Թոնի Մորիսոն | Քաղցրություն

Թոնի Մորիսոն

Թոնի Մորիսոն (փետրվարի 18,1931, Լորեյն, Օհայո) ամերիկացի գրող, խմբագիր և պրոֆեսոր : Արժանացել է Պուլիտցերյան մրցանակի՝ 1988թ-ին և  Նոբելյան մրցանակի 1993 թվականին՝ որպես գրող, «ով իր երազանքով ու քնարականությամբ հարուստ վեպերում կենդանի կերպով պատկերել է ամերիկյան իրականության կարևոր բնագավառները», Ազատության նախագահական մեդալի դափնեկիր։

Դա իմ մեղքով չէ: Ուստի չեք կարող ինձ մեղադրել: Ե՛ս չեմ դա արել և գաղափար չունեմ` ինչպես դա պատահեց: Նրան իմ ոտքերի արանքից դուրս բերելուց հետո մի ժամ էլ չէր անցել, երբ ես գիտակցեցի, որ ինչ-որ բան սխալ էր: Իսկապես սխալ: Նա այնքան սև էր, որ ես վախեցա: Կեսգիշերվա պես, սուդանցու պես սև: Ես, ինչպես մենք ենք անվանում, մուլատ եմ` բաց գույնի մաշկով, գեղեցիկ մազերով, Լուլա Էննի հայրը` նույնպես: Իմ ընտանիքում ոչ ոք նրա մաշկի գույնը չունի: Թարը միակն է, ում մասին կարող եմ մտաբերել, այնուամենայնիվ, նրա մազերը չեն համապատասխանում մաշկին: Իսկ նա տարբեր է` ուղիղ, բայց գանգուր մազերով` նման Ավստրալիայում բնակվող այն մերկ ցեղերի մազերին: Կարող եք կարծել, որ դա ատավիզմի [1] դրսևորում է, սակայն ինչպե՞ս: Դուք պետք է տեսնեիք իմ տատիկին. նրան սխալմամբ սպիտակամորթի տեղ էին դնում: Նա ամուսնացավ սպիտակամորթ տղամարդու հետ և այլևս մի բառ անգամ չխոսեց իր երեխաներից որևէ մեկի հետ: Իմ մորից կամ մորաքույրներից ստացած ցանկացած նամակ նա հետ էր ուղարկում` չբացված: Ի վերջո նրանք հասկացան նամակներն անպատասխան թողնելու իմաստը և հանգիստ թողեցին նրան: Կար ժամանակ, երբ բոլոր մուլատներն ու խառնարյուններն էլ այդպես վարվեցին, եթե, իհարկե, ճիշտ տիպի մազեր ունեին: Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչքան սպիտակամորթների երակների մեջ է սևամորթի արյուն թաքնված: Հապա գուշակեք: Լսել եմ, որ քսան տոկոս: Իմ մայրը` Լուլա Մեյը, կարող էր հեշտորեն որպես սպիտակամորթ ներկայանալ, սակայն նա նախընտրեց այդպես չվարվել: Նա պատմել է ինձ, թե ինչ գին է վճարել իր որոշման համար: Երբ նա և իմ հայրը գնացել են դատարան` ամուսնանալու, այնտեղ երկու Աստվածաշունչ է եղել, և նրանք ստիպված են եղել իրենց ձեռքերը դնել նեգրերի համար նախատեսված Աստվածաշնչի վրա: Իսկ մյուսը եղել է սպիտակամորթների ձեռքերի համար: Աստվածաշու՛նչը: Պատկերացնու՞մ եք: Իմ մայրը մի հարուստ սպիտակամորթ զույգի համար որպես տնային տնտեսուհի էր աշխատում: Նրանք ուտում էին նրա պատրաստած բոլոր կերակուրները, պնդում էին, որ լողանալիս խոզանակեր իրենց մեջքը: Աստված գիտի, թե որքան այլ ինտիմ բաներ էին ստիպում անել, բայց միևնույն Աստվածաշնչին դիպչելն արգելվում էր:
Ձեզնից ոմանք, հավանաբար, մտածում են, որ լավ բան չէ սոցիալական ակումբերում, թաղամասերում, եկեղեցիներում, կանանց ակումբներում, նույնիսկ «գունավոր»[2] դպրոցներում ինքներս մեզ ըստ մաշկի գույնի դասակարգելը (որքան բաց` այնքան լավ): Բայց էլ ինչպե՞ս կարող ենք գոնե փոքր-ինչ արժանապատվություն պահպանել: Ուրիշ ի՞նչ կերպ կարող ենք խուսափել, որ դեղատանը չթքեն մեզ վրա, կանգառում չհարվածեն արմունկով, ստիպված չլինենք քայլել ջրորդանի միջով` թույլ տալով սպիտակամորթներին զբաղեցնել ողջ մայթը, նպարեղենի խանութում մեկ նիկել չվճարենք թղթե տոպրակի համար, որ անվճար է տրվում սպիտակամորթ գնորդներին: Էլ չխոսենք վիրավորանքների մասին: Ես լսել եմ այդ ամենի և շատ, շատ ավելիի մասին: Սակայն մորս մաշկի գույնի շնորհիվ նրան չէին արգելում հանրախանութներում գլխարկներ փորձել կամ օգտվել կանանց սենյակից: Իսկ հայրս կարող էր կոշիկներ փորձել կոշկեղենի խանութի առաջնամասում, այլ ոչ թե հետևի սենյակում: Նրանցից և ոչ մեկն իրեն թույլ չէր տա ջուր խմել «միայն գունավորների համար» նախատեսված ցայտաղբյուրից, եթե նույնիսկ մեռնեին ծարավից:
Դժվարությամբ եմ ասում, սակայն ծննդատանը նորածինը` Լուլա Էննը, հենց սկզբից շփոթության մեջ գցեց ինձ: Նա ծնվել էր գունատ մաշկով, ինչպես բոլոր նորածինները, այդ թվում` նաև աֆրիկացի, սակայն նա արագ փոխվեց: Ինձ թվաց` խելագարվում եմ, երբ նա սեփ-սև դարձավ հենց իմ աչքերի առաջ: Ես գիտեմ, որ մի պահ իսկապես խելագարվեցի (միայն մի քանի վայրկյան), քանի որ պահեցի վերմակը նրա դեմքին և սկսեցի սեղմել: Սակայն ես չէի կարող այդպես վարվել` անկախ նրանից, թե որքան էի ցանկանում, որ նա ծնված չլիներ այդ սարսափելի գույնով: Նույնիսկ մտածել եմ նրան ինչ-որ մանկատուն հանձնելու մասին: Բայց ես վախենում էի լինել այն մայրերից մեկը, ովքեր իրենց նորածին երեխաներին թողնում են եկեղեցու աստիճաններին: Վերջերս լսել եմ Գերմանիայում ապրող ձյունի պես սպիտակ մի զույգի մասին, ովքեր, անբացատրելիորեն, մուգ մաշկով երեխա ունեն: Երկվորյակներ. մեկը` սպիտակ, մյուսը` գունավոր: Ես չգիտեմ` արդյոք դա ճիշտ է: Ես միայն այն գիտեմ, որ նրան խնամելն ինձ համար նման էր ինչ-որ փոքրիկ նեգրի կուրծքս ծծել թույլ տալուն: Տուն գնալուն պես ես անցա շշով կերակրման:
Ամուսինս` Լուիսը, վագոնի ուղեկցորդ էր: Երբ նա վերադարձավ երկաթուղուց, ինձ այնպես նայեց, ասես ես խենթ էի, իսկ երեխային նայեց այնպես, ասես նա Յուպիտերից էր: Նա երբեք չէր հայհոյում, ուստի երբ ասաց` «Աստվա՛ծ իմ: Սա ի՞նչ է, գրողը տանի», ես արդեն գիտեի, որ մենք անախորժության մեջ ենք: Ահա թե ինչ արեց նա, ահա թե ինչը իմ և նրա միջև կռիվների պատճառ դարձավ: Նա մեր ամուսնությունը փշուր-փշուր արեց: Մենք երեք լավ տարիներ էինք ապրել միասին, սակայն նրա ծնվելուց հետո ամուսինս ինձ էր մեղադրում , իսկ Լուլա Էննին այնպես էր վերաբերվում, ասես նա օտարական էր, ավելին` իր թշնամին: Նա երբևէ չդիպավ երեխային:
Ես այդպես էլ չկարողացա համոզել նրան, որ ես երբեք, երբեք չէի դավաճանել իրեն այլ տղամարդու հետ: Նա չափազանց վստահ էր, որ ես խաբում էի: Մենք վիճում ու վիճում էինք, մինչև ասացի նրան, որ երեխայի սևությունը պետք է որ իր ընտանիքից գար, այլ ոչ թե իմ: Այդ ժամանակ ամեն ինչ ավելի վատացավ, այն աստիճանի, որ նա պարզապես վեր կացավ ու հեռացավ, և ես ստիպված էի ապրելու համար մեկ այլ` ավելի էժան տեղ փնտրել: Ես արեցի հնարավորինս ամեն ինչ: Ես հասկանում էի, որ պետք չէր նրան ինձ հետ տանել տանտերերի մոտ, ուստի թողնում էի նրան դեռահաս զարմուհուս խնամքի տակ: Միևնույն է, ես նրան շատ քիչ էի դուրս տանում, քանի որ երբ հրում էի նրա մանկասայլակը, մարդիկ կռանում և հայացք էին գցում ներս` որևէ հաճելի բան ասելու, ապա սարսափում էին կամ հետ ցատկում խոժոռվելով: Դա ցավ էր պատճառում: Ես կարող էի նրա դայակը լիներ, եթե մեր մաշկի գույները հակառակը լինեին: Բավական դժվար է լինել գունավոր կին (նույնիսկ եթե մուլատ ես), ով փորձում է քաղաքի պատշաճ մասում տուն վարձակալել: Դեռևս 90-ականներին, երբ ծնվեց Լուլա Էննը, օրենքը արգելում էր խտրականություն ցուցաբերել վարձակալների նկատմամբ, բայց ոչ բոլոր տանտերերն էին դրան ուշադրություն դարձնում: Նրանք պատճառներ էին հորինում չընդունելու համար: Իմ բախտը բերեց պարոն Լիի հետ, թեև գիտեմ, որ նա յոթ դոլլարով բարձրացրեց հայտարարության մեջ նշված վարձավճարը, և միշտ մի հարմար տարբերակ ուներ, եթե մեկ րոպե անգամ ուշացնեիր գումարը:
Ես նրան սովորեցրել էի ինձ Սուիթնես [3] անվանել` մայրիկի կամ «մամայի» փոխարեն: Այդպես ավելի ապահով էր: Այն, որ նա այդքան սև էր և ուներ, ինչպես ես եմ կարծում, չափազանց հաստ շուրթեր, մարդկանց շփոթության մեջ կգցեր, եթե նա ինձ «մամա» անվաներ: Բացի այդ, նրա աչքերը զվարճալի գունավորում ունեին` ածուխի պես սև` կապույտ նրբերանգով: Դրանցում ևս մոգական ինչ-որ բան կար:
Այսպիսով, մենք երկար ժամանակ երկուսով էինք, և կարիք չկա ասելու, թե որքան դժվար է լքված կին լինելը: Կարծում եմ` Լուիսը փոքր-ինչ վատ զգաց մեզ այդպես լքելուց հետո, որովհետև մի քանի ամիս անց նա պարզեց, թե ուր էի տեղափոխվել և սկսեց ամիսը մեկ գումար ուղարկել ինձ, թեև ես երբեք չէի խնդրել նրան և դատարան չէի դիմել գումար ստանալու համար: Նրա հիսուն դոլլարանոց դրամական փոխանցումների և հիվանդանոցի իմ գիշերային աշխատանքի շնորհիվ մենք կարողացանք խուսափել աղքատության նպաստից: Ինչը շատ լավ էր: Երանի դրան այլևս աղքատության նպաստ չասեին և, փոխարենը, օգտագործեին այն բառը, որ օգտագործում էին այն ժամանակ, երբ մայրս երիտասարդ աղջիկ էր: Այդ ժամանակ այն կոչվում էր օգնություն: Այսպես շատ ավելի լավ է հնչում, ասես խոսքը պարզապես կարճատև դադարի մասին է, որի ընթացքում ինքդ քեզ ոտքի ես կանգնեցնում: Բացի այդ, սոցիալական ապահովության գործակատարները շամփուրի պես դաժան են: Երբ ես վերջապես աշխատանք ունեի և այլևս չէի զգում նրանց կարիքը, ես ավելի շատ գումար էի վաստակում, քան նրանք երբևէ աշխատել էին: Ենթադրում եմ` ագահությամբ էր լրացվում նրանց խղճուկ աշխատավարձը, դրա համար էլ մեզ վերաբերվում էին որպես մուրացկանների: Հատկապես երբ նայում էին Լուլա Էննին և ապա ինձ. կարծես ես փորձում էի խաբել կամ նման մի բան: Վիճակը բարելավվում էր. այնուամենայնիվ, ես պետք է զգույշ լինեի: Շատ զգույշ պետք է լինեի նրա դաստիարակության հարցում: Ես ստիպված էի խիստ լինել, շատ խիստ: Լուլա Էննը պետք է սովորեր` ինչպես իրեն պահել, ինչպես ապրել գլուխը կախ և խնդիրներ չստեղծել: Ինձ համար միևնույն է, թե քանի անգամ նա ստիպված կլինի փոխել իր անունը: Նրա գույնը խաչ է, որ նա մշտապես կրելու է: Բայց դա իմ մեղքով չէ: Իմ մեղքով չէ: Ո՛չ:
Օ, այո, ես երբեմն վատ եմ զգում այն բանի համար, թե ինչպես եմ վերաբերվել Լուլա Էննին, երբ նա փոքր էր: Բայց պետք է հասկանաք. ես ստիպված էի պաշտպանել նրան: Նա չէր ճանաչում աշխարհը: Այդպիսի մաշկով` անիմաստ է համառ ու համարձակ լինել, անգամ երբ ճիշտ ես: Ոչ այնպիսի աշխարհում, որտեղ քեզ կարող են անչափահասների կալանավայրում փակել պատասխան տալու կամ դպրոցում կռվելու համար, մի աշխարհում, որտեղ քեզ վերջինը կընդունեն աշխատանքի, բայց առաջինը կհեռացնեն աշխատանքից: Նա չգիտեր այդ ամենը, և թե ինչպես իր սև մաշկը կարող էր վախեցնել սպիտակամորթ մարդկանց, կամ որ դրա պատճառով իր վրա կարող էին ծիծաղել կամ փորձել խաբել: Մի անգամ մի աղջկա տեսա` գրեթե նույնչափ մուգ մաշկով, որքան Լուլա էննն ուներ: Տասը տարեկանից ավել չէր լինի: Սպիտակամորթների խմբից մի տղա հրմշտում էր նրան, և երբ նա փորձում էր ոտքի ելնել, մեկ այլ տղա հետևից ոտքով հարվածում ու կրկին գետնին էր տապալում նրան: Այդ տղաները, ստամոքսները բռնած, ծիծաղից կռացել էին: Նրա հեռանալուց դեռ երկար ժամանակ հետո նրանք շարունակում էին հռհռալ` այնքան հպարտ իրենցով: Եթե ես այդ ամենին ավտոբուսի պատուհանից հետևելիս չլինեի, ես կօգնեի նրան, նրան հեռու կտանեի այդ սպիտակ տականքներից: Տեսնու՛մ եք. եթե ես ինչպես հարկն է չսովորեցնեի Լուլա Էննին, նա չէր իմանա, որ պետք է միշտ անցնել փողոցը` սպիտակ տղաներից խուսափելու համար: Սակայն իմ ջանքերը փոխհատուցվեցին, և, ի վերջո, ես սիրամարգի նման հպարտանում էի նրանով:
Դուք պետք է իմանաք. ես վատ մայր չեմ եղել, սակայն, գուցե, որոշ վիրավորական բաներ եմ արել իմ միակ զավակի նկատմամբ, քանի որ ստիպված եմ եղել պաշտպանել նրան: Եվ ամեն ինչ մաշկի արտոնությունների պատճառով: Սկզբում նրա մուգ մաշկն ինձ խանգարում էր հասկանալ` ով էր նա, և չէի կարողանում պարզապես հասարակ սիրով սիրել նրան: Սակայն ես սիրում եմ նրան: Իսկապես սիրում եմ: Կարծում եմ` նա այժմ հասկանում է դա: Ես այդպես եմ կարծում:
Վերջին երկու անգամը, երբ տեսա նրան, նա, պետք է ասել, զարմանալի էր: Մի տեսակ համարձակ ու ինքնավստահ: Ամեն անգամ, երբ նա գալիս էր ինձ տեսնելու, ես պարզապես մոռանում էի, թե որքան սև էր նա, քանի որ դա որպես առավելություն էր օգտագործում իր գեղեցիկ սպիտակ հագուստի մեջ:
Ինձ այնպիսի դաս եղավ, որ դեռ վաղուց պիտի հասկացած լինեի: Չափազանց կարևոր է, թե ինչպես եք վարվում երեխաների հետ: Եվ նրանք կարող են երբեք չմոռանալ դա: Առաջին իսկ հնարավորության դեպքում նա ինձ բոլորովին մենակ թողեց այդ սարսափելի բնակարանում: Նա ինձնից հնարավորինս հեռու գնաց. զուգվեց-զարդարվեց և բարձր դրույքով աշխատանք գտավ Կալիֆոռնիայում: Նա այլևս չի զանգահարում կամ այցելում ինձ: Ժամանակ առ ժամանակ ինձ գումար և այլևայլ իրեր է ուղարկում, սակայն չեմ էլ հիշում, թե վերջին անգամ երբ եմ տեսել նրան:
Ես նախընտրում եմ այս վայրը` Ուինսթոն Հաուսը, քան քաղաքից դուրս գտնվող այն մեծ ու թանկ ծերանոցները: Իսկ իմը փոքր է, հարմարավետ և ավելի էժան: Այստեղ օրը քսանչորս ժամ աշխատում են բուժքույրերը և մի բժիշկ, ով գալիս է շաբաթը երկու անգամ: Ես ընդամենը վաթսուներեք տարեկան եմ` չափազանց երիտասարդ թոշակի անցնելու համար, սակայն ինձ մոտ ինչ-որ տարօրինակ ոսկրային հիվանդություն է հայտնաբերվել, ուստի լավ խնամքը կենսական նշանակություն ունի: Ձանձրույթն ավելի տհաճ է, քան թուլությունը կամ ցավը, սակայն բուժքույրերը դուրեկան են: Նրանցից մեկը պարզապես համբուրեց այտս, երբ ասացի նրան, որ տատիկ եմ դառնալու: Նրա ժպիտը և հաճոյախոսությունները կսազեին մեկին, ով պատրաստվում էր թագադրվել: Ես նրան ցույց տվեցի կապույտ թղթի վրա ամփոփված երկտողը, որ ստացել էի Լուլա Էննից (նա ստորագրել էր որպես Բրայդ [4], բայց ես դրան երբեք ուշադրություն չեմ դարձնում): Նրա խոսքերը շփոթեցնող էին. «Կարո՞ղ ես կռահել, Ս: Ես այնքան, այնքան երջանիկ եմ հայտնել այս նորությունը: Ես պատրաստվում եմ երեխա ունենալ: Ես անչափ, չափազանց ոգևորված եմ, հուսով եմ` դու նույնպես»: Կարծում եմ` ոգևորությունը կապված է երեխայի, այլ ոչ թե նրա հոր հետ, քանզի նա բոլորովին չի հիշատակում նրան: Հետաքրքիր է` արդյոք նա նույնպե՞ս սևամորթ է: Եթե այո, նա ինձ նման անհանգստանալու կարիք չունի: Իրականությունը փոխվել է այն ժամանակից ի վեր, երբ ես երիտասարդ էի: Սևամորթներն ամենուր են` հեռուստատեսությունում, նորաձևության ամսագրերում, գովազդային հոլովակներում, նույնիսկ ֆիլմերում:
Ծրարի վրա հետդարձի հասցե չկա: Ուստի կռահում եմ, որ շարունակում եմ մնալ վատ ծնողի կարգավիճակում, ով ընդմիշտ` մինչև կյանքի վերջ, պատժվելու է լավ մտադրությամբ կիրառված և, ըստ էության, խիստ անհրաժեշտ դաստիարակության ձևի համար: Ես գիտեմ, որ նա ատում է ինձ: Մեր հարաբերությունները սահմանափակվում են նրա կողմից ինձ ուղարկվող գումարով: Պետք է ասեմ, որ ես երախտապարտ եմ գումարի համար, քանի որ ստիպված չեմ լինում որոշ հիվանդների պես հավելավճարներ մուրալ: Եթե ես ուզում եմ ունենալ պասյանսի սեփական խաղաթղթեր, ապա կարող եմ ստանալ դրանք` ստիպված չլինելով խաղալ հանգստի սենյակի կեղտոտ ու մաշված խաղաթղթերով: Եվ կարող եմ ինձ համար դեմքի հատուկ քսուք գնել: Սակայն ես հիմար չեմ: Ես գիտեմ, որ նրա ուղարկած գումարը պարզապես միջոց է ինձնից հեռու մնալու և մեղմելու այն մի փոքր խղճի խայթը, որ մնացել է նրա մոտ:
Եթե ես բորբոքված, անշնորհակալ ձևով եմ խոսում, դրա պատճառը, մասամբ, ափսոսանքն է: Այն բոլոր փոքրիկ բաները, որ չեմ արել կամ սխալ եմ արել: Ես հիշում եմ նրա առաջին ամսականները և իմ արձագանքը: Կամ իմ գոռգոռոցները, երբ նա սայթաքում կամ ինչ-որ բան էր ցած գցում: Ճիշտ է: Երբ նա ծնվեց, նրա սև մաշկն իսկապես հիասթափեցրեց, նույնիսկ վանեց ինձ, և առաջին հերթին ես մտածեցի… Ո՛չ: Ես պետք է վանեմ այդ հիշողությունները. արա՛գ: Ես գիտեմ, որ ստեղծված հանգամանքներում նրա համար լավագույնն եմ արել: Երբ ամուսինս հեռացավ մեզնից, Լուլա Էննը բեռ դարձավ: Ծանր բեռ, սակայն ես պատվով կրեցի այն:
Այո, ես խիստ էի նրա նկատմամբ: Դուք էլ եք այդպես կարծում: Երբ նա տասներկու տարեկան էր և պատրաստվում էր տասներեք դառնալ, ես ստիպված էի ավելի խիստ լինել: Նա պատասխաններ էր տալիս ինձ, հրաժարվում էր ուտել իմ պատրաստած կերակուրները, հարդարում էր մազերը: Երբ հյուսում էի մազերը, նա դպրոց գնալուն պես արձակում էր դրանք: Ես չէի կարող թույլ տալ, որ նա շեղվեր ճիշտ ճանապարհից: Ես փակում էի նրա բերանը և հիշեցնում այն անունների մասին, որ կարող էին նրան ասել: Այդուհանդերձ, իմ դասերը պետք է որ որոշ չափով փոխած լինեն նրան: Տեսնու՞մ եք` ինչ է նա դարձել: Հարուստ կարիերիստ աղջիկ: Պատկերացնու՞մ եք:
Այժմ նա հղի է: Հրաշալի քայլ է, Լուլա Էնն: Եթե կարծում ես, որ մայրությունը միայն դնդնալու, տոտիկների և տակաշորերի մեջ է, քեզ մեծ շոկ է սպասվում: Դու և քո անանուն ընկերը, ամուսինը, պատահական ծանոթը` ով էլ որ լինի, այսպես եք պատկերացնում` «Օօօ՜, երեխա՜, կու-կու, կու-կու»:
Լսիր ինձ: Դու շուտով կիմանաս, թե ինչ գին ես վճարում, ինչպիսին է աշխարհը, ինչպես է այն գործում, և ինչպես է այն փոխվում, երբ ծնող ես դառնում:
Հաջողություն, և Աստված պահապան երեխային:

Թարգմանությունը` Լիլիթ Հովհաննիսյանի

Ծանոթագրություններ
1. Ատավիզմ բառի արմատը լատիներեն atavi – նախնիներ բառն է, որ բառացիորեն նշանակում է հետագա սերունդների կառուցվածքում վաղուց մեռած նախնիների կազմաբնախոսական և հոգեկան գծերի ի հայտ գալը:
2. Անգլերեն` colored – գունամորթ, սպիտակ ցեղին չպատկանող: Այս տերմինը օգտագործվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում ռասայական խտրականության ժամանակաշրջանում:
3. Անգլերեն` sweetness – քաղցրություն:
4. Անգլերեն` bride – հարսնացու, հարս, նորահարս:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *