
Պաղ դիակս ամփոփելու սնամեջ
Այն տուփի մեջ, որ կոչվում է ապագա…
Հեռանում եմ` որոնելով ինձ անվերջ:
Ամենուրեք, ամեն ինչում, միշտ առկա`
Ես կամ այսօր` երեկվա ու վաղվա մեջ:

2
Ես կամ այսօր` երեկվա ու վաղվա մեջ,
Ես լոկ ձև եմ, ես ստվերն եմ իմ նախկին.
Այն ո՞վ նետեց իմ վրա քարն առաջին,
Ո՞վ էր, արդյոք, որ ինձ ինձնից դուրս վանեց:
Ո՞վ դարձրեց ինձ ինձանից այսքան մեծ-
Համր ու անկյանք` քարե արձան Աստծու…
Առաջինը ո՞վ իմ ձեռքով սպանվեց,
Առաջինն ո՞վ ինձ սպանեց իմ ձեռքով:
Ու քայլում եմ ստվերացած երկնքով,
Ես` կիսով դև և կիսով չափ դեռ անեղծ,
Ժամանակի անչափելի եզերքով
Քարշ եմ տալիս ուրվականն իմ սուտ ու կեղծ…
Այն ո՞վ էր, որ ինձ սպանեց իմ ձեռքով,
Առաջինը ո՞վ իմ ձեռքով սպանվեց:

3
Առաջինը ո՞վ իմ ձեռքով սպանվեց,
Եվ ու՞մ առաջ պիտի ծնկեմ մեղավոր:-
Նախամեղքը` «սին ու չնչին» մի խնձոր,
Որի համար երկինքն ինձ «գող» համարեց:
Ո՞վ «մեղսագործ» խարանեց իմ ճակատին,
Դատապարտեց ինձ կրելու մեղքն իմ հոր,
Ո՞վ դարձրեց ինձ մուրացիկ դրախտի,
Ո՞վ դարձրեց ինձ դժոխքի թագավոր…
Եվ ես անվերջ արարելով ինձ կրկին,
Ես` բանական, մի բանական մտագար,
Կմոտենամ ինձ ի՛նձ կապող կամրջին,
Դեն նետելով թե՛ մեղավոր, թե՛ արդար,
Ու կարարվեմ նորից Ջրից ու Հողից`
Եվ ես կրկին կմոտենամ ինձ նորից:

4
Եվ ես կրկին կմոտենամ ինձ նորից
Եվ ճակատիս պիղծ դրոշմը նզովքի
Երկրի մաքուր ցողով պիտի լվանամ`
Առած մի նոր մարմին, գտած` նոր հոգի,
Որ ստվերս անկյանք նորից մարդանա…
Եվ թույլ ու խեղճ իմ աչքերը լուսնոտի
Պիտի կրկին երկրային փայլ ստանան,
Եվ դեն նետեմ մղձավանջն այս հնոտի…
Մերկ ու մաքուր նախահոր պես իմ նորից`
Կզգամ դարձյալ տենչն այն հսկա կարոտի,
Այն կարոտի, որ ժառանգել եմ հողից,-
Այն, որ միշտ կա թե՛ ծառի մեջ, թե՛ խոտի…
Ես` արարված երկրի կավե խմորից-
Մարդն արարիչ, ՀԱՅՐԸ մարդու և ՈՐԴԻՆ:

ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ

Չմեկնած գաղտնի խորհուրդը երերուն
Գավաթ էր մորմոքի ու կենաց…
Չպարպված ցմրուր ընկավ ցած
Ու անդարձ չքացավ անհունի վիհերում…
Կանգ առավ շփոթված երգիչը թափառիկ,
Հարսնացող գիշեր էր, նա` փեսան,
Ճանաչեց, ճառագեց ու տեսավ-
Աշխարհը ոգեղեն ու բանիվ…
Շքերթ էր, շփոթ էր, ու հեռվում
Սևաթույր մի նժույգ թամբեցին,-
Երգիչը անտեղյակ անծանոթ այդ ծեսին`
Հայտնության երգեր էր գեղգեղում…
Ճանաչեց, ճառագեց ու տեսավ-
Չմեկնած գաղտնիքի խորհուրդը երերուն,
Ծնծղաներ հնչեցին անհունի վիհերում,
Հարսնավող գիշեր էր, նա` փեսան…

ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ

Երբ ժխորի մեջ հախուռն ձայների
Ես ավելի եմ փոքրիկ ու մենակ,
Երբ, կաղին տալով, քայլքը բառերիս
Անհայտությունն է դարձնում հենակ,-
Ապավինելով ունայն խոսքերին,
Ցնորքների հետ դաշն ու անխռով`
Հեռաստաններ եմ տեսնում անթերի,
Դեմքեր` կիսավարտ ու ինքնագորով:
Եվ երբ նորից եմ փորձում վերապրել
Միակ սկիզբս ու… վախճանս միակ,
Իսկ հեռուներից ծույլ ու անտարբեր
Մոտենում է ինձ մի մոմե դիմակ…
Երբ դիպչելով մունջ շուրթերին նրա`
Ես վերաճում եմ մենավոր խեցու,
Ձկների համր առոգանությամբ`
Խշշում է իմ մեջ ցավն ամենեցու…

ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿԱԿՏՈՒՍ

Փշոտ երանություն,
Տառապանքի ծաղիկ,
Ոչ ոք քեզ չի գտնի-
Դու անցյալ ես թաքուն:
Ներկա գիշերների
Հիշողություն թաքուն,
Հիշողության ծաղիկ`
Մոռացումի դճգույն անապատում:

ՏՐԻՈԼԵՏ

Մոտենում է գիշերն անվերջ ու սպառնում.
Մութը մենակ-մոլորվածին չի խնայի…
Մի ստվեր է շարժվում այնտեղ, ուր դու կայիր,-
Մոտենում է գիշերն անվերջ ու սպառնում:

Շշուկները դանդաղ փոխվում է ծիծաղի,
Դառնում է քրքիջ` աշնան քամու պաղ բերանում:-
Մոտենում է գիշերն անվերջ ու սպառնում.
Մութը մենակ-մոլորվածին չի խնայի:

ՎԵՐՀՈՒՇ

Առաստաղից կաթող նինջը քնատ
Պատկերներ է գամում միշտ միևնույն կետին,-
Ճամփաներում հեռու` անօգնական, վհատ,
Մոլորվել է ծանոթ հովանոցով մի կին:

Նոսրանում է, հալվում մի վարդագույն մշուշ,
Մի փոքրիկ աղջնակ գրկել է տիկնիկին…
Մեծացել է տիկնիկն ու դարձել է տիկին,
Աղջկան չեմ հիշում, հիշում եմ տիկնիկին:

Հեռվում կապույտ բոցով մարմրում է մի հուշ,
Մի դեռահաս օրիորդ շոյում է շնիկին,
Օրորվում է օդում ճերմակ մի ձեռք քնքուշ…
Օրիորդին չեմ հիշում, հիշում եմ շնիկին:

……………………………………………………

Ինքն իր գործած ցանցում խճճվել է մի սարդ,
Անզոր որս է դարձել ինքն իր ձեռքին,-
Կնճիռների ցանցում խարխափող աչք`
Մեռած գեղեցկության պառավ դեմքին:

Առաստաղից կաթող նինջը քնատ
Պատկերներ է գամում միշտ միևնույն կետին…
Ճամփաներում հեռու` անօգնական, վհատ,
Հեռանում է ծանոթ հովանոցով մի կին:

ԱՇՆԱՆԱՄՈՒԹ

Մութ է:
Ուշ է:
Անձրև:
Ո՞ւր ենք գիշերելու,
Ո՞ւմ ծածկի տակ,
Որտե՞ղ,
Իմ խե˜ղճ թռչուն անթև,
Երբ մոտիկ ու հեռու
Դարպասները փակ են:
… Ու գավեր ջարդելու
Ժամանակն է արդեն:

ՊԱՏՐԱՆՔ
Համո Սահյանին

Գարնան բույր կա օդում,
Բարի լուր կա օդում,
Ավեր վանքի դռան
Մատաղ գառ են մորթում…
Առ անմեղ զոհն այս, ՏԵ՛Ր,
Ընծա ՀՈՐՆ ու ՈՐԴՈՒՆ,
Եվ ապավեն եղիր
Մեր անմարմին հոգուն…
Գարնան բույր կա օդում.
Ավետիս տամ հողին,-
Ալ ծաղիկ է բացվել
Ավեր վանքի կողին…

……………………………

Երկնից նիրհ է կաթում,
Ողջը համահարթում,
Ոչխարներ են մայում
Ավեր վանքի գավթում…

ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ՈՉԻՆՉ

Գնաց: Մի՛ նայիր ետ:
Երկինքը` պարզ ու ջինջ,
Արևն անշարժ մի կետ,
Եվ արտակարգ` ոչինչ:

Ինչ-որ կռունկ հոգնած
Հեռուներն է թևում`
Մի նոր հեքիաթ թողած
Հին Դրախտի տեղում:

Սպասի՛ր, կա՛ց, կգա՛,
Մինչև անիծելը`
Քանի տերև տարան
Աշնան քամիները:

Գնաց… Դատարկ այգի,
Ջարդվող ծառի ճռինչ,
Ճիչ, մոլորված հավքի,
Եվ արտակարգ` ոչինչ…

***
Դու ասում էիր, թե կան թռչուններ,
Որոնք աշնանը հարավ են չվում,
Նրանք կարող են ձմեռը տանել,
Եվ նրանց համար չկա բաժանում:
Նրանք չեն չվի և ընդամենը կարող են մեռնել:
Ես դա չեմ ուզում… Տե՛ս, ձմեռ է, ձյուն,
Միայն ագռավն է անզոր կռնչում.
Նա որտե՞ղ պիտի մահանա, ասա՛…
Մի՞թե մեռնելու համար էլ պետք է հարմար մի անկյուն…
Իսկ թռչունները չվում են, թռչում,
Եվ ագռավները մնում են` նման այն կանանց այրի,
Որոնք կարող են ձմեռը տանել,
Որոնք կարող են չդավաճանել,
Որոնք աշնանը հարավ չեն չվում,-
Իսկ դու ասում ես, թե կան թռչուններ…
Եվ կան թռչուններ` փոքրիկ, շատ փոքրիկ,
Որոնք չեն կարող հեռանալ հեռու,
Որոնք ագռավ չեն և ոչ էլ ուրու,
Որոնք սառչում են երազում` քնած
Եվ արշալույսը փետուրով լցնում:

ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ

Լուսաբացը երբ կգտնի ինձ` երևի,
Մոմս մարած պիտի լինի
Ու օջախիս քուրան հանգած:
Մի սև ստվեր` իմ այս վերջին կեսգիշերից`
Տան անկյունում կմնա` ոնց մթին կասկած:

… ու կսկսվի` ելումուտը զուսպ ձևերի,
Ախ ու վախի վշտամորմոք լացուկոծում,
Կհեռանամ մարմին կոչված էդ մեռելից`
Վերջին անգամ ինձ գտնելու քո փողոցում…

Երկու ստվեր` ինձ հետամուտ, զգոն կգան,
Ծանոթ մի կին կհառաչի` «Գնա˜ց ձեռից»,
Չհասկացած, որ ես վաղուց արդեն չկամ,
Ու ապրածս` սուտն է` անթաղ էդ մեռելի…

Հիմա արդեն` ինձնից, ձեզնից էն կողմ միշտ կամ`
Հրեշտակած բաժին դառնամ,
Թե` դևերի…
Ձեռքիս մեջ է ունեցածս, որ պիտի տամ
Նրան, ումը երբե˜ք չեղա
Ու միշտ ԷԻ…

***
…Վերջին բաժակի հետ պիտի պատռեմ կաշիս`
Մորթս նետած դևին այդ` լափելու,
Որ դուրս թռչեմ ջարդվող պատուհանից`
Ձյուների մեջ ԾԱՂԻԿ որոնելու…

Թռչնաձուկը
Կա՞ր, թե՞ չկար, չկա՞ր, թե՞ կար…
Կա´ր: Չկային չե´մ հավատում…
Ծովում ոսկե մի ձկնիկ կար,
Իսկ երկնքում` ոսկե թռչուն:

Ձուկը երգն էր, բախտն էր ծովի`
Ոսկեթեփուկ, ոսկելողակ`
Ձկնիկն էր նա հորինովի,
Կապույտ ծովում` փոքրիկ շողակ:

Չէր ճանաչում ոչ ոք նրան.
Ապրում էր գոհ, ձկնավայել,
Նրա համար ոչ մի ձկնորս
Դեռ ոսկեղեն ցանց չէր կարել:

Ծովից բարձր, լազուրում պերճ,
Երկնքի լուրթ մաքուր ծոցում
Թևածում էր, երգում անվերջ
Մի հորինված ոսկե թռչուն:

Չէր նկատել ոչ ոք նրան,
Չկար նրան փնտրող աչքեր,
Նրա համար ոչ մի որսորդ
Չէր հորինել ոսկե նետեր…

Ապրում էին ձուկ ու թռչուն`
Միայնակ, գոհ ու անընկեր,
Մեկն իր ծովի կապույտ գրկում,
Մյուսն իր ծավի երկնքին տեր:

Հետո ինչպե՞ս, ինչպե՞ս եղավ`
Ձուկը մի օր իր երազում,
Մի լուրթ կապույտ երկինք տեսավ
Ու երկնքում`ոսկե թռչուն:

Իսկ թռչունը տեսավ ծավի
Անեզրություն մի ալեծուփ,
Ուր թռչում, թե լող էր տալիս
Ոսկեղենիկ հրաշք մի ձուկ…

Երբ ցնորքը հալվեց-անցավ,
Ասես երբեք չէր էլ եղել,
Ձուկը միայն նոր հասկացավ,
Որ երբեք չի նայել վերև:

Նայեց, տեսավ ծովի վրա
Ուրի՜շ- ուրի՜շ եթեր մի լուրթ,
Ուր թռչում թե լող էր տալիս
Ոսկեղենիկ հրաշք մի ձուկ…

Ձուկը ուզեց երկինք լողալ`
Ինքնասպան ճիգով անզոր,
Անվե ՜րջ- անվե՜րջ վեր բարձրանալ,
Գրկել անհաս երազն իր նոր…

Լո´կ մի վայրկյան պոկվեց ջրից,
Թվաց` ամբողջ մի դար տևեց,
Ու շնչահեղձ ընկավ նորից
Ծովի կապույտ ջրերի մեջ:

Նա զգաց, որ երկինք չունի
Եվ չունի վեր տանող թևեր,
Որ Արարչի հորինումը
Նրան որպես ձուկ է ձևել…

Եվ ծովը, որ չուներ սահման,
Դարձավ հանկարծ նեղ մի վանդակ,
Ինքը` խխունջ որդանման,
Անձև, անշուք ու այլանդակ:

Իջավ-սուզվեց խորքը ծովի,
Բանտվեց մի մութ, խուլ անձավում,
Ուր արևի ոչ մի շողիկ
Ու ոչ մի ձայն չէր թափանցում:

Ուխտեց` երբեք չբարձրանալ,
Ապրել իր մութ մղձավանջում,
Չտառապել, չցանկանալ
Ո´չ թռիչք, ո´չ անմիտ անկում:

Իսկ թռչունը ծովի վրա
Իր բախտի ձուկն էր որոնում,
Ցած էր կանչում ծովը նրան,
Ալիքների խաղով գերում:

…Մի գիշեր, երբ խավարը սև
Ծով ու երկինք մութով պատեց,
Հանկարծ ցածում ջրերի մեջ,
Հավքը ձկանն իր նկատեց…

Ճիչով անզուսպ, ինքնամոռաց
Հավքը իրեն ծովը նետեց,
…Անդրադարձը լուսնի դողաց,
Լուսնեղջյուրը ամպում խեղդվեց…

Երկնքից լուրթ երազների
Թե կարոտի ծովից կապույտ,
Հրաշքներով այգը հղի
Ծնեց ոսկե մի թռչնաձուկ…

Որդին` երկու Կապույտների,
Որ չգիտե ոչ մի սահման,
Մեկ թռչում, մեկ լող է տալիս,
Թռչունի ու ձկան նման,

Որ Կարոտը հավերժ թևի,
Որ Երազը մնա անեղծ,
Տենչը Սիրո հարատևի
Թե´ երկնքում, թե´ ծովի մեջ:

Կա ՞ր, թե ՞ չկար, չկա ՞ր, թե ՞ կար…
Կա´ր, չկային չեմ հավատում…
Ես երազում նրան տեսա,
Դուք էլ փնտրեք ձեր երազում:
—-
Տեքստի թվայնացումը` Արմսոուլ

Share Button

2 Կարծիք

  • Շուշան Թումանյան says:

    Հիանալի բանաստեղծություններ են….

  • Տաթեվ says:

    Ինչքան տարիքս առաջացավ, էնքան պակասդ զգացի…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *