Տիգրան Գրիգորյան | Թորանջ

Օրն իր հանդարտ ու սահուն ավարտն էր առնում, գետի ցամաքած հունը արձագանքում էր մարդկանց ոտնաձայներին, ովքեր կոխկրտում էին ծարավ կենդանիների նման դեռևս կանաչ ու մամռակալած, կիսաճաք հողը։ Արևը ծայրեծայր խմել էր Զենդե-Ռուդը ու հիմա ջրաքամ հողը տապ էր շնչում, բորբ ու ցամաքեցնող ճառագայթները աչք էին կուրացնում, ու մարդիկ թափվում էին կամուրջների հով ստվերների մեջ:
– Աղա՛, մի քսան – երեսուն տարի առաջ պիտի տեսնեիր, թե ինչ հոյակապ տեսարան էր էստեղ. մարդիկ լաստերի վրա ղալիան էին քաշում ու ողջ օրը ծույլ մրափած էին ծառերի հովին, ղահվեխանեում թուղթ էին խաղում ու մինչև էդ թվերը կամուրջներին ուղտեր կտեսնեիր, որոնք թորանջ ու կիտրոն էին բերում մեծ շուկա։ Ոսկի ու կտոր էիր ուզո՞ւմ, հազար մեկը կտեսնեիր, զաֆրան ու թեյը քիլոմեթրերով փռած էին փողոցներում, հացը՝ մի թըման էր, հիմի՝ հազար է դառել…
Ահռելի ու խտաբնակ մայրաքաղաքը այքան էր մեծացել, որ նախկին կենտրոնը դարձել էր ծայրամաս և իր հին պալատներով ու այգիներով դասական արևելքի կտավ էր հիշեցնում։ Ջարդուփշուր եղած տաքսիները մեր ուղեկիցներն էին ու դրանց մեջ այնքան պատմություններ լսեցինք, որոնք հերթագայելով՝ շարունակում էին միմյանց մտքերն այնքան պարզ պատկերներով, որ օրերը շարժանկարներ էին թվում։ Ամեն զրույց իր վերջաբանում անդրադարձ էր անցյալին, ամեն մեկն իր պատմություններն ուներ մինչև 78-ը, մինչև պարզ մարդկանց «խիստ հոգևոր» կենսակերպը։
– Հիմա ո՞ւր ենք գնում -, հարցրի ես տիկնոջը, ով դրամապանակն էր քրքրում:
– Նիավարան՝ դեպի քաղաքի հյուսիսը։
– Այնտեղ գոնե հո՞վ է։
– Իհարկե, այնտեղ թագավորական ամառանոցներն էին մի ժամանակ, հիմա քաղաքի մասն են դարձել։
Գիտեք սարսռեցնող և տպավորիչ է տեսնել այդչափ բարձրաճաշակություն և զսպված շքեղություն։
Ինչպիսի՞ ճակատագիր է վիճակվում անշրջահայաց մեկին, ով հարբում է սեփական փառքից։ Պետք է խոստովանել, որ իրականում անտանելի է թղթի առաջ նստել ու պատմել մի ողջ ժողովրդի էպիկական շրջադարձի մասին, հետո դառնալ այդ ժողովրդի մի ստվար հատվածի մարմնավորումը։ Ռեզա շահը իր կենսագարական քրոնիկներում անդրադառնում է Իրանի պատմությանը՝ հոր գահազրկմանը և աքսորին, Անթոնի Իդենի այցին, Սառը պատերազմին, Ղավամ Սալթանիի քաղաքականությանը, սովետական էքսպանսիային և իրանա-ամերիկյան հարաբերություններին։ Պայթում է հեղափոխությունը:
Կայսրուհի Ֆառահը դեռ ողջ է և ապրում է Փարիզում, իսկ ես Սադոբադի պալատում նայում էի նրա ամուսնական զգեստին, շահի թագադրության զինվորական համազգեստին: Ինչ – որ բան այն չէ. ազնվական փայլից փոշին է մնացել։ Տեսնելով այսքանը՝ հասկանում ես, որ աշխարհում ոչինչ ողբերգական չէ. ո՛չ կայսրությունների փլուզումը, ո՛չ արվեստի ու մշակույթի մահը, ո՛չ էլ հույսերի ու փառքի ավերումը: Ողբերգական է միայն մարդը և նրա գոյության սահմանափակ ժամանակը։ Ամեն բան ածանցյալ է: Ժամանակը հիմնահատակ կավերի այս հարստությունն ու դղյակաները, բայց մարդի՜կ, մարդի՜կ, նրանք կմնան հավերժ…
Նրանք դեռ ողջ են և ձեզ ի՞նչ է թվում, ինչու՞ են ցուցադրում այս ամենը հասարակ մարդկանc…Մի իմաստուն մարդ մտլեով EL PRADO ասել է.
– Թանգարաններն առհասարակ մեծ գերեզմանատներ են։
Ինքաթիռը թռչում էր անապատի վրայով, ու մենք գնում էինք երկրի խորքերը՝ դեպի այն երակը, որտեղից մի ժամանակ բխել էր արևելքի պերճանքն ու իմաստությունը, պոեզիան ու արվեստը, ինձ թվում էր, թե այդ երկրում պատմությունն ամենուր հետևում է մարդկանց։ Գիշերվա կեսին երևացին Սպահանի լույսերը։
Քաղաքի ու մարդկանց մասին էր պատմում թափված ատամներով ու յուղոտ կեղտաբծերի մեջ կորած շապիկով մարդը, ով փռում կանգնած՝ հացի վրայից քարերն էր պոկում ու օդում տատանելով հովացնում էր բարակ ու անուշահոտ սանգակը։
– Խանում, համեցի՛ր, նստի՛ր, ձեռքդ չցավի… Ու՞ր եք ուզում գնալ,- խորամանկ ու պլպլան աչքերով հարցրեց վարորդը։
– Քշե՛ք վանք՝ Ջոլֆա,- պատախանեց կինը ձեռքի թեթև շարժմամբ՝ գլխաշորով ծածկելով շքեզ մազերը: Նրա ակնոցների մուգ ապակիներին հայելանում էին փողոցների վազող առվակներն ու ծառերի ձևախեղված արտացոլումները։ Կինը մեղմ ժպտում էր՝ շփելով ու հովացնելով երեխային։Նրա ոսկրոտ ձեռքերը հայտնվում էին ծնոտի հանդիման, ու ձևված մտածկոտ շարժապատկերը թվում էր կրկնատեսիլ, որ երևում է մարդուն մի հազար անգամ։
– Քիլիսե Վա՞նք փողոց…
– Այո՛, դեպի փոքրիկ հյուրատունը…
– Աչքիս վրա, խանու՛մ։
Տիկինը խոսում էր պարսկերեն ու բացատրում, թե որտեղից ենք ու ինչ ենք ուզում։ Վարորդը թավրիզցի էր ու պատմում էր հարուստ հայերի մասին, որոնք էս կողմերում հայտնի մարդիկ էին եղել ու իր քաղաքում էլ նրանք շատ էին ու ազդեցիկ։ Հայերն առհասարակ հայտնվել էին ու սկսել առևտուր անել, նրանք լավ էին տալ-առնելու մեջ, հետո խելոք էին ու արդարամիտ, դե իսկ շահն էլ նրաց հրամայել էր հավաքել եղած – չեղածն ու տեղափոխվել նոր շինվող մայրաքաղաքը։
Վանքի բարձր պարսպի առաջ մանրավաճառները հնոտիք էին պտտում ու փորձում ծախել ձեռքների եղածը, եկեղեցիներն իրար թիկնած գմբեթներով բաժանվում էին շնչահեղձ անող նրբանցքներով, կառուցվել էին իրար մոտ, ու կարծես, ի հեճուկս հովանավորների, ովքեր հաճոյախառն ոսկով, մետաքսով ու ակնեղենով ֆարմաններ էին ստացել այս ամեհի ու շքեղ շինությունները կառուցելու համար, հըմմ՜ … Ավաղ այդքան փողով հնարավոր կլիներ մի հայրենիք պոկել։ Հիմա հայեր գրեթե չկան. մի քանի ընտանիք, որ դժվարությամբ կարելի էր գտնել նախկին հարուստ, փոքր, մեկուսի այդ քաղաքում, որ նույնիսկ դարպասներ ուներ ու խիստ օրենքներ։ Մարդիկ վայրի չեն եղել այս քաղաքում, նրանք ժամ ու տպարան են կառուցել և հոյակապ բաղնիքներ, ընտիր ապարանքներ, բայց հիմա, երբ կեսգիշերն անց խփում են թանգարան դարձած վանքերի զանգերը, թվում է՝ կենդանություն են առնում մեռածներն, ու փողոցների հանդարտ լռության մեջ դուրս են գալիս ճեմելու տիկնայք ու խոջաները, թանձր թրքական սուրճ են խմում, և նրանց ծառաները ուսապարկերով հանդերձանք են տանում դեպի բաղնիք։ Գինին եռում է թասերի մեջ, խնջույքները դառնում են փողի ու նենգության ցուցարան, և խարդավանքներն ու հաշվենկատ բարեկամությունը իրար խառնված՝ ոստայն են հյուսում։ Արաբներն ասում են ՝ թափառող ժողովրդի ճակատագիրը առևտրականներն են սահմանում, և ո՛վ պատմական իրողություն, նրանք խորտակվում են սեփական փառքի և մետաքսե հանդերձների ճոխ ծալքերի մեջ։
Առավոտվա դեղին ու արևառ մշուշի մեջ, երբ հեռվից սահում է փոշու ամպը դեպի քաղաք, լսվում է կոկորդի ծանր ու հեծկլտացող մեղայական աղոթքը. ողջ քաղաքը ընկղմվում է ծորուն ու ներազդող աղոթքում և ի՞նչ կարևոր է, թե ինչ են անվանում Աստծոն իրենց բարբառումի մեջ, ի վերջո նա անուն չունի և բոլորինն է, ո՛վ աղոթող…
Եվ հանկարծ արթնացող ու տատանվող աղմուկը, պտտելով իր իգական լեզուն, լռեցնում է ուրվականների ոտնաձայնը և պատմությունն անցնում է գետնի տակ, առավել թարմ հոգիները քաշվում են դեպի իրենց տապանաքարերը։
Ցերեկը՝ ճաշին փակվում է ամեն բան, ու մարդիկ ծուլորեն գնում են դեպի իրենց տները: Դատարկ մայթերի վրա այս և անցյալի աշխարհը հանդիպում են իրար բարկ արևի տակ։ Երեկոյան կրկին արթնացում: Հանդարտ ու անշտապ մարդկանց բազմությունը լցվում է այգիները, ու խանի հռչակավոր կամուրջը դառնում է երազողների ու փնտրողների կեցավայրը:
– Խանու՛մ, ի՞նչ ազգի եք – հարցնում է տիկնոջը մի ծերունի՝ ծոծրակը քորելով…
– Աղա՛, ի՞նչ եք ցանկանում – հոնքերը վեր քաշելով հարցնում է նա։
– Ոչինչ, խանու՛մ ։
Ծովկապույտ աչքեր ուներ ծերուկը, մի թեյի գավաթ, որ դողահար ափերով մոտեցնում էր սմքած շրթներին ու խմում էր մտմտալով՝ ականջը երգին: Նրա շապիկի տակից ցցվել էին ոսկորները, ու մարդն իր ողջ իմաստությամբ ու խոհուն նայվածքով՝ պտտում էր շուրջբոլորը, թափառ ու ցրված հայաքի մեջ պտտահողմեր էին, որոնք ծերունական կապույտ աչքերը լցրել էին արյունով ու անհանդարտ տառապանքով։ Նա դողահար ափերը հանդարտ վեր բարձրացրեց ու հպելով աչքերին՝ դեպի շուրթերը տարավ։ Ինչ -որ աղոթք շշնջաց, որ կլսեր ինքը միայն: Ետ դարձավ, աչքերը հառեց դեպի հեռուն և կտրուկ նայելով տիկնոջը՝ հարցրեց մտածկոտ.
– Շահը հե՞տ կդառնա , ինչու՞ ձայն չի հանում…
– Չգիտեմ, աղա,- ասաց կինը կարեկցական անտարբերությամբ ու շտկեց փոքրիկի գլխարկը: Հետո դադար առավ ու փնչացրեց:
Ծերուկը մատով քիթը քորեց ու հիվանդոտ դեղնած ձեռքերով մի կերպ մի սիգարեթ հանեց տուփից և ասաց.
– Տեսնու՞մ եք, գետն էլ է ցամաքել …Տղաս գնաց աշխարքի մյուս կեսը, մի օրհնված ցեղից մարդ – մադար չմնաց: Էստեղից քիչ հեռու՝ Նազերի խիաբանի վրա խմիչքի խանութ ուներ, դե եկան արգելեցին, փակեցին: Նա էլ ունեցած- չունեցածը ծախծխեց ու մեկնեց…
– Էլ չի՞ երևացել, նամակ էլ չի գրե՞լ, չի էլ զանգե՞լ :
– Չէ, խանու՛մ: Դառը դատած, շահած – պահածս կորավ ու շան բաժին դառավ, մե թըման էլ չմնաց, բ՞ա իմ ղարիբս…
Կարճ զրույց էր : Հետո ծերունին կպցրեց սիգարետն ու ոտքերը հանելով կոշիկներից՝ ծալապատիկ նստեց կամրջասյուների ստվերում և սկսեց ցածր ու խռպոտ ձայնակցել քիչ հեռվում լսվող երգին։ Կամրջի տակ, որտեղ բազում կամարների մեջ քիչ զովություն կար, մի ահագին բազմություն ծալապատիկ նստած, խմբված լսում էր ալեզարդ մեկին, որ երգում էր ժողովրդական պարզ ու հաճելի մեղեդի, քաղցր ձայնով կանչում էր ջրի ոգիներին, ու կարծես լալիս էր նրա ձեռքում թառը։ Մենք տեղավորվեցինք այդ բազմության մեջ, որ տարված լսում էր մարդուն:
Ծալապատիկն նստած դերվիշը կում արեց թեյի բաժակից ու սկսեց երգե։ Որոտացող ձայնը հյուսվեց թառի նվագին և արձագանք առավ կամարների տակ:
– Ես հավատում եմ այն օրվան, երբ պիտի գա լազուր երկնքով ճախրելու իմ ժամանակը։
Իմ ունեցածն այն փայլուն խաղալիքն է, որ կոչվում է մարմին, գուցե ես քնեմ և արթնանամ Աստծո հորինած նոր աշխարհի վրա, գուցե այս գիշեր հրեշտակներն ինձ ճշմարիտ ճանապարհ ցույց տան, և ես արժանի լինեմ տեսնելու դրախտը…
Թափառող մեկն էր, որ իր գեղեցիկ ձայնով շարժում էր մարդկանց սրտերն ու մտքերը, նա մարդ էր՝ ով կապակացում էր ժամանակն իր երգերով և պատմում էր պատմություններ, որ արդեն վաղուց մոռացվել էին։
Քաղաքի տաք հոսանքները պտտվում էին կամուրջների տակ ու Սիսոսիփոլի բազրիքներին հայտնվում էին հեքիաթային պատմություննները: Մեկ մթոտ հեռվում երևում էր շահը, ով իր հեծյալ շքախմբով քառատրոփ արշավում էր դեպի Ալի Ղափու, մեկ երևում էր ապստամբ Հոսեյին Բախթեարին, ում կախաղան բարձրացրին իր ազնիվ պահանջների համար, երևում էին հեղափոխության կատաղած զավակները, որոնք հուժկու գոռոցներով արյուն էին պահանջում՝ առանց իմանալու, որ հենց ռեվոլյուցիան է հոշոտում իր զավակներին, մեկ էլ թվում էր, թե այն հեռվից՝ գետի հակառակ կողմից ծանր քարշ գալով մոտենում է լծկան ավանակը, որ սայլով դեպի շուկա էր բերում այնքան հյութեղ թորանջները։
Դերվիշ Բալխը՝ թավ հոնքերով ու սուր հայացքով բռնում էր մարդկանց հույզերը, արցունք քամում ու լցնում սրտերը ջրերով։ Նա հանդարտ ձեռքը երկարեց ու զամբյուղից վերցրեց հասուն ու հյութեղ մի պտուղ ու կլպելով՝ քամեց ուղիղ շուրթերին, դառնաթթվաշ վարդագույն ջուրը սահեց արևախանձ ծնոտին, հետո միրգը մոտեցնելով շուրթերին՝ սկսեց ծծել անուշահոտ հեղուկը։
– Այս աշխարհը նման է թորանջին. դառն է ու թթու, բայց բերկրալի, անուշահոտ՝ ինչպես արարումն ու գարնան առավոտը։ Կարմիրը պայթեցնող արևն է, կեղևը՝ հրաշեկ քևիրը։ Երբ առնում ես ձեռքիդ մեջ, կարծես ժողովրդի սիրտն ես ուտում: Որքա՜ն խիղճ, աշխատանք ու արյուն կա այս պտղի մեջ։
Իմ զավակը մեռավ Աբադանում, ես նրանից ոչինչ չհասկացա կյանքում, չհասկացա, թե ինչու՞ էր ընկերների հետ գոռում «Մա՜հ շահին» և չհասկացա, թե ինչո՞ւ նրա երեխաներն էլ մնացին առանց հոր և հիմա էլ չեմ հասկանում, թե ինչու՞ նա չպիտի ապրեր։
Օրը սահեց,գնաց: Կամրջի կամարների մեջ երևաց արևը։ Լուսաբացին հյուրատան իմ սենյակում դեռ լսում էի ծերունիների զրույցն ու քթիս տակ երգում դերվիշի գարնանային ներբողը։
Մենք ետ էինք դառնում, իսկ տիկինն ու նրա ընտանիքը մեկնելու էին Շոմա՝ Կասպից ծով՝ դադար առնելու քաղաքի շոգից։ Վերջին մեքենան մեզ հասցրեց օդակայան: Ճանապարհի եզրին երևացին հին աղավնատները։ Փոշոտ ու կեղտոտ Նազերի փողոցի վրա բազմաթիվ ճակատագրերի խաչմերուկն էր՝ առանց լիրիկական վերապրումների, խիստ կենցաղային դրամա, որ միչ այժմ ծավալվում էր քաղաքական հողի վրա՝ երկատելով երկրի հարազատ զավակներին։
Հ.Գ. Ես պատմեցի հուշերս` համաձայն իմ գրառումների։ Իրանը ստիպեց հիանալ և փորձել հասկանալ ժողովրդների ոգին՝ առանց բարդ ու արհեստական զգացումների։ Հավանաբար, բոլոր մարդիկ իրենց հայրենիքի և կյանքի նկատմամբ նույն զգացումն ունեն, իսկ աշխարհը բազմազան է նաև՝ իր փակ սահմաններով ու անհասանելիությամբ։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *